Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մանրամասներ՝ Գյուլիստանում մելիք դարձած Բեգլարյանների մասին, կամ առ այն, որ Բեգլարյանների նախամայրը թուրք է եղել

17:10, կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Մանրամասներ՝ Գյուլիստանում մելիք դարձած Բեգլարյանների մասին, կամ առ այն, որ Բեգլարյանների նախամայրը թուրք է եղել

Սրանց նախահայրը՝ «կարա յուզբաշին» (սև հարյուրապետ) Գյուլիստան է եկել, ըստ տոհմային ավանդապատման, Շաքիի Նիժ գյուղից: Նրա անունը Աբով է եղել, ու հայերը նրան Սև Աբով են անվանել: 17-րդ դարի սկզբներին սա, հետը տանելով իրեն հպատակ յոթ ընտանիք, բնակություն է հաստատում Գյուլիստան գավառում, Թարթառ գետի ձախ ափին, Թալիշ (Թբլեցիք) գյուղի մոտ: Սրանք սկզբում իրենց գլուխը պահել են գլխավորապես որսորդությամբ: Մի կերպ գոյությունը քարշ տվող Սև Աբովի բախտը մի օր բերում է, և նրա անունը հանկարծակի հռչակվում է:

Երբ մի ավազակախումբ նրա գրաստները քշում տանում է, Սև Աբովը մի խումբ երիտասարդների հետ հասնում է ավազակախմբին, խլում է գրաստները և ձերբակալում է բոլոր ավազակներին:

Այդ նույն ժամանակ Բարդայի թուրք խանն ավազակախումբը ոչնչացնելու համար փոքրիկ զորախումբ է ուղարկած լինում, որովհետև դրանք շատ վնաս էին պատճառել ամբողջ գավառին: : Երբ խանի մարդիկ տեսնում են, որ «սև հարյուրապետ» -ն արդեն կալանավորել է ավազակներին, ուրախանում են, որ առանց ճիգի ցանկալի արդյունքի են հասել ու բոլոր կալանավորվածներին տանում են խանի մոտ, բայց չեն հայտնում, որ Սև Աբովն է եղել նրանց բռնողը: Խանը կարծում է, թե հենց իր մարդիկ են ավազակներին բռնել ու հրամայում է նրանց պարգևատրել, իսկ ավազակներին՝ գլխատել: Այդ ժամանակ ավազակապետը խանին ասում է.

«Պատժիր մեզ՝ ինչպես կկամենաս, որովհետև մենք քո երկրում ավերակություն սփռեցինք, բայց մի՛ անպատվիր մեզ՝ այդ ողորմելիներին չկատարած քաջության համար վարձատրելով՝ իբրև թե դրանք են եղել մեզ հաղթողները»:

Երբ խանն իմանում է, թե ովքեր են եղել ավազակներին հաղթողները, իր մոտ է կանչում Սև Աբովին ու նրան, ի նշան երախտագիտության ու կատարածի գնահատանքի, նվիրում է Թալիշ գյուղը: Սկսած այդ ժամանակից Թալիշը դառնում է Սև Աբովի մշտական բնակավայրը:

Բայց պետք է ասել, որ Գյուլիստանում կազմավորված հայ մելիքության իսկական հիմնադիրը Սև Աբովի որդին է՝ մելիք Բեգլարը: Սա մեկ այլ հարյուրապետից (Աբրահամ յուզբաշուց) խլելով մի շարք գյուղեր, ընդարձակում է իր կալվածքները: Հափշտակիչ, կողոպտիչ հակումներով հատկապես աչքի է ընկնում նրա որդին՝ Կաղ Աբովը: Սա մի անգամ տեսնելով Գանձակի խանի գեղանի աղջկան՝ Ղամար Սուլթանին, որն աղախինների ուղեկցությամբ գնում էր իր հոր հովիվների մոտ, առևանգում է նրան, տանում է վանք, մկրտել է տալիս ու հետն ամուսնանում է: Խանը, բնականաբար, չէր կարող ներել այս արարքը, ու պատերազմ է սկսվում մելիքի ու Գանձակի խանի միջև: Քանի որ բախումների մեծ մասում հաղթում է կաղ մելիքը, ի վերջը խանը հաշտվում է իր փեսայի հետ: Ավելին, քանի որ Ղամար Սուլթանից բացի ուրիշ ժառանգ չուներ, իր բոլոր կալվածքներն ու գույքը կտակում է նրան: Բայց երբ մահանում է մելիք Աբովը, Ղամար Սուլթանը զրկվում է հոր կտակած ժառանգությունից: Գեղանի թրքուհին կաղ մելիքից մի արու զավակ էր ծնել, որին Հովսեփ անունն էին տվել: Մինչև նրա չափահասության հասնելը՝ մելիքությունը սկսում է կառավարել Աբովի եղբայր Թամրազը: Այս դաժան ու անգութ մարդը, մտադրվելով ընդմիշտ տիրանալ մելիքությանը, բնակություն է հաստատում Հավիկա վանքի մոտ գտնվող պալատում, Հովսեփին ու նրա մորը՝ Ղամար Սուլթանին, կալանավորի նման պահում է Գլուլիստանի բերդում:

Ըստ ժողովրդական պատումի՝ այդ ժամանակներում եղբոր որդուց իշխանությունը խլած Թամրազի մոտ իջևանում է մի պարսիկ հարկահան: Թամրազը ժողովում է պարսից արքունիքին տրվելիք հարկը, հանձնում է հարկահանին՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ չի կարող իր եղբայր Աբովից որդուն մնացած՝ շահին արժանի թանկագին հրացանն էլ հանձնել: Հարկահանը կանչում է Հովսեփին և խնդրում է ցույց տալ հրացանը: Երբ Հովսեփը կատարում է խնդրանքը, պարսիկը խլում է հրացանը՝ հայտարարելով, թե այդպիսի թանկագին իրը կարող է պահվել միայն շահի գանձարանում: Պատանին տխուր վերադառնում է մոր մոտ ու պատմում է տեղի ունեցածը: Ղամար Սուլթանը սաստիկ հանդիմանում է որդուն. «Քաջ հոր անարժան զավակ, - ասում է նա, - լավ կլիներ որ քո դիակն ինձ մոտ բերեին ու ասեին, թե դու քո հոր հիշատակը պահելու համար կռվում զոհվեցիր»: Պատանին ազդվել էր մոր խոսքերից. մայրը նրան փող է տալիս զենք գնելու համար: Փողն այնքան է լինում, որ նա կարողանում է զինել նաև մի խումբ երիտասարդների ու նրանց հետ հսկել այն ճանապարհը, որով պետք է անցներ պարսիկ հարկահավաքը: Թարթառ գետի ձորում Հովսեփը հարձակվում է հարկահանի վրա, խլում է հայրական հրացանն ու այն ամեն հարստությունը, որ տարվում էր Պարսկաստան: Այնուհետև նա իր ձեռքն է առնում իշխանությունը, դաշինք է կնքում հարևան Ջրաբերդի մելիքի հետ, հարձակվում է հորեղբոր վրա, հաղթում է նրա զորքին, իսկ գերված հորեղբորը կախում է մի չինարի ծառից: Հետագայում այդ չինարուն «ղանլու չինար» («արյունոտ չինար») անունն է տրվում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
13268 | 0 | 0
Facebook