Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամանորի առաջին օրն աշխարհը, փաստորեն, տոնանշում է որպես Հիսուսի Թլպատման օր

23:21, երեքշաբթի, 10 հունվարի, 2017 թ.
Ամանորի առաջին օրն աշխարհը, փաստորեն, տոնանշում է որպես Հիսուսի Թլպատման օր
    
    

Ինչո՞ւ չեն համընկնում Քրիստոսի ծննդյան օրն ու Նոր տարին: Չէ՞որ նոր թվականությունը սկսում ենք Քրիստոսի ծննդից, և այդ իսկ տրամաբանությամբ նոր տարվա առաջին օրը պետք է սկսվի Քրիստոսի ծննդյան օրից, և Նոր տարվա օրը պետք է տոնանշվի որպես Քրիստոսի ծննդյան օր: Ինչո՞ւ այդպես չէ:

Քրիստոնեական թվականությունը և նոր դարաշրջանը սկսվում են ոչ թե Սուրբ Ծնունդից (Քրիստոսի ծննդյան օրվանից), այլ Հիսուսի Թլպատումից, որը տեղի է ունեցել նրա ծննդյան ութերորդ օրը:

Ավելի քան երեք դար առաջ Ռուսաստանի առաջին կայսր Պետրոս Առաջինն իր երկրի տարածքում եվրոպական օրացույցը ներմուծեց ու հրամայեց հունվարի 1-ի` «Քրիստոսի Ծնունդից 8 օր անց» -ի գիշերը տոնանշել որպես 1700 թվականի սկիզբ:

Ե'վ Եվրոպայում, և' Ռուսաստանում դեկտեմբերի 24/25-ը նշվել է որպես Հիսուս Քրիստոսի ծննդյան օր, իսկ Սուրբ Ծնունդից 8 օր անց, հունվարի 1-ի գիշերը, տոնվել է որպես Հիսուսի Թլպատման օր:

Ծննդյան ութերորդ օրը, հինկտակարանային հրեական օրենքի համաձայն, մանուկ Հիսուսը թլպատվում է: Այս կարգը սահմանված էր արական սեռի բոլոր հրեա մանուկների համար` ի նշան հրեա ժողովրդի ու նրա նախահայր Աբրահամի հետ Աստծո կնքած ուխտի:

Մինչև հրեաների հալածանքները, որ ծավալվեցին միջնադարյան Եվրոպայում, Հիսուսի թլպատումը նրա ծնունդից ավելի կարևոր իրադարձություն է համարվել, այդ իսկ պատճառով Տիրոջ թլպատման օրը տարվա առաջին օրն է համարվել:

Ներկայում ամբողջ աշխարհը հրեա մանուկ Հիսուսի թլպատման օրն է նշում որպես նոր տարվա սկիզբ:


     Քրիստոնեական տոմարի և նոր դարաշրջանի սկզբի հաշվարկն սկսվում է ոչ թե Քրիստոսի Ծնունդից, այլ նրա Թլպատումից:

Տիրոջ Թլպատումը քրիստոնեական տոն է, որ կաթոլիկ եկեղեցին նշում է հունվարի 1-ին (ըստ Գրիգորյան տոմարի): Ուղղափառ քրիստոնյաները ևս Թլպատումը նշում են հունվարի 1-ին, բայց՝ կա'մ ըստ Հուլյան տոմարի, կա'մ Նորհուլյան տոմարի` պայմանավորված այն հանգամանքով, թե տվյալ տեղային Եկեղեցում որ տոմարն է ընդունվել: Հուլյան օրացույցի հունվարի 1-ը 20 և 21-րդ դարերում համապատասխանում է Գրիգորյան և Նորհուլյան տոմարների հունվարի 14-ին:

Համաձայն հրեական ավանդույթի` թլպատումը (եբրայերեն` Բրիտ միլա) Աստծու և հրեա ժողովրդի միջև ուխտի խորհրդանիշն է: Ծննդյան ութերորդ օրը մանուկ Հիսուսը, համաձայն հրեական հինկտարարանային օրենքի, տարվում է տաճար և թլպատվում է: Աստված Աբրահամին պատգամում է.

«Սա է իմ ուխտը, որ պիտի պահեք իմ և ձեր միջև և քեզանից հետո քո սերունդի միջև` ձեր ամեն արուն թլպատվի. ուրեմն թլպատվեցեք ձեր անթլպատության մարմնիցը, և սա ուխտի նշան կլինի իմ ու ձեր մեջ: Եվ թլպատվի ձեր ամեն ազգերումը ամեն ութ օրական արուն, ընդոծինը և ամեն օտարից արծաթով առնվածը որ քո սերնդիցը չէ: Քո ընդոծինը և քո արծաթով առածը անպատճառ պիտի թլպատվի, և իմ ուխտը ձեր մարմնումը հավիտենական ուխտ լինի: Եվ մի անթլպատ արու, որի անթլպատության մարմինը թլպատված չէ, այն անձը իր ժողովրդիցը պիտի կորչի, նա իմ ուխտն անարգել է» (Ծննդոց 17: 10-14):

Թլպատումը կատարելու ժամանակ Աստվածային մանկանը Հիսուս (Փրկիչ) անունն է տրվում, որ Ավետման օրը Մարիամին հայտնել էր Գաբրիել հրեշտակապետը.

«Եվ երբ ութ օրը լրացավ, որ մանուկը թլպատվեր, նրա անունը Հիսուս դրվեց, այն որ հրեշտակից կոչված էր` նա դեռ արգանդում չհղացած» (Ղուկաս 2: 21):

Հիսուսի երկրային կյանքի ամենասկզբի այս իրադարձությունները քրիստոնյաներին հիշեցնում են, որ իրենք Աստծու հետ Նոր Ուխտ են հաստատում և «անձեռագործ թլպատմամբ թլպատված են, Քրիստոսի թլպատումով մարմնական մեղքերի մարմնից մերկացած են» (Կողոսացիներին 2: 11):

Մկրտություն ընդունած քրիստոնեայի նոր անունն արդեն վկայում է, որ մարդն Աստծու հետ Նոր ուխտ է հաստատել: Նորկտակարանային ժամանակաշրջանում թլպատումը փոխարինվեց Մկրտությամբ, որի նախատիպը Բրիտ միլան է:

10-րդ դարի վերջում Կիևյան Ռուսիան քրիստոնեություն, բյուզանդական ժամանակագրություն և Հուլյան տոմար է ընդունում:

Հուլյան օրացույցը խստորեն պահպանում էր ամիսների հռոմեական անունները, ամիսների խիստ հերթականությունը և ամրագրում էր յոթնօրյա շաբաթը: Հուլյան օրացույցը սահմանել էր Հուլիոս Կեսարը՝ Ք.ա. 45 թվականի հունվարի 1-ից: Ըստ այս օրացույցի՝ տարին սկսվում էր հունվարի 1-ից, քանի որ Ք.ա. 153 թվականի հենց այդ օրն էին ընտրված կոնսուլները պաշտոնավարման անցել: Հուլյան օրացույցը Խորհրդային Միությունում սովորաբար «Հին տոմար» էր անվանվում:

Թվականության բյուզանդական համակարգը սկսում էր «աշխարհի արարչագործության» վեցերորդ՝ ուրբաթ օրից՝ Ադամից: Ուղղափառ աստվածաբանների հավարկով՝ այդ օրը եղել է Ք. ա .5508 թվականի մարտի 1-ը, իսկ հետագայում՝ Ք.ա. 5509 թվականի սեպտեմբերի 1-ի շաբաթ օրը:

Հաշվարկման հիմքում դրված է եղել «աշխարհի արարման օրերի» թիվը և այդ թվի տևականությունը: Այս հարաբերակցությունը բխեցվել է Հին կտակարանից:

«Եվ Աստված արարեց մարդուն իր պատկերով…Եվ եղավ գիշեր, և եղավ ցերեկ. վեցերորդ օր» (Ծննդոց 1: 27-31), «Տիրոջ մոտ մեկ օրը հազար տարվա պես է, և հազար տարին՝ ինչպես մեկ օր» (Պետրոսի 2-րդ թուղթ):

Հիմնվելով աստվածաշնչական այս պնդումների վրա՝ բյուզանդացի աստվածաբաններն այն եզրակացությանը հանգեցին, որ քանի որ «Ադամը ստեղծվել է արարչագործության վեցերորդ օրը», ապա «Քրիստոսն աշխարհ է եկել վեցերորդ հազարամյակի կեսին», այսինքն «աշխարհի արարչագործության» 5500 թվականին: Գոյություն է ունեցել ուղղափառ թվականության 200 տարբերակ, բայց ուղղափառ աշխարհում ամրակայել է 353 թվականին ստեղծված բյուզանդական տարբերակը:

Կաթոլիկ եկեղեցին այս հաշվարկները չընդունեց: «Վուլգատա» -ն (Աստվածաշնչի ժողովրդախոսակցական լատիներենի թարգմանությունը) նահապետների, թագավորների կառավարման տևողությունները, ի տարբերություն Հին կտակարանի հին հունարեն թարգմանության («Սեպտուագինտա», հայերեն՝ «Յոթանասունից»), ավելի կարճ է եղել, այդ իսկ պատճառով աշխարհի արարչագործության տարեթիվ է հռչակվել 4713-ը կամ 4000-ը: Իսկ Արժանապատիվ Բեդայի հաշվարկով՝ 3952:

Մինչև հրեաների հալածանքների ծավալումը միջնադարյան Եվրոպայում, Հիսուսի թլպատումը նրա ծծնդից ավելի կարևոր իրադարձություն է համարվել, այդ իսկ պատճառով էլ տարվա առաջին օր է ընդունվել Տիրոջ Թլպատումը: Ավելի քան մեկ հազարամյակ հենց Տիրոջ Թլպատումն է եղել քրիստոնեության գլխավոր տոնը: Խաչակրաց արշավանքների ժամանակներում անգամ թվականությունը սկսվել է Տիրոջ Թլպատումից: Տարեգրություններում ու այլ գրքերում այդպես էլ գրվել է՝ այսինչ բանը տեղի ունեցավ Տիրոջ Թլպատման տոնից այսքան օր առաջ կամ այսքան օր անց:

Հռոմեական կայսրությունում Տիրոջ Թլպատման օրից (Սուրբ ծնունդից 8 օր անց) սկսվող թվականությունը կիրառվել է 4-րդ դարից:

Մոսկովյան իշխանությունում Նոր տարին նշելու մասին տեղեկությունները վերաբերում են 15-րդ դարին: 15-րդ դարում Մոսկովյան իշխանությունը դեռ ոչ ոք «Русь-Ռուս» չէր համարում, իսկ իսկական Ռուսաստան համարվում էր Կիևյան Ռուսիան, Լիտվիական իշխանությունը, Պսկովի ու Նովգորոդի հանրապետությունները միավորող պետությունը: Լիտվական մեծ իշխանության սլավոնական բնակչությունն է դարձել արևելասլավոնական ժողովուրդների՝ բելոռուսների և ուկրաինացիների ձևավորման հենքը:

Русь-ում գոյություն ունեցող թեմերը ենթարկվել են Կիևի միտրոպոլիտին, որն էլ իր հերթին ենթարկվել է Կոստանդնուպոլսի պատրիարքին: 1299-ին Կիևի միտրոպոլիտի նստավայրը Կիևից փոխադրվում է Վլադիմիր-Զելեսկի, իսկ 1325-ին՝ Մոսկվա: Այսպիսով, միտրոպոլիտը հայտնվում է Ոսկե Հորդային ենթական տարածքում: Մինչև 15-րդ դարի վերջը Մոսկվայի իշխանությունը ենթարկվում էր Ջուչիի Ուլուսին (Ոսկե Հորդա): Խաները Մոսկվայի իշխաններին յառլիկներ էին տալիս: Այդ յառլիկները վկայությունն էին այն բանի, որ խանը համաձայն էր, որ տվյալ պաշտոնը տվյալ իշխանը զբաղեցնի: Յառլիկները վճռական նշանակություն են ունեցել հյուսիսարևելյան Русь-ի իշխանների բարձակալության համակարգում: Русь-ում Ոսկե Հորդայի նշանակած կառավարիչներին «ցար» են անվանել:

Պատմաբան Կարամզինը գրում է. «Իզյասլավ 2-րդը և Դմիտրի Դոնսկոյը «ցար» են անվանվել: Այս անունը լատինական Caesar-ի կրճատված ձևը չէ, ինչպես ոմանք անհիմն կարծում են, այլ հին արևելյան է, որը մեզանում ներմուծվել է Աստվածաշունչը սլավոներենի թարգմանելիս և որը տրվել է Բյուզանդիայի կայսրերին, իսկ նորագույն ժամանակներում՝ մոնղոլ խաներին. այն պարսիկների լեզվով գահի կամ գերագույն իշխանության նշանակություն է ունեցել: Այն նկատելի է նաև ասորական ու բաբելոնական միապետերի (Պալասար, Նաբոնասար և այլ) անուններում»: Կարամզինի «ապացույցը», ինչ խոսք, սիրողական է:

Ռուսական կենտրոնացված պետությունը ձևավորվեց մոսկովյան իշխան Իվան 4-րդ Ահեղի օրոք: Նրա օրոք է, որ Մոսկովյան իշխանությունը «Երրորդ Հռոմ» ինքնահռչակվեց, իսկ 1547-ին Իվան 4-րդը «ցար» տիտղոսն ընդունեց:

1118-ին Ռուսաստան ժամանած Կոնստանդնուպոլսի պատրիարք Երեմիա 2-րդը, Ֆեոդոր Իվանովիչ ցարի, նրա խորհրդական Բորիս Գոդունովի և Ռուսական եկեղեցու եպիսկոպոսների խնդրանքով, Մոսկվայի և ամբողջ Ռուսիայի պատրիարք է կարգում Հոբին: Ռուսական թագավորության մայրաքաղաքում պատրիարքության հիմնումով օրինականացվում է Մոսկովյան Մեծ իշխանության սահմաններում ռուսական եկեղեցու փաստական ինքնիշխանությունը: Այդ պահից սկսած Մոսկվայի միտրոպոլիտները փաստորեն կորցնում են գերիշխանությունը Կիևի թեմի նկատմամբ ու իրենք իրենց սկսում են անվանել «Մոսկվայի և համայն Ռուսիո միտրոպոլիտ»: Այդ ժամանակից ի վեր Ռուսական եկեղեցու իրավասության ներքո չեն արևմտառուսական թեմերը, որոնք մնացին Կիևի, Գալիցիայի և ամբողջ Русь-ի միտրոպոլիտին ենթակա՝ Կոնստանդնուպոլսի պատրիարքի բարձր իշխանության ներքո:

Մոսկովյան իշխանությունում մինչև 1492 թվականը Նոր տարին սկսվել է մարտի մեկից: Թվականության բյուզանգական համակարգի համաձայն՝ մարտի 1-ը, ապա սեպտեմբերի 1-ը, համարվել է «աշխարհի արարման» օր: 1492-ին Իվան 3-րդը նոր տարվա սկիզբը սեպտեմբերի 1 է տեղափոխում (ըստ Հուլյան օրացույցի): Ուղղափառ եկեղեցին սեպտեմբերի 1-ը հիշատակում է որպես Նազարեթ քաղաքի սինագոգում պատանի Հիսուսի կարդացած քարոզի օր: Ուղղափառների համոզմամբ՝ այդ օրը պատանի Հիսուսը սինագոգում կարդացել է Եսայու մարգարեության 61-րդ գլխի 1-2 ենթագլուխները «բարենպատեհ տարվա մասին» . «Եվ եկավ Նազարեթ, ուր որ մեծացել էր. և իր սովորության պես շաբաթ օրը ժողովարան մտավ, և կանգնեց որ կարդա: Եվ Եսայի մարգարեի գիրքը տվին նրան. Եվ երբ գիրքը բացեց՝ այն տեղը գտավ, ուր գրված էր. Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ. Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու, և կույրերին տեսողություն, խոցվածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու: Եվ գիրքը խփեց՝ պաշտոնեային տվավ, նստեց, և ժողովարանի մեջ ամենքի աչքերը նրան էին նայում: Եվ նա սկսեց ասել նրանց, թե Այսօր այս գիրքը կատարվեց ձեր ականջներում» (Ղուկաս 4: 16-22): Հիսուսի այս ընթերցումը Եսայի մարգարեից բյուզանդացիները համարել են նոր տարին տոնանշելու մասին ուղղակի ցուցում:

Նոր տարին սեպտեմբերի 1-ին տոնանշելը Ռուսաստանում շարունակվել է մինչև 1698 թվականը: 1697 թվականին Ռուսաստանից Արևմտյան Եվրոպա է ուղարկվում մի մեծ դեսպանություն, որի հիմնական նպատակն էր դաշնակիցներ գտնել Օսմանյան Թուրքիայի դեմ: Դեսպանության կազմում 250 մարդ կար, որոնց մեջ՝ նաև Պետրոս 1-ինը՝ Պրեոբրաժենսկի գնդի ուրյադնիկ Պյոտր Միխայլով անունով: Առաջին անգամ ռուսական ցարը ճանապարհորդության էր ելնում իր պետության սահմաններից դուրս: Արտասահմանում գտնվելու 15 ամիսների ընթացքում Պետրոս 1-ինը շատ բան է տեսնում ու շատ բան է սովորում: 1698-ի օգոստոսի 25-ին նա իր երկիր է վերադառնում և անմիջապես մեծ բարեփոխումների է ձեռնամուխ լինում: Ամենասկզբում նա կյանքի հինսլավոնական դրվածքը փոխում է արևմտաեվրոպականի: Հանկարծ միանգամից նա պալատում սկսում է կտրել բարձրաստիճան պաշտոնյաների մորուքները, և արդեն 1698-ի օգոստոսի 29-ին հրամանագիր է հրապարակում «Գերմանական զգեստ կրելու, մորուքն ու բեղերը սափրելու…մասին», որով սեպտեմբերի 1-ից արգելվում է մորուք պահելը:

«Ես ուզում եմ վերափոխել աշխարհիկ այծերին, այսինքն՝ քաղաքացիներին, և հոգևորականությանը, այսինքն՝ վանականներին ու տերտերներին: Առաջիններին՝ որպեսզի նրանք եվրոպացիների նման անմորուք ման գան, և երկրորդներին, որպեսզի նրանք, թեկուզ մորուքով, եկեղեցում հավատացյալներին ուսուցանեն քրիստոնեական բարեգործությունն այնպես, ինչպես ես տեսել ու լսել եմ գերմանացի քահանաներից»:

Ըստ ռուս-բյուզանդական օրացույցի՝ 7208 թվականը դառնում է 1700 թվական (ըստ Հուլյան օրացույցի): Պետրոս 1-ինը սահմանում է, որ Սուրբ Ծնունդի 8-րդ օրը (այսինքն՝ հունվարի 1-ը և ոչ թե սեպտեմբերի 1-ը՝ ինչպես եղել է մինչ այդ) պետք է տոնանշվի որպես Նոր տարի:

Բյուզանդական թվագրությամբ՝ Ռուսաստանում 7208թվականի (Ադամից սկսած) վերջին օրը դեկտեմբերի 31-ն է եղել: Պետրոսի հրամանով՝ 1700 թվականից Նոր տարին տոնանշվում և ժամանակագրությունը սկսում են, ինչպես Եվրոպայի այլ երկրներում, «Քրիստոսի ծննդից 8 օր անց, այսինքն՝ հունվարի առաջին օրից, և ոչ թե աշխարհի արարումից», ընդ որում՝ համաձայն Հուլյան օրացույցի:

Քաղվածք Պետրոս Առաջինի թիվ 1736 հրամանից

«7208 թվականի դեկտեմբերի 20-ին մեծ թագավոր ցար ու մեծ իշխան Պյոտր Ալեքսեևիչը…հրամայեց ասել.

Մեծ թագավորին հայտնի դարձավ, որ ոչ միայն եվրոպական քրիստոնեական շատ երկրներում, այլև սլավոնական այն ժողովուրդների մեջ, որոնք մեր արևելյան ուղղափառ եկեղեցու հետ ամեն ինչում համաձայն են, ինչպես վելոխները, մոլդավները, սերբերը, դալմաթները, բուլղարները և մեծ թագավորի հպատակներ չերկասներն ու բոլոր հույները, որոնցից է մեր ուղղափառ հավատն ընդունվել, այս բոլոր ժողովուրդները իրենց տարին հաշվում են Քրիստոսի ծննդից ութ օր անց, այսինքն՝ հունվարի առաջին օրը և ոչ թե աշխարհի արարման օրից: Այդ տարիների հաշվով քանի որ շատ տարաձայնություն կա և ներկայում Քրիստոսի ծննդից անցել է 1699 տարի և առաջիկա հունվարի առաջին օրից սկսվում է 1700 թվականն ու նոր հարյուրամյա դարը, հրամայեց այդ բարի և օգտակար գործի համար այսուհետ հրամաններում ու բոլոր գործերում տարին հաշվել Քրիստոսի ծննդյան 1700 տարվա հունվարի մեկից:

Եվ ի նշան այս բարի սկզբնավորման ու նոր հարյուրամյա դարի, թագավորական քաղաք Մոսկվայում Աստծուն պատշաճ երախտագիտություն հայտնելուց և եկեղեցում աղոթական երգասացությունից հետո, բոլոր մեծ ու նշանավոր փողոցներում, բոլոր անվանի մարդիկ ու հոգևոր և աշխարհիկ պաշտոն ունեցողները իրենց տների առաջ, դարպասներին սոճու, եղևնու և փշատերև ծառեր կամ ճյուղեր դնեն…»:

Ցարի հրամանով՝ 1700 թվականը Մոսկվայում տոնանշվում է յոթ օր: Տոնը պերճացնելու համար տնատերերը պարտավոր էին տների առջև փշատերև ծառեր դնել: Ամեն երեկո խեժի տակառներ են վառվել, հրթիռներ են արձակվել, Կրեմլի առջև 200 թնդանոթից կրակել են, իսկ մասնավոր պալատներում կրակել են փոքր թնդանոթներից: Այս ամենն արվել է գերմանական օրինակով:

Բայց 1700 թվականին եվրոպական պետությունների մեծ մասում արդեն Գրիգորյան օրացույցին էին անցել, այդ իսկ պատճառով Ռուսաստանը 1700 թվականի գալուստը եվրոպական երկրներից 10 օր ուշ նշեց, 1701-1800 թվականների գալուստը՝ 11 օր ուշ, 1801-1900 թվականների գալուստը՝ 12 օր ուշ, իսկ 1901-1918 թվականների գալուստը՝ 13 օր ուշ: 1918 թվականի փետրվարի 14-ին Խորհրդային Ռուսաստանում Գրիգորյան տոմարը ներմուծվեց, և 1919 թվականի գալուստն արդեն նոր օրացույցի համաձայն տեղի ունեցավ:

Մինչև 1582 թվականը բոլոր քրիստոնեական երկրներում ժամանակի հաշվարկը կատարվում էր ըստ Հուլյան օրացույցի, բայց քանի որ այն անկատար էր, բավականին զգալի սխալմունքի էր հանգեցրել: Կուտակված սխալը 1582 թվականին կազմել էր 10 օր (համեմատած իրական աստղագիտական ժամանակի) ու շարունակում էր աճել: Այդ իսկ պատճառով Հռոմի Գրիգորիոս 13-րդ պապը որոշում է կայացնում առավել ճշգրիտ օրացույցի անցնել, որն այժմ գործածվում է աշխարհի երկրների մեծ մասում և անվանվում է Գրիգորյան օրացույց: Անցումը հաջողությամբ իրականացվում է 1582 թվականի հոկտեմբերին (այլ երկրներում՝ ավելի ուշ): Գրիգորյան օրացույցին անցման ժամանակ սխալն ուղղվում է. օրացուցային 10 օրերը թվագրությունից «անհետանում են», և հոկտեմբերի 4-ին անմիջապես հաջորդում է հոկտեմբերի 15-ը: Ահա այդպես սկսվում է ժամանակի նոր, առավել ճշգրիտ հաշվարկը:

1583 թվականին Գրիգորիոս 13-րդ պապը Կոնստանդնուպոլսի պատրիարք Երեմիա 2-րդին նամակ է հղում՝ առաջարկելով ընդունել նոր օրացույցը և դրա հիման վրա կազմված նոր տոնացույցը: Երեմիա 2-րդը 1583-ի նոյեմբերի 20-ին ուղղափառ եկեղեցու մեծ ժողով է հրավիրում: Հույն բարձրաստիճան հոգևորականները «Սինգիլիոն» անվանյալ փաստաթուղթն են ստորագրում. այն դատապարտում ու բանադրում էր բոլոր նրանց, ովքեր կընդունեն Գրիգորյան օրացույցն ու Գրիգորյան տոնացույցը: Այս նույն փաստաթղթում ուղղափառ եկեղեցու պետերը բոլոր ուղղադավաններին կոչ էին անում հաստատուն մնալ ուղղափառ հավատի մեջ, արյան ու կյանքի գնով պաշտպանել ուղղափառության հավատո հանգանակը և չընդունել վերը նշված կաթոլիկական նորամուծությունները:

1593 թվականի փետրվարին Կոստանդնուպոլսի նոր ժողովը սահմանում է, որ Գրիգորյան տոնացույցը խաթարում է Առաջին տիեզերական ժողովի սահմանած կարգն ու առաքյալների 7 կանոնները՝ որոնց համաձայն քրիստոնեական Զատիկը պետք է կատարվի հրեական Զատիկից ու գարնանային գիշերահավասարից հետո ու միշտ` կիրակի օրը, այդ իսկ պատճառով Գրիգորյան տոնացույցի հետտևորդներին նորից բանադրում են:

Կոստանդնուպոլսի Երեմիա պատրիարքը հրաժարվում է անցնել նոր օրացույցի, և Ռուսաստանը, Կոստանդնուպոլսի եկեղեցական ժողովի որոշման համաձայն, «իր ճանապարհով է գնում» ՝ շարունակելով ապրել հին թվականությամբ, որը չէր համապատասխանում մնացյալ աշխարհի թվականությանը:

1924 թվականի մարտի 23-ին Կոստանդնուպոլսի պատրիարքությունը գործածության է առնում Նոր հուլյան տոմարը կամ օրացույցը: Արդյունքում, 15 ինքնավար ուղղափառ եկեղեցիներից 11-ը անշարժ տոներն սկսում են տոնանշել ըստ Նորհուլյան օրացույցի, որը մինչև 2800 թվականը համընկնելու է Գրիգորյան օրացույցին, բայց Զատիկը, առաջվա պես, ըստ Հուլյան օրացույցի: Ռուսական, Երուսաղեմի, Վրացական ու Սերբական ուղղափառ եկեղեցիներն ու Աֆոնի մենաստանները անշարժ տոները նշելու համար օգտվում են հնացած Հուլյան օրացույցից:

1923-ի հոկտեմբերի 15-ին պատրիարք Տիխոնը որոշում է եկեղեցիներում գործածել Նոր հուլյան օրացույցը: Բայց այս նորամուծությունը ռուսական եկեղեցու դժգոհությունն է հարուցում: Այդ իսկ պատճառով 1923-ի նոյեմբերի 8-ին Տիխոնը կարգադրում է նոր օրացույցի պարտադիր գործածումը ժամանակավորապես կասեցնել: Այսպիսով, նոր տոմարը Ռուս ուղղափառ եկեղեցում ընդամենը 24 օր է գործում:

Ռուս ուղղափառ եկեղեցին (հետագայում՝ Ուղղափառ եկեղեցի) պաշտոնապես առաջացել է 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո: 1922-ից 1926 թվականներին Ռուս ուղղափառ եկեղեցին եղել է Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության պաշտոնապես ճանաչած միակ ուղղափառ եկեղեցական կազմակերպությունը (1926 թվականին այդպիսի երկրորդ կազմակերպություն դարձավ Գրիգորյանական բարձրագույն եկեղեցական խորհուրդը):

Հունական եկեղեցու պետերի որոշմամբ՝ Ռուսաստանը մինչև 1918 թվականը շարունակում էր ապրել ըստ Հին տոմարի, որն իրականության հետ ոչ մի կապ չուներ: 20-րդ դարի սկզբին շեղումն արդեն 13 օր էր կազմում. Ռուսաստանը Սուրբ Ծնունդը շարունակում էր նշել դեկտեմբերի 25-ին, իսկ Նոր տարին՝ հունվարի 1-ին՝ ըստ Հին տոմարի, իսկ Գրիգորյան տոմարը գործածող երկրներում այդ ամսաթվերը համընկնում էին՝ համապատասխանաբար, հունվարի 7-ին և 13-ին: Բոլշևիկների որոշմամբ` Նոր տոմարին անցումը, որն արդեն համընկնում էր եվրոպականին, տեղի է ունենում 1919 թվականին: Բացի այդ, ծնունդ է առնում նաև «Հին նոր տարի» անվանյալը, որը նշվում է հունվարի 14-ին: Այդ ժամանակ արդեն Նոր տարին վերածվել էր զուտ աշխարհիկ տոնի, իսկ Սուրբ Ծնունդը՝ զուտ եկեղեցական տոնի:

Մինչև 1919 թվականը ուղղափառ Սուրբ Ծնունդը տոնվել է Նոր տարուց առաջ, և ոչ թե հետո՝ ինչպես այժմ, այդ իսկ պատճառով էլ զարդարուն եղևնին Սուրբ Ծնունդից մինչև Նոր տարի դրված է մնացել ու հանդիսացել է միաժամանակ և՛ ամանորյա, և՛ Սուրբ Ծնունդի խորհրդանիշ: Այս կարգը ԽՍՀՄ-ում պահպանվել է նույնիսկ Գրիգորյան տոմարի անցնելուց հետո՝ ընդհուպ 1929 թվականը:

Հին Նոր տարին (Նոր տարին ըստ Հուլյան տոմարի), Ռուսաստանում և ամբողջ աշխարհում ընդունված Գրիգորյան օրացույցի համաձայն, սկսվում է հունվարի 13-14-ի գիշերը:

Ռուս ուղղափառ եկեղեցին Հին Նոր տարվա առաջին օրը նշում է որպես Տիրոջ Թլպատման մեծ տոն, որպես ռուս ուղղափառ եկեղեցու 12 կարևորագույն տոներից երկրորդը, և որպեսզի ավելի քիչ հիշատակվի հրեական թլպատման մասին, այդ օրը նշվում է որպես Բարսեղ Մեծ Կեսարացու մահվան օր, թեպետ նրա հիշատակի համար ուղղափառ եկեղեցին սահմանած ունի Տաճարական տոնը՝ կամ «Երեք լուսատուների տաճար» անվանյալ տոնը:

Հին Նոր տարին եկեղեցական նոր տարի չի համարվում, որը տոնվում է սեպտեմբերի 14-ին կամ հին կարգով՝ սեպտեմբերի 1-ին: Եկեղեցական Նոր տարին ուղղափառ եկեղեցին հիշատակում է որպես այն օրը, երբ Հիսուս Քրիստոսը Նազարեթի սինագոգում կարդում է Եսայու մարգարեությունը «բարեպատեհ տարվա մասին» (Ղուկաս 4: 16-22): Քրիստոսի այս ընթերցման մեջ բյուզանդացիները «տեսել են» Նրա ցուցումը նոր տարվա օրը տոնանշալու մասին: Ավանդությունն այս ընթերցումը վերագրում է սեպտեմբերի 1-ին: Բարսեղ 2-րդի «Մենախոսություն» -ում ասվում է. «Այդ ժամանակից Նա մեզ՝ քրիստոնյաներիս, ընծայեց այդ սուրբ տոնը»: Եվ առ այսօր Ռուս ուղղափառ եկեղեցում պատարագի ժամանակ ընթերցվում է Հիսուսի հենց այդ քարոզը:

Պետրոս 1-ինի հրամանը` Քրիստոսի ծննդյան տոնից ութ օր անց Նոր տարին տոնանշելու մասին, Ռուս ուղղափառ եկեղեցու համար պարտադիր չի համարվել: Բոլշևիկների դեկրետը («Ռուսաստանում գրեթե բոլոր կուլտուրական ժողովուրդների նման ժամանակի հաշվառում հաստատելու մասին») նույնպես հաշվի չի առնվել: Կարծես թե պատրիարք Տիխոնի 1923 թվականի նոյեմբերի 8-ի կարգադրությունը («եկեղեցական կիրառման համար նոր տոմարը ամենուրեք և պարտադիր կերպով ներդնելու որոշման իրականացումը ժամանակավորապես հետաձգելու մասին») Ռուս ուղղափառ եկեղեցին որոշել է իրականացնել մինչև Քրիստոսի Երկրորդ գալուստը, այսինքն` չիրականացնել:

1918-ին Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը որոշում է ընդունում ուրիշ երկրների օրացույցներին համընկնող ռեալ աստղագիտական օրացույցի անցնելու մասին: Պետությունից արդեն անջատված Ռուս ուղղափառ եկեղեցին որոշում է հավատարիմ մնալ Հին տոմարին: Հետազոտողներն այս որոշման երկու պատճառ են տեսնում՝ բոլշևիկներին հակադրվելու ցանկություն, և մեկ էլ այն, որ Գրիգորյան տոմարի դեպքում Զատիկը կարող է, թեպետ շատ հազվադեպ, համընկնել հրեական Զատիկին, որն անընդունելի է եղել Ռուս ուղղափառ եկեղեցու համար՝ այս եկեղեցում ավանդաբար տիրապետող թավշյա հակահրեականության պատճառով, որն առկա է առ այսօր:

Արդի օրացույցին անցնելու հարցն այդ ժամանակից ի վեր բազմիցս քննարկվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդների կողմից և ուժգին տարաձայնություններ է հարուցել, բայց առ այսօր փոփոխություն տեղի չի ունեցել, չնայած այն հանգամանքին, որ ռուսական Սուրբ Ծնունդն էլ ավելի է հեռանում իր նախաքրիստոնեական ակունքից (դեկտեմբերի 21-22-ի ձմեռային արևադարձի օրը համարվել է «ձմեռային նոր արևի ծննդի օր»), չի համընկնում նաև քրիստոնեական մյուս երկրների (ներառյալ ուղղափառ երկրների մեծամասնության) օրացույցներին, իսկ Նոր տարին համընկնում է Մեծ Պահքի ժամանակին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8064 | 0 | 0
Facebook