Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նախաբանը` Մարիա Լազարևայի

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
15:08, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Նախաբանը` Մարիա Լազարևայի

Հազար ու մի գիշեր…


    

Փոքրուց ամրապնդված մի կարծրատիպ կա, թե հեքիաթը մանկական գրական ժանր է և ստեղծված է բացառապես երեխաների համար: Սակայն հողն այդ կարծիքի ոտքերի տակ սկսում է երերալ, երբ ուշադիր ընթերցում ես այդ հեքիաթները և նրանց խորքում նկատում չափազանց «մեծական» ենթատեքստ, թեմաներ, որոնք վերաբերում են հասուն, կյանք տեսած ու ճանաչած մարդկանց, տաբու համարվող թեմաների, վաղուց մոռացված ժողովրդական այնպիսի հավատալիքների ու ծեսերի, որոնց ուսումնասիրության համար հենց այդ նույն հեքիաթն արդեն իսկ հարուստ ազգագրական նյութ կարող է լինել: Այստեղ հեքիաթը դառնում է չափահաս և ստիպում իրեն վերաբերվել ավելի լուրջ:

Այդպիսի հեքիաթների մի շարան գիտենք բոլորս. Հազար ու միգիշերները

Անունն ասում ես ու պատկերացնում մետաքսե փափուկ ու գույնզգույն բարձերի մեջ ընկողմանած, երկա՜ր-երկար, հազար ու մի ուլունք ունեցող թզբեհը համրող արևելյան մի արքա ու մի գեղեցկուհի կին, որն ամեն գիշեր հեքիաթ է պատմում իր ամուսնուն և հեքիաթն ընդհատում ճիշտ այնպիսի մի տեղում, որ հետաքրքրությունից եռ եկող ամուսինը խախտի իր խոստումը և մի օր էլ հետաձգի նրան սպանելու մտադրությունը` հուսալով, որ վաղը իր գեղեցկուհի կինն այդ նույն տեղից պիտի շարունակի կիսատ թողած հեքիաթը…

Ութ հաստափոր հատորներից բաղկացած այս ժողովածուն, որն ունի հնդկական, իրանական և արաբական ու տարբեր ժամանակային շերտեր, իսկ լայն ընթերցողին հայտնի է իբրև արաբական հեքիաթների ժողովածու, ցավոք, հայերեն դեռ ամբողջովին թարգմանված չէ, թեև շատ հեքիաթներ դեռ հին ժամանակներից պատմվել են հայոց աշխարհում (Խորհրդային Հայաստանում լույս է տեսել ռուսերենից թարգմանված մի բավական ստվար ժողովածու, Սփյուռքում` ֆրանսերենից):

Սակայն այդ բացը կարծես հիմա վերացվում է: Մենք բախտավորություն ունեցանք հանդիպելու մի մարդու, որն իր ուսերին է առել գրական այդ արժեքավոր հուշարձանը արաբերենից հայերեն թարգմանելու անգնահատելի գործը:

Սիրիայում ծնված ու մեծացած և այժմ Հայաստանում ապրող դիվանագետ Սարգիս Զաքարյանը ասում է, որ երբ ձեռքն առավ ժողովածուի արաբերեն բնագիրը, երազանքի պես մի գաղափար ծնվեց. անպայման մայրենի լեզվով ունենալ այս գիրքը:

Մարդու կյանքում ճգնաժամային շրջաններ են լինում, երբ պետք է որևէ գաղափար, որին կարողանաս կառչել: Եվ այդ գաղափարը սկսվեցիրագործվել 1999 թվականից և ընթանում է ցայսօր` ճիշտ է` ընդհատումներով, սակայն նպատակաուղղված:

Սարգիս Զաքարյանի թարգմանությամբ արդեն պատրաստ են առաջին չորս հատորները, և դեպի ամփոփում են ընթանում հինգերորդ ուվեցերորդ հատորների աշխատանքները:

Հայերենով անթարգմանելի ոչինչ չկա: Եվ հայերենն իր ճկունությամբ, բարբառային բազմազանությամբ, պատմողական հարուստ ձևերովհնարավորություն է տալիս հեքիաթների բնագրային ոճը պահպանել: Ես հնարավորինս փորձում եմ հարազատ մնալ սկզբնաղբյուրին` հարկեղած դեպքում դիմել մեր լեզվում եղած դարձվածքներին, ոճավորումներին: Հեքիաթների մեծ մասը կրում են իսլամական մշակույթի դրոշմը, ևշատ լեզուների թարգմանություններում ալլահ արաբերեն բառը թարգմանված է հենց որպես ալլահ` այդ կերպ շեշտադրելով հեքիաթասացիկրոնական պատկանելությունը: Սակայն ես այն թարգմանում եմ աստված` ընդգծելու համար հեքիաթի համամարդկային բնույթը:

Սյուժեները տարբեր են և պահանջում են համապատասխան լեզվական ճկունություն` պայմանավորված հեքիաթների բնույթով` ռամկական, թագավորական, կրոնական: Կան նաև շատ հատվածներ, որոնց ընկալման հարցում ծանոթագրությունների եմ դիմել, որպեսզի ընթերցողնառավել դյուրին հասկանա: Փոքրինչ քմահաճ են հատկապես բանաստեղծական տողերը, որոնց թիվը հասնում է շուրջ հազարի: Դրանքկշռույթն ըմբռնելու և ռիթմը պահպանելու ավելի մեծ տրամադրվածություն են պահանջում:

Հազար ու մի գիշերի ամենահին ձեռագիրը թվագրվում է 14-րդ դարով և պահվում է Ֆրանսիայի ազգային գրադարանում: ժողովածուն, որն այժմ հայերեն է թարգմանում Սարգիս Զաքարյանը, 1960 թ. հրատարակություն է և տպագրվել է Եգիպտոսում:


    

Նախաբանը` Մարիա Լազարևայի


    
    
    

Հատվածներ


    

Մեծատունի կնոջ և թմրամոլ շրջմոլիկի պատմությունը


    

«Պատմում են, որ հաջի ուխտագնացության օրերին, երբ խուռներամ մարդիկ քարի [1] շուրջն էին պտտվում, մի մարդ, քարի վարագույրի փեշերից կառչած, ամբողջ սրտով կանչում էր Աստծուն ու ասում. «Տեր Աստված, զայրացրու նրան իր ամուսնու դեմ, որպեսզի կենակցեմ նրա հետ»: Մի խումբ ուխտավորներ, լսելով այս խոսքերը, ձերբակալեցին նրան, մի լավ ծեծեցին ու տարան հաջի էմիրի մոտ ու ասացին. «Ով էմիր, մեզ պատահեց այս մարդը, որ կանգնած սուրբ վայրերի մոտ այսպես ու այսպես բաներ էր ասում», ու հաջի էմիրը հրամայեց կախել նրան: Բայց նա դիմեց էմիրին ու ասաց. «Ողորմած էմիր, Ալլահի մարգարեի սիրուն, թող Տիրոջ օրհնանքն ու աղոթքը լինեն նրա վրա, լսիր ինձ հետ պատահած պատմությունը ու դրանից հետո միայն արա` ինչ ուզում ես»: Էմիրն ասաց` «Պատմի՛ր», և մարդն ասաց.

«Թող հայտնի լինի քեզ, ով Էմիր, որ ես շրջմոլիկ թմրամոլ մարդ եմ, աշխատում եմ ոչխարների սպանդանոցում և այնտեղի արյունն ու աղբը փոխադրում աղբանոց: Մի անգամ, երբ էշս բեռնավորած գնում էի, իմ դեմ դուրս եկան աջ ու ձախ վազող մարդիկ, որոնցից մեկը գոչեց. «Մտի՛ր այս նրբանցքը, որպեսզի չկոտորվես»: Ես հարցրեցի. «Իսկ ինչի՞ց են մարդիկ փախչում», նա ասաց. «Մեծատուններից մեկի հարեմը գալիս է ճանապարհով, ու նրա ծառաները, անխղճորեն խփելով աջ ու ձախ, ճամփա են բացում նրա առաջ»:

Ես ավանակս թեքեցի անկյունը ու սպասեցի ամբոխի ցրվելուն: Այդ պահին տեսա ձեռքերին գավազաններ բռնած ծառաներ, որոնք շրջապատել էին մոտ երեսուն կանանց, որոնց մեջ կար մեկը` չինարի հասակով, կատարյալ գեղեցկությամբ ու նրբա-գեղ շարժուձևով, որին ծառայում էին բոլորը: Հասնելով այն նրբանցքին, որտեղ ես էի կանգնել, նա նայեց աջ ու ձախ, կանչեց ներքինուն ու մի բան շշնջաց ականջին: Ներքինին վրա հասավ, բռնեց ինձ, իսկ մյուս մարդիկ փախան: Մի ուրիշն էլ, էշս առնելով, հեռացավ: Բռնողը կապկպեց ինձ ու քարշ տվեց իր հետևից, ու ես չէի հասկանում` ինչ է կատարվում ինձ հետ, իսկ մարդիկ մեր հետևից կանչում էին ու ասում. «Աստծո կամքով այս մարդը աղքատ մի թափառաշրջիկ է, ինչո՞ւ եք նրան պարանով կապկպել», և ներքինիներին ասում էին. «Խղճացեք, բաց թողեք նրան, և Աստված կողորմի ձեզ», իսկ ես ինքս իմ մեջ մտածում էի, որ ներքինիները երևի ինձ բռնեցին այն պատճառով, որ իրենց տիրուհին, առնելով կեղտի հոտը, զզվեց ու հղի լինելու պատճառով վնասեց ինքն իրեն, զի չկա ուժ ու կարողություն առանց ամենազոր ու բարձրյալն Աստծո, և շարունակեցի քայլել նրանց հետևից, մինչև հասան մի մեծ դռան ու մտան ներս, ես էլ` նրանց հետևից: Այդպես շարունակեցինք առաջանալ, մինչև հասանք մի մեծ դահլիճ, որի շքեղությունը, սքանչելի հանդերձավորումը չգիտեմ ոնց նկարագրեմ: Կանայք մտան դահլիճ, ու ես մնացի ներքինիների մոտ կապված ու ինքս իմ մեջ սկսեցի մտածել, թե հաստատ այս տան մեջ ինձ այնքան կպատժեն, մինչև մահանամ, ու ոչ ոք չի լսի իմ մասին:

Այնուհետև նրանք դահլիճի միջից ինձ տարան դուրեկան մի բաղնիք: Մի քիչ այնտեղ նստելուց հետո հայտնվեցին երեք հարճեր, նստեցին շուրջբոլորս ու ասացին. «Հանի՛ր այս քրջերդ»: Ես ցնցոտիներս հանեցի, ու նրանցից մեկն սկսեց ոտս տրորել, մյուսը` գլուխս լվանալ, ու երրորդը` մերսել: Իրենց գործն ավարտելով` առաջս դրեցին շորերի մի կապոց ու ասացին. «Հագի՛ր սրանք», ես ասացի. «Ով Աստված, ես չգիտեմ սրանք ոնց հագնել», ու նրանք մոտիկ գալով ծիծաղեցին վրաս ու սկսեցին հագցնել ինձ: Ապա բերեցին վարդաջրով լցված սրվակներ, շաղ տվին վրաս, ու մենք միասին մտանք մի ուրիշ դահլիճ, որի գեղեցկությունը չգիտեմ ոնց նկարագրեմ նրանում եղած նախշերի ու կահավորանքի պատճառով: Դահլիճում տեսա մի կին, որ նստել էր ճկափայտից սարքած փղոսկրյա ոտքերով թախտին, ու նրա առաջ` մի խումբ հարճեր: Ինձ տեսնելով` նա վեր կացավ տեղից ու կանչեց մոտը: Ես մոտեցա, ու նա հրամայեց նստել, և ես նստեցի նրա կողքին: Նա հարճերին հրամայեց ուտելիք մատուցել, և հարճերը բերեցին տարբեր տեսակի ընտիր ուտելիքներ, որոնց ոչ անունն էի լսել, ոչ էլ համը ճաշակել: Այդ ամենից բավարար չափով ուտելուց, ափսեները հավաքելուց ու ձեռքերս լվանալուց հետո նա հրամայեց աղանդեր մատուցել: Երբ աղանդերը անմիջապես հրամցվեց, նա հրամայեց ինձ ճաշակել, ու ես կերա: Վերջացնելուց հետո նա հրամայեց հարճերին խմիչք մատուցել, ու նրանք բերեցին ամենատարբեր տեսակի խմիչքներ ու սկսեցին ծխեցնել տարբեր տեսակի անուշաբույր խունկեր: Երբ հարճերից մեկը, որ նման էր աննման լուսնի, սկսեց խմիչք մատուցել մեզ երաժշտության հնչյունների տակ, ես ու իմ կողքին նստած տիկինը ըմպեցինք, մինչև հարբեցինք: Այս ամենը կատարվելիս ինձ թվում էր, որ ես երազում եմ:

Այնուհետև նա հարճերից մեկին նշան արեց, որ մեզ համար անկողին բաց անի իր նշած տեղում, ու հարճն այդպես էլ արեց, և նա, վեր կենալով, ձեռքս բռնած տարավ ինձ այդտեղ, ու մենք միասին պառկեցինք մինչև առավոտ: Գիշերը ամեն անգամ գրկելով նրան ու սեղմելով կրծքիս` ես վայելում էի մուշկի ու այլ անուշահոտ բուրմունքների հաճույքը ու կարծում, որ գտնվում եմ դրախտում և թաղվել եմ երազների մեջ:

Լուսաբացին նա հարցրեց` որտեղ եմ մնում. ես ասացի` այսինչ տեղը, և նա, տալով ինձ ոսկյա ու արծաթյա բանվածքով մի թաշկինակ, որի մեջ ինչ-որ բան կար փաթաթված, հրամայեց. «Սրանով էլ գնա բաղնիք»: Ես ուրախացած ինքս ինձ ասացի. «Եթե սրանում հինգ ֆիլս [2] լինի, այսօր իմ ճաշը վաստակած կլինեմ», ու դուրս եկա նրա մոտից այնպես, կարծես դրախտից էի դուրս գալիս: Այդտեղից ես գնացի իմ որջը ու բացելով թաշկինակը` նրանում գտա հիսուն քաշ ոսկի, որը թաղեցի հողում: Ապա երկու ֆիլսով գնեցի հաց ու պանիր և նստելով դռանս առաջ` կերա ու մտածեցի իմ վիճակի մասին:

Այդպես ես մնացի նստած մինչև կեսօրն անցավ, երբ հանկարծ երևաց մի հարճ ու մոտենալով` ինձ ասաց. «Տիրուհիս ուզում է քեզ»: Ես վեր կացա ու գնացի նրա հետ մինչև տան դուռը և կնոջից թույլտվություն վերցնելով մտա ներս ու մինչև գետին խոնարհվեցի նրա առաջ: Նա հրամայեց ինձ նստել և սովորության համաձայն ուտելիք ու խմելիք պատվիրեց: Այնուհետև նախորդ գիշերվա նման ես պառկեցի նրա հետ: Առավոտյան նա մի երկրորդ թաշկինակ տվեց ինձ, որի մեջ կար հիսուն քաշ ոսկի, որը առնելով դուրս եկա մոտից ու վերադառնալով իմ որջը` թաղեցի հողում:

Այդ կերպ ես շարունակեցի ութ օր անընդմեջ գնալ նրա մոտ կեսօրից հետո ու դուրս գալ նրա մոտից հաջորդ առավոտյան: Ութերորդ օրը, երբ գիշերը քնել էի նրա մոտ, հանկարծ մի հարճ վազելով մտավ ներս ու ասաց. «Վեր կաց ու թաքնվիր այդ պահարանում[3]» . ուստի ես բարձրացա ու պահվեցի: Պարզվեց, որ այդ պահարանը նայում էր հենց ճանապարհի վրա: Մինչ ես նստել էի այնտեղ, հանկարծ նրբանցքում մեծ աղմուկ բարձրացավ, ու լսվեց ձիու սմբակ դոփյուններ: Այդ թաքստոցում կար մի պատուհան, որը նայում էր հենց տան դռան վրա: Նայելով պատուհանից` տեսա նորածագ լիալուսնի գեղեցկությամբ մի երիտասարդի, որ նստել էր ձիու վրա ու շրջապատված էր հետիոտն զինվորներով ու մամլուքներով, որոնք սպասարկում էին նրան: Նա մոտեցավ տան դռանը, իջավ ձիուց ու ներս մտավ: Դահլիճում նա, տեսնելով թախտին մեկնված կնոջը, մինչև գետին խոնարհվեց նրա առաջ ու մոտենալով` համբուրեց ձեռքերը, բայց կինը լուռ մնաց: Երիտասարդը շարունակեց հաճոյանալ նրան, մինչև որ հաշտվեցին, ու նա գիշերը մնաց կնոջ մոտ և առավոտյան, երբ զինվորները եկան, նստեց ձին ու դուրս եկավ տնից: Նրա գնալուց հետո կինը բարձրացավ ինձ մոտ ու հարցրեց. «Տեսա՞ր նրան», ես ասացի. «Այո», ու նա ասաց. «Նա իմ ամուսինն է: Պատմեմ, թե ինչ է տեղի ունեցել մեր միջև:

«Այնպես պատահեց, որ մի օր, երբ մենք նստած էինք մեր տան ներսի պարտեզում, նա վեր կացավ ու երկար ժամանակ բացակայեց: Սպասելուց հոգնած` ես ինձ ասացի. «Երևի նա զուգարանում է», ու վեր կենալով գնացի զուգարան, բայց նա այնտեղ չէր, ուստի մտա խոհանոց ու հարճերից մեկին հարցրեցի նրա մասին: Նա ինձ տարավ և ցույց տվեց նրան` խոհանոցում աշխատող կանանցից մեկի հետ պառկած: Այդ պահից ես կտրուկ երդվեցի շնանալ ամենակեղտոտ ու հետին տղամարդու հետ: Այն օրը, երբ ներքինիները բռնեցին քեզ, արդեն չորս օր էր, որ ես ման էի գալիս նման մեկին, ու չգտնելով քեզնից ավելի կեղտոտ ու փնթի տղամարդ` քեզ բերեցի ինձ մոտ: Հիմա, որ Ալլահի տնօրինությամբ եղածը եղած է, ես ազատ եմ արդեն իմ տված երդումից», այնուհետև ավելացրեց. «Իսկ եթե ամուսինս կրկին անգամ քնի այդ կնոջ հետ, ես խոսք եմ տալիս նույնը անել քեզ հետ»:

Լսելով նրա այս խոսքերը ու սրտումս զգալով նրա հայացքի հուրը` այնքան լաց եղա, որ ակնակապիճներս թարախակալեցին, ու արտասանեցի բանաստեղծի հետևյալ խոսքերը.


    

Թույլ տուր համբուրել ձախդ տասն անգամ,

Որ գերադաս է աջիդ համեմատ…

Քանզի հենց ձախդ է հասնում օգնության,

Որ լվացվելիս քաքդ է մաքրում այն… [4]


    

Այնուհետև նա հրամայեց հեռանալ իր մոտից: Այդպիսով ես նրանից ստացա չորս հարյուր քաշ ոսկի ու ծախսելով եկա այստեղ` պաղատելու համար ամենակալ Աստծուն, որ նրա ամուսինը կրկին վերադառնա այն խոհարարուհու մոտ, որպեսզի ես էլ կարողանամ վերադառնալ նրա կնոջ մոտ»:

Հաջի էմիրը, լսելով այդ մարդու պատմությունը, դարձավ ներկաններին ու ասաց. «Աստված ձեզ օգնական. աղոթեք նրա համար, քանզի նա արդարանալի է»:


    
    

Ալեքսանդրիայի վալի Հուսամ Ալ Դինի և զինվորի հեքիաթը


    

Պատմում են, որ Ալեքսանդրիայի ծովածոցում իշխում էր մի վալի Հուսամ Ալ Դին անունով: Մի անգամ գիշերով, երբ նա նստել էր իր դահլիճում, նրան մոտեցավ մի զինվոր ու ասաց. «Թող քեզ հայտնի լինի, ով վալի, որ այս երեկո, ժամանելով ձեր քաղաք, ես տեղավորվեցի այսինչ իջևանատանը: Հազիվ քնել էի գիշերվա երրորդը, երբ զարթնեցի ու տեսա, որ խուրջինս պատռվել ու միջից գողացվել է քսակս, որի մեջ կար հազար դինար»: Նա խոսքը հազիվ ավարտած` վալին կանչել տվեց պահակախմբի մեծավորներին ու հրամայեց իր մոտ բերել այդ իջևանատան բոլոր բնակիչներին ու բանտարկել նրանց մինչև առավոտ:

Առավոտյան նա հրամայեց պատրաստել պատժի գործիքը ու բերել տալով այդ մարդկանց` փողերի տիրոջ` զինվորի ներկայությամբ ուզեց պատժել նրանց: Հանկարծ ամբոխի միջից ճանապարհ բացելով առաջ եկավ մի մարդ ու կանգնեց վալիի ու զինվորի առաջ ու ասաց. «Ով Էմիր, ազատ արձակիր այս մարդկանց, քանի որ նրանք անարդարորեն անիրավված են, ես եմ վերցրել այս զինվորի փողերը: Ահա քսակը, որ ես վերցրեցի խուրջինից», և հանելով գրպանից` տվեց այն վալիին ու զինվորին: Վալին, զինվորին դառնալով, ասաց. «Ստացիր քո փողերը: Հիմա դու այս մարդկանցից պահանջելիք ոչինչ չունես», ու մարդիկ և ներկաները սկսեցին գովաբանել ու օրհնել այդ անծանոթին, ու նա ասաց. «Ով էմիր, վարպետությունն այն չէ, որ ես իմ ոտքով ներկայացա քեզ ու բերեցի քսակը, այլ այն, որ այդ քսակը զինվորից ես երկրորդ անգամ եմ վերցրել», ու վալին հարցրեց. «Իսկ ի՞նչ հնարով կարողացար դա անել», ու մարդն ասաց.

«Ով էմիր: Մինչ ես կանգնած էի սարաֆ‎ների [5] շուկայի իմ կրպակում, տեսա այս զինվորին, որ մանրելով ոսկիները դրեց այս քսակին մեջ, ու ես նրբանցքից նրբանցք հետևեցի նրան, բայց չկարողացա փողերը նրանից կորզել: Այնուհետև նա հասավ այս քաղաք ու իջևանեց այս խանում, ես էլ` նրա կողքին, ու սկսեցի հետևել նրան, մինչև որ քնեց: Լսելով նրա խռմփոցը` կամացուկ մոտեցա նրան, ահա այս դանակով պատռեցի խուրջինը ու վերցրեցի քսակն ահա այսպես», ու նա, ձեռքը երկարելով, քսակը վերցրեց վալիի ու զինվորի ձեռքից և կամացուկ անցավ նրանց թիկունքը: Իսկ մարդիկ, նայելով նրան, կարծում էին, որ նա ցույց է տալիս, թե ինչպես է վերցրել քսակը խուրջինից: Ահա այդ պահին նա վազեց ու իրեն գցեց ջուրը, իսկ վալին ձայն տվեց իր պահակախմբին ու հրամայեց. «Շու՛տ, հասեք նրա հետևից»: Մինչ պահակներն առանց շորերը հանելու իջան աստիճաններով, խորամանկը ճողոպրելով ծլկեց ու փախավ: Ինչքան էլ որ փնտրեցին` անօգուտ, քանի որ Ալեքսանդրիայի նրբանցքները կապված են իրար:

Երբ մարդիկ վերադարձան առանց խորամանկին բռնելու, վալին զինվորին ասաց. «Դու այս մարդկանցից առնելիք չունես, քանի որ դու ճանաչեցիր քո հակառակորդին ու ստացար քո փողերը, բայց չկարողացար պահել»: Այս խոսքերի վրա զինվորը վեր կացավ ու գնաց, իսկ մարդիկ ազատվեցին նրա ու վալիի ձեռքից, և այդ ամենը կատարվեց Տիրոջ կամեցողությամբ:


    
    

Պարզամիտն ու աչքաբացը


    

Պատմում են նաև, որ պարզամիտ մի մարդ յուլարը ձեռքին բռնած քայլում էր իր էշի առաջից: Երկու աչքաբաց տղամարդ կողքից նայեցին նրան, և մեկը մյուսին ասաց. «Ես հիմա սրանից կխլեմ իր էշը», հարևանն ասաց. «Այդ ինչպե՞ս», ու առաջինն ասաց. «Հետևիր ինձ ու կտեսնես», և նա հետևեց ընկերոջը: Աչքաբացը հետևից մոտեցավ իշապանին ու արձակելով էշի յուլարը` հանձնեց էշը ընկերոջը, ապա յուլարն անցկացրեց իր վզին ու քայլեց պարզամիտի հետևից, մինչև որ ընկերը էշի հետ հեռացավ, և ինքը կանգ առավ: Պարզամիտը քաշեց յուլարը, բայց նա չշարժվեց, ու երբ շուռ եկավ, տեսավ` յուլարն անցկացված է մի մարդու վզին, ու ասաց. «Դու ո՞վ ես», աչքաբացն ասաց. «Ես քո ավանակն եմ: Այնքան զարմանալի է իմ պատմությունը: Ես մի ծեր բարեպաշտ մայր ունեի: Մի անգամ ես տուն եկա հարբած, ու նա ինձ ասաց. «Որդիս, դարձի եկ առ Աստված նման ամբարիշտ արարքներից», իսկ ես, գավազանը ձեռքս առնելով, խփեցի նրան: Մայրս անիծեց ինձ, և Աստված կերպարանափոխեց ինձ էշի ու հանձնեց քեզ: Ես այսքան ժամանակ մնացի քեզ մոտ, մինչև այսօր, երբ մայրս հիշեց ինձ, և Աստված փափկացրեց նրա սիրտը իմ հանդեպ, ու նա պաղատեց Աստծուն, որը հետ դարձրեց ինձ իմ մարդկային կերպարանքին, ինչպես որ էի»: Պարզամիտն ասաց. «Ամենազոր Աստված, առանց քեզ չկա ուժ ու կարողություն: Եղբայր իմ, Աստծու սիրուն, ներիր ինձ այն ամենի համար, ինչ արել եմ քեզ հետ, հեծնել և այլն», և բաց թողեց նրան, որ գնա:

Երբ իշատերը վերադարձավ տուն վշտից ու մտահոգությունից շշմած, կինը հարցրեց. «Ի՞նչ է պատահել քեզ: Ո՞ւր է էշը», պարզամիտն ասաց. «Դու չես իմացել էշի մասին: Հիմա կպատմեմ քեզ», ու պատմեց եղելությունը: Կինն ասաց. «Վա՜յ մեզ Աստծո պատժից: Ո՞նց ենք մենք այսքան ժամանակ ադամորդուն օգտագործել», և սկսեց ողորմություն բաժանել ու ապաշխարել:

Դրանից հետո որոշ ժամանակ պարզամիտը մնաց տանն առանց աշխատանքի, ու կինն ասաց. «Մինչև ե՞րբ ես այսպես նստելու տանն առանց աշխատանքի: Գնա շուկա ու մի էշ գնիր մեզ համար, որ աշխատես»: Ուստի նա գնաց շուկա ու տեսավ մի էշ, որը, պարզվեց, իր էշն էր, որ ծախու էր հանված: Երբ պարզամիտը ճանաչեց էշին, մոտեցավ, շուրթերը հպեց նրա ականջին ու ասաց. «Լսիր, այ անբախտ: Երևում է` դու նորից սկսել ես հարբել ու ծեծել մորդ: Ես այլևս երբեք չեմ գնելու քեզ», և շուռ գալով հեռացավ:


    
    

Քիսրա Անուշիրվանն ու գյուղացի աղջիկը


    

Պատմում են նաև, որ արդարամիտ թագավոր Քիսրա Անուշիրվանը [6] մի անգամ, երբ դուրս էր եկել որսի, հեռացավ իրեն ընկերակցող զինվորներից ու ընկավ մի եղնիկի հետևից:

Եղնիկին հետապնդելիս նա անցավ մոտակա գյուղի կողքով, ու քանի որ խիստ ծարավել էր, մտավ գյուղ ու զարկեց իր ճանապարհին հանդիպած առաջին տան դուռը և խմելու ջուր խնդրեց: Դռանը հայտնված աղջիկը նայեց նրան, ապա մտավ տուն, մի շաքարեղեգ քամեց, խառնեց ջրին, լցրեց բաժակն ու վրան ավելացնելով մի պտղունց համեմունք, որ նման էր փոշու, բերեց ու տվեց Անուշիրվանին: Անուշիրվանը, բաժակի մեջ տեսնելով փոշու նստվածքը, խմեց այն կում առ կում մինչև վերջ, ապա աղջկան ասաց. «Աղջիկ ջան, հիանալի ջուր էր ու այնքան քաղցրահամ, եթե միայն չլիներ դրա միջի փոշին, որ պղտորել էր այն», ու աղջիկն ասաց. «Հարգելի հյուր, ես դիտավորյալ եմ այդ պղտորիչ փոշին խառնել ջրին», թագավորն ասաց. «Իսկ ինչո՞ւ», աղջիկն ասաց. «Քանի որ ես տեսա քո խիստ ծարաված լինելն ու վախեցա, որ միանգամից կխմես այն և կվնասվես: Եթե նրա մեջ փոշի չլիներ, դու միանգամից արագ կխմեիր, ու այդպիսով այն կվնասեր քեզ»: Աղջկա խոսքերից ու խելացի մտքից Անուշիրվան արդարամիտ արքան մնաց զարմացած և հասկանալով, որ այդ խոսքերը բխում են խելացի, կշռադատող ու բացառիկ մտքի կարողությունից, հարցրեց. «Քանի՞ շաքարեղեգից էիր քամել այդ ջուրը», աղջիկն ասաց. «Մի հատիկ շաքարեղեգից»: Անուշիրվանը զարմացավ ու մեջտեղ բերելով այդ գյուղից հավաքված հարկերի մատյանը` տեսավ, թե ինչքան քիչ հարկ է հավաքվում այդ գյուղից, ու մտադրվեց պալատ վերադառնալուց հետո ավելացնել այդ գյուղի հարկերն ու ասաց. «Մի գյուղ, որ կարողանում է մի շաքարեղեգից այդքան հյութ քամել, մի՞թե կարող է այսքան քիչ վճարել», ապա հեռացավ գյուղից ու շարունակեց իր որսը:

Օրվա վերջին, վերադարձին թագավորն անցավ նույն գյուղով ու առանձնանալով կանգնեց այդ նույն տան առաջ ու խմելու ջուր խնդրեց: Տան ներսից հայտնվեց այն նույն աղջիկը, ճանաչեց նրան ու մտավ տուն ջուրը բերելու: Բայց այս անգամ աղջիկն ուշացավ, իսկ Անուշիրվանը շտապեցրեց նրան: Երբ աղջիկը վերջապես հայտնվեց, թագավորն ասաց. «Ինչո՞ւ ուշացար», աղջիկն ասաց. «Քանի որ մի շաքարեղեգից չքամվեց այնքան ջուր, ինչքան պետք էր քեզ, ես ստիպված էի քամել երեքը: Չնայած այդպես էլ չստացվեց այնքան, ինչքան ստացվում էր մեկից», ու Անուշիրվան արքան հարցրեց. «Իսկ ինչո՞ւ», աղջիկն ասաց. «Քանի որ փոխվեց սուլթանի մտադրությունը», թագավորն ասաց. «Որտեղի՞ց իմացար այդ մասին», աղջիկն ասաց. «Մենք լսել ենք իմաստուններից, որ երբ փոխվում է սուլթանի մտադրությունը ժողովրդի հանդեպ, քչանում է նրա բարեկեցությունը, ու նվազում են նրա բարիքները»: Աղջկա այս խոսքերից Անուշիրվանը ծիծաղեց, մտքում հրաժարվեց իր մտադրությունից և շտապ ամուսնացավ այդ աղջկա հետ, քանզի հավանել էր նրա սրամտությունը, դատողությունն ու գեղեցիկ խոսքը:


    

Խոսրովն ու ձկնորսը


    

Պատմում են նաև, որ պարսիկ թագավորներից Խոսրովը [7] սիրում էր ձկնեղեն, և մի անգամ, երբ նա իր կնոջ` Շիրինի հետ նստած էր իր պալատի դահլիճում, ներս մտավ մի ձկնորս, ձեռքին` մի մեծ ձուկ, ու դրեց Խոսրովի առաջ: Խոսրովը հավանեց ձուկն ու հրամայեց տալ նրան չորս հազար դիրհամ: Այդժամ Շիրինն ասաց. «Ցավում եմ քո արարքի համար», արքան ասաց. «Ինչո՞ւ», ու կինն ասաց. «Որովհետև եթե սրանից հետո քո մարդկանցից մեկն ու մեկին տաս նույնքան գումար, նա կարհամարհի այն` ասելով, որ ինձ տվեց այնքան, ինչքան ձկնորսին. իսկ եթե տաս դրանից քիչ գումար, կասի, որ արքան արհամարհեց ինձ ու տվեց ավելի քիչ, քան ձկնորսին»: Խոսրովն ասաց. «Ճիշտ ես ասում: Բայց արքային վայել չէ պարգևը հետ վերցնելը: Արդեն ուշ է», բայց Շիրինն ասաց. «Ես մի հնար գիտեմ տվածդ հետ բերելու համար», արքան հարցրեց. «Այդ ո՞նց», կինն ասաց. «Եթե համաձայն ես, ապա հետ կանչիր ձկնորսին ու հարցրու նրան` արո՞ւ է, թե՞ էգ այդ ձուկը: Եթե նա ասի` արու է, ապա կասես, որ մենք էգ ձուկ էինք ուզում, իսկ եթե ասի` էգ է, ապա կասես, որ մենք արու ձուկ էինք ուզում»: Խոսրովը, համաձայնելով, մարդ ուղարկեց ձկնորսի հետևից, որը խելացի էր ու շուտ գլխի ընկնող, և նրան ասաց. «Ասա տեսնեմ, արո՞ւ է, թե՞ էգ այս ձուկը»: Ձկնորսը մինչև գետին խոնարհվեց թագավորի առաջ ու ասաց. «Սա որձևէգ ձուկ է. ոչ արու է և ոչ էլ էգ»: Խոսրովը ծիծաղեց նրա պատասխանը լսելով ու հրամայեց տալ նրան ևս չորս հազար դիրհամ: Այդպիսով ձկնորսը, գանձապահից առնելով ութ հազար դիրհամ փող, դրեց իր տոպրակի մեջ, կախեց վզից և շուռ եկավ, որ հեռանա, երբ մի դիրհամ տոպրակից ընկավ գետին, ու նա տոպրակը վզից հանելով կքեց ու վերցրեց այն, մինչ թագավորն ու Շիրինը նայում էին նրան: Եվ Շիրինն ասաց. «Տեր արքա. տեսա՞ր սրա ժլատությունն ու ստորությունը: Մի դիրհամ ընկավ տոպրակից, ու նա չհոժարեց անգամ այն թողնել գետնին, որպեսզի թագավորի մանկլավիկները վերցնեն»: Այս խոսքերը լսելով` թագավորը արհամարհանք զգաց ձկնորսի հանդեպ ու ասաց. «Իրավացի ես, Շիրին», և հրամայեց հետ բերել ձկնորսին ու ասաց. «Այ դու անարժանապատիվ արարած. դու մա՛րդ չես: Ինչպե՞ս կարողացար այդքան փողը ուսիցդ վար դնել ու կռանալ մի դիրհամի համար` ափսոսալով այն թողնել գետնին»: Ձկնորսը նախ մինչև գետին խոնարհվեց ու ասաց. «Աստված երկար կյանք տա արքային: Ես դիրհամը չվերցրեցի գետնից դրա արժեքի համար, այլ նրա համար, որ դրա մի երեսին դրոշմված է արքայի պատկերը, իսկ մյուս երեսին` նրա անունը: Իմ վախն էր, որ ինչ-որ մեկը անգիտակցաբար ոտքը կդնի դրա վրա, ինչը անարգանք կլինի տեր արքայի անվանն ու պատկերին, և ես մեղադրելի կլինեմ այդ հանցանքի համար»: Թագավորը, զարմացած ձկնորսի պատասխանից, հիացավ նրա ասածով և հրամայեց ևս մի չորս հազար դիրհամ նվիրել նրան ու պատվիրեց, որ մունետիկները կանչեն տերության ողջ տարածքով և ասեն` ոչ ոք չպետք է առաջնորդվի կանանց խորհրդով, քանզի նա, ով կհետևի նրանց խորհրդին, մի դիրհամի փոխարեն կկորցնի երկուսը:


    
    

Ջաþաֆար Ալ Բարմաքին ու ծեր բեդվինը


    

Պատմում են նաև, որ հավատացյալների էմիր Հարուն Ալ Րաշիդը, մի օր դուրս գալով իր բաժակակիցների` Աբու Իսհակի, Ջաþաֆար Ալ Բարմաքիի և Աբու Ալ Նաուուասի հետ ման գալու, շարժվեց անապատով ու հանդիպեց մի ծերունու, որը գնում էր իր ավանակին նստած, և Հարուն Ալ Րաշիդը Ջաþաֆարին ասաց. «Հարցրու այս ծերունուն` որտեղից է գալիս», և Ջաþաֆարը հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս», ծերունին ասաց. «Բասրայից»: Ջաþաֆարն ասաց. «Իսկ ո՞ւր ես գնում», նա ասաց. «Գնում եմ Բաղդադ»: «Ի՞նչ անելու», - հարցրեց Ջաþաֆարը, և նա ասաց. «Ուզում եմ դեղ գտնել աչքերիս համար»: Հարուն Ալ Րաշիդն ասաց. «Ջաþաֆար, մի քիչ կատակիր նրա հետ»: Ջաþաֆարն ասաց. «Եթե կատակեմ, գուցե անցանկալի բաներ լսեմ նրանից», բայց խալիֆան ասաց. «Խնդրանքս է, որ կատակես նրա հետ», և Ջաþաֆարը ծերունուն ասաց. «Եթե մի դեղ ասեմ քեզ, ինչո՞վ կվարձատրես ինձ», ծերունին ասաց. «Բարձրյալ Ալլահը իմ փոխարեն ավելի լավ կհատուցի քեզ», Ջաþաֆարն ասաց. «Ուրեմն լսիր` ոնց եմ նկարագրելու այդ դեղը, որ քեզնից բացի ոչ մեկին չեմ ասել», ծերունին ասաց. «Ասա տեսնեմ», ու Ջաþաֆարն ասաց. «Կվերցնես երեք ունկի քամու փչոց, երեք ունկի արևի ճաճանչ, երեք ունկի լուսնաշող, երեք ունկի ճրագի լույս և այդ բոլորը կդնես, որ հանգչի քամու տակ երեք ամիս: Հետո դրանք կդնես անտակ հավանգի մեջ ու կծեծես երեք ամիս: Երբ այն մի լավ մանրանա, կդնես ճաքած տաշտի մեջ ու երեք ամիս կպահես հով տեղ: Այնուհետև այն որպես դեղ օրական երեք դիրհամի չափով կօգտագործես քնելուց առաջ: Այդպես երեք ամիս շարունակելով` ամենազոր Աստծո կամոք դու կբուժվես»: Ծերունին երբ լսեց Ջաþաֆարի խոսքերը, մեջքով փռվեց ավանակի վրա ու մի նողկալի տռոց արձակելով ասաց. «Վերցրու այս տռոցը որպես վարձատրություն քո ասած դեղի համար: Եթե ես օգտագործեմ այն, ինչ ասացիր, ու Աստված առողջություն պարգևի ինձ, քեզ կնվիրեմ նաև մի հարճ, ով կծառայի քեզ կյանքում այնպես, որ Աստված վերջդ կբերի: Իսկ երբ մահանաս, ու Տերը քո հոգին ուղարկի գեհենի կրակը, նա վշտից քո դեմքը կկեղտոտի իր կղանքով և ողբալով ու կոծելով կճանկռի դեմքն ու հե****ով կասի. «Այ դու սառցամիրուք. ինչ սառն է քո միրուքը»:

Եվ Հարուն Ալ Րաշիդը այնքան ծիծաղեց, որ մեջքի վրա ընկավ գետին ու հրամայեց նրան տալ երեք հազար դիրհամ:


    
    

Ծանոթագրություններ


    
    
    
  1. Ալ Քաաբա: Մեքքայում գտնվող սուրբ քար` ծածկված հատուկ կտորով, որի շուրջն են պտտվում ուխտավորները` ողբալով, պաղատելով ու փառաբանելով Աստծուն: Այն մեկն է իսլամական սրբավայրերից, ուր աղաչանքը հատուցում է գտնում:
  2. Ֆիլս: Պղնձյա մանրադրամ.
  3. Արևելյան տներին հատուկ հաստանիստ պատերի մեջ հարմարեցված պահարաններ (հաճախ նաև բարձրադիր), որոնք շատ հաճախ ծառայում էին նաև որպես թաքստոցներ:
  4. Սեր արտահայտելու չափազանցված ձևերից մեկը, որն այնքան բնորոշում է հեքիաթի հերոսի հասարական դիրքին ու արհեստին:
  5. Սարաֆ: Սեղանավոր, լումայափոխ.
  6. Արաբներն այս անվամբ են ճանաչում Պարսկաստանի Սասանյան Խոսրով I թագավորին (531-579 թթ.):
  7. Այստեղ խոսքը վերաբերում է Սասանյան կայսրության վերջին մեծ արքա Խոսրով II-ին` Խոսրով I-ի թոռանը, որն հայտնի է Խոսրով Բարվիզ (Հաղթական) անունով, գահակալել է 590-628 թթ. և ամուսնացել Բյուզանդիայի Մորիկ (ըստ միջնադարյան հայ պատմիչների` ծագումով հայ) կայսեր դուստր Իրենի (Շիրին-անուշ) հետ: Ստանալով Մուհամմադ մարգարեի նամակը, ուր կոչ է արվել նրան ընդունել իսլամը, նա զայրույթով պատռել է նամակն ու վտարել նամակաբեր դեսպանին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5064 | 0 | 0
Facebook