Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իր իսկ հպատակների կողմից սպանված Օսմանյան առաջին սուլթանը

19:58, երեքշաբթի, 17 մայիսի, 2022 թ.
Իր իսկ հպատակների կողմից սպանված Օսմանյան առաջին սուլթանը

1603 թվականի դեկտեմբերին՝ իր մահվանից կես տարի առաջ, Օսմանյան սուլթան Մեհմեդ 3-րդը մահապատժի է ենթարկել իր ավագ որդուն՝ գահաժառանգ Մահմուդին, որը դավադրություն է նախապատրաստած եղել հորը տապալելու նպատակով: Մեհմեդ 3-րդի մահից հետո սուլթանական գահը ժառանգել է նրա տասներեքամյա որդին՝ Ահմեդ 1-ինը, որը դեռ երեխաներ չի ունեցել և Օսմանյան տոհմի շարունակականությունը վտանգված է եղել: Այդ պահին գահի միակ հնարավոր ժառանգորդը եղել է Ահմեդի եղբայր Մուսթաֆան: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Օսմանյան արքունիքում խախտվել է ավանդույթը, և Ահմեդի եղբորը չեն սպանել:

Տասներեքամյա Ահմեդ 1-ինին երկու հարճ է նվիրվել (Մահֆիրուզ Հադիջե-սուլթանը և Քյոսամ-սուլթանը), որոնք նրան որդիներ են ծնել: Այդ որդիներից ավագը 1604 թվականի նոյեմբերի 3-ին Մահֆիրուզ Հադիջե-սուլթանի ծնած Օսմանն է եղել՝ ապագա Օսման 3-րդ սուլթանը: Ահմեդ 1-ինը դարձել է բոլոր սուլթաններից ամենաերիտասարդ հայրը: Քանի որ Օսմանի ծնունդով Օսմանյան տոհմի շարուանակականությունն ապահովվել է, այդ իսկ պատճառով նրան տրվել է թագավորող տոհմի հիմնադիր Օսման Գազիի անունը, և նրա ծննդյան կապակցությամբ կազմակերպվել է յոթնօրյա տոնախմբություն:

Ահմեդի երկրորդ որդին՝ երկրորդ հարճ Քյոսամ-սուլթանի ծնած Մեհմեդը, Օսմանից չորս ամիս հետո է աշխարհ եկել: Եղբայրները միասին են մեծացել: Ըստ ժամանակակից հեղինակների՝ Օսմանը 4 տարեկանում սկսել է կարդալ: Թեպետ եվրոպացի որոշ հեղինակներ գրել են, թե նա պատշաճ կրթություն է ստացած եղել և իմացել է լատիներեն, հունարեն, իտալերեն և արաբերեն, բայց արդի պատմաբանները կասկածում են այս տեղեկությանը:

Օսմանի մայրը վաղ է մահացել, երբ որդին դեռ մանկահասակ է եղել: Քյոսամ-սուլթանը՝ Օսմանի խորթ եղբոր մայրը, ջանացել է նրա հետ ջերմ հարաբերություն հաստատել: Վենետիկի դեսպան Կանտարինիի վկայությամբ՝ Օսմանը Քյոսեմ-սուլթանի և նրա որդիների հետ կառքով զբոսնել է մայրաքաղաքում, բայց Ահմեդ 1-ինը 1616 թվականին արգելել է այդ զբոսանքները: Օսմանը հարգալից վերաբերմունք է ունեցել խորթ մոր նկատմամբ և 1619 թվականին, երբ արդեն սուլթան էր, Հին պալատում այցելել է նրան և երեք օր նրա մոտ է մնացել:

Ինչպես վերն ասվեց, Ահմեդի եղբայր Մուսթաֆան, ըստ Օսմանների տոհմում ընդունված կարգի, պիտի սպանվեր: Բայց նա երեք անգամ խույս է տվել մահից: Առաջին անգամ խույս է տվել այն ժամանակ, երբ նրա եղբայր Ահմեդը գահ է բարձրացել: Բայց նրան չեն սպանել, որովհետև եղել է միակ թագաժառանգը: Ավելի ուշ երկու գործոններ են դեր խաղացել, որ նա խույս տա սպանությունից: Առաջինը՝ Մուսթաֆան կա՛մ մտավոր հետամնաց է եղել, կա՛մ էլ հոգեկան խանգարվածություն է ունեցել, ու վտանգ չի ներկայացրել եղբոր դեմ խռովություն բարձրացնելու առումով: Երկրորդ՝ Մուսթաֆային մահից ջանացել է փրկել Քյոսամ-սուլթանը, որը հույս է ունեցել այդ կերպ նախադեպ ստեղծել ու այդ ճանապարհով ապագայում անխուսափելի սպանությունից փրկել իր որդիներին: Վենետիկցի դեսպանը հաղորդել է, թե 1612 թվականին Քյոսամը համոզել է Ահմեդին, որ Մուստաֆային սպանել չտա: Նա ասել է, թե Ահմեդն ինքը թեպետ սուլթանի ավագ որդին չի եղել, բայց ճակատագիրը կամեցել է, որ նա սուլթան դառնա: Այդ իսկ պատճառով Ահմեդը չպիտի վնասի իր եղբորը, թեպետ այդ կարգի սպանությունը Օսմանյան ավանդույթ է: Երբ 1618 թվականին Ահմեդը մահացել է, Քյոսամի որդիները դեռ անչափահաս են եղել, և սուլթան է դարձել Մուսթաֆան: Դա առաջին դեպքն է եղել այս կայսրության պատմության մեջ, որ իշխանությունը փոխանցվել է ոչ թե մահացած սուլթանի անդրանիկ որդուն, այլ նախկին սուլթանի եղբորը: Բայց նոր սուլթանի, մեղմ, ասած, տարօրինակ վարքը արքունիքին ապշեցրել է: Արքունական Դիվանի նիստի ժամանակ նա վեզիրների գլխից պոկել է չալմաները ու քաշել է նրանց մորուքը, իսկ թռչուններին ու ձկներին մետաղադրամներ է նետել որպես կերակուր:

Նկարում՝ Մեհմեդ 3-րդը:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1905 | 0 | 0
Facebook