Loading...

Articles

Մամլո գրոհ հրավառությունների դեմ

21:22, Thursday, 04 October, 2012
Մամլո գրոհ հրավառությունների դեմ
     «Տեսակետ» ակումբում հրավառության նյութերի, պայթուցիկների և այլնի շուրջ ասուլիս էր հրավիրել սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։ Նա ելույթը սկսեց բավականին հետաքրքիր մեջբերմամբ. ինչո՞ւ պիտի մեր կենսական շահերը թողած, շարունակ քննարկման թեմա դարձնենք աշխարհում կատարվող և մեզ հետ անմիջական կապ չունեցող տարաբնույթ խնդիրները։ Անդրադառնալով բուն նյութին, նա նշեց, որ պայթուցիկ և հրավառ նյութերն իսկապես պատուհաս են դարձել հանրության համար։ Դրանք որոտում են ամենուր, սովորաբար երեկոյան ժամերին, բացարձակապես հաշվի չառնելով մարդկանց հանգիստն ու նրանց առողջական խնդիրները։ Պարոն Պողոսյանը ներկայացրեց մի փաստաթուղթ, որը վավերացված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանի ստորագրությամբ, որում ասվում էր, որ առաջիկա ամսվա ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովը քննության կառնի խնդիրը և յոթ օրենքներում հիմնարար փոփոխություններ կկատարի։ Այս նամակը, ի պատասխան քաղաքացիներից մեկի դիմումի, վավերացվել է 2011-ի դեկտեմբերին, այսինքն, շուրջ 10 ամիս նախարարությունն անգործության է մատնված։ Ի դեպ, միջգերատեսչական հանձնաժողովի կազմում են Հայաստանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները, ՀՀ ոստիկանությունը, Երևանի քաղաքապետարանը, արտակարգ իրավիճակների նախարարությունը և այլն։ Ներկայացնելով վերոհիշյալ փաստաթուղթը, Արմեն Պողոսյանը նշեց, որ ԱԻ նախարարությունից խոստացել են խիստ վերահսկողություն սահմանել այդ ապրանքատեսակների արտադրության, ներկրման, պահեստավորման, դրանց օգտագործման և այլնի վերաբերյալ։ Այսինքն, ամեն բան կարգավորել օրենքի շրջանակներում։
     Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչ գործուն մեխանիզմներ կան խնդիրը կարգավորելու իմաստով։ Ի պատասխան` սպառողների ասոցիացիայի նախագահը նշեց, որ ամենագործուն միջոցը խնդրի լայն հրապարակայնությունն է, ինչը և ապահովվում է հենց ներկա ասուլիսով։ Նաև միանգամայն հնարավոր է հրավառությունները թույլ տալ միայն այն զվարճանքի օբյեկտներում, որոնք գտնվում են մայրաքաղաքից և, առհասարակ, բնակության վայրերից բավականին հեռու։ Նա նաև հիշեցրեց, որ մանկական զվարճանք համարվող պայթուցիկները, որոնք իրականում շատ վտանգավոր գործառույթ ունեն, առիթ են դարձել, որ հաշմվի մի երեխա։
     Շրջանցելով թեման` լրագրողներն անդրադարձան գազի սակագնի հնարավոր բարձացմանը։ Ըստ Արմեն Պողոսյանի, հայտնի է, որ այդ հարցը որոշվում է Կրեմլում և մեր անելիքը պետք է լինի հանրապետության կենսապահովման համակարգի ղեկավարումը։ Այսինքն, Հայաստանը պետք է իր էլեկտրաէներգիան շատ ավելի մատչելի դարձնի բնակչության համար, այն դարձնի միջպետական հարաբերություններում գործուն մեխանիզմ, հաշվի առնելով, որ հարևան երկրներում էլեկտրաէներգիայի պակաս կա, մեզ մոտ ավելցուկ։ Պետք է օգտագործել նաև մեզ շռայլորեն տրված արևի էներգիան, անցնել ջեռուցման միասնական համակարգի։ Նա նշեց, որ մայրաքաղաքի մի շարք հատվածներում ինչպես նախորդ ձմռանը, այնպես էլ այս տարի մի քանի տասնյակ շենքեր ջեռուցվել ու ջեռուցվելու են կենտրոնական կաթսայատներից։ Սա ավելի նպատակային է, քանզի ավելի էժան է նստում սպառողների վրա։ Եվ առաջիկա ձմռանը հնարավոր է ջեռուցման այս սկզբունքն ավելի կիրառելի դարձնել։
    
     Նյութի իրական աղբյուրն է` www.irates.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4318 | 0 | 0
Facebook