Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անոթային հիվանդություններ. ի՞նչ է կարևոր իմանալ

Հովհաննիս Յան
12:27, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2016 թ.
Անոթային հիվանդություններ. ի՞նչ է կարևոր իմանալ

Էրեբունի բժշկական կենտրոնի անոթային և լազերային վիրաբուժական ծառայության ղեկավար անոթաբան-վիրաբույժ Արամ Բադալյանը տարիներ շարունակ աշխատելով անոթային խնդիրներ ունեցող հիվանդների հետ՝ փորձում է կանխել կամ վերացնել դրանց հետագա զարգացումները: Անոթաբանն իրականացնում է պարանոցի՝ ուղեղը սնուցող զարկերակային վերականգնողական բուժում, վերջույթների, աորտայի ճյուղերի, այդ թվում՝ որովայնը սնուցող անոթների, երիկամային զարկերակների և աորտայի վերջին ճյուղավորման՝ դիֆուկացիայի՝ստորին վերջույթները գնացող անոթների վիրահատական բուժումներ և վիրահատություններ:

Ինսուլտ, ինֆարկտ, գանգրենա… Մեծ տարածում ունեցող այս հիվանդություններն անոթային համակարգի ոչ նորմալ աշխատանքի արդյունք են: Ասել է թե՝ ուղեղի, սրտի, ոտքերի և մի շարք այլ օրգանների անխափան աշխատանքի համար պարտական ենք անոթային համակարգին, որի միջոցով օրգանները սնուցվում են արյամբ: Ստացվում է՝ որպեսզի խուսափենք մի շարք հիվանդություններից, հարկավոր է առողջ պահել հենց անոթային համակարգը, որի հիվանդությունները լինում են զարկերակային և երակային:

Զարկերակային հիվանդություններ: Այս դեպքում խնդիրները հաճախ կապված են լինում անոթների նեղացման կամ փակվելու հետ, այն է՝ օրգանները ստանում են ավելի քիչ սնուցում և ֆունկցիան իջնում է: Ուղեղի անոթի դեպքում լինում են ուղեղի արյան շրջանառության խանգարումներ, ինսուլտի զարգացում, սրտի դեպքում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի առավելագույն արտահայտումը սրտի ինֆարկտն է: Վերջույթների դեպքում երևույթները արտահայտվում են ընդմիջվող կաղության ձևով՝ հիվանդը քայլում է մինչև որոշակի տարածություն, իսկ որ ամենասարսափելին է՝ առաջանում է գանգրենա:

- Անոթների խցանումների 90%-ի պատճառը աթերոսկրելոզ հիվանդությունն է, երբ անոթի պատերը ճարպակալվում են, ապա՝ կրակալվում, անոթը աստիճանաբար ներսից նեղանում է և ի վերջո փակվում, -մեկնաբանում է անոթաբան Արամ Բադալյանը, -այս հիվանդությունից խուսափել երբևէ հնարավոր չէ: Այն երբեմն սկսվում է ծննդյան հետ, աստիճանաբար զարգանում այնքան, մինչև հանգեցնում է անոթների լայնացման և համապատասխան հիվանդությունների զարգացման:

Զարկերակային հիվանդություններ ունեցող հիվանդները հաճախ բժշկին դիմում են անոթների լայնացումների՝ անևրիզմաների դեպքում. «Անևրիզմաների ժամանակ հիվանդներն ունենում են ախտաբանական արտափքում: Երբ հիվանդությունը տեղակայված է լինում որովայնային աորտայի վերջնամասում, հիվանդը երկար ժամանակ կարող է նույնիսկ չիմանալ իր օրգանիզմում գոյություն ունեցող անևրիզմայի մասին: Հիվանդությունը հաճախ հայտնաբերվում է պատահական զննումների՝ մեկ այլ բուժման կամ հետազոտության ժամանակ: Հիվանդները որովայնի խոռոչում ունենում են ավելորդ պուլսացիա, կարծես երկրորդ սիրտ բաբախի, և շոշափվում է որոշակի էլաստիկ գոյացություն: Անևրիզմաները հիմնականում պատահում են բարձր զարկերակային ճնշում ունեցող հիվանդների շրջանում, որոնք ունեն քիչ թե շատ արտահայտված աթերոսկրելոտիկ ախտահարումներ: Ցավոք այս հիվանդությունը որոշ դեպքերում հայտնաբերվում է արդեն ճակատագրական պահին, երբ տեղի է ունենում անևրիզմայի անոթի պատռվածք, -ասում է անոթաբան Արամ Բադալյանը, - սկսվում է արնահոսություն, ճնշման անկում, շոկ, ընդհուպ մինչև մահացու ելք կարող է գրանցվել:

Ի ուրախություն վիրաբույժի՝ մահացու դեպքեր իրեն դեռ չեն հանդիպել և հուսով է՝ ճակատագրական վիրահատություններ երբևէ չի էլ ունենա: Արամ Բադալյանի ձեռքը տարիների ընթացքում բազմաթիվ անգամ է վիրահատական մկրատ ու նշտար վերցրել, բայց ամեն անգամ յուրատիպ զգացողություններ է ունենում. «Վիրաբուժությունը նման է նկարչության, երբեք չգիտես, թե ինչ ընթացք ես ունենալու, ինչպիսին է լինելու ավարտուն աշխատանքդ: Ընթացքում վիրաբույժը պարտադիր ստեղծագործում է: Շատ հաճախ նույնիսկ գիտակցում ես, որ կյանքը փրկելու շանսերը մեծ չեն, բայց քո գործողությունները միակն են, որ կարող են նպաստել իրավիճակի շտկմանը: Կատարում ես վիրահատություն, որի ժամանակ կարող է ողջ մնալ միայն տասից մեկը: Այդ ժամանակ չես մտածում՝ արժե՞, թե՞ ոչ: Պետք է վիրահատել: Դա է միակ հնարավորությունը»:

Լինելով վիրաբույժ՝ Արամ Բադալյանը հնարավորության դեպքում, եթե հիվանդությունը դեռ իր զարգացման գագաթնակետին չի հասել, նախապատվությունը տալիս է դեղորայքային բուժմանը: Օրինակ՝ ստորին վերջույթների աթերոսկրելոզի ախտահարումների ժամանակ, այն է՝ ընդմիջվող կաղությունը, ոտքերի սառնությունը, գունատությունը, մազածածկույթի նվազումը, մկանների բարակումը, մատների շրջանում երկար ժամանակ չլավացող վերքերի առկայությունը, շտապ բժշկի դիմելու պարագայում արդյունավետ բուժում կարելի է իրականացնել նաև դեղորայքի միջոցով: Իհարկե որոշ անոթների բուժումը պահանջում է անպայման վիրահատական միջամտություն: Վիրահատության միջոցով՝ ստենտավորումով, շունտավորումով, զոնդավորումով վերականգնվում է հիմնական անոթով արյան հոսքը, կամ շրջանցվում է խցանված հատվածը: Ելնելով տարիների փորձից՝ բժիշկը վստահ ասում է, որ աթերոսկրելոտիկ ախտահարումները մեր երկրում ավելի հաճախ պատահում են տղամարդկանց շրջանում՝ պայմանավորված նրանց ծխախոտի չարաշահման հետ:

Երակային հիվանդություններ: Մեր զրույցը Արամ Բադալյանի հետ ստիպված էինք ընդհատել, քանի որ բժշկի վերջին խորհրդին էր սպասում հաջորդ օրը կեսարյան վիրահատության միջոցով ծննդաբերության պատրաստվող կինը: Ախտորոշումն էր՝ ավելի հաճախ կանանց մոտ հանդիպող վարիկոզը՝ անոթի թերֆունկցիան: Ինչպես բժիշկը բացատրեց՝ այն մակերեսային անոթների ողկույզանման կամ ընթացիկ լայնացում է, երբ դադարում կամ խանգարվում է անոթների մեջ տեղակայված անոթների ֆունկցիան: Արդյունքում արյունը հոսում է ոչ միայն դեպի սիրտ, այլ նաև անշարժ վիճակում սկսում է հոսել նաև դեպի հետ՝ ոտքեր: Արդյունքում երակային համակարգում ճնշումը գնալով բարձրանում է՝ ավելի լայնացնելով անոթները: Ստեղծվում է պաթոլոգիկ օղակ, որի արդյունքում մի գործոնը մեծացնում է մյուսի ազդեցությունը: Ենթամաշկում՝ մաշկի տակ հայտնվում են վարիկոզ երակներ: Հիվանդությունն ունի պրոգրեսիվ ընթացք: Ինքնահոսի թողնելու, նույնիսկ երբեմն բուժման դեպքում հիվանդությունը միայն խորանում է: Հերթական փուլերում բացի ծանրության զգացումից հիվանդն ունենում է նաև հոգնածություն, սկսում են զարգանալ այտուցներ ոտնաթաթի և սրունքի մակարդակում, հետագա փուլերում սկսում են զարգանալ մաշկային փոփոխություններ, մաշկի գույնը դառնում է շագանակագույն, իսկ հետագայում կարող են գոյանալ խոցեր: Համարվում է, որ կանացի հորմոնները, ավելորդ քաշը, անշարժ ապրելակերպը, բարձր կրունկներ կրելը, ոտքի վրա երկար կանգնելը ևս նպաստում են վարիկոզի զարգացմանը: Բժիշկը հղի կնոջն ընդամենը մի ներարկում նշանակեց, որը կնպաստեր ծննդաբերության ժամանակ երակները չվնասելուն, իսկ հաջողություն բառն իր մեջ ցանկությունների ու բարեմաղթանքների մի ամբողջ փունջ էր պարունակում:

Ուռած՝ մուգ կապույտ կամ բոսորագույն ոտքեր, քայլելու սահմանափակում: Թրոմ*** է: Կրկին տարածված երակային հիվանդություն, որ կրկին ոչ առողջ ապրելակերպի՝ նստակյաց կյանքի, վատ ճարպերի օգտագործման, ծխախոտի չարաշահման հետևանք է: «Անոթի մեջ մակարդուկի առաջացման երեք հիմնական պատճառներից յուրաքանչյուրը՝ արյան հոսքի դանդաղեցում, անոթի պատի վնասում, մակարդելիության խանգարում, կարող է հանգեցնել երակային ևս մեկ հիվանդության՝ թրոմ***ի զարգացման, -ասում է Ա. Բադալյանը: - Այս հիվանդության հիմնական բուժումը հակամակարդիչ դեղորայքն է, բայց որոշ դեպքերում, երբ կան դեղորայքի հետ կապված լուրջ սահմանափակումներ, կամ բուժման ընթացքում թրոմբը շարունակել է աճել կամ տեղաշարժվել, առաջացել է տեղաշարժվելու սահմանափակում, անհրաժեշտություն է առաջանում կատարել վիրահատական միջամտություն»: Ի դեպ վիրաբույժը վիրահատություններ կատարում է նաև լազերային եղանակով:

Անոթային հիվանդությունների կրկնվելու՝ նոր տեղերում խցանվելու, փակվելու հավանականությունը մեծ է, բայց ինչպես ամեն հիվանդություն, անոթայիններն էլ ժամանակին ախտորոշելու և բուժելու դեպքում ճակատագրական չեն. «Անոթի վնասված հատվածը բուժելով ցավոք երբեք չենք կարող երաշխավորել, որ վաղը մեկ այլ տեղում նույն խնդիրը չի առողջանա: Պարզապես հիվանդություն ունեցած մարդիկ մշտապես պետք է հետևեն իրենք իրենց՝ վարելով առողջ կենսակերպ և անհրաժեշտության դեպքում ժամանակին այցելեն բժշկի», -եզրափակում է վիրաբույժը:

Աղբյուրը` http://yerevaklur.am/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
32749 | 0 | 0
Facebook