Loading...

Articles

Վարիկոզ

22:32, Saturday, 19 February, 2022
Վարիկոզ

Երակների լայնացումը` վարիկոզ, բավականին տարածված ախտաբանական գործընթաց է, որը հիմնականում արտահայտվում է ախտահարված երակների լայնացմամբ և վարիկոզ հանգույցների առաջացմամբ: Վարիկոզը զարգանում է աստիճանաբար: Հաճախ սովորական հոգնածությունն ու ոտքերի ծանրությունը, որոնք մեր կողմից անուշադրության են մատնվում, կարող են առաջին ազդակը լինել նոր զարգացող հիվանդության մասին:
     Շենգավիթ բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Մուխայել Պապեյանը ներկայացրեց, թե ինչպես է առաջանում վարիկոզը, որոնք են հիվանդության ախտանշանները, ինչ բարդություններ կարող է առաջացնել երակների լայնացումը և բուժման ինչ մեթոդներ են կիրառվում այս հիվանդության ժամանակ:
     Վարիկոզն առաջանում է...
     -Վարիկոզն առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր նստակյաց կյանք են վարում: Վարիկոզի առաջացմանը նպաստում է նաև այնպիսի աշխատանքը, որը պահանջում է երկար կանգնած մնալ, ճարպակալումը, ժառանգական նախատրամադրվածությունը: Այս հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում: Առողջ մարդու մոտ արյան հոսքը երակներով ներքևից վերև ապահովում են սրտի ռիթմիկ կծկումները, երակային փականների նորմալ աշխատանքը, ստորին վերջույթների մկանների կծկումները: Երկար ժամանակ կանգնած լինելը կամ նստակյաց կյանքը հանգեցնում են ստորին վերջույթներում երակային ճնշման բարձրացմանը: Ճնշման այդչափ բարձրացումը հանգեցնում է երակների լայնացմանը:
     Հիվանդության ախտանիշները...
     -Սկզբնական շրջանում հիվանդի մոտ նկատվում է ծանրության և հոգնածության զգացում ոտքերում, այնուհետև ոտնաթաթի և սրունքի շրջանի այտուց, իսկ հետագայում, կախված ծանրության աստիճանից, դիտվում են տեսանելի և շոշափվող լայնացած երակներ և վարիկոզ հանգույցներ: Նշեմ նաև, որ կախված հիվանդության աստիճանից փոփոխվում է նաև սրունքի գույնը և առաջանում են տրոֆիկ խոցեր:
     Բարդություններն ի հայտ են գալիս, երբ...
     -Ժամանակին բժշկին դիմելը թույլ կտա խուսափել մի շարք բարդություններից: Երակային թրոմ***ը վարիկոզի բարդություններից մեկն է: Լինում են դեպքեր, երբ թրոմբոէմոբոլիայի առաջացման պատճառով, թրոմբը տարանջատվում է և հայտնվում սրտում, ինչը հանգեցնում է մահվան: Հիվանդության ժամանակ կարող են զարգանալ չլավացող տրոֆիկ, խոցեր, դերմատիտներ և շատ այլ բարդ երևույթներ:
     Բուժումն իրականացվում է դեղորայքային և վիրահատական միջամտությամբ...
     -Ժամանակակից ոչ վիրաբուժական մեթոդներից մեկը սկլերոթերապիան է: Այդ ժամանակ անոթի լուսանցք է ներմուծվում հատուկ նյութ, որը սոսնձում է վարիկոզ ախտահարված երակի պատերը: Բուժման ռադիկալ մեթոդը վիրահատությունն է: Այն իրականացվում է ինչպես բաց եղանակով (ֆլեբէկտոմիա. ախտահարված երակը հեռացվում է հատուկ մետաղական զոնդի միջոցով), այնպես էլ լազերային եղանակով, որը կոսմետիկ առումով ավելի նախընտրելի է:
     Վարիկոզ հիվանդությունից խուսափելու համար բժիշկ Պապեյանը խորհուրդ տվեց երկար նստած չմնալ, խուսափել ավելորդ քաշի ավելացումից և նստակյաց կյանք վարելուց, եթե պլանավորում եք հղիություն, ապա անպայման նախապես հետազոտվեք և իհարկե, ժառանգական ֆակտորի դեպքում խուսափել նպաստող գործոններից:
     Պահպանե'ք Ձեր առողջությունը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2404 | 0 | 0
Facebook