Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ի՞նչ օգուտ, եթե մեկին մերկացնես և մեկ ուրիշին հագցնես»

10:36, երկուշաբթի, 16 հունվարի, 2023 թ.
«Ի՞նչ օգուտ, եթե մեկին մերկացնես և մեկ ուրիշին հագցնես»

Եվս մեկ փունջ Հովհան Ոսկեբերանի մտքերից

***
     Աստված չի ուզում, որ մենք ուրախանանք ուրիշների պատժվելուց՝ նույնիսկ այն դեպքում, երբ Նա ինքն է նրանց պատժում, որովհետև Նա ինքը չկամենալով է պատժում:

***

Հեթանոսներին քրիստոնյա են դարձնում ոչ այնքան հրաշքները, որքան քրիստոնյաների կյանքը: Երբ քարոզչությունը դեռ տարածված չէր, հրաշքները, արդար լինենք, զարմանքի առարկաներ էին, իսկ հիմա պետք է կյանքով զարմացնել:

***

Ի՞նչ օգուտ, եթե մեկին մերկացնես և մեկ ուրիշին հագցնես: Ողորմությունը պետք է բխի կարեկցանքից, իսկ մեկից կողոպտածը մեկ ուրիշին տալը տմարդություն է: Եվ եթե մենք ուրիշներից հափշտակած ամեն ինչ նույնիսկ տանք, դրանից մեզ ոչ մի շահ չի լինի: Դա ցույց է տալիս Զաքէոսը, որն այն ժամանակ Աստծու գութը շարժեց, երբ խոստացավ վերադարձնել հափշտակածի քառապատիկը (Ղուկաս 19: 8): Իսկ մենք, շատ ավելին հափշտակելով ու տալով քիչը, մտածում ենք Աստծու ողորմածությանն արժանանալ՝ չիմանալով, որ դրանով իսկ էլ ավելի ենք զայրացնում Նրան:

***

Եկեղեցի մտնելուց առաջ մենք լվանում ենք մեր ձեռքերը, իսկ ինչո՞ւ չենք լվանում մեր մեր սիրտը:

***

Ձեռքերդ հեռու պահիր կաշառակերությունից և այդժամ միայն դրանք կարկառիր ողորմություն տալու: Եթե մենք այդ նույն ձեռքերով մեկի հագուստը խլելու ենք և մեկ ուրիշին հագցնենք, ապա...ողորմությունը ցանկացած հանցագործության առիթ կլինի: Ավելի լավ է գթասրտություն չցուցաբերել, քան այդպիսի գթասրտություն ցուցաբերել:

***

Ամաչի՛ր մեղք գործել, բայց մի՛ ամաչիր ապաշխարել:

***

Սատանան այլասերել է բնական կարգը. նա մեղքին հանդգնություն է տվել, իսկ ապաշխարությանը՝ ամոթի զգացում:

***

Սիրողին բավ է և այն պարգևը, որպեսզի սիրի, ում սիրում է:

***

Ոչ թե գինին է չարիք, այլ հարբեցողությունը:

***

Դու այստեղ պանդուխտ ես և եկվոր, քո Հայրենիքը երկնքում է:

***

Ի՞նչ է մահը: Նույնն է, ինչ հագուստն հանելը. մարմինը նման է հագուստի, զգեստավորում է մարմինը, և մենք մահվան միջոցով այն կարճ ժամանակով հանում ենք մեր հագից, որպեսզի այն վերստին ստանանք պայծառացած տեսքով: Ի՞նչ է մահը: Ժամանակավոր ճանապարհորդություն, քուն, որը սովորական քնից երկարարատև է:

***

Ոչ թե ողբա մահացածի համար, այլ ողբա մեղքերի մեջ ապրողի համար:

***

Զրկվե՞լ ես մի բանից: Մի՛ վշտանա: դրանից օգուտ չկա: Մե՞ղք ես գործել: Վշտացիր՝ դա օգտակար է:

***

Չենք ասում, թե իբր ամեն չարը նրանից է, որ ուտում ենք ու խմում. չարը դրանցից չէ, այլ մեր անհոգությունից ու ագահությունից: Սատանան ո՛չ կերել է, ո՛չ խմել, բայց ընկել է, իսկ Պողոսը կերել է ու խմել և երկինք է տեղափոխվել:

***

Մի՞թե տարօրինակ չէ, որ երկինքը երկրից շատ ավելի լավն է համարվում, բայց այնտեղ վերաբնակվածների համար ողբում են:

***

Ամուսնանալը կամ չամուսնանալը մեզանից է կախված, իսկ այն, ինչը հաջորդում է ամուսնությանը, այլևս մեր իշխանության ներքո չէ, բայց կամա, թե ակամա պետք է դիմանալ ստրկությանը:

***

Դեռևս խոնարհամտություն չէ, երբ մեղք գործածն իրեն մեղսական է համարում: Խոնարհամտությունն այն է, որ մարդը, գիտակցելով հանդերձ, որ ինքը շատ մեծ գործեր է արել, երբեք չմտածի, թե ինքը մեծ է:

***

Քո պարգևն առավել մեծ կլինի, երբ դու անես այն, ինչն անհրաժեշտ է՝ առանց պարգևատրման ակնկալիքի:

***

Մահվանից առաջ Հովհան Ոսկեբերանն ասել է. «Փառք Աստծուն ամեն ինչի համար»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
734 | 0 | 0
Facebook