Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վհուկների գիշերաժողովի կամ նրանց շվայտ խրախճանքի մասին (նախորդի շարունակությունը)

11:15, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Վհուկների գիշերաժողովի կամ նրանց շվայտ խրախճանքի մասին (նախորդի շարունակությունը)

Խոսելով գիշերահավաքների մասին, հարկ է թեկուզ հպանցիկ անդրադառնալ սուկուբներին ու ինկուբներին, որոնց գոյությանը հավատացել են բոլոր հնդեվրոպական ժողովուրդները: Այս անուններով են կոչվում կա՛մ տղամարդու (ինկուբ), կա՛մ կնոջ (սուկուբ) կերպարանք առած դևերը, որոնք այդ կերպարանքով սեռական հարաբերություն են ունենում մարդկանց հետ:

Երանելի Ավգուստինոսն ընդունել է, որ մարմնավոր կապ կարող է լինել դևի ու մարդու միջև: Նա ասում է, թե կան հատուկ դևեր, որոնց ֆրանկները «dusii» են անվանել և որոնք հիմնականում մասնագիտացել են թուլակամ մահկանացուներին գայթակղելու գործում:

Բացահայտված ու դատի տրված վհուկները անհամար վկայություններ են տվել դևերի հետ իրենց մարմնական կապեի մասին: Այդ ցուցմունքներից ակնհայտ է դառնում, որ սատանան իր սիրուհիներին մեծ բծախնդրությամբ է ընտրում՝ միշտ առավելությունը տալով գեղեցիկ կանանց ու աղջիկներին: Բազմաթիվ գրքերում դևաբանները կանանց փորձում են համոզել (բնականաբար, հենվելով վհուկների ցուցմունքների վրա), թե դևերի փաղաքշանքները ոչ միայն հաճույք չեն պատճառում, այլև հարուցում են վախ ու սարսափ: Տարածված է եղել այն համոզումը, թե կնոջ հետ կենակցող հրե օձը չորացնում է նրանց արգանդը:

Բայց սատանայի հետ կապը միշտ չէ, որ անպտուղ է մնում: Ռոբերտ Սատանան ու Մերլինը կնոջ ու սատանայի կապից են ծնվել: Վոլտերի ժամանակակից բազմաթիվ պատվարժան անձինք լրջորեն համոզված են եղել, թե Վոլտերը սատանայի ծնունդ է՝ բառի ամենաիսկական իմաստով: Հնում ժողովուրդն հաճույքով այդպիսի ծագում է վերագրել բոլոր այլանդակներին: Վերն հիշատակածս Դելրիոն նկարագրել է կնոջից ու սատանայից ծնված այդպիսի հրեշներից մի քանիսին: Օրինակ՝ նա պատմում է մի հսկայի մասին, որին իբր տեսել են Բրազիլիայում: Նրա հասակը մոտ 6, 5 մետր է եղել, մաշկը նման է եղել մողեսի մաշկի, ձեռքերը՝ առյուծի թաթերի, աչքերը հուր են արձակել: 1240 թվականին Սաքսոնիայում, անտառում, որսացել են «կիսամարդու կերպարանքով» մի հրեշի: 1278 թվականին շվեյցարացի մի կին առյուծ է ծնել, 1271-ին պավիացի մեկ ուրիշ կին` կատու, մի երրորդն էլ` շուն, չորրորդն սկզբում մարդու գլուխ է աշխարհ բերել, ապա` երկոտն օձ, հետո` խոճկոր: «Կասկած չկա, - ասում է Դելարիոն, որ այդ ամենը սատանայի ծնունդներ են, որոնց կերպարանքն է առել սատանան այդ կանանց հետ կենակցելիս»:

Նշանավոր Պիկո դե Միրանդոլան պնդել է, թե իմացել է մի մարդու, որը 40 տարի կենակցել է սուկոբի հետ: Նա նրան Արմելինա է անվանել և տեսել է գեղեցիկ կնոջ կերպարանքով: Նրա հետ բազմամարդ փողոցով քայլելիս` նա նրա հետ խոսել է, իսկ մարդիկ նրան սևեռուն նայել են ու զարմացել, որ ինքն իր հետ է կարծես խոսում, որովհետև նրա կողքին ոչ մեկին չեն տեսել, և նրան խելքը գցած են համարել: Բայց Միրանդոլան հավատում է, թե այդ մանյակը կենակցել է այդ սատանայի հետ: Բայց նրա ժամանակներում մի՞թե կլիներ մեկը, որ դրանում կասկածեր:

Ինկուբի կամ սուկուբի հետ կապը սովորաբար շատ տխուր վախճանի է հանգեցրել: Օրինակ` «Տարատեսակ ուսմունքներ» գրքի հեղինակ Գիոնը պատմում է, թե մի կին, սատանայից գայթակղվելով, հանկարծ միանգամից սարսափելի փքվել է: Նա կարծել է, թե այդ հանկարծահաս գիրությունը հղիություն է, բայց նա սարսափելի ցավեր է ունեցել, որի պատճառը ոչ մի բժիշկ չի կարողացել հասկանալ: 1580-ին Լիմուզին մարզից մի կալվածատեր որսի ժամանակ անտառում հանդիպում է մի չար ոգու, որը գեղեցկուհու կերպարանք էր առել: Նա չի կարողացել դիմադրել գայթակղությանը, բայց գործած մեղքից հետո նրա մարմնին դժոխային տենդն է պատել, որը նրան երեք օր հետո սպանել է:

Գուլարը նույնպես իր հետաքրքրաշարժ գրքում սուկուբների ու ինկուբների հետ կապված բազում պատմություններ է ներկայացրել: Ահա դրանցից մեկը: 1602-ին մի ֆրանսիացի ազնվական ճանապարհով գնալիս է լինում, երբ հանկարծ նրա դեմ է դուրս գալիս մի գեղեցիկ երիտասարդ աղջիկ և ողբաձայն օգնություն է խնդրում: Նրա վրա հարձակվելիս են եղել ավազակները, սպանել են իր ուղեկիցներին, իսկ ինքը հազիվ է փրկվել: Ազնվազարմ ասպետը նրան իր ձիուն է նստեցնում ու մերձակա բնակավայր է հասցնում, նրա հետ տեղավորվում է հյուրանոցում ու առաջարկում է սնվել: Բայց աղջիկը, որը դեռ իր գլխին եկածից ուշքի չէր եկել, ո'չ ուտել է ցանկացել, ո'չ խմել, ու դրա հետ մեկտեղ չի ցանկացել մեկ քայլ անգամ հեռանալ իր փրկչից: Այնպես որ ասպետը ստիպված է եղել գիշերը նրա հետ նույն սենյակում անցկացնել: Նա կարգադրել է երկու մահճակալ դնել, ու ինքը պառկել է դրանցից մեկի վրա: Բայց նրա քունը չի տարել ու անզգուշորեն նայել է իր ուղեկցուհուն այն ժամանակ, երբ նա սկսել է հանվել: Առավոտյան, երբ ասպետն արթնացել է, նրա ուղեկցորդուհին անհետացած է եղել: Ասպետը մինչև կեսօր սպասել է նրան, հետո մեկնել է: Բայց հազիվ է քաղաքից դուրս եկել, երբ նրա վրա է հարձակվել մի զինված հեծյալ: Երբ նրանք մոտեցել են իրար ու պատրաստվել կռվի, ազնվականը հանկարծ նկատել է, որ իր հակառակորդն այն նույն աղջիկն է ու հասկացել է, որ դա հենց սատանան է, որ կա: Սարսափահար ասպետն սկսել է բարձրաձայն աղոթել, և սատանան, ինչ խոսք, անէացել է: Բայց խեղճ մեղսական ասպետի վերջը վատ է եղել: Նա շտապ տուն է վերադարձել, խոստովանել է իր մեղքը, բայց դա էլ չի փրկել, որովհետև նրան հալումաշ անող այնպիսի տկարություն է համակել, որ նա շուտով մահացել է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5382 | 0 | 0
Facebook