Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ.
Թվիթեր

Հոդվածներ

«...կնամոլ թագակիրը ... բարբարոս գիշատիչների առջև ճանապարհ է հարթել՝ նրանց դարձնելով խաղաղ քրիստոնյա երկրների համար մշտական պատուհաս»

19:32, հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ.
«...կնամոլ թագակիրը ... բարբարոս գիշատիչների առջև ճանապարհ է հարթել՝ նրանց դարձնելով խաղաղ քրիստոնյա երկրների համար մշտական պատուհաս»

Քողարկված կամ բացահայտորեն մշտապես հակամարտող, ժամանակ առ ժամանակ մեկմեկու դեմ պատերազմող բոլոր մեծ պետությունները, տվյալ ժամանակի ռազմաքաղաքական իրավիճակից բխած անհրաժեշտության թելադրանքով, հաճախ դաշնակցել են փոքր ազգերի ու պետությունների հետ, հաճախ իրենց հակառակորդի դեմ են հանել նույնիսկ իրենց ոչ դավանակից ազգերին, նույնիսկ վայրենաբարո ցեղերին, որպեսզի կարողանան հաղթել կամ առնվազն ծանր հարված հասցնել իրենց հիմնական թշնամուն: Եվ այդ նպատակի համար գործադրել են ամեն միջոց: Այդ միջոցներից հիմնականը կաշառքն է եղել:

604 –ից մինչև 630 թվականը Սասանյան Պարսկաստանն ու Բյուզանդական կայսրությունը միմյանց դեմ անողոք, երկուստեք մաշող, կործանարար պատերազմ են մղել: 626 թվականին պարսկա-բյուզանդական ռազմաբեմում դրությունը չափազանց լրջացել է, և երկու կողմերը լարել են իրենց բոլոր ուժերը և նախապատրասվել են ահեղ բախումների: Պարսկաստանի Խոսրով 2-րդ Փարվեզը վճռել էր ստեղծել այնպիսի դրություն, որ լուրջ սպառնալիք կախվի Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի գլխին և այդպիսով հարկադրի կայսր Հերակլիոսին (շատ հաճախ գործածվում է այս կայսրի անվան ֆրանսիական, ռուսական ձևը՝ Հերակլ) թողնել Հայաստանն ու Պարսկաստանը և գնալ մայրաքաղաքը պաշտպանելու: Այս նպատակով նա բանակցություններ է սկսել Բալկանյան թերակղզու հյուսիսին տիրող ավարների (թյուրքական ցեղ) հետ, որոնց խաքանը համաձայնել է արշավել Կոստանդնուպոլսի վրա: Ավարների գործը հեշտացնելու համար պարսիկներն արշավել են Փոքր Ասիայի կողմից, գրավել են Քաղկեդոն քաղաքը և այնպիսի դիրք են գրավել, որ Հերակլիոսի բանակը չկարողանա օգնության ձեռք մեկնել իր պաշարված մայրաքաղաքին:

Իսկ Հերակլիոսը Խոսրովի ծրագրին, պարսկա-ավարական դաշնակցությանը հակադրել է դաշնակցությունը կովկասյան ազգերի հետ: Նա իր ուշադրությունը սկզբում սևեռել է Կասպից ծովի հյուսիս-արևմտյան կողմերում հաստատված թյուրքական վաչկատուն ցեղերից մեկի՝ խազարների վրա: Խոսրովը նույնպես աշխատանք է գործադրել Կովկասյան լեռներում դաշնակիցներ գտնելու համար: Խոսրովի այդ ջանքերը կարելի էր ապարդյուն դարձնել՝ խազարներին կաշառելով, որ նրանք և՛ փակեն կովկասյան լեռնանցքներն այլ գիշատիչ ցեղերի առջև, և՛ թե ամայացնող արշավանքներ կատարեն դեպի Պարսկաստան: Հերակլի քաղաքականության այս մասը իրագործվել է, որի արդյունքում ծանր տառապանքներ են կրել տարածաշրջանի ժողովուրդները: Պատմագիր Մովսես Կաղանկատվացին մանրամասն պատմել է, թե Հերակլի այդ համաձայնությունները թյուրքազգի խազարների հետ ինչպիսի դժբախտություններ են պատճառել Աղվանքին, Վրաստանին ու նաև Հայաստանին: Պատերազմ մղելով հանուն քրիստոնեության, ամեն տեղ իր գլխավորած զորքը Մարիամ Աստվածածնի բանակ անվանելով և իր բոլոր հաջողություններն այդ Կույսի հովանավորությանը վերագրելով, այնուամենայնիվ, կնամոլ թագակիրը չի կարողացել դիմադրել հինկտակարանային ամոնիտների ու մոաբիտների՝ մարդկային արյան ծարավ Մողոք աստծու արյունոտ պահանջներին և բարբարոս գիշատիչների առջև ճանապարհ է հարթել՝ նրանց դարձնելով խաղաղ քրիստոնյա երկրների համար մշտական պատուհաս:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
601 | 0 | 0
Facebook