Loading...

Articles

Ո՞վ կլինի առաջինը. բուլիինգի հոգեբանական մեխանիզմը

20:01, Sunday, 19 January, 2020
Ո՞վ կլինի առաջինը. բուլիինգի հոգեբանական մեխանիզմը

Սոնան նոր դասարան տեղափոխվելուց հետո իրեն մեկուսացած ու օտար էր զգում: Աղջկա գերազանց առաջադիմությունը նոր դասընկերներին դրդում էր նախանձով նայել նրան: Սոնան խելացի էր, սակայն տարբերվում էր մյուսներից ընտանիքի ֆինանսական դրությամբ: Հարուստ դասընկերներն, առիթը բաց չթողնելով, ծաղրում էին և հոգեպես ճնշում 11-ամյա աղջկան:

Նման իրավիճակում հաճախ ելք էր թվում այլ դպրոց տեղափոխությունը: «Ամեն օր լաց էի լինում և խնդրում էի մայրիկիս ինձ ուրիշ դպրոց տեղափոխել՝ չնայած դպրոցս սիրելուն: Միշտ նույնն էի կրկնում, սակայն իրական պատճառը չէի նշում: Անչափ ճնշող էր դասընկերներիս արհամարհանքը», - պատմում է Սոնան:

Ամիսներ շարունակ այդ վերաբերմունքը հանդուրժել ու լռել էր, սակայն իրավիճակը փոփոխության կարիք ուներ: Սոնայի խոսքով՝ մեծ եղբայրն իմանալուն պես զբաղվել է խնդրով ու կարողացել հարթել: Շեշտում է՝ ժամանակի ընթացքում ինքն իր հանդեպ վստահությամբ է լցվել և դասարանում ձեռք բերել ընկերներ: Զգում էր՝ երեխաներն արդեն հարգում ու գնահատում էին իրեն, իսկ հարուստ դասընկերները կարծես փողով չէին չափում ընկերությունը:

Հիմա, երբ Սոնա Մ.-ն 27 տարեկան է, իրեն հաղթող է համարում: Նա կարողացել է հաղթահարել խնդիրը և առաջ գնալ: Նրա հավաստմամբ՝ բուլիինգի խնդրի հաղթահարման հարցում մեծ է հատկապես ծնողների դերը: Մայրը միշտ նրան վստահություն է ներշնչել և օգնել: Ստացել է ծնողական աջակցություն և ձգտել առավել մեծ ուժով առաջ շարժվել:

Բուլիինգը դպրոցական միջավայրին բնորոշ հին խնդիներից է: Որևէ մեկին բռնանալը միշտ չէ, որ արտահայտվում է ֆիզիկական հարձակմամբ: Ավելի հաճախ կիրառվում է հոգեբանական բռնությունը, որը կարող է արտահայտվել ծաղրական, վիրավորական արտահայտությունների գործածմամբ: Ագրեսորը փորձում է իր ինքնագնահատականը բարձրացնել այլ երեխայի հաշվին, ընգծել իր առավելությունները: Բուլիինգի զոհի անհատականությունը կարող է լրջորեն փոխվել ճնշման արդյունքում: Մեկուսացման և սոցիալական փոխազդեցության մերժման արդյունքում կարող են դեպրեսիայի ախտանիշներ ի հայտ գալ:

Բուլիինգի հիմքում ընկած գաղափարն է՝ ո՞վ կլինի առաջինը: «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը բուլիինգը նմանեցնում է գոյության պայքարի, որտեղ ագրեսորը ձգտում է ուժեղ դիրք գրավել և կարգավիճակ ձեռք բերել: «Բուլիինգն ամենապարզ մեխանիզմով արտահայտվում է երեխաների միջավայրում: Երեխան խնդիրը չհաղթահարելու դեպքում շարունակում է նույն դերը խաղալ կյանքի հետագա ընթացքում: Ագրեսորը միշտ գտնում է իր զոհին, իսկ զոհը՝ ագրեսորին: Ստացվում է մի փակ շղթա, որը հնարավորինս արագ պետք է կտրվի, որպեսզի երկու կողմերն էլ կայանան որպես ուժեղ անհատներ ոչ թե ճնշելու, այլ իրենց կյանքում ու գործում դա ապացուցելու, սեփական անձի զարգացման միջոցով», - նշում է նա:

Դպրոցական բուլիինգին նպաստող գործոնները կարող են լինել տարբեր: Կրթության հետազոտող, ERASMUS + բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Միշա Թադևոսյանը տվյալ գործոնների շարքն է դասում ընտանիքում երեխայի նկատմամբ բռնությունը, որը հետագայում երեխան պրոյեկտում է դպրոցական միջավայր:

Նրա խոսքով՝ դպրոցում հակասոցիալական վարք դրսևորող երեխային սոցիալ-հոգեբանական ոչ լիարժեք աջակցության դրսևորումը ևս կարող է ագրեսիվ պահվածքի նախապայման հանդիսանալ: «Երեխան չի կարողանում կառավարել իր հույզերը, վարքը, և չկան օժանդակ աջակցություն ցուցաբերող մասնագետներ՝ հոգեբաններ, սոցիալական մանկավարժներ: Բուլիինգի զոհ կարող է դառնալ ցանկացած երեխա, սակայն կան երեխաների որոշ խմբեր, որոնք ավելի ռիսկային են: Նրանք կարող են լինել սովորականից տարբերվող երեխաները, ֆիզիկապես թույլերը, նոր դասարան ժամանածները, հաշմանդամություն ունեցող անձինք և այլք», - ընդգծում է նա:

Բուլիինգի չորս տեսակ է առանձնացվում. վերբալ, ֆիզիկական, սոցիալական և կիբերբուլիինգ: Վերբալ բուլիինգը ներառում է վիրավորանքների, սպառնալիքների և անհարգալից մեկնաբանությունների կիրառումը: Հոգեբան Անի Ապիտոնյանի համոզմամբ՝ ֆիզիկական բուլիինգը երկրորդ փուլն է: Երեխան փորձում է մյուսին նսեմացնել, սակայն իրեն բավարարված և հաղթած չի զգում: Անցնում է այլ գործողությունների. փչացնում է նրա իրերը, հպվում, հարվածում նրան: Սոցիալական ահաբեկումը կամ մեկուսացման մարտավարության օգտագործումը ենթադրում է, որ ինչ-որ մեկին դիտավորյալ թույլ չեն տալիս մասնակցել խմբի աշխատանքներին՝ լինի խաղ խաղաը, դասին մասնակցելը, թե խմբային աշխատանք կատարելը: Իսկ կիբերբուլիիինգի ժամանակ բռնության գործադրումը կատարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Բացասական բովանդակությամբ հաղորդագրությունների տարածումը առցանց հարթակում թշնամական մթնոլորտ է ստեղծում, նույնիսկ եթե դրանք ուղղակիորեն կապված չեն երեխայի հետ: Դրանք կարող են լինել նրա հարազատներին մասին:

Միշա Թադևոսյանի խոսքով՝ հաճախ են լինում դեպքեր, երբ բուլիինգի զոհ երեխաները հայտնվում են իրենց համար անելանելի իրավիճակում և որպես հիմնախնդրի լուծում դիտարկում են այլ դպրոց տեղափոխությունը: «Այն պարագայում, երբ ծնողները նման ահազանգ են ստանում երեխաներից, առաջին հերթին անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետներին: Նման իրավիճակում «ինչ անելը» պետք է գնահատել երեխայի լավագույն շահի տեսանկյունից: Երեխայի ֆիզիկապես այլ դպրոց տեղափոխելով մենք չենք կարող լուծել այն բոլոր հիմնախնդիրները, այդ թվում տրավմաները, որոնք, հնարավոր է, ձեռք է բերել երեխան: Հետևաբար անհրաժեշտ է այդ գործընթացն ուղեկցել նաև երեխայի հետ մասնագիտական աշխատանքի իրականացմամբ», - ասում է նա: Նույն կարծիքին է նաև Անի Ապիտոնյանը: Նա շեշտում է՝ ծնողը կարող է կռահել, որ խնդիրներ կան դպրոցում, երբ երեխան ուրախությամբ չի գնում այնտեղ կամ ընդհանրապես հրաժարվում է դպրոց գնալու մտքից: Խնդրի պատճառը հայտնաբերելուց հետո անհրաժեշտ է գործել համակարգված: Նա ընդգծում է, որ երեխային անհրաժեշտ է ցույց տալ խնդրի լուծման ուղիներ: Պետք չէ գնալ երեխայի փոխարեն և խոսել նրան նեղացնողների հետ: Երեխային պետք է տալ հմտություն, որ ինքը լուծի հարցը: Երեխան միշտ պետք է հիշի և հավատա, որ ծնողը կողքին է՝ ձեռքը բռնած, բայց թողնում է, որ ինքը գործի:

Խնդրի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել տեղեկատվական և իրազեկման ծրագրերի իրականացումը երեխաների, մանկավարժների, ծնողների համար՝ բուլիինգի երևույթի, դրա ազդեցության և հետևանքների, կանխարգելման հնարավոր գործողությունների մասին: Այս դիրքորոշումն ունի Միշա Թադևոսյանը: Նա հավելում է, որ օգտակար կլինի դպրոցական ուսումնական ծրագրերում ինտեգրված ծրագրի տեսքով բռնության հիմնախնդրին անդրադարձը, ինչպես նաև ՔՀԿ-ների կողմից իրազեկման և կանխարգելման հանրային միջոցառումների իրականացումը, հանրային դիսկուրսում հակաբուլիինգի ջատագովությունը և այլն:

Նշենք, որ «Արևիկ» հրատարակչությունը ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ Հայաստանում բուլիինգի իրազեկման վերաբերյալ: Իրազեկման դասընթացները մեկնարկել են 2019թ. օգոստոս ամսից: Ծրագրի շրջանակներում հոգեբանի և սոցիալական մանկավարժի կողմից իրականացվում են իրազեկման տեղեկատվական հանդիպումներ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ:

Թրեյնինգավար Միշա Թադևոսյանը նշում է, որ իրականացվել են հանդիպումներ Վանաձոր, Վայք, Գյումրի, Դիլիջան, Սիսիան քաղաքներում: Նրա խոսքով՝ հանդիպումների ընթացքում կիրառվում են ժամանակակից կրթական մեթոդներ և տեխնոլոգիաներ, որոնց կիրառման արդյունքում երեխաները հնարավորություն են ունենում ծանոթանալու բուլիինգի խնդրին և դրա կանխարգելման մեթոդներին:

2019թ. դեկտեմբեր ամսին տվյալ ծրագրի շրջանակներում անցկացվել է նաև շարադրությունների մրցույթ բուլիինգի տարբեր դրսևորումների վերաբերյալ: Մրցույթին մասնակցել են մինչև 18 տարեկանները: Գլխավոր նպատակն էր՝ խոսել արատավոր երևույթների մասին, բարձրաձայնել ու գտնել դրանց հետ պայքարելու միջոցները:


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1321 | 0 | 0
Facebook