Loading...

Articles

«Թիթեռնիկի էֆեկտն» ինքնասպանության հիմքու՞մ. կանխման քայլերը

22:28, Saturday, 25 April, 2020
«Թիթեռնիկի էֆեկտն» ինքնասպանության հիմքու՞մ. կանխման քայլերը
    
ReliefLink. երբևէ լսե՞լ եք այս ծրագրի մասին: 2013 թ.-ի օգոստոսին ստեղծված «ReliefLink» ծրագիրը հատուկ մշակվել էր ինքնասպանությունների կանխման նպատակով: Դրա հեղինակներն այն համարում են հավելյալ գործիք, որն օգնում է անձին կառավարել իր ամենօրյա հոգեկան առողջությունը, վերահսկել զգացմունքներն ու մտքերը, առաջարկում օգնություն որոնելու տարբերակներ: Սակայն այն չպետք է օգտագործվի մասնագիտական բժշկական օգնության փոխարեն:

    

Ինքնասպանության հիմքում կարող են լինել բազում պատճառներ՝ սոցիալականից մինչև ներանձային: Երբեմն հեռվում գտնվող թիթեռի թևերի շարժումը կարող է փոթորկի առաջացման պատճառ դառնալ: Այսինքն՝ իրադարձությունները, որոնք մեր աչքին բավականին փոքր են թվում, կարող են առաջացնել անկանխատեսելի ու մեծ հետևանքներ: Վերջինս բնութագրվում է որպես «թիթեռնիկի էֆֆեկտ», որը սահմանվել է ամերիկացի մաթեմատիկոս և օդերևութաբան Էդուարդ Լոուրենսի կողմից: Երբ այս հասկացությունը տեղավորում ենք ինքնասպանությանը տանող «ճանապարհ-մեխանիզմում», ապա նկատում ենք համընկնում. ինքնասպանության մտքեր ունեցող անձն ունի գերզգայուն կախվածություն նախնական պայման-պատճառներից: Այն պատճառներից, որոնք նրան դրդել են մեկուսանալ և մտածել նման քայլերի մասին:


    

Ինքնասպանության թեմային առնչվող մեր հարցերին պատասխանել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը:


    

-Ինչպե՞ս բացահայտել սուիցիդալ վարքին հակված մարդուն։ Որո՞նք են նախազգուշացնող ազդանշանները։ Ինքնասպանության ձգտող անձը զգում է անհաղթահարելի հուսահատությու՞ն։

-Շատ հաճախ ինքնասպանության հակվածությունն արտահայտվում է դեպրեսիվ հոգեվիճակում գտնվող անձի մոտ։ Ինքնասպանության կարող են հանգեցնել ինչպես հոգեբանական, այնպես էլ հոգեկան խնդիրները։ Ի տարբերություն անձի կողմից ինքնասպանությանն ուղղված բացահայտ հաղորդագրությունների, ավելի վտանգավոր են այն դեպքերը, երբ ինքնասպանության մասին մտքերը անձի կողմից չեն բարձրաձայնվում, այլ լուռ ծրագրվում և իրականացվում են։ Ավելի շատ ինքնասպանությունների հակված են ինտրովերտ մարդիկ, որոնք կուտակում են բացասական հույզերը, չեն բարձրաձայնում խնդիրները։

Նախազգուշացնող ազդանշանները կարելի է բաժանել երեք խմբի`

.նախազգուշացնող մտքեր, երբ մարդն ուղիղ կամ միջնորդավորված արտահայտում է ինքնասպանության մտքեր։

.իրավիճակային ազդանշաններ. առկա է մեկուսացում, մերժվածության զգացում, նախկինում իրականացրել է ինքնասպանության փորձ, չափազանց ինքնաքննադատություն սեփական անձի հանդեպ, ինչպես նաև սեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնության զոհ է։

.վարքային փոփոխություններ, երբ անձը ավարտին է հասցնում կիսատ գործերը, վերականգնում է հարաբերությունները կամ հակառակը՝ խզում է սոցիալական կապերը, ինչպես նաև վարքում դրսևորովում է կտրուկ փոփոխություններ՝ անքնություն կամ երկար քուն, չի հետևում արտաքին տեսքին, կարող է անընդհատ ուտել կամ ընդհանրապես չուտել, անտարբերություն է ցուցաբերում շրջապատի հանդեպ։

Ինքնասպանության ձգտող անձը ոչ բոլոր դեպքերում է գտնվում անհաղթահարելի հուսահատության մեջ, քանի որ հաճախ ինքնասպանության փորձը կարող է լինել ցուցադրական, որի նպատակը ուշադրություն գրավելն է, ինչպես նաև կարող է լինել դիմացինին պատժելու միջոց, երբ ինքնասպանության փորձը դիմացինի մոտ մեղքի զգացում առաջացնելու միտում ունի։


    

-Տվյալ անձն ինքնասպանությունը դիտարկում է որպես ե՞լք։ Կարո՞ղ ենք առանձնացնել փուլեր, որոնցով նա անցնում է մինչև խնդրի «ենթադրյալ լուծմանը» հասնելը։

-Այո, ինքնասպանությունն անձի կողմից դիտարկվում է որպես ելք ստեղծված անելանելի վիճակից։

Կարելի է առանձնացնել 3 փուլ: Առաջին փուլում ի հայտ են գալիս պասիվ մտքեր, որոնք բնորոշվում են խոսքային մակարդակով սեփական մահվան մասին պատկերացումներով։ Արվում են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «լավ կլիներ, որ մահանայի», «երանի քնեի, չարթնանայի» և այլն։ Երկրորդ փուլում կայացվում է ինքասպանության որոշումը, երբ ծրագրվում են ինքնասպանության տեղը, ժամը և միջոցները։ Վերջին՝ երրորդ փուլը ինքնասպանության իրականացումն է, երբ ինքնասպանության ծրագիրն ամրապնդվում է կամային որակով և վերածվում գործողության։


    

-Նման փորձ կատարողներն ավելի շատ ո՞ր սեռի ներկայացուցիչներն են լինում։

-Ինքնասպանությունը համարվում է ավելի շատ փակ թեմա, որի վիճակագրության մասին սովորաբար հստակ չի խոսվում, սակայն կարող եմ նշել, որ կնոջ և տղամարդու մոտ տարբեր են ինքնասպանությանը նախորդող ընթացքը և միջոցները։ Կանայք ավելի շատ կարող են բարձաձայնել ինքնասպանության մտքեր, ներկայացնել իրենց հոգեվիճակը: Տղամարդու մոտ ինքնասպանությանը նախորդող շրջանը կարող է ընթանալ «լուռ», քանի որ ի տարբերություն կնոջ, տղամարդը պետք է ուժեղ լինի: Այդ գաղափարը նրան ներարկվում է դեռ մանկուց՝ տղամարդը չպետք է լաց լինի, չպետք է արտահայտի իր հույզերը։

Շեշտեմ, որ մեծ է ընտանիքի դերը անձի ինքնասպանության կանխման հարցում: Պետք է հաշվի առնենք՝ որքանով են ընտանիքի անդամները նկատում անձի մոտ տրամադրության և վարքի փոփոխությունները, արդյոք նրանց միջև առկա է հուզական կապ, որքանով է ընտանիքում գործում առկա խնդիրները քննարկելու կուլտուրան: Հաճախ ինքնասպանությունը կարող է իրականացվել ընտանիքին «պատժելու», «իր մասին հիշեցնելու» համար։


    


    

-Երիտասարդները կենտրոնացած են սոցիալական կայքերի և տեխնոլոգիաների վրա։ Հաճախ նրանց մեկուսացման, դեպրեսիայի պատճառները թաքնված են հենց համացանցային «իրականության» մեջ։ Ինչպիսի՞ մոտեցում է պետք ցուցաբերել նրանց։

-Քսանմեկերորդ դարում հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց սոցիալական կայքերի և տեխնոլոգիաների, սակայն յուրաքանչյուր երևույթ դառնում է վտանգավոր, երբ հասնում է ծայրահեղության։ Հաճախ համացանցային իրականությունը թվում է իդեալական, երիտասարդի կողմից անցկացվում են համեմատություններ, որի արդյունքում տուժում է այն իրականությունը, որտեղ նա ապրում է։ Հետևանք՝ համացանցում ամեն ինչ գունեղ է, հետաքրքիր, իսկ երիտասարդն իր կյանքը տեսնում է մուգ գույներով։ Գլխավոր մոտեցումը սեփական կյանքն արժևորելն է, իր կյանքում եղած ձեռքբերումները գնահատելը և այն գիտակցումը, որ կատարյալ ոչինչ չկա, ինչը շատ հաճախ մեզ ներկայացվում է։


    

-Ինքնասպանության մասին որոշ հրապարակումներում կիրառված մեթոդների ու վայրի մանրամասն նկարագրություն է տրվում։ Որքանո՞վ են անհանգստացնող այդ բնույթի հրապարակումները։ Չէ՞ որ կարող են դառնալ կրկնօրինակման մոդել։

-Ինքնասպանության մասին հրապարակումներում մանրամասն նկարագրությունները կարող են կրկնօրինակման մոդել դառնալ ավելի շատ դեռահասների համար, ինչը չի գործում մեծահասակների դեպքում: Հասուն տարիքում ինքնասպանության միտքը, իրագործումը պայմանավորված են հիմնականում այլ բազմատեսակ պատճառներով։ Առհասարակ չի թուլատրվում նման մանրամասնությամբ ներկայացնել ինքնասպանության դեպքերը՝ հաշվի առնելով մեդիաոլորտի ազդեցիկ ուժը և ինքնասպանության հակվածություն ունեցող մարդկանց գործոնը։


    

-Զորամասում ինքնասպանության իրագործումը կարող ենք կապել հոգեբանական ճնշման հետ։ Ձեր կարծիքով, այս դեպքում ինչպե՞ ս է պետք աշխատել զինվորի հետ։

-Իրականում չժխտելով ինքնասպանության հիմքում ընկած հոգեբանական ճնշումը՝ ցանկանում եմ հատկապես ընդգծել անձի կողմից ճնշմանը հակազդելու կարողությունը, անհատական առանձնահատկությունները: Նույն հոգեբանական ճնշմանը յուրաքանչյուրը կարող է հակազդել յուրովի։ Զինվորի հետ աշխատանքը, նախևառաջ, պետք է սկսվի առկա խնդիրը նկատելիս, քանի որ շատ հաճախ թաքնված պատճառներն ի հայտ են գալիս միայն դեպքից հետո։ Հաճախ զինվորը հայտնվում է բանակում, սակայն ֆիզիկապես և հոգեբանորեն պատրաստ չի լինում ծառայությանը, որտեղ մեծ է ընտանիքի դերը։ Որքանով են ծնողները մեծացնում ինքնուրույն, դժվարություններ հաղթահարող և պատասխանատու տղա երեխայի։


    

-Հնարավո՞ր է հոգեբանական աշխատանքներ տանելուց հետո անձի մոտ կրկին ծագեն ինքնասպանության դրդող մտքեր։

-Հոգեբանական աշխատանքը ենթադրում է ոչ միայն կոնկրետ իրավիճակի հաղթահարում, այլ նաև այցելուի մտածելակերպի փոփոխություն, այն է՝ կյանքում ցանկացած իրավիճակում գտնել ելքեր, հաղթահարել խնդիրներ: Եթե հոգեբանական աշխատանքը եղել է ավարտուն, մասնագետի գնահատմամբ այցելուն հաղթահարել է իր խնդիրները, ապա հավանականությունը նման մտքերի առաջացման քիչ է, քանի որ հոգեբանական աշխատանքից հետո իր կյանքում եղած ցանկացած իրավիճակին այցելուն նայում է այլ աչքերով, չի հանձնվում և փնտրում է ելքեր։


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2941 | 0 | 0
Facebook