Սահմանադրական միջանցիկ քամիները (խավիարը բորբոսնել է)
«Եթե մասնավորը կարողանում է, ինչո՞ւ պետությունը չի կարող շահագործել իր հանքերը` շահույթը ծառայեցնելով երկրին, ժողովրդին... Իսկ վաղը (որն այս անխնա արշավանքի պայմաններում շատ շուտ է գալու), երբ դատարկվի ընդերքը, հնձվեն անտառները, բարակեն-խցանվեն-աղտոտվեն գետերը, լճերը, ոչնչանան կենդանիները, ձկները... ՉԻՆՈՎՆԻԿ ՊԵՏ.-ԻԿԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՒրեմն, անապահովները մեր բնակչության 27, 7 %-ն են։ Հիմա ես, ձեր թույլտվությամբ, ներկայացնեմ նրանց առօրյան ու միասին մտածենք` նրանք դժգոհելու իրավունք ունե՞ն, թե՞ ոչ։ (Ի դեպ, այս ուսումնասիրությունը եռամյա ծրագիր էր, իրականացրել ենք միջգերատեսչական հանձնաժողովով, վարկային ֆինանսավորմամբ։ Հանրապետությանը 27, 7 % տոկոսադրույքով վարկ է տրամադրել արևմտյան մի գաղտնի ֆինանսական կորպորացիա, որը նպատակ ունի Հայաստանում կառուցելու թրիքի վերամշակման և արտահանման տարածաշրջանային կենտրոն։ Ասում են, որ հայկական նորանկախ աթարն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով։ Այն պարունակում է մեր լեռնային կենարար օդը, աղբյուրների անմահական ջուրը և հայ չոբանների մտավոր բարձր ունակությունները)։ Տեսեք, առավոտ կանուխ տեր և տիկին անապահովները դուրս են գալիս Բաղրամյանի իրենց երկսենյականոցից։ Սրանց տան գինը ներկայումս 70-80 հազար է, այսինքն` տակները կապիտալ կա։ Լավ, նստեցին տրոլեյբուս, մշտականով անվճար իջան զբոսայգի, ողջ օրն անվճար օգտվեցին նստարաններից, պուլպուլակից անվճար ջուր խմեցին, շնչեցին թթվածնով հագեցած օդը, կերան տնից վերցրած հացն ու պանիրը։ Էս ամենը` լրիվ ձրի։ Ձմեռն անվճար ձնագնդի են խաղում, գարնանը (դարձյալ ձրի) հոտոտում զբոսայգու ծաղիկները։ Չմոռանանք, որ տրոլեյբուսով ճամփորդելիս անվճար էնքան բան են տեսնում, որոնք տեսնելու համար մեր դարդախորով սփյուռքահայերը մեշոկով փող են վճարում։ Զորօրինակ, տնտղում են Բաղրամյանով թրև եկող պատգամավորական թիկնազորին, Մաշտոցի պողոտայում ադիբուդի խեղդող նեգր ուսանողներին, օպերայի շենքը, բոմժերի կոշիկները, սերիալային դերասանուհիներին, վերնիսաժի նկարիչներին։ ՈՒ էսքանից հետո զօր ու գիշեր անիծում են պատգամավորներին ու կառավարության անդամներին, թե դրանք անգութ են, բութ են, շահամոլ են, շատակեր են։ Իսկ Ծիծեռնակաբերդում ի՜նչ խաղեր են տալիս, թող ու փախիր։ Շաբաթ-կիրակի տեղ ու դադար չկա։ Հայտնվում են մարզական հագուստով, ուսերին էլ` մի-մի տոպրակ։ Անվճար վազում են, ձրի հիանում բնության հրաշալիքներով, հետո էլ (դարձյալ ձրի) կիլոներով ալոճ, մասուր, տարբեր կանաչեղեն հավաքած տուն են հասնում ու դժգոհում, որ թոշակն անմարդկային ցածր է, մսի գինը մարդատյացորեն բարձր է և այլն։ Եվ սրանք անապահով խա՞վ են։ Էս դեպքում ի՞նչ անուն տանք Սոմալիի սովյալներին։ ԱՊԱՀՈՎ ԽԱՎԻ ԽԱՎԻԱՐԸ Երիցս փառք երկնավորին, որ Արցախի Հանրապետությունում, իրապես և իրատես, պետություն է կառուցվում։ Հայտարարագրե՜ր։ Վերնակույտը հերթական առիթը բաց չի թողնում թքելու մեր հոգու խորքը, խարանելու մեր ճակատն իր անվերապահ քամահրանքով։ Վերնակո՜ւյտը, անբավ և ինքնիշխան, անհոգ, բայց անհրաժեշտ պահին` խիստ իշխանահլու։ Վերնակույտում զարմանահրաշ կուտակումներ են։ Թերևս շոշափենք նրանց փորոտիքը, հուսալով, որ աղիքները կծառայեն իրենց բուն նպատակին` հանապազօրյա հացի ճաշակմանը և ոչ ամենևին երկրի ու նրա հարստության յուրացմանը, բռնազավթմանն ու այս ամենի բնական վերջնարդյունքում էլ` եթեր արձակվող հրանոթային բառաչին։ Այսպիսով, հայտարարագրերն են ասպարեզում։ Զուգընկերը սրանց ատկատների հայտնագործումն է և կոռուպցիայի սանձազերծումը։ Ասել է` հանրապետությունը թևակոխում է «Համլետյան հարցին» պատասխանելու շրջափուլը` լինե՞լ, թե՞ չլինել։ Լինե՞լ հանրապետություն, թե՞ գոյատևել որպես հակապետություն։ Թե՞ վերջնագիր ենք ներկայացնում ինքներս մեզ և կամենում ենք պետություն և երկիր դառնալ, նախ պիտի որ դադարենք հավատալ վերնակույտի հեքիաթներին։ Հեքիաթներ, որոնցով սնուցում են մեր անկատար կայացումն ու կատարյալ ուծացումը։ Զի երկրում կատարելության է հասել միայն վերնակույտը։ Վերնակույտը, որը լեռների ու լճերի, կիրճերի և այլնի տերը լինելով հանդերձ, նորանոր զբաղմունքներ է հորինում։ Իր համար` օրն առավել հաճելի լուսացնելու, մեզ համար` կայունացման և շենացման գույնզգույն թունահաբերը մանանայի տեղ իրացնելու նպատակով։ Այո՜, գնալով խորասուզվում ենք մի ճահճի մեջ, որը վաղուց արգելափակ գոտի է, դարպասին կարմրատառ գրված` «Լողն արգելված է։ Հնարավոր են բարոյական, հոգեկան, հիշողական շեղումները»։ ԽԱՎԻԱՐԸ ԲՈՐԲՈՍՆԵԼ Է, ՆՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ ՓՆՏՐԵՔ
Հ. Գ.- Զարմանալիորեն հուզիչ է ամենահաս ՀԿ-ների և աչքաբաց ԶԼՄ-ների բացթողումը։ Առայսօր դեռ չի հրապարակվել որևէ ցուցակ, ուր կպարզորոշվեն նորանկախական մեր միլիարդատերերի և միլիոնատերերի կապիտալի լայնք-երկայնքը։ |