Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ահա այսպիսի վախճան է ունեցել այդ մարդն այն բանի համար, որ հետևել է օտար սովորույթների և հաղորդակից դարձել հելլեններին» . Օտար երկրի կրոնական ծես կատարողին սպանել է իր հարազատ եղբայրը

16:31, շաբաթ, 20 մայիսի, 2023 թ.
«Ահա այսպիսի վախճան է ունեցել այդ մարդն այն բանի համար, որ հետևել է օտար սովորույթների և հաղորդակից դարձել հելլեններին» . Օտար երկրի կրոնական ծես կատարողին սպանել է իր հարազատ եղբայրը

Հին Հունաստանի Աթենք քաղաքի նշանավոր պետական գործիչ, Աթենքի արքոնտ, օրենսդիր և բանաստեղծ Սոլոնի ժամանակակիցն է եղել ծագումով սկյութ փիլիսոփա Անաքարսիսը (մ.թ.ա. մոտ. 614 – 559 թթ.) , որը հայտնի է եղել որպես բժիշկ և իմաստուն անձնավորություն: Նրա անունը նշանակել է «չվիրավորվող», երևի այն պատճառով, որ եղել է ամեն ինչում չափավորության կողմնակից: Նրան հին Հունաստանի յոթ իմաստունների շարքում են դասել և նրան են վերագրվել բազմաթիվ խելացի մտքեր ու նույնիսկ գյուտեր: Գոյություն ունի Անաքարսիսին վերագրվող ավելի քան 50 ասույթ, որոնք վերաբերում են մարդկանց վարքին, մարդկանց միջև փոխհարաբերություններին, սեփական արժանապատվության պաշտպանությանը, նախանձին, լեզվի նշանակությանը, նավարկությանը, մարմնամարզությանը, քաղաքականությանն ու հասարակական կառուցվածքին, գինուն և հարբեցողության վնասին և այլն: Պահպանվել են նրա նամակները Լյուդիայի թագավոր Կրեսոսին, Սոլոնին, բռնակալ Հիպարքոսին, Թրակիայի դաժան տիրակալին և այլն: Դրանք ունեն սոցալական սուր բովանդակություն: Ըստ առասպելի՝ Անաքարսիսն է հնարել խարիսխը, կատարելագործել է առագաստն ու բրուտագործական շրջանակը:

Երբ վերադարձել է իր հայրենի Սկյութիա, պատմագիր Հերոդոտոսի վկայությամբ, նրան սպանել է իր եղբայրը, քանի որ օտար երկրի կրոնական ծես է կատարել: Սպանության առթիվ Հերոդոտոսն հետևյալն է հաղորդել.

«Անաքարսիսը, որ տեսել էր շատ երկրներ, և այնտեղ դրսևորել էր իր մեծ իմաստությունը, վերադառնում էր սկյութական երկիր և Հելլեսպոնտոսում նավելիս, կանգ է առնում Կյուզիկոսում: Այդ ժամանակ կյուզիկոսցիները հանդիսավորությամբ կատարելիս են լինում աստվածների մոր տոնը, ուստի Անաքարսիսն աստվածների մորը խոստանում է, որ եթե ողջ և անվնաս վերադառնա իր տուն, ապա նրա պատվին ինքը զոհեր կմատուցի այնպես, ինչպես այդ տեսավ Կյուզիկոսում, և կհաստատի ամբողջ գիշեր տևող տոնախմբություն: Հասնելով սկյութական երկիր, նա թաքուն մեկնում է Հյուլայա կոչված վայրը, որն Աքիլլեսյան մրցարանի մոտ է և ամբողջապես ծածկված է խիտ ու բազմապիսի ծառերով: Անաքարսիսը, ահա, այստեղ գալով, լրիվ կատարում է աստվածուհու տոնը՝ թմբուկ զարկելով և իր վրա աստվածուհու պատկերներ կախելով: Ոմն սկյութ նկատում է նրան այդպես անելիս և հայտնում է թագավոր Սաուլիոսին, որը և անձամբ գալով այնտեղ ու տեսնելով, որ Անաքարսիսը կատարում է այդ ծեսերը, աղեղից նետ արձակելով սպանում է նրան: Եվ այժմ, , եթե որևէ մեկը հարցնի Անաքարսիսի մասին, սկյութները կպատասխանեն, թե նրան չեն ճանաչում, և այս այն պատճառով, որ նա, մեկնելով Հելլադա, հետևել է օտար սովորույթներին: Ինչպես ես իմացել եմ Տյումներսից՝ Արիապիթեսի խնամակալից, Անաքարսիսը սկյութների թագավոր Իդանթյուրսոսի հորեղբայրն էր և Գնուրոսի որդին, որը որդին էր Լյուկոսի, և որն էլ որդին էր Սպարգապիթեսի: Եթե Անաքարսիսն իսկապես այդ ընտանիքից էր, ապա թող հայտնի լինի, որ նա սպանվել է իր եղբոր կողմից, քանզի Իդանթյուրսոսը Սաուլիոսի որդին էր, իսկ Անաքարսիսին Սաուլիոսն է սպանել:

…Ահա այսպիսի վախճան է ունեցել այդ մարդն այն բանի համար, որ հետևել է օտար սովորույթների և հաղորդակից դարձել հելլեններին»:

*Երբ Անաքարսիսին հարցրել են, թե ինչու երեխաներ չի ունենում, պատասխանել է՝ քանի որ սիրում եմ երեխաներին:

*Աթենքի Ժողովրդական ժողով այցելելուց հետո նա իր զարմանքն է հայտնել, որ հելլենների իմաստունները խոսում են, իսկ գործերը վճռում են անգրագետները:

*Անաքարսիսն ասել է. «Հելլադայում մրցություններին մասնացում են հմուտները, իսկ նրանց դատում են անհմուտները»:

*Մի առիթով նա ասել է. «Զարմանալի է, թե ինչպես են հելլենները խնջույքի սկզբում փոքր գավաթներով խմում, իսկ երբ ստամոքսները լիքն է՝ մեծ գավաթով»:

*Անաքարսիսի մեկ ուրիշ ասույթը. «Խաղողի վազը երեք ողկույզ է տալիս՝ վայելքի ողկույզ, հարբեցողության ողկույզ և նողկանքի ողկույզ»:

*Մի աթենացի նրան երեսով է տվել իր սկյութ լինելը, և նա պատասխանել է. «Ինձ խայտառակում է իմ հայրենիքը, իսկ դու խայտառակում ես քո հայրենիքը»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
871 | 0 | 0
Facebook