«Մեռյալ» Բաքու
Համեմատաբար բարենպաստ տարիներին Ադրբեջանի մայրաքաղաքում բազմաթիվ վիթխարի շենքեր են կառուցվել, բայց հիմա ոչ միայն եկել է մասշտաբային շինարարական «բում» -ի ավարտը, այլև ակնառու է դարձել, որ ցերեկային ժամերին շողշողացող նորակառույցներում գիշերային ժամերին ամայություն է տիրում:
Բայց Թրամփի հյուրանոցը Բաքվի կենտրոնի միակ ամայի կառույցը չէ: Լիովին անմարդաբնակ է նաև «Բոցանման աշտարակներ» -ից մեկը, իսկ մյուսը մասամբ է բնակեցված: Դրանցից մեկը պետք է բնակելի տուն դառնար, իսկ մյուսը՝ գործարար կենտրոն: Երեկոյան ու գիշերային ժամերին կարելի է համոզվել, այս համալիրի երեք աշտարակներից երկուսում ամայություն է տիրում: Շինություններն արտաքինից լուսավորվում են, բայց ներսում ոչ մի լույս չի վառվում: Այդպիսի չբնակեցված շենքեր Բաքվում շատ կան: Շատերն այս երևույթը կապում են նավթի գների անկման ու Ադրբեջանում սկսված ճգնաժամի հետ: Նավթը Ադրբեջանի եկամտի գլխավոր աղբյուրն է: Ասում են, թե Բաքվում շատ երկնաքերներ կառուցել են այն հույսով, թե նավթի բարձր գինը երկար կպահպանվի: Եվ դա շատ հավանական է, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին քաղաքը ձգտել է նմանվել Դուբային: Արդյունքում հասցրեցին քաղաքում շենքեր կառուցել, բայց շահագործման հանձնելու համար փողը չբավականացրեց: Ոմանք կատակում են, թե հարկ է՝ քաղաքի դատարկ շենքերն արտերկիր արտահանել, ու այդ դեպքում երկիրը եկամտի նոր աղբյուր կունենա: Կառուցված դատարկ շենքերը դեռ ամենավատ տարբերակը չեն: Քաղաքի մի շարք շրջաններում կարելի է բազմաթիվ լքված կիսակառույցներ տեսնել: Անբնակ են նաև բազմաթիվ այլ նորակառույցներ: Մի կոնսալտինգային ընկերություն հաշվել է, որ նորակառույցների բնակարանների 40-70 տոկոսն անբնակ է, որովհետև դրանք դժվարությամբ են վաճառվում թանկ լինելու պատճառով: Շինարարները չեն ուզում էժանացնել, չեն կարող նաև վարձակալության տալ, որովհետև բնակարաններն հաճախ առանց ներքին հարդարման են վաճառվում: Բնակարանների բարձր գինը միակ խնդիրը չէ: Շատ հաճախ նոր շրջաններում կենսագործունեության համար անհրաժեշտ ոչ մի հարմարություն չկա, պատահում է, որ շենքն ապահովված չի լինում ջրամատակարարմամբ: |