Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գործատու թե ստրկատեր

12:53, շաբաթ, 08 ապրիլի, 2023 թ.
Գործատու թե ստրկատեր
     Հայաստանում աշխատանք գտնելը շարունակում է մնալ անհուսալի և հերոսական մի բան: Ընդ որում աշխատանք, որում նորմալ կվճարեն ու պահանջներն էլ կլինի մարդկային պատկերացումների սահմաններում: Բայց այն ֆաշիզմը, որ կա հայաստանյան աշխատաշուկայում, դուրս է «նորմալի» մասին մեր պատկերացումներից:
    
     Առաջին հերթին իհարկե աչքի է ընկնում գործատուի նշած պահանջների ցանկը: Թեև աշխատանքային օրենսգիրքն արգելում է սեռ, տարիք, արտաքին տեսք նշել, բայց տասից յոթ աշխատանքային հայտարարությունում այդ նշումները պարտադիր են: Ընդ որում գործատուները ոչ միայն ցանկանում են ունենալ գեղեցիկ, խնամված, երիտասարդ աշխատակից, այլև իրենց կողմից ավելացնում են մի շարք անհեթեթ կետեր, ինչպես օրինակ, որ աշխատակիցը լինի խենթ, ժպտուն, մոտիվացված, կարողանա աշխատել լարված, սթրեսային իրավիճակներում: Հարց է առաջանում, թե ինչու պիտի աշխատակիցը լինի խենթ կամ ինչու պիտի անընդհատ ժպտա: Գործատուն անընդհատ ժպտո՞ւմ է: Եվ միթե աշխատակիցը կժպտա, երբ գործատուն տասը աչքով հսկում է, անընդհատ կոպտում, գոռգոռում ու տալիս ավելի շատ աշխատանք, քան պատրաստվում է վճարել: Ինքը գործատուն համաձա՞յն է նման պայմաններում աշխատել: Կամ ինչ է նշանակում խենթ: Խենթ ասելով նկատի ունեն ուրախ և թռվռա՞ն թե անհավասարակշիռ հոգեկան վիճակ: Իսկ ինչ վերաբերում է սթրեսային իրավիճակներին, ապա մենք ոչ միայն կարողանում ենք աշխատել սթրեսային իրավիճակում, այլև ապրում ենք սթրեսի մեջ: Ընդ որում զարմանալի է, որ գործատուն նախ պահանջում է, որ աշխատակիցը ժպտա, հետո էլ զգուշացնում է, որ սթրեսին դիմանալու հարց կա: Արդյո՞ք այդ նույն գործատուն սթրեսային իրավիճակներում ժպտում է:
    
     Ինչ վերաբերում է մասնագիտական հմտություններին, ապա սա արդեն ոչ թե աշխատանքային հայտարարություն է, այլ ֆանտաստիկա: Ինչ աշխատանք ուզում է լինի, գործատուն պահանջում է հայերեն-անգլերեն-ռուսերեն լեզուների կատարյալ իմացություն, աշխատանքային առնվազն երկու-երեք տարվա փորձ (ընդ որում մի քանի տեղ), բարձրագույն կրթություն, լինի նախաձեռնող, ակտիվ և իհարկե լինի մինչև 30 տարեկան…կարելի է կարծել, որ գործատուն ոչ թե աշխատակից է փնտրում, այլ հրաշամանուկ, ով պետք է լինի երեք լեզուների կատարյալ տիրապետող, մարքեթինգից լավ հասկացող, դիզայներ, աշխատանքային մեծ փորձ ունեցող, մի շարք համակարգչային ծրագրերի տիրապետող, անընդհատ ժպտա ու լինի խենթ…ցանկալի է մինչև 25 տարեկան: Նաև չգրված օրենք է, որ աշխատակիցը ուշանալու և սխալվելու իրավունք չունի: Սխալվելը գրեթե հեռացվելուն հավասար մի բան է: Բայց չէ, որ այն փորձը, որ ցանկանում են գործատուները, ձևավորվում է սխալների, վրպումների հիման վրա: Ոչ ոք չի կարող ավարտել համալսարանն ու դիպլոմի հետ միաժամանակ ստանալ աշխատանքային մեծ փորձ:
    
     Այդ դեպքում զարմանալի չէ, որ նման իրավիճակներում աշխատակիցները ձգտում են ամեն կերպ խաբել գործատուին, նշել հմտություններ, որ չունեն, աշխատանքը հնարավորինս վատ կատարել և ժպտալ՝ սեղմված ատամներով:
    
     Հասկանալի է, որ հայկական աշխատաշուկան դեռևս վայրի կապիտալիզմի փուլում է, երբ գործատուն իրեն պահում է ֆեոդալի նման, իսկ աշխատակցին՝ գրեթե ստրկական պայմաններում: Երբ նրան տուգանում է ամեն ինչի համար ու նրա խեղճ աշխատավարձի մի մասը չի վճարում, որովհետև շեֆը ինքն է ու ճիշտն էլ իր գրպանում է: Իսկ աշխատակիցը ստիպված է լռել, որովհետև ընտրության հնարավորություն չունի, որովհետև տնտեսական ծանր իրավիճակը և վարկային շղթան կապել է ձեռքերն ու ոտքերը… Որովհետև չգիտի, թե ինչպես է հաջորդ օրվա հացը գնելու: Իրավագիտակցության ցածր մակարդակն ավելի է սրում դրությունը: Եվ գործատուն գոհ է: Շատ գոհ է: Նա չնչին գումարով, ապօրինի պայմաններով շահագործում է իր աշխատակիցներին և նրանց աշխատավարձը վճարելը ներկայացնում որպես «լավություն»: Ու զարմանալի չէ, որ նման պայմաններում ապրող մարդը, ով միայն հացի գումար է կարողանում վաստակել, խեղդված է անառողջ միջավայրում, ենթարկվում է տարատեսակ ճնշումների ու ոտնձգությունների, ապրում էմշտապես վախի ու սթրեսի մեջ, չի կարողանում առողջ հասարակությոն ձևավորել, որովհետև առողջ հասարակությունը չի կարող կառուցվել ստի, ճնշման, սովի ու վախի վրա:
    
     Գործատուն չի ուզում հասկանալ, որ իր առաջ կանգնածը նույնպես մարդ է, ով նույնպես զգացմունքներ ունի, ով նույնպես կարող է հուզվել, սխալվել ու շարունակում է նրան ընկալել որպես բիոռոբոտ, արտադրական միավոր, որին պետք է ճզմել ու մի կողմ շպրտել: Ու «մարդը բարձրագույն արժեք է» արտահայտությունն արդեն հնչում է, որպես ցինիկ ծաղրանք հենց նույն մարդու հասցեին:
Աղբյուրը` Mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
996 | 0 | 0
Facebook