ԿՅԱՆՔ Է, ԿՊԱՏԱՀԻ /պատմվածք/
- էս ով է եկե՜լ... Նորայրը, որ մեքենան ներս առնելուց հետո պատրաստվում էր փակել դարպասը, ընդառաջ գնաց դրացուն. - Ողջույն: - Խեր լինի` էս ժամին... - Ասի տեսնեմ` ինչ կա-չկա, ամառանոցս, հո, չի՞ փախել: - Արխային` ամեն բան տեղում է: Շորերդ փոխիր, բան եմ ցույց տալու: Մնալո՞ւ ես: - Դեռ չեմ որոշել, - կամենում էր ասել` ինձնից կախված չէ, չհասցրեց: - Պրծի... - Լույսերը չվառե՞մ: - Սպասում եմ, չուշանաս: Ես գնամ գոլորշուն նայեմ: - Ո՞վ էր, - երբ ետ եկավ, հարցրեց աղջիկը, որ դեռ չէր իջել մեքենայից: - Ամառանոցի հարևանս է` Վաչո պապը: Պիտի այնպես անենք, չիմանա, - ընթացքում Նորայրն իջեցրեց մթերքը, բացեց տան դուռը: - Հյուրասենյակն է, ձախում խոհանոցն ու զուգարանն են: Ջուրը հորից ենք հանում: Հիմա կմիացնեմ շարժիչը, թող բաքը լցվի: Մաքուր է, սակայն չխմես. աման-չամանի, լվացքի, մեկ էլ ոռոգման համար է պիտանի: - Որտե՞ղ ես քնում: - Ուր ենք քնելո՞ւ, - հարցը բազմանշանակ փոխադարձեց Նորայրը, - ննջարանը երկրորդ հարկում է: Թե՞ համաձայն չես: Աղջիկը խոնարհեց հայացքը: - Տեսնեմ հարևանս ինչ է ասում ու գամ, հա՞, - նա թեթևակի գգվեց աղջկան: - Չեմ ուշանա, Ան: - Կուզե՞ս մարեմ լույսը: - Ի՞նչ կարիք կա: - Կողմնակի աչքեր են, հանկարծ ու նկատեցին: - Հեգնո՞ւմ ես: - Ամենևին: - Հո խավարի մեջ չե՞ս նստի: Տարվա այս եղանակին պապից բացի մարդ դժվար գտնվի: Ինքը չլիներ, լրիվ կթալանեին: Մինչև սեղանը գցես, կգամ: - Գուցե նրա համար և՞ս ափսե-բաժակ դնեմ, եթե մտերիմ եք: - Տարիքային տարբերությունը մեծ է, խորշոմներից ամաչում եմ: - Քեզ համար եմ մտահոգ: - Թե գլխի չընկավ, չեմ կանչի, թե ընկավ, ճար չունեմ, պիտի հրավիրեմ: Ինչպես սովորաբար, վառ էին դրացու բակի, տան լույսերը. նա էլեկտրիկի հետ լեզու էր գտել և հոսանքը խնայելու խնդիր չուներ: - Վաչո պա՜պ, - կանչեց: - Արի՛, - ձայնը տան թիկունքից եկավ: Հարևանը սրվակը լույսին դեմ արել, նայում էր. - Անտեր ակնոցն ո՞ւր կորավ: - Ի՞նչ բանի ես: - Հլա տես քանի՞ աստիճան է. աչքդ սուր է: Անոթում հեղուկ էր, մեջը` ջերմաչափի պես բան: - Ինչի՞ն նայեմ: - Խազը որի՞ վրա է: - Ջրի բերանի՞նը` ութի: - Այ տղա, ութսուն գրադուսանոց ջո՞ւր կլինի: Ցքի է: - Չհասկացա: - Ցքին չգիտե՞ս: Ուսումնականիս տես` արաղ է: - Օղի ես թորո՞ւմ: - Այո՛, - Վաչագան պապը սիրում էր շեշտել բառը, երբ գրականի էր անցնում: - Ես էլ մտածում եմ` էս եղանակին ի՞նչ է շինում դրսում: - Մի բաժակ խմիր, տեսնեմ կասե՞ս` ցուրտ է: - Ավտոյով եմ, - թույլ առարկեց: - Տունը մտքիցդ հանիր. առավոտը կգնաս: Հո չնեղացա՞ր: - Ինչի՞ց: - Որ ասի` ուսումնական: Ճիշտը խոստովանեմ` «ցքի» բառը ես էլ եմ նոր սովորել: Ձեռս «Աստվածաշունչ» է ընկել` այնտեղ հանդիպեցի: - Լուրջ-լուրջ դրել, կարդում ես... - Պարապությունս պիտի՞ մի բանով լցնեմ: - «Աստվածաշունչ» ու արաղ` ես էլ հավատացի: - Բերե՞մ: - Դու սարքը ցույց տուր` ո՞ւր է: - Խնդրե՛մ, - բառը դարձյալ կարևորելով` նա ետ տարավ միջնորմի դեր կատարող վարագույրը: - Նու դա՜, - ակամա ռուսերենի անցավ Նորայրը: - Էս, հո, մի ամբողջ գործարան է: Որտեղի՞ց: - Ինքս եմ սարքել, - հարևանն ըմպանակը պահեց խողովակից եկող հեղուկի տակ: - Քիչ կլցնես: - Հո հիվանդ չե՞ս, վախեցար: - Ինչի՞ց ես քաշում: - Խառը` տանձ է, խնձոր, քիչ հոն ունեի... - Շուտ ասեիր. ծառերի տակ միրգը թափած էր, տանձը` մանավանդ: - Գալիս ես, որ... - Բա դո՞ւ. չես խմո՞ւմ: - Սպասիր բաժակ գտնեմ: Նորայրը հոտ քաշեց. - Ոչինչ, հաճելի բույր ունի: - Հոնի շնորհքն է: Պապի գավաթը ևս լցվեց: - Տաք է, կխմվի՞: - Էն էլ` ոնց: Էհ, բարի տեսանք, - նա չխկացնելուց հետո սպասեց հյուրի խումին: Նորայրը, սովորույթի համաձայն, միանգամից կուլ տվեց պարունակությունը: - Հը՞... - ... - Չխեղդվես, մեր տղա: - Թունդ էր, - մի կերպ կարողացավ արտաբերել: - Տնականն ուժեղ չեղավ, չի խմվի. երկրորդ բերանն եմ քաշում: Տես` ինչ զուլալ է: Շշերի մեջ հավաքածը լցրել եմ պղինձը, մեջը փայտածուխ գցել ու... Նոր սկսել է եռալ: Մի ժամ հետո բացեմ, կտեսնես: Հոսանքը թույլի վրա փոխեցի, որ չտա կափարիչը պոկի: - Մի ողջ գիտություն է: - Եթե հետս ընկերություն անես, կսովորեցնեմ: Գնամ թթու հանեմ: Պանիր կա, հաց, սոխ, քթից ծուխ հանող բիբար: - Մի բեր, խնդրում եմ: - Ի՞նչ է խոսում: Հազիվ եկել ես: Գիշերը չեմ քնելու: Ահագին փլուշ է մնացել. մանրից կխմենք, նարդի կխաղանք, - նա ոտքով դիպավ տակառին: - Հրե՛ս: - Միջինն ի՞նչ է: - Համա թե հարևան ունեմ, հա՜: Էն նյութն է, որից օղի են քաշում` հավաքածս միրգը: Թողել եմ քաղցուն լրիվ թթվի, էնքան, մինչև ջուրը երես դուրս գա: Հետո լցրել եմ կաթսան, բերանը խմորել, որպեսզի շոգու կորուստ չլինի: Խողովակը տեսնո՞ւմ ես. սրա մեջ ջուր է: Մի կողմից մտնում է, մյուսով դուրս գալիս: Բարակով` չժանգոտվողով գոլորշին է անցնում, ճամփին դառնում արաղ, որ ես, դու, քեզ նման լավ մարդիկ խմենք: - Քանի՞ լիտր դուրս կգա: - Եթե տակառի եղածն էլ քաշեմ, քսան` հեչի պես: Ինձ ու քեզ հերիք կանի: - Խմելու անուն չտաս. ես չկամ: - Քեզ է թվում: Նստիր, հացը բերում եմ: - Մի լրջացրու, պապ, չեմ ուզում: - Կնեղանամ: Որ գնացիր, ի՞նչ ես անելու: Նորայրը բացատրություն չէր գտնում: - Չկա զբաղմո՞ւնք, - ասաց: - Սրանից լավ գո՞րծ: Թե՞ հեռուստացույցի ստերը պիտի լսես, պատգամավորների պոռոտախոսելը: Կներես, մոռացա, որ Ազգային ժողովում ես աշխատում: Նորո, ճիշտ, դրանցից գոնե մեկնումեկը ժողովրդի մասին մտածո՞ւմ է: - Ազնիվներ կան: - Չհավատացի: Համ էլ` ազնիվը քիչ է. թող գործ անեն: - Դե, օրենք է, ընդունում են: Դա էլ իրենց աշխատանքն է: - Որ գրեցին, ո՞վ է բանի տեղ դնողը, մեկը` իրենք: - Արդեն քաղաքականության անցար: Գիտես` կուշտ եմ: - Ճիշտ ես ասում: Դու բաժակները տակը պահիր, հացը բերում եմ, - կեսճամփից ետ դարձավ: - Ուրիշն էլ ունեմ: Նախորդ անգամվա քաշածս մաքուր սև սալորի է, կուզե՞ս: - Արդեն մեկ է, - հանձնվեց Նորայրը: - Ապրե՛ս, - հաղթությունից անթաքույց գոհ` ընդգծեց Վաչո պապը, սակայն նկատելով հյուրի գնալը՝ աճապարեց ետքից: - Ու՞ր: - Դռները փակեմ, - դժկամ նետեց Նորայրը: Աղջիկը մթերքը սեղանին դասավորել, սպասում էր: - Ուշացա՞: - Կարևորը` եկար: - Պրծնել հնարավոր չէ: Օղի է թորում: Մենակությունից, երևում է, գժվել է, - նա բացեց կոնյակի շշի բերանը: - Կկարողանա՞մ: - Եթե ես նոր քաշածը գոլ-գոլ խմեցի... Չես պատկերացնի, որքան թունդ էր: - Երևում է: - Ինչի՞ց: - Աչքերդ արդեն փայլում են: - Իմը խմիչքից է, քոնը` բնական: Կենացդ, Ան, միշտ այդպես` ժպտուն, հմայիչ... Խմեցին, Նորայրը` մի ումպով, Անին` դանդաղ, ըմպանակի եզրը հազիվ շրթունքին հպած: - Պապի ցքուց հետո` ասես ջուր լինի: Լսած կայի՞ր` ցքի, հետաքրքիր բառ է, ոնց որ ճապոներեն խոսես. նրանք բրնձօղուն սաքե են ասում: Ցքե-սաքե, գրեթե նույնն է: - Ինչո՞ւ չես նստում: - Կոկա լցնե՞մ, - հարցն անպատասխան մնաց: Անին գլխով արեց: - Եթե ցուրտ է, տաքացուցիչը միացնեմ: - Սա, - աղջիկը մատնացույց արեց բուխարին: - Առաջին անգամ եմ տեսնում: - Հաց ուտենք` նոր: Ո՞րը տամ, - առանց սպասելու պատասխանի, տղան մեջքամսի ընտիր կտորներից մեկը տեղափոխեց Անիի պնակը: - Հերիք է: - Պատառաքաղը մի կողմ դիր` ձեռքով... Այսպես ավելի բնական է, - Նորայրը խորտիկն ատամների տակ առավ: - Երիտասարդ, ի՞նչ եղար, - լսվեց դրսից: Երկուսով իրար նայեցին: - Կանչի` գա: Բերանի պարունակությունը խանգարում էր: Մի կերպ կուլ տալով` Նորայրը մղվեց դուրս: - Գալիս եմ, - չէր կամենում դրկիցն առաջանա: - Հիմա ինչո՞ւ է կանչում, - երբ ետ եկավ, հարցրեց Անին: - Չի ուզում մենակ թողնել: Իր հաշվով` լավություն է անում: Սեղանին եղածից բացի, խորոված մնացե՞լ է: - Կեսից շատը տոպրակում է: Լավաշով փաթաթել եմ, չսառչի: - Կոկա, ջուր էլ վերցնեմ: - Գնո՞ւմ ես: - Քեզ համար կեր-խմիր, մինչև գլուխս ազատեմ: Անին ուսերը թոթվեց: Շշերը տեղավորող Նորայրը սրտնեղանքը չտեսավ: - Դարպասի դուռը ապահովության համար կփակեմ: - Նորո, - վերստին լսվեց: - Գնացի: Չտխրես, - նա օդային համբույրով հավաստելով սերը` շտապեց ձայնի ուղղությամբ: Հարևանը, մեքենային կռթնած, սպասում էր: - Ջրի ձայն եմ առնում: - Շարժիչը միացրած եմ թողել. բաքը լցվեց: Պահիր, - նա ձեռքի մոմլաթե տոպրակը մեկնեց պապին: Անջատիչը խորդանոցի սյուներից մեկի վրա էր` անձրևից պատսպարված տեղում, բարձր, որպեսզի պատահական ձեռք չհասնի: - Փոխվեիր, - դիտողություն արեց Վաչագան պապը, - փոշի եղար, - ու թափ տվեց տղայի բաճկոնին կպած սարդոստայնը, թևքով մաքրեց կավճի հետքերը: - Բանի վրա ես: Լամպն այրվել էր, մինչև գտա... Դուրս արի, դուռը փակեմ, - նա ջանում էր, որքան հնարավոր է, հարևանին շուտ հեռացնել բակից. Անիի ելնել-շարժվելու դեպքում պապը կզգար, կնկատեր ստվերի խաղը: - Լույսերն ինչո՞ւ չես մարում: Փող շատ ունե՞ս, - հետո ինքն էլ պատասխանեց: - Ասա փողն էլ, հո, խելք չէ՞, որ չունենամ, - ու ինքնագոհ քրքջաց: - Դու քո մասին խոսիր: - Մոռացե՞լ ես իմ երկրորդ` ձախ գիծը: Հաշվիչի տակ լիներ, օղի՞ կկարողանայի քաշել: Հոսանքը, որ ես եմ վառում, քաղաքի մի շենքի հերիք կանի: - Հետո պատգամավորներից կդժգոհես: Թե՞ քոնն օրենք խախտել չէ: - Ձուկը, տղաս, ձուկը գլխից է հոտում: Լույսի մարդուն ամեն ամիս տվածս տասը հազարից, կարծում ես, ղեկավարությանը չի՞ հասնում: Ինքն առաջարկեց, չհամաձայնեի՞: - Եթե արդարության պաշտպան ես, դեմ գնայիր: - Ձմեռը դուրս գա, կասեմ կտրի, որ էլ ամոթանք չտաս: Պետքս չէ: Նա դատարկ շշերը հավաքել էր սեղանից, ուտելիք դրել: - Ձեռքինս ի՞նչ է, տվիր: - Խորոված է, կոկա, հանքային ջուր: - Բայց դու ի՞նչ կերպար ես. խորոված ունեիր, ու ձայն չէիր հանում: Մենակ էիր ուտելո՞ւ: - Թողնո՞ւմ ես, մարդ շունչ քաշի. վրա ես տալիս: Չմտած` բաժակը դեմ արիր: - Մեր տղա, քեֆ ենք անելու: - Կես ժամից ավել չեմ մնա: - Նորից պոզերը տնկեց: Սալորինն եմ դրել` մառանից նոր հանած: Ձեռք տուր, ինչ պաղ է: Սա էլ մաճառը: Գալ տարի ծիրանից ի՜նչ արաղ եմ քաշելու... - Մաճառ կխմեմ: - Մի-մի թաս առյուծի կաթից զարկենք, հետո կամքը քոնն է, թե բան ասեմ, ել ու գնա: Խմեցին, ախորժակով կերան: - Անմահական թթու է, - խրթխրթոցով ուտելով վարունգը` մնում-մնում ասում էր Նորայրը: - Հոյակապ խորոված է, - փոխադարձում էր Վաչո պապը, որ դանդաղ, վայելելով էր ճաշակում` միսը նախապես դանակով մանրատելով: - Որտեղի՞ց առար: - Ջրվեժի ճամփից: - Վաղուց չէի կերել: Չիմանաս ձեռս քարի տակ է: Եթե քնելուց առաջ սպաս կամ մածուն չուտեմ, օրս օր չէ: Իմը կաթնեղենն է: - Գնացող-եկող կա՞: - Համարյա` չէ: Տղաս, գիտես, Շվեդիայում է, աղջիկս էր մեկ-մեկ գալիս, էն էլ ամուսինը Մոսկվա կանչեց, գնաց: Ոնց էլ գտնում են անտերների ճամփեքը, զարմանում եմ: Որ չե՞մ լսում` այսինչի զավակը Կանադայում է, մեկելինը` Ավստրալիայում, մնում եմ ապշած: Ասա` մնացեք, տեր եղեք ձեր հողին: - Մեկը` քոնը. Սկանդինավյան թերակղզի: Մի աշխարհ հեռու է: Ինչո՞ւ արգելք չեղար: Խոսում ես, էլի: - Ասողին լսող է պետք: Ինձ մնար, կթողնեի՞: Գուրգուրանքով մեծացնես... Ես` հեչ, գլուխս կպահեմ, թեև, ի՞նչ թաքցնեմ, գումար սկսել է ուղարկել: Երկիրն է մեղք. օդը շնչեն, ջուրը խմեն, հացն ուտեն, ուսում ստանան ու չվեն: Եղա՞վ: Ես դրանց մարդ ասողին... Առաջինը` իմը, թյու... Նոյի ագռավ չեն, բա ի՞նչ են: Լցրու: Մեկական գավաթ ևս ըմպեցին, պապը` վճիտ օղի, Նորայրը` անապակ մաճառ: - Խմիչք եմ ասել... - Զգույշ, որ բռնեց... Մրսո՞ւմ ես, բան գցե՞մ ուսերիդ, - պապը ձգվելով` պատից ցած բերեց մորթե միջուկով անթև բոճկոնակը: - Պահի: Հոգատար քայլը հուզեց արդեն գինով Նորայրին: - Արի քեզ ամուսնացնենք: - Հո չասի՞ր: - Վա՞տ կլինի` մեկին բերես. հա ու չէիդ կհասնի: - Թեման փոխիր, Նորո: Խնամողն էր պակասում` ինձ ի՞նչ է եղել: - Գտնելը վրաս: - Տղա, վազն արի: Խմիչքն իսկապե՞ս ազդեց: Վերջ` չխմես: - Հյուրին, ո՞վ է լսել, արգելեն: Օղի չեմ ուզում` մաճառ: Ի՜նչ էլ կարմիր է: - Նույնտեսակ խաղողից է` Արենի: Հիվանդի դեղ է, եթե օրը մի բաժակով գոհանաս: Գարնանն էտելիս կտրոն կվերցնեմ: Հենց կանաչեց, կտեղափոխենք քո այգին: - Բախտս բերեց` քեզ պես հարևանի հանդիպեցի: Կենացդ, Վաչագան պապ: - Դու ջահել ես, առաջինը քոնը խմենք: - Չի լինի, սկզբում պարտադիր` մեծինը: Պապը փոխեց կաթիլվող օղու տակ դրած ապակյա ամանը: - Էս մեկն էլ լցվի, բոլ-բոլ է: Մնացածի վրա փլուշ կավելացնեմ, թող նորից եռա: Ինչի՞ց էինք խոսում: - Կնոջից: - Խաղողից: - Ոչ, քեզ լծակից գտնելուց: - Համա բառ գտար: Տո՛, հիմա քեզ դառնամ` ինչո՞ւ չես զույգվում: Եղար քանի՞ տարեկան: - Երեսուներկու: - Շատ ես ուշացրել. ձգելու տեղ չունես: - Շուտով կամուսնանամ: - Քամի մի արա. երեք տարի է մեր փողոցում տուն ես առել, անընդհատ նույնն եմ լսում: - Գնա՞նք հարսնացուիս հետ ծանոթացնեմ: - Ասի՞ մի խառնի. օղին ու մաճառն իրար հետ չունեն: - Պապ, հարբածի տեղ մի դիր: - Բան ե՞րբ ասի: - Հիմա չես գալի՞ս մեր տուն: - Քաղաքի՞: - Այստեղ է: Դուռը փակել եմ վրան, եկել: Հրես զանգեմ: Բջջայինը չմիացավ. մարտկոցը նստել էր: -Քոնը կտա՞ս: -Ինչի՞ս է պետք: Չէ, շատ խմեցինք: - Դու` գուցե: Քեզ չեմ լցնելու, - Նորայրը ձեռքը մեկնեց մաճառին: Անզգույշ շարժումից թևքը կպավ օղուն: Շիշն ընկավ, փշրվեց: - Կներես, պապ: - Փորձանքն անցավ: Ինչ լինում է, թող անշունչ առարկային լինի: - Խմեմ ու գնանք: - Ինձ լսիր. արի սեղանը հավաքեմ, նարդի գցենք: - Ոչ մի խաղալ: Ասում եմ` աղջիկն սպասում է: - Անո՞ւնն ինչ է, - հեգնանք կար Վաչո պապի հարցում: - Անի: - Ծնողները որտեղացի՞ են: - Չեմ հարցրել, ինքը Երևանից է: - Աշխատանք ունի՞: - Նորավարտ է, դեռ գործ չի գտել: - Ես էլ հավատացի: Պաշտոնյա մարդ ես, մեկին զանգիր, թող տեղավորեն: - Չի կարելի: - Բոլորին կարելի է, քեզ` չէ՞, - ապա խոսքը փոխեց: - Մինչև չիմանաս հոր, մոր ով, որտեղացի լինելը, մատանի չդնես: - Ծնողների հե՞տ եմ ամուսնանում: Կարևորն աղջիկն է: - Պտուղը, չե՞ս լսել, ծառից հեռու չի ընկնում: - Սկսվեց... - Հազար հարց կա: Ման եկած չլինի` առաջին... - Չէ մի... - Ի՞նչ իմանաս, մանավանդ` հիմա: Առողջ մեկին առ, քեզ որձ երեխա բերի` պինդ, որ մեծանա, առնահուտ զինվոր դառնա, սահման պահի: Վերջին բաժակը... Սպիտակից լցրու: - Ինձ չի թողնում, իսկ ինքը, տես... - Բանակայինի կենացը պիտի ամեն սեղանի խմվի: Նրանց շնորհիվ չէ՞, որ հանգիստ քեֆ ենք անում: Ով գիտի` Օմարի բարձունքում հիմա ինչ եղանակ է: Ձյունը, հաստատ, նստած կլինի, էն էլ ինչքան` մարդահասակ: Երեք հազար մետրից բարձր է, հանաք չկարծես, - նա Քարվաճառի կռվին էր մասնակցել, բարձրերում դիրք բռնել: - Ցրտից դեմքերիս կաշին պլոկվում էր: Հա՛, Օմարն էլ, իմացած լինես, մեր Ամուրն է, թուրքն է դիտմամբ փոխել: - Ոտքի վրա խմենք, - Նորայրը ելավ աթոռից: - Նրանց հետ և քոնը, բոլոր հին ու նոր ռազմիկներինը. հրամանատար, զինվոր` բոլորն արժանի են: - Ես ո՞վ էի նրանց կողքին: Տղերք եմ ասել` խիզախ... Հազար երանի ծնողքին... Չէ` իմի պես. Շվեդիա, օտար կնիկ... Թյու: - Դու քո բաժինը կռվել ես, քո խիղճը հանգիստ է: Ես, ա՛յ, ամաչում եմ: - Մարդ կա, էդ էլ չի ասում: - Պատմել եմ` հայրս քաղցկեղով հիվանդ էր, խնամող չկար: - Էհ, ո՞ւմ կյանքը թերթես, ցավ, վիշտ ու արցունք չլինի: - Մեկ է` ինձ չեմ ներում. պիտի գնացած լինեի, - նա ձեռքը զարկեց ծնկին: - Ամո՛թ: - Քեզ պահի, հանկարծ լաց չլինես. տղամարդուն վայել չէ: - Թուլասիրտ չեմ, - Նորայրը դժվարությամբ ժպտաց: - Գլխավորը թողինք: Բա սա երկարացնելո՞ւ կենաց էր: - Մեղավորը ես եմ. շատ ձգեցի: Արևշատություն` ովքեր կան և հազար ողորմի հեռացածներին: Ըմպելուց հետո մի-մի պատառ թթու առան բերանները: - Այլևս` վերջ: - Համաձայն եմ: - Սարքն անջատեմ` հերիք է: Որոշել էի տակառի եղածը գինու տկուցքի հետ քաշել, քանի ձյուն չի նստել, բայց միտքս փոխեցի: Սեղանը հավաքեմ, նարդի խաղանք: - Մեր տուն ենք գնում: Հարսնացուս մնաց: - Նարդին ձեր կողմը տանե՞նք: - Հաշվիր` հինգով զրո կրել ես: - Կարող է երեք մա՞րս եմ անում` 6-0: - Թող քո ասածը լինի: Շարժվեցինք: Պապ, չմոռանաս խոստացածդ: - Մտահան եմ արել: - Խաղողի մատերը: - Արենու՞` աչքիս վրա: - Արևկող տեղ կտնկենք` մի քանիսը: Թող ելնեն, փռվեն... Ջունգլի, ջունգլի եմ դարձնելու բակը: Հանելու եմ ավտոտնակի տանիքը, սյուներին փաթաթած հասցնելու եմ ննջարան: Պատկերացրու, պապ, լուսամուտը բացում ես, ողկույզները կախված են... Ան, հյուր ունես, դիմավորիր: Նորայրն առջևից, Վաչագան պապը` ետքից մտան պատշգամբ: - Մենք եկանք: Հյուրասենյակը դատարկ էր, սեղանը` հավաք: Ծխահոտ կար. Անին փորձել էր վառել բուխարին: - Դու նստիր, տեսնեմ աղջիկն ուր է, - բացեց խոհանոցի դուռը, մտավ զուգարան, ելավ: - Այստեղ խորոված կա, բերե՞մ: Կոնյակ ունեմ... - Տրաքվելու չենք: Շարունակեց փնտրտուքը: Հիշում էր` ննջարանի դուռը չի բացել, կողպած է: Խորդանոցում ի՞նչ ունի անելու: Մնում էր այգու խորքերը նայել: - Անի, որտե՞ղ ես, - ձայնեց: - Ներս արի, Նորիկ, կմրսես: - Ա՜ն... - Նարդին շարել եմ, եկ: Թե մեքենան լինի մտած... Աղջիկը չկար ու չկար: - Ըստ քեզ, ո՞ւր կլինի: - Ո՞վ, Նորո: - Անին: Մի ժամ է ո՞ւմ եմ ման գալիս: - Քիչ առաջ, մեր տղա, Աննա էիր ասում, հը՞, թե՞ Անահիտ է անունը կամ` Անուշ, Աննման, - փորձեց կատակի տալ պապը: - Ասի` Անի: - Անին երբվանի՜ց իրենց տանը տեղաշորում մուշ-մուշ քնած է: Նարդին թողնենք վաղվան: Բարձրանանք, պառկիր: Ես էլ գնամ` առավոտից ոտքի վրա եմ: - Առանց Անիի ոչ մի քնել: Պիտի գտնեմ... - Երազում կտեսնես, ոչինչ: - Մինչև հիմա չի հավատում, որ մենակ չեմ եկել, - նա բացեց սառնարանը: - Ուտելիքը տեսա՞ր: Ինքն է տեղավորել, բաժակ-ափսեն անգամ լվացել է: - Ուրեմն` տնարար աղջիկ է: Մնում է տեսքով լինի, հասակը պարտադիր` բարձր: Այդ դեպքում համաձայնությունս կտամ, կասեմ` նշանվիր: Ելանք, ուշ է: - Եթե գնացել է... Ախր, դուռը փակ էր, ո՞նց: - Օդով, թև է առել, սիրուն թռել է: Բանալին ինձ տուր, ես փակեմ: Ապրե՛ս: Հիմա մտիր թևս: Ու՞ր... Քնելու: Վատ ես զգո՞ւմ: Ոչինչ, ետ տու, մի ամաչի: Ծառի տակ, ծառի... Այ, այդպես: Էլի՛, էլի՛... Մի վախենա, չես մեռնի: Հիմա հանգստացա՞ր, էլ չի՞ խառնում: Թաշկինակդ հանի, թե՞ չունես: Զորանաս: Վերևի դռան բանալին ո՞րն է: Լավ, լավ, դու բաց: Լույսը... գտա: Հիմա հանում ես կոշիկներդ... Քո մահճակալը, ասում ես, լուսամուտի տակի՞նն է: Շալվարը, ոչինչ, թող մնա, դրանով էլ պառկիր: Վերմակով չծածկե՞մ: Եղավ... Հետո, եթե մրսես, կքաշես վրադ: Դե, ես գնամ: - Անին վիրավորվեց, նեղացավ ինձնից: - Քեֆով մարդուց չեն նեղանում: Դու քնի... - Նա լավ, կարգին աղջիկ է: - Խոսք չունեմ: Վաչագան պապը հանգցրեց լույսը, ննջարանի դուռը ետևից գոցեց, իջավ, որ գնա: Աչքին ընկավ պարսպին հենած սանդուղքը: - Աստիճանն ինչո՞ւ է դուրսը թողել, վաղը-մյուս օրը ձյուն կդնի, գողություն-բան կա: Վերցրեց, տարավ խորդանոց: Բակում ոտքը կախ գցեց: Ականջում մայրուղուց հասնող խուլ աղմուկն էր, լսողությունն ուրիշ ձայն չառավ: - Չվատանա՞ հանկարծ: Դույլը տանեմ վերև, մարդ ես...- դարպասը կողպելիս մտահոգ որոշեց: Ետ եկավ, գտավ ոտք լվանալու տաշտը, վերստին բարձրացավ ննջարան: Նորայրը, գլուխը պատի կողմը, քնել էր: Շրջեց հակառակ ուղղությամբ: Ործկալու պատճառով դեմքը դժգունած էր: Վերմակն զգույշ վրա բերեց, ելավ: - Ասի, չէ՞, մաճառն ու օղին մեկմեկու թշնամի են: Չպիտի թողած լինեի. խմիչքը տվել է գլուխը, միտքը պղտորել... Լույսը բացվի, հարցնեմ` տեսնես կհիշի՞ ում անունն էր տալիս: Հնարավոր է, իրոք, մեկին գտել է: Թող ընտանիքավորվի, ճաշարանների հույսին ինչքա՞ն մնա: Հարսանիքին թե կանչեց, խորովածն ինձնից: Փողոցն ի վեր մեկը գալիս էր: Ձեռքին բջջային հեռախոս կար: Շողքն ավելի շատ պատերին էր պահում, քան ոտքերի առաջ: Բան էր փնտրում: Չլինի՞ ճիշտ էր Նորոն` Անին է: Վաչագան պապը քխկաց` պատրաստվելով ձայն տալ: Օտարականը, հանկարծակիի եկած, վարանքոտ կանգնեց: - Առաջ արի, հայ մարդ եմ, - պապը փոխադրվեց բակից փողոց հասնող լույսի տակ: Թող իմանա` հոր տարիքին եմ, - խորհեց, - չերկյուղի: - Նորիկի՞ն ես ման գալիս, - տեսավ` դիմացինը հապաղում է, հարցրեց. դեռ լիովին վստահ չէր, թե դիմացինը կին է: - Դուք Վաչագան պա՞պն եք: - Ես եմ, աղջիկս: Մենք էլ քեզ ենք ման գալիս, - նա փութաց առաջ: - Նորայրն ո՞ւր է: - Վերևում պառկած է: Թեթև վատ է զգում: - Հո բան չի՞ պատահել, - աղջկա ձայնում անհանգստություն կար: - Չէ: Ի՞նչ պիտի եղած լինի: Բա դու ո՞ւր էիր: - Ուզում էի Երևան գնալ: - Նեղսրտել ես: Մեղավորը ես եմ: Նորիկն ասում էր` գնանք, տանը մարդ կա, հյուր ունեմ, չէի հավատում: Պահեցի ու պահեցի: Դուռը փակ էր, ո՞նց դուրս եկար: - Տեսա` չի գալիս, աստիճանը գտա` խորդանոցում էր, ելա պատին... - Բա իջնե՞լը: - Մի կերպ` փոխեցի տեղը: - Լավ էլ ուժդ պատել է: Ես հետո տեսա: Ասում եմ` Նորոն սանդուղքն ինչո՞ւ է թողել դրսում: Հիմա որ մտածում եմ` ո՞նց կարող էր նա դրած լինել ու չտեսնեի. ամեն օր մտնում-ելնում եմ: Չէ, շատ խմեցինք, - նա ձեռնափով շփեց ճակատը: - Մեր կողմ գայիր: - Ձեր դուռը ներսից փակ էր: - Երևի ձեն էլ ես տվել: Տան թիկունքն էինք: Եթե լավ գոռայիր, կլսվեր: Ներող եղիր: Անի է, չէ՞, անունդ: Ոչինչ, կյանք է, կպատահի: Նորիկը, իմացիր, քեզ շատ է սիրում: Գժվել էր: Զորանաս, որ չես գնացել: Երևում է, հալալ կաթնակեր ես: - Մեկը կանգնեց, բայց վախեցա. մենակ էր: - Հիմա հազար տեսակ մարդ կա, ի՞նչ պետք էր: Հրես բացեմ դարպասը: Առ բանալին, ներսից կողպիր ու գնա վերև: Ճամփան գիտե՞ս: Մանսարդի ելումուտը պատշգամբով է, աջի վրա աստիճաններն են: Հիմա սրտովս եղավ: Թե չէ` անհանգիստ էի. հանկարծ սիրտը նորից թափեր... Բարի գիշեր, - արդեն փողոցից. - Հետդ, մեր հարս, ջուր վերցրու. գիշերը Նորոն կծարավի: «OPEL-ի աղջիկը» շարքից, 2003, օգոստոս: |