Loading...

Articles

Ամեն ընտրությունից հետո դուք ավելի վատ եք ապրում, բայց դաս չեք առնում, վերջապես դաս քաղեք եղածից

12:22, Thursday, 02 May, 2013
Ամեն ընտրությունից հետո դուք ավելի վատ եք ապրում, բայց դաս չեք առնում, վերջապես դաս քաղեք եղածից
    
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում նախընտրական հանդիպման եկածներին փորձեց բացատրել, որ Երևանի ավագանու խորհուրդը դա փոքր խորհրդարան է, ուստի յուրաքանչյուր ավագանի պարտավոր է իր ընտրողի կողքին լինի, երբ ասենք՝ վերելակ է ընկնում կամ խողովակ վնասվում, ինչն այդպես չէ՝ ոչ մի տեղ ոչ մի ավագանու դեմքի գույնը չգիտեն:
Ըստ Հովհաննիսյանի՝ սրա պատճառը ոչ թե այնքան անձի մեջ է, այլ՝ ընդհանուր դրվածքի. «Մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ խոսում էր մի երիտասարդ՝ մազերը վազելինով լպստած, ապուշ-ապուշ մտքեր էր հայտնում այն մասին, թե իբր Երևանի բնակչության մեծ մասը չի ուզում այս ընտրությունները տեսնել որպես քաղաքական, այլ ուզում է լավ կառավարում: Չի հասկանում մարդը, որ լավ կառավարումը նշանակում է ճիշտ քաղաքականություն: Եթե դու ընտրել ես մի կուսակցության, որը 20 տարի շարունակ ձախողում է, չկարծեք, թե հիմա իրենք կհաջողեն: Եթե դուք ձայնը տվել եք իշխող կուսակցությանը, չասեք՝ չենք տվել, նկարել են, դա ոչ մի նշանակություն չունի, ձեր կյանքը վատանում է, դուք դժգոհում եք, կորցնում եք աշխատանքը և թողնում գնում Հայաստանից: Ցավն այն է, որ ամեն ընտրությունից հետո դուք ավելի վատ եք ապրում, բայց դաս չեք առնում: Վերջապես դաս քաղեք եղածից: Չի կարելի 10 հազար դրամով, ինչ-որ մի խառոշիի դեմքից վախենալով մեր երկրի ճակատագիրը լուծենք և էս երկիրը խաղալիք դարձնեք: Խաղալիք չի էս երկիրը»:
    
     Իր հերթին ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ուսուցչին խոստացավ վերադարձնել կորցրած արժանապատվությունը, իսկ երևանցիներին՝ իրենց արժանապատիվ ուսուցիչներին: Տնտեսագետ-օրենսդիրը վստահեցրեց նաև, որ քաղաքային իշխանությունն իրենց ձեռքն վերցնելուց հետո թույլ չեն տալու, որ օլիգարխները զավթեն հանրային տարածքները, իսկ գծատերերը երթուղայինի վարորդներից շորթած գումարները միայն իրենց գրպանը դնեն:
    
     «Ոչ մի կոպեկ այդ գումարից չի մտնում պետական բյուջե: Այդ գումարի առնվազն 50 տոկոսը բերելու ենք բյուջե: Կամ ինչ է կատարվում աղբահանության ոլորտում՝ մեկ շնչի հաշվով 200 դրամ գումար են գանձում, բայց աղբն էլ ժամանակին չեն տանում: Երբ դուք էս գլխից գումարը տալիս եք, նրանք շահագրգռվածություն չունեն աղբը ժամանակին հավաքելու, ուստի մենք ասում ենք, որ ապրանքի գնի մեջ պետք է մտնի աղբահանության գումարը: Օրինակ, սիգարետը որ գնում եմ, 1 դրամը պետք գնա աղբահանությանը, որ ես տուփը նետեմ, այն պարտավոր լինեն հավաքելու: Իրականում մեր ասածին հակափաստարկներ չեն գտնում, իսկ երբ գտնում են, չկա որևէ տրամաբանություն: Մենք պնդում ենք, որ 1 մլրդ դրամի եկամուտ հնարավոր է ապահովել, ասում են՝ ի՞նչ եք ասում, եթե այդքան բյուջե ունենանք, մարզերի ժողովուրդը կգա Երևան: Մեկը չկա ասի՝ այ ախմախներ, դուք ասում եք՝ Երևանը թող աղքատության մեջ տառապի, որ մարզերից չգա՞ն Երևան: Հերիք է թողնենք, որ մեր արյունը ծծեն: Այս անգամ վստահեք ՀՅԴ-ին՝ մեր պապերի կուսակցությանը՝ հստակ իմանալով, որ ՀՅԴ-ին վստահողը չի սխալվում: ՀՅԴ-ին չհավատացողն է, որ լքում է մեր երկիրը», - ասաց Արծվիկ Մինասյանը:
    
     Դաշնակցական պատգամավորը Էրեբունցիներին հիշեցրեց նաև իրենց ընկերոջ՝ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը՝ պնդելով, որ դրանով մարտահրավեր նետվեց մեր արժանապատվությանը, քանզի ազատամարտիկ- գյուղապետը զոհ գնաց տեսակների պայքարին:
    
     HayNews.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3120 | 0 | 0
Facebook