Loading...

Articles

Իշխանափոխությունից հետո մենք ունենք երկիր սարքելու խնդիր

Mamul.am
Author:
Mamul.am
21:50, Tuesday, 30 October, 2018
Իշխանափոխությունից հետո մենք ունենք երկիր սարքելու խնդիր
     Երևանի Ալեքսանդր հյուրանոցի կոնֆերանս սրահում 300-ից ավել պատվիրակների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայկական Երազանք կուսակցության հիմնադիր համագումարը։ Համագումարով նորաստեղծ կուսակցության վարչության անդամներ ընտրվեցին քաղաքագետ Արմեն Մկրտչյանը, Արցախյան պատերազմի հրամանատար Արշակ Արշակյանը, տնտեսագետ Սմբատ Ռոստոմյանը, փաստաբան Ցոլակ Գրիգորյանը, արևելագետ Գեղամ Հարությունյանը, իրավաբան Դավիթ Խոսրովյանը, իրավաբան Արտավազդ Սարգսյանը, քաղաքագետ Աշոտ Գրիգորյանը, ինժեներ Սմբատ Կարապետյանը։ Վարչության անդամ Գեղամ Հարությունյանն ընթերցեց համագումարի հռչակագիրը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Թավշյա հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ուսերից թոթափեց քրեա-օլիգարխիկ համակարգի ծանր լուծը և այժմ հեղափոխության վերջնական հաղթանակին հասնելու համար մենք պետք է ստեղծենք նոր, իրապես ժողովրդավարական քաղաքական ու տնտեսական կառավարման համակարգ: Դրա համար պետք է մշակվեն ու ներդրվեն երկրի իրական զարգացումն ապահովող քաղաքական նոր մշակույթի, քաղաքական ազատ ու մրցունակ դաշտի ձևավորման, տնտեսության իրական զարգացման ռազմավարության հիմքերը: Իսկ այդ ամենին հասնելու համար մենք պետք է կարողանանք ձևավորել բազմակարծիք ու գրագետ խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն այնպիսի պատգամավորներ, որոնք իրենց ողջ գիտակցական կյանքում պայքարել են հանուն մեր երկրի ապագայի, իրենց կենսագրությամբ անբասիր են, իրենց ասելիքով ներկայացնում են հասարակության շահերը և ներկայանալի են իրենց վարքով ու բանիմացությամբ»: Ելույթով հանդես եկավ տնտեսագետ Սմբատ Ռոստոմյանը, ով ներկայացրեց կուսակցության տնտեսական ծրագրերը։ Ելույթով հանդես եկավ նաև Արմեն Մկրտչյանը, ով վստահեցրեց, որ քաղաքական զարգացման նոր փուլերում անհրաժեշտ է ապահովել սթափ քննադատության ու բազմակարծության մթնոլորտը, որն անհնար կլինի առանց քաղաքական դաշտին նոր լիցք ու թարմություն հաղորդող ուժերի։ Հայկական երազանք նախաձեռնող խմբի անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարեց, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Իշխանափոխությունից հետո մենք ունենք երկիր սարքելու խնդիր, ունենք մեր երազանքները կյանքի կոչելու խնդիր: Մրցակիցներ չունենք հեղափոխական ուժերի մեջ, դաշնակիցներ ունենք հեղափոխական ուժերի մեջ և մինչև վերջ մեր ազնիվ դաշնակցի դերը և կոչումը կատարելու ենք: Ցանկացած պահի ժողովրդի կողմից ընտրված վարչապետի կոչին արձագանքելու ենք միահամուռ և միասնական», - նշեց Արմեն Մկրտչյանը:
Source: mamul.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3106 | 0 | 0
Facebook