Մարդկության պատմությունն առատ է բացարձակ իշխանության չարաշահումներով: Բոլոր ներոններն ու կալիգուլաները ողբալի վախճան են ունեցել զուտ այն պատճառով, որ երևակայել են, թե իրենք բարձր են մարդկային հարաբերությունների կանոններից: Նույն ողբալի վախճանն է սպասվում նաև նրանց, ովքեր ներկայում և ապագայում կգնան այդ ճանապարհով:
***
Աշխարհի բազում երկրներում մարդիկ տաղանդավոր ու պարկեշտ ղեկավարների կարոտ են, քանի որ այդ երկրներում իշխանության ղեկին խաբեությամբ ամրագրվել են նրանք, ովքեր ունակ չեն իրենց ժողովրդին դեպի բարեկեցիկ կյանք տանել:
***
Միայն պարկեշտ մարդիկ են կամավոր հրաժարվում իշխանությունից:
***
Ավտորիտար իշխանավորներն ամենադժբախտն են բոլոր մարդկանցից: Բարեկամների փոխարեն նրանք շրջապատված են միայն հաճկատար շողոքորթներով:
***
Միլիոնավոր աշխատավորների միամտությունը, պառակտվածությունն ու պասիվությունը ցանկացած ավտորիտար կառավարողի հավատարիմ ծառաներն են: Հասարակ մարդկանց հեշտ է հնազանդոքւթյան մեջ պահել պայծառ ապագայի մասին խոստումներով:
***
Այն պնդումը, թե որոշ ժողովուրդներ պատրաստ չեն ժողովրդավարության, բացարձակ սուտ է: Ոչ թե ժողովուրդը, այլ նրա կառավարիչը պատրաստ չէ զիջել իր իշխանությունը, քանի որ ցանկանում է պահպանել այդ իշխանությունը մինչև իր կյանքի վերջը: Եվ դա է պատճառը, որ նա գաղափարական անսկզբունք ստրուկների միջոցով մարդկանց ներարկում է այդ միտքը:
***
Շողոքորթներն ասում են, թե երկրի ղեկավարը կերակրում է ժողովրդին: Դա անհեթեթություն է, քանի որ իշխանությունը երբեք ժողովրդին չի կերակրում, ընդհակառակը, ժողովուրդն իր աշխատանքով կերակրում է իրեն ու իր անկուշտ կառավարիչներին, որոնց մեծ մասը բռնակալներ ու տզրուկներ են:
***
Իշխանությունը լեգիտիմ է միայն այն դեպքում, եթե ժողովրդի մեծամասնությունն անկեղծորեն ցանկանում է, որ պետությունը գլխավորի հենց այդ մարդը, և ոչ թե մեկ ուրիշը, և պահպանում է լեգիտիմությունը մինչև մեծամասնության կարծիքի փոխվելը:
***
Բռնությամբ, խարդավանքներով, խաբեությամբ իշխանության հասած գարշելի մարդը հետագայում գիտակցաբար ստում է, ու նույնիսկ անկեղծորեն հավատում, թե իրեն ժողովուրդն է իշխանության բերել:
***
Իշխանությունը երկիր կառավարող մարդուն կամ բարձրացնում է, կա՛մ, ընդհակառակը, հրում է դեգրադացիայի վիհը, ընդ որում երկրորդը շատ ավելի հաճախ է տեղի ունենում:
***
Չի՛ կարելի կառավարման սանձը վստահել նրան, ով իշխանության է ձգտում սոսկ իշխանություն ունենալու համար, քանի որ իշխանությունը մագնիսի նման ձգում է մարդկանցից վատագույններին:
***
Ցանկացած կառավարող վաղ, թե ուշ դառնում է իր ստեղծած պետական կառավարման պատանդը:
***
Որքան հիմար է բռնակալը, նույնքան երկար է նրան ուղեկցող շարասյունը: Որքան մորթապաշտ է բռնակալը, նույնքան մեծ պահակախումբ է նրան շրջապատում: