Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չինաստանը՝ չին դպրոցականների քարտեզներում, կամ՝ «Մենք աճող ազգ ենք, և վաղ, թե ուշ այդտեղ գալու ենք»

19:28, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Չինաստանը՝ չին դպրոցականների քարտեզներում, կամ՝ «Մենք աճող ազգ ենք, և վաղ, թե ուշ այդտեղ գալու ենք»

Համաձայն չինական քարտեզների՝ Ռուսաստանի ամբողջ Հեռավոր Արևելքը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածք է, իսկ Չինաստանի պատմության պաշտոնական դասագրքերը հաստատում են, որ «Սիբիրը Չինաստանի՝ ժամանակավորապես կորսված տարածք է»:


     Սա Չինաստանի պատմությանը վերաբերող ատլասներից վերցված քարտեզ է, որը ծառայում է հարյուր միլիոնավոր չինացի աշակերտների ուսուցմանը: Նայելով Չինաստանի երբեմնի տարածքները ներկայացնող այս քարտեզին՝ նույնիսկ անտեղյակը կհասկանա, թե ինչու են «Սիբիրյան» հորջորջվող խոհանոցի բոլոր համեղ կերակուրները, օրինակ, պելմենիները, իրականում չինական ավանդական խոհանոցի կերակուրներ, և թե ինչու դրանք կարելի է պատվիրել Չինաստանի ցանկացած ռեստորանում, թե ինչու են Սիբիրի և Ուրալից դեպի արևելք ապրող բնիկ ժողովուրդներն ավելի շատ չինացու նման, թե ինչու են չինացիները դիմանում սառնամանիքին և առանց դժվարության կարող են ապրել ու աշխատել հավերժական սառածության գոտում ու ծայր Հյուսիսում:

«Ռուսաստանյան կայսրությունը, օգտվելով Չինաստանի թուլությունից և Անգլիայի ու Ֆրանսիայի կողմից նրա տարածքի մի մասի բռնազավթումից, զենքի ուժով, ստորաբար զավթեց Չինաստանի տարածքները, յուրացրեց Չինաստանի՝ 1, 5 միլիոն քառակուսի կիլոմետրից ավելի կազմող հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան երկրամասերը»: Սա քաղվածք է չինական դպրոցի 8-րդ դասարանցու պատմության դասագրքից: Այն ունի շատ պերճախոս վերնագիր՝ «Ռուսաստանի ավազակային վարքը»: Այս վերնագրի ներքո գրված է նաև «Չինաստանի հյուսիային տարածքների» ՝ Պրիմորիեի, Խաբարովսկի երկրամասերի մասին, որոնք Ռուսաստանը հափշտակել է Չինաստանից:

«Մեր ընդհանուր տունն Ալթայն է» անունը կրող տարածաշրջանային կազմակերպության աջակցությամբ պարբերաբար կազմակերպվում են ուսանողական միջազգային հանդիպումներ, որին մասնակցում են ուսանողներ Ռուսաստանից, Չինաստանից, Ղազախստանից և Մոնղոլիայից: 2006 թվականի հունիսի 6-ին Ալթայի պետական ագրարային համալսարանի դասախոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Անդրեյ Իվանովը հաղորդում է, թե չինական դասագրքերում Արևմտյան Սիբիրը՝ ընդհուպ Տոմսկի մարզ, ներկայացվում է որպես Չինաստանի «կորսված տարածք»:

Ըստ պրոֆեսորի ասածի՝ վերը նշված հանդիպումներից մեկին մասնակցած ռուս ուսանողուհին իր մտավախությունն է արտահայտել չինացիների հնարավոր էքսպանսիայի վերաբերյալ, որին չին ուսանողուհին պատասխանել է, թե այդ հեռանկարին պետք է հանգիստ վերաբերվել: «Մենք աճող ազգ ենք, և վաղ, թե ուշ այդտեղ գալու ենք»: «Ավելի ուշ պարզվեց, - գրում է Իվանովը, - որ Չինաստանի պատմության դասագրքերում ասված է, թե Արևմտյան Սիբիրը ժամանակավորապես կորսված չինական տարածք է»:

Չինաստանը համարում է, որ Ցին կայսրության թուլության հետևանքով 1858 և 1860 թվականներին Ռուսաստանին անցած տարածքները «անհավասար պայմանագրեր» -ի արգասիք են: Ռուս-չինական սահմանը վերջնական հաստատվել է 2008-ին, բայց Ռուսաստանում շարունակում են անհանգստանալ Չինաստանի քողարկված տարածքային պահանջատիրության հանդեպ:

Իհարկե, չինական պաշտոնական քարտեզներում Չինաստանի հավակնությունները Սիբիրի ու Հեռավոր Արևելքի նկատմամբ չեն արտացոլվում: Բայց չէ՞որ Ռուսաստանն էլ նույնիսկ 2013 թվականին որևէ կերպ չի արտահայտել իր հավակնությունը Ղրիմի ու Նովոռոսիայի նկատմամբ: «Հանրաքվեն» Ղրիմում ու նրա «վերամիավորումը» Ռուսաստանին տեղի ունեցավ ընդամենը 2-3 շաբաթվա ընթացքում: Բայց Չինաստանը պատրաստ է «ժամանակավորապես կորսված իր տարածքները» վերադարձնելու վրա մի քիչ ավելի ժամանակ ծախսել:

Ղրիմը Ռուսաստանին միացնելուց ու արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո, երբ Ռուսաստանը դուրս մղվեց «Մեծ ութնյակ» -ից, ռուսաստանցիների 81 տոկոսը հայտարարեց, թե Չինաստանի ղեկավարությունը բարեկամաբար է վերաբերվում Ռուսաստանին՝ Չինաստանին առաջին տեղը հատկացնելով Ռուսաստանի նկատմամբ բարյացկամորեն տրամադրված երկրների շարքում: Նույնիսկ Բելոռուսն էր իր տեղը զիջել Չինաստանին: Իսկ իրականում Չինաստանը կրճատեց իր ներդրումները Ռուսաստանում՝ համարելով, որ ներկա Ռուսաստանի հետ համագործակցությունը վաղաժամ է: 2015-ի դեկտեմբերի սկզբին ԳԼՕՆԱՍՍ-ի ղեկավար Ալեքսանդր Գուրկոն դժգոհեց, թե Ռուսաստանի առջև արևմտյան շուկաները փակվելուց հետո չինացիները 3-4 անգամ թանկացրել են ԳԼՕՆԱՍՍ-ի համակարգի համար էլեկտրոնային բաղադրիչների գները: Չինաստանը Ռուսաստանին թույլ տվեց իր երկիր արտահանել միայն որոշակի շրջանների հացահատիկը՝ այն էլ միայն պարկերով: Դա արտահանումը թանկացրեց, ու այն դարձավ նվազ շահավետ՝ Չինաստանի մյուս մատակարարների համեմատ Ռուսաստանին դնելով անհավասար պայմանների մեջ: Չինաստանի առևտրային գործընկերների մեջ Ռուսաստանն ընդամենը 15-րդ տեղում է: 2015 թվականի արդյունքներով՝ Ռուսատանի ու Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 27, 8 տոկոսով՝ կազմելով 422, 7 մլրդ յուան (62, 4 մլրդ դոլար): Չինական ապրանքների արտահանումը Ռուսաստան 2015-ին նվազեց 34, 4 տոկոսով, իսկ ռուսական արտադրանքի արտանանումը Չինաստան՝ 19, 1 տոկոսով: Եթե 2014-ին Չինաստանի արտաքին ատևտրային հաշվեկշռում Ռուսաստանի բաժինը 2, 2 տոկոս էր, ապա 2015-ին այն կազմեց 1, 65 տոկոս:

Ռուբլու թուլանալու պատճառով ներդրումների լավ հնարավորություն ստեղծվեց, որովհետև էժանացան աշխատուժն ու անշարժ գույքը: «Ակնառու է, որ Ռուսաստանը չինացիների ուշադրության կենտրոնում չէ, - նշել է Եվրասիական բանկի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը: - ԱՊՀ երկրներում Չինաստանի կատարած 27 միլիարդ ներդրումներից միայն 3, 4 միլիարդն է Ռուսաստանին բաժին հասել, իսկ Ղազախստանում Չինաստանը 2015-ին 23, 6 միլիարդ է ներդրել»: Ղազախստանում չինացիները ներդրում են կատարում նախ և առաջ հանքարդյունահանման և իրենց տրանսպորտային ինֆրակառուցվածքների ստեղծման ոլորտներում: Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին, որը հաստատում է Լեոնիդ Միխելսոնի օրինակը: «Սիբուռ» -ի և «Նովատէկ» -ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը 2015-ի դեկտեմբերին չինական «Սինոփսիս» -ին 1, 3 միլիարդ դոլարով վաճառեց ռուսական խոշորագույն նավքաքիմիական կոնցեռնը՝ «Սիբուռ» -ը: «Մետաքսի ճանապարհ» չինական հիմնադրամը գնեց Միխելսոնին պատկանող «Յամալ» -ի բաժնետոմսերի 9, 9 տոկոսը:

Պեկինում ոչ ոք չի պատրաստվում շեշտը դնել ռուս-չինական դաշինքի վրա: Այստեղից էլ բխում է ռուսաստանցիների հիասթափությունն այն բանից, որ Չինաստանը ոչ միայն չճանաչեց Ղրիմի միացումը Ռուսաստանին, այլև հայտարարեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը հարգելու մասին ու նույնիսկ 3, 6 միլիարդ դոլար հատկացրեց այդ երկրին, որպեսզի նա կարողանա բնական գազին փոխարինող ծրագրեր իրականացնել:

«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի համար հիմա դժվարին շրջան է: Առաջվա պես, նավթադոլարները կազմում են Ռուսաստանի Դաշնության տնտեսության կարևոր բաղկացուցիչը: Տնտեսական զարգացման նախարարությունը հույս ուներ, որ նավթի մեկ տակառի համար 40 դոլար գնի դեպքում Ռուսաստանի ՀՆԱ-ն 5 տոկոսով կնվազի: Ընդ որում, Ռուսաստանի Ֆինանսների նախարարության հաշվարկով, Ռուսաստանի բյուջեն 3 տրիլիոն ռուբլու պակասորդ կունենա: Բայց ամենալուրջ մարտահրավերները դրանում չեն թաքնված: Չինացի վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանի ֆինանսատնտեսական անկայունության գլխավոր պատճառներից մեկը տնտեսության կառուցվածքային ճգնաժամն է, որն սկսվել է դեռ 2012 թվականից: Դրա հիմքում երկրի տնտեսության ապաինդուստրալիզացումն է ու գյուղատնտեսության անկումը, իսկ դրա ավարտից հետո, որպես կանոն, անհնար է դառնում վերամշակող արդյունաբերության ու ագրարային հատվածի արագ վերականգնումը», - գրում է «Սինխուա» -ն:

Չինաստանի ժամանակակից միջազգային հարաբերությունների ակադեմիայի Ռուսաստանի ինստիտուտի տնօրեն Ֆեն Յույցզյունը համարում է, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանը մտել է դարասկզբից ի վեր ամենալուրջ ռազմավարական փակուղի: Նավթի գների կտրուկ անկման ու արևմտյան խիստ պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանը մուտք է գործել դեպրեսիայի պարբերաշրջան:

Չինաստանի հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ ոչնչով չի տարբերվում բնական ռեսուրսներով հարուստ աֆրիկյան կամ հարավամերիկյան պետությունների նկատմամբ նրա հետաքրքրությունից: Հիմա Ռուսաստան է մտնում Չինաստանի բոլոր օտարերկրյա ներդրումների ընդամենը 0, 7 տոկոսը (Եվրոպական Միության ներդրումներից 15 անգամ պակաս): Այս չափաբաժինը կարող է որոշ չափով փոխվել, եթե նավթագազային ռազմավարական հանքաշերտերի բաժնետոմսերի վերահսկիչ ծրարները վաճառվեն չինացիներին: Բայց այդ դեպքում Ռուսաստանը կվերածվի Չինաստանի հումքային կցորդի, բացի այդ, քիչ բանով կտարբերվի Աֆրիկայից, որտեղ, տարբեր գնահատումների համաձայն, օգտակար հանածոների հանույթի համար չինացիները 9-12 միլիարդ դոլար են ներդրել, կամ Լատինական Ամերիկայի երկրներից, որոնցում 20-25 միլիարդ դոլար է ներդրվել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11473 | 0 | 0
Facebook