Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պատահական չէ Երևանը ՄԱՅՐաքաղաք կոչվում. Մետրոյի կոմերցիոն կայարանները կարող են նոր շունչ տալ

Հովհաննիս Յան
18:44, երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2016 թ.
Պատահական չէ Երևանը ՄԱՅՐաքաղաք կոչվում. Մետրոյի կոմերցիոն կայարանները կարող են նոր շունչ տալ

Մետրոյի կոմերցիոն կայարանները կարող են նոր շունչ տալ մայրաքաղաքին:

Ոչ արտագաղթը, ոչ էլ նույնիսկ ծնելիության պակասը չեն կարող բեռանաթափել Երևանը: Մարդիկ հեռանում են, իսկ քաղաքամայրն օր օրի ավելի փոքր է թվում: Այլևս ո՛չ օդային, ո՛չ էլ ստորգետնյա անցումները չեն բավարարում: Երևանը շնչել է ուզում, բայց… խցանումների ու դրանց հետևանքով առաջացող ավտովթարների պակաս երբեք չի զգացվում: Թվում է՝ քաղաքի բեռնաթափումը մերօրյա խնդիր է, երբ շատացել են անձնական շահագործման ավտոմեքենաները, իսկ բազմագույն ու բազմաբույր տաքսիներին այլևս թիվ ու հաշիվ չկա: Այս մասին մարդիկ մտածել են դեռևս չորս տասնամյակ առաջ, երբ մտածվեց գծել ստորգետնյա տրամվայի նախագիծ, որն ապա վերանվանվեց մետրո, իսկ տարիներ անց պաշտոնապես անվանակոչվեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն: Մետրո կառուցելու գաղափարը կար, բայց իրականացնելն այնքան էլ հեշտ չէր, հինգ տարվա քրտնաջան աշխատանքից հետո դեռևս երևանյան մետրոյի միայն 3.9 կիլոմետրն էր պատրաստ: Մոսկվայի, Լենինգրադի ու Մինսկի մասնագետներն օգնության հասան: Կարճ ժամանակ անց Երևանը դարձավ նաև ստորգետնյա քաղաք, ուր շարժվելը հնարավոր էր ու նույնիսկ հաճելի: Այսօր Երևանի մետրոն 12.1 կմ է: Եթե այսօր այն հանդգնեին կառուցել, ապա կպահանջվեր առնվազն 1.5 մլրդ ԱՄՆ դոլար: Միգուցե Երևանն այդպես էլ մետրո չունենար:

Մետրոպոլիտենն իր վեց կայարաններով սովետական տարիների ծնունդ է, իսկ Հայաստանի Հանրապետության գոյության արդեն 25 տարիների ընթացքում դեռևս միայն մի՝ վերջին կայարանն է ավելացել. 1996թ. շահագործման է հանձնվել Չարբախի կայարանը: Խորհրդային տարիներին, ի տարբերություն մեր ժամանակների, մետրոյի կարևորությունը իսկապես կարևորվում էր: Կայարանների թիվը շատ ավելին կլիներ, առավել հեշտ կլիներ տեղաշարժվել Երևանի մի ծայրամասից մյուսը, եթե 88-ի չարաբաստիկ երկրաշարժի պատճառով չդադարեցվեին Աջափնյակի և Դավթաշենի կայարանների կառուցման աշխատանքները. բոլոր միջոցներն ուղղվեցին ավերված շրջանների վերականգնմանը: Միամտաբար կարելի է կարծել՝ մինչ օրս միջոցներ չեն հայթայթվում դադարեցված աշխատանքների վերսկսման համար: Իհարկե: Այսուհետ բոլոր միջոցները պետք է ուղղել էլիտար շենքերի ու շինությունների կառուցմանը: Ինչևէ: Պատահական չէ Երևանը ՄԱՅՐաքաղաք կոչվում. նա չի նեղանում:

Աշխարհի խոշորագույն քաղաքներում, ինչպես օրինակ Մոսկվան է, որից մենք մշտապես օրինակներ ենք քաղում, Սանկտ-Պետերբուրգը, արևելյան ու արևմտյան շատ մեգաքաղաքներ, որտեղ կաթվածահար եղած երթևեկությունը դժբախտություն կարելի է համարել, բեռնաթափվում են բացառապես քաղաքացիներին դեպի քաղաքային մետրո ուղղորդելով: Սակայն սա հնարավոր է միայն բոլոր ծայրամասերում կայարանների առկայության դեպքում: Այլապես… փոքրիկ ճանապարհորդություն ոչ այնքան մեծ Երևանում: Ենթադրենք քաղաքացին ապրում է Նոր Նորքում, աշխատում՝ Էրեբունի մասիվում կամ հակառակը: Նոր Նորքից մետրոյի մոտակա Երիտասարդական կայարան հասնելու համար հարկավոր է օգտվել քաղաքային մեկ այլ տրանսպորտային միջոցից, մետրոյով հասնել Սասունցի Դավիթ կայարան, ապա մեկ այլ տրանսպորտային միջոցով գնալ Էրեբունի մասիվ: Մինիմալ աշխատավարձը դժվար թե բավականացնի:

Ե՞լք: Ելքը կրկին մեգաքաղաքների փորձն ու օրինակը կրկնօրինակելն է: Այլապես հուսալ, թե պետության հատկացումները կարող են օրերից մեկ օր ուղղվել մետրոյի նոր կայարանների կառուցմանը՝ կարող է միամտություն թվալ: Դեռ վարկերի բեռն է պետք թոթափել: 2010թ.-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկի միջև կնքվել է համաձայնագիր, որով սկիզբ է դրվել «Երևանի մետրոյի վերականգնման ծրագրին», որին 2010 թվականի օգոստոսին միացել է նաև Եվրոպական Ներդրումային Բանկը և Եվրամիության Հարևանության Աջակցության Ծրագիրը: Երեք մասնակից ֆինանսական կառույցներից յուրաքանչյուրի ներդրումն է 5 մլն եվրո, երկուսը` վարկի, իսկ մեկը` դրամաշնորհի ձևով:

Աշխարհի շատ երկրներում նորակառույց կայարաններն այլևս պատկանում են անհատների՝ կոմերցիոն նշանակության են: Անհատների միջոցներով կառուցվող կայարաններում հետագայում վարձով տրվում են տարածքներ, որ օգտագործվում են որպես գրասենյակային, ժամանցային վայրեր, առևտրի կենտրոններ, մանկական զվարճանքի կենտրոններ և այլն: Ի դեպ, Մոսկովյան առաջին՝ 2009թ.-ին անհատի միջոցներով կառուցված կայարանը՝ «Մյակինինոն», պատկանում է մի գործարարի /Արաս Ագալարով, ըստ Forbes-ի 2013թ. տվյալների Ռուսաստանի 56-րդ մեծահարուստը, կարողությունը՝ 1.8 մլրդ դոլար/, ով ձեռնամուխ է եղել նոր կայարանի կառուցմանը՝ գիտակցելով, որ իր՝ մեգահամերգա-առևտրային «Կրոկուս» ցուցասրահ հասնելու համար մետրո է անհրաժեշտ:

Հայաստանյան մեծահարուստներն իհարկե ձգտում են դեպի վեր, դեպի բարձունքներ, ստորգետնյա կայարաններ կառուցելու մտքով նրանց չես ոգևորի, բայց ահա աշխարհասփյուռ հայերի պարագայում, ովքեր տեսել են և կարող են գիտակցել նյույորքյան /1355 կմ/, Տոկիոյի /2 մլն ուղևոր յուրաքանչյուր օր/ և շատ այլ խոշորագույն քաղաքների մետրոների կոմերցիոն նշանակությունը, կարելի է գործելու հարթակ տրամադել: Արտասահմանում ապրող ու արարող հայերի համար ցավոք մեր երկիրը վերածվել է միայն գումարներ հատկացնելու վայրի, ուր ներդրած փողը վերածվում է ոչ այնքան որակյալ ճանապարհների, որոնք սովորաբար անհասկանալի թանկարժեք են, ոչ որակյալ ու ոչ բավարար նյութ օգտագործելու պատճառով հաջորդ տարի կրկին կառուցվում են՝ կրկին սփյուռքից օժանդակություն ստացած գումարների հաշվին: Արդյո՞ք ժամանակը չէ ներդրողներ փնտրել, ովքեր իրենց գումարները կարող են ետ ստանալ ու կրկին վստահել մեր երկրին: Սփյուռքի նախարարության ստեղծումը մեր երկրի համար ինքնանպատակ չէր կարող լինել: Հավանաբար պետության համար խիստ անհրաժեշտություն էր սփյուռքահայերի և Հայաստանի միջև սերտ կապերի հաստատումը, այն էլ՝ նախարարության մակարդակով, ինչը կբերեր երկրում ներդրումների, նորանոր գաղափարների իրականացման, ըստ այդմ՝ երկրի զարգացման: Մինչդեռ, 2008թ.-ից ցայսօր նախարարության գործունեության հիմքում ընկած չեն լրջախոհ քայլեր, որոնք կհամապատասխանեն ի սկզբանե գոյություն ունեցող տեսլականներին: Հայաստանից դուրս ապրող հայերին արի տուն ասելը, երգով ու շուրջպարով դիմավորելը բավական չէ, այդպիսով միայն լուծվում է երիտասարդ սերնդի հայրենիքը ճանաչելու խնդիրը: Բավակա՞ն է: Թերևս՝ ոչ: Սփյուռքահայ գործարարին, որ հաճախ սեփական միջոցները ներդնելու համար նոր տարածքներ է փնտրում ամենատարբեր երկրներում, գործունեություն ծավալելու տարածք է պետք տրամադրել մե՛ր երկրում: Հայաստանը, պետք չէ նեղանալ, տողերիս հեղինակն էլ հայաստանաբնակ է, ոչ թե մուրացիկների հավաքատեղի, այլ բիզնես ծավալելու, նոր գաղափարներ իրականացնելու վայր պետք է դարձնել, այլապես՝ վարդանյաններն ու հայրապետյաններն էլ մի օր կարող են միայն ներդնում անելուց ձանձրանալ:

- See more at: http://hartak.am/arm/n-65155#sthash.4Bp3QwKt.dpuf
Աղբյուրը` Hartak.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5766 | 0 | 0
Facebook