Անհաջողության սինդրոմ կամ ինչու Հայաստանում ոչ ոք հաջողության չի հասնում
15:42, երեքշաբթի, 26 մարտի, 2024 թ.
Մարտական Եղբայրության հետ կատարվող այսօրվա դեպքերը առաջին հերթին ապացույց են այն բանի, որ, Հայաստանում որևէ խումբ չի կարողանում որևէ մակարդակի հաջողություն գրանցել։ Ինչո՞վ է կարևոր Մարտական Եղբայրության դեպքը։ Կարևոր է նրանով, որ նույնիսկ ապաքաղաքական խումբը չի կարողանում որևէ հաջողություն գրանցել, այնպիսի հաջողություն, որը ոչ թե համընդհանուր միասնություն կապահովի, այլ իր գործողությունները համընդհանուրտրամաբանության մեջ կլինեն։ Այստեղ ոչ Մարտական Եղբայրության մեղքը կա, ոչ էլ հասարակության։ Խնդիրը նաև քաղաքականությունը չէ։ Քաղաքական և ոչ քաղաքական խմբերի շարունակական տապալումները հետևանք են ընդհանուր, բացառապես բոլորին վերաբերվող փիլիսոփայության բացակայության։ Հասարակությունը չի կարող իր գործողությունների արագությունն ու տրամաբանությունը հարմարեցնել տարբեր խմբերի տակտիկային։ Ոչ թե նրա համար, որ մարդիկ անգրագետ են ու անընկալունակ, և ոչ էլ այն պատճառով, որ բացառապես բոլոր խմբերը ծախված են։ Ծախվածության մեղադրանքը ընդամենը ցույց է տալիս գաղափարական բախումների բացակայությունը, որի ժամանակ մրցակիցները/գործընկերները/ հակառակորդները միմյանց մեղադրում են բացառապես ստորակարգ մեղքերի մեջ։ Միաժամանակ ոչ մի խումբ (քաղաքական կամ ոչ քաղաքական) չունի գլոբալ ստրատեգիա։ Ամենաշատը, որ կարող են առաջարկել` մանր տակտիկական քայլեր են որևէ խնդրի կարճաժամկետ լուծման կամ լուծման իմիտացիա ստեղծելու համար։ Մեծ, իրական իրենից գաղափարապես գլոբալ ու ամբողջական համակարգ չկա։ Լինի էլ, դա ոչ ոք չի ընդունի, քանի որ Հայաստանում խմբերը գործում են աշխարհի մասին սեփական պատկերացումները ունենալով։ Այդ պատկերացումները միակողմանի, ըստ այդմ սահմանափակ են ու անիրական։ Քաղաքական ռեալիզմի կողմնակիցները (որոնք իրականում իրենց տեսակի ունիթորներ են) ոչ թե առաջարկ են ներկայացնում, այլ պարտադրում են ԵՄ ու ՌԴ կամքը։ Նրանք ընդամենը որպես փրկություն մատուցում են այն, ինչն ավելի հարմար է տվյալ խմբի պատկերացումներին։ Դրանցում Հայաստանը տեղ ու դեր չունի, դրանցում Հայաստանն արդեն իսկ ընդամենը կամակատար է, ոչ թե քաղաքակրթական ներուժ ու գործոն։ Այդ իսկ պատճառով էլ այդ քաղաքական աղանդները սկզբունքորեն չեն կարող էական դերակատարում ունենալ։ Ազգայնականների մատուցած հայրենասիրությունը ևս անորոշ ու անհասկանալի է։ Բացի նրանից, որ հայրենիք գաղափարի ընկալումը սահմանափակվում է կարճաժամկետ, տվյալ օրվա քաղաքական դրդապատճառներով ու պատկերացումներով, այն նաև հանդես է գալիս որպես միանձնյա պարտադրանքի մոտեցումով։ Բայց այդ խմբերը ևս չունեն հեղինակություն և ուժ։ Նրանց գործողությունները սովորաբար սահմանափակվում են նեղ խմբերի հետ շփումներով ու գործողությունների` կամ դանդաղ չեզոքացումով ու դադարումով, կամ` ընթացքում փոխվելով, քանի որ իրենք ևս դեռևս որոնումների մեջ են և մատուցվող հայրենիքի վերջնական կերպարը կիսատ է, դրան հասնելու ճանապարհները` դեռևս անհայտ։ Խոշոր հաշվով բոլոր խմբերը հասարակությանը պարտադրում են սեփական ընկալումները առանց քննարկումների կեցվածքի։ Խնդիր է նաև այն, որ նրանք իրենց մեջ ունեն շերտավորում` կաստայական շերտավորում ու մի շերտը մյուսի հետ կապի մեջ է այնքանով, ինչքանով դա դեմ է դուրս գալիս մյուս խմբերին։ Ոչ ավել։ Հայաստանում խմբերը չունեն քաղաքական մարդաբանության ու քաղաքական փիլիսոփայության սկզբունքներ։ Նրանց մեծագույն մասը ձևավորվում է հապշտապ եւ անկազմակերպ։ Նրանց ձևավորումները սովորաբար հետևանք են որևէ հանկարծական խնդրի։ Նրանք ձևավորվում են ոչ թե որպես պատճառ (ինչպես օրինակ ռազմավանական միաբանությունները) այլ որպես հետևանք զուտ տվյալ պահի խնդրի համար։ Կոլեկտիվ կառավարման բացարձակ բացակայությունը նրանց զրկում է ապագա ունենալուց։ Ընդ որում կոլեկտիվ կառավարումը ոչ թե այն պրիմիտիվ քվեարկության սկզբունքն է մարդու իրավունքների հարգման կամ ժողովրդավարական մոտեցումը (դա համեմատաբար նոր երևույթ է), այլ կոլեգիալ կյանքի սկզբունք։ Մարդկության պատմության լավագույն կոլեգիալ կառավարում ունեցող կառույցը կաթոլիկ եկեղեցին է, որը արդեն երկար դարեր պահպանում է իրեն որպես կառույց։ Ու ավելի կենսունակ է դուրս եկել, քան ցանկացած այլ վարչական կամ քաղաքական օրակարգ։ Հայերի պարագայում կա երկու տեսակի կոլեգիալ կառավարում ունեցող երևույթ, մեկը` Հայ Առաքելական եկեղեցին է, մյուսը ՀՅԴ֊ը։ Անկախ նրանից, թե հայկական եկեղեցին ու ՀՅԴ֊ը որքանով են որակյալ կամ անորակ արձագանքել շրջապատող աշխարհին, նրանք միակ կենսունակ կառույցներն են, որ դեռևս շարունակում են պահպանվել որպես երևույթ։ Իհարկե ՀՅԴ֊ը երիտասարդ կառույց է եկեղեցու հետ համեմատ, այդ իսկ պատճառով էլ այն անցնում է այն բոլոր ճգնաժամային փուլերը, որ բնորոշ են երկարամյա մարմիններին։ Կհաջողի՞ ՀՅԴ֊ը մնալ որպես կառույց, դժվար է միանշանակ ասել։ Եկեղեցին առայժմ կշարունակի իր գործունեությունը, թեև բավական մեծ փոփոխություններ ստիպված կլինի ընդունել։ Ինչևէ։ Հայաստանում գործող մյուս բոլոր խմբերը դատապարտված են անհաջողության, որովհետև նրանք կամ օտարերկրյա նարատիվներին են հետևում (քաղաքական կուսակցությունները) կամ հիմնադրվել են որպես որևէ խնդրի հետևանք և այդ խնդրի փոփոխման կամ վերացման հետ մեկտեղ իրենք ևս կփոփոխվեն (թեկուզ և արտաքուստ այդ փոփոխությունները նկատելի չլինեն) կամ կդադարեն գործել։ Այսօր, բոլորի աչքի առաջ հասունացած Ոսկեպարի (այսինքն չորս գյուղերի եւ սնկլավների) խնդիրը չի ընկալվում քաղաքակրթական ու փիլիսոփայության մակարդակում։ Այն ընկալվում է որպես լոկալ խնդիր եւ եթե Ադրբեջանը երկաթե երաշխիք տա, որ դրանով հարցը կավարտվի, մենք բոլորս միանգամից կհամաձայնվենք, քանի որ չունենք չհամաձայնվելու ներքին գիտակցված խորություն։ Հողը չտալ, որովհետև դրա համար արյուն է թափվել կամ չտալ, որովհետև Ադրբեջանը էլի է ուզելու ձևակերպումները կիսատ են, այսինքն խմբագրվող ու կխմբագրվեն արտաքին ցանկացած փոփոխության դեպքում։ Հողերը տալու կողմնակիցները ևս ունեն նման կիսատ մոտեցումներ և դրանք կփոփոխվեն արտաքին իրավիճակի ցանկացած փոփոխության դեպքում։ Բայց այս ամենը շատ շատ երկար թեմա է։ Այո, հնարավոր չէ երկու տողով անալիզ ու ծրագիր առաջարկել։ Խոշոր հաշվով այն ինչ տեղի է ունենում, լրիվ տրամաբանական է, անկախ նրանից, թե այն որքանով է բարդ ընկալելի կամ տհաճ ու ողբերգական։ Մեր խնդիրը քաղաքական ու ռազմական չէ։ Մեր խնդիրը մտածողության, քաղաքակրթական կողմնորոշման հարց է։ Բայց դեռևս այս ամենը կշարունակվի։ Ի՞նչ է հնարավոր հիմա անել։ Ոչ մի բան։ Որոշ երևույթների զարգացումն արագացնել հնարավոր չէ, կստացվի Ադրբեջանի նման սինթետիկ երևույթ։ Իսկ ներկայիս խնդիրները վաղ թե ուշ կոմիտ կամ համեմատաբար փափուկ լուծվելու են։ Բայց նորերը չեն ուշանալու, քանի դեռ մենք չենք կարողանում որպես հասարակություն` վերաձևակերպել մեր քաղաքակրթական հայեցակարգը և դրա իրականացման կոլեգիալ մոտեցումը (սկզբունքորեն, ոչ թե զուտ իմիտացիա) ։ Մնացած ամեն ինչը այսօր չէ, վաղը կտապալվի։ |
Աղբյուրը` Արայիկ Մկրտումյանի ֆեյսբույան էջ
Հավանել
0
Չհավանել
0
979 | 0 | 0 | 0