Loading...

Articles

Կյանքն ու պայքարը մեկ դրվագում

21:18, Wednesday, 03 April, 2019
Կյանքն ու պայքարը մեկ դրվագում

Մի քանի ամիս էր մնացել, որ զորացրվեր: Ապրիլմեկյան առավոտը Պարույրի համար ոչնչով չէր տարբերվել նախորդ օրերից: Հերթափոխի օրն էր, որ սկսվել էր բանակային սովորական առօրյայով: «Խաղաղ էր, և միայն գիշերն անակնկալ մատուցեց բոլորիս: Երկուսին մոտ կրակոցներ լսեցինք ու երկինքն անսովոր կերպով լուսավորվեց: Մինչ այդ կրակոցներ շատ էին եղել, սակայն այս անգամն ուրիշ էր: Առավոտյան արդեն հայտարարեցին՝ պատերազմ է», - պատմում է ՀՊՄՀ ուսխորհրդի նախագահ, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին զինծառայող Պարույր Գալստյանը:

Դժվարությամբ է խոսում տեղի ունեցածի մասին: Համածառայակից ընկերների կորուստը ծանր էր նրա համար: Ցավը մեծ էր, սակայն մարտական ոգին շարունակում էր բարձր մնալ: Դիրքի ավագ լինելով՝ մյուս զինվորների հետ ջանացել է անհնարինն անել: Գրեթե չորս օր տղաները չեն քնել: «Մեզ մոտ եկած կամավորները փորձառու էին և շատ էին օգնում: Մեր երիտասարդ զինվորներն էլ անվախ էին, բայց այդ մարդիկ թրծվել էին Արցախյան պատերազմում: Այս փաստն ավելի էր ոգևորում: Երբ գիտես՝ ազգը միահամուռ ոտքի է կանգնել ու սատարում է քեզ, թուլանալու իրավունք չունես», - ասում է նա:
    

Պարույրի կարծիքով պատերազմը մարդու մեջ առաջին հերթին ամրապնդում է սերը հայրենիքի նկատմամբ, իսկ հետո՝ պայքարելու և դիմակայելու ձգտումը: Ավելի հեշտ է դառնում մարդկանց ճանաչելը, և հասկանում ես՝ անհրաժեշտ է վայելել կյանքի ամեն վայրկյանը: Ընդգծում է՝ մահն աչքերիդ առաջ է, ունեցածդ զինամթերքը կարող է չհերիքի, բայց մեկ է՝ չես հանձնվում:

Անցել է երեք տարի: Նրա համար ընտանիքն աշխարհում լավագույն վայրն է: Սիրում է տունը, բայց չի մոռանում բանակային կյանքը: Իրեն համարում է այն քիչ մարդկանցից, որ չեն դժգոհում բանակից: Կատակում է՝ երկու տարի ծառայում ենք, մի ամբողջ կյանք պատմում: Զորամասի պատերից ներս ուրիշ աշխարհ էր գտել, ուր սկզբում լուռ հետևել էր՝ ինչ է պետք անել և որտեղ: «Ուրիշ աշխարհ էր նաև ճաշարանը, ուր ուտելիքներն անչափ համեղ էին: Նույն ճաշարանը ծննդյան օրվա փոքր մասնակիցն էր դառնում», - ժպտում է ու հավելում՝ ծննդյան օրվա դեպքում բանակային ընկերներն ասում էին՝ օրդ շնորհավոր:
    

Բանակից վերադառնալուց հետո Պարույրը շարունակել է կրթությունն ու այժմ ՀՊՄՀ-ի «Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության» ֆակուլտետի «Լանդշաֆտային պլանավորում և դիզայն» բաժնի 1-ին կուրսի մագիստրոս է: Նա կրթության միջոցով շարունակում է ծառայությունն ընտանիքին և հայրենիքին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5393 | 0 | 0
Facebook