Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գաբրիել Սունդուկյանի կտակը

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
22:58, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
Գաբրիել Սունդուկյանի կտակը
    
    
    

«Մնա՜ս բարով, իմ սիրելի ու պաշտելի ասկ: Աստուծ վաթանիդ արժանէ անէ»


    

Հայ դասական դրամատուրգիայի նահապետ Գաբրիել Մկրտումի Սունդուկյանը ծնվել է 1825 թ. հունիսի 6-ին` վաճառականի ընտանիքում, Անչիսխատ թաղամասում, ուր բնակվում էին վրաց ազնվականները և հայ մոքալաքները: 1832-1837 թթ. նախնական կրթություն է ստացել Շահան Ջրպետի և նրա ֆրանսուհի տիկնոջ մոտ, 1838-1840 թթ.` Արզանյան եղբայրների պանսիոնում, սովորելով` նաև վրացերեն, ռուսերեն, լատիներեն, ֆրանսերեն: 1840-1846 թթ. ուսանել է Թիֆլիսի ազնվականական գիմնազիայում, որն ավարտելուց հետո մեկնել է Պետերբուրգ և ընդունվել համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բանասիրության բաժին` սովորելով վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն: Ավարտելով համալսարանը` 1851-ին վերադարձել է Թիֆլիս, կարճ ժամանակ պաշտոնավարել Ներսիսյան դպրանոցում, ապա աշխատանքի անցել Կովկասի փոխարքայի դիվանատանը, որպես թարգմանիչ: Կասկածվելով բարձրաստիճան պաշտոնյաների տիկնանց և աղջիկների հետ սիրային կապերի մեջ` 1853-ին «աքսորվել» է Դերբենտ, որպես քաղաքապետի առանձնակի հանձնարարությունների պաշտոնյա: 1858-ին վերադարձել է Թիֆլիս և աշխատանքի նշանակվել ճանապարհային հաղորդակցության վարչությունում: Հիսուն տարի անբասիր ծառայելով` արժանացել է քաղաքացիական գեներալի աստիճանի, պարգևատրվել բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, իսկ 1896-ին անցել կենսաթոշակի:

Գ. Սունդուկյանը գրել է «Գիշերւան սաբրը խէր է», «Խաթաբալա», «Օսկան Պետրօվիչը էն կինքումը», «Էլի մէկ զոհ», «Պէպօ», «Քանդած օջախ», «Ամուսիններ», «Կտակ» պիեսները, «Համմալի մասլահաթները» ֆելիետոնների ժողովածուն: Պիեսները թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, «Պէպօ» -ն` նաև ֆրանսերեն, իսկ «Քանդած օջախ» -ը` անգլերեն` Նյու Յորքում հրատարակվող «Armenia» ամսագրում: Դրամատուրգը «Համմալի մասլահաթները» գրքի վաճառքից ստացված ամբողջ հասույթը հատկացրել է «Մշակ» օրաթերթի զարգացման հիմնադրամին, իսկ «Պէպօ» -ի եկամուտը` Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը, որի հիմնադիր-անդամներից էր:
     1911 թ. օգոստոսի 15-ին Գ. Սունդուկյանը նամակ է ուղարկել «Մշակի» խմբագրությանը` հետևյալ բովանդակությամբ. «Մշակ» լրագրի խմբագրութեանը: Խոնարհաբար խնդրում եմ տեղ տաք այս իմ կտակին ձեր պատւական լրագրում անմիջապէս իմ մահից յետոյ, տալով միւս լրագրերին իրաւունք արտատպելու, եթէ կամենան: Խորին յարգանօք` Գաբրիէլ Սունդուկեանց -Համմալ: 15 օգոստոսի 1911»:
     Նամակին կցել էր կտակը, որի տեքստը մեջբերում ենք ստորև.
     «ԻՄ ՄԱՀՆ ՈՒ ԹԱՂՈՒՄԸ
     Մնա՛ք բարով, ես գնացի, գնացի էն հանգի տիղ, վուրղանց, ինչ աշխարքը ստիղծվիլ է, դեռ օչով չէ հիդ էկի:
     Դուք լաւ ըլիք, էրգար օր ունենաք, ջանով առողջ ըլիք, սրտով ուրախ, հոքով հանգիստ:
     Ինչ գէթ իմ արի օմքընու, խնդրում իմ բախշէ, ով ինձ է գէթ արի ու դաղիլ է սիրտս, ես էլ բախշում իմ իստակ սրտով, խճպտանքը վունչինչ ղնամիշ չանէ իրան իր օրումը:
     Ինձ թաղելիս վունչինչ թանթանէք հարկաւուր չէ: Տան կարք ու սարքին ձեռը չը տաք զարթի իմ բանելու ու քնելու օթախին, վուրդի իմ յաւիտեանական քնելու գողինքը պիտի պատրաստիք: Մնացած օթախնիրը էնենց մնայ, վունցոր կայ, ինչրի ինձ կու թաղին. իժում դուք գիդիք:
     Սիւիր վունցմէ օթախումը չըլի ու դուք էլ, իմ ազիզ Սօֆի ջան ու սրտով սիրած վուրթիքս ու թուռնիրս (Chռre HռlՌne) վուր իսկի էլ սիւիր չը հաքնիք, խիստ լաւ կօ՛նիք:
     Վէնօկնիր (պսակնիր) մէ հատ էլ չըլի, վո՛ւնց տանը, վո՛ւնց դուսը, վո՛ւնց դուք շինիլ տաք, վո՛ւնց ուրիշիմէն ընթունիք. վաղօրօք էւէտ յայտնեցէք, վուր օչով չնիղանայ:
     Կուրօ (դագաղ) դրէք ինձ իմ սիւ սերթուկով ու մորթէ իմ սիպտա գդակով:
     Իմ թաղումից առաջ` տանը վունչինչ պանիխիդէք (ամբիծքներ) չըլի. մենակ իմ տանու քահանէն հերիք է, վուր եկողներու համա մէ «Հայր մեր» ասէ, վուցոր վաղ կարք էր: ՈՒ թէ հիռաւորնիրն ու եադիրը իսկի էլ չնիղանան, չգան ու ամեն սահաթի մէկ-մէկու էդնին կնգաս ու վուրթկերանցս նուրմէկանց չլացցնին, աւելի լաւ կօ՛նին:
     Նրանցմէն ով ուզում է իր սրտի ցաւը յայտնի իմ դէիբ, թող իր այցետոմսը տայ դռներումը կամ թէ չէ, էնդի էւէտ դաւթրումը գրէ իր անումը, վունցոր լուսաւոր երգիրներում ընթունած է:
     Մոռացայ իր տիղն ասիմ, վուր գազէթնիրը չլքցնիք անթիւ ու անճուռնի յայտարարութիններով ու անտեղի խօսկիրով: Ով չի գիդի, վուր դիփունի համա, ով ինձ սիրում էր, ես խիստ սիրեկան ու թանգագին իմ ըլի, համ էլ էտ խօսկիրը շատիրը մէկ մէկու մտիկ տալով, մինձ ու դառը, խիստ դառը կսկիծով ին յայտնում:
     Մախլաս:
     Իմ մահվան յայտարարութինը գրեցէք առանց չինըս յայտնելու. էսէնց. «Գաբրիէլ Սունդուկեանց-Համմալը վախճանվեց (ժամանակը), յուղարկաւորութիւնը տեղի կունենայ (օրը), առաւօտեան (ժամը) հանգուցեալի բնակարանից, և այլն»:
     Ինձ թաղելու օրը մէ քահանայ ըլի մենակ-իմ տանու քահանան-իմ առչիւը գնացող ու մէկ էլ մէ տիրացու նրան ծառայող: ՈՒրիշ քահանաներու, ուրիշ հոքևուրականների օչօվի չխնդրիք ու չնեղացնիք:
     Ծառայութենի խաչիր ու նշաննիր վո՞ւնց բալըշնիրով, վո՞ւնց առանց բողչի իսկի չըլի:
     Իմ առչիւը գնացող քահանէն ու տիրացուն սուս ու փուս գնան իրանց ճամփէն տանէմէն ինչրի էգեղեցին ու էնդանց ինչրի գերեզմանս. ճամփին վունչինչ շարական ու բարձրաձայն աղօթքնիր չըլի:
     Թանգագին Սօֆի ջան ու թանգագին զաւակնիրս. դուք համաշա խելօք իք էլի, դուք գիդիք, վունցոր սրտէներուդ կու ղայմացնիք ինձ ճամփու գցելիս:
     Ամփովան ու ուրիշ ցէրէմօնիէք իսկի չըլի. իլաիմ թէ ձիաներու գլխին էն բմբլէ թայիգուլնիրը սարքած, վուր ինձ ճիճինի է բերում: ՈՒթ համալ ու ութ կինտօ մեձրեցէք, հիրթով ծտի պէս կու թռցնին ինձ:
     Կուլի նրանց մէջը ղուրթ Պէպօ էլ ռաստ գայ, էտ խիստ մինձ պատիւ կուլի իմ Պէպօի համա:
     Վիրչը թաղեցէք ինձ, վուրդի էլ գուզիք: Ես գուզէի իմ մօր մօդ, ամա էնդի տիղ չկայ. նրա մօդ թաղած էրեխերքս թարժաժ չըլին:
     Գերեզմնիս վրայ վունչինչ արձան հարկաւուր չէ. մէ սիւ քար ու իմ ջանը:
     Վրէն գրիլ տւէք էսենց`
     ԳԱԲՐԻԷԼ ՍՈՒՆԴՈՒԿԵԱՆՑ -ՀԱՄՄԱԼ
     Ծնվեց 1825թ. յունիսի 29-ին
     Վախճանվեց 191…թ. … …-ին
     Թէ սրտով վրէս արձան իք ուզում ու արժանի կու համարիք, էտ արձանը, իմ փոխանակ, Պէպօի համա կանգնեցրէք վուրդիոր կու սազ գայ:
     Սաղ բօով կանգնած ըլի բացր պատուանդանի վրայ իր հագուստով, գդակը ծածկած, մէ ձեռին Արութինի բարաթը, մէկէլ ձեռով վրէն գրածն ըլի ցոյց տալի նրան, վուր գլխաբաց ու սերթուկով սիւէրես կանգնած է կշտին:
     Տակը պատուանդանի վրայ գրած ըլի մէնակ էս խօսկիրը`
     ՊԷՊՕ
     «Էս քու կոտրած ձեռքով չի՞ս գրի՛…»
     Էն արձանն ու պատւանդանը թուջէմէն ըլի ածած ու շինած. վրէն վունց մէ տիղ իմ անումը չյիշիք:
     Իմ ցանկութինը էն է մէնակ, վուր դիփունի սրտումն ու մտկումը հիդն ու հիդը աւելի ու աւելի հաստատվի էն հասկացողութինը, թէ հաշա ուտիլը (ուրացութիւնը) մինձ ամութ բան է մարթու համա ու ով իր պարտկը չի ճանչնայ, իր տված խօսկը չի կատարի, իր ձեռք քաշած թուխտը կու ուրանայ` նա մարթ չէ, ինչքան գ՛ուզէ բացր ըլի կանգնած մարթկերանց մէջ:
     Գանք հիմի ասածներուս կատարելու վրայ:
     Պէպօի արձանը շատ հիռու բան է. էստու համա օչով չնիղանաք հիմի ու անմիդ ժամանակ չկորցնիք:
     Իմ թաղումին ինչ փուղ պէտք գայ` իմ պարտք է, էստու ղահրը կնիկս ու վուրթիքս կու քաշին էն պստլիկ կարողութենէմէս, վուր թողնում իմ նրանց համա:
     Քելէխ-մելէխ իսկի հարկաւուր չէ. էն օրւան ախքըտներու ճաշի փուղը իմ տանէմէն կուտաք Հայոց Բարեգործական Ընկերութենին նրանցը բաժնելու:
     Մնաց իմ թաղումի կարք ու սարքի կատարիլը, վունց որ գրիլ իմ էստի վերիւը: Սրա համա յատուկ խնդրում իմ «Մշակ» լրագրի յարգելի խմբագրութենին, իմ սիրելի բարեկամներուս, աչքիս լուս կնգաս ու վուրթկերանցս աշխատին ճշտութինով գլուխ բերին ասածս ու խնդրածս:
     Մնա՛ք բարով:
     Մնա՛ս բարով, իմ թանգագին Սօֆի ջան:
     Մնա՛ք բարով, թանգագին զաւակնիրս:
     Մնա՛ք բարով, սիրելի բարեկամնիրս:
     Մնա՛ք բարով, սիրելի մարթիք, ինչ ասկի, ցիղի ու հաւտի էլ ըլիք:
     Մնա՛ս բարով, սիրած Թիֆլիզ քաղաք:
     Մնա՛ս բարով, իմ սիրելի ու պաշտելի ասկ: Աստուծ վաթանիդ արժանէ անէ:
     Դիփունիդ սէրը սրտումս խուռը թաղած, տանում իմ հիդս:
     Մնա՛ք բարով:
     Գաբրիէլ Սունդուկեանց-Համմալ
     14 օգոստոսի 1914
     Բօրժօմե:

Կտակը լավագույնս ցույց է տալիս մեծ դրամատուրգի ծայրաստիճան համեստությունը, սերը տիկնոջ ու երեխաների նկատմամբ, նվիրվածությունը ազգին, Թիֆլիսին ու բարեկամներին: Նրա հուղարկավորությունը կատարվեց այնպես, ինչպես պատվիրել էր` առջևից լուռումունջ ընթանում էին քահանան ու տիրացուն, իսկ աճյունը տանում էին ութ բեռնակիր և ութ կինտո: 87-ամյա դրամատուրգին հողին հանձնեցին Խոջիվանքի գերեզմանատանը: Չցանկանալով գերեզմանի վրա իր արձանը կանգնեցվի, նա ցանկություն էր հայտնել, որ այդպիսին դրվի ի պատիվ Պեպոյի, բայց և մարգարեաբար կանխատեսել էր. «Պէպօի արձանը շատ հիռու բան է. էստու համա օչով չնիղանաք հիմի ու անմիդ ժամանակ չկորցնիք»:
     Իրոք, «շատ հիռու բանե ստացվեց»: 1975 թ. Երևանում, դրամատուրգի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի հարևանությամբ գտնվող զբոսայգում տեղադրվեց Պեպոյի արձանը (հեղ.` Գր. Ահարոնյան):
     Իսկ ավելի վաղ` 1918-ի մայիսին, «Աստուծ վաթանի» արժանացրեց նրա «սիրելի ու պաշտելի ասկ» -ին:


     Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
12298 | 0 | 0
Facebook