Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎԵՐԱԾՆՎԱԾՆԵՐԸ

20:54, հինգշաբթի, 19 մայիսի, 2022 թ.
ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎԵՐԱԾՆՎԱԾՆԵՐԸ

Ասում են, ասա ընկերդ ով է, ասեմ դու ով ես․․․

Լավ ընկերը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վիշտը․․․

Ոչ թե հարստությունն է ընկեր, այլ ընկերն է իսկական գանձ․․․

Արցունքներն անհամեմատ քիչ են լինում, եթե կա մեկը, ում հետ կարելի է հեղեղել դրանք․․․

Եվ այսպես, կարելի է անվերջ շարունակել։

Հաճախ կա կարծրատիպ, թե ինչպես բոլորին ես օգնում, նրանց հոգու ցավին ժպիտով սատար դառնում, այնպես էլ ինքդ քեզ ես կարող օգնել։ Բայց հոգեբան լինելով հանդերձ, երբեմն անզոր ես, անկարող հոգուդ հևքը զսպել։

Այդպես եղավ և արցախյան երրորդ պատերազմի օրերին։ Ընկերներիցս շատերն էին սահմանին՝ պաշտպանում էին հայոց դարպասը նենգադավ օտարից։ Եվ ես օրնիբուն, սրտի դողով ու զսպանակված հոգով սպասում էի լուրերի և հետևում դրանց։ Այդ դժնդակ օրերին ես կորցրի չորս ընկեր, թանկ ու անգին, հոգուս մտերիմ։

Դե եկ, փխրուն էակ ու մի ոռնա։ Ջրի տեղ արյունդ մի խմի, իսկ հացի տեղ՝ շուրթերդ մի կրծի։ Բայց շատերն էլ աղոթքներիս շնորհիվ ու Աստծո կամքով, մղելով իրենց բաժին մարտը, հետ եկան։ Եկան, որ ոչ միայն իրենք ապրեն՝ շարունակելով մեր նահատակված հերոսների կիսատ գործերը, այլ եկան, որ ինձ էլ ապրեցնեն, որ չգժվեմ հոգուս սահմռկեցուցիչ ու խելագարեցնող ցավից։

Ես կիսսախելագար պոետ էի դարձել, գրում էի ու գրում․․․ Գրում էի տողեր, բանաստեղծություններ ու արձակ ակնարկներ ընկերներիս՝ անմահացած հերոսներիս մասին։ Ու պատերազմի բովով անցած, մահվան աչքերին նայած, բայց անկոտրում ոգով տուն դարձած ընկերներիցս մեկը՝ ՎանԽաչը, նույն ինքը՝ Վանիկ Խաչատրյանը բանաստեղծություներիցս մեկի հիման վրա ստեղծեց երաժշտություն և ստեղծվեց շատ գեղեցիկ մի երգ, որը կոչվեց ՄՈՆԹԵԱԲԵՐԴՑԻ ՔԱՋԻՆ։ Այն նվիրված է չորս աննմահացած արծիվ ընկերներիցս ապրիլյան պատերազմի կենդանի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, կապիտան, արցախյան երրորդ պատերազմի անմահ հերոս, «Արցախի հերոս» կոչմանն արժանացած և «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Արթուր Գրիգորիի Աղասյանին։ Այն գործիքավորվել է G Tenor ստուդիայում։

Այո՛, ցավս փոքր ինչ մեղմացված էր, իսկ ես, այդ ընթացքում, ցավս զսպանակելով սրտումս գրեցի գիրք նրա՝ իմ կապիտանի մասին․ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐԿՈւ ԳՈՒՅՆԵՐԸ։ Սակայն դա ինձ բավարար չէր հերոսիս ապրեցնելու համար։ Ես ուզում էի երգը հավերժանար տեսահոլովակի տեսքով։ Չէի հասցրել դեռ ցանկությանս մասին բարձրաձայնել, որ կրկին կողքիս համախմբվեցին ընկերներս։ Պատերազմի թրի տակով անցած, այդ օրերի երկաթե անձրևներին դիմակայած ու տոկուն ոգով ընկերներս։ Նրանք թիմ չէին, այլ պարզապես միմյանց մտերիմ ընկերներ, բայց ես նրանց տվեցի թիմային մեկ անուն՝ «Պատերազմից վերածնվածները» ։ Նրանք միահամուռ և անխոնջ անցան գործի։ Հեշտ չէր տեսահոլովակ նկարել։ Անձրև, արև, սարեր, քարեր, զորամասի հետ համաձայնեցում և այլն։ Բայց այդ ամենն արվեց, ի կատար ածվեց։ Արվեց մեկ մարդու նման, որ հավերժ ապրի իմ հերոսը և սրբվեն իմ արցունքները։

Ու հիմա ես իմ երախտիքի խոսքն ու խորին շնորհակալությունն եմ հայտնում G Tenor ստուդիային՝ Գևորգ Համբարձումյանի գլխավորույամբ, երգը գործիքավորելու համար, ապա «Պատերազմից վերածնվածները» թիմին, անուն առ անուն՝ ազգային երգիչ ՎանԽաչին, նույնն է, թե Վանիկ Խաչատրյանին, հոգուս ճիչն արտահայտող իմ բառերին երաժշտություն տալու և երգն անձամբ կատարելու համար, տեսահոլովակում իմ անմահ հերոս, կապիտան Արթուր Աղասյանի կերպարը մարմնավորող դերաասան Տիգրան Զուռնաջյանին, օպերատոր Նարեկ Մկրտչյանին, զինվորների դերեր կերթած Հայկ Իսրայելյանին, Դավիթ Մկրտչյանին, նույն տեսհոլովակում սեփական կյանքի գնով ընկերոջ կյանքը փրկած Արտակ Ավագյանին։ Ապա մեծ երախտագիտությունս բուժքրոջ դերը կերթած Հասմիկ Մարգարյանին, կամավոր դիպուկահարի դերում հանդես եկած Արեգա Հարությունյանին, կամավորների կերպարներում հանդես եկած տարիքով մեծ մարդ Գեղամին ու Հարութին և կրկին տարիքով մեծ մարդ, գնդապետի կերպարում հանդես եկած Սերոբին։ Ապա շնորհակալություն և խոնարհումս Լուսակերտի N զորամասին, հրամանատար Աշոտ Սարգսյանի գլխավորությամբ և տեսահոլովակում իրենց մասնակցությունն ունեցած նույն զորամասի զինվորներին։ Զորամասին մաղթում եմ խաղաղ երկինք, անփորձանք ծառայություն, իսկ զինվորներին՝ նաև բարի վերադարձ։

Այո՛, ճիշտ է ասված՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Հիացմուքով էի հետևում նկարահանման հրապարակից դեպ ինձ շուտ-շուտ ուղարկվող կադրերին։ Ժպիտս անթաքույց էր և արցունքներս արդեն հպարտության արցունքներ էին ու խռովահույզ հոգուս խաղաված արտհայտումը, քանզի արդեն համոզված եմ, որ հերոսս, կապիտանս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետսս, «Արցախի հերոս» տիտղոսակիրս, իմ Արթուր Աղասյանն, այսուհետ, հավերժ կապրի։ Իսկ ես խաղաղված հոգով առաջ եմ անցնում՝ ապրեցնելու մյուս 3 անմահացած հերոս ընկերներիս ու ընդհանրապես բոլոր հերոսներիս։

Դա էլ իմ առաքելությունն է այս կյանքում՝ քանի շնչում եմ, կապրեն հերոսներս։ Փառք ու խոնարհում բոլոր ժամանակների մեր քաջերին։

Այո՛, լավ ընկերը կբժշկի հոգիդ՝ ցավից․․․


    

Լավ ընկերը կբժշկի հոգիդ՝ ցավից,

Կսրբի աչքդ՝ արցունքից,

Անգամ իր ժպիտը քեզ կնվիրի,

Թե լավ ընկեր ունես կողքիդ,

Չես մնա երբեք ճամփի կեսին։

Թե կյանքն էլ չար ու դաժան,

Շուռ տա անիվը բախտիդ,

Քեզ արցունք տա ու անամոք ցավ,

Մեկ է՝ ընկերդ, իր ջանքով, կշեղի այն

Եվ ժպիտ քեզ կտա,

Իբրև ընծա։


    

Հոգեբան, գրող, ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբի իրադարձությունների մեկնաբան, «Հայրենյաց Պաշտպան Ազատամարտիկների Միավորում» ՀԿ-ի հոգեբան, «Քառօրյա պատերազմ» խմբի կանոնավորիչ և Հ.Ա.Բ. Ռ/Հ/Կ երիտասարդական թևի մամլո խոսնակ՝ ՄաՏիՆա՝ Մարինե Մանուկյան


    

19․5․20222

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1312 | 0 | 0
Facebook