Loading...

Articles

Հայատյացությունը որպես Ադրբեջանի գաղափարախոսություն

20:29, Friday, 31 May, 2019
Հայատյացությունը որպես Ադրբեջանի գաղափարախոսություն

Քաղցր զրույցի ժամանակ եկավ հայը. սա մեկն է տասնյակ հայատյաց տրամադրություն արտահայտող ասույթներից, որոնք առկա են ադրբեջանական գրքերում: Ադրբեջանում երեխաների մեջ հայերի նկատմամբ թշնամանքի սերմանումը սկսվում է դեռ վաղ տարիքից: Այստեղ կրթությունը հասարակության մեջ «թշնամու կերպարը» ամրապնդելու օգտավետ ձևերից մեկն է: Գրքերում երեխաները կարդում են այնպիսի տողեր, ինչպիսիք են՝ «հայերը պետք է մեռնեն», «մարդ ծնվում են, հայ դառնում», «պատմությունը չափազանց լուրջ բան է հայերին վստահելու համար»: Հեքիաթներում, բանաստեղծություններում, մանկական խաղերում թեման շարունակվում է: Մանկապարտեզներում կազմակերպվող «հայրենասիրական» թեմայով մի խաղում երեխաներից ամենահամարձակը պետք է հանի հայի սիրտը և նվիրի շահիդի մորը: Երբեք հայ չտեսած ադրբեջանցի երեխաները հային ընկալում են որպես նենգ, պիղծ ու չարամիտ կերպար: «Ադրբեջանը հայատյացությունը որդեգրել է որպես պաշտոնական քաղաքականություն, որը վերածվել է գաղափարախոսության: Դրա շուրջ ձևավորվում է ադրբեջանցու ինքնագիտակցությունը, որտեղ ինքն անպայման հակադրվում է հային: Երեխաներն ու դեռահասները խոցելի խումբ են՝ ենթակա Ադրբեջանում ամենաարդյունավետ հակահայկական քարոզչությանը», - նշում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Հայատյացությունն ունի պատմական հիմքեր: Երևույթը սկսել է զարգանալ խորհրդային ժամանակաշրջանում, ապա ինտենսիվորեն արտահայտվել Արցախյան պատերազմի տարիներին: Ներկայումս հակահայկականությունը դրսևորվում է տարբեր քաղաքական հայտարարություններում, հասարակական մթնոլորտում: Անժելա Էլիբեգովայի խոսքով՝ վառ օրինակ է Ադրբեջանում հայկական անունների գործածության արգելքը: «Հայատյացությունն Ադրբեջանում» գրքում նշվում է, որ դեռևս 2011թ. Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան և կառավարությունն ընդունեցին «լուսացույցի սկզբունքը», որի համաձայն սահմանվեցին «վստահելի» և «արգելված» անունները երեխաների համար: Ցուցակում «կանաչ լույսի» ներքո ընդգրկվեցին անուններ, որոնք համապատասխանում են Ադրբեջանի ազգային, մշակութային և գաղափարախոսական արժեքներին: «Դեղինի» տակ հայտնվեցին անցանկալի անուններ, որոնք կարող էին գեղեցիկ չհնչել այլ լեզուներում կամ ծաղրի առարկա դառնալ: Հայկական անունները, բնականաբար, հայտնվեցին «կարմիր», արգելված ցուցակում: Օրինակ՝ լեզգին իր որդուն Արսեն անունը տալու համար ստիպված է դիմել հանձնաժողովին հատուկ թույլտվություն ստանալու համար:

«Հայերը գիտակցում են՝ ադրբեջանական կողմը թշնամի է և հարկավոր է զգոն լինել», - ասում է Անժելա Էլիբեգովան: Նա շեշտում է՝ հայատյացության խնդրի, հակահայկական քայլերի դեմ գաղափարական պայքարում հայկական կողմի առաջնահերթ խնդիրը իրազեկության պահպանումն է: Ըստ Անժելա Էլիբեգովայի՝ հարկավոր է տեղյակ լինել Արցախյան հակամարտության պատմությանը, հայկական կողմի դիրքորոշմանը և փաստարկներին, որպեսզի հնարավոր լինի հակազդել ադրբեջանական կողմին միջազգային հարթակներում, տեղեկատվական դաշտում և միջանձային շփման մեջ:

Ադրբեջանում ձևավորվում է հասարակություն, որին թունավորում են հայատյաց գաղափարներով ու սովորեցնում՝ հային պետք է ոչնչացնել: «Առնվազն մի քանի սերունդ պետք է փոխվի Ադրբեջանում, որպեսզի հնարավոր լինի ազնիվ երկխոսել: Սակայն ադրբեջանական կողմը նախ պիտի փոխի իր քաղաքականությունը, դասագրքերը նորից գրվեն, վերանայվեն պատմության հետ կապված մոտեցումներն ու դադարեցվի ատելության քարոզչությունը», - ընգծում է Անժելա Էլիբեգովան:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2741 | 0 | 0
Facebook