Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀ բանկերն ու ՈւՎԿ-ները արտոնություններ կտրամադրեն կարկտից տուժած գյուղացիներին

Լիլիթ
Հեղինակ`
Լիլիթ
12:15, չորեքշաբթի, 05 հունիսի, 2013 թ.
ՀՀ բանկերն ու ՈւՎԿ-ները արտոնություններ կտրամադրեն կարկտից տուժած գյուղացիներին
     ebank.am Սույն թվականի մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտը մեծ վնասներ էր հասցրել մարզի շուրջ 43 համայնքներում: Կարկուտի հետևանքով վնասվել էին մոտ 15 հազար հա տարածք, որի արդյունքում գյուղացիները հայտնվել էին անելանելի վիճակում, քանի որ գյուղատնտեսության նպատակով մեծ քանակությամբ վարկեր ունեին ՀՀ բանկերում և վարկային կազմակերպություններում, իսկ կարկուտի հասցրած վնասների պատճառով հայտնվել էին անվճարունակության եզրին:
    
     Գյուղացիների խնդիրներին ծանոթանալու և հնարավոր լուծում տալու համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը այցելեցին Արմավիրի մարզ և տեղում ծանոթացան գյուղացիների խնդիրների հետ, որից հետո քննարկումներ եղան մարզպետարանում և ՀՀ վարչապետը խոստացավ, որ Կենտրոնական բանկը բանակցություններ կվարի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ ստեղծված իրավիճակին համապատասխան լուծումներ տրամադրելու համար:
    
     eBank.am կայքը փորձեց պարզել, թե ինչ առավելություններ ու արտոնություններ են կիրառվելու` փրկելու գյուղացիներին անլելանելի վիճակից:
    
     Կենտրոնական բանկից հայտնեցին, որ համագործակցություններ են կատարվում այն բանկերի ՈՒՎԿ-ների հետ, որոնք վարկ են տրամադրել կարկուտից տուժած գյուղացիներին և անելու են ամեն բան, որպեսզի կարողանան առավելագույնս թեթևացնեն գյուղացիների ծանր վիճակը:
    
     Արմավիրի մարզում գյուղատնտեսական վարկեր հիմնականում տրամադրել են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» -ը, «ՊրոԿրեդիտ Բանկ» -ը և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ն: Սակայն միայն գյուղատնտեսական վարկերից չեն օգտվել գյուղացիները, քանի որ հնարավոր է նաև վերցնել սպառողական վարկեր գյուղատնտեսության նպատակով, ուստի համագործակցություն իրականացրել են Արմավիրի մարզում տեղակայված այն բանկերի հետ, որոնք ինչ-որ կերպ կապված են կարկուտից տուժաց գյուղացնիերնի տրված վարկերի հետ:
    
     «ՊրոԿրեդիտ Բանկ» -ում նշեցին, որ իրենք նույնպես համագործակցում են ԿԲ-ի հետ և ահնատական մոտեցում են ցուցաբերելու յուրաքանչյուր տուժաց վարկառուին: Մասնավորապես, տրամադրվելու են տոկոսագումարների վճարման արտոնություններ, տոկոսագումարների սառեցումներ, վերավարկավորում, արտարժույթով տրամադրված վարկերի վերափոխում դրամայինի: Սակայն ավելի պարզ կլինի անհատական մոտեցում ցուցաբերելուց հետո, երբ անմիջապես վարկառուի հետ կքննարկվեն ստեղծված իրավիճակը, կճշտեն վնասների չափը:
    
     «ՊրոԿրեդիտ Բանկ» -ում նշեցին նաև, որ Արմավիրի մարզում իրենց բանկից համեմատաբար ավելի քիչ մարդիկ են գյուղատնտեսական վարկեր վերցրել` մոտ 50 գյուղատնտեսական վարկ:
    
     «Ճիշտ է` մեր բանկը ֆինանսական կորուստներ է կրում, սակայն մեր համար առաջնահերթությունը մեր հաճախորդներին աջակցելն է, տվյալ դեպքում, գյուղացիներին, որոնք հիմա ծանր վիճակում են գտնվում», -նշել են բանկում: «Նախորդ տարիներին նույնպես եղել են դեպքեր, երբ գյուղացիները չեն կարողացել ինչ-ինչ պատճառներով կատարել վճարումներ, և մեր բանկը անմիջապես արձագանքել է և վարկառուներին առաջարկել արտոնություններ, որպեսզի կարողանան հաղթահարել ստեղծված իրավիճակը»:
    
     Սակայն կարծում ենք, որ տրամադրվելիք արտոնություններն էական վնաս չեն հասցնի «ՊրոԿրեդիտ Բանկ» -ին, քանի որ տրամադրված վարկերն այդքան էլ մեծ թիվ չեն կազմում` մոտ 50 գյուղատնտեսական վարկ, որը տրամադրվել է միայն մի մարզում տեղակայված մասնաճյուղերում:
    
     «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ից հայտնեցին, որ Կարկտահարված գյուղերից վարկառուների թիվը 1106 է, սակայն կարկուտից տուժածների քանակը դեռևս պարզաբանման փուլում է:
    
     «ՖԻՆՔԱ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպության գլխավոր տնօրենի և ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների միջև հանդիպում է կազմակերպվել, որի արդյունքում «ՖԻՆՔԱ» -ՈՒՎԿ-ն պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների ներածին չափով աջակցելու կարկուտի արդյունքում տուժած վարկառուներին:
    
     Հիմնականում «ՖԻՆՔԱ» -ՈՒՎԿ-ն կարկտահարությունից տուժած վարկառուներին հնարավորություն կտա մարման գրաֆիկների վերաձևակերպման` վարկառուների ցանկությամբ նրանց վճարումները կհետաձգվեն: Կազմակերպվում են նաև այցելություններ տուժած գյուղեր, որպեսզի հաճախորդների հետ համատեղ ջանքերով առաջացած խնդիրներին լուծումներ տրվեն:
    
     eBank.am-ի այն հարցին, թե տրամադրվելիք արտոնություններն ինչ ազդեցություն կունենան ՈւՎԿ-ի ֆինանսական վիճակի վրա, ասել են, որ կազմակերպության ֆինանսական վիճակի գնահատման ազդեցության մասին խոսելը դեռևս վաղ է: «Նշենք, որ «Արմավիր» մասնաճյուղի գյուղատնտեսական վարկավորման պորտֆելը կազմում է կազմակերպության պորտֆելի ընդամենը մի մասը («ՖԻՆՔԱ» -ՈՒՎԿ-ն վարկավորում է տնտեսության բոլոր ճյուղերը և գործում է ՀՀ գրեթե բոլոր մարզերում), ինչպես նաև փորձը ցույց է տալիս` մեր վարկառուների բիզնեսը հաճախ դիվերսիֆիկացված է, ինչը հնարավորություն է տալիս սահմանափակել հնարավոր կորուստները», - նշել են կազմակերպությունում:
    
     Այն հարցին, թե արդյոք նախորդ տարիներին գրանցվել են նմանատիպ դեպքեր, պատասխանել են, որ այս տարվա աղետն աննախադեպ էր և արտասովոր, ուստի ՖԻՆՔԱ-ն որոշեց կոնկրետ քայլեր ձեռնարկել իր վարկառուներին աջակցելու համար: Նմանատիպ փորձ նախկինում ՖԻՆՔԱ-ն չի ունեցել:
    
     eBank.am-ը փորձեց կապ հաստատել նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» -ի հետ` ճշտելու իրենց բանկով տրամադրված գյուղատնտեսական վարկերի և գյուղատնտեսական նպատակով վերցված սպառողական վարկերի քանակը, բողոք ներկայացրած գյուղացիների թիվը և նմանատիպ այլ հարցեր, սակայն, ցավոք, երեք օր շարունակ չկարողացանք կապ հաստատել համապատասխան մասնագետի հետ:
    
     Չնայած այդ ամենին` արդեն կարող ենք պատկերացնել, թե ինչ իրավիճակ է բանկում:
    
     eBank.am կայքը հետևողական է լինելու վերոնշյալ գործընթացին և ավելի մանրամասն կներկայացնի կատարված աշխատանքների արդյունքները:
Աղբյուրը` ebank.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7251 | 1 | 0
Facebook