Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Իվան Ահեղի արձանը կանգնեցնելը սրբապղծություն է

20:49, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Իվան Ահեղի արձանը կանգնեցնելը սրբապղծություն է

Պատմագիտության դոկտոր, «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» -ի պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Եվգենի Անիսիմովի հոդվածը Ռուսաստանի Օրյոլ քաղաքում հոկտեմբերի 14-ին Իվան Ահեղի (եվրոպական գրականությունը նրան «Սարսափելի» է անվանել) արձանի հանդիսավոր բացումը կատարելու առթիվ:


     Օրյոլի իշխանությունների նախաձեռնությունը հին Ռուսաստանի պատմության մասնագետիս ու արդի Ռուսաստանի քաղաքացուս ապշեցրել ու ցնցել է: Իվան Ահեղի արձանը կանգնեցնելն իսկական սրբապղծություն է, Ռուսաստանի բոլոր բարոյական նորմերի ու ավանդույթների խախտում է: Երբ 1850-ականներին, Ալեքսանդր 2-րդ կայսեր գահակալության տարիներին, քննության էին առնվում պատմական, պետական ու հասարակական այն գործիչները, որոնք պետք է տեղ գտնեին «Ռուսաստանի հազարամյակը» հուշարձանում (այն պետք է կանգնեցվեր Մեծ Նովգորոդում), մտավորական ու պալատական շրջանակներում բուռն վեճեր էին ծավալվել բազում պատմական գործիչների վերաբերյալ: Միայն մի բանում էին բոլորը համակարծիք` Իվան Ահեղի անձը ոչ մի կերպ չպիտի լինի հուշարձանում, քանի որ նա Ռուսաստանի խայտառակությունն ու դժբախտությունն է, և որ նրա պատմության մեջ չի եղել այդ աստիճան արգահատելի չարագործ: Եվ սա ասվել է միապետության ժամանակներում:

Կարելի է խոսել արյան գետերի մասին, որ հեղել է Իվանը սեփական երկրում, հրեշավոր, դաժանագույն հալածանքների մասին, որոնց նա ենթարկել է իր հպատակներին: Խոսքը վերաբերում է հազարավոր ու հազարավոր մարդկանց: Հիշեցնեմ լոկ մեկ բացարձակ արժանահավատ պատմություն` Բոյարական դումայի ղեկավար, չափազանց հեղինակավոր Իվան Ֆեոդորով-Չելյադնինի պատմությունը: Իվանը նրան մեղադրում է իշխանությունը զավթելու նպատակով գոյություն չունեցող դավադրության մեջ, բոյարին ստիպում է ցարական հագուստ հագնել, նստել ցարական գահին, որից հետո արյունարբու ցարը դաշույնով ճեղքում է ծերունու կուրծքը, կտրում հանում է սիրտը ու մարմինը թրիքի կույտի մեջ է նետում, որը հոշոտում են թափառական շները:

Բայց ցարի համար դա քիչ էր. սկսվում է վայրենի հաշվեհարդար Ֆեոդորովի ազգականների ու ծառաների նկատմամբ: Ինչպես գրում է ժամանակակիցը, «սպանելով Իոանին (Իվանին), նրա ընտանիքին ու բոլոր քաղաքացիներին, բռնակալը ձի է հեծնում ու մարդասպանների ամբոխի հետ գրեթե մեկ տարի շրջում է գյուղերով` ամենուրեք կոտորած, ամայացում ու սպանություններ սփռելով: Գերեվարելով Ֆեոդորովի զինվորներին ու համհարզներին, բռնակալը կարգադրում է մերկացնել նրանց, վանդակը դնել ու, այնտեղ ծծումբ ու վառոդ լցնելով` կրակ տալ. Պայթյունի ուժից դժբախտների դիակները օդ էին ելնում` կարծես սավառնում էին: Բռնակալը շատ էր հրճվում այդ հանգամանքով: Մի տեղ հավաքած բոլոր խոշոր և մանր եղջերավոր անասուններին ու ձիերին բռնակալը հրամայեց կտոր-կտոր անել, իսկ որոշների նետահարել, այնպես, որ նա չէր ցանկանում կենդանի թողնել նույնիսկ մանր գազաններին: Դաստակերտներն ու հացի ամբարները նա այրեց ու մոխրի վերածեց: Նա մարդասպաններին հրամայեց իր աչքի առաջ բռնաբարել իր սպանածների կանանց ու երեխաներին, ապա սպանել: Ինչ վերաբերում է գյուղացիների կանանց, ապա նա հրամայեց նրանց մերկացնել ու անասունի պես անտառ քշել, ընդ որում այնտեղ թակարդներ էին դրված ու մարդասպաններ էին դարանակալված, որպեսզի տանջեն ու սպանեն անտառում դեգերող այդ կանանց: Այս կերպ նա ոչնչացրեց այդ մեծ մարդու ամբողջ ցեղն ու ընտանիքը` կենդանի չթողնելով նրա ազգականներից բացարձակապես ոչ մեկին»:

Ֆեոդորովի դաստակերտներում գազանություններ անելու ժամանակ ցարը առանձնահատուկ ծաղրուծանակի է ենթարկել կանանց. «կանանց ու աղջիկներին ամբողջովին մերկացնում էին ու ստիպում, որ բակի հավերին բռնեն»: Հիշողությունները հաստատվում են հենց իր` Իվան Ահեղի գրառումներով: Ծերության շրջանում, որպեսզի կարողանա Աստծո ներմանն արժանանալ, նա սկսում է իր կողմից տանջանքի ենթարկվածների ու սպանվածների` «Շնորհազրկվածների սինոդիկ» (հիշատակարան) կազմել: Դաժանագույն հաշվեհարդարները ներկայացնելիս նա «մշակել» բայն է կիրառել (Ֆեոդորովի մարդկանց մասին այնտեղ հետևյալն է գրված. «… Իվանովներից մշակվել է 65 մարդ, շուրջ 12 մարդ թրատվել է»): Կնշանակի` վերջին 12-ը, առաջինների համեմատ, հեշտ մահ են ընդունել, որոհետև «մշակել» -ը նշանակում է այրել, ջրահեղձ անել, սղոցել և այլն: Այս եղանակով միայն Ֆեոդորովներից սպանվել է շուրջ 300 մարդ:

«Շնորհազրկվածների սինոդիկ» -ը, որ այս ցարն անձամբ է կազմել, ընդամենը հինգ տարվա ընթացքում ընդգրկել է շուրջ 3500 մարդ` սկսած հենց իր մերձավոր ազգականներից, նշանավոր զորահրամանատարներից, եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներից և վերջացրած շարքային գյուղացիներով ու գրաված ամրոցներից գերեվարվածներով: Ցարն ինքը գազանաբարո մահապատիժներ է հորինել, նստել ու հաճույք է ստացել մարդկանց կաթսայում եփելուց, վառոդի տակառում պայթեցնելուց, պտտաշամփուրով մարմանդ կրակի վար նրանց «խորոված անելուց», մաշկազերծելուց, ցցին նստեցնելուց, ընդ որում, որպեսզի ցցին նստեցվածի տառապանքն ավել մեծ լինի, նրա աչքի առաջ ցարի օպրիչնիկները բռնաբարել են դանդաղ մահի դատապարտվածի կնոջը, աղջիկներին ու մորը: Եվ այս ամենը հորինվածքներ չեն, հեքիաթներ չեն, այլ` իրական պատմություններ, որոնք արձանագրվել են բազմաթիվ փաստաթղթերում և գրառվել նույնիսկ ցարի ապաշխարանքում:

Պատահական չէ, որ ռուսական եկեղեցին նույնիսկ քննության չի առել Իվան Ահեղին սրբադասելու մասի վերջերս արված առաջարկը (նա հրամայել է սպանել հարյուրավոր հոգևորականների): «Համացանց» -ում կարդացեք եկեղեցու այդ ժամանակվա գլխավորի` Ֆիլիպ Կոլիչևի ողբերգական ճակատագրի մասին տեղեկատվությունը, որին խեղդակահ է արել ցարի ջարդարարներից մեկը` Մալյուտա Սկուրատովը: Ցարը հրամայում է Նովգորոդի արքեպիսկոպոսի մարմնին արջի մորթի կարել ու նետել շների առաջ, որպեսզի պատառոտեն: Չարագործի ձեռքից 1570-ին առավել շատ տառապեց Մեծ Նովգորոդը: Նրա հազարավոր բնակիչներ, ներառյալ կանայք ու երեխաներ, սարսափազդու մահապատիժների ենթարկվեցին, խեղդվեցին Վոլխով գետում: Թագավորի օպրիչնիկները նավակներից կացնահարում էին նրաց, ովքեր ջրի երես էին ելնում: Ցարը սարսափելի սրբապղծություն է կատարում` թալանում է ռուսական մեծագույն սրբավայրը` սուրբ Սոֆիան: Իվան Ահեղը իսկական սադիստ է եղել. նա պարծեցել է, որ իր կյանքի դիմաց հազար աղջկա է բռնաբարել: Կարևոր է նշել, որ նա հոգեկան հիվանդ, խելագար չի եղել, նա հիանալի գիտակցել է, թե ինչ է անում. Երբեմն, երբ աստվածային պատժի սարսափը պատել է նրան, սկսել է ապաշխարել, գրի առնել իր մեղքերն ու հանցագործությունները, որպեսզի հետո նորից սպանի ու բռնաբարի:

Եթե այս ամբողջ ասվածը քիչ է հուզում տիրակալասեր ընթերցողին, ապա ընդգծում եմ, որ նա, որպես պետական գործիչ, լիակատար ոչնչություն է եղել. ձախողել է թագավորման սկզբի բոլոր բարի նախաձեռնությունները, բոլոր պատերազմները տանուլ է տվել, կորցրել է բոլոր սկզբնական նվաճումները, որպես զորահրամանատար եղել է ապաշնորհ ու վախկոտ, բայց սիրել է նիզակով խոցոտել կապված գերիներին: Արդյունքում նա Ռուսաստանը կանգնեցրել է ամայացման եզրին: Նրա թագավորումն ավարտվում է ռազմական, քաղաքական ու տնտեսական լիակատար փլուզմամբ: Նրանից առաջ ծաղկող երկիրն ամայացել է. առ այսօր հնագետները Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում հայտնաբերում են հենց Ահեղի ժամանակ ընդմիշը մահացած ու ամայացած գյուղեր:

Այն, ինչը մեզ հայտնի է որպես «Խառնակչության տարիներ», երբ Ռուսաստանը ենթարկվեց թշնամիների հարձակմանն ու քաղաքացիական պատերազմի հորձանուտն ընկավ, եղել է Իվան Ահեղի կառավարման ուղղակի արդյունք: Այդ ժամանակ Ռուսաստանը որոշակի ժամանակ անէության մեջ խորասուզվեց ու նույնիսկ անհետացավ աշխարհի քարտեզից: Միայն հասարակ ժողովուրդն էր, որ Մինինի ու Պոժարսկու ղեկավարությամբ, Ռուսաստանը փրկեցին` նաև մեզ համար: Կարելի է ապշել նահատակ ռուս ժողովրդի հնազանդությունից ու համբերատարությունից: Ինչպես գրել է 19-րդ դարի պատմաբան Ն. Կարամզինը, Ռուսաստանը «քսանչորս տարի դիմացավ կործանարարին` զինվելով միայն աղոթքով ու համբերությամբ… մեծահոգի տառապյալները մեռան կառափնարանում` ինչպես հույները` Թերմոպիլեսում` հանուն հայրենիքի, հավատի… Վագրն արբեց գառնուկների արյամբ, և զոհերը, անմեղության մեջ վերջին շունչը տալով, վերջին հայացք նետելով դժբախտացած հողին, ժամանակակիցներից ու սերունդներից պահանջեցին արդարություն ու գորովալից հիշողություն»:
     Մենք ենք նրանց սերունդը: Ի՞նչ է ստացվում` զոհն իզո՞ւր էր: Ի՞նչ է, նրանց արյունը մեր արյունից տարբե՞ր է, ջո՞ւր է: Եթե մենք ապրում ենք, կնշանակի մեր նախնիների շղթան հասնում է Իվանի դարաշրջան: Իսկ այդպիսի քանի՞ շղթա է մարդասպան թագավորը կտրել: Իվան Ահեղի կողմից սպանվածները մեր նման մարդիկ են, և մենք պետք է հարգենք նրանց հիաշտակը: Իվան Ահեղի հուշարձանը կանգնեցնելը նույնն է, թե պղծում ես նրա զոհերի անանուն գերեզմանները: Չարագործի այդ բոլոր անմեղ զոհերը, անկասկած, մեզանից հաշիվ են պահանջելու այդ սրբապղծության` Ռուսաստանի պատմության մեծագույն չարագործի արձանը կանգնեցնելու համար: Օրյոլ քաղաքը դա չի մարսի:
     Հայտնի է, որ կյանքի վերջում Իվան Ահեղն սկսում է ողջ-ողջ նեխել` գարշելի հոտ արձակելով: Անվիճելի է` Աստված թույլ չտվեց, որ նա խույս տա դժոխքից. Վերջին պահին փորձել են նրա մազերը խուզել և վանք ուղարկել (այդ ժամանակ համարել են, թե դա հոգին փրկելու միակ միջոցն է): Բայց` իզուր: Վանականի զգեստը նրա վրա գցեցին այն ժամանակ, երբ չարագործի դիակն արդեն սառել էր, և կասկած չկա, որ նա հիմա իր տեղում է՝ դժոխքում, և ոչ թե Ռուսաստանի հրաշալի, պայծառ քաղաքի հրապարակում:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2081 | 1 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
gaga
gaga 10:11, 18.10.2016
haves chka edqan erkar barak kardam.mi qich karch greq,hakirch,te che vep e stacvum,janulik