Loading...

Articles

Անասնակերպերի զվարճանքը (յոթ օրենքի հինգ ուզվորները)

00:28, Saturday, 08 September, 2012
Անասնակերպերի զվարճանքը (յոթ օրենքի հինգ ուզվորները)

«Եթե մարդու տանը հրդեհ բռնկվի, և մարդը, որ եկել էր հանգցնելու կրակը, աչք գցի տանտիրոջ ունեցվածքին ու վերցնի տանտիրոջ ունեցվածքից որևէ բան, այդ մարդուն պետք է գցել նույն կրակի մեջ» (Բաբելոնի օրենքներից)։
    
    

ԿԱՆԱՉ ԵՐԱԶԱՆՔ` ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ԲԾԵՐՈՎ
     (Առավոտ լուսո)


     Օգոստոսի 9-ը կանաչ ու փառավոր օր էր: Կառավարական տան ժամացույցը ղողանջում էր րոպեն մեկ` հանրահայտ երգերի ուղեկցությամբ: Զորօրինակ, «Պատրոնդաշս կապել եմ», «Կոլխոզնիկ տղա, մեր այգին արի», «Ծնունդդ շնորհավոր»: Յուրաքանչյուր երգին համապատասխան փոխվում էր շատրվանների ջրի գույնը. նախ այն վարդագույն էր, հետո դաշտաբույր (դե, կոլխոզնիկ տղան այգի պետք է գա՞, թե՞ ոչ): Այնուհետև` շամպայնի փրփուրի գույնի: (Դե, ծնունդն էլ ի՞նչ գույնով շնորհավորել): Մի խոսքով` օրը փառավոր էր: Կառավարությունը հստակեցրեց հրավառությունների օրն ու ժամը, անելիքն ու չանելիքը: Սա խանդավառեց հանրային հոգսաշատ հոգիները: Թվաց վերջապես, որ ականջաթաղանթները մեր և մեր նյարդերը կարող են երեկոները «Պոլոնեզ» սուլել: Թվաց մի պահ, որ զվարճավայրերի ծովահենային սև դրոշակները փոխարինվել են խաղաղության ճերմակ դրոշներով: Այո՛, կառավարությունը թև ու թիկունք է կանգնում հայրենի բնակչությանը, դմբզահարելով նրա վայրենի փոքրամասնությանը: Օրը կանաչ էր, զրնգուն ու փառավոր` նարնջագույն հետքերով: (Օրեր առաջ կառավարությունը մի կողմ դրեց տնտեսական ճգնաժամի, հացի քաշի և պահածոյացվող պոմիդորի թեթևսոլիկ հարցերը և ճանապարհների ճերմակ արգելաշերտերը փոխարինեց նարնջագույնով):


    

ՔԹԻՑ ԲՌՆԱԾ` ԴԵՊԻ ԳՈՒՅՆԶԳՈՒՅՆ ԵՐԿԻՆՔ
     (կեսարյան հատում)


     Շաբաթը շրջանցեց ուրբաթին: Ես դարձա թաղամասի աչքի փուշը: Այնինչ հեղինակությամբ չէի զիջում վարսավիր Հենդոյին, գերազանցում էի պատգամավոր Ցեցին (մականունն է): Չէ՞ որ «ԼԼ» գլխավոր նավավարիս մեջ էր թաղականը տեսնում իր հաղթական մոզուն: (Լավ է, գոնե ոչ աքլորին): Օգոստոսի 9-ին լուրս հասավ համայնքին` դեն նետեք բամբակն ու խցանները, ոչնչացրեք դեղ ու բալասանը: Բանն այն է, որ երեկոյան հրավառությունից պաշտպանվելու փորձված միջոց է ականջները բամբակյա շերտով խցանով (սովորական գինու շշից թռցրած¤ փակելը: Հավատա ինձ, ընթերցող, ես արդար էի ձեր, խղճիս և կառավարական որոշման առաջ, որը հստակ սահմանում էր, որ Ամանորի գիշերը թույլատրվում է (անխտիր բոլորին, անգամ Հենդոյին ու Ցեցին) հրավառություն կազմակերպել 23:00-ից մինչև 01:00-ն: Ընդունելի է: Ոնց որ մոմագողի ծնկաչոք մեղա գալը եկեղեցու գավիթում: Նաև պետական տոներին (իշխանությունների հետ համաձայնեցնելով) ՀՀ քաղաքացիները կարող են հրթիռակոծել երկինքն ու հարևանների լսելիքը 23:00-ից 01:00-ն:
     Ընդունելի է, զի հորթային հրճվանքիս մեջ թաղված համոզված էի, որ մյուս բոլոր օրերին հրթիռակոծությունն արգելված է: Ախորժակիս մի տակառ քացախ: Տարվա 355 օրերին ռեստորանային համալիրներում, հյուրանոցներում և այլուր կարելի է հրավառություն կազմակերպել մինչև 23:00-ն: Այսինքն, կարելի է բռնաբարել ժողովրդի ականջն ու նյարդը:
     ՈՒշագրավ մի հանգամանք: Կառավարությունն այս բարեփոխումն իրականացրել է` ընդառաջ գնալով ֆեյսբուքյան քննարկումներին: Այսինքն` հանրության աչքաբաց հատվածի ցանկությանը: Բայց գուցե ինձ և ընթերցողներիս է՞լ ընդառաջեք։

Եզրահանգումը պետք է հենց հիմա, քանզի ՀՀ կառավարությունը, ոստիկանությանն ընդառաջ գնալով, վավերացրել է ներկայացրած նախագիծը և կապել մեր հոգուն ու մարմնին: Չարաբաստիկ, բարոյազուրկ և անպտուղ: Անպտուղ, եթե սպասարկում ես ժողովրդի շահերը: Փարթամ ու բերքառատ, երբ ծառայում ես մի խումբ զվարճամոլների կրքերին: Մի՞թե պարզ չէ երկրի ոստիկանությանը (նաև պետական շքանշանների, տիտղոսների և այլնի տակ հաղթական ուսերը մի կերպ պահող ոստիկանապետին), որ որոտն ու դղրդոցը անթույլատրելի են օրվա բոլոր ժամերին, քանզի ուղղակի աղետ են թե՛ մարդու առողջությանը, թե՛ նրա բարոյականությանը:

Մի պահ շունչ քաշենք և տեսնենք, թե կառավարության տարբեր օղակներ տարիներ շարունակ ինչ վարպետությամբ են կոծկում մի հարվածով լուծելիք խնդիրը: 2010-ին կրկին նամակ եմ հղել ՀՀ նախագահի նստավայր: Առաջարկելով արմատախիլ անել պայթուցիկային զվարճանքը: Հատկապես Ամանորից առաջ և հետո, այսինքն` դպրոցական արձակուրդի օրերին, երբ մանկահասակ և պատանի որոշ «հրոսակներ» զվարճանում են պայթուցիկների ռմբահարումներից, առավոտից ուշ երեկո: Զվարճանում են, խարտելով մարդկանց նյարդերը: 2010-ին պայթուցիկների ներկրումը և գործածումը դեռևս ապօրինի էին: Ահա ոստիկանության պատասխանի կարմիր թելը. «…հրագործական ապրանքների ապօրինի առևտուրը կանխելու նպատակով ոստիկանության կողմից պարբերաբար անցկացվում են համապատասխան միջոցառումներ»:
     «Համապատասխան միջոցառումների» արդյունքում ապօրինի առևտուրը շարունակվում էր, դղրդում էին պայթուցիկները, ոստիկանությունը շուրջկալներ էր կազմակերպում և, ըստ էության, խրախուսում այս ամենը: Հավանաբար, զուտ մարդասիրական մղումներից դրդված հաջորդ Ամանորին, պատվարժան մեր ոստիկանները, քաղաքային և տեղական իշխանությունների հետ եղբայրական դաշինք կնքած, իրազեկում են, որ այս ամենն օրենքի սահմաններում է, և իրենք արգելանք չեն կարող հանդիսանալ: Թերևս հնարավոր է բացատրական աշխատանք կատարել պայթուցիկները վաճառողների և օգտագործողների շրջանում: Այո՜։

Անզուգական տեսարան է: Ոստիկանության ավագ սպան (քաղաքապետարանի ու թաղապետարանի ակտիվի ուղեկցությամբ¤ մտնում է պայթուցիկներ վաճառող մի կրպակ: Նախ ժպտում է ոստիկանական հանելուկային ժպիտով, ինչից կարգավորվում է վաճառողի արյան շրջանառությունը: Հետո անցնում է բացատրական աշխատանքի, հորդորում է, որ չի կարելի քաղաքացիների ամանորյա հանգիստը խանգարել։ Վաճառողը մեղմանուշ քմծիծաղում է և հակադարձում, որ օրենքով պայթուցիկ և հրթիռ վաճառելը արգելված չէ: Այս պահին արդեն ոստիկանական ճնշումն է կարգավորվում, խղճի խայթն էլ ուղևորվում է սահմանամերձ գյուղեր: Սահմանը պաշտպանելու ազերբայջանցի հրոսակներից: Այո՜:
     Օրեր անց հերթական նամակս սահեց նախագահական նստավայրի գողտրիկ առանձնատան կաղնեփայտե արկղի խորքը: Խնդիրը նույնն է՝ արգելել հրագործական ապրանքների (հրթիռներ, պայթուցիկներ, այլևայլ զահրումար) ներմուծումը, առևտուրն ու գործածումը: Մի բան, որ արված է ողջ քաղաքակիրթ աշխարհում:
     Աստվա՜ծ իմ, որքան միամիտ եմ ու լավատես:
     Զի սկսվում է «գլուխ արդուկելու» կանոնակարգված գործընթացը: Ընդ որում, «գլուխը» ժողովրդինն է, ի դեմս ինձ: «Արդուկը» պաշտոնատարներինն է։ Արդյունքում շահում են ոռնացող անասնակերպի նշանի ներքո ծնվածները: Այսինքն` հրթիռակոծության կազմակերպիչներն ու սիրահարները:
    
     ԻՆՉՈ՞Ւ Է ՔՈՒՆ ՄՏԵԼ ԱԻ ՆԱԽԱՐԱՐ ԵՐԻՑՅԱՆԸ
     (եվրոպական փորձը և հայկական փորձանքը)


     Եվ այսպես, առաջին արդուկումը: (Թեժ արդուկը փոխֆիննախարար տիար Վարդան Արամյանի ձեռքում է): Ասեմ, որ խիստ բարյացակամ է տիար Վարդանը, ում գրասեղանին է առաջինը հայտնվել նախագահականից թռչկոտած վերահսկողական պահանջը: Նա նախ պարզաբանում է պարզ և բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների խորհուրդը, օրինակ բերում անասնաբուժության բնագավառը (հավանաբար, համոզված, որ խնդիրը սերտորեն առնչվում է խոշոր եղջերավորների և մանր կճղակավորների գեղագիտական ընկալումների հետ), հետո, հավանաբար խղճի խայթ զգալով, խորհուրդ է տալիս ինձ զգուշավոր լինել հրագործական ապրանքների ներմուծման և արգելման հարցում, «… ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, այս կամ այն գործունեության ընդհանրապես արգելման դեպքում այդ գործունեությունը կտեղափոխվի սև շուկա»:
     Բայց կարծես թե ժամանակին քաղաքապետեր Սիրադեղյանն ու Զախարյանը արգելեցին վերոնշյալը: Առանց հաշվի առնելու միջազգային փորձը: Եվ հաջողեցին գործը:
     Ողորմի անցավորացդ, տիար Արամյան, զի նամակդ բարեգթության պսակ է այն ամենի համեմատությամբ, որ կհիշվի այստեղ: 2011-ի դեկտեմբերի 13-ին և դեկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը բացատրական-պարզաբանական լայնածավալ գրոհի է անցնում: Բարդ ընթացակարգով: Պարզվում է, որ ԱԻ նախարարի 2011-ի մայիսի 20-ի N63-ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Այստեղ, ԱԻՆ-ից զատ, ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, արդարադատության նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն են ընդգրկվել: Նրանք ուսումնասիրել են եվրոպական երկրների և ՌԴ-ի փորձը: ՈՒսումնասիրել և եկել են համոզման, որ անհրաժեշտ է թվով 7 օրենքներում մեծածավալ փոփոխություններ և լրացումներ կատարել: Եվ մեծածավալ լրացումներն ու փոփոխությունները 2012-ին ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը: Այո՜, հինգ պետական գերատեսչություն և յոթ օրենք ընդդեմ հակապետական այս «հեղաշրջման»։


    

ԴԱՏԱՎՃԻՌ-ՎԵՐՋԱԲԱՆ


     Կամ հրթիռակոծությունը (տարին բոլոր) իսպառ վերացվում է, և պայթուցիկաշփոթը դառնում անդառնալի հուշ: Կամ էլ բնագավառի բոլոր պատասխանատուները ժամանակավորապես բնակվում են ռեստորանամերձ որևէ տարածքում ու վայելում ամենօրյա հրթիռակոծության սարսափները (քաղցկեղածին հիվանդությունները բացառված են, բայց քրոնիկ խլությունն ու անբուժելի շլությունը երաշխավորում եմ):


     Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. -Զորօրինակ, խորհուրդ եմ տալիս բնակարան վարձել «Շանթ», «Դոն Կիխոտ», «ՈՒռենի», «Լաթար», «Աթենաս պալաս» և այլ զվարճավայրերի մոտակայքում։
     Խորհուրդն էլ գլխավորապես վերաբերում է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին, ով սույն խնդրում բացարձակ անգործության է մատնվում։ Կամ էլ պարզապես «խմուկ» ժամանակ հրթիռարձակմամբ մի քանի հարյուր մարդու «դիվադադար» անելու մեծ սիրահար է։


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5259 | 0 | 0
Facebook