Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հերոս սրբերը հելլենական պաշտամունքներում (նախորդի շարունակությունը)

21:20, ուրբաթ, 27 հուլիսի, 2018 թ.
Հերոս սրբերը հելլենական պաշտամունքներում (նախորդի շարունակությունը)

Նախորդ հոդվածում հիշատակվածս հերոսի` Օրեստեսի աճյունի տեղափոխումն այլ վայր եզակի երևույթ չի եղել: Հին հույները բավականին հաճախ են վերաթաղել իրենց այս կամ այն հերոսի ոսկորները: Այդ տեղափոխության վերաբերյալ մի առասպել է հորինվել, որպեսզի պատճառաբանվի, թե ինչու է այլ վայրի հերոսի աճյունը մեկ այլ վայրում թաղվել:

Ըստ հունական դիցաբանության` ծովը նետված Մելիկարտեսին ափ է հանում դելֆինը. Սիզիփոսը նրա դին գտնում է, թաղում ու նրա հիշատակն հավերժացնելու համար Օլիմպիական խաղեր է սահմանում: Օրփեոսին սպանում են թրակիացի կանայք, ու նա թաղվում է Օլիմպոսում կամ Թրակիայում: Բայց նրա գլուխն ու քնարը ընկնում են գետը, որն էլ դրանք ծով է քշում: Ծովը դրանք հասցնում է Լեսբոս կղզի, որտեղ Օրփեոսի գլուխը հողին է հանձնվում, իսկ քնարը դրվում է Ապոլոնի տաճարում:

Պատշաճ հարգանք է մատուցվել նաև հայրենիքին առանձնահատուկ ծառայություններ մատուցած հերոսներին: Այսպես, դեռ մ.թ.ա 5-րդ դարում սահմանվել է Թերմոպիլյան կիրճում պարսիկների դեմ կռված և հերոսաբար զոհված 300 սպարտացիների, Սալամինի ճակատամարտում հաղթած հերոսների պաշտամունք: Սալամինում զոհվածների հիշատակին Կորնթոս կղզում խորհրդանշական գերեզման է կառուցվել: Հերոսների նման են մեծարվել Աթենքի բռնակալ Հիպարքոսին սպանած Հարմոդիոսն ու Արիստոգիտոնեսը:

Պահպանվել է նաև վրիժառու նախնիների հիշատակը: Այս առումով հատկանշական է Կլեոմեդեսի սրբացման մասին առասպելը:

Ըստ ավանդապատման` նա 486 թվականին տեղի ունեցած 71-րդ օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցումներում անզգուշաբար սպանում է իր հակառակորդին ու այդ պատճառով զրկվում է դափնեպսակից: Հուսահատված Կլեոմեդեսը տապալում է դպրոցի տանիքը պահող սյուները և, սովորողների սպանության համար վրեժխնդրությունից խուսափելու նպատակով, թաքնվում է տաճարում գտնվող մի արկղում: Նրան որոնողները որքան էլ ջանում են, չեն կարողանում բացել արկղը: Նրանք, ի վերջո, որոշում են արկղը կոտրել, բայց երբ կոտրում են, պարզվում է, որ արկղը դատարկ է: Դիմում են Դելփյան պատգամախոսին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ է տեղի ունեցել Կլեոմեդեսի հետ: Պատգամախոսը ասում է.

«Դա վերջին հերոսն է ՝ Կլեոմեդեսը.

Նրան զոհեր մատուցեք,

Որովհետև նա արդեն մահկանացու չէ»:

Մահացած հերոսների գործառույթները բազմազան են եղել. կյանքի բոլոր առիթներով (վիշտ, կարիք, դժբախտություն) դիմել են հերոսներին, և նա օգնության է շտապել: Մարաթոնյան ճակատամարտում, ըստ Պլուտարքոսի, բոլորը տեսել են բարբարոսների դեմ կռվող Թեսևսին, որը, ամբողջովին սպառազինված, մարտի էր առաջնորդում հույների զորքին: Սալամինի ճակատամարտից առաջ հույներն աղոթել են աստվածներին և օգնության են կանչել տեղական հերոսներին՝ Այաքսին ու Տելեմոնեսին, դիմել են նաև Էգինայում թաղված առասպելական Էակոս թագավորի օգնությանը և դրա համար հատուկ նավ են ուղարկել Էգինա կղզի:

Պլատեայի ճակատամարտից (մ.թ.ա. 479 թ.) առաջ պատգամախոսը պահանջում է զոհեր մատուցել պլատեական հերոս նախնիներին: Պատմագիր Դեոդորոս Սիցիլիացին հաղորդում է, թե կրետացիները առանձնահատուկ հարգանք էին տածում Իդոմենեոսի և Մենեոսի հիշատակի հանդեպ ու նրանց օգնությանն են դիմում: Լոկրիանցիները մարտի ժամանակ իրենց զորաշարքում հատուկ տեղ են թողել Էանտիոսի համար: Չնայած այս հերոսի գործունեությունը սահմանափակվել է նրա կեցավայրի շրջանակներում, բայց և այնպես նա կարող էր հայտնվել այնտեղ, որտեղ նրա ներկայությունն անհրաժեշտ էր:

Բայց միշտ չէ, որ պետք է հերոսին արթնացնել, հաճախ բավական է նրա ընդամենը մի որևէ մասունքը: Գորգոնայի մազերը, Օրեստեսի ոսկորը, Իլիոնայի ծածկոցը, Պրիամոսի գավազանը լիովին փոխարինել են նրանց և անվտանգության երաշխավոր են ծառայել այն քաղաքի համար, որտեղ գտնվել է այդ մասունքը:

Բայց մահացած հերոսներն իրենց քաղաքին, ցեղին ու իրենց առանձին երկրպագուներին օգնելու համար գործի են դրել ոչ միայն սեփական, այլև աստվածների ուժը, որոնց առջև նրանք հանդես են եկել որպես միջնորդներ:

«Օ՜ երանելի, - ասում է բանաստեղծ Պինդարոսը, - դու կարող ես համոզել Հերային, որ նա մարդկանց ուժ պարգևի»: Այս կամ այն աստծուն նվիրված տոնակատարությունից առաջ զոհաբերություն է մատուցվել նաև տվյալ աստծու հետ առնչություն ունեցած հերոսին. ակնհայտ է, որ օգտակար է համարվել արժանանալ հերոսի բարեհաճությանը, որպեսզի նա հավանություն տա աստծուն հասցեագրված աղոթքին: Երբ անսովոր երաշտը պատուհասում է Հունաստանին, Էգինայի իշխանությունները որոշում են զոհ մատուցել Էակոսին՝ Զևսի՝ մահկանացու կնոջից ծնված որդուն: Էակոսը միջնորդում է հորը, և հայրը դադարեցնում է երաշտը: Այսպիսով, բարձրագույն աստվածներին մարդկանց համար միջնորդելը բնորոշ է եղել ոչ միայն քրիստոնեությանը:

Երկրորդ դարի գրող Ապուլեոսը հստակ ձևակերպել է կիսաստվածների մասին գաղափարը. «Նրանց միջոցով մեր ցանկություններն ու վաստակը հայտնի են դառնում աստվածներին…նրանք աստվածներին են փոխանցում մարդկանց աղոթքները, իսկ մարդկանց՝ աստվածների ողորմածությունը. նրանք միջնորդում են մարդկանց համար»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5756 | 0 | 0
Facebook