Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Դիմահարդարումն արվեստ է. Ազնիվ Ասատրյան

17:12, ուրբաթ, 22 մարտի, 2024 թ.
Դիմահարդարումն արվեստ է. Ազնիվ Ասատրյան

Կանայք մշտապես ձգտում են կատարելության՝ ունենալ խնամված և հմայիչ տեսք, սակայն բացի գեղեցիկ ընտրված հագուստից և մազերի սանրվածքից՝ կերպարն ամբողջացնում է գրագետ և ճիշտ դիմահարդարումը, որը հնարավորություն է տալիս միաձուլելու կնոջ ներքին և արտաքին գեղեցկությունը:

Դիմահարդար Ազնիվ Ասատրյանը արդեն յոթ տարի շարունակ գեղեցկացնում է բազմաթիվ կանանց և աղջիկների, ինքնավստահություն և փայլ հաղորդում նրանց, հիանում իր աշխատանքով և հիացնում մյուսներին:


     Դիմահարդարումը…

Դիմահարդարումն արվեստ է, որի շնորհիվ կինն ինքնաարտահայտվում է և այն զենքն է, որը հնարավորություն է տալիս առանց բառ արտահայտելու պատմել կնոջ էության և նրա ներաշխարհի մասին: Սա լավագույն միջոցն է ընդգծելու գեղեցիկ դիմագծերը, ինչպես նաև շտկել փոքրիկ թերությունները: Շատ աղջիկների մոտ առկա են դեմքի մաշկի հետ կապված անհարթություններ և խնդիրներ, իսկ շպարի միջոցով մասնագետը հմտորեն կարողանում է քողարկել դրանք, որն էլ իր հերթին ինքնավստահություն է հաղորդում կանանց: Ես ուրախ եմ, որ կարողանում եմ աշխատանքիս շնորհիվ երջանկացնել իմ գեղեցկուհիներին։ Հավատացե՛ք, դա լավագույն գնահատականն է, որը ես վայելում եմ: /ժպտում է/


     Շպարվելիս աղջիկները հաճախ թույլ են տալիս սխալներ…

Պետք է նշեմ, որ հիմնականում հայ կանայք և աղջիկները կարողանում են գեղեցիկ ու ճիշտ դիմահարդարվել, ինչը շատ գովելի է: Կարծում եմ, որ այս ամենին մեծապես նպաստում են սոցիալական ցանցերը, քանի որ շատերը գիտեն՝ սոցցանցերում այս ոլորտի հետ կապված մեծ ինֆորմացիա կարող են գտնել, որն իր հերթին թույլ է տալիս սովորելու, կրթվելու և գրագետ դիմահարդարվելու:

Ինչ վերաբերում է սխալներին՝ կառանձնացնեմ հետևյալը․ դեմքի սխալ կոնտուր, որը միանգամայն կարող է փչացնել շպարի ամբողջական տեսքը, շատ մուգ գույնով ընդգծված հոնքեր, որոնք փոխում են աչքերի արտահայտությունն ու հայացքը, և ամենահաճախ հանդիպող սխալներից է տոնայինի սխալ ընտրված երանգը, որը երբեմն ոչ մի կապ չի ունենում մաշկի գույնի հետ:

Կարևոր է հիշել, որ շպարի յուրաքանչյուր միջոց պետք է համապատասխանի տվյալ մաշկի գույնին և տեսակին, միայն այդ դեպքում դիմահարդարումը կլինի նուրբ և գեղեցիկ:


     Կերպար ստեղծելիս
կարևոր և առաջնային է…

Զրույցը շատ կարևոր է: Մինչ աշխատանքս սկսելը՝ փորձում եմ հարցերի միջոցով պարզել՝ ինչ հագուստ է կրելու հաճախորդը, ինչպիսի վարսահարդարում է ունենալու, ինչ միջոցառման է մասնակցելու։ Շատ կարևոր և առաջնային է նաև ծանոթանալը կնոջ խառնվածքին ու բնավորությանը, քանի որ պետք է ընտրել այնպիսի դիմահարդարում, որը կարտացոլի նրա ներաշխարհը և կարտահայտի աչքերի փայլը: Վստահ եմ, որ նման աշխատելաոճը գոհացնող արդյունք ստանալու լավագույն միջոցն է:


     Հարսանեկան դիմահարդարում ընտրելիս աղջիկները նախընտրում են…

Հարսանեկան դիմահարդարումն առավել պատասխանատու և մանրակրկիտ աշխատանք է պահանջում, քանի որ հարսնացուների լարվածությունը հաճախ փոխանցվում է մասնագետին: Նշեմ, որ ամեն հարսիկ ունի յուրահատուկ ճաշակ և ցանկություններ իր կարևոր օրվա տեսքի հետ կապված, բայց հիմնականում նախապատվությունը տալիս են ավելի նուրբ ու բնական դիմահարդարումներին: Հարսիկների շրջանում շատ ակտուալ են մնում նաև փայլիկներով դիմահարդարումները, սևաներկով նուրբ ընդգծված աչքերը: Լինում են դեպքեր, երբ ինքս եմ խորհուրդ տալիս, թե ինչ հարսանեկան դիմահարդարում ընտրեն, քանի որ շատ աղջիկներ երբեմն փորձում են տվյալ ժամանակի թրենդային կամ շատ վառ գույներով արտահայտված դիմահարդարում ունենալ, սակայն միշտ այն կարծիքին եմ եղել, որ հարսնացուի շպարի լավագույն տարբերակը նուրբն ու դասականն է:

Ինձ համար շատ հաճելի է աշխատել հարսիկների հետ։ Կցանկանայի նշել, որ մեր սրահում յուրաքանչյուր հարսնացուի անհատական մոտեցում է ցուցաբերվում, կազմակերպվում է հատուկ հյուրասիրություն համապատասխան երաժշտությամբ, որպեսզի իմ գեղեցկուհիների հարսանեկան առավոտը սկսվի գեղեցիկ ու դրական տրամադրությամբ:

Մանկավարժությունն օգնում է դասընթացներ կազմակերպելուն…..

Դասավանդելն իմ տարերքն է: Նշեմ, որ առաջին մասնագիտությամբ ես մանկավարժ եմ, նաև աշխատել եմ դպրոցում և այդ մասնագիտությունն ինձ շատ է օգնում ճիշտ կազմակերպել ուսուցման պլանն ու հերթականությունը՝ ուսման ընթացքն ավելի հետաքրքիր, արդյունավետ ու դյուրին դարձնելու համար: Տարվա մեջ մի քանի անգամ կազմակերպում եմ պրոֆեսիոնալ դիմահարդարման դասընթացներ, որոնց աղջիկները կարող են մասնակցել 16 տարեկանից սկսած՝ նախապես գրանցվելով: Ինձ համար առաջնային են ուսանողներիս ստացած լիարժեք գիտելիքները, շատ պահանջկոտ և հետևողական եմ ուսման որակի նկատմամբ, որպեսզի արդյունքը գոհացնի և՛ ինձ, և՛ ուսանողներիս: Իմ բազային կուրսը շատ հագեցած է, և դրան մասնակցելուց հետո դասընթացի ուսանողները կարող են անցնել աշխատանքի: Ինքս էլ տարվա ընթացքում մի քանի անգամ վերապատրաստվում եմ, մշտապես կատարելագործում մասնագիտական գիտելիքներս և դրանք փոխանցում ուսանողներիս: Խստապահանջ լինելուց զատ՝ պահպանում եմ ջերմ և ընկերական հարաբերությունները, որոնք էլ իրենց հերթին ստեղծում են ազատ և անկաշկանդ մթնոլորտ: Սիրով կսպասեմ իմ նոր ուսանողներին AZiAS Beauty սրահում, որը գտնվում է քաղաք Էջմիածնի Պատկանյան 45/2 հասցեում։


    
    

Գեղեցկությունը բոլոր ժամանակներում բարձր է գնահատվում, իսկ երբ այն ներդաշնակ է հոգու հետ, իր հետ երջանկություն է բերում:

Դիմահարդար՝ Ազնիվ Ասատրյան
Դիմահարդար՝ Ազնիվ Ասատրյան
Դիմահարդար՝ Ազնիվ Ասատրյան
Դիմահարդար՝ Ազնիվ Ասատրյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1537 | 0 | 0
Facebook