Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
22:53, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ
     ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
     ______________________
    
    
    
    

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ

Դրամատուրգ

29 հունիս, 1825 - 16 մարտ, 1912

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է ռեալիզմի սկզբնավորողներից մեկը հայ գրականության մեջ։ Մանկուց զրկվել է հորից: 1832-37թթ սկզբնական կրթությունն ստացել է հայագետ Հակոբ Շահան-Ջրպետյանի դպրոցում, սովորել գրաբար, աշխարհաբար, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն: 1838-40թթ ուսանել է Արզանյանների պանսիոնում, 1840-46թթ՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1846թ. ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժին, ուսումնասիրել է արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ինչպես նաե հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն։ Այդ տարիներին ավելի է խորացել նրա սերն ու հետաքրքրությունը ռուս և համաշխարհային գրականության նկատմամբ (Ա.Պուշկին, Մ.Լերմոնտով, Ա.Գրիբոյեդով, Վ.Շեքսպիր, Ֆ.Շիլլեր, Վ.Հյուգո և ուրիշներ) ։ Պետերբուրգի թատրոնները գրողի համար եղել են այն դպրոցը, որտեղ ձևավորվել է նրա թատերական ճաշակը։ Համալսարանն ավարտելիս պաշտպանել է «Թռուցիկ հայացք պարսկական տաղաչափության բնույթի վրա» թեմայով թեկնածուական դիսերտացիա: Կարճ ժամանակ պաշտոնավարել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1853-58թթ ապրել և աշխատել է Դերբենդում, որից հետո վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Կովկասի երկաթուղային վարչությունում։ Նրա գրական-թատերական գործունեությունը զուգադիպել է Անդրկովկասում կապիտալիզմի սկզբնավորմանը, և այդ շրջանի բարդ ու հակասական սոցիալ-տնտեսական հարաբերությունները արտացոլված են նրա ստեղծագործության մեջ։ Առաջինն է եղել հայ դրամատուրգիայում, ով պատկերել է քաղաքային կյանքն ու կենցաղը, խորությամբ արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ անիրավահավասարության, երիտասարդության, դրամատիրական հասարակության մեջ հայրերի ու որդիների փոխհարաբերության և այլ հարցեր։ Ներկայացրել է հասարակության տարբեր խավերի (առևտրական, վաշխառու, մտավորական և այլն) ։ Առաջինն է պատկերել հասարակության ցածր խավերին՝ իրենց հոգսերով և ուրախություններով, շեշտել նրանց ազնվությունը, մարդկայնությունը։ Հետևելով ժամանակի առաջավոր գեղագիտական մտքին, Միքայել Նալբանդյանին և այլոց, զարգացրել է դեմոկրատիզմի ու ռեալիզմի գաղափարները և նշել նոր ուղիներ հայ դրամատուրգիայի հետագա զարգացման համար։ Գրել է «Գիշերվան սաբրը խեր է» (1866թ.) կատակերգությունը, որով սկսվում է նրա ստեղծագործության առաջին շրջանը։ Դա ռեալիստական ստեղծագործություն է, որտեղ ամուսնության և օժիտի թեմայի միջոցով հեղինակը շոշափում է լուսավորական գաղափարներ։ 1866թ. գրել է «Խաթաբալա» (1881թ., առաջին տարբերակ) և «Օսկան Պետրովիչն էն կինքումը» (1899թ.), իսկ 1869թ.՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինես» (1907թ.) կատակերգությունները։ Այս շրջանի գործերը հիմնականում ուրախ կատակերգություններ են (կատակ, ֆարս, վոդևիլ), որտեղ հեղինակը քննադատում է դրամասիրությունը, ձևամոլությունը, կեղծավորությունը և բարձրացնում բարոյական կարևոր հարցեր։ Քննադատել է նաև եվրոպական քաղաքակրթությանը մակերեսորեն ծանոթ երիտասարդությանը։ «Խաթաբալա» կատակերգության առանցքը ամուսնության հարցն է, որտեղ հեղինակը խարազանում է հին հայացքների տեր առևտրականին։ Կատակերգության երկրորդ (մշակված) հրատարակության (1879թ.) մեջ ավելացված են նոր շերտեր, որտեղ սոցիալական խոր ընդհանրացումներով քննադատվում է հասարակական բարքերը։ Գրողը մարդասիրությամբ ու կարեկցանքով է խոսում կնոջ ստրկական վիճակի մասին։ Ստեղծագործության երկրորդ շրջանում (1869-70-ական թթ) գրել է լուրջ կատակերգություններ, որոնք բացահայտում են կյանքի դրամաները, դրանց մեջ ծիծաղը ներհյուսված է արցունքին։ Թատերագիրը կատարում է սոցիալական խոր ընդհանրացումներ, որոնք աննախընթաց էին հայ դրամատուրգիայի պատմության մեջ։ «Էլի մեկ զոհ» (1884թ., առաջին տարբերակը՝ «Մախլաս») պիեսի կոնֆլիկտը տեղի է ունենում հայրերի ու որդիների միջև։ Որդիները զոհում են իրենց սերը ծնողների՝ դրամի վրա խարսխված բռնակալական ձգտումներին։ Հեղինակը ցույց է տալիս այն հակամարտությունը, որ գոյություն ունի բուրժուական գործնականության կողմնակիցների և նոր գաղափարներ կրողների միջև։ «Էլի մեկ զոհ» -ը, ըստ էության, հայ առաջին դրաման է, որտեղ տրված է ընտանիքներում եղած ներքին բախումը, որը լայնանում ու դառնում է հասարակական ու սոցիալական կոնֆլիկտ։ Դրամատուրգի տաղանդի արգասիքն է «Պեպո» (1876թ.) կատակերգությունը։ Պիեսը գրելու շարժառիթը Թիֆլիսում 1865թ. ցարիզմի դեմ կազմակերպված համքարական ելույթն էր, որի առաջին շարքերում էր նաև նա։ Պիեսը պատկերում է երկու հակադիր սոցիալական խավերի՝ բուրժուազիայի ու ժողովրդական զանգվածների հակադրությունը։ «Պեպո» -ն հիմն է մարդուն և մարդկայնությանը։ Դրական հերոսներն ունեն վեհ արժանապատվություն և հոգեկան բարձր հատկանիշներ։ Թատերագիրն այս ստեղծագործությամբ դրսևորել է իր դեմոկրատիզմն ու ժողովրդասիրությունը։ Պիեսի գլխավոր հերոս Պեպոյի կերպարը ժողովրդի խոհերի, վշտի, ինքնագիտակցության արտահայտությունն է։ Նրա ողբերգությունը հասարակական մի ամբողջ խավի ողբերգությունն է։ Իրականության գեղարվեստական պատկերը գրողը ստեղծել է գործողության զարգացմամբ, կենդանի անհատականությունների միջոցով։ Նա սոցիալական հզոր բողոքով խարազանում է տիրողների արատավոր բարոյականությունը։ «Պեպո» -ն հայ ռեալիստական դրամատուրգիայի ամենանշանակալից երևույթն է և ունի քննադատական հզոր շերտեր։ Պիեսի բեմադրությունը 1871թ. ապրիլին ունեցել է հսկայական հաջողություն, որին նպաստել է Գևորգ Չմշկյանի (Պեպո) և Միհրդատ Ամրիկյանի (Զիմզիմով) խաղը։ «Քանդած օջախ» (1883թ.) կատակերգությունը մի ամբողջ ընտանիքի կործանման պատմությունն է։ Այստեղ բախումը նույնպես հասարակական բնույթ ունի։ Ընտանիքները հեռանում են նահապետական նիստուկացից, բայց նոր իրադրության մեջ չեն գտնում իրենց տեղը։ Թատերագիրը քննադատում է դրամի իշխանությունը, բուրժուական ամուսնական հարաբերությունները, մոդայամոլությունը և այլ արատներ, որոնք ընտանիքներին հասցնում են կործանման։ 1877թ. «Մշակ» -ում տպագրվել է թատերագրի «Վարինկի վեչերը» միակ պատմվածքը։ Առաջին անգամ հայ ռեալիստական արձակում ստեղծել է հասարակ խավի կյանքի պատկերը, ներկայացրել նրա հակամարտությունը տիրող առևտրական խավի հետ։ Նա ջերմությամբ ու սիրով է խոսում հասարակությունից մերժվածների մասին, պաշտպանում նրանց դատը։ «Վարինկի վեչերը», ինչպես «Պեպո» -ն, սոցիալական խնդիրներ արծարծող ստեղծագործություն է։ «Վարինկի վեչերը» համարվում է հայ արձակի գոհարներից մեկը։ Ստեղծագործության երրորդ շրջանում (1880-ական թթ-ից) գրել է «Ամուսիններ» (1893թ., գրական լեզվով միակ գործը), «Բաղնըսի բոխչա» (1908թ.), «Սեր և ազատություն» (1910թ.), «Կտակ» (1934թ.) պիեսները, ինչպես նաև թարգմանել է Մոլիերի «Ժորժ Դանդեն» կատակերգությունը։ «Ամուսինները» պատկերում է անհավասար ամուսնության հետևանքները, դնում ապահարզանի հարցը, որ նորություն էր։ Պիեսն սկզբում արգելվել է գրաքննչության կողմից, որովհետև հեղինակը մերկացնում էր ցարական պաշտոնյայի անբարոյականությունը և այլ արատներ։ Դա ևս նորություն էր հայ դրամատուրգիայում։ 1872-76թթ «Մշակ» -ում տպագրվել են գրողի ֆելիետոնները՝ «Համալի մասլահաթնիրը», իսկ 1882-86թթ, «Արձագանք» -ում՝ «Հադիդի մասլահաթնիրը» ։ Դրանք հրապարակախոսական-երգիծական բնույթ ունեն և շոշափում են հասարակական, սոցիալական և կենցաղային հարցեր։ Իր վերջին՝ «Իմ մահն ու թաղումը» (1911թ., «Մշակ») մասլահաթում համերաշխության, եղբայրության և մարդասիրության կոչ է արել Կովկասի ժողովուրդներին։ Գրողի ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով, բառի ճշգրիտ և տեղին գործածումով։ Գրել է թիֆլիսահայ բարբառով՝ հասարակ ժողովրդին հասկանալի լինելու համար, օգտագործել ժողովրդական բանահյուսությունը, վարպետորեն կառուցել գործողությունը, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, ինչպես նաև դրության և խոսքի կոմիզմ։ Եղել է ճանաչված հասարակական գործիչ, հայ բարեգործական և թատերական ընկերությունների երախտավորներից մեկը, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի հոգաբարձու, Թիֆլիսի պատվավոր քաղաքացի։ Մտերիմ է եղել Ռափայել Պատկանյանի, Ակակի Ծերեթելու, Ալեքսանդր Օստրովսկու հետ։ Վերջինս ցանկացել է «Պեպո» -ն բեմադրել Մոսկվայում, բայց մահը խանգարել է իրագործելու այդ մտադրությունը։ Հետագայում «Պեպո» -ն ռուսերեն է թարգմանել Վահան Տերյանը, Մաքսիմ Գորկին խմբագրել է այն և զետեղել «Հայ գրականության ժողովածու» -ում։ Դրամատուրգը նամակագրական կապեր է ունեցել Վ.Հյուգոյի, Վ.Սարդուի, Ա.Դյումա-որդու հետ։ Նրա ստեղծագործությունները բեմադրվել են հայկական, ռուսական, վրացական և այլ բեմերում։ Վրացերեն թարգմանությունները կատարել է ինքը, որոնք բացառիկ ընդունելություն են գտել հանդիսականի կողմից։ Ստեղծել է իր՝ սունդուկյանական թատրոնը, որտեղ փայլել են բեմի շատ նշանավոր վարպետներ (Գ.Չմշկյան, Մ.Ամրիկյան, Գ.Ավետյան, Օ.Գուլազյան, Ա.Ավետիսյան և ուրիշներ) ։ Գրողը եղել է նաև իր պիեսների բեմադրության խստապահանջ ռեժիսորը։ Նրա երկերը վերածվել են կինոնկարների («Պեպո», 1935թ., «Խաթաբալա», 1971թ.) ։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլև հայ գրականության հետագա զարգացման վրա։ Մահացել է Թիֆլիսում, թաղված է տեղի Խոջիվանքի պանթեոնում: Գաբրիել Սունդուկյանի անունով է կոչվել Երևանի ազգաին ակադեմիական թատրոնը, որի այգում կանգնեցված են նրա և Պեպոյի արձանները (քանդակագործներ՝ Ա.Հարությունյան, Գ.Ահարոնյան): Կան նաև նրա անունը կրող դպրոցներ, փողոցներ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
17779 | 0 | 0
Facebook