Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԻ ՀԱՄԵՍՏ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՄԱՍԻՆ

22:02, չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ.
ՄԻ ՀԱՄԵՍՏ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՄԱՍԻՆ

Երբ երեխան ծնվում է՝ նրա հոգին մաքուր գրատախտակ է, և նրա վրա կարելի է գրել՝ ով ինչ ցանկանա:

Արդեն շուրջ 3 տարի է, ինչ ճանաչում եմ մի հրաշալի երիտասարդի, ում հոգին մանկան նման անբիծ է, մաքուր ու ջինջ: Մարդուն էապես ճանաչել և՛ հեշտ է, և՛ դժվար: Որպես հոգեբան, ես արագ ճանաչեցի համեստ, խոհուն ու խոսուն, խորը աչքերով և անաղարտ ժպիտով այս երիտասարդին:
     Խոսքս ոչ այլ մեկի, քան երգիչ-երգահան, տակավին երիտասարդ, բայց բոլորի կողմից արդեն շատ սիրված Վանիկ Խաչատրյանի մասին է: Ահա այս համեստ ու բարի երիտասադի նմաններին ու հենց նրա'ն պիտի ներկայացնել մեր հանրությանը, որ այս դարին ոչ այնքան բնորոշ, բայց իրենց շատ գովելի ու ընդունելի համեստությամբ, հաճախ աչք չեն զարնում: Մա'րդ, որն արժանի է գովեստի, մա'րդ, որի անունն արժանի է հիշատակելու և գովաբանելու:
     Այո՛, Վանիկն ինձ գրավեց իր համեստությամբ և իր նվիրվածությամբ։ Նվիրվածություն թե՛ դեպ ինձ, որպես իր ընկեր ու քույր, թե՛ դեպ մեր նահատակված հերոսներն ու վերջիններիս ծնողները: Նա գիշեր-ցերեկ հարգանքի տուրք է մատուցում մեր զոհված զինվորներին ու նրանց ծնողներին իր անզուգական ու հոգի շոյող կատարումներով։ Նրան բնորոշ է յուրօրինակ ու ինքնատիպ մի էություն, որի մեջ հիմք է հանդիսանում իր օրիգինալ համեստությունը; Համեստություն, որ սովորական չէ, որ ճառագում է անգամ համակարգչի այն կողմից: Ժպիտ, որի խորքերում կա կյանքի կոչելու հզոր ձիրք, երբ լսում ես նրա կատարումը՝ հոգիդ անէանում է, թևեր առնում, երկինք հասնում և մեր հերոսներին գտնում։ Բայց և նրա ջինջ աչքերում կարելի է տեսնել ցավ, վիշտ ու արցունք, որ զգում է մեր զոհերի համար, սակայն շատ հսճախ թաքցնում է այն հզոր երևույթի տակ, որ մեկ բառով կոչվում է ժպիտ:
     Ու դա հասկանում եմ ե՛ս՝ մեծ հոգեբանների կողքին դասվող փոքր հոգեբանս:
     Միշտ ակնածանքով եմ խոսել նրա հետ, ու հիմա էլ է այդպես. մի փոքր էլ մտածելով, թե ի՞նչ բառ օգտագործեմ, ինչպե՞ս խոսեմ նրա հետ, որ իմ միամիտ անփութությամբ կամ անփույթ միամտությամբ չցավեցնեմ նրա տղամարդկային, բայց այսքան զահերի հետ, ցաված սիրտն ու հոգին:
     Երիտասարդ է մեր երգիչը տակավին, դեռ մի ողջ կյանք կա նրա առջևում, լի է ավյունով, եռանդով, նպատակներով ու ձգտումներով: Ես նրա նվիրավածությունը զգացի շատ շոշափելիորեն, երբ արցախյան երրորդ պատերազմում, զոհվեց ապրիլյան պատերազմի կենդանի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, կապիտան, արցախյան երրորդ պատերազմի անմահ հերոս, «Արցախի հերոս» կոչմանն արժանացած և «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Արթուր Գրիգորիի Աղասյանն, ով իմ թանկ ընկերն էր, ու ես ծանր, շատ ծանր տարա նրա կորուստը և հոգուս մտքերը հանձնեցի թղթին՝ իբրև ստեղծագործություն։ Ու Վանիկը տեսնելով իմ մորմոքուն ցավը և արցունքներս՝ Ռուսաստանից հատուկ եկավ երգ ստեղծելու համար։ Գրեց երաժշտություն, որը գործիքավորվեց ու ձայնագրվեց G-tenor ստուդիայում։ Այն տացվեց իմ ընկերոջ մոտ, նրա երաժշտությունն ու թովիչ ձայնը հասան իմ սրտին և փոքր ինչ մեղմեցին հոգուս ցավը՝ հերոսիս հետ կապված։ Նա նույն կերպ իր ձեռքն է մեկնում բոլոր նահատակների հարազատներին ու ամոքում նրանց ցաված սրտերը։
     Այս դաժան կյանքում և կյանքի ցանկացած իրավիճակներում միայն ժպիտն է, որ կօգնի ապրել: Լացել բոլորն էլ կարող են, անգամ նորածինը, իսկ ժպիտը ոչ բոլորին է հատուկ: Բայց նա, ով կարողանում է ժպտալ և շրջապատին էլ ժպիտ պարգևել` ուրեմն նա մե’ծ մարդ է: Իսկ իմ թանկ ընկերոջ պարագայում դա ակնհայտ է, քանզի նա արցունքները պահած կոկորդում՝ հարկ եղած դեպքում ժպտում է իր ժպիտով շատ սիրուն:
     Մի համեստ ու բարի երիտասարդ, ով ուզում է բոլորին օգնե՛լ… Ով ձգտում է բոլորին ժպիտ նվիրել։ Այս երեք տարիների ընթացքում ես կարդացել եմ նրա հոգին, կարողացել եմ զգալ նրա հոգու լուսավոր ու վեհ լինելը: Որքան էլ ամուր ու հզուր կամքով ուժեղ տղամարդ է նա, ում կոտրելն ու ընկճելը շատ դժվար է՝ նույնքան էլ փխրուն է ու նուրբ սիրտը նրա, որ ունի հարազատների և ընկերների սատարման կարիքը, ովքեր էլ միշտ նրա կողքին են:
     Ասում են, ոսկին, անգամ եթե ցեխերի մեջ է, այն մի օր կփայլի ու իր փայլով կշլացնի նույնիսկ ամենաանտարբեր անցորդին։ Ադամանդը, եթե պահված է դարակում և նույնիսկ եթե մոռացված է, մի օր, ինչպես էլ լինի, կբացվի այդ փակ դարակը, ինչ նպատակով էլ այն բացվի, ու այդ համեստ ադամանդի փայլը կողողի ոչ միայն ողջ սենյակը, այլ նաև կլուսավորի ամբողջ տունը և բոլորը կապշեն նրա աչք կուրացնող փայլից։
     Այդպիսին է նաև իմ սիրելի ընկերը, ով իր էությամբ ոսկի է, իսկ հոգով՝ ադամանդ։ Կգա օր, և այդ օրը շատ մոտ է, որ նա կփայլի մեծ բեմերին, որպես մեծն ու տաղանդավոր երգիչ և ինչքան, որ հիմա է պահանջված ու սիրված, առավել շատ կդառնա պահանջած ու սիրված։
     Ամեն անգամ, երբ զրուցում եմ այս անհատի հետ՝ մի նոր բանալի եմ գտնում նրա հոգին բացելու և հասկանալու համար: Եվ երբ այդ բանալիով շա՜տ զգուշորեն փորձում եմ բացել նրա հոգու այդ փակ դուռը՝ տեսնում եմ այնտեղ մի զարդ, իսկ այդ զարդի անունն է հոգով ՄԵ'Ծ ՄԱՐԴ:
     Իսկ ինչու՞ Է նա ՄԵ'Ծ ՄԱՐԴ՝ քանի որ նրա ներսում կա սոսկալի ցավ՝ նահատակների կորստի ցավը, որ կարելի է մտածել, թե ուր որ է՝ նա չի դիմանա այդ ցավին ու կպորթկա, ինչպես վագրը վիրավոր: Բայց ո՛չ, Վանիկն ուժե՛ղ է, նա ապրո՛ւմ է, նա նաև ժպտու՛մ է, ստեղծագործում ու արարում… Նա ժպտում է, որովհետև լավ գիտի, որ ժպիտը կյանք է ու ապրեցնող: Իսկ ՄԵԾ ՄԱՐԴՈՒ նրա ոգին ծածուկ տեղից զարդարում է վերջինիս արտաքնապես:
    
    

Սիրելի եղբայր,
     Իմ լավ բարեկամ,
     Որքան էլ թախծես,
     որքան էլ տխրես՝
     Միշտ հիշիր՛.
     Չի՛ եղել մարդ
     Լացած չլինի,
     Տառապած չլինի,
     Ամենազոր մարդիկ անգամ
     Հուսահատվել են, փնտրել բարեկամ…
     Եթե այդպես է՝ եղիր միշտ հպարտ,
     Որ ծնվել ես ՄԱ՛ՐԴ…
    
    

Ասում են ժպիտն ամեն ուր է, պարզապես երեխայի նման, նա էլ է ուզում, որ գտնեն իրեն ու հասկանան: Եվ մեր հզոր երգիչը դա գիտակցելով՝ չի խլում ոչ ոքի ժպիտը, չի կարելի սեփական ժպիտը խեղդել, քանզի մարդկային ժպիտը միայն տվյալ մեկին չի պատկանում, այն շատերինն է, ու այն խեղդելով՝ մարդիկ խլում են իրենց սիրող մարդկանց ժպիտը ևս: ՉԷ՞ որ նրանք էլ մեր ժպիտի կարիքն ունեն՝ այդ ժպիտով են ապրում: Նա ժպտում է, բայց նրա երակներում վրե՛ժ է հոսում, վրեժ իր նահատակված հերոսներին կյանքից զրկողի հանդեպ: Այլ պարագայում, որպես հոգեբան, գուցե ես նրան հետ պահեի վրեժի ցասումից, չնայած ոչ թե գուցե, այլ միանշանա՛կ հետ կպահեի, բայց հիմա նրան ինչպե՞ս հետ պահեմ այդ մտքից, երբ ի՛նքս եմ տարված այդ մտքով:
     Ահա այսպիսին է երգիչ-երգահան Վանիկ Խաչատրյան մարդ-անհատը՝ հզոր, անկոտրում, բոլորին օգնելու պատրաստ ու ամուր կամքով լի:
    
    

7.01.2022
    
    

Հոգեբան՝ ՄաՏիՆա Մարինե Մանուկյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1844 | 0 | 0
Facebook