Loading...

Articles

Ջայլամի հետույքը

12:22, Wednesday, 26 September, 2012
Ջայլամի հետույքը

Քաղաքապետարանը նախընտրական տարում որդեգրել է քաղաքաբնակներին երջանկացնելու գործելաոճ։ Սա իրականացվում է «պարտադիր-կամավոր» սկզբունքով։ Կարծես վատ չի ստացվում։ Հատկապես ջրավազանների և շատրվանների հարցում։ Վկան` Ազնավուրի հրապարակի վերականգնված ջրավազանն իր, իսկապես, աննախադեպ շատրվանով։ Սա տեսնելու բան է, սա պատմելու բան չէ։ Նախ` շատրվանը հորդում և վեր է սլանում մոտ տասը մետր բարձրությամբ ու գահավիժելով ջրաշիթերը ջրվեժի էֆեկտիվ աղմուկ են առաջացնում։ Եվ հետո շատրվանը մի քանի տարբերակով է գործում, ռիթմիկ ու հոգեպարար։ Կարելի է ժամերով ուղղակի նստել հարակից գեղանկար նստարաններին, զմայլվել ու հանգստանալ։

Շատ ավելի նպատակային է գործում Աջափնյակ վարչական շրջանում վերականգնված ընդարձակ լողավազանը։ Այն քիչ սեղմվել է իր սահմաններում։ Սակայն ազատված մակերեսներում զբոսայգի է հիմնադրվել, իսկական նվեր բնակչությանը։ Զուգահեռաբար շատրվաններ են գործում հենց լճի մակերեսին։ ՈՒ ամեն բան աչք է շոյում, մայրաքաղաքի արվարձանային այս շրջանը օր օրի փոխում է նկարագիրը։ Փոխում դեպի դրականը։

Այժմ վերադառնանք Ազնավուրի անվան հրապարակ։ Օրեր առաջ քաղաքապետարանը հերթական անակնկալը մատուցեց երևանցիներիս։ Հրապարակի նստարաններին տեղադրվել են Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի արձանները։ Մտահղացումն ուշագրավ է, իրականացումը` անճաշակության և հակագեղարվեստականության գլուխգործոց։ Այս գլուխկոտրուկի հեղինակը, ըստ էության, անհայտ է։ Նկարիչների միությունում զարմացած ուսերն են թոթվում, որևէ գեղարվեստական խորհրդով նման բան չի անցել։ Եվ ցուցահանդես այցելող արվեստասերները նախ շփոթվում են, զայրանում, բայց և շատ արագ հանդարտվում։ Քանզի գործողության մեջ է մայրաքաղաքն արձանագործական խեղաթյուրանքներով «շենացնելու» համընդգրկուն ծրագիրը։
     Նշենք թեկուզ Միքայել Նալբանդյանի արձանին հարակից զբոսայգու նախշազարդումը թոխմախգյոլային արձանագործության ավանդույթներով ստեղծված արձանաշարով։ Կամ թեկուզ Վահրամ Փափազյանի անունը փառաբանող (հասկանալ է պետք փառազրկող) բազալտակոփ անհեթեթությունը Կոմիտասի և Փափազյան փողոցների անկյունում։ Կիրակի երեկոյան, այնուամենայնիվ, հաջողվեց պարզել հեղինակի անունը։ Ինչ-որ Սուրեն է, կարծես թե կրթությունը կիսատ թողած Երևանի գեղարվեստի ակադեմիայում։ Բայց այստեղ Սուրենի կամ այլ մեկի խնդիրը չէ, որ հրապարակում է։ Երևանի արձանագործական նկարագիրը խեղանդամվում է զարմանալի հետևողականությամբ։ Ինչո՞ւ, անհայտ է։
     Եվ հարցի պատասխանը պիտի ակնկալել կառավարությունից, որի 1999-ի թիվ 556 որոշմամբ, կանաչ ճանապարհ է բացվել վերոնշյալ «քյալլագյոզությունների» առջև։

Ջայլամի սովորույթը հանրահայտ է. նա վտանգի դեպքում գլուխը խոթում է ավազի մեջ, հետույքն ուղղում թշնամու կողմը։ Առակս ինչ ցուցանե, թող որոշի ընթերցողը։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
9032 | 8 | 0
Facebook