Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հրեաներն ինչպես են հայ դարձել

19:39, երկուշաբթի, 03 սեպտեմբերի, 2018 թ.
Հրեաներն ինչպես են հայ դարձել

Հայացած հրեաներ (զոկեր) են Կոմիտաս վարդապետը, Արամ Խաչատրյանը, Արամ Մերանգուլյանը և նշանավոր նկարիչ Գայանե Խաչատրյանը: Հայաստանի հրեաների պատմությունը հաշվվում է շուրջ 2000 տարի: Հնում հրեական բնակավայրեր են եղել Հայաստանի խոշոր քաղաքներում ու մայրաքաղաքներում: Պատմական փաստերն ու գիտական տվյալները բացատրում են, թե ինչու է այդքան քիչ հրեա մնացել Հայաստանում: Պատճառն այն է, որ հուդայականությանը հավատարիմ մնացած հրեաներին վերաբնակեցրել են Իրանում, իսկ քրիստոնեություն ընդունած հրեաները հայացել են:

Իսրայելը և Ուրարտուն նվաճած Ասորեստանը մեր թվականությունից 700 տարի առաջ հրեաներին գաղթեցնում է Ուրարտու:

Ասորեստանի անկումից հետո Բաբելոնը նվաճում է Արևմտյան Ասիայի մեծ մասը: Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքան մ.թ.ա. 598 թվականին մեծ բանակով շարժվում է դեպի Երուսաղեմ, որպեսզի պատժի եգիպտացիների հետ դաշնակցած հրեաների թագավորին: Երբ բաբելոնական բանակը հայտնվում է Երուսաղեմի պատերի մոտ, Հուդայի նոր թագավոր Յովաքինը, հասկանալով, որ դիմադրությունն անօգուտ է, քաղաքը հանձնում է Նաբուգոդոնոսորին: Նվաճողը Սեդեկիային Հուդայի նոր թագավոր է նշանակում և Բաբելոն է քշում շուրջ 10 հազար հրեա: Դա արվում էր այն նպատակով, որպեսզի թուլացվի հրեաների դիմադրողականությունը: Բաբելոն քշվածների ընտրություն է կատարվում: Բաբելոն են տարվում արհեստավորները, վաճառականները, հարուստները: Գյուղացիությանն ու մյուս հասարակ մարդկանց թույլ է տրվում մնալ: Այդ բռնի գաղթեցումը հիմա հայտնի է «Բաբելոնյան գերություն» անունով: 11 տարի անց, երբ Սեդեկիան հրաժարվում է հնազանդվել Բաբելոնին, Նաբուգոդոնոսորը նորից գրավում է Երուսաղեմը և լիովին ավերում է Սողոմոնի տաճարը: Երուսաղեմի բնակչության մեծ մասը սպանվում է, իսկ մնացյալը գերվում է ու ստրկության է տարվում Բաբելոն: Բանավոր Թորայում պատմվում է, թե Նաբուգոդոնոսորը գերված հրեաների մի մասին քշում է Հայաստան:

Մովսես Խորենացին հաղորդում է, թե Բագրատունիների տոհմը, որ հետագայում երկու արքայական հարստություն է տալիս (հայկական ու վրացական), հրեական ծագում ունի: Այս տոհմը գերվել ու վերաբնակեցվել է Իսրայելի թագավորության գրավումից հետո: Բագրատունիները հսկայական տարածքների տեր են դարձել, եղել են թագադիր ֆեոդալներ, իսկ հետագայում` Հայոց թագավորներ:

Արտաշատ մայրաքաղաքի կառուցման մասին Խորենացանին հետևյալն է գրում.

«Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Արաքսը և Մեծամորը խառնվում են, և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ: Արաքսն էլ օգնում է նրան անտառի փայտով: Ուստի առանց դժվարության և արագ շինելով` այնտեղ մեհյան է կանգնեցնում և Բագարանից այնտեղ է փոխադրում Արտեմիսի արձանը և բոլոր հայրենական կուռքերը: Բայց Ապոլոնի արձանը կանգնեցնում է քաղաքից դուրս` ճանապարհի մոտ: Երվանդի քաղաքից դուրս է բերում հրեա գերիներին, որ այնտեղ տարված էին Արմավիրից, և բերում նստեցնում է Արտաշատում»:

«Մեր թագավորների և նրանց թվարկումը հորից որդի» գլխում անդրադառնալով Սկայորդու որդի Պարույրին, որին «Հրաչյա» են կոչել, Խորենացին ասում է, թե սրա ժամանակում է ապրել բաբելացիների արքա Նաբուգոդոնոսորը և հետևյալն է հավելում. «Ասում են, որ սա (Հրաչյան) Նաբուգոդոնոսորից խնդրեց գերված եբրայեցիների գլխավորներից մեկին` Շամբաթ անունով և բերեց մեր երկրում բնակեցրեց մեծ պատվով: Պատմագիրն ասում է, թե սրանից սերվեց Բագրատունիների ցեղը, և այս ստույգ է: Բայց թե ինչպիսի ջանքեր գործ դրին մեր թագավորները` նրանց ստիպելու, որ կուռքեր պաշտեն և թե նրանցից քանիսը և ովքեր աստվածապաշտությամբ վերջացրին իրենց կյանքը, հետո հաջորդաբար կպատմենք: Որովհետև մի քանի անվստահելի մարդիկ ասում են, ըստ իրենց ենթադրության, բայց ոչ ճշմարտությամբ, իբր թե Բագրատունիների թագադիր ցեղը ծագում է Հայկից: Ոստի ես ասում եմ. այդպիսի հիմար խոսքերի մի' հավատար, որովհետև ոչ մի հետք կամ ապացույց չկա այդ խոսքերում, որ ցույց տա նրանց ճշմարտությունը: Որովհետև Հայկի և նրա նրա նմանների մասին էլ կակազում են վայրիվերո և անկարգ կերպով: Բայց իմացիր, որ Սմբատ անունը, որ Բագրատունիները հաճախ դնում են իրենց երեխաների վրա, իսկապես Շամբաթն է նրանց հին` եբրայական լեզվով»:

Վրացիների «Քարթվելիս ցխովրեբա» տարեգրությունում էլ ասված է.
     «…Նաբուգոդոնոսոր թագավորը գրավեց Երուսաղեմը, և այնտեղից գերեվարված հրեաները բերում են Քարթլի, և խոստանալով հարկ վճարել, մեցխեթների ավագանուց հող են խնդրում: Եվ նրանց (հող) է տրվում: Յոթ եղբայրներ փախչում են գերությունից և, ի վերջո, հասնում են Էկլեցի, որտեղ գտնվում էր հայերի թագուհի Ռաքելի պալատը: Այստեղ նրանք շուտով քրիստոնեություն ընդունեցին, և եղբայրներից երեքը մնացին Հայաստանում: Մյուս չորսը որոշեցին ավելի հյուսիս գնալ: Այդպես նրանք հայտնվեցին Քարթլիում: Եղբայրներից մեկը բարձրացավ ու էրիսթավ դարձավ: Հենց նա էլ վրացական Բագրատունիների նախահայրն է հանդիսանում»:

Չնայած որոշակի տարբերությանը` վրացական պատմական վարկածը հաստատում է հայկական վարկածը:


     (
շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
14405 | 0 | 0
Facebook