Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի լքված պատմություն. Զորիկը

22:48, կիրակի, 16 սեպտեմբերի, 2012 թ.
Մի լքված պատմություն. Զորիկը
    
Զորիկն է: Վանաձորի մանկատան սաներից է: Զորիկն ինքնամփոփ է ու չխոսկան… Նրան գրեթե միշտ հնարավոր է տեսնել այստեղ` մանկատան մուտքի դռան մոտ, ու միշտ այսպես` տխուր, գլուխը կախ ու մտածկոտ…

    
Զորիկը միշտ սպասում է, նշանակում է` հավատում է նաև, ու միշտ տխուր է Զորիկը…
Վանաձորի մանկատուն երբեմն այցելող փողկապավոր ձյաձյաներն ու տարբեր անուշ հոտերով ու տոնածառի պես փայլուն տյոտյաները չեն նկատում Զորիկին, նայում ու անցնում են, նայում ու անցնում… բայց Զորիկը նկատում է բոլորին, թեև այդ «բոլոր» կոչվածը պետք չէ իրեն: Ընդամենը մեկն է հարկավոր… Մեկը, ով չկա, չի գալիս, չի էլ եղել ու չի էլ գա… Զորիկը գիտի, լավ գիտի, բայց սպասում է…

    
Զորիկը միշտ ինչ-որ բան է մտածում… Զորիկին պետք չեն հանդեսները, որ կազմակերպվում են մանկատանը, Զորիկին պետք չեն արտասահմանից մեկ-մեկ ուղարկվող հագած ու նոր հագուստ-կապուստը, միայն հունիսի մեկերին բերվող խաղալիքներն ու խաղերը, Զորիկն ուրիշ է, Զորիկը վաղուց երեխա չէ, երեխաների պես էլ չի մտածում, Զորիկը ինձնից ու քեզնից հասուն է ու շատ բան գիտի քեզնից, ինձնից, այս աշխարհից…

    
Զորիկին ժպտալով տեսնելը դժվար է, եզակիներն են տեսել…

    
Ես ինձ մեղավոր եմ զգում Զորիկի առաջ, ես չեմ կարողանում նրա աչքերին նայել, ես չկարողացա նրա հետ խոսել, ես չեմ կարողանա ինձ ներել… որովհետև ես Զորիկ չեմ եղել, որովհետև իմ երեխան էլ Զորիկ չի լինի… ես, դու, բոլորս ենք մեղավոր, որ մեր հասարակության մեջ քիչ չեն Զորիկները… մենք մեղավոր ենք նրանց բոլորի առաջ…

    
Զորիկն ընկերներ չունի, նրան ընկերներ պետք չեն… Նրան իմ ու քո ընկերությունն էլ պետք չէ… Զորիկին ընդամենը հասկանալ է պետք… Ու չնայել նրա աչքերի մեջ…

    
Զորիկին տեսնելուց հետո ուրիշ կերպ եմ նայում բոլոր-բոլորին, ու անցորդների մեջ Զորիկներ փնտրում, բայց մեկն է նա, ուրիշ է նա, դժվար է հասկանալը… Զորիկը տխուր է… Զորիկը սպասում է… կսպասի այնքան, մինչև հասկանա, որ իզուր է սպասելը… ու կսկսի սպասել այս նույն դռան արդեն մյուս կողմում… Միշտ…

    
Ինձ մեղավոր եմ զգում Զորիիկի առաջ… Ես մեղավոր եմ, որովհետև չեմ սպասում…

    
Շուշաննա Գրիգորյան
     լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6105 | 4 | 0
Facebook