Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Ինչպես են Մոնտենեգրոյում «Նովոռոսիա» կառուցել

22:50, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
Ինչպես են Մոնտենեգրոյում «Նովոռոսիա» կառուցել

Այս ամսվա սկզբին Մոնտենեգրոյի գլխավոր հատուկ դատախազ Միլիվոյ Կոտնիչն հայտարարեց, թե «ռուս ազգայնականների» խումբը ծրագրել էր սպանել երկրի վարչապետին և օգնել ընդդիմադիր կուսակցություններին՝ գրավելու խորհրդարանը: Դատախազությունը փաստերով ապացուցում էր, որ դավադիրների խումբը ձևավորվել է Մոնտենեգրոյի, Սերբիայի և Ռուսաստանի տարածքներում և ծրագրել է կատարել ահաբեկչական գործողություն, ընդ որում հենց ռուսաստանցիներն են եղել կազմակերպիչները: Կոտնիչը հավելել էր, թե այդ ահաբեկչական խմբի գործունեությանը Ռուսաստանի իշխանությունների մասնակցության մասին փաստեր դատախազությունը չունի: Պուտինի խոսնակ Պեսկովն անմիջապես հայտարարեց, թե «ինքը բացառում է անօրինական գործողություններին Ռուսասատանի պաշտոնական մասնակցությունը»: Պեսկովը չճշգրտեց, արդյո՞ք դա նշանակում է, որ նա հնարավոր է համարում «ոչ պաշտոնական մասնակցությունը»: «The Insider» -ը պարզել է, թե ովքեր են մասնակցել հեղաշրջման այդ փորձին, ինչ առնչություն են նրանք ունեցել Դոնբասի պատերազմին ու ազգայնական կազմակերպությունների գործունեությանը:


     Համաձայն դատախազության տվյալների` հեղաշրջման փորձը պետք է իրականացվեր հոկտեմբերի 16-ին` խորհրդարանական ընտրությունների օրը, որում հաղթեց վարչապետ Միլո Ջուկանովիչի գլխավորած կառավարող կուսակցությունը: Ջուկանովիչը ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցության կողմնակից է: Համաձայն դատախազության տվյալների` հենց ՆԱՏՕ-ին անդամակցելու հանգամանքն է եղել դավադիրների գործողությունների հիմնական պատճառը: Ոստիկանական համազգեստ հագած դավադիրները պետք է կրակ բացեին ռուսական կողմնորոշում ունեցող ցուցարարների վրա ու հրահրեին խորհրդարանի ու պետական այլ հիմնարկների գրոհով առումը: Նախատեսվել էր Ջուկանովիչին սպանել: Մոնտենեգրոյի ոստիկանությունը ձերբակալում է 21 մարդու (հետագայում դրանց մի մասն ազատ է արձակվում), որոնք բոլորն էլ Սերբիայի քաղաքացի են հանդիսացել: Գործի քննության մեջ ներառված է Ռուսաստանի երկու քաղաքացի, որոնք որոշ ժամանակ գտնվել են Սերբիայի իշխանությունների հսկողության ներքո, հետո երկրից արտաքսվել են:

Ջուկանովիչի հակառակորդներն այս ամենը բեմականացում են համարել: Ոմանք հարցրել են, թե «ահաբեկչական գործողության» սպառնալիքի պայմաններում Ջուկանովիչն ինչո՞ւ չի դիմել ՆԱՏՕ-ի օգնությանը և ինչո՞ւ պաշտոնանկ չի արել ոստիկանության ու հատուկ ծառայությունների ղեկավարներին:

Այս ընթացքում Մոսկվան (արտաքին գործերի նախարարության ու «Միասնական Ռուսաստան» կուսակցության մակարդակով) չի թաքցրել Մոնտենեգրոյում իշխանափոխության իր ցանկության մասին: Դա այս երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցելուց հեռու պահելու վերջին շանսն է եղել, որովհետև նախատեսված է, որ այն տեղի է ունենալու 2017-ին: Մոնտենեգրոյի ընդդիմության մի մասը դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին անդամակցությանը կամ էլ պահանջել է այդ հարցով հանրաքվե անցկացնել: Ոչ պաշտոնական մակարդակով Ռուսաստանը փորձում է «իրեն հեռու պահել» Մոնտենեգրոյում տեղի ունեցող գործընթացներից:


     Ի՞նչ է հայտնի հեղաշրջման փորձի մասին


     Դավադիրներին մատնել է խմբի անդամներից մեկը` Կոսովոյի հյուսիսային շրջաններից մեկի բնակիչ Միրկո Վելիմիրովիչը: Նա ոստիկանությանը պատմել է, որ 15 հազար եվրո է ստացել գործողության կազմակերպիչներից մեկից` «Նովոռոսիա» կազմակերպության զինյալ Ալեքսանդրա (Սաշա) Սինջելիչից, որպեսզի Մոնտենեգրո հասցնի 50 ինքնաձիգ, զինամթերք ու ոստիկանական համազգեստ:

Ընտրություններին նախորդող գիշերը այդ գործողությանը մասնակցության կասկածանքով ձերբակալվում է Սերբիայի 20 քաղաքացի, , դրանց թվում սերբական ժանդարմերիայի նախկին հրամանատար Բրատոսլավ Դիկիչը:

Մոնտենեգրոյի լրատվամիջոցների հաղորդման համաձայն` դավադիրներն իրար հետ հաղորդակցվել են շատ բարձր աստիճանի պաշտպանություն և հիշողության քարտի ինքնաոչնչացման մեխանիզմ ունեցող կապի միջոցներով: Այդ հեռախոսներից մեկը իբրև թե գտնվում է Ռուսաստանում, մյուս երկուսը` Սերբիայում և Մոնտենեգրոյում: Այն փաստը, որ իրապապահներին հաջողվել է ձեռք բերել խոսակցությունների ձայնագրությունները, իբրև թե վկայում է այն մասին, որ դավադրության բացահայտմանն օգնել է «արտասահմանյան հզոր հատուկ ծառայություն»:

«Մոնտենեգրոյի գործ» -ի լրացուցիչ մանրամասների մասին հոկտեմբերի 24-ին պատմել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը: Ըստ նրա ասածի` Սերբիայի տարածքում կալանվել են «Մոնտենեգրոյի դեմ ընդհատակյա գործողություններ նախապատրաստող անձինք, որոնք շուջօրյա հետախուզում են իրականացրել Ջուկանովիչի նկատմամբ»: Վուչիչը պատմել է «լուրջ ապացույցների» ու 125 հազար եվրո հայտնաբերելու մասին: Բացի այդ, Սերբիայի վարչապետը խոսել է նաև «արտասահմանյան բաղադրիչ» -ի մասին ու հերքել է Մոնտենեգրոյի դեմ գործողություններին Սերբիայի պետության մասնակացության մասին կասկածը:

Դավադրությանը պետք է մասնակցեր 500 մարդ: Նախատեսվել է խորհրդարանը գրավել հոկտեմբերի 16-ի երեկոյան, երբ իր հանրահավաքն է պատրաստվել անցկացնել Դեմոկրատական ճակատը, որը Մոնտենեգրոյի գլխավոր ընդդիմադիր ուժն է հանդիասացել: Այս ճակատի մեջ մտել են հիմնականում սերբական կուսակցություններ, որոնք ի սկզբանե տրամադրված են եղել չճանաչել ընտրությունների արդյունքները, եթե դրանք իրենց չգոհացնեն: Դեմոկրատական ճակատի առաջնորդներն իրենց քարոզչությունը կառուցել էին իրենց ղեկավար դերի մասին կարգախոսներով` Ջուկանովիչին կոչ անեով «հանձնվել, որովհետև նա շրջապատված է»:


     Ի՞նչ է հայտնի կազմակերպիչների մասին


     Ահաբեկչական գործողության երկու ենթադրյալ մասնակիցները դեռ ձերբակալված են: Տեղական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ Դիկիչը հերքել է բոլոր մեղադրանքները և պնդել, թե բանալիներն ու հեռախոսը իր գրպանն են գցել կալանավորման ժամանակ: Դիկիչը հացադուլ է հայտարարել, ու կան տեղեկություններ, թե նա ուռուցքային հիվանդություն ունի:

Դիկիչը սկսնակ քաղաքական գործիչ է: Վերջերս նա ստեղծել է ռուսաստանյան կողմնորոշում ունեցող «Սերբիայի հայրենասիրական շարժում» կազմակերպությունը: Նա ներկայանում է որպես ՆԱՏՕ-ի կոշտ հակառակորդ ու երկրի ռուսական կողմնորոշման ջատագով: Այս տարվա մարտին նա եղել է Մոսկվայում, որպեսզի հանդիպի «մարտական ընկերների» հետ և Ռուսաստանի անվտանգության օրգանների վետերան, Աֆղանստանի մարտական գործողությունների մասնակից ու «Եդինայա Ռոսիա» կուսակցության հասարակական միավորումների Կոնսուլտատիվ խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Մեցուլենկոյից վկայագիր է ստացել:

Մյուս կասկածյալը «Սերբական գայլեր» արմատական շարժման հիմնադիր Ալեքսանդր Սինջելիչն է: Մի որոշ ժամանակ նա կռվել է Ուկրաինայի արևելքում, որտեղ նրան փնտրում են որպես ահաբեկիչ: Փաստաբան Միլան Վույովիչը հաղորդել է, թե Սինջելիչն ինքնակամ է եկել Մոնտենեգրո: Մինչև կալանավորումը նա ամբողջովին ժխտել է դավադրությանն իր մասնակցությունը: Ըստ նրա խոսքերի՝ վերջին անգամ ինքը Մոնտենեգրոյում եղել է 2002-ին (նա այդ փաստը, ինչպես երևում է, բավարար ալիբի է համարում):

Սինջելիչին նաև համարում են «Սերբական գայլեր» ռադիոկայանի տերը, որի կայքում առատ են ռասիստական բնույթի նկարները: «Սերբական գայլեր» կազմակերպությունը ստեղծվել է 2008-ին՝ «սերբական շահերը ինչպես Սերբիայում, այնպես էլ օկուպացված տարածքներում պաշտպանելու և սերբ ժողովրդին հրեշացնելու դեմ պայքարելու համար»: Այդ ժամանակ Սինջելիչը գրում էր, թե զբաղվելու է մշակութային ու մարդասիրական գործունեությամբ ու աջակցելու է «սերբական օջախները» պաշտպանելու ժամանակ զոհվածների ընտանիքներին: Նա ծրագրել էր «Սերբական գայլեր» -ը վերածել կուսակցության, իսկ վերջնական նպատակ էր հայտարարել «Միասնական, ուժեղ և անկախ Սերբիայի ստեղծումը»: Կազմակերպության վերացման դեպքում Սինջելիչը բոլոր փողերն ու գույքը «կտակում էր» սերբական ուղղափառ եկեղեցուն: «Սերբական գայլեր» -ի կարգախոսն է՝ «Աստծուն հավատալով՝ դեպի սերբական բոլոր հողերի ազատագրում. Կեցցե՛ Սերբիան»: «Սերբական գայլեր» -ի ֆեյսբուքյան փակ էջում 2300-ից ավելի մասնակից կա: Սինջելիչն իր էջում, որը վերջերս չի նորացվում, հրապարակել է «Նովոռոսիայի նորություններ», հակաուկրաինական և հակաամերիկյան հաղորդագրություններ:

«Թվիթեր» -ում Սանջելիչն իրեն ներկայացնում է որպես «վնասատուներ ոչնչացնող»: Այստեղ նա նաև գովազդում է 2014-ին նկարահանած իր փաստագրական ֆիլմը, որտեղ հարցազրույցներ է վարում «Նովոռոս» -ի այլ ռազմիկների հետ չետնիկ Բրասիսլավ Ժիվկովիչի կատարած մեքենայությունների մասին: Սրա միջոցով, ինչպես ենթադրվում է, Ուկրաինայի արևելք է մեկնել սերբ վարձկանների հիմնական մասը (ընդհանուր առմամբ, Ուկրաինայի արևելքում մղվող մարտերին մասնակցել է շուրջ 250 սերբ): Ժիվկովիչը Սինջելիչն անվանում է սերբական գաղտնի ոստիկանության աշխատակից՝ պնդելով, թե նա իբր համակարգում աշխատել է դեռ 10 տարի առաջ, երբ գտնվել է Նիշ քաղաքի բանտում:

Չի բացառված, որ հենց բանտում է Սինջելիչը կապ հաստատել Դիկիչի հետ: Լինելով ժանդարմերիայի ղեկավար՝ Դիկիչն է ճնշել բանտարկյալների այն խռովությունը, որը կազմակերպել էր Սինջելիչը:


     Ռուսական հետքը


     Ռուսաստանի արտգործնախարարությունը փորձեց հերքել Ռուսաստանի քաղաքացիների արտաքսումը Սերբիայից՝ հղում անելով Սերբիայի նախագահ Վուչիչին: Մինչդեռ Վուչիչն այդպիսի բան չէր ասել:

Բայց և այնպես Վուչիչը հստակ հասկացրել էր, թե «արտասահմանյան գործոնը» Սերբիայի տարածքն օգտագործել է Մոնտենեգրոյի իշխանությունների դեմ անօրինական գործողության նախապատրաստման համար: Սերբիայի ծրագրերի մեջ ամենևին չէր մտնում իր հարևանի հետ հարաբերությունների վատացումը, և դրսից այդ միջամտությունը Սերբիայի իշխանության հիացմունքը չէր վայելում:

Մոնտենեգրոյի հարցերով ռուսաստանյան հիմնական խոսնակը վերջին ամիսներին դարձել էր «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարներից մեկը՝ Սերգեյ Ժելեզնյակը: Նա Մոսկվայում ընդունել է «Դեմոկրատական ճակատ» -ի առաջնորդներին, նրանց «բարեկամներ» է անվանել ու Մոնտենեգրոյի ընդդիմությանը միավորման կոչ է արել: Այս տարվա գարնանը «Եդինայա Ռոսիա» -ն մի քանի ընդդիմադիր կուսակցությունների հետ հռչակագիր է ստորագրել տարածաշրջանում «Սերբիայի, Մոնտենեգրոյի, Մակեդոնիայի, Բուսնիայի ու Հերցոգովինայի մասնակցությամբ չեզոք պետությունների տարածք ձևավորելու մասին»: Ընտրություններից հետո Ժելեզնյակն իր աջակցությունն հայտնեց Մոնտենեգրոյի ընդդիմության որոշմանը՝ ընտրության արդյունքները չճանաչելու մասին: Այս տարվա ընթացքում «Եդինայա Ռոսիայի» անդամները Մոնտենեգրոյին առնչվող շուրջ 20 հայտարարություն են հրապարակել:

Մոնտենեգրոյին սետորեն առնչվող մյուս հայտնի անձը գեներալ-լեյտենանտ Ռեշետնիկովն է, որը 1976-ից մինչև 2009 թվականը ծառայել է արտաքին հետախուզությունում: Նրան «Բալկանների նահանգապետ» մականունն են տվել, ու համարում են, որ այս տարածաշրջանում Ռուսաստանի ներկա քաղաքականության համահեղինակներից մեկը նա է: Ռեշետնիկովի անվան հետ են կապում Բալկաններում Ռուսաստանի ակտիվության վերջին տարիների աճը (հատկապես Ռոսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում բելգրադյան բաժանմունքի բացումից հետո): Իրենց հայտարարություններում Ռուսատանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարները հաճախ ակնարկել են, թե պատերազմը Բալկաններում դեռ չի ավարտվել, որ սահմանները դրսից պարտադրվել են՝ ի վնաս սերբ ժողովրդի, որը, ինչպես ռուս ժողովուրդը (նկատի ունեն Դոնբասն ու այլ երկրների՝ ռուսներով բնակեցված տարածքները) բաժան-բաժան է արված:

Հետաքրքիր զուգադիպություն. հեղաշրջման ձախողված փորձից շատ չանցած, նոյեմբերի 2-ին, հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինի հրամանով Լեոնիդ Ռեշետնիկովն ազատվել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնից, և այդ պաշտոնին է նշանակվել Միխայիլ Ֆրադկովը:

Ռեշեկտնիկովն ակտիվորեն քարոզել է Մոնտենեգրոյի իշխանությունների դեմ՝ կանխատեսելով իրադարձությունների բացասական ընթացք ՆԱՏՕ-ին անդամագրվելու դեպքում: «Եթե չհաջողվի Ջուկանովիչի կուսակցությանը հեռացնել իշխանությունից, ապա առաջիկա մեկ-երկու ամսում Մոնտենեգրոն քայլ կանի դեպի անդունդ», - «Ցարգրադ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռեշետնիկովը: Այս հեռուստաալիքը պատկանում է «ուղղափառ միլիոնատեր» Կոնստանդին Մալոֆեևին, այն նույն Մալոֆեևին, որն այնքան կարևոր դեր խաղաց Ուկրաինա ներխուժելու գործում:

Մալոֆեևի հեռուստաալիքը համոզմունք հայտնեց, թե «եթե ընտրության արդյունքները չկեղծվեն, ընդդիմությունը կհաղթի», իսկ եթե ընդդիմությունը պարտվի «Մոնտենեգրոն կհայտնվի Ռուսաստանի թշնամիների շարքում»: Հենց այս հեռուստաալիքի միջոցով է վերջին ամիսներին ամենակատաղի հարձակողական քարոզչություն իրականացվել Ջուկանովիչի դեմ, որին մասնակցել են «Դեմոկրատական ճակատ» -ի առաջնորդները: Մոնտենեգրոյի ղեկավարին եռանդագին մերկացնող մյուս ճակատը դա «Ռոսիա սեգոդնյա» պետական կազմակերպության կազմի մեջ մտնող «Սպուտնիկ» ընկերությունն է: Ընտրությունների նախօրեին էլ ՏԱՍՍ-ը, իր հերթին, իր ընթերցողներին «նախազգուշացրեց» քվեարկության արդյունքների «կեղծման» մասին՝ վկայակոչելով գոյություն չունեցող լրատվական գործակալության:

Ուկրաինայի անջատողական զինյալներին, Բալկանների արմատական ուժերին ֆինանսավորելու մեջ կասկածվող Մալոֆեևի մասի Մոնտենեգրոյում խոսեցին նախորդ տարվա գարնանը, երբ նա կազմակերպեց սրբազան կրակի «ժամանումը» Ցետինայի մենաստան: Այստեղ նա արժանացավ Մոնտենեգրոյի մետրոպոլիտ Ամֆիլոքիի օրհնությանը, որը «արմատական քաղաքական թիմի» շատ ազդեցիկ անդամի համարում է ձեռք բերել:

Այս հոգևորականին հաճախ «փարաջայավոր զինվոր» են անվանում: Նա սերբական մեծապետական ազգայնականության դիրքերում է, ժխտում է մոնտենեգրոական ազգի ու պետականության գոյությունը և եվրոպական ինտեգրացիայի դեմ է հանդես գալիս: Հարավսլավիայի փլուզման տարիներին նա սերտ կապեր էր պահպանում Բոսնիայի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչի (որին Հաագայի դատարանը ցեղասպանության համար դատապարտեց) և սերբական կամավորական բրիգադի հրամանատար Ժելկո Ռաժնատովիչի (որին 2000 թվականին Բելգրադում սպանեցին) հետ: Այս հոգևորականը բացահայտորեն ՆԱՏՕ-ն ահաբեկչական կազմակերպություն է անվանում և հայտարարում է, թե մոնտենեգրոցիները ոչ մի դեպքում չպիտի միանան դրան:


     Ո՞վ է օգնում Բալկաններում «Նովոռոսիա» կառուցելուն


     Բալկաններում Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը տարածաշրջանում լուրջ վեճեր է հարուցում: Ռուսական կառույցները զարգացնում են կապերը բարեկամական կուսակցությունների ու պահպանողական կազմակերպությունների հետ, և հաճախ հնարավոր չի լինում պարզել դրանց կոնկրետ հանձնառությունները, ֆինանսավորման աղբյուրներն ու նույնիսկ գտնվելու վայրը: Այդպիսի կապերի ամրապնդումը տեղի է ունենու ինչպես եկեղեցու, այնպես էլ ռուսաստանյան կազմակերպությունների մասնաճյուղերի միջոցով: Եվրատլանտյան հետազոտությունների բելգրադյան կենտրոնն այս տարվա սկզբին հրապարակեց իր հետազոտության արդյունքները, որոնք վկայում են, որ Սերբիայում 100-ից ավելի ռուսամետ կառույց է գործում, և դրանցից շատերը հակաարևմտյան, հակաազատական, ազգայնական ուղղվածություն ունեն:

Ռուսաստանի հետ կապված կազմակերպություններից մեկը «Սերբական կերպար» կազմակերպությունն է, որը նպատակ ունի ուղղափառ միապետություն ստեղծել ու պայքարում է եվոինտեգրացիայի դեմ: Սերբիայի Սահմանադրական դատարանը 2012-ին արգելել է այս կազմակերպության գործունեությունը, իսկ երկրի ներքին գործերի նախարարությունը դրան «կղերաֆաշիստական կազմակերպություն» է որակել: Այս կազմակերպության ղեկավար Մլադեն Օբրադովիչը վերջերս այցելել է Ռուսաստան և Հարավային Օսեթիա, մասնակցել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և Հարավային Օսեթիայի պետական համալսարանի կազմակերպած միջազգային կոնֆերանսին: Հատկանշական է, որ հենց «Սերբական կերպար» -ն է ընդօրինակման արժանի կերպար հռչակել ազգայնամոլական խմբավորման պարագլուխ Իլյա Գորյաչևին (ցմահ բանտարկության է դատապարտված):

Բալկանյան տարածաշրջանում եռանդուն աշխատում են Ռուսաստանի հետ կապված կոզակական կազմակերպություններն ու «Գիշերային գայլեր» հորջորջվող բայքերական ակումբի մասնաճյուղերը: Տեղի «գայլերը», հիմնականում, նախկին Հարավսլավիայի կռիվների մասնակիցներն են, միշտ ընդգծում են իրեց հավատացյալ լինելն ու մասնակցում են տարատեսակ «հայրենասիրական» միջոցառումների: Այս տարվա սեպտեմբերին «գայլերը» Մոնտենեգրոյի Կոտորեում կազմակերպված միջոցառման գլխավոր հյուրերի թվում էին: Միջոցառումը նվիրված էր «Բալկանյան կոզակական զորք» -ի ստեղծմանը: Իսկ այդ «զորք» -ի հրամանատարը Մերձդնեստրովեում, Աբխազիայում ու Բոսնիայում կռված Վիկտոր Զապլատինն է: Նրա հետ Բոսնիայում կռվել է նաև Իգոր Ստրելկովը (Գիրկին): Ներկայում Զապլատինը Դոնբասի կամավորականների միության լիազոր ներկայաչուցիչն է Բալկաններում, իսկ մինչ այդ եղել է «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» սահմանապահ զորհերի հրամանատարի առաջին տեղակալը:

Մոսկվայում Զապլատինի անունը կապում են «Կոբր» անունը կրող մասնավոր պահակային ծառայության ու 2015-ին «Դրուժբա» արգելոցի պաշտպաներին ծեծողների հետ: Մեկ տարի առաջ Զապլատինը Բելգրադ էր բերել «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» նախկին առաջնորդներ Ալեքսանդր Բորոդային և Անդրեյ Պինչուկին, որտեղ նրանք հանգամանորեն ներկայացրին իրենց գաղափարները:

Կոզակներին ու «Գիշերային գայլեր» -ին կարելի է տեսնել ինչպես ազգայնական ուղղվածության քաղաքական գործիչների, այնպես էլ ռուսական դիվանագետների շրջապատում: Նրանց հետ հանդիպել են ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ու Բոսնիայի Սերբական հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը: Իրենց միջոցառումների համար կոզակներն ու «գայլերը» հաճախ օգտվել են Բելգրադում գտնվող «Ռուսական տուն» հորջորջված հաստատության ծառայություններից: «Ռուսական տուն» -ը հանդիսանում է Ռուսաստանի «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչությունը: Այս տարվա փետրվարին Զապլատինը «սերբական կոզակներ» -ի հետ այդ տանը մասնակցեց «Սերբ վետերաններ ու կամավորներ» կազմակերպության շնորհանդեսին՝ հաղորդելով, որ Բալկանները միշտ եղել է «Արևմուտքի պարտադրած արժեքների դեմ սլավոնական աշխարհի պայքարի առաջին շարքերում»:

Հնարավոր է, որ եթե իշխանությունը զավթելու ծրագրի իրականացումը չկանխվեր, վերոհիշյալ բոլոր կազմակերպությունները կարողանային Մոնտենեգրոյում «Նովոռոսիա» կառույցին կրկնօրինակող բալկանյան մի կառույց ստեղծել: Բայց, բարեբախտաբար, այդ ծրագրի իրականացմանը խոչընդոտեցին երկրի հատուկ ծառայությունները, ընդ որում՝ ո՛չ միայն Մոնտենեգրոյի, այլև, թվում է, թե «բարեկամական» Սերբիայի: Հետաքննությունը շարունակվում է և, հնարավոր է, շուտով մենք նոր հետաքրքրական մանրամասներ իմանանք:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
800 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ