Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Հոդվածներ

Իր իսկ հպատակների կողմից սպանված Օսմանյան առաջին սուլթանը. «Քիլինդեր Ուգրուսու անունով բանդիտ սիփայը սեղմել է սուլթանի ամորձապարկը, և նա անմիջապես հոգին ավանդել է» (3)

20:34, հինգշաբթի, 19 մայիսի, 2022 թ.
Իր իսկ հպատակների կողմից սպանված Օսմանյան առաջին սուլթանը. «Քիլինդեր Ուգրուսու անունով բանդիտ սիփայը սեղմել է սուլթանի ամորձապարկը, և նա անմիջապես հոգին ավանդել է» (3)

1622 թվականի մայիսին Օսմանը, Մեքքա ուխտագնացություն կատարելու պատրվակով, նախապատրաստվել է մեկնել Անատոլիա: Նա ծրագրել է իր հետ տանել նաև պետական գանձարանը: Ենիչերիներն այդ մտադրության մասին տեղեկացվել են և մայիսին խռովություն են սկսել: Ենիչերիներն ու սիփայիները հավաքվել են ձիարշավարանում: Սուլթանը նրանց մոտ է ուղարկել շեյխ ալ իսլամին, իսկ խռովարարները պահանջել են մահապատժի ենթարկել վեց մարդու: Շեյխ ալ իսլամը ստիպված է եղել մահապատժի ֆեթվա տալ: Տրվել են Դիվալար փաշայի, Խոջա Օմար էֆենդիի, Ղզլար աղա Սուլեյմանի, կայմակամ Ահմեդ փաշայի, դեֆտերդար (գանձապետ) Բակի փաշայի և Նասուք աղայի անունները:

Վերադառնալով Օսմանի մոտ՝ շեյխ ալ իսլամը նրան է հանձնել ֆեթվան և խորհուրդ է տվել բավարարել խռովարարների պահանջը: Բայց սուլթանը վտարել է բանագնացներին, պատռել է ֆեթվան և սպառնացել է դատաստանով: Դա հանգեցրել է նրան, որ ենիչերիները ներխուժել են Օմեր էֆենդիի տուն և ամեն ինչ ջարդուփշուր են արել: Հետո ամբոխը գտել է պալատում բանտարկված Մուսթաֆային, նրան տարել է Օրթա Ջամի և սուլթան է հռչակել: Վախեցած Օսմանը կարգադրել է խռովարարներին հանձնել Դիլավեր փաշային: Նրան գտել են, դարպասից դուրս են հանել, և հենց դարպասի մոտ կտոր-կտոր են արել:

Օսմանը հայտարարել է, թե հրաժարվում է Անատոլիա մեկնել, բայց նա դեռ լիովին չի հասկացել իրավիճակի լրջությունն ու չի համաձայնել պաշտոնանկ անել Օմեր էֆենդիին ու Սուլեյման աղային: Այդ ընթացքում ենիչերիները ներխուժել են սուլթանի պալատի բակ: Մեծ վեզիրը և գլխավոր ներքինին փորձել են նրանց կանգնեցնել, բայց ենիչերիները նրանց ուղղակի ծվատել են: Գաղտնի սենյակում թաքնված Օսմանին ենիչերիները գտել են, քրջեր են հագցրել ու ծաղրելով քաղաքով մեկ քարշ են տվել մինչև Օրթա Ջամի:

Այստեղ երիտասարդ սուլթանը ենիչերիներին աղաչել է խնայել իրեն, և ենիչերիները պատասխանել են, թե ծարավի չեն նրա արյանը, բայց անմիջապես էլ փորձել են նրան սպանել: Ժամանակագիր Թուրգա Չելեբի. «Երեկոյան աղոթքի ժամանակ ներս են մտել Դավուդ փաշան, նրա քեդխուդան և ջեբեդջի բաշին, որպեսզի սպանեն Օսման սուլթանին: Նրանք նրա վրա օղապարան են նետել, բայց Օսման սուլթանը, լինելով ամրակազմ երիտասարդ, խիզախորեն դիմադրել է: Այդժամ Քիլինդեր Ուգրուսու անունով բանդիտ սիփայը սեղմել է սուլթանի ամորձապարկը, և նա անմիջապես հոգին ավանդել է»:

Մեկ այլ ժամանակագիր էլ ասում է, թե Օրթա Ջամիում հայտնվել է Դավուդ փաշան՝ օղապարանը ձեռքին, բայց Օսմանը հավաքվածներին հիշեցրել է, թե ինչպես մի քանի անգամ խնայել է հանցանքներ գործած Դավուդ փաշային, և ենիչերիները մեծ վեզիրին թույլ չեն տվել գահընկեց արված սուլթանին մզկիթում սպանել: Նրան տարել են Եդիկուլե, որտեղ հաջորդ օրը, մայիսի 20-ին, Օսմանին սպանել են: Կտրել են նրա ականջը (որոշ պատմիչներ էլ նշում են, թե կտրել են ականջն ու քիթը), և Դավուդ փաշան ականջը հասցրել է Խալիմե սուլթանին:

Ահա այսպես հոգեկան հիվանդ Մուսթաֆա 1-ինը երկրորդ անգամ սուլթան է դարձել, Դավուդ փաշան դարձել է մեծ վեզիր, և ենիչերիների խռովությունը միանգամից դադարել է:

Անգլիայի դեսպան Թոմաս Ռոյն այս իրադարձությունների առթիվ գրել է. «առաջին կայսրը, որի վրա նրանք ձեռք բարձրացրին: Կարծում եմ, դա նրանց անկումը կանխանշող ճակատագրական նշան է»:

***

Սիցիլիացի ազնվականների՝ Օսմանի ընտանիքը պնդում է, որ ճիշտ է այն առասպելը, որի համաձայն իրենց տոհմը սերվել է Օսմանի որդի Ահմեդից: Նրանց տոհմական ավանդույթն ասում է, թե Օսմանի առաջին կինը եղել է Փերվետա փաշայի դուստր Միլիքիան, իսկ երկրորդ կինը՝ գլխավոր հոգևորականի դուստրը: Օսմանի առաջին կնոջից ծնված Ահմեդ (1620 - 1706) որդին ամուսնացել է Սելիմ սուլթանի դուստր Ֆաթիմայի հետ և 1661 թվականին մեկնել է Իտալիա և կաթոլիկություն է ընդունել: Նրա ծագումը ընդունել է Հռոմի պապը, և նա ազնվականության շարքերն է ընդունվել: Հռոմի պապը նրան նվիրել է Քրիստոսի խաչափայտից մի կտոր, որը Ահմեդի շառավիղը 1924 թվականին ընծայել է Ռեկանատի քաղաքի տաճարին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
591 | 0 | 0
Facebook