ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Գիրք ծաղկանց________ Մաշի ձեռս, դառնա ի հող, Ծաղիկները կրակներ են, պտուղները՝ ազնիվ քարեր, — նա այդպես էր տեսնում, — իսկ թռչուններն ու գազանները զգեստավորված խեղկատակներ, խաղում են առակներ թագավորների, իշխանների, գյուղացիների կյանքից, այն, որ պատմել է իր տատիկը: Նրա համար քարափները խռոված նայում են, իսկ լեռներն ալիքներ են փոթորկված Վանա ծովի։ — Տեսե՜ք, — մին էլ ասում էր նա, — պատանին առյուծին նստած գնում է։ — Ո՞ւր է... Ո՞ւր է... Հետաքրքիր վրա էին վազում խաղընկերները։ Ցույց էր տալիս Զվարթը դաշտի քարակույտերը և ծիծաղելով վազում էր, գնում փողոցն ի վար։ Նայում էին և ոչինչ չէին տեսնում դաշտի քարակույտերում: Եվ հետևիցն էին ընկնում, որ ծեծեն Զվարթին՝ խաբելու համար։ Բայց նրան հասնում էին բլրի վրա մի ծաղկի գլխի կռացած։ Ու մինչ պատրաստվում էին խփել նրան, նա թավիշե ծաղիկը ձեռքը վերցնելով ծիծաղում ու ցույց էր տալիս. — Վարդապե՜տը, վարդապե՜տը, գլխին վեղար՝ կունձիկ-մունձիկ գնում է վանք։ Ու կոմիկ շարժումներով տիկնիկի խաղ էր սարքում, տմբտմբացնում ծաղկի գլուխը, փայլեցնում ձեռքի վրա։ Երեխաները ծեծը մոռացած ծիծաղում էին և հետո էլ զարմանքով նայում նրան. — Ի՜նչ տեսակ տղա է... Պատահում էր՝ նստում էին քարափին։ Արդեն Զվարթը պատմում էր. — Գնացել էի ձորը, գետի ափը։ Փրփուրների միջին մի աղջիկ ինձ փսփսաց. «Արի՛, Զվարթ, արի, արի՛» ։ Գնացի, ինձ տարավ հեռու, գետի տակը։ Պալատներ կային, նախշուն քարերով, մարգարիտներով... — Սուտ ես խոսում, — գոչում էր ընկերներից մինը, բամփում գլխին և երեխաները կրկին հարձակվում էին վրան՝ խփելու, բայց Զվարթը փախչում էր տուն։ Հետևից քար էին նետում։ Իսկ տանը ծնողներին ու հարևաններին արդեն պատմում էր, որ ձորի միջով ոսկե ուղտեր անցան, մեկ ուղտի վրա կապիկ էր նստած ակնեղեն աքաղաղը ձեռին, իսկ մյուսը՝ նառը հագել էր ոսկեթել շուրջառ, նրա մեջքին էլ վարդն էր նստել, որի դեմքը լուսին էր՝ շրջանակած վարդի կրակե թերթերով։ Անողներն ու հարևանները լսում են, իրար նայում նշանակալից և տխուր։ ՛Նրանցից մինը գլուխն օրորում է. — Աստծո՛ւց գտնես փրկություն, զավակս։ Երեկոն մանիշակ ցանեց գյուղի դիմացի քարափների ու անդնդի այգիների վրա։ Հետո, երբ Զվարթը քնած էր, հարևան պառավ Սանդուխտը դեմքը մոտեցրեց Զվարթի մորը. — Շե՜ն տիկին, տղադ ցավագա՜ր է, չարոց է։ Իսկ հարևան ծերունի Գադիշոն, խստադեմ, սրբակյաց մի մարդ՝ մարգարեական անհակառակելի խոսքով կտրում է. — Ընծայեցե՛ք սուրբ Նշանին։ Զվարթի մայրը տխրեց։ Հայրը՛ մռայլվեց։ Ու հստակ այդ երեկոյին, մի հազարամյակ առաջ, երբ հարազատ ծղրիդը մտերմաբար ծղրում էր պատի ճեղքում, Զվարթի ծնողները վճռեցին նրան տանել սուրբ Նշան վանքին ընծայելու։ Գարունը հևում է Հայաստանի լեռնաշխարհում։ Օրը ջինջ, աղբյուրը՝ կոհակում է խաղաղ։ Զվարթենք, նրանց գյուղացիներն ուխտ են գնում լեռան մի վանք։ Գնում են շարան շարքերով, սայլերի վրա, հետևակ։ Նստել է սայլին Զվարթը և դիտում է գյուղացիների նոր զգեստները և նրանցից մեկը նրան թվում է վագրենի հագած։ Ու ծիծաղում է վրան. «Ո՞ւր կերթաս, Չելեբի, վագր ես դառել, Չելեբի» ։ Ու զնգում է նրա ծիծաղը։ «Չելեբին» սառը նայում է Զվարթի հորը և գլուխն օրորում։ Իսկ մայրն աչքերն է սրբում։ Զվարթը սողաց դեպի լուծը, որ նստի սայլի գլխին, քեռի Մանուկի մոտ։ Քեռի Մանուկը գրկեց Զվարթին և ճիպոտը տվեց ձեռը։ Զվարթը սկսեց քշել եզներին։ Հետո հանկարծ մատն ուղղեց եզան աչքի մեջ և ցույց տվեց քեռի Մանուկին: — Քեռի՛, քեռի՛, տե՛ս։ — Ի՞նչ է, ձագուկ։ — Տե՛ս, եզան աչքի մեջ գիշեր է։ Քեռի Մանուկը ծիծաղում է։ Սայլն ընկավ մի մարմանդ հովիտ ու սկսեց սուրալ։ Քեռի Մանուկը երգեց. Աստղի՜ի՜ի՜կ մը յերկնուց ի վա՜ա՜ա՜ր կու սիրե ձկնակն ի ծովո՜ւո՜ւն... Լսում է Զվարթը, և նրա աչքերը գոհարների պես ցոլում են հետաքրքրությունից։ — Քեռի՛, աստղիկը ձկնակին շա՞տ կու սիրե։ — Շա՜ա՜տ, — ձգում է քեռի Մանուկն ու հառաչում։ — Քեռի՛, ապա իսկի չպիտի՞ իջնա աստղիկր ձկնակին քով: — Չէ՛, ձագո՛ւկ, չէ՛, — հառաչում է քեռի Մանուկը։ — Հեռո՞ւ է երկինքը։ — Հեռո՜ւո՜ւ... Զվարթը խորասուզվում է մտքերի ծովը, թե ինչո՞ւ ձկնակն ինքը չի գնում երկինք։ Բայց այդ միջոցին նրա ուշքը գրավում է գետակը, որ հովի վրա իր կոհակները շուլալելով, ասեղնագործում է տասնյակ ժապավեններ։ Իսկ երկու կողմում՝ ժայռերից ծիլ-ծիլ հյուսվում են լուսեղեն աղբյուրներ։ Թերակղզի, երկու կողմն անդունդ։ Սևավոր մի վանք նայում է այնտեղից խիստ ու գեղեցիկ։ Երկինք է միտում նրա գմբեթը նետաղեղի պես լարված։ Նրա շուրջն են խռնվել ուխտավորները: Հանկարծ Զվարթը մատը մեկնեց վանքի պատին և դրդեց հորը. — Հայրի՛, հայրի՛, տե՛ս ծառի տակին ով է կանգնած նուռը ձեռին։ — Որտե՞ղ... — Պատի վրա, — և Զվարթը հետաքրքիր նայում է պատին։ Հայրը, ուխտավորները զարմանքով ու ցավով նայում են վանքի պատին։ Այնտեղ ոչինչ չկա։ Վանքն է բարձրաշեն ու սրբատաշ։ Ճեղքվածքների գծեր են խաղում պատի վրա։ Զվարթը մարդ է տեսնում այդ գծերում և զվարճացած ծիծաղում. — Ա՜յ, ա՜յ, աչքերի վրա աղեղակներ... Բայց շրջապատողները վախեցած են արդեն։ Հավաքվեցին մյուս ուխտավորները և երկյուղած նայեցին Զվարթին, որ աշխույժ մատով օդում կրկնում է գծերը. — Նուռը տալիս է եղնիկին։ Տեսե՛ք եղջյուրները։ Ուխտավորները երեսները խաչակնքում են։ Զվարթի մայրն արտասվում է, իսկ հայրը խիստ ազդված, դողահար, բռնում է Զվարթի ձեռը։ Վանահայրն է միայն, որ գոհունակ նայում է Զվարթին։ Զվարթենց հարևանը փսփսում է վանահոր ականջին. — Աչքիս միշտ կերևնան, հայր սուրբ, ոնց որ երազ։ — Շնորհաց աղբյուրին ապավեն լինենք, — մրմնջում է վանահայրը։ Հարևանները, համագյուղացիները սրտերն առնված նայում են Զվարթին և ափսոսում նրան։ Զվարթը պիտի մնա վանքում, նվիրվի վանքին։ Նա էլ չի տեսնելու իրենց տունը։ Ժամերգությունն սկսվեց։ Խորին անդնդից ասես ուղտերի զանգեր եղանակեցին, որոնց արձագանքը ղողանջեց ներսից։ Ուխտավորները, բացի կանանցից, մտան սրբավայրը։ Սևացած, փոշոտ կամարները թուխ արծիվների պես թևաբաց իջնում են վերևից։ Անկյուններում արդեն մթնում են ստվերները։ Կանթեղը թույլ դողում է բեմի խորքում, մշուշի մեջ լողացող աստղի պես։ Սևազգեստ վանականները կոկորդաձայն կռնչում են ինչ–որ աղոթքներ։ Եվ անկյունները տխուր են, տխուր՝ մեռելի փակված աչքերի նման։ Ճնշվում է Զվարթի հոգին։ Նա երկյուղով նայում է հատակին, չի համարձակվում աչքը վեր բարձրացնել։ Ժամերգությունը վերջացավ։ Զվարթին տարան բեմ, մոտեցրին մի ահավոր հանգուցյալի, որի դեմքը կաշվե դիմակ էր, որը մեռելի մեռած մորուք ուներ և ոսկրե ձեռներ։ Նրա այտը և մի աչքի տակն այրված էր մոմից։ Նա շրջանակի միջից ահռելի նայում էր Զվարթին։ Զվարթին մոտ տարան դեպի մեռելը. — Համբուրե, համբուրե, — շշնջացին հետևից նրան։ ...Ջրերի կոհակներն են խշխշում, խշխշում են երկար, հեռվից, խորքից: Մի մեծ ձուկ լաց է լինում, «Ո՜շ, վո՜ւշ, Զվարթս, տղա՛ս, վո՛ւշ» ։ Բաց է անում աչքերը Զվարթը, — ի՞նչ է, ո՞ւր է... Նրա գլխավերև նստած է հայրը, կողքին՝ մայրը, որ ծնկներին է ծեծում։ Մի կողմում շարված են ուխտավորները, իսկ ոտների մոտ նստած է մի մարմարե ծերունի, որը հանգիստ նայում է Զվարթին և այդ հայացքով նա նման է, այ, հենց այն ծերունի ամպին, որ երկնակապույտի մեջ կորամեջք գնում է ուր որ։
Հեռուն, հեռուն, որտեղ գնացին Զվարթենք և գյուղացիները, հովիտը լցված է փիրուզե մշուշով։ Դա հայրենիքի ճանապարհն է։ Զվարթը տխուր նայեց այն կողմ և սրտաբեկ հառաչեց։ Վանահոր փոքրավորը նրան տարավ վանահոր խուցը, ուր նա կծկվեց մի ոչխարենու վրա։ Վանահայրը նստեց ձիթաճրագի լույսի առջև, վերցրեց մի սևակաշի գիրք և խոշոր աչքերը գրքին հառած, սկսեց կիսաձայն մրմնջալ։ Նա ծովի էր նման, օտար ու մշուշոտ։ Զվարթը նայում էր նրան և գրքին։ Վանահայրը կախ էր գցել նրա մի էջը, և երևում էր այդ էջի վրա մի ոսկեշող կամար, կապույտ սյուներ և ծաղիկներ։ Զվարթը տխրեց, երբ տեսավ ծաղիկները։ Դա հիշեցրեց նրան իրենց դաշտերի ու ձորերի ծաղիկները։ Հանկարծ ճրագի լույսը, ծերունին, գիրքը, բոլորը բեկբեկվեցին արտասուքի կաթիլի մեջ, որ բխեցին Զվարթի աչքից։ Նա սկսեց հեկեկալ։ Ինչո՞ւ բերին իրեն, թողին այս լռին ու օտար վայրում։ Ե՞րբ պիտի տանեն իրեն։ Այլևս չի՞ տեսնելու ծնողներին, ընկերներին։ Իրեն թողեցին ու՝ գնացին։ Ամբողջ սրտով լաց եղավ։ Գիշերը տաքություն եկավ վրան: Տենդի մեջ սկսեց այրվել։ Ջրեր սկսեցին խշշալ նրա ականջներում, ծաղիկների մի հեղեղ եկավ խռնվեց նրա աչքերում։ Չոր շրթունքները թաղում էր ջրերի մեջ, խմում անհագ ու որքան խմում էր, այնքան ծարավն այրում էր իրեն։ Մի քանի օր ոչինչ չէր գիտակցում։ Միայն մի ճերմակ ձմեռ— վանահայրը լցվում էր խուցն ու ցրվում հետո։ Ծերունին նայում էր նրան հանդարտ ու սպասում։ Եվ մի օր Զվարթը աչքերը բացեց։ Սառը քրտինքը ճակատին նա հանգիստ շունչ քաշեց։ Նա ապաքինված էր։ Փոքրավորը նրան ապուր բերեց ու աղբյուրի սառնորակ ջուր։ Զվարթն ապաքինվեց, բայց և սկսեց գաղտնի մաշվել։ Հայրենիքի բույրերը հովի ու ծաղիկների հետ դալիս լցվում էին վանքի գավիթը և նրան քաշում հեռավոր տուն, խաղընկերների մոտ։ Մթնակապույտ հեռանում էին լեռները դեպի այդ տունը, ծիծեռնակները սլանում էին այն կողմ, լողում ամպերը, որ կարապներ էին՝ վրան ճերմակ աղջիկներ հեծած։ Նստում էր պարսպի տակ, անդնդի եզրին Զվարթը և նայում դեպի իրենց տան կողմը, լեռներն ու դաշտերը։ Մտերմաբար իջնում էր երեկոն, շոյում նրա վառվող աչքերը և Ղունկիանոսը՝ փոքրավորը նրան գտնում էր քնած անդնդի եզրին։ Զարթեցնում էր և տանում խուցը։ Իսկ ձմեռը՝ ձյան փաթիլներն աղավնիների պես ճախրում էին անդնդի վրա, և Զվարթը մտքով նրանց հետ խաղում էր, խաղում ու հետո գալիս մտնում խուցը, ոչխարենու մեջ կծկվում, քնում։ Փոքրավոր Ղունկիանոսը, մի խեղճ ու կրակ երիտասարդ էր, բայց անսահման բարի, ու շատ խղճաց Զվարթին և կապվեց նրա հետ։ Վանականների սառ հայացքներից սիրտը պաղած, Զվարթը նրան էր որոնում։ Ղունկիանոսի մեջ ջերմություն կար, կյանքի նշույլ։ Նա էր միայն, որ սիրտ էր տալիս Զվարթին: Նա Զվարթին սփոփում էր կարծես։ Այնուհետև ոչխարենու վրա պառկած, Զվարթը հանգիստ էր դիտում ծերունի վանահորը, որ անքուն, անդադար գրում էր մագաղաթի վրա։ Ի՞նչ էր գրում նա, ի՞նչ մտքերի մեջ էր խորասուզվում այդ խորին ծերունին։ Զվարթի մտքերը թափառում էին այդ ծերունու շուրջը, կորչում, կրկին դառնում նրան։ Տարօրինակ մարդ էր վանահայրը։ Նա, այդ ինքնամփոփ, խոր մարդը վերին աստիճան հետաքրքրում էր Զվարթին։ Ո՞վ էր նա իսկապես։ Ղունկիանոսը լսել էր և պատմում էր Զվարթին: Վանահայրը նախկին ճարտարապետ է և փիլիսոփա։ Նա կառուցել է վանքեր, լսարաններ ու պարիսպներ։ Այժմ, երբ մարմնական ուժը պակասել է, մտել է վանք փիլիսոփայությամբ զբաղվելու։ Նրան աբեղաները չեն հարգում, քանի որ նա հոգևոր տենչով չի եկել վանք, նա «հոգևորաց» չէ, այլ «մարմնավորաց» է։ Ի՞նչ է նշանակում այս։ Զվարթն ավելի է վառվում հետաքրքրությամբ, որ հասկանա այդ մարդուն։ Եվ ուսուցման ժամերին, երբ նա ու Ղունկիանոսը ծալապատիկ նստած էին լինում վանահոր դիմաց՝ Զվարթն աչքերը լայն բացած, ուշակորույս ունկնդրում էր այդ անհուն մարդուն։ Միայն դեռ լավ չէր ըմբռնում նրա նորօրինակ, անլուր մտքերը։ Նա միայն տեսնում էր իր առջև ծովի նման խորը մի էակի, որ խոսում է, խոսում է հենց ծովի պես, որին լսում ես անհագ տենչով, բայց չես հասկանում որի լեզուն։ Զվարթն զգում էր ինչ-որ արբեցնող վերասլացումն։
Վանահայրը նստած է խցում, համրիչը քաշում փիլիսոփայորեն։ Զվարթն ու Ղունկիանոսը ծունկ-ծնկի ծալապատիկ նստած՝ սերտում են ինչ-որ հատված։ Մեղուն տզզալով կտրում է լույսի ոսկի սյունը և լցնում խուցը կյանքի ուրախությամբ։ Հանկարծ արևի շողքը մթնեց դռան առջև։ Ղունկիանոսը վեր նայեց և տեսավ դռան առջև մի բարձրահասակ մարդու։ Սա իր սապատավոր մեջքը խոնարհեց դռան կամարի տակ և գանգուր այծամորուքի ծայրը ցցելով ներս, նայեց Զվարթին արծվի հայացքով և խոնարհություն արեց վանահորը։ Ապա տաղանդի գծերով կրթված ձեռքից նրան մի գիրք հրամցրեց. Ղունկիանոսն ու Զվարթը վզները երկարացրին, նայեցին գրքին։ Վանահայրը բացեց գիրքը։ Էջերի վրա բնագրի հետ մեջընդմեջող վանքի ու այլ շենքերի նկարներ կային խստագիծ նկարած, որոնց շուրջը ծաղկած էր։ Արծվաքիթ մարդը, որ, ըստ երևույթին, աշխատել էր այդ գրքի վրա, սկսեց բանալ էջերը և բացատրել։ Զվարթը հասկացավ, որ նա էր զարդարել գիրքը վանահոր համար։ — Գրել է և շենքերը նկարել է հայր սուրբը, իսկ Թադեն արտագրել, ծաղկել է էջերը, — շշնջաց Զվարթի ականջին Ղունկիանոսն անհասկանալի բաներ։ Վանահայրն անդորր նայեց գրքին, հառաչեց և այս աշխարհից հեռացողի երազով նայեց գիրքը ծաղկողին։ — Այժմիկ պատրաստ եմ երթալ առ հարս, Թադե, ահավասիկ վաստակք իմ և կտակ իմ։ Ծաղկողը՝ Թադեն, համբուրեց վանահոր աջը և դուրս գնաց։ Վանահայրը մեղմաժպիտ նայեց Զվարթին ու Ղունկիանոսին և սկսեց բարձրաձայն կարդալ իր հեղինակությունը։ Նա տարվեց իր մտքերով և սկսեց այնպես կարդալ, որ չէր իմացվում, ի՞ր համար էր ընթերցումը, թե՞ ուսուցանում էր Զվարթին և Ղունկիանոսին։— «Կառուցումն է աշխարհն և աշխատք շինողական», — շրջում է գրքի էջը վանահայրը և ոգում, — «Կառուցումն է քաղաքն, կառուցումն՝ խոսքն, կառուցումն՝ միտք» ։ Եվ ցույց է տալիս երկինքը, երկիրը, վանքի շենքը, իր ճակատը, իր «միտքը» ։ Բացատրում է տիեզերական շինարարության արվեստը։ Զվարթը բոցավառվում է։ Նրա աչքերում գծագրվում և գունավորվում են շքեղ պատկերներ։ Զնգում են մուրճերը և խստադեմ քարտաշները կտրում են ժայռերը, խոհուն որմնադիրներ կանգնեցնում են հոյակապ քաղաքներ՝ երկնասլաց աշտարակներով։ Փարթամ պարտեզներ կախվում են անդունդների վրա։ — «Աշխատ առնե բնությունն, կառուցանե ծառն, շինարարն մրջյունն։ Եղեք և դուք կառուցողք և շինարարք, որպես մարդիկք երկրի, սիրեցեք աշխատք, զի կառուցումն և աշխատք սուրբ են...» ։ — «Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա շինարարն...» ։ Խորանում է ծերունին Զվարթի աչքերում։ Այլակերպվում է այդ հրաշքներով լի մարդը։ Սրա մռայլ սքեմը հալվում է և նրա տակից դրսևորվում է «երկրի մարդը», որի միտքն զբաղված է մի մեծ կառուցողական տենչով ու երազով։ Զվարթը խցից դուրս է նայում «աշխարհին» ։ Եվ այդ անհուն շենքի մեջ, ուր թռչունները հյուսում են մետաքսե բներ, մրջյունները կառուցում են իրենց բնակարանները, ամբողջ աշխարհը ներկայացնում է որպես մի հսկայական ճարտարապետական կառուցվածք իր երկնքի աշտարակով, նրա վերև կախված արևի ջահով, լեռների սյուներով ու անդունդների նիշերով: Տանջվում է Զվարթը, գիշերները տապակվում է անքնությունից։ Տանջվում է մի անըմբռնելի տենչից։ Չգիտե որտեղից է գալիս այդ տենչը և ինչ տենչ է դա, ի՞ր մեջ է, թե՞ դուրսը, այլ տեղ՝ չգիտե։ Ղունկիանոսը նկատում է նրա տանջանքը և ուզում է օգնել նրան. — Կարդա՛, Զվա՛րթ, կարդա՛, — սիրտ է տալիս, հորդորում։ Զվարթը նայում է Ղունկիանոսին երազով ու տխրությամբ։ — Ես անիմա՜ եմ, Ղունկիանո՛ս, միտքս՝ տկար, ե՞րբ պիտի ես էլ իմանամ, թե՛ ի՞նչ եմ։ — Համբերի՜ր, Զվա՛րթ, կգա տերը շնորհաց, կընդունես շնորհ և միտքդ կվառվի։ — Ի՞նչ բան է շնորհ ընդունելը։ — Շնորհ ընդունելն այն է, որ նա քեզ կասի, թե ի՛նչ ես կամենում և ի՛նչ պիտի անես։ — Ո՞վ է տերը շնորհաց։ Անհասկանալի բաներ է պատմում Ղունկիանոսը, այն, ինչ որ լսել է, բայց ինքն էլ չի հասկացել։ Այդ տերը շնորհաց մի լույս է, այսպես է լսել Ղունկիանոսը վանահորից։ — Լո՞ւյս— վախենում է Զվարթը— չլինի՞ թե գա գիշերը, խավարի մեջ, միայնության ժամին։ Շարունակ անհանգիստ մտածում է այդ էակի մասին։ Շրջում է այդ մտքերով Զվարթը անդնդի վրա, գարնանային արևը լուծվում է ժայռերի, ծաղիկների, ջրերի վրա և Զվարթը նրանց արտաքին կերպարանքի տակ, նրանց մեջ բաներ է տեսնում, որ նրանց այլափոխում, դարձնում են շնչավոր, բանական էակներ, որոնց հետ ինքն իր մեջ խոսում է գաղտնի իրենից և գաղտնի լեզվով։ Նա նրանց տեսնում է և ամենուրեք— ամպերում, պատերի վրա, խավարի մեջ։ Նրանք շարժվում են, մարդու ձևեր ընդունում, խոսում իր հետ, ծիծաղում, կանչում իրեն։ Զվարթն ակամա, ձեռքով, օդի մեջ գծում էր նրանց պատկերը։ Բայց հենց որ մարմնացնում էր նրանց մտովի գծերով, օդի մեջ, նրանք խուսափուկ ու արագ անէանում էին և նրանցից մնում էին ուրիշ բաներ— բառեր, կրակոտ բառեր, որ շշնջում էին նրա ականջին։ Շշնջում, շշնջում և կորչում։ Հետո կրկին ու կրկին... Տանջվում է Զվարթր, տենչում ինչ-որ, ուր-որ... Բարձրագմբեթ, կամարակապ մի օթևան։ Նրա տակին միայնակ կանգնած է Զվարթը և ունկնդրում լռությանը։ Գիշերը ծծումբի աչքերով երկնքից նայում է ներս՝ գողտրիկ պատուհանների արանքով։ Խավար է օթևանում և տխուր։ Միայն դուրսը, անդնդում անքուն գետն է վշշում, հովտում տնքում գիշերահավը։ Հանկարծ օթևանի պատը, որը թվում էր անհուն, հեռվից, շա՛տ հեռվից ճեղքվեց և ներս հոսեց ո՞վ— ինքը Զվարթը... Զվարթը չի զարմանում։ Չէ որ նրան նա տեսել է շատ անգամ՝՝ աղբյուրների ակունքներում, ցողի մեջ։ Նա արեգակնափայլ աչքեր ուներ, որ վառվում էին գոհարների պես։ Այդ աչքերը այնպես էին նայում, որ Զվարթը զարհուրեց։ (Իր մե՛ջ ահա այդպիսի զարհուրելի բան կա եղել...): Եվ չիշխեց վեր նայել նրան։ Բայց մի ուժ դրդում էր Զվարթին նայել նրան։ Եվ ահա, երբ նա աչքերը վեր բարձրացրեց, զարհուրած ընկավ հատակին։ Երկար մնաց այդպես ընկած, հետո ինչ եղավ՝ չի հիշում Զվարթը։ Միայն զգաց, որ էակը մոտեցավ իրեն և կռանալով ձեռքը դրեց նրա ուսին։ Նրա կռանալն զգաց նրանով, որ նա շշնջում էր։ Անբացատրելի էր այդ շշունջը, երգաձայն, անուշ։ Զվարթը լսում էր ու օրորվում։ Երգի եղանակի պես ձգվում էր այդ շշունջը։ Զվարթը երևակայությամբ շրջում էր եղանակը, և սա ընդունում էր այն ընթացքը և այն բառերը, որ կամենում էր Զվարթը։ Զարթնեց Զվարթը: Դեռ գիշեր Էր։ Անուշ քունը ետ էր քաշում նրան։ Միայն մի անգամ աչքերը բացեց Զվարթը և խցի դռան բացվածքից նայեց երկնքին։ Լուսո աստղը հալած ոսկու պես դողում էր լուսացող, հում երկնակապուտի մեջ։ Բայց այն հրաշալի շշռւնջը դեռ հոսում էր նրա ականջում։ Հետո կրկին զարթնեց։ Ծիծեռը սաղմոսում էր վանքի քիվերում։ Դա նույն այն շշունջն էր, որ քաղցր բարբառում էր։ Զվարթը դուրս ելավ և գնաց անդնդի եզրը և սկսեց շրջել քարից քար։ Արևի շողքերը դեռ նոր էին նկարում ժայռերի մռայլ սյուները։ Գետն անդնդի միջով գնում էր իր օտար ճանապարհը։ Նրա երգի մեջ լսվում էր երազի այն շշունջը։ Հանկարծ Զվարթն անդրադարձավ «ո՞վ էր նա» ... չէ՞ որ ինքը չէր։ Բայց և ի՛նչպես երազում մտածում էր, թե նա ինքն է։ Ո՞վ էր նա... Եվ նկատեց, որ ինքը շարունակում է այն շշունջը, որ ինքն է շշնջացողը։ Եվ իմացավ, որ երազի էակը ինքն է։ (Ախր երկու էակ չկա միևնույնը...): Եվ հանկարծ Զվարթը զարթնեց արթնության մեջ։ Նա զգաց խոսքը։ Նրա սիրտը մարեց մի անըմբռնելի տենչով։ Նա տենչաց խոսել, խոսել բարձր, երգաձայն, հանդիսավոր, թեկուզ բազմության առաջ։ Եվ սկսեց մի ասք մրմնջալ կիսաձայն։ Պատկերներ բազմաբովանդակ։ Վանականները հավաքված էին գարնան արևին, պարսպի տակ և դիտում էին ձորը։ Հանկարծ նրանք տեսան Զվարթին անդնդի վրա երերալիս։ — Գինով է, կգահավիժի անդունդը, — ձայնեց աբեղաներից մինը և վրա վազեց, բռնեց Զվարթին։ Զվարթը հրաբորբոք աչքերով նայեց նրանց և դողահար շրթունքները բաց սկսեց հևալ։ Նրան բերին վանահոր խուցի դուռը։ Վանահայրը դուրս եկավ։ — Ի՞նչ ունես, հիվա՞նդ ես, որդյակ։ Բռնեց ճակատը։ Տաք Էր։ Զվարթը հևում էր ինչպես տենդի մեջ և երազով նայում վանահորը։ Սա շոյեց նրա ճակատը և մեղմ հրամայեց. — Խոսիր, որդյակ, ասա մեզ բան, ի՞նչ է մտածություն քո։ — Խոսի՛ր, խոսի՛ր, — պնդեցին աբեղաները։ Զվարթը նայեց նրանց, վանահորը և հանկարծ փայլատակեց, սկսեց ոգել։ Ավելի հստակ զգաց, որ ինքը պիտի խոսի այն, որով լիքն է ինքը: Սիրտ առավ և կրակվեց աշխուժով։ Նա սկսեց մի վեպ, թե ինչպես ինքը երազ տեսավ, ինչպես շնորհքն եկավ ու լցվեց իր մեջ, և որ ինքը կարող է ոգել, ինչ որ կամենա ամեն ոք։ Նա ոգում էր հափշտակված, բառերը անարգել հոսում էին, նա ոչինչ չէր տեսնում, — գալիս է գարունը, ձայն տալիս հողին, զարթնում է հողը, ձայն տալիս բոլոր բույսերին։ Զարթնում է ձնծաղիկը, ձայն տալիս մյուս ծաղիկներին, թե զարթեցեք, զարթեցեք, քանի՞ քնեք հողում, զարթեցեք, լցրեք աշխարհը ուրախությամբ։ Սար ու ձոր լցվում է ծաղիկներով։ Եվ՝Ծափ է տալիս ծափծափը, ծիծաղում, Սեր է աշխարհն, սեր են մարդիկ, Վանականները լսում էին մթին քարերի պես, անարձագանք, սառն։ Միայն նրանցից ամենաչարը, տխմարադեմ Ազարիան, դառն ու նախանձահույզ ձայնով հարցրեց, բողոքեց. — Որպես խոսի սա զբանս զայս. զի չէ սա վարդապետ։ Վանահայրը սաստեց նրան. — Մի՛ բանսարկիր։ Միտք նորա ինքնաբուխ են և պայծառ։ Եվ իմաստուն է պատանին այս, քան զվարդապետ։ Վանականները սաստված նայեցին Զվարթին և պապանձվեցին։ Եվ նկատեց Զվարթը— նախանձահույզ Ազարիան, որ դավ էր ուզում նյութել իր դեմ, նախանձից դեղնեց։ Մյուսները մռայլեցին, ոմանք ամաչեցին, իսկ ոմանք էլ շտապեցին խուսափել վանահոր աչքերից, թերևս նաև Զվարթից։ Վանահայրը արձակեց Զվարթին և վանականներին հրամայեց ցրվել իրենց խուցերը։ Նրանք հեռացան ոխով լցված դեպի Զվարթը։ Նրանք ատեցին Զվարթին։ Եվ ամեն պատահելիս հարձակվում էին վրան, կշտամբում, բարկանում։ Զվարթը չէր հասկանում նրանց, ժպտուն նայում էր և անցնում։ — Նա ծաղրի է մատնում մեզ, — փրփրալի ժայթքում են վանականները վանահոր վրա, որ նա իր պաշտպանության տակն է առել մի խելագարի։ Սկսեցին հալածանք բորբոքել նրա դեմ։ Բանսարկեցին նրան՝ «հերետիկոս է, չարի գործիք, դիվական գիրք է գրում նա, պետք է այրել այն» ։ Վանահայրը լսեց այդ և շատ վշտացավ։ Նա զգում էր իր մահը։— Ում պիտի մնան իր կիսավարտ մտքերն ու գործերը, իր կառուցումների ոգին։ Ղունկիանոսն անուսում է դեռ, Զվարթը պատանի։ Ում պիտի ավանդի իր կտակը։ Չորս կողմը խավար, անապատ։ Մի օր վանականները Ազարիայի գլխավորությամբ պաշարեցին վանահոր խցի դուռը։ Եկան պահանջելու, որ արտաքսի Զվարթին, որովհետև նա պղծում է սրբավայրը դիվական մտքերով։ Վանահայրը դուրս եկավ խցից. — Որո՞ իրավամբ, ամբարիշտներ, — բողոքի և վշտի ձայնով հարցրեց նա, — տեսե՛ք նրա շնորհքը, նրա մտքերը։ — Թո՛ղ դուրս գա, խոսի կրկին, և մենք ցույց կտանք նրա մեղքը։ Վանահայրը դուրս կանչեց Զվարթին. — Ե՛կ, որդյակ, ե՛կ արդարացիր։ Զվարթը դուրս եկավ և ժպտալով նայեց վանականներին։ Ահա՛ դու առաջի մարդկան ասա՛ մի բան, թող դատեն քեզ։ Զվարթը մտածեց մի փոքր և ապա կերպարանափոխվեց։ Նա սկսեց ոգել։ Ինչի՞ մասին էր այդ։ Բովանդակությունը այս էր. Եկավ գարունը, ծաղիկները հորդեցին, Վարդը զարդարեց իր բուրաստանը, եկավ բլբուլը նստեց նրա մոտ, հարբեց նրա անուշ հոտից ու երգեց բարձրաձայն, թե՝ Սեր է ծառն, սեր ծաղիկն Եթե չլիներ սեր իմ սրտիս, Տենչում է վարդը բլբուլին, խնդրում է բլբուլին, որ համբուրի իրեն, և ցույց է տալիս սիրտը, մեջը դեղին։ Դա իր վիշտն է։ Եվ գանգատվում է. Պիտի քաղեն տանեն իրեն Զվարթը վերջացրեց և նայեց վանականներին. նրանց աչքերի սպիտակուցները փայլուն դանակների նման մերկացել էին իր դեմ։ Առաջ եկավ նախանձափրփուր Ազարիան, բացեց իր դառն բերանը և սկսեց բանսարկել. — Մարմնավորաց են բանք վարդիս և սեր աշխարհի է։ — Պիղծ են բանք դորա, – մռմռացին մյուս վանականները: — Մի բանսարկեք, մաքուր են մտածությունք պատանվույն։ Սակայն Ազարիան չսանձահարվեց։ Նա ապերասան և կոկոզավիզ առաջ եկավ։ — Դիվահար է, հարկ է սպանանել զնա և դևն, որ է ի նմա, — գոռաց նա դառնաշունչ և կատաղի եզան նման հարու տվեց Զվարթի վրա։ — Հեռո՛ւ, խավարի՛ ծնունդ, — բարձրացրեց ձեռը վանահայրը, — որո՞ իրավամբ սպանանես զանմեղն։ Բայց անհանգստացավ վանահայրը։ Խռովություն էր բռնկվում: Պետք էր փրկել պատանուն կատաղած մոլեռանդներից։ Ինչ աներ... Նա հավատով նայեց Զվարթին: — Կարո՞ղ ես խոսել բան մեկնության, — խոժոռ հրամայեց վանահայրը։ Զվարթը թափանցեց նրա հոգու տագնապի մեջ, մի վայրկյան թափառեց մտքերի աշխարհը և ետ եկավ լարված ու վստահ։ Ու սկսեց. Ասե՞մ ով է վարդն կարմիր, Ծաղկունք քահանայքն են հին օրինի, վարդը՝ Հիսուսը, մանիշակը՝ Հուդան, որ դավեց նրան և բլբուլը Գաբրիելն էր, որ փողը փչեց: Վարդը, որ հագավ ծիրանին, Քրիստոսն էր, որ հարություն առավ, ծաղկունքը, որ թառամեցին, դեղնեցին, զինվորներն էին, որ փախան նրա գերեզմանից։ Գոհունակ ունկնդրեց վանահայրը, վանականները պապանձվեցին։ Զվարթը հաղթել էր։ Սակայն Ազարիան Զվարթի աչքերում նկատեց չարաճճի մի շող, ճարտար մտքի ճարպիկ խաղ։ Նա զգում էր, որ Զվարթի միտքը «մարմնավորաց» էր։ Բայց իր բութ միտքը չէր ծաղկում այնպես ճարտար, որ կարողանար հակաճառել։ Խավարեց նա քարայրի պես և ետ քաշվեց։ Գնացին՝ և մյուսները։ Այնուհետև ամբողջ օրը խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ ձայներ։ Վանահայրն անձկության մեջ էր։ Զգում էր այս ամենի վախճանը։ Մի գիշեր՝ երկար գրում էր նա իր գրքի շարունակության մեջ։ Գրում էր իր կտակը։ Նա դառնացած էր վանականների բանսարկու և նախանձահույզ հալածանքից։ Նա իր կտակի մեջ ձաղկում էր մարդկային տգիտությունը, գովերգում էր ճշմարտությունը։ «... Անէանա մարմինն իմ որպես ծուխ և մնան միտք իմ ճշմարտության։ Դուք կգողանաք իմ մարմինը, ցրիվ կտաք որպես խռիվ, բայց իմ միտքը կմնա որպես լույսն արեգական։ Մի դիպչեք ինձ, որդիք խավարի, – սպառնում էր նա իր կտակի մեջ, — ճշմարտությունն եմ ես և ես վրեժխնդիր կլինեմ ձեզանից» ։ Գրեց մինչև խորին գիշեր։ Լուսաբացին զարթեցրեց Զվարթին և Ղունկիանոսին, մոտ կանչեց, համբուրեց նրանց և ասաց, որ գնում է։ - Ո՞ւր, — հարցրեց Ղունկիանոսը, բայց և իսկույն հասկացավ և դառնորեն լացեց։ Վանահայրն իր նվիրական գիրքը հանձնեց պատանիներին և պատվիրեց լավ պահպանել։ Եվ մեռավ։ Վանահորը թաղեցին բռնադատված շուքով, բայց խորին ատելությամբ։ Ղունկիանոսը նրա գիրքը գաղտնի տարավ Թադեի մոտ, և նրանք թաղեցին քարե գաղտնարանում։ Հետևյալ օրը վանականները Զվարթին փակեցին մի մութ խցիկում և թույլ չտվին երգելու ծաղիկների երգը։ Նրան այցելում էր միայն Ղունկիանոսը։ Զվարթը թախիծով նայում էր նրան և սկսում խոսել, ոգել իր վեպը։ Ղունկիանոսը լսում էր, լսում և երկուսով մոռանում, որ բանտի մեջ էին։ Սիրում էր Ղունկիանոսը լսել այդ վեպը։ Բայց մի օր էլ նրան արգելեցին այցելել Զվարթին: Այնուհետև Ղունկիանոսը գալիս էր բանտի լուսամուտից նայելու, գլուխը ծռած, տրտում։ Ժպտում էր Զվարթը և նայում երազով, կարծես անհոգ։ Եվ մեռավ Զվարթն այդպես, հոգում ծաղիկներ։ Ավերակ վանքի խարխուլ խցում արևշող կյանք է ծաղկում։ Այնտեղ Թադեն հողի հատակին արևի պես սփռում է գույներ, լույսեր, խազեր։ Առաստաղից, կաշվե բարակ թելերից տախտակներ են կախ, վրաները մագաղաթ քաշած։ Թաթախում է Թադեն սուր գրիչը երանգապնակի մեջ և արծվի աչքերը մագաղաթին՝ անշարժանում է, սպասում և հանկարծ այծամորուքը կախելով մագաղաթի էջին սրբությամբ ծաղկում է էջը: Պատանիներ այծյամի աչքերով նայում են իրենց վարպետին։ Վախենում են նրանից և սիրում նրան։ Թադեն հրաշքներ է գործում իր գրչով։ Քանի մռայլում է նա, այնքան ժպտում են մագաղաթները։ Այնտեղ է Ղունկիանոսը։ Նրա աչքերը գնում են կորչում այդ ծաղկած մագաղաթների ոսկու, լաջվարդի, նարնջի, հակինթի մեջ։ Հարցնում է, — ի՞նչ գիրք է այս։ Թադեն վեր նայեց։ Նրա աչքերը խորն են հորիզոնի պես։ Նա նոր տեսավ Ղունկիանոսին և արթնացավ։ Երազի մեջ էր։ Նա կրկին կռացավ մագաղաթի վրա։ Նրա ուշքը մի սիրամարգի կողմն էր, որի սրճագույն գլուխն ու վիզը հոխորտ կարկառել էր վերև և գետնի վրա սփռել իր փետուրների ասեղնագործ գորգը։ Մանվածապատ ծաղիկներ հակինթների ու գոհարների ցոլքով խաղում են լուսանցքին։ Իսկ վերևը՝ աստեղալույց երկնքում այնպիսի մի երկնակապույտ է, որ կարծես մագաղաթը ճեղքել էր և ինքը երկինքն էր նայում այնտեղից։ Աշակերտները լռիկ ու հնազանդ լցնում էին ծաղկող վարպետի շրջանակները հավելյալ մանրամասներով։ Երբեմն Թադեն հայացքը շրջեցնում էր դեպի աշակերտները և իր նաղաշական հրահանգներն էր տալիս նրանց. — Ոսկեձույլ նշողն ընդ նարնջին... ծաղիկ ընդ ծաղկանց... բոլորակն ոսկեճաճանչ, կամարն երկնահան գույն... Պայծառ լաջվարդյուք, նոճին կանաչագեղ, թագագլուխ վարդն— ա՛յս է կանոնն... Գիշեր է։ Թադեի խցում Ղունկիանոսը պատմում է Զվարթի կյանքը։ Թադեն լսում է։ Մոլի է նա, արբած՝ իր գույներով, բայց գիշերվա մթնում չի կարող ծաղկել։ Քունը չի տանում, քունը փախցրել են երանգները, որ վառվում են խավարի սև պաստառի վրա։ Բնությունն է միայն, որ նկարում է երկնքի էջի վրա, սփռում ծաղիկների թերթեր։ Թադեն լսում է։ Ղունկիանոււը ոգեց Զվարթի երգը ծաղիկների մասին։ (Խե՜ղճ Ղունկիանոս, միայն մի հստակ հիշողություն ունի այս աշխարհում և բարի սիրտ) ։ Նա ոգեց գեղջուկ ձայնով և անկեղծ շեշտով։ Թադեն ականջները սրեց։ Լսեց, լսեց և գլուխն օրորեց. — Երանի՜, երանի՜, երանի՜, անո՜ւշ է սրտին։ — Ծաղկի՛ր Զվարթի վեպը, վարպետ, — ասաց Ղունկիանոսը արտասվելով։ Վարպետը ցնցվեց։ — Ճշմարի՛տն ասացիր, վաղիվն իսկ կսկսեմ։ Երանի՜ թե կարենամ։ Կրքոտված տանջվում է նաղաշը։ Ծաղկում է Զվարթի վեպը վանահոր գրքի մեջ։ Նայում է Ղունկիանոսը նաղաշին խոնարհ ու ջերմեռանդ։ Սա խառնում է գույնը գույնին, խառնում, թողնում ու կրկին, կրկին։ Կրակներ են վառվում մագաղաթի ճակատին ու լուսանցքներին։ Բոցագույն վագրեր թռել են նարնջենի եղնիկների մեջքին և պատրաստվում են հոշոտելու նրանց։ Դողահար է նկարում նաղաշը, նա թվում է մոլի, խելագար։ Ինչ որ հիվանդագին ջերմի մեջ, նա հատնում է մոմի պես, որոնում է մի շատ դժվար նրբերանգ։ Գույնը չի գտնվում։ Նրա աչքերը մարեցին, կիսախուփ նայել սկսեցին կարծես մի անդունդ, որի հատակին վառվում է մի հազվագյուտ ծաղիկ, աներևակայելի նրբերանգով։ Ու հենց այն է, գրիչը թաթախեց պնակի մեջ և դրեց մագաղաթի վրա, նրբերանգը փախավ ինչպես չնաշխարհիկ թռչուն։ Նաղաշը հոգոց հանեց և հուսահատ նայեց դռնից դուրս։ Աշակերտները պապանձվեցին, նայեցին իրենց վարպետին և ակնածանքով սպասեցին։ Նրանք ապրեցին վարպետի տանջանքը։ Հանկարծ նաղաշը սրտնեղած վեր կացավ և լուռ, լուսնոտի պես գնաց դուրս, անցավ գավիթը և հեռացավ։ — Գնաց երանգը գտնելու, գնանք հետևից։ Աշակերտները և Ղունկիանոսն էլ նրանց հետ դուրս եկան: Նաղաշը գնում էր դաշտը։ Ամբողջ օրը թափառեց նա իր աշակերտների հետ։ Մոտեցավ, նայեց նկարին։ Հետո վերցրեց գրիչը։ Պատանիները քարացան։ Սրբազան լռության մեջ ժպտաց մագաղաթը։ Ոսկեհուր մի գիրք, լի լույսերով և իմաստությամբ։ Բոցավառ կենդանաթռչուններ, ձկնագազաններ և ծաղիկներ շրջանակել են երկու վեպ. մեկը՝ որ խոսում է աշխարհի կառուցողական սկզբունքի, շինարարական աշխատանքի սրբության մասին, իսկ մյուսը, որ կրակե ժապավենի նման հոսում է էջե էջ— Զվարթի վեպը ծաղիկների մասին։ Ձյուն է թափվում լույսի նման։ Բայց սև է վանքը և մութ նկուղը, որի մեջ բանտարկված է ձեռադիրների հետ մի գիրք և ոչնչանում է խոնավից։ Ասում են այդպես է լինում միշտ— ոչնչանում են մագաղաթները խոնավից։ Այդ գրքում ծաղիկներ կան։ Արդյոք քնե՞լ են ծաղիկները գրքի մեջ, թե՞ ոչնչանում են նաև նրանք։ Վանականները պորտաբույծ կյանք են վարում։ Նրանք փքվել են գորտերի պես ու մոռացել Զվարթին, վանահորը, Թադեին և նրա աշակերտներին։ Նրանց բոլորին քշել են վանքից, նրանք ցրված են ով գիտե ուր։ Գիշեր։ Ձմեռը մրրկում է։ Մրրկում է Հայաստանի լեռնաշ¬խարհում։ Ցուրտ է, երկինքը սառ ապակի։ Լեռների լանջերով գնում է Ղունկիանոսը, մեջքին մի պարկ, ձեռին մի մրոտ մետաքսե կապոց։ Նրա կարկամած ձեռները կապտել են, բայց նա մատները երկաթի պես գամել է գրքի կազմին, որ մետաքսի տակից սառը կծում է։ Կսառեն այդ մատները և նա գիրքը ձեռքից բաց չի թողնի։ Նա փախել է մենաստանից։ Միայն մի բան գիտե, որ գրքերն է ազատում։ Միայն թե ազատվեն նրանք... Ո՞ւր է գնում, ինքն էլ չգիտե։ Աշխարհավեր մրրիկ է լեռնաշխարհում։ Զորքեր են հոսում հովիտներում։ Այրվում են քաղաքներ, գյուղեր, վանքեր, գրադարաններ։ Առավոտյան դեմ բուքը բերանքսիվայր ընկավ դաշտերի ու լեռների վրա։ Մի խարխուլ լեռնավանքի դռան, որ մի ծեր վանական բաց էր արել, ձյան մեջ մի կիսաթաղ մարդ է երևում, պարկը մեջքին, կողքին մետաքսախառն մի գիրք, որ բացվել է և ժպտում կապույտ երկնքին։ Ծեր վանականը նայեց գրքին և վերցրեց դողահար։ Խավար մի ամպ շղարշում է գիրքը և նրա պատմությունը։ Մի գարու պատմություն։ Ոչինչ չի երևում ուրիշ։ Մի փոքրիկ բացվածք միայն թույլ է տալիս նշմարելու մի բեկոր։ Զրնգում են ճանապարհները սուլթան Էլտըրըմի հեծելագնդերի սմբակներից։ Կարկուտ-ամպի պես է գնում նա սրընթաց։ Պապանձվել է երկիրը, Էլտըրըմն է լսվում միայն։ Վանքի մի խցում նստել է մի ծերուկ, գրքեր է քննում խորասույզ։ Խուլ է նա դեպի արհավիրքը։ Կարդում է։ Ներս են գալիս երկու զինվոր։ Չի նկատում նրանց։ Ձայն են տալիս նրանք։ Չի լսում։ Զայրանում են զինվորները և նետահարում ծերունուն։ Նա ընկնում է։ Մի փոքր անց, կրակն սկսեց լափել գրքերը։ Ճենճահոտ՝ ծա՜նր, դա՜ռն։ Մագաղաթները կչրտում են։ Զինվորները տաքանում են, զվարճանում գրքերի ճարճատյունից։ Հետո հանգստացան, կշտացան, նայեցին չորս կողմ, ծերունուն։ Նայեցին անչար աչքերով, երկյուղած։ Զգում են, զուր սպանեցին նրան։ — Ի՞նչ գրքեր են սրանք։ — Ո՞վ գիտե... — Ասում են գիրքը զայրանում է, պատժում... Նրանց մեջ ճշմարտությունն է գրած։ (Խե՜ղճ զինվոր, միայն գրքի՞ մեջ, թե՞ նաև իր մեջ...) ։ Հանկարծ մի գիրք պայթեց ու թռավ մի կողմ կրակից։ Դիպված չէ՞ր— մագաղաթ, յուղ, կրակ... Բայց ցնցվեցին և վրա ընկնելով կրակին՝ հանգցրին։ Գրքերը մխալ սկսեցին ծանր, դառն։ Դուրս ընկան ճանապարհ։ – Գիրքը զայրացավ։ — Այո՛, գիրքը չի կարելի վառել։ Ձորում սոսափեցին ուռիները, մտածեցին և կրկին սոսափեցին։ Հետո պաղ գետի պես ձորավերևից հոսեց աշունը և գնաց ձորնիվայր։ Սոսափին խառնվեց և մի ուրիշ սոսափ։ Դա ջրաղացի բանդի մամռահոտ ջուրն էր։ Բաց թողեց ջրաղացպան Հակոբը բանդի ջուրը։— Էլ կարիք չկա նավերից ջուրը հոսեցնելու։ Սով է համայն երկրում։ Հակոբը ուռենու տակ խորհուրդ արեց իր երիտասարդ որդու հետ. — Գնա, Հուսի՛կ, Դամասկոս։ Աղորիքները կանգնեցին։ Գնա ցորե՛ն բեր, ցանենք, կենդանությունը չմարի։ Հուսիկի կապույտ աչքերը թախծալի ժպտացին։ Նա կրկնեց. — Կենդանությո՜ւն։ Ու բերանաբաց ժպիտով նայեց հորը։ — Ի՞նչ ես հիմար մտիկ տալիս։ Խելքդ գլո՛ւխդ հավաքիր, երկիրը կործանվում է։ Հակոբը մտավ ջրաղաց, հանեց անկյունից մի ծաղկավոր խալաթ, հինգ մետաքս թաշկինակ և հետո կաշվե մատներով շոշափեց ու քսակից հանեց երեսուն դահեկան։ — Տասը բահ եմ շինել— նրա գինն է։ Խալաթը ծախելով ճանապարհը կկտրես, մի քիչ էլ կբանես, կբերես, գարնան մի բան գցենք հողին բերանը։ Կենդանությունը չմարի։ Հուսիկը նայում է հոր աչքերին։ Հայրը ազդում է նրան բնության նման։ Նա ինչ-որ խորը, սարսափելի բան է ասում։ Հուսիկը ճանապարհ ընկավ դեպի Դամասկոս։ Գնում է Հուսիկը մի կապույտ, տրտմալի ժպիտ աչքերում։ Հեռավոր կապույտը, հեռավոր հայրենիքի։ Հրաշեկ ճանապարհներ են կտրում երկիրը։ Նրանք տանում են բուրալի հակեր՝ արմավի, ցորենի, փստոցի, սուրճի։ Գնում է Հուսիկը, կարծես աշխարհի վրայով և մտածում է։ Եվ յուրովի ժպտում է չարաճճիորեն. — Ի՞նչ էր ասում հայրը՝ «Կենդանությունը չմարի» ։ Ո՞վ, ի՞նչը կփրկի մարդուն։ Հո՞ղը, կխլեն։ Ամիրա՞ն իր զորքերով, նրա դեմ կանգնած են սելջուկների, թաթարների իշխանները, հեղեղ հեղեղի միջով գալիս են լափում, ջնջում իրար։ Գուցե հարստությո՞ւնը, բայց տեսա՛վ Հուսիկը, թե ինչպես մերկացան հարուստները, ոսկին գնաց, մնացին կմախքները։ Ուրեմն ի՞նչը կպահի կենդանությունը, ո՞րն է վեմը կենդանության։ Վե՛մը, — ահա թե ինչ է որոնում Հուսիկի միտքը։ Ու երերում է Հուսիկը քրտնախաշ, ազազիլ տատասկի պես արևի դեղին ծովի մեջ։ — Ա՜յ, եթե մարդ թռչո՜ւն դառնար, փախցներ իր հետ ոսկին, հա՛ցը, զգեստը, կյանքը։— Բայց ի՞նչ օգուտ, անգղներն ու արծիվները երկնքում կբզկտեին մարդուն և կհափշտակեին նրա բոլոր ինչքը։ Ոսկեփոշի քաղաքը հուրհուրատում էր արևի լույսով։ Մի հախուռն բազմություն եռում է այնտեղ։ Հուսիկի աչքերը խայտացին, շլացան։ Ահա մի կրակոտ երիտասարդ բրոնզե ձեռքերն օդի մեջ՝ ծռում է մի հրացայտ սուր։ Պողպատը ցնցվում է ու շիտակվում օձի պես։ Նրան շրջապատել են պղնձե երիտասարդները: Նրանք ծիծաղում են սադաֆի ատամներով։ Ուղտեր են չքել չինարների շուրջը, նրանց կողքին ցաքուցրիվ հակերն են ցորենի ու բյուր բարիքների։ Նստեց հոգնած՝ այդ հակերի մոտ, մեջքը տվեց չինարու բնին։ Արևը կիզում էր նրան, տոթը խեղդում։ Նայում է շուկան շրջանակած տներին, մարդկանց— բոլորը խանձված են բարկ արևից։ Կապուտակ ջրերի կոհակներ վետվետացին Հուսիկի աչքերում։ Նա անգամ զգաց նրանց սառցի շրթերը իր պապակ շուրթերին։ Քուն է գալիս աչքերին։ Նայում է մշուշոտ հայացքով։ Երկա՞ր էր նայում, քնե՞լ էր և զարթնել, չէր հիշում, նայեց և ահա տեսավ իր դեմ մի խառնված բազմություն, որ ծիծաղելով իրար ձեռքից առնում և բարկ մատներով կոպիտ բացուխուփ էին անում մի գիրք։ Հուսիկը վեր կացավ, գրավվելով ինչ-որ ծանոթ բանով։ Ի՞նչ է դա։ Այո, այդ գրքի տեսքը։ Նա տեսել է դրանցից։ Մոտեցավ։ Անզգույշ, կոշտ եղունգներ քերում էին գրքի կողերը։ Մի ուրիշ ձեռք խլեց գիրքը և ինքն սկսեց տնտղել նրա սևակաշի, արծաթ պատյանը։ Հետո բացեց գիրքը և նայեց էջերին։ Գարուններ բացվեցին և մրգահաս աշուններ, երկինքներ սուտակ, բուրաստաններ, հրեղեն վարդեր, վագրեր ոսկեձույլ և ծաղիկներ մանվածապատ, ջերմ, հափշտակված, հրճվալից։ Հուսիկի աչքերում նկարվեցին իր լեռների, հովիտների մտերիմ գույները։ Ի՞նչ էր դրած այս գրքում, որ այդպես ջերմագին ծաղկազարդված էր։ Գիրքը ծախում էին։ Ծախողը մի արաբ զինվոր էր, բարեդեմ ու անհոգ։ Նա ձեռք էր բերել այդ իրը արշավանքի ժամանակ և հիմարություն էր արել բերելու մինչև Դամասկոս... «Ինչի՞ն էր պետք» ։ — Հը՞, ի՞նչ տամ, — բերանը ծիծաղով ծռում է մի ուրախ մարդ։ — Երեսուն դահեկան։ Գնորդը փռթկաց, և գիրքը թռավ, ընկավ գետին, փոշու մեջ։ Մյուսները ոտներով խփեցին այս ու այն կողմ։ Զինվորը ծիծաղեց, գնաց ծուլորեն վերցրեց դիրքր և բռնեց ձեռին։ Զվարճանում է, որ ինքը ծախում է, նրանք էլ չեն առնում։ Հուսիկը մոտ գնաց և գիրքը շոշափեց։ Տաք էր արծաթը նրա մատների մեջ։ Բացեց գիրքը։ Նայեց նրան թեթև, հանդարտ։ Աչքեր երևացին ծաղիկների միջից։ Մի գարնանային իմաստություն, մի հարատև կենդանություն բուրեց նրանց միջից։ Գիրքը հանգիստ էր մի մարդու նման, որ գիտե կյանքի բոլոր օրենքները և կենդանության գաղտնիքը և լի վախենում մահից, սիրում է կյանքը և հավատով է ճակատագրի դեմ։ Հուսիկը հեգելով կարդաց։ «Զի աշխատք սուրբ են» ։ Հուսիկը հիշեց, հիմա միայն հիշեց, իր գինեսեր ու զվարթ Սարգիս ապուպապին, որի մասին ասել էին, որ մի առույգ որմնադիր էր եղել։ Երգում էր եղել «բանելիս», երգում աղետների օրերին և երբեք չէր ծերանում։ Մի անգամ գործից վերադառնալով նա տեսել էր, որ իր տունը կողոպտել էին։ Ցիպ մերկացավ ընտանիքը։ Բայց Սարգիս ապուպապը քահ-քահ ծիծաղել էր. — Ձեռքս չեն գողացել։ Ամենանեղ օրերին նա միշտ ասելիս էր եղել, «կաշխատենք֊ կապրենք» ։ Այս էր ասել նաև նրա որդին՝ երևելի կառուցող, սրա որդին՝ և վերջինի որդին Հուսիկի հայրը։ Եվ ասել էր հայրը, լսել էր սրա հայրը, և սա էլ լսել էր իր հորից, որ ամենամեծ բանն աշխարհում աշխատանքն է։ «Աշխատանքը սուրբ է» — այսպես է գրած գրքում, ասելիս են եղել Հուսիկի պապերը— բոլորն աշխատավոր։ Կրկին կարդաց. — «Զի աշխատք սուրբ են» ։ Ուրեմն սա այն գի՞րքն է... Հուսիկի աչքերը վառվում են և միտքը կորչում հեռուն... Նա հանեց իր դրամներր և տվեց զինվորին։ Սա վերցրեց, գիրքը աշխույժ խոթեց Հուսիկի բուռը և ծիծաղելով գնաց։ Ծիծաղեցին նրա հետևից մյուսները և զարմացած նայեցին Հուսիկին։ Սա երազում էր։ Մոտեցան ուրիշ օտար մարդիկ, նայեցին գրքին, Հուսիկին։ Ու մինչ սա գիրքը դնում էր իր տոպրակը, մի ծանոթ ձայն սթափեցրեց նրան։ Սողոմոնն էր, իր հայրենակիցը։ — Դու խելա՞ռ ես, թե՞ հիմար։ Փողդ տվիր գրքի՞ն։ — Հա, — կոտրած ժպիտով, փոքր-ինչ հիմար նայում է Հուսիկը Սողոմոնին։ — Ապա գարնան ի՞նչ ես ցանելու: Հուսիկը ապուշ նայում է և աչքերում առկայծում է թախծալի մի շող։ Շփոթվա՞ծ է, թե՞ կատակ էր արեց։ — Հիմա գնա տուն, անխելք։ Կգնա տուն և սովը նստած կլինի այնտեղ։ Մոխրագույն մի անդունդ է ընկղմում գիրքը։ Էլ ոչինչ չի երևում։ Ի՞նչ եղավ Հուսիկը, ի՞նչպես վերապրեց սովը։ Այսինքն՝ մահը։ Խե՜նթ, խե՜նթ Հուսիկ... Գրքի հիշատակարանում գրած է, թե ինչպես նա դրամը տվեց գրքի դիմաց... երևի կարծելով, որ ցորենն անգամ կենդանություն չէ, որ անգամ նա չի փրկի իր կյանքը մահից։ Հիվանդ երեխայի բարձի տակից (ահռելիորեն ծանր շարժվել, բայց անցել են կրկին դարեր) կյանքի հուսով նայում է նա, այն գիրքը։ Ի՞նչ գիրք է, ոչ ոք չգիտե անգրագետ հողագործի այս ընտանիքում։ Նրան գտել են մի ավերակ տան մոխրանոցում։ Ասում են՝ բժշկում է ամեն հիվանդություն: Երեխան հոգու հիվանդության ունի... — Էս ի՞նչ քարավան է, ո՞ւր էսպես, Խոջա՛։ — Վենետիկ, Ճենովա, թե բարին աջողի։ Խոջան կքել է, կարդում է անվերջ, շիկափուկ ճանապարհի եզրին։ Ուղտերի բեռներում՝ որդան-կարմիր, տորոն, մորթիներ, ակնեղեն։ Քարավանը հանգչում է։ Ուղտերը որոճում են։ Կարդում է Խոջան և վանում ճանապարհի թախիծը։ Սև դարերի խորքից գալիս է մի գիրք։ Խավարի միջին թափառող լույսի է նման՝ դողդողում է, բայց գալիս է. թե ինչ վտանգներ է անցնում, չի տեսնում նա։ Ո՛չ ձմեռ, ո՛չ խավար։ Ոչ կրակն է այրում նրան, ոչ շոգը խեղդում։ Հրա՞շքն է պահում նրան, թե՞ պատահմունքը։ Բայց սերունդները խնամում են նրան, թաքցնում, փրկում և ավանդում նրան հետնորդներին, ձեռքե-ձեռք անցկացնում դարերի փորձանքներից, անցկացնում հուր, սուր, ջուր։ Ժպտում է գիրքը: Միամի՞տ է նա, անհո՞գ է նա, խորամա՞նկ է նա և գիտե իր գործը կարգադրել: Թե՞ իմաստուն է, հայտնի է իրեն իր ճանապարհի գիրը։ Նման արևի լույսին, որ անհոգ խաղում է փրփրած ծովի կատաղի ալիքների վրա։ Դեղնում են ալիքները, կապտում, փրփրալի ժայթքում, գոչում, բռնցքում արևի դեմ, բայց նա ժպտում է։ Վտանգ չի իմանում նա, ատելություն չի դիպչում նրան, ալիք չի փշրում նրան։ Հազար ձեռքեր պահել, շոյել, շոշափել են այս ծաղիկները՝ կյանքի գեղեցկությունը, հազար-հազար աչքեր նայել են նրանց հետևից սիրով ու թախիծով։ Մոխրացել են հազար ձեռքեր, տենչալի աչքեր, և մնացել է այս ջերմ գիրքը։ Բնաջնջվում է մի ամբողջ ժողովուրդ։ Ոչ թե մի գիրք։ Թնդանոթներն ահեղ վիճակում են, «նա կորա՜ծ է» ...— ո՛չ, «նա փրկվա՛ծ է», «...հրա՛շք է, թե փրկվի...» ։ Մի կարմիր հողմ փոթորկալի թերթում է ոսկելույս թերթերը գրքի, որ ընկած մի մեծ ճանապարհի վրա նայում է նրան մտերմորեն։ Նա փրկված է՝ իրեն միշտ փրկող ժողովրդի հետ: Երկաթե գրադարաններում լռում են դարերը։ Մի ալեհեր գլուխ հակված է պատմության անդունդը և խոր հովտում տեսնում է ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր. |