Loading...

Articles

Տրանսպորտային քրեապետությունում (շինիչ շոյանքներ)

16:36, Wednesday, 22 August, 2012
Տրանսպորտային քրեապետությունում (շինիչ շոյանքներ)

«Մինչ բոլոր առողջ ժողովուրդների ընտրախավերը գիտակցել ու գիտակցում են, որ մարդը, քաղաքացին է գերագույն արժեքը, իսկ ողջ մնացյալը` անկախություն, տարածք, տնտեսական շինարարություն, կոչված է ծառայելու նրա պահանջների էլ ավելի կատարյալ բավարարմանը, հայ իշխանավորների համար մարդը, քաղաքացին եղել և մնում է անարժեք միջոց սեփական չհստակեցված արժեք բարդույթների հանգուցալուծման համար»։
     Տիգրան ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ,
     «Մի տարեք մեզ ի փորձություն...»

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՐԳ ԵՐԳՈՑ»-Ի ԲՈՐԲ ՈՌՆՈՑԸ
     «Տրանսպորտային երգ երգոց» խորագրի ներքո 2012-ի մայիսի սկզբին լույս ընծայվեց «լճիցլճյան» հերթական զեղումս, որն ուներ ոչ պակաս տրագիֆարսային ենթախորագիր` «Տվեք իմ «գժի թուղթը» («Իրատես de facto», թիվ 34)։ Այսինքն` «անարժեք միջոցս» փորձում եմ սատարել անկախ երկրիս քաղաքացուն, ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔԻՆ։ Ցավոք, այս դաժան մարտերում հաճախ մենակ եմ մնում, ինչից արժեհամակարգի որոշակի բարդույթավորված «խմբաքանակ» ներկայացնողները վարպետորեն են օգտվում։ Անշուշտ, կարելի է նաև մի նոր ՀԿ բացել, դառնալ հանրային շահի տրանսպորտային ցավքաշն ու մեղմանուշ պարարտանալ դրամաշնորհների յուղափթիթ արոտավայրերում։ Անհույս է։ Դրամաշնորհ չի տրվում հանրային արժանապատվության ջատագովներին։ Կրկին անդրադարձս անկրկնելի Տիգրանին. «Իմ բաղձանքն է, որ մենք վերջապես վիրավորվենք, ցավ զգանք, քանզի կառավարելիությամբ իջեցված ենք կենդանական աշխարհի մակարդակին»։ Այո՜։

Պատմությունն ինքնատիպ չէ, սակայն բնորոշ է։ Յուր անսքող վայրագությամբ։ Մի կողմում իշխանապետական որոշակի հանգույցի բացահայտ քրեական սանձարձակությունն է, մյուսում` հանրային շահն ու արժանապատվությունը։ Այս պարագայում տողերիս հեղինակին մեկ բան է մնում` բոլշևիկորեն հետևողական լինել և հեղափոխական ավյունով գնալ մինչև վերջ։

Երբ չինական ավտոբուսները շախով-շուխով շարք բռնեցին Հանրապետության հրապարակում, և երբ երկրիս նախագահը Հանրապետության հրապարակից թիվ 1 ուղերթն իրականացրեց դեպի Շահումյան հրապարակ, գլխի ընկա, որ վերջապես մայրաքաղաքի տրանսպորտային բռնախաղերի վերջն է եկել։ Երկրիս թիվ 1 գործիչը տրանսպորտային վերածննդի թիվ 1 առհավատչյան է։ Սակայն օրերն անցնում էին, մանուշակագույն փրկօղակները չէին նետվում երթուղային մղձավանջից տանջահար ուղևորներիս ուղղությամբ։ Ստիպված մի նամակ եմ հղում նախագահական նստավայր, ուր հուզախռով նշում եմ, որ, մեղմ ասած, «մանուշակագույն փրկօղակների» փոխարեն «դեղնացոլք խաբեության» ենք արժանացել։ Այսինքն` Չինաստանից Հայաստանին նվիրաբերված ավտոբուսները փոխարինվել են ՈՒկրաինայից գնված «Բոգդաններով»։ Սա ձախ ձեռքով աջ ականջը քորելուն համարժեք մի բան է, կամ էլ չինովնիկական այլասերության առհավատչյա։ Զի մեկ տարի շարունակ տրանսպորտային բռնախեղման մեջ գտնվող հանրությանը մխիթարում էին` չինական ավտոբուսները փոխարինման են գալիս միկրոավտոբուսներին։ Բայց և այնպես, փոխարինեցին ավտոբուսներին։ «Ինչո՞ւ» հարցի պատասխանը պիտի որ տա Երևանի քաղաքապետարանը` յուր տրանսպորտային մունետիկի` վարչության պետ Նավասարդյան Հենրիկի շուրթերով։ Այ, հենց էստեղ էլ գործը հասնում է «դիվանբաշուն»։


    

ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ՏԵՂԱՏԱՐԱՓ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՏՈԾԱՆՈՒՆ
     Տրանսպորտային տագնապներս բավականաչափ հասունացել էին։ Միաժամանակ պետք էր ձեռք մեկնել քաղաքապետարանի տրանսպորտային վարչության պետ Նավասարդյանին` կարեկցանքից դրդված։ Կարեկցանքս հուշում է օգնության կանչել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությանը։ Ղշի թևով մի նամակ եմ հղում։ Տողերս, մասնավորապես, տեղեկացնում են, որ Աջափնյակ վարչական շրջանը (սկսած 17, 16 և 15 թաղամասերից և վերջացրած բուն Աջափնյակ թաղամասով) մայրաքաղաքի կենտրոնին կապող երկու երթուղագծերի միջև խիստ անհավասար մրցակցային պայմաններ են։ Որ թիվ 46 երթուղային միկրոավտոբուսները լուսաբացից արևամուտ աշխատում են գերծանրաբեռնված և ուղևորափոխադրումներն ապահովում քարանձավային եղանակով, արդեն երկրորդ կանգառից հնարավոր չէ մարդավայել երթևեկել, հասնել կենտրոն։ Զուգահեռաբար թիվ 19 երթուղագծի «Բոգդան» ավտոբուսները երթուղում են միայն առավոտյան «պիկ» ժամերին, երեկոյան դրանք անհետանում են, շաբաթ, կիրակի և տոն օրերին առհասարակ դառնում «սև աղվես» և, ըստ էության, քողածածկույթ են` ապահովելու միկրոավտոբուսների և ավտոբուսների քաղաքակիրթ մրցակցության տեսլականը։ Բայց այստեղ խիստ կարևոր մեկ հանգամանք չանտեսենք. ՀՀ նախագահին կից վերահսկողական ծառայությունը (ծառայության պետն է Հովհաննես Հովսեփյանը) անմեկնելի գործառույթներ է իրականացնում։ Ասենք, քաղաքացին բողոքում է համատիրության գանձապահ Մարուշի, էլեկտրիկ Վալոդի կամ էլ դատավոր Մաթևոսի ծայրահեղ վատ, հակաօրենսդրական աշխատանքից։ ՈՒ դիմում է վերահսկողական ծառայությանը։ Վերահսկողականը վերահսկողություն բնավ չի սահմանում և նամակ-բողոքը փոխանցում է Մարուշին, Վալոդին և Մաթևոսին։ Այսինքն, կանաչ ճանապարհ է մաղթում` ապօրինությունները շարունակելու։ Այո՜։

Եվ այսպես, ղշի ճերմակ թևով նամակ եմ հղում նախագահական նստավայր։ Վերահսկողականից նամակս ուղարկում են քաղաքապետարան։ Քաղաքապետարանից ինձ պատասխանում է նույն Հենրիկ Նավասարդյանը։ Ահա մի քանի հուզիչ դրվագ նավասարդյանական հոպ-զիլինայից. «ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից ուղարկվել է Երևանի քաղաքապետարան քննարկման համար։ Հայտնում եմ, որ արդեն ավարտվել են Երևանի ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի մշակման աշխատանքները... արդյունքում նպատակահարմար է գտնվել միկրոավտոբուսային թիվ 46 երթուղին թողնել որպես միկրոավտոբուսային, իսկ Աջափնյակ վարչական շրջանի տարածքով անցնող և մայրաքաղաքի կենտրոնի և տարբեր թաղամասերի հետ կապն ապահովող մի շարք միկրոավտոբուսային երթուղիներ (թթ. 18, 52, 62, 87, 114) փոխարինել ավտոբուսային երթուղիներով։
     Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հ. Նավասարդյան, 24 փետրվարի, 2012 թ.»։
     Սա ինչ է, եթե ոչ հանրությանը բացահայտորեն հիմարացնելու պրոֆեսիոնալ գործընթաց, և ամենակարևորը` հանրապետության նախագահի և վարչապետի նախաձեռնած մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումները վիժեցնելու հետևողական աշխատանք։ Այո՜, Նավասարդյանը սահանկում է երկրիս բարձրագույն ղեկապետերին։ Այո՜։

Այս անգամ ստիպված դիմում եմ քաղաքապետ տիար Տարոնին։ Եվ հիշեցնում նրա հստակ խոստումը` քաղաքացիների բողոքների և առաջարկությունների հիման վրա միկրոավտոբուսները կփոխարինվեն ավտոբուսներով։ Եվ ինչ եք կարծում` ո՞վ է ձեռքն առնում արդարության գավազանը. հավերժ փոխքաղաքապետ Կամո Արեյա՞նը, թե՞ անձամբ ինքը` քաղաքապետը։ Սխալվեցիք, արգո իմ ընթերցողներ, սխալվեցիք ինձ հետ միասին և, ընդ որում, չարաչար։ 2012-ի մայիսի 11-ին բայղուշի հետագծով պատասխանն է թևում դեպի գրասեղանս, Հ. Ն.-ի վավերացմամբ։ Գրելով, որ արդեն իսկ ինձ համապատասխան պարզաբանումներ են տվել, վարչության պետն անսքող ամբարտավանությամբ վերահաստատում է մաֆիոզ գործընթացի ընթացակարգը. «...ներքաղաքային միկրոավտոբուսային համապետական երթուղիների` ավտոբուսայինով փոխարինելու նպատակահարմարության հարցերը քննարկվել են նոր երթուղային ցանցի մշակման աշխատանքների ընդհանուր համատեքստում և հնարավոր չէ ցանկացած միկրոավտոբուսային երթուղու փոխարինումը ավտոբուսայինով»։
     Ինչևէ, ևս մեկ նամակ ուղղեցի ՀՀ վարչապետին, ենթադրելով, որ նրան այս խայտառակ պատմությունը ծանոթ չէ, և խնդրելով նրա աջակցությունը, պատճառաբանելով, որ մայրաքաղաքի քաղաքապետարանում, ինչ-ինչ հանգամանքների բերումով, ի զորու չեն կամ ցանկություն չունեն կարգավորելու խնդիրը։ Պատասխանը երկու ամիս անց դեռևս չկա, բայց գիտեմ, որ այն ուղարկվել է ի տնօրինում դարձյալ Հենրիկ Նավասարդյանի։ Այո՜։

ԳՐՈՂԸ ՏԱՆԻ. ՍԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ Է, ԹԵ՞ ՀԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
     (վերջաբանի կորագծեր)
     Անհոգ եղիր, անգին (արգո, բոսորամիտ, վեհանձն) իմ ընթերցող, գնալու եմ մինչև վերջ, մինչև խնդրի ողջամիտ լուծումը։ Ընդ որում, աշնանը, այսինքն` հերթական բարենորոգչական խումարի թունդ պահերին, գործի մեջ կներգրավվեն ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, ԱԺ խմբակցությունները, սպառողների շահերի պաշտպան կազմակերպությունները, Հիլըրի Քլինթոնը, Կարապետիչն ու այլք։ Սակայն մեկ-երկու լրացուցիչ դիտարկում, որոնք համոզչորեն վստահեցնում են, որ, իրոք, երևանաբնակներս գտնվում ենք տրանսպորտային քրեապետության գարշահոտ ճիրաններում։
     Նախ և առաջ. Հ. Ն.-ն փետրվարին պաշտոնապես պատասխանում է, որ մի շարք միկրոավտոբուսային երթուղիներ (թթ. 18, 52, 62, 87, 114) փոխարինվելու են ավտոբուսային երթուղիներով։ Անցել է կես տարի, որևէ միկրոավտոբուսային երթուղի չի փոխարինվել ավտոբուսայինով։ Դեռ ավելին, քիչ թե շատ պատշաճ սպասարկում իրականացնող թիվ 18 միկրոավտոբուսային երթուղագիծն ընդարձակել է ուղեգիծը և մեկնարկում է արդեն Քասախ գյուղից, այսինքն` մայրաքաղաք է մտնում արդեն լիուլի բեռնված։
     Այնուհետև, չինական ավտոբուսները ահա կես տարի մարմանդ ժանգոտում են. սա նվիրաբերության արձագա՞նքն է։ Սրանցից զատ, որտեղ է փաստված, որ երթուղային միկրոավտոբուսները պետք է մայրաքաղաքի շրջակա գյուղերը ներառեն սպասարկման մեջ։ Եվ ինչու հարկատուներիս գումարներով պիտի գոյանա Հենրիկ Նավասարդյանի և այլոց աշխատավարձը, երբ նա բացահայտորեն սպասարկում է տրանսպորտային մաֆիային։


     Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Ի դեպ, նմանօրինակ իրավիճակ է ողջ մայրաքաղաքում։ Վերցնենք թեկուզ թիվ 30, 67 և այլ երթուղագծերը։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4093 | 0 | 0
Facebook