Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։
Օրակարգում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի և Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի հավատարմագրման հարցերն էին։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մանրակրկիտ քննարկեցին ԵՊԲՀ-ում, ՀՀ ՊԿԱ-ում և Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբերի զեկույցները, բացասական գնահատված չափանիշների տիրույթներում արձանագրված խնդիրները։ Անդրադարձ կատարվեց նաև մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) բարելավման ծրագրին և դրանց իրատեսականությանը։ Յուրաքանչյուր ՄՈՒՀ-ի վերաբերյալ քննարկումից հետո տեղի ունեցավ քվեարկություն։
Հանձնաժողովի անդամների որոշմամբ ԵՊԲՀ-ին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով, ՀՀ ՊԿԱ-ին և Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջին ՝ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։
Նշենք, որ ԵՊԲՀ-ն և ՀՀ ՊԿԱ-ն 2015-ին ստացել էին ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։ Իսկ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը ՀՀ-ում ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած առաջին քոլեջն է։