Արաբական տերության խալիֆ դարձած Աբուլ Աբբասն իր գլխավոր նպատակներից մեկն է համարել բռնել ապստամբ զինջեյների (այդ ժամանակներում սևամորթ ստրուկներին «զինջեյ» են անվանել) առաջնորդներից մեկին՝ Կիրտասին և, ամեն անգամ, երբ մարտադաշտում հանդիպել է նրան, ջանացել է գերել: Բայց այս Կիրտասը կարողացել է հմտորեն պաշտպանվել և ամեն անգամ բարձրաձայն կրկնել է. «Օ՜ Բիլիբաս (նա ցանկացել է ասել Աբուլ Աբբաս), եթե քո ձեռքն ընկնեմ, ինձանից աղեղալար պատրաստիր»: Խալիֆը շարունակել է Կիրտասի որսը և ի վերջո հաջողել է:
Վիրավոր Կիրտասին բերել են խալիֆի մոտ, որը հրամայել է նրան գլխատել: Բայց ալ-Մութադիդը խնդրել է նրան չսպանել, որովհետև ինքը ցանկացել է անձամբ, իր հայեցողությամբ հաշվեհարդար տեսնել ապստամբի հետ: Խալիֆն ընդառաջել է ալ-Մութադիդի խնդրանքին, և նա նրա հինգ մատներից աղեղալար է պատրաստել: Սկզբում պոկել են Կիրտասի եղունգները, իսկ հետո մաշկը քերթել են՝ սկսելով մատների ծայրից մինչև ուսն ու թիկունք, հետո նույն գործողությունն արել են մյուս ձեռքի մաշկը քերթելով: Ասում են՝ մարդու մաշկն այնքան ամուր է, որ դա հնարավոր է: Հետո ալ-Մութադիդը հրամայել է մաշկը ոլորելով աղեղալար պատրաստել ու հենց այդ աղեղնալարից արձակված նետով սպանել Կիրտասին: