Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ՄԻԱՅՆԱԿ ԶԻՆՎՈՐ /պատմվածքաշար/

11:48, Tuesday, 23 November, 2021
ՄԻԱՅՆԱԿ ԶԻՆՎՈՐ /պատմվածքաշար/
    
    

ԹԵՅԻ ՍՊԱՍՔ

-Մեսրոպ, Մարգոն թեյի սպասքի տեղ է արել:

-Ամուսինը հայացքը կտրեց թերթից:

-Ո՞ր Մարգոն:

-Մեր հարևանուհին: Գերմանական է՝ երկու հարյուր ռուբլիանոց:

-Պետակա՞ն արժեքն է:

-Չէ, հիմա իր գնով կարգին ապրանք որտեղի՞ց կառնես: Տնաշենն ասես այս աշխարհից չլինի:

Ամուսինն անորոշ դավադրության հոտ առավ: Կնոջ մտքին կարծես բան կար:

-Իսկ խանութի գինը որքա՞ն է:

-Հարյուր հիսուներեք ռուբլի՝ գտածի հաշիվ:

-Ոչինչ, առանձնակի թանկ չէ:

Նա լրագիրը վերստին ձեռքն առավ: Կարդալու բան առանձնապես չկար: Թե լիներ, էլի վերջին էջում: Նայեց մարզական բաժինը: Թարմությունը կորցրած երկու-երեք օրվա լուրեր էին: Տեսնես հեռուստատեսությամբ ի՞նչ կա: Ըհըն, «Համաշխարհային կինոյի վարպետները»: Վատ չէ, «Ժամանակ» ծրագրից հետո կարելի է նայել: Համեմատաբար հետաքրքիր հաղորդաշար է, ափսոս, լավ չեն մատուցում: Տպավորությունն այնպիսին է, թե պատրաստվելու ժամանակ չեն ունեցել, ցուցադրում են՝ ինչ պատահի, ինչ ձեռքերն ընկնում է:

-Մեսրոպ, ուզու՞մ ես տեսնել:

-Ի՞նչը, Մանե:

-Սպասքը: Մարգոն ասում է՝ քառասունհինգ կտոր է:

-Ինչի՞ս է պետք: Լավ, մի օր հիշեցրու, կնայենք:

-Հետո չի լինի: Սպասքն իրենց տանը չէ:

-Բա որտեղի՞ց ես բերելու:

Նա թերթը մի կողմ դրեց. չէ, մտքին հաստատ բան կա:

-Կտորներից մեկը Մարգոն հետն է բերել: Հիմա կգամ, -ու, առանց Մեսրոպի համաձայնությունն առնելու, գնաց:

Մարգոյենք նույն հարթակում էին ապրում: Իսկական անունը Մարգարիտ էր: Մանեն վերադարձավ՝ ձեռքին փոքրիկ փաթեթ: Դուռը գոցելուց հետո նա զգուշորեն բացեց բերածը: Թեյաման էր՝ ինքնատիպ, ի տարբերություն մյուսների, քառակուսի, շատ կարճ ծորակով: Վրան դաշտային ծաղիկներ էին դաջված: Մեսրոպը հիշեց՝ նման ծաղիկ գյուղի սարերում է լինում: Նայում էր ճենապակուն, իսկ հայացքի առջև քարքարոտ բլրակներ էին, ապարների արանքում՝ դեղնագլխիկ անթառամի այդ տեսակը՝ կծու, գրգռիչ բույրով: Նա թեյամանը շուռումուռ տվեց: Կապույտ ծաղիկները մանուշակ էին հիշեցնում, սակայն ավելի խոշոր: Հավանաբար անտառային մանուշակ էր՝ արգավանդ տեղանքի: Իրենց կողմերում այդպիսիք չեն աճում: Մանուշակ ընդհանրապես չէր սիրում. Այնքան քնքուշ է, չես կարող մինչևիսկ մատներով բռնել. մեկ էլ տեսար թոշնեց: Իսկ գույնը… Չէ, գույնի մասին խոսք չունի: Թեյնիկի վրա էլ կապույտն ու դեղինը որքա՜ն են դիտվում:

-Լավն է:

-Դու որակին ուշադրություն դարձրու, ինչքան նուրբ է:

-Շատ լավն է:

-Գիտե՞ս հետն ինչ կա՝ վեց թեյի ափսե, վեց գավաթ, էլի մի թեյնիկ՝ մեծը, մեղրաման, շաքարաման, հետո… Մի խոսքով, քառասունհինգ կտոր: Հա, ամենագլխավորը, տեսա՞ր, մոռացա, զակուսկի տարելկեք…

-Մանե, հազար եմ ասել՝ հայերեն խոսիր: Տարելկային պնակ են ասում, զակուսոչնի տարելկային, -նա առպահ դադար վերցրեց, -երեսափսե:

Բառը չհնչեց, ու դրանից Մեսրոպը ջղայնացավ:

-Մի բան ասա, միայն թե՝ հայերեն: Մեծ ափսե ասա, փոքր ափսե, ափսեիկ, պնակիկ:

-Դե լավ, զուր տեղն ինչու՞ ես ներվայնանում:

-Նյարդ…

-Նյարդային համակարգդ խնայիր, Մեսրոպ, սիրելիս:

Տես, իր վրա է ծիծաղում: Թե դու ե՞րբ ես ինձ սիրելիս ասել: Հիշեց տանտիրոջ խոսքը՝ ղանջղ: Ութսունամյա ջլապինդ տղամարդ էր՝ ոտուձեռը տեղը: Զայրանալիս կնոջը «ղանջղ» էր ասում: Տեսնես բառացի ի՞նչ է նշանակում. անառակ, լիրբ, անզգամ, թե՞ նման մի բան: Թուրքերեն կամ արաբերեն կլինի, մեջը հայերենի համ ու բույր չկա: Էս ի՜նչ ժողովուրդ ենք:

-Չի ճարվում, գիտե՞ս:

-Բա նա որտեղի՞ց է գտել:

-Ընկերուհին դասավորեց: Խանութում ծանոթ ունեն: Հիշում ես, չէ՞, ասպիրանտուրայում է սովորում: Ղեկավարի ծննդյան օրվա առթիվ էր ուզում առնել: Խանութում հա էսօր-էգուց գցեցին, ինք էլ վերցրեց ու կոմիսիոնից մեկ ուրիշը գնեց: Ոնց որ հակառակ, մյուս օրը ծանոթը գալիս է, թե՝ ճարել եմ, արի տար: Հիմա չգիտի՝ ինչ անի, խնդրել է սպասել: Ամաչում է հրաժարվել, հետո հաշիվ կա՝ հաջորդ անգամ ապրանք չի տա:

-Թող իրենց համար վերցնեն:

-Ձեռքներին փող չկա:

-Մարդկանց մեծ մասն այդպես է. բերանից կկտրի, ուրիշին կտա: Նախորդներն են սովորեցրել, դարձել է կյանքի դրվածք:

-Ասում եմ՝ մենք առնենք:

-Էլ ի՞նչ ես հեռվից գալիս:

-Ուրիշ անգամ չի պատահի:

-Չլինի՞ լուրջ ես ասում:

-Ի՞նչ կա որ:

-Մեզ այդքան փող որտեղի՞ց:

-Վերևի հարևանուհուց՝ Հասմիկից կվերցնեմ:

Չէ, հաստատ խելագարվել է կինը: Արդեն երկու հազար պարտք ունեն, երկրորդ տարին է չեն կարողանում տալ: Լավ է, պարտքատերերը մոտիկ են, դրության մեջ մտնող:

-Չի լինի:

-Երկու ամսում կտանք: Մի քիչ նեղ կապրենք, բան չկա:

-Մանե, հոգնել եմ գոյություն քարշ տալուց, բեր հիմա էլ ապրենք:

-Կարծես ինձ համար է:

-Մեր ինչի՞ն է պետք սպասքը, չեմ հասկանում:

-Մարդ է գալիս տուն, ամաչում եմ թեյ հյուրասիրել: Վա՞տ կլինի սիրուն բաժակով խմես:

-Հետո: Պարտքերից պրծնենք, նոր: Սպասք է, չփախավ:

-Այսօր երկու հարյուր է, մի տարի անց ձեռքի վրա կլինի երկու հարյուր հիսուն: Համոզված եղիր:

-Մենք էլ չենք առնի, տեղականն ի՞նչ վատ է:

-Դաշնամուրի համար ևս նույն էիր ասում․ սկզբից լսել չէիր ուզում, հետո թե՝ «Կոմիտաս» առնենք: Վա՞տ եղավ՝ «Պետրոֆ» բերել տվինք: Քեզ մնար, մահճակալ չէինք ունենա:

Մանեն խռոված մտավ խոհանոց:

Գնա՜ց: Միշտ այդպես է. սկսում են խաղաղ, ավարտում վեճով, մեկմեկու նեղացնելով: Զարմանալի կին է Մանեն, ոտքը վերմակից միշտ երկար է մեկնում: Ամուսնանալու օրվանից խրվել մնացել են, վերջ չկա առնելուն: Ամեն անգամ թվում է՝ այլևս ոչինչ պետք չէ, կարելի է անվրդով ապրել, սակայն չանցած մի շաբաթ, ամիս, դարձյալ որևէ բան պետք է լինում: Միշտ լավը, գեղեցիկը: Մեկ անգամ ենք առնում, գոնե հաճելի, մնայուն բան լինի, -ասում է: Առարկություն չունի, բայց թե կյանքն էլ է մեկ անգամ տրվում, շարունակ գնելով ու՞ր կհասնես: Եղած-չեղած երեք հարյուր հիսուն է ստածածները՝ այլոց մեկ օրվա ծախսի փող:

Սկզբում չորս պատ էին փափագում: Ուսանող էին: Ինքը հանրակացարանում էր ապրում, Մանեն՝ վարձով: Շրջում էին փողոցներում, նայում պատուհաններին, վարագույրներից այն կողմ առկայծող լույսերին: Չէին խոսում, սակայն երկուսի ցանկությունն էլ նույնն էր: Հետո ամուսնացան, տուն վարձեցին: Դարձյալ նախկին երազանքը: Վերջապես բնակարան ստացան: Ինքը եղածով գոհ էր: Ավելի շուտ, համոզված էր, որ լավ օրերը հետո կգան, անպատճառ կգան: Ընդամենը սպասել է պետք, համբերել: Իսկ Մանեն՝ չէ, բացվել էր: Կահույք՝ անպայման: Հայրը մի քիչ փող էր տվել: Եղբոր հետ գնաց Մոսկվա: Արտասահմանյան կահույք գնեցին: Ապա եկավ խոհանոցի հերթը: Բարեկամներից, դեսից-դենից պարտք վերցրեց: Մոսկվան ջրի ճամփա էր դարձել: Երկու կահույքն էլ գեղեցիկ են, ճաշակով, և թանկ չեն. այստեղ կրկնակի գին կուզեին: Ասելիք չունի: Դաշնամուր ևս գնեցին, գորգ, վարագույրներ: Մի խոսքով՝ տուն-տեղ դրեցին: Տունուտեղը Մանեն դրեց, իսկ ինքն ամեն անգամ զայրացավ, փոթորկեց, բայց փաստերի ճնշման տակ հանդարտվելով՝ մտավ պարտքերի տակ:

Հա, Մանե, ինձ որ հարցնես, ինչե՜ր չէի կամենա՝ էլ հնաոճ կահույք, արվեստի գլուխգործոցներ, գրապահարաններ, ինչ կինոնկարներում եմ տեսնում, գրքերում կարդում: Բայց այդ ամենը փող է, շա՜տ փող: Հրեն, հազար անունից շատ գիրք ունենք, ստիպված շարել ենք զգեստապահարանում: Բան է պետք գալիս, հնարավոր չէ գտնել: Չգտնելը՝ ոչինչ, ժամանակի ընթացքում մոռանում ես հեղինակներին, վերնագրերը: Էհ, Մանե, Մանե, ես ևս գիտեմ, որ երեխաներ են, վաղը կմեծանան, թող չամաչեն, թող նվագել կարողանանան: Երաժիշտ չեն դառնա, ճիշտ է, բայց դաշնամուրից վնաս չկա: Միայն նրա ներկայությունը տանն ինչ-որ բան փոխում է: Եվ մարդը նույնպես: Դաշնամուրն իր չէ և ոչ իսկ սովորական գործիք: Դաշնամուրն ավելին է: Այն իր ներկայությամբ զսպում է մարդուն, ու քո մեջ թաքնված մոլի կրքերը, պիղծ մտքերն ավելի խորքերն են իջնում: Իսկ երբ նվագում ես… Պարտադիր չէ, որ նվագել կարողանաս բառի իսկական իմաստով: Բավական է մատներդ դիպչեն ստեղներին, մաքրվում է շուրջդ, կապույտ երկինք ես տեսնում, կանաչ բլուրներ, իջվարող ջուր…

Գուցե Մանե՞ն է իրավացին: Ինչ իմանաս: Թե չէ սպասելով ու՞ր կհասնես: Հանկարծ ու լավ օրերը չգան: Մտքերի նման ընթացքից Մեսրոպը փափկեց: Պատրաստ էր զիջել: Գլուխը քարը՝ երկու հազարի փոխարեն թող երկու հազար երկու հարյուր լինի:

Կինը խոհանոցից դուրս չէր գալիս: Մեսրոպը կտրվեց բազմոցից: Մանեն արդուկ էր անում: Դեմքից դժգոհությունը թափվում էր, վիճակ, որն ամուսինն ատելով ատում էր: Ի՞նչ եղավ քեզ: Կարծես միասին չենք տասը տարի ապրել: Հասկացանք, տան մասին ես մտահոգ: Բայց դու էլ իմ դրության մեջ մտիր: Որ շուկայից գալիս ես, թե՝ խնձոր չկարողացա առնել, թանկ էր, հեչ մտածե՞լ ես, վրաս ինչպես է ազդում: Հազար ամոթանք եմ ինձ տալիս․ ի՞նչ ծնող եմ, որ երեխայիս համար երկու կիլո միրգ ի վիճակի չեմ գնել:

Պատահել է՝ ինքն է գնացել: Հարցնում ես առաջինի գինը, պատասխանը չլսած՝ փախչում: Նվաստացած ես զգում քեզ, ջախջախված: Թորշոմած, որդնկեր խնձորներ նույնպես լինում են: Առնում ես, թեև դու էլ, վաճառողն էլ գիտեք, որ ուտելու բան չէ: Մտաբերեց անեկդոտը. իր նման մեկը տռուզ խնձորները պլպլացնող մրգավաճառին հարցնում է արժեքը: Վերջինս նայում է նրան, կարմիր, շողշողուն մրգերին ու սպանիչ ծաղրով նետում՝ գնա, գնա, սրա առնողը քնից դեռ չի զարթնել: Ճիշտ որ: Ինքն իբրև լրացում կհավելի՝ դրա առնողը գին չի հարցնում: Իսկ դու, Մանե, եկել ում հետ ես ոտք մեկնում:

-Մանե:

Կինը նայեց Մեսրոպին: Սառնություն կար դեմքին: Ներսում գլուխ էր բարձրացնում դիմադրելու ցանկությունը:

-Բարձրացիր Հասմիկենց տուն:

-Պետքս չէ:

-Հիմա ես եմ ուզում, գնա:

Բառերը կարծր հնչեցին: Կինն զգաստացավ, նաև երկյուղեց: Փորձից գիտեր, նման պահերի ամուսնու հետ չհամաձայնել անկարելի է:

Մանեն գնաց: Մեսրոպը բազմոցում խրված՝ մթնդել էր: Համոզված էր, եթե հարևանը չտա, չունենա, միևնուն է, քարի տակից էլ կգտնի: Ու այդ կերպ կպատժի կնոջը: Բայց կպատժի՞ որ: Հերթական խաղերն են, Մեսրոպ, որոնք դու այդպես էլ չհասկացար: Կանանց հոգին յոթ շերտի տակ է, ու դեռ ոչ ոք վերջին ծալքին չի հասել, ուր մնաց դու՝ միամտի մեկը:

Մանեն ետ եկավ:

-Բերեցի՞ր:

-Հարյուր յոթանասուն ռուբլի:

-Երեխաների մսուրի վարձը դիր վրան: Վեց ռուբլի էլ իմ գրպանում կա:

-Գուցե պետք չէ՞, Մեսրոպ:

Ամուսինը հարցն անպատասխան թողեց:

Ավտոբուսում գրեթե չէին խոսում: Մռայլ եղանակ էր, ուր որ է անձրև էր գալու: Տունը, որտեղից վերցնելու էին, երկու թաղամաս այն կողմ էր: Սկզբում գնացին գրախանութ: Մարգոն ասել էր, որ միջնորդ կինն այնտեղ է աշխատում: Դուռը փակ էր: Ներսում երկու կին սեղան էին բացել: Թարխունի, կանաչ սոխի, ռեհանի շեղջի կողքին չորս-հինգ լոլիկ էին կարմրին տալիս, վաղահաս բողկ:

-Վատ չեն ապրում, -քրթմնջաց Մեսրոպը:

Կինը թակեց դուռը:

-Փակ է, փակ, -ներսից դժգոհ նետեց դեմհանդիման նստածը:

-Գեղեցիկին ենք ուզում, -դռան ճեղքից ձայնեց Մանեն:

Թիկունքով եղողը մատը տնկեց վերև:

-Տու՞ն գնաց:

Ներսից գլխով հաստատեցին: Մանեն պայուսակից հանեց հասցեն՝ իններորդ հարկ:

Մուտքից մտնելիս Մեսրոպը նկատեց աղբատնակում վազվզող առնետին: Ակամա կանգ առավ: Կրծողն զգաց մարդու ներկայությունը, կծկված մի պահ նայեց մարդուն, հետո վտանգ զգալով՝ փախավ: Սրընթաց շարժումից շեղջից խշշոցով հող թափվեց: Ինչ-որ մեկը շինաղբ է լցրել աղբամուղը, -անցավ Մեսրոպի մտքով: Միջանցքում ցուրտ էր: Փշրված ապակիներով լուսամուտներից, մուտքի տեղահան դռնից քամի էր փչում: Հարթակը, երևում էր, վաղուց հավաքարար չէր տեսել: Վերջապես վերելակը եկավ: Մեսրոպն առաջինը կնոջը թողեց: Ամուսնու ասպետական քայլը Մանեի սիրտը շարժեց:

-Որ սրտովս չլինի, չենք առնի:

-Աղբ էլ լինի, կգնենք, - ասաց ու զղջաց. պետք չէ այդչափ դաժան լինել: Վերջին հաշվով կինն է, իր տասը տարվա կինը: Բայց ասվածն այլևս հետ չես բերի:

Դուռը քառասունհինգին մոտ տղամարդ բացեց:

-Բարև ձեզ: Գեղեցիկը տա՞նն է:

-Համեցեք, այո, -մարդը պատրաստակամ՝ հարյուր տարվա ծանոթի պես ձեռքը մեկնեց Մեսրոպին:

Խոհանոցից ընդառաջ եկավ մարմնի թարմությունը կորցրած մի կին՝ դեմքին լրջություն և հարցական հայացք:

-Մեզ Մարգոն է ուղարկել, -նեղվելով՝ շտապ վրա բերեց Մանեն:

-Թեյի սպասքի համար ենք եկել, -հավելեց Մեսրոպը:

-Հա, սերվի՜զը, -ծորուն արձագանքեց կինը: Կոպերի ներքո ժպիտ հայտնվեց, մսեղ մարմինը թուլացավ՝ ընդունելով բնական դիրք: -Խնդրեմ, նայեք: Փորձանք էր Մարգոն, փորձանք: Չկարծեք, թե մեջն օգուտ ունեմ: Շատ խնդրեց, ասի՝ օգնեմ, մոտիկ աղջիկ է: Հիմիկվա դրությամբ էլի հարյուր ուզող կա, չեմ տալիս: Մարգոն խնդրել է սպասել: Մի շաբաթ կլինի բանուգործ թողած սրա հետևից եմ ընկել:

Կինը կարկտի պես բառեր էր թափում: Մանեն կռացավ արկղին: Մեսրոպը շուրջը նայեց: Հյուրասենյակի պատին ծայրից ծայր գրադարակներ էին՝ լի տարակազմ գրքերով, բոլորը՝ նոփ-նոր: Տեսնես կարդացող կա՞, թե հենց այնպես, հնարավորություն ունի, բերում է:

Տանտերն առաջարկեց նստել: Չգիտես ինչու, Մեսրոպը խղճաց նրան: Երևում էր, նրա ու կնոջ ընտանեկան գոտեմարտը կարճ էր տևել: Բազմոցին հասնելու համար Մեսրոպը պետք է առաջանար, մտներ հյուրասենյակ, կոխկռտեր հատակի «Էրեբունի» գորգը: Համոզված էր, իրենց գնալուց հետո տանտիրուհին լավ կմշակի, եթե ոչ կքոթակի ամուսնուն՝ անծանոթին կոշիկներով սենյակ առաջնորդելու համար: Կին արարած, քեզ այդ հաճույքը չեմ պատճառի:

-Շնորհակալություն, նստել չեմ ուզում: Քանի՞ սենյականոց է:

-Երկու՝ պատշգամբը չհաշված:

-Փակե՞լ եք:

-Այո, ուզում եք տեսնե՞լ:

-Կներեք, շտապում ենք:

Չէ, այս մարդու հետ չարժե դուք-ով խոսել:

Անունդ ինչպե՞ս է:

-Հրաչ:

-Հրաշալի անուն է:

-Աղջիկներիս անունները ես եմ դրել: Մեկինը Լիլիթ է, մյուսինը՝ Լուսինե:

-Լավ կլիներ ուրիշ անուն դնեիք:

Մարդը տարակուսանքով նայեց անկիրթ հյուրին:

-Թող մի քիչ առնական անուններ լինեին, ինչպես քոնը՝ Հրաչե: Հոյակապ անուն է, պատկառազդու:

-Ձերի անուննե՞րն ինչ են:

-Իմը ևս աղջիկներ են: Մեկինը Սոսե է, մյուսինը՝ Խանդութ:

-Իսկ եթե տղա ունենայի՞ք:

-Արամ կդնեի, Համազասպ, Հայկ, Թորգոմ, Վահան, Հրայր: Լավ անուններ շատ կան, թեև կարևորն անունը չէ, այլ՝ ով է այն կրում:

Գուցե ասածը խի՞ստ հնչեց: Չլինի՞ իր վրա առավ: Հրաչե, մի նեղսրտիր, այդքան միամիտ չեմ, որ քեզնից հերոսական արարք ակնկալեմ: Խաղաղ ապրիր քո իններորդ հարկում, դու նմանապես պետք ես աշխարհին:

Մանեն ճիշտ ժամանակին վրա հասավ.

-Մեսրոպ, չես ուզու՞մ տեսնել:

Կնոջ հայացքում անվճռականություն նկատեց. կողմնորոշվել էր կամենում:

-Հրեն, արկղին դրսի կողմից գինը խփած է, չասեք՝ խաբում եմ: Համ էլ դուք գիտեք, էնքան ուզող կա՜: էդ էլ Մարգոյի խաթեր եմ տալիս:

Ի սեր ծնողներիդ, լռիր: Ի՞նչ ես գին մատնացույց անում: Դու, եթե կամենաս, գինն էլ կփոխես, արկղն էլ, պիտակն ու սպասքն էլ: Բառ չարտասանած՝ գիտեմ, թե ով ես:

-Հավատում ենք: Սպասքն իրոք լավն է: Մենք վերցնում ենք:

Մանեն վերստին հաշվելով դրամը՝ մեկնեց կնոջը: Տանտիրուհին միանգամից փափկեց.

-Նստեք, սուրճ հյուրասիրեմ:

-Հարկ չկա:

-Եթե բան-մանի կարիք ունենաք, եկեք: Տակի գրախանութում եմ աշխատում:

Մեսրոպը նայեց տանտիրոջը: Վերջինս հենվել խոհանոցի դռանը և, պատյանի մեջ քաշված, լսում էր միջանցքում հնչող անշունչ, սրտից չելնող բառերը: Ուզեց հրաժեշտի լավ, ջերմ խոսք գտնել, գլուխը ոչինչ չեկավ.

-Պինդ մնա, Հրաչե, -վերջին պահին ասաց, ամուր սեղմեց ձեռքը:

Մկանների պատասխան խաղ էր սպասում, սակայն՝ զուր: Ձեռքում կարծես սատկած ձուկ լիներ: Տունդ շեն, մի պինդ-պինդ, մարդավարի սեղմիր: Արիությունը սպանվել է ներսումդ: Թշնամանք էր զգում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ձեռք սեղմել չգիտեին: Մի տեսակ նողկանքի զգացում էր ունենում թթխմոր հիշեցնող ձեռքից: Թվում էր, եթե ամուր չսեղմի, կծորա մատների արանքից: Այդպիսիք Մեսրոպի համոզմամբ լավ մարդ չեն: Տրամաբանությունը հուշում էր, որ դա ամենևին չափանիշ չէ, և բացառություններ ևս լինում են, ինչպես տանտերը: Սակայն մի բան հաստատ է. նմանների ողնաշարն ինչ-որ մեկն ինչ-որ ժամանակ կոտրել է, սպանել ձգտումը, նպատակը: Եթե դա էլ չէ, ուրեմն՝ արյունն է պաղել, պղտորվել, վախ առել, ծերացել:

Մեսրոպը հաճախ էր զննում մարդկանց՝ հարևանցի, որպեսզի չզգան, չնկատեն՝ լինի փողոցում, ժողովների ժամանակ, գինարբուքներում: Շատերը վախվորած հայացքներ ունեին, ինչը նկատելի էր մասնավորաբար դիմագծերում, մարմնի կառուցվածքում, քայլվածքի մեջ, անգամ ձեռագրերում: Ոմանք բնական կեցվածք չունեին, ինչը, ըստ էության, շարունակ զգաստության հետևանք էր, աներևույթ հայացքից զգուշանալու: Շատ էր խղճում նմաններին, միաժամանակ՝ զայրանում: Զայրանում՝ նրանց անուժության, հոգեկան կորովի պակասի, անօգնականության վրա: Խղճում էր, որովհետև բոլորն էլ միայնակ էին, անօգ, անզոր, անկար ու անապավեն: Քանի՜ անգամ է օգնության հասել: Զարմանալի էություն ունի. միշտ տկարի, պարտվողի կողմն է անցնում: Գուցե ինքը նույնպե՞ս թույլ է և բնազդո՞վ է նեցուկ դառնում, որպեսզի մի օր էլ նրա՞նք թիկունք կանգնեն․․․

Դրսում անձրև էր՝ մանրակաթիլ, միապաղաղ:

-Մեսրոպ, տաքսի նստենք: Մի ռուբլի ունեմ:

Չէր կամենում խոսել: Ի՞նչ ասի: Եթե բերանը բացեց, նորից կկոպտի: Մանե, ու՞ր ես փող չունեցողին մտաբերել տալիս իր թշվառությունը: Ասենք թե դրանով տուն հասանք, հետո՞: Վաղն ի՞նչ ենք անելու, մյուս օրը... Գիտեմ՝ իմ մասին ես մտածում, խիղճդ տանջում է, որ ահագին արկղը գրկած տանում եմ: Ուզում ես ինչ-որ բանով օգնել: Հոգուդ խորքում վստահ ես, որ մեղավորը դու ես: Այսինքն՝ դու նույնպես մեղք չունես: Մանե, իմ խեղճ կին: Հիշեց Ջոնիի խոսքերը՝ ինչ-որ տեղ մի բան սխալ է: Ընդհակառակ՝ ինչ-որ տեղ մի բանը ճիշտ է: Ճի՛շտ: Կյանքի օրենքն է դա, որը հարկ է մեկընդմիշտ հիշել: Խեղճն ու թույլը թող իրենց մեջ փնտրեն պատճառը: Ուրեմն՝ նրանք իսկապես անկար են՝ արժանի կյանքում այդպիսին լինելու: Ասվածը թե մարդուն է վերաբերում ու թե բնության մյուս արարածներին և ազգերին: Հապա ի՞նչ: Ու՞մ մեղադրի ինքը՝ առուծախ անող կնո՞ջը, քննիչ հարևանի՞ն, թե՞ մանկավարժականի դասախոսին, որոնք գտել են ապրելու կերպը, տուն են պահում: Որտե՞ղ էր սխալը, սիրելի Սարոյան, երբ քո ծնողները, թողած հայրենիքը, իրենց վաղնջական հողը, հասել էին հեռավոր Ֆրեզնո: Գոյության կռվում քո ժողովուրդն ինչու՞ թույլ գտնվեց, դարձավ անզոր ու մորթվեց՝ բառի իսկական իմաստով: Պատմությունը քանի՞ անգամ պիտի դաս տա, սովորեցնի: Հերիք չէ՞ ապավինենք ուրիշներին ու մեղքն այլոց վրա բարդենք: Օտարն ի՞նչ անի, ինչու՞ անի, երբ ցեց է ընկել մեջներս ու մեզ է ուտում: «Եթե սա այսպես լիներ, եթե նա այնպես աներ...»: Միայն խոսել գիտենք:

Ավտոբուսում արկղը տեղավորեց ազատ նստարանին:

-Մեսրոպ, ցնցումից կջարդվի, տուր ծնկներիս դնեմ:

-Զգույշ կլինեմ, անհոգ մնա:

Ինքն է բերել, ինքն էլ կհասցնի տուն: Թողնեմ դնես ծնկներիդ... Դա էր պակաս: Ու պատկերացրեց Մանեին՝ արկղը գրկած: Ի՜նչ անճարակ տեսք կունենա: Նայողն ի՞նչ կմտածի: Ով՝ ով, բայց դու չպետք է խեղճ լինես, Մանե: Հպա՛րտ, հպա՜րտ: Գլուխդ միշտ բարձր: Հպարտությունն այսօր մեզ շատ է պետք: Բոլորիս: Իզուր տաքսի չնստեցին: Ճշմարիտն էլի Մանեն է. գործնական ուղեղ ունի: Ոչինչ, որ փող չմնաց: Երկու օր անց աշխատավարձ կստանա: Առաջինը մանկապարտեզի վարձը կմուծեն, հետո...

Կանգառից տուն կլիներ երկու հարյուր մետր: Մանեն առջևից էր ընթանում, Մեսրոպը՝ ետքից: Անձրևն ուժգնացել էր: Տունը բարձունքի վրա էր, թաղամասը՝ նոր, անբարեկարգ, անբարետես: Գոնե վերև տանող աստիճաններ լինեին: Մեսրոպը շրջանցում էր խանդակները, աղբակույտերը, աշխատում չգայթել: Մանեն ստեպ-ստեպ շրջվում էր, մեղքող հայացքով նայում թիկունքից եկող ամուսնուն:

Համառն ես, հա, Մեսրոպ: Ուրիշ կին չէր դիմանա, վաղուց լքած կլիներ: Դու էլ, քո բարդույթներն էլ: Վառեցիր խեղճ աղջկան:

Մնում էր քառասուն-հիսուն քայլ: Արկղը, որ սկզբում թեթև էր թվում, ծանրացել, քաշում էր ցած: Չարժե դադար առնել, կդիմանա մինչև շենք: Լպրծուն կավահողը դժվարացնում էր քայլելը: Արահետի վրա մետաղյա ժանգակեր խողովակ կար ընկած: Չդիպչելու համար Մեսրոպը սովորականից մեծ քայլ արեց: Ետևի ոտքը սահեց: Անկումը կանխելու նպատակով ինքնաբերաբար առջևինն արագ իջեցրեց, սակայն ջրիկ կավահողը վատ հենարան էր: Չզգաց ինչպես, բերանքսիվայր ընկավ: Անկման ժամանակ արկղը չթողեց: Հակառակի պես խողովակի ծուռ ծայրը տակից առավ արկղին: Մեսրոպի ականջին հասան ճենապակու խշրտոցը և ստվարաթղթի խուլ պատռվելը:

Աղմուկի վրա Մանեն շրջվեց: Ամուսինը հասցրել էր ելնել: Տաբատին կավագույն ցեխ էր կպած: Կինը վրա հասավ, բացեց արկղը: Քանդեց փաթեթը: Մեսրոպին թվաց, թե չի ջարդվել, բայց երբ Մանեն թուղթը լրիվ բացեց, պնակը երկու կես եղավ: Մի կեսն ընկավ արկղի մեջ: Մանեն ձեռքը երկրորդ ափսեին մեկնեց: Նույնն էր: Կնոջ աչքերին արտասուքներ հայտնվեցին։ Հեկեկում էր, ողջ կտոր գտնելու հույսով խառնշտորում արկղը: Մեսրոպն անիմաստ հետևում էր կնոջ շարժումներին:

Կարագամանն ու թեյի երկու ափսեները չէին փշրվել: Մեծ թեյնիկի միայն կանթն ու պռունկն էին թռել, մեղրամանի կափարիչը չկար: Մնացյալ սպասքը փշուր-փշուր էր եղել:

Մեսրոպը բռնեց Մանեի ուսերից, ոտքի կանգնեցրեց:

-Մի լա, նորը կառնեմ:

Բառերը տաք հնչեցին, սրտաբուխ: Մանեն փղձկալով փլվեց ամուսնու պարանոցին:

Գարնանային անձրևը թափվում էր, հա թափվում: Նրանց ոտքերի տակ տամկած արկղն էր։


    

ԱՐԵՎԱԳԱԼԸ ԾՈՎԱՓԻՆ

-Այստեղ քնել չի լինի:

Ձայնին հետևում է երկաթյա մահճակալի անախորժ ճռճռոցը, ապա սենյակը ողողվում է լույսով: Ետ եմ տանում սավանն ու քնատ նայում շուրջս: Կինս ոտքերը կախել է ներքև: Ծալ-ծալ իջնող գիշերանոցը քշտվել է՝ երևան հանելով ոսկրոտ ծնկները, ճերմակ, արևի երես չտեսած ազդրերը:

-Մոծակները կերան, -շարունակում է՝ հետն էլ եռանդով մեկ ուսը քորում, մեկ՝ սրունքը:

-Ինձ նույնպես կծում են, -ասում եմ, որերորդ անգամ դժկամորեն սրբիչն առնում ձեռքս:

Առաստաղին, պատերին խոշոր, կնճիթի զորությունը գիտցող թևավորներ են: Ոմանք հասցրել են **** արյուններս: Այդպիսիք մուգ, տռզած փոր ունեն: Սկսում եմ աջ ու ահյակ կոտորել: Սպիտակեցրած պատերն արյունից տեղ-տեղ կարմրել են:

-Քեզ լսողի օրը սա պիտի լինի:

Շարունակում եմ մոծակաջարդը, միայն թե սրբիչը հիմա առավել անվրեպ, ուժգին է իջնում նպատակակետին:

-Մեր եղած տարին մոծակներ չկային:

Առաջին անգամ ենք միասին ծովափ գալիս: Վիճելու ցանկություն, առավել ևս մտադրություն՝ չունեմ:

-Մոծակներ չկային… Ասա՝ ուշք ու միտքս ուրիշ տեղ էր:

Կանանց է ակնարկում: Բայց քո ի՞նչ գործն է: Այն ժամանակ ոչ ես էի քեզ ճանաչում, ոչ դու՝ ինձ: Դա ասում եմ մտքումս, մնացյալը՝ բարձրաձայն.

-Ոչինչ, պատուհանը փակ կպահենք, -գոցում եմ փեղկերը, մեկ անգամ ևս աչք ածում ութ քառակուսի մետրանոց մեր խցին և, թևավոր չգտնելով, անջատում լույսը:

-Հիմա էլ ուզում ես շոգի՞ց խեղդել:

Նյարդերս սկսում են տեղի տալ: Այս կնոջը գոհացնել չի լինի:

-Ուր որ է լույսը կբացվի, մի բան կմտածենք:

-Մինչև առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա:

Սկսվեց: Պատրաստի մտքերի մանյակը վզից կախ է: Հիմա մեկ-մեկ կհանի ու՝ առ հա, ճակատիդ: Տղա ես, դիմացիր: Ճարս ինչ, պիտի համբերեմ: Մտնում եմ ծածկոցի տակ, լռում: Անկողինը թեև մեր աչքի առաջ փոխեցին, խոնավ-խոնավ է, չնայած գիտեմ՝ առաջին օրերին է այդպես, հետո ընտելանում ես:

-Ասի՝ Յալթա գնանք:

Ի՞նչ անեմ: Պատասխանեմ՝ չի լինի, անարձագանք թողնեմ՝ ավելի վատ:

-Յալթայում մի մահճակալին հինգ ռուբլի են վերցնում:

-Հա՞, -բռնկվում է, -ասա, որ այստեղ էժան էր, դրա համար բերեցիր: Թե չէ՝ գյուղաքաղա՜ք, խաղաղ երեկոնե՜ր, անտա՜ռ, տունը՝ ծովին մո՜տ, կաթն ու հում սերը՝ առա՜տ: Մեկից ձեր գյուղը գնայինք:

-Հիմա ևս նույնն եմ ասում:

-Իհարկե, միայն թե քո խոսքը լինի:

Լավագույն ելքը լռելն է, այլապես ամենօրյա վեճն ու խոսակցությունը դարձյալ ջրի երես կելնեն՝ այս անգամ նոր ապացույցներով հարստացած:

Կինս դժգոհ՝ մի կողքից մյուսն է շրջվում: Ասելիք ունի, չի դատարկվել:

-Թթվածին չկա շնչելու:

Օդը, իրոք, ծանր է, սակայն մոծակի խայթոցներն առավել անտանելի են:

-Բաց արա, շունչս կտրվեց:

Շունչ կտրվելը չգիտեմ, բայց որ հոգուդ սառցաբեկորները չեն հալվում, հաստատ է: Սա՝ մտովի իսկ բարձրաձայն՝

-Ինքդ բացիր: Ճորտատիրական իրավունքները վաղուց են վերացված, -այդուհանդերձ ձգվում, թափով դեպի ինձ եմ քաշում փեղկը, հետո.

-Մեկ էլ մոծակի անուն չլսեմ՝ քրքրեցին, կերան, լափեցին, հոշոտեցին…

Նա, երևի, զայրույթից սևացել է.

-Չլինի՞ ձայնազուրկ եմ:

-Ճիշտ այդպես: Ես քեզ ձայնի իրավունքից զրկում եմ, -ընթացքում շրմփացնում եմ ականջիս տակ տզզացող անտես մոծակին:

-Կինն ու տղամարդը հավասար իրավունքներ ունեն:

-Համաձայն չեմ: Ընտանիքում գլխավորը տղամարդն է: Դու երկրորդական նախադասություն ես:

-Համադասական:

-Երբեք: Միմիայն երկրորդական, եթե շատ պնդես, ավելի կճշտեմ՝ երկրորդական կարգի երկրորդական:

Երկուսս էլ բանասիրական կրթություն ունենք, ժամանակին լեզվի, գրականության ուսուցիչ ենք եղել, ու մեզ համար նմանակարգ զրույցները սովորական են:

Վերստին մոծակի տզզոց եմ լսում: Որտե՞ղ կկանգնի՝ ականջի՞ս, ծնոտի՞ս, ճակատի՞ս: Տագնապահար սպասում եմ: Պատերազմի ժամանակ, պիտի կարծել, ոռնոցով մոտեցող արկից զինվորներն այդչափ չեն փշաքաղվել, : Աջ ու ձախ շրմփացնում եմ՝ մեկ, երկու, երեք… Ապտակն ուշքի է բերում.

-Ի սեր Աստծո, վերջ տանք այս խոսակցությանը: Ծանոթ մարդիկ են, ի՞նչ կմտածեն մեր մասին:

-Չե՞մ տեսնում դրանց ծանոթը: Հրես, վայելիր:

Նա մարմինը վեր է նետում: Թուլացած զսպանակները հազարաձայն դժգոհում են: Մտաժապավենին այժմ փոս ընկած մահճակալ է, ցանցը որի վերուվար անելիս առնում է հատակին:

-Առավոտյան նորը կխնդրեմ՝ ծալովի: Համաձա՞յն ես:

Գոհությունն ի ցույց չի հանում, բայց խոսքի հնչերանգը փոխված է.

-Հետո էլ պիտի ասեմ՝ հանգստացա: Էս ու՞մ առանք: Աշխարհն աշխարհով, ինքը՝ հեչ, քչով բավարարվող: Չէ, չէ, ինչու՞ անհանգստացնենք. կարելի է նաև հատակին քնել:

Պատրաստի դերասանուհի: Ափսոս, միակ ունկնդիրը ես եմ: Որոշում եմ կատակի տալ.

-Քեզ ի՞նչ է եղել: Դու մեր տան թագուհին ես, -ապա չհամբերելով՝ խայթում եմ, -զուրկ կառավարման իրավունքից՝ ինչպես Անգլիայում:

-Իհարկե, կծաղրես, ինչու՞ չէ, - բերեցիր էս անտերանոցը…

-Եղած-չեղածը չորս հարյուր ռուբլի ունենք: Հյուրանոց որտեղի՞ց գտնեմ: Չլսեցի՞ր գնացքում ինչ էին պատմում՝ հիսուն ռուբլին մինչև անձնագրի մեջ չդնես, տեղ տվող չկա:

-Ունենայիր:

-Ինչպե՞ս:

-Իմ ի՞նչ գործն է, նոր ո՞վ էր հոխորտացողը՝ տան տղամարդը ես եմ:

-Ի՞նչ ես առաջարկում՝ գողանա՞մ, կաշա՞ռք վերցնեմ:

-Եթե իմանամ, կարող ես, կասեմ՝ արա: Չգիտե՞մ՝ հենց առաջին օրը կբռնվես: Քոնը միայն խոսելն է. քեզնից փող աշխատող դուրս չի գա:

-Գոնե ես երկու հարյուր ստանում եմ, քոնն ասա:

-Երկու հարյու՞ր, դու երբևէ այդքան բերած կա՞ս:

-Պահում-մահումների համա՞ր էլ պիտի պատասխան տամ:

Չի արձագանքում: Շուռ եմ գալիս: Սավանի տակով ձգվել, ոտքն է շփում: Խիղճը մեկից սկսում է տանջել:

-Կծու՞մ են:

-Քրքրեցին:

-Ոչինչ, քաղցր արյուն ունես, դրանից է: Համ էլ վրացական արտադրության մոծակներ են: Ռուսականից ինչո՞վ են պակաս:

-Ձեռ ե՞ս առնում:

-Լավությունը չի անցնում, հո զոռով չէ՞: Լավ, խոսքս հետ եմ վերցնում:

-Քո՞նն ինչ արյուն է: Հիմա կասի՝ իշխանական:

-Ամենևին. իմը հարամ արյուն է, չեն կծի: . Որովհետև գիտեն՝ մի պուտ ****ու դեպքում դառնությունից կսատկեն:

-Լեզուդ չլինի…

-Չեմ թողնում շարունակի. խոսքի մնացյալը հայտնի է:

-Ուրեմն՝ ինձնից դժգո՞հ ես:

-Դժգոհն էլ խո՞սք է:

-Ճշմարիտն ասա՝ եթե վերստին ամուսնանալու հնարավորություն լիներ, ինձ կընտրեի՞ր:

-Քե՞զ: Մի անգամ սխալվեցի, հերիք է:

Կատակը՝ կատակ, սակայն վիրավորվում եմ: Հավանաբար, զգաց:

-Իսկ դու՞:

Հարցի աղերսագին երանգը թևաթափ է անում, այլապես գլխումս պատրաստի պատասխան կա՝ հազար կիլոմետր հեռու կփախչեի: Նեղսրտանքն անցել է, ուստի ասում եմ.

-Միմիայն քեզ: Դու իմ երազանքների մարմնացումն ես:

Չհավատաց, բայց հաճույքից հալվում է: Երևի կկամենար, որ անկողնում լինեի՝ իր հետ: Շարունակում եմ հոգեբանական ճնշումը.

-Մոծակներին կխնդրեմ քո փոխարեն միայն ինձ կծեն: Հանուն սիրո պատրաստ եմ ջերմոցումդ ողջակիզվել:

-Շատ ոգևորվեցիր: Լույսն ուր որ է կբացվի, զոհաբերության հարկ չկա:

Դրսում խավարը կաթնագույնի է փոխվում: Պատուհանից այն կողմ ուրվագծվում է թզենու սաղարթը: Քիչ անց աչքս ջոկում է կանաչ պտուղն ու լայն տերևները: Քամու նշույլ չկա: Շովափնյա բնակավայրերը միմյանց կապող մայրուղին տնից քսան քայլ է հեռու: Ժամանակ առ ժամանակ շարժիչի հռնդյուն է լսվում, ինչից հետո համակ լռությունը կրկին պարուրում է շրջապատը: Ճանապարհով երկուսը բարձրաձայն զրուցելով անցնում են: Ականջս դեռ չի ընտելացել օտար ձայներին: Ելնում եմ անկողնուց և, կնոջս մահճակալի լայնքով ձգվելով, հասնում պատուհանին: Ձկնորսության սիրահարներ են, կարթաձողերն ուսած՝ աճապարում են ծով: Մեկի հագին, չնայած օգոստոս ամիսն է, անթև բաճկոնակ կա: Ջրին չհասած՝ ճանապարհն անկյուն է կազմում, ու նրանք թփուտների միջով բացված արահետով շարունակում են իջվարել: Նոճիների շարքը թույլ չի տալիս ավելին տենել: Հայացքս ետ է գալիս, առնում կնոջս: Ներքևից վերև սևեռուն ինձ է նայում: Անցուդարձով տարված՝ չեմ նկատել հայացքը:

-Ինձնո՞վ ես հիանում:

Սիրախաղն սկսելուն, կարծես, դեմ չէ: Գլխով դրական շարժում է անում: Խցի այդ անկյունը մութ է, ու աչքերի միայն սպիտակուցներն են նկատելի:

-Գեղեցիկ տղամարդ եմ, ճի՞շտ է:

Ես դրանում համոզված եմ, այլք՝ նույնպես, իսկ կողակիցս հինգ տարվա մեջ ոչ մի անգամ չի ընդունել բացահայտ ճշմարտությունը:

-Չէ, -ասում է և ժպտում:

Մեկ ուրիշն իմ փոխարեն չի նեղանա, բայց նրա ՝ տարիների համառությունը չարացնում է.

-Քո կարծիքով ո՞վ է ավելի գեղեցիկ, ես, թե՞ դու:

Հարյուր անգամ նույն հարցը տվել եմ: Իրականում նա առավել կանոնավոր դիմագծեր ունի, իսկ աչքերը պարզապես գերազանց են՝ նշաձև, փայլատ, բայց թե՝ ես էլ իմ արժեքը գիտեմ:

-Ես, -պատասխանում է՝ շարունակելով ժպտալ:

-Ուրեմն՝ քեզնից բարձր ճաշակ ունեմ:

Մեր ամենօրյա վեճ-զրույցներում վերջին պատասխանը նորույթ է: Ժպիտը քրքիջի է փոխվում, ու նա վրա է բերում.

-Քեզ նման եսասեր աշխարհը չի ծնել:

-Եսասեր մարդիկ ավելի բարի են: Եվ հետո՝ ես ճշմարտությունից ոչ մի քայլ չեմ շեղվել, գոնե հիմա:

-Գիտե՞ս ինչ՝ գլխիս փիլիսոփա մի կտրիր: Արդեն լուրջ է ասում, ու ես դարձյալ խոցվում եմ. փչացրեց սիրախաղը:

-Մի՞թե բնությունը քեզ կանացիություն չի շնորհել:

-Ամեն, ամեն ինչ տվել էր: Քո ձեռքն ընկնողը…

-Ուրեմն՝ դու լավն էիր, ե՞ս ավերեցի կառույցդ:

-Միայն ու միայն դու:

-Նույնը ես կարող եմ ասել, իսկ ի՞նչ եմ արել:

-Ո՞րն ասեմ՝ տունն այնտեղ է քանդվում-թափվում, մենք այստեղ ենք կոպեկ հաշվում:

-Նորի՞ց սկսեցիր: Տան մասին մոռացիր, եկել ենք հանգստանալու, -ապա չեմ համբերում: -Ի՞նչ է եղել տանը:

-Ծորակներից ջրերը վազու՞մ են - վազում են, տասը անջատիչից հինգը չի՞ աշխատում - չի աշխատում, լվացքի պարանը երեք տարի խնդրում եմ, չե՞ս սարքում -չես սարքում: Շարունակե՞մ: Մեխն անգամ չես կարողանում ուղիղ խփել:

Պատին է դեմ արել: Ներքին լարումն այն աստիճան մեծ է, որ մոռանում եմ մայր լեզվի բառը.

-Եթե այդպես էր, плотник-ի ընտրեիր, ամեն բան տեղը տեղին կաներ:

-Թե այս խելքը գլխիս լիներ…

Չէ, սեր-մեր ասվածը դատարկ խոսք է, ամուսնացածների հետ կապ չունի։ Գոնե այգաբացը փրկենք:

-Գնանք լողանալու, -առաջակում եմ:

-Աչքս ամբողջ գիշեր չեմ կպցրել, պիտի քնեմ:

Պատուհանագոգին երկար հենվելուց դաստակներս անզգայացել են: Նստում եմ անկողնուն: Կինս ոտքերը, որպես հաշտության նշան, կողմ է տանում:

-Արի գնանք, չես զղջա: Ափին, բացի ձուկ բռնողներից, այս ժամին մարդ չի լինում: Ծովը խաղաղ-խաղաղ է, ջուրը՝ տաք: Ձկնորսները կարթաձողերն ավազի մեջ խրել սպասում են: Կլողանք խորքերը, ուր նավակներն են: Այնքան գեղեցիկ շներ են լինու՜մ: Փայտ կնետենք ջուրը, կտեսնես, թե ինչպես են ատամներով բռնած բերում, ապա՝ արևագալը կդիտենք:

-Դիմացն օր շատ կա, մնա մյուս անգամ:

Մի՞թե անհնար է ոգևորել, թե՞ ես եմ անհաջող նկարագրում: Դարձյալ փորձեմ.

-Եթե ծովն իսկապես ուզում ես տեսնել, պիտի գնալ լուսաբացին և մայրամուտի ժամանակ: Խարույկ ես վառում, նստում ավազներին: Ափին քո կրակն է, խորքում՝ ինչ-որ տեղ, խարիսխ նետած նավերի առկայծող լույսերը: Ծովը ծփում է, ալիքը լիզում ափերը…

-Միևնույն է, չեմ գա:

Ժպտում է, բայց դա դրությունը փրկել չի կարող: Գլխիս, ասես, սառը ջուր լցնեն: Վեր եմ կենում, տաբատը քաշում լողավարտիքի վրա ու՝

-Ես գնացի, բարի գիշեր: Մոծակներ արդեն չկան, կարող ես կուշտ քնել:

Պատուհանի տակով անցնելիս գլուխս ներս եմ տանում և՝

-Գեղեցիկը գնահատել սովորիր:

Հենց այդպես, թող իմանա, որ նեղսրտած եմ: Չի պատասխանում, իսկ ես թափահարելով ձեռքս՝ գնում եմ արևածագը դիմավորելու:


    

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՇՈՒԿԱ


    

Սահակը գրպանում տասնհինգ ռուբլի ունի՝ երեք լղարիկ, քրտնխաշ հինգանոց, նրանցից, որ ուզում ես ժամ առաջ ազատվել, վճարելիս էլ ամաչում ես, կասկածը սրտումդ դեմ անում վաճառողին. հանկարծ հետ չտա՞, թե՝ մաշված է, ուրիշը հանիր: Իսկ սահակն այլ փող չունի, դա է, կողմնակի ծախսի իրավունք՝ նմանապես: Պետք է շուկա գնա, կանաչի գնի, գազար, լոլիկ…Չէ, լոլիկը հաշվից դուրս է գալիս, որովհետև կնոջ՝ գոնե կաղամբն ու կարտոֆիլը խանութից գնելու պատվերն ի կատար ածելու հնար չեղավ, տնտեսած գումարի հաշվին մի բան ավել առնելու հույսը հօդս ցնդեց. պտուղ-բանջարառի կետերը կամ փակ էին կամ դատարկ՝ անցած աշնան առևտրի մգլահոտով ներծծուն:

Ու հիմա ուրիշ ելք չկար, դրանք ևս պետք է շուկայից առնվեր, պարզ է՝ շուկայական գներով, այլապես կիրակնօրյա ճաշը՝ կաղամբապուր, չէր եփվի: Եփվելը կեփվեր, գուցե ուտվեր էլ, բայց անունն այլ կլիներ, մարսելը՝ դժվար, որովհետև պակասող մթերքների տեղակ ամանում մաղձ, ժահր լցված կլիներ՝ տանտիրուհուց, իրենից անկախ:

Նույն վիճակի մեջ Սահակն էլի էր ընկել, սովոր էր դրան, սակայն… Բանն այն է, նա շուկա այս անգամ մենակ չէր գնում, աղջիկները հետն էին: Կինն է մեղավոր, կպավ, թե երեխաներին մաքուր օդի հանիր:

Շուկան պայթում, նեղ էր գալիս մարդկանց, մրգի առատությունից: Փող ունեցողի տեղ էր՝ առ, սիրտդ ինչքան ուզի, որքան կամենաս: Իսկ Սահակը… Սահակն ի՞նչ, նրա հոգսն ուրիշ է:

Առաջին շարքերին չմոտեցավ. ամենաբարձր գներն այդ մասում էին, լավ ապրանքը՝ նմանապես: Երեխաներին հետևը գցած, որպեսզի դեմից եկողները չհրմշտեն, անցավ խորքերը, ուր մարդը սակավ էր, միրգը՝ համեմատաբար էժան: Գիտեր՝ դեպքից դեպք ապրանք շուկա բերողին, խեղճուկրակ անձանց կարգին վաճառասեղան չեն տրամադրում, իսկ այդպիսիք գութ ասածից ունեն, գին իջնել գիտեն, կա որ պարզապես ուզում է ժամ առաջ տուն հասնել, մինչև արևմտոց՝ տավարին, տունուտեղին հասնելու համար, հաց ու թացի հարց կա…

Ուրիշ ժամանակ հաճույք էր շուկայում լինելը՝ գույների ի՜նչ խաղ, հետաքրքիր միջադեպեր, մարդկային բնավորություններ… Իր նրբադեմ, նրբականջ դուստրերն ու շուկակայական կյանքը՝ բիրտ, որտեղ հանուն դրամի թույլատրելի է գրեթե ամեն բան: Որ թանկություն է, լսել էր, բայց այդպիսի՞: Զարհուրելի գներ էին՝ չտեսնված, չլսված: Սկզբում պարզապես շրջում էր, ծանոթանում, ականջ պահում խոսակցություններին, հետո, երբ անուշադիր մեկը կրծքով, մարմնով զարկվեց մեծ աղջկան, նեղսրտեց.

-Բարձրանանք երկրորդ հարկ, -դարձավ երեխաներին:

Կարտոֆիլը տակը կլցնեմ, մնացածը, որպեսզի չճխլվի, վրան, -վճռեց: Որոշելը՝ որոշեց, բայց նախ՝ առնել էր պետք: Աղջիկներին պատվիրեց սպասել անկյունադարձի մոտ, իսկ ինքը մոտեցավ վաճառասեղանին, ծայրը որի չէր երևում: Վաղահասի կիլոգրամը չորս, անցած տարվա կարտոֆիլինը՝ երկու ռուբլի էր: Իհարկե, էժանն էլ կար: Ընկույզի մեծությանը, օինակ, մեկ ռուբլի արժեր: Ամոթ էր մինչևիսկ գին հարցնելը:

-Լցնում ես տոպրակը, լավ աղում ու, թեթևակի թրջելուց հետո տրորում. կլեպն ինքն իրեն դուրս է գալիս, - բացատրում էր մի կին մյուսին՝ հավանաբար աղքատ լինելը թաքցնելու, քողարկելու համար:

Գայթակղված կողքից պատահաբար լսածով՝ ինքը ևս կշռել տվեց:

-Երեք կիլո, -քաշն ասաց ու տեղնուտեղը զղջաց:

Կինը հիմա դարձել, Սահակի հետ էր զրուցում՝ առավել ջանադիր:

-Նորի վրա կլեպ որտեղի՞ց: Թավայում կարմրացնում ես, դառնում է ձվածեղ: Թոռներս շատ են սիրում: Էն կլորից, -ասում են:

-Բայց ինձ ճաշի համար էր պետք, -իր հերթին անկեղծացավ Սահակը:

-Էս մյուսից առ, Մարտունու կարտոլ է, զեմլյակ, -փորձեց գայթակղել դիմացինը:

-Չորսո՞վ:

-Քեզ՝ երեք ու հիսուն:

-Չառնես, -անսպասելի նոր եռանդ եկավ կնոջ վրա: -Հոր գինը դրել են վրան, -հետո վերստին մեղմվեց: -Ճաշի մեջ չպիտի՞ կտրատվի, թե՞ չեք ծամելու: Նույն բանն է, տղաս: Հարսս որ եկավ…

Սահակն ակամա ժպտաց, սակայն մտաբերելով կնոջը, անխուսափելի վեճը, բնական դիրք ընդունեց. աչքերը դարձան թախծոտ, դեմքը երկարեց, իսկ պարանոցն առաջ եկավ: Լավ է, կինը չի լսում, չի տեղեկանա այս խոսակցությանը, այլապես կսկսի՝ հա դու, հա նա: Եվ տեղին կլինի դիտողությունը: Անկեղծանալու տեղ ես գտել: Քիչ էլ որ մնա, կենսագրությունը կսկսի պատմել: Ուրիշները…

Զայրույթ եկավ վրան, չհասցրեց մինչևիսկ միտքը ձևակերպել: Կնոջ բառն էր՝ ուրիշները… Ճշմարտությունը, որքան էլ անհեթեթ, խարազանեց ուղեղը: Ուրիշները, այո, զամբյուղները լցրած, հրե՛ն, դուրս են գալիս, թարմ մսի հերթ են կանգնել, տասը ռուբլով սունկ են գնում, հունիս օրով՝ ձմերուկ, իսկ դու քո նմանին գտել, բան ես ասում: Հետո անձնասիրությունից, ազնվական տոհմից սերած լինելուց կխոսես, այս աշխարհում ծնունդդ արդարացնելուց:

Այդ տրամադրությամբ էլ գնաց դեպի երեխաները: Վերևից շուկան՝ ինչպես ափումդ: Ընդհանուր գորշության մեջ մրգաշեղջերն ընդգծվել, շողշողում էին: Գունախաղով տարված, ականջներում գվվոց՝ փոքրիկները չլսեցին հոր կանչը:

-Չեք լսու՞մ, -ձայնի տոնը չոր էր:

-Հայրիկ, երեսունվեց տեղ ծիրան են ծախում, -բանից անտեղյակ՝ ոգեշունչ վրա տվեց փոքրը: -Չես հավատու՞մ, երեք անգամ հաշվել ենք:

-Հասմիկ…-մեծը որսացել էր հոր տոնը, զգաստացել:

Սահակը երկուսին էլ գգվեց, մեծին առավ անութի տակ:

-Թե կարողացա, կառնեմ:

Սանդուղքներով դիմեցին առաջին հարկ:

-Ծիրանը քանիսո՞վ եք տալիս, մայրիկ, -Սահակը շեղջերից մատնացույց արեց կենտրոնինը, որը թեև ոչ ընտրովի, տանելի որակ ուներ:

-Հինգ մանաթ, -պատրաստակամ ժպտաց գեղջկուհին:

-Բա սա՞, -իներցիայով շարունակեց:

-Երեք մանաթ, -նա միրգն այնպես էր դիզել, որ ճխլվածը, կարկտի խփածն ու թերհասը առաջին պահ չնկատվեն: Երրորդ շեղջն ուրիշ բառով կռճոնք էր, որ եթե ձրի տային, չարժեր տուն հասցնել:

Ամենալավը, ուրեմն, վեց-յոթ ռուբլի կարժենա, հատը գրեթե մեկ ռուբլի է գալիս: Այ թե գին է: Մեր տան մեջ եկել, մեզ ուտում են, մեր հողում աճեցրածով ոսկի դիզում: Տեղն է…

Հոգու խորխորատները քշած դառնությունը վերստին արևերես ելավ ու, որքան էլ ջանաց, այլևս վտարել չեղավ: Ալեկոծ սրտով էլ առևտուր արեց, գնեց ինչ պետք էր՝ առանց արժեքը հարցնելու, կշեռքին հետևելու: Ուզում էր րոպե առաջ դուրս պրծնել գաղջ միջավայրից, ազատվել նյարդերը սղոցող աղմուկից, անզոր վիճակից:

Զամբյուղը լցվել էր, գրպանը՝ դատարկվել, ու նա դուրս եկավ: Երեխաներն ամբողջ ընթացքում խոսք չասացին, ակնարկ չարեցին: Երբեմն-երբեմն մեկմեկու ականջի բան էին փսփսում: Եղավ պահ, որ Սահակի մեջ նրանց առաջ ծնկելու, ներողություն խնդրելու, գութ հայցելու ցանկություն ծնվեց, արդարանալու, իր վարքը բացատրելու, տիեզերական չափանիշներով մարդու կյանքն ու գործը քննելու, նրա լինելիության իմաստն այս հողագնդի վրա մեկնելու, նյութին ու ստամոքսին գերի դառնալ-մնալու, ուրագի փիլիսոփայությունն օրենք դարձնելու հոռիությունը, վտանգավորությունը ասել-հասկացնելու պահանջ զգաց, սակայն զսպեց: Ուրիշ, տարբեր առիթներով փոքրիկների հետ նման հարցերի շուրջ խոսել էր, բայց առողջ սերունդ ունենալու բնազդը հուշում էր, որ դեռ վաղ է, գուցե թե՝ անհարկավոր, որովհետև առանց խոսքի էլ նրանք իրենից նույն արյունը, բջիջների նույն կառուցվածքը, դասավորություն էին ժառանգել, հետևաբար և աշխարհին միևնույն դիտակով, նույն լուսանցքից են նայելու, էլ կարիք կա՞ր ժամանակից շուտ սրել առանց այդ էլ սուր, անտանելի ցավը, որ բույն էր դրել նրանց հոգում ի սկզբանե, հարկ կա՞ր, որ զավակները հաղորդակից դառնային տվայտանքին: Կակուղ, մատղաշ շիվեր են, մեկ էլ տեսար չդիմացան, բարալիկ նյարդեր են, մեկ էլ տեսար շատ պրկվելուց կտրվեցին, փխրուն սիրտ, որը դեռ որքա՜ն պիտի բաբախի:

Կանգառում պաղպաղակ էին վաճառում: Վերջին դրամը՝ երեք ռուբլիանոցը, որով ծիրան չկարողացավ առնել, մեկնեց կրպակավաճառին:

-Որի՞ց:

-Երկու պաղպաղակ, ամենալավից, - չարտաբերած՝ ժպիտը ներսից ծամածռեց դեմքը:

-Հայրիկ, դու չես ուտելու՞, -մեծն էր:

-Չէ, աղջիկս, - ձեռքը տարավ ստամոքսումսին, իբր, ներսում այրուք է:

-Ուժե՞ղ է ցավում, -նա հպվեց, սեղմվեց հորը:

-Հոգ չէ, ուր որ է կանցնի: Առավոտն իզուր հաց կերա:

Ուտելուց չէր, այլ ներսում կուտակված ցավից, դառնությունից, մաղձից, որն ավերում էր անցավոր մարմինը, կրծում հոգին, տանջահարում: Մի երկյուղ ուներ՝ հանկարծ ժամանակից շուտ մնաս բարով չասի աշխարհին, հոգու կացարանն անսպասելի ճաք չտա, կյանքի կայծը չմարի: Աղջիկներն այս դաժան աշխարհում նեցուկից կզրկվեն, կմնան որբ:

-Ընկեր, մի րոպե, մի րոպե…

Սահակը շրջվեց: Վաճառողուհին խալաթով ելել էր մայթ:

-Դուք ի՞նչ տվեցիք:

-Երեքանոց:

-Կներեք, ուշադրություն չդարձրի: Դուք էլ ձեր հերթին…

-Ի՞նչ է պատահել:

-Մանրը չեմ տվել՝ երկու ռուբլի:

Եվ իսկապես, Սահակը մետաղադրամը վերցրել էր, մտամոլոր լցրել գրպանը՝ մոռանալով թղթադրամի մասին: Հավանաբար չէր էլ հիշի, մինչև վերստին նոր բան գնելու առիթ չծագեր:

-Զգացված եմ: Հազար շնորհակալություն:

-Կներեք, շատ կներեք:

-Դուք ևս ձեր հերթին ներող եղեք, մտքիս ետևից էի ընկել, - հետո չբավարարվեց ասածով: -Չեք պատկերացնի, թե որքան գոհ եմ: Առաջին դեպքն է, լուսավորվեց աշխարհը:

-Դե իմացեք, առևտրականների մեջ էլ մարդիկ կան: Ի՜նչ անուշ երեխաներ են: Ձեզ են նման, -նա փաղաքշեց փոքրին: -Կրպակի դուռը բաց եմ թողել, գնամ… Ցտեսություն:

-Գնաք բարով:

Դուստրերը շրթունքներով նրբորեն պոկում էին պաղպաղակը, լեզվով հրում բերանի խորքերը և անթաքույց երանությամբ ժպտում հորը: Սահակն ի պատասխան անսպասելի քրքջաց: Մի քանի անծանոթ դեմքեր, կարծելով իրենց է հասցեագրված, շրջեցին հայացքները:


    

ԱՌԵՐԵՍՈՒՄ

-Սա ուրիշ գնանոց է:

-Ի՞նչ, -Վահանը չհասկացավ:

-Երեք ու վաթսուննոցը չէ, -կինն անցավ շշունջի:

-Ո՞վ ասաց:

-Գիտեմ:

-Եթե համոզված եք, ասեք, -թեթևակի բորբոքվեց Վահանը:

Կինը չարձագանքեց: Վաճառողուհին, խոսակցությանն անտեղյակ, իր բանին էր. կշռում էր, գինը բարձրաձայնում, ու մինչ գնորդը կմուծեր փողը, հասցնում էր էլի մի քանիսին ճանապարհել: Ապխտած երշիկի դարսակն արագորեն իջնում էր:

-Քանիսնո՞ցն է, -առջևում հերթից դուրս հարցրին:

Վաճառողուհին չարձագանքեց:

-Տեսնու՞մ եք, -կինը դարձավ կանգնածներին, սակայն խրախուսական հայացք չգտնելով՝ վերստին գոհացավ Վահանով:

-Իբր, չի լսում: Ժամանա՞կ ունի՝ երկուս ու յոթանասուննոցը երեք ու վաթսունով է ծախում:

-Չի կարող պատահել, օրը ցերեկով չի համարձակվի, -վստահ ասաց Վահանը:

-Երեք ու վաթսուննոցը յուղալի չի լինում, իսկ սա…-ուշադրություն դարձրեք ճարպերին, -կինը փսփսուքով էր խոսում, հասակով կարճ էր, ու Վահանն ստիպված պարանոցը թեքել, կողքանց էր լսում:

-Դա, հո, սրիկայություն է: Ընկերուհի, երշիկն ի՞նչ արժե:

Նույնն էր, թե պատին հարց տված լինեին:

-Ձեզ հետ եմ, -Վահանը բորբոքվեց:

Նույն քար լռությունը:

-Ընկերուհի…-հուզմունքին գումարվել էր վիրավորանքը: -Խլացել ե՞ք:

Վաճառողուհու հայացքը հարևանցի դիպավ Վահանին, կարևորություն չտվեց:

-Այդտեղ գին կա՞ դրված, -առջևում կանգնածներին դիմեց Վահանը:

Հերթը երերաց:

-Սրանցից ո՞վ է գլուխ հանում, հա շարել են:

-Վարիչին կանչեք, -Վահանը թողնելով հերթը՝ առաջացավ:

Վաճառողուհին թոթվեց ուսերը: Վահանի հայացքը շրջեց սրահով, տեսավ պահեստային տնտեսություն տանող դուռը:

-Համա կանչելու՞ եք, թե…

-Դու հո փորձա՞նք չես, ի՞նչ ես ուզում, -վաճառողուհին դանակը ձեռքին մոտեցավ:

-Գինն եմ հարցնում, -Վահանը ջանաց զսպել իրեն:

-Հերթդ կհասնի, կիմանաս:

-Դա ի՞նչ տոն է, չեմ հասկանում, -ուշադրությունն ակամա սևեռվեց դանակի լայն շեղբին: -Հեռու տար:

-Գիշերվա երա՜զ է, -վաճառողուհին ձգեց խոսքը:

Վահանն օգնության ակնկալիքով նայեց հերթին: Կինը չէր երևում:

-Բողոքի գիրքն ուզեք, -դրդեց մեկը:

-Էհ, որ գրեց, ի՞նչ: Կարծում ես բա՞ն կփոխվի, -նկատեցին հերթից:

-Կփոխվի, լավ էլ կփոխվի:

-Միամիտ…

Ընթացքում բանվորը ստվարաթղթե արկղով նոր երշիկ բերեց: Սև, կեղտակուր խալաթ կար հագին, հայացքն անխռով էր:

-Վարիչը ներսու՞մ է, -Վահանը նրան դիմեց:

-Ես գործ չունեմ, ախպեր ջան, -և գնաց:

Վահանն ուղղվեց դեպի պահեստ տանող դուռը: Միջանցքում շարժվելու տեղ գրեթե չկար. մինչև առաստաղ դատարկ շշերով լի արկղեր, զանազան տուփեր, պարկեր էին շարած: Ձկան, նեխող պանրի անդուր հոտը բռնել էր օդը: Խորքից կացնի խուլ զարկեր էին գալիս. միս էին կտրատում: Կիսաբաց արեց ծայրի դուռը: Աչքով ընկան պատերի փոխանցիկ դրոշները, պատվոգրերը, շրջանակում առնված մեծադիր նկարը: Աեղանին ծլնգում էր հեռախոսը: Զուգահեռ է, մյուսով խոսում են, -որոշեց Վահանը:

-Ու՞մ եք ուզում:

Շրջվեց: Մարդը մոտեցավ: Հետը մեկը ևս կար՝ ձեռքին փաթեթ:

-Վարիչին:

-Լսում եմ, -հնչերանգը չոր էր, չտրամադրող, կարծես ասելի լիներ՝ շուտ արա, ժամանակ չունեմ: -Վանիկ ջան, -դարձավ մյուսին, -դու գնա: Հենց եղավ, լուր կտամ:

-Ձեր աշխատողը գների խախտում է թույլ տվել:

-Ո՞ր մեկը, ես աշխատողներ շատ ունեմ, -նույն պահին զրնգաց հեռախոսը, ու նա Վահանին թողնելով՝ մտավ աշխատասենայկ:

-…

Երևում էր, կարևոր զանգ է, որովհետև վարիչը, որ սկզբում անփույթ էր վերցրել ընկալուչը, խոսակցության ընթացքում այդպես էլ չընկողմանեց բազկաթոռին, ընդամենը ծխախոտ վառեց: Առավել տարօրինակն այն էր, որ միջոց գտավ Վահանին ներս հրավիրելու, աթոռ առաջարկեց:

-Թյուրիմացություն է, հիմա կհարթենք, -լսափողը դնելով՝ ասաց: -Հասցրել են վարչություն զանգել: -Դուք գնում կատարե՞լ եք:

-Դեռ ոչ:

Վարիչը թեթևացած շունչ քաշեց: Հետագա խոսքը նույն ջերմությունը չուներ:

-Դուք գնացեք սրահ, -ասաց ու դուրս եկավ միջանցք: -Խաչի՛կ, Խաչի՜կ, -կանչեց բաժին մտնող մսավաճառին, -կողմնակի մարդկանց ճամփեք՝ բոլորին: Եղածը լրիվ վաճառքի հանիր, չմոռանաս գինը կպցնել, -ապա մեկուսի, -խալաթ հագնենք:

Նա ուղղվեց երշիկի բաժնի կողմը: Վահանը եկած ճանապարհով ելավ սրահ: Վաճառասեղանի մոտ ժխոր էր, առուծախը դադարեցրել էին:

-Որ ասում էի…-մոտեցող Վահանին դիմեց հերթի կինը՝ նա, որ ողջ աղմուկի հեղինակն էր:

-Ի՞նչ էիր ասում, -շամփրեց վաճառողուհին:

-Դուրս, քեզ ասի՝ դուրս գնա, -վարիչն աշխատողին կոպտորեն մի կողմ հրեց:

-Ի՞նչ եմ արել, -համառեց վաճառողուհին: -Երկուս ու յոթանասուննոցը նոր բերածն է, չեմ էլ հասցրել ծախել:

-Հասկացանք, գնա:

-Ընկերուհի, իմ երշիկը տուր, արդեն մուծել եմ:

-Ձերը սա՞ է, -վարիչը թղթում փաթեթածը դրեց կշեռքին: -Որքա՞ն եք վճարել:

-Երեք ռուբլի:

-800 գրամ է: Սիրու՜շ, - ձայնեց սյան տակ նստած գանձապուհուն, -քաղաքացուն վաթսուհինգ կոպեկ վերադարձրու: Չեկն ինձ մոտ է:

-Ամեն մեկն իր հերթին է կլորացնում, -գանձապահուհուն նկատի ունենալով՝ ինքն իրեն դժգոհեց հավանաբար արագ հաշվարկ կատարած մեկը:

-Ուրի՞շ: Է՞լ ով է երեք ու վաթսունով մուծել, սրանք ու՞մն են, -վարիչը փաթեթները բացեց:

-Նույն երշիկը չէ՞, -հերթից էին:

-Թյուրիմացություն է պատահել, շփոթմունք, -վարիչն ջանում էր մարդկանդ խաղաղեցնել: -Ներող եղեք:

-Ոչ մի շփոթմունք, -գրգռվեց Վահանը: -Քաշը, արժեքը դիտմամբ փաթեթին չի գրել, որպեսզի բռնվելիս արդարանալու տեղ ունենա:

-Հո չասի՜ք, -նեղսրտեց վարիչը, հետո հիշելով, որ կարևորը գնորդներին չգրգռելն է, հավելեց: -Նա իր պատիժը կստանա:

-ԲԽՍՍ-ի ձեռքը պիտի տաս, որ իմանան:

-Ահ, մեկի պոչը մյուսի տակն է: Ավելի լավ է դրանց հետ գլուխ չդնեք:

-Այ ընկեր, վաճառք պիտի կատարե՞ք, թե չէ: Ինձ պանիր է հարկավոր, դարձրին շուկա:

-Հիմա, հիմա, -վարիչի հայացքն առավ դռանը, լարվեց:

-Խնդրում եմ չաղմկել: Գեորգի Արտեմիչ…

Ժամանողները երեքն էին՝ երկու տղամարդ և մեկ կին:

-Բարև ձեզ: Ի՞նչ է պատահել, -հարցը հերթին էր ուղղված:

-Սրանից ավել ի՞նչ լինի, թալանում են, -մարդը մեդալներ ուներ:

-Առևտրի վարչություն զանգողը դու՞ք էիք:

-Ես եմ զանգահարել, -հերթի կինն առաջացավ:

Վահանը զարմացավ: Մինչ այդ կարծում էր երկչոտ բնավորություն ունի, այլոց ձեռամբ շագանակ հանող է: Իրենց խանութն է, միշտ այդտեղից է առևտուր անում ու չի կամենա հարաբերությունները սրել, որովհետև գիտի՝ քթից կբերեն, -սկզբում մտածել էր: Բայց տես…

-Գեորգի Արտեմիչ, գուցե կաբինե՞տ անցնեք, -վարիչը ձեռքերի շարժով ցույց տվեց ամբոխված գնորդներին, այն է՝ հրապարակավ քննության հետևանքները նկատի առեք:

-Եկեք մեզ հետ, -կնոջը դարձավ եկվորը: -Վաճառողն ու՞ր է:

Պահեստը բաժնին միացնող դռների մեջ կանգնած վաճառողուհին կմկմաց.

-Այստեղ եմ:

-Ուրիշ մեկին հանձնարարեք առևտուրը շարունակի, -կարգադրեց Գեորի Արտեմիչ հորջորջվածը, այնուհետ խոսքն ուղղեց զանգահարող կնոջը:

Դուք ևս, տիկին, եկեք:

-Թող այս քաղաքացին էլ գա, նա նույնպես բողոքում է, -Վահանի դաստակը բռնեց կինը:

-Լավ, -դժկամ համաձայնեց եկվորը:

Վարիչն արհամարհանքով նայեց կնոջը, որոշ ակնկալիքով՝ Վահանին, ապա զայրագին հարձակվեց բաժին մտած բանվորի վրա:

-Դու՞ ինչ գործ ունես, գնա խալաթդ փոխի:

Վերջինս կամեցավ բացատրություն տալ, սակայն վայրկենական մտմտուքից հետո լեզուն ատամների տակ առավ:

-Մենք էլ գանք, -մեդալակիրն էր:

-Այ հայրիկ, հո թատրո՞ն չէ: Դու քո առևտուրն արել ես, գնա:

-Թալանում եք:

-Թե չէ մյուսներն իրենց տեղում նույնը չեն անում: Մեր անունն է ելել, -գանձապահուհին էր:

-Ո՞վ, -մարդը քշեց գանձարկղի կողմը: Ես Կերչում եմ կռվել...

-Իսկական կռվողներ տուն չեն եկել:

-Սիրու՛շ, -սաստեց վարիչը, ապա ինքն իրեն՝-սրանք մի օր ինձ բանտ էլ կճամփեն:

Նա գնաց: Փոք-ինչ ուշացումով Վահանը հետևեց մյուսներին: Միջանցքում ականջին հասավ վաճառողուհու լացակումած ձայնը.

-Գեորգի Արտեմիչ, քսան տարվա աշխատող եմ...

-Ապրանքագիրը բերեք:

-Հենց հիմա, -վարիչը ապրանքագետին կարգադրեց գտնել հարկավոր թուղթը:

-Բաժնում է, -վաճառողուհին շրջվեց, որպեսզի դուրս գա: Տեսնելով Վահանին՝ կանգ առավ: -Ախպեր ջան, ես քեզ ի՞նչ եմ արել, որ ուզում ես վատություն անել: Երեք երեխա ունեմ:

-Մենք էլ զավակներ ունենք, ընտանիք ենք պահում, -Վահանի փոխարեն պատասխանեց հերթի կինը: -Աղքատավարձով ապրող մարդիկ ենք:

Վաճառողուհին սկսեց լալ: Սաստող չկար, ուստի Վահանը վատ զգաց: Թքած կոպեկների վրա: Մեկ է, այլ տեղ ուրիշին է տալու: Համատարած գռփում են: Հետո հանկարծ հասկացավ՝ մշակված ռազմավարություն է, յուրատեսակ ծուղակ, հոգեբանական գրոհ: Մեղավորը զոհի տեսք է ընդունում, որպեսզի բարոյապես ճնշի:

-Դե, տեսնում եք...

-Ինձ չի հետաքրքրում, -հերթի կինն անդրդվելի էր:

-Պետք չէ դաժան լինել, -Գեորգի Արտեմիչը դարձավ վարիչին, - ապրանքագիրը չբերիք:

Վաճառողուհին գնաց:

-Դուք գնում կատարե՞լ եք, -վարչությունից եկած կինն էր:

-Ոչ:

-Իսկ դու՞ք, -հարցն այս անգամ Վահանին էր հասցեագրած:

-Կհասցնեմ:

-էլ ի՞նչ եք ուզում:

-Ո՞նց թե: Կարո՞ղ է վերջում մեզ մեղավոր հանեք, -Վահանը չարացավ:

-Մեղքը բոլորինն է, հասարակությանը, -ծանրակշիռ կարծիքը շաղեց Գեորգի Արտեմիչը:

-Հանրությունն այստեղ գործ չունի. նա հանցանք է կատարել՝ միտումնավոր: Փաստերը դա են ապացուցում:

-Հետո կերևա:

-Գոնե բարեկիրթ լինի, վարվեցողություն ունենա: Հիմա է, որ կոկորդիլոսի արտասուք է թափում:

-Կուլտուրայից եք խոսում, բայց վիրավորում եք, -առաջին անգամ խոսակցությանը միջամտեց երրորդ անձը:

Վահանը չպատասխանեց. դիտողությունը մասամբ ճիշտ էր: Պետք է դրանց հետ զգոն լինել, փորձված գայլեր են, -վճռեց:

-Թուղթն ու թերակշռելը հերիք չէ, պոչերն ու թելերը հետն են ծախում, քիչ է, հիմա էլ՝ գների խախտում, -հերթի կինը տարուբերեց գլուխը:

-Երևում է, առևտրից հասկանում եք: Որտե՞ղ եք աշխատում, -Գեորգի Արտեմիչը ծխախոտ վառեց:

-Ի՞նչ կարևոր է: Կյանքն է ստիպում սովորել:

-Կյանքն ուրիշ բան էլ է ասում՝ մեղավորը միայն վաճառողը չէ:

-Այո, եթե վարիչը թույլ չտար, նա քանի՞ գլուխ ուներ:

-Հիմա էլ ի՞նձ եք ուզում խառնել գործին:

-Ուրեմն՝ դուք տեղյակ չէ՞իք:

-Ոչ: Քաղաքացին կարող է վկայել, -վարիչը գլխով Վահանին ցուցեց:

-Ավելի վատ: Նշանակում է, ձեր տեղում չեք, եթե չգիտեք՝ ինչ է կատարվում խանութում:

-Հրեն հեռախոսը, կարող եք զանգել: Ուզու՞մ եք մինիստրության, թե՞ ժողվերահսկողության, կուսշրջկոմի ու կենտկոմի, գերագույնի համարները տամ:

-Եթե կարիք լինի, կզանգեմ, -կինը, պարզ նկատվում էր, կոտրվեց: -Կարծես շատ էի կամենում այս տհաճ պատմության մեջ ընկնել:

-Ամեն բան լավ կլինի: Ինչու՞ ուշացավ, -թեման փոխեց Գեորգի Արտեմիչը:

Վարիչը գնաց, նրան հետևեց ապրանքագետը:

-Հարկ կլինի բացատրություն գրել:

-Բացատրագիր, թե՞ բողոք:

-Ի՞նչ ուզում եք դրեք անունը, տիկին: Եվ դուք նույնպես: Ձեզ հիմա թուղթ կտան: Իսկ մենք արձանագրություն կկազմենք:

Ապրանքագիրը բերեցին: Եկվորները շուռումուռ տվեցին թղթերը, կարդացին:

-Երկուս ու յոթանասուննոց է՝ ութսուներեք կլիլոգրամ: Դուք ևս բացատրագիր գրեք, -վերադասի խոսքը վարիչին ու վաճառողուհուն էր ուղղված:

-Ես չեմ գրի: Ավելի ճիշտ կգրեմ, որ վաճառածս եղել է երեկվա երեք ու վաթսուննոց երշիկը: Ասի՝ հինը պրծնի, նոր...

-Անցյալ օրվա ապրանքագիրը տվեք:

-Ձեր ձեռքին է, -վարիչն առաջացավ:

-Դուք կհաստատե՞ք, որ երեկվա ստացածն էր վաճառում:

-Այո, անվարան պատասխանեց վարիչը:

-Քանի՞ կիլոգրամ էիք ստացել ու որքանն էր մնացել:

-Երեսունհինգ կիլո: Քսանհինգը մնացել էր:

-Ճիշտ չեն ասում, -Վահանն ու կինը թողել էին գրելը:

-Այսի՞նքն:

-Կարող եք համեմատել, կտեսնեք, որ մյուսից էժան է:

-Եվ հետո՝ ապխտած երշիկն ինչու՞ պետք է երեկվանից մնար խանութում: Այն էլ եղած-չեղածը՝ երեսուհինգ կիլոգրամ: Նույնիսկ ծիծաղելի է:

-Ընկերուհի, ձեր խոսքը հաստատելու համար փաստեր են պետք, իսկ փաստ չկա: Եթե գնում կատարած լինեիք, ուրիշ բան:

-Ես՝ հիմա...-Վահանը գնաց:

Սրահում նախկին հերթից մարդ չնկատեց: Մոտեցավ վաճառասեղանի շուրջ խմբվածներին: Վաճառողուհին երիտասարդ աղջիկ էր՝ բարեհամբույր, բարետես:

-Ձեր մեջ այս նույն երշիկից երեք ու վաթսունով առնող եղե՞լ է:

Հերթ կանգնածները վարանքով նայեցին Վահանին: Հարցն իսկապես էլ հիմար հնչեց: Անորոշության մեջ ելավ մայթ, անիմաստ դեսուդեն նայեց, վերադարձավ:

-Մարդ չի մնացել:

Տեսնու՞մ եք:

-Բայց լավ ծածկադմփոց արիք:

-Տիկին, չափը չի կարելի անցնել, վիրավորում եք, -Գեորգի Արտեմիչը խոժոռվեց: -արձանագրությունը կազմեցի՞ք:

Հետը եկածները պատրաստակամ՝ կնքած թուղթը դրեցին սեղանին: Այժմ կարող եք ծանոթանալ և ստորագրել:

-Սա աչքակապություն է: Ես չեմ ստորագրի, -կինը ոտքի ելավ:

-Ես նույնպես, -Վահանը ճմռթեց կիսատ բացատրագիրը:

-Դա ձեր իրավունքն է: Միայն թե, եթե ուրիշ անգամ բողոքելու լինեք, փատերը, խնդրում եմ, չխեղաթյուրել: Կգրեք ճշմարտությունը:

-Ձեզ դիմեցինք, ինչ հասկացանք, որ երկրոդ փորձն անենք: Ճշմարտություն, սուտ է, չկա: Համենայնդեպս, այստեղ չկա:

-Մաղձն է խոսում ձեր մեջ: Լավ չէ, լավ չէ, -Գեորգի Արտեմիչը ձեռքը տարավ լսափողին:

Առերեսումն ավարտված էր:

Կինը նյարդային շարժումով երկարուկ դրամապանակը խոթելով անութի տակ՝ դուրս եկավ: Վահանը գլուխկախ հետևեց նրան: Ականջին հասավ «կլյաուզնիկ» բառը: Ուզեց հետ դառնալ, սակայն միտքը, որ ոհմակի դեմ միայնակ անզոր է, թույլ չտվեց։


    

ԽԱՇ

Երվանդի հայացքն անտարբեր սահեց լոլիկի մածուկի և թթու վարունգի ուռածփոր տարողությունների, ձկան պահածոների, գարեջրի կարճվիզ շշերի վրայով, հասավ մսի բաժնին, թափ ընկած մի քիչ էլ գնաց, հետո, ուղեղից վայրկենաբար ստացած հրահանգի համաձայն, կանգ առավ: Կանգ չառավ՝ գամվեց: Ճռնչացին արգելակները, ակնաբիբերը լայնացան, լարվեցին, արյունը միանգամից սրտից հոսեց գլուխը, գլխից՝ սիրտը:

Քայլ արեց՝ մեկ-երկու և հայտնվեց խանութում: Խա՛շ: Հարկավոր է անմիջապես հերթ պահել:

-Վերջն ո՞վ է:

Ժամանա՞կ կար արձագանքելու:

-Դու՞ք եք վերջինը, -հարցրեց քառասունին մոտ մի կնոջ, որը մյուսներից առանձին՝ հուսակտուր դիտում էր թիկունքով կանգնած մարդկային պատը:

Կինը զարմացած նայելով Երվանդին՝ անխոս մատնացույց արեց հետույքների շարանը. այսինքն՝ չե՞ս տեսնում, ինչ է, լուսնի՞ց ես իջել:

Ինչ հերթ, ինչ բան, հո ապխտած երշի՞կ չէին վաճառում: Հլա ասա՝ խաշ: Խա՜շ…

Չափեց իր ու վճառասեղանի արանքը բռնած պատվարի լայնքը: Քսանհինգ-երեսուն մարդ կլիներ: Մի պահ ուղեց թողնել հեռանալ, սակայն երկմտանքը կարճ տևեց. վճռական շարժումով զարկվելով պատին՝ դարձավ մսաքարերից մեկը:

Խաշ: Տավարի ճերմակ, մաքրած ոտքեր էին՝ գայթակղիչ փայլով: Առանձնակի խաշ չէր սիրում: Ուտելու արարողությանն այդչափ կարևորություն տալը դիտում էր տուրք որկորին, բայց նման հնարավորությունը ձեռքից բաց թողնել… Առաջին անգամ էր տեսնում, որ խանութում ազատ խաշ վաճառեն: Խոզի տոտիկներ՝ երբեմն, սակայն իսկական խաշացու՝ չէ: Նման հաջողություն կյանքում մեկ անգամ է տրվում: Մեկ անգամ: Նոր են սկսել վաճառքը: Կհասնի: Չհուսահատվել: Միայն առաջ: Աշխատել ինչպես մյուսները՝ արմունկներով, ծնկներով, մարմնի բոլոր մասերով: Քայլ առ քայլ, մինչև բախտորոշ պահը: Փողոցում, կարծես, առել են հոտը: Թիկունքից գրոհում են, վրա տալիս: Վարվելակերպի կանոնները՝ մի կողմ, կանայք՝ հերթից դուրս: Խաշը նուրբ սեռի գործ չէ: Դու՛րս, դու՛րս: Կճխլեն, ճժից կգցեն: Առաջ: Ահա՛, ահա՛: Տոպրակների մեջ է, յուրաքանչյուրում՝ չորս ոտք, նույնն է, թե՝ մի ամբողջ կով:

Բռնել են անասունին, կացնի բութ կողմով մի բութ հարված հասցնելով ճակատին՝ շշմեցրել, տապալել գետնին, հետո մարմինը մասնատել՝ սա մի կտոր, սա՝ երկու, սա էլ հարյուր: Կերեք, վայելեք, որպեսզի հետո սիրուց, բարությունից, գայլի ու շնաձկան դաժանությունից, բնությունից ու արվեստից խոսեք: Երկիր մոլորակի տնօրենը դուք եք, ձեզ ամեն բան կարելի է: Մնացել են ոտքերը՝ ուժատ, չարչրկված, հազար ճամփա կտրած: Ոչ մի գրամ մթերքի կորուստ, ոչ մի: Մսի կոմբինատում մեքենան մի հարվածով պոկել է կենդանու կճղակները, մազերը, ու հիմա սպիտակ, շողշողուն խաշացուն խանութում է: Թե կարող ես, Երվանդ, առ, երկու քայլ այն կողմ է, ասել է թե՝ քթիդ տակ:

Էհ, հերիք եղավ, հազար անգամ ենք ասել՝ վերջ տուր տխմար սովորությանը: Պետք չէ ուշադրությունը շեղել՝ կողմնակի խոհերին տրվելով: Ներկա պահի համար մնացյալ ամեն ինչ անկարևոր է: Զգացմունք, ինքնասիրություն չկա, ծալիր, դիր թևիդ տակ: Ոչ մի ամոթ, խղճմտանք: Կարևորը խաշն է:

Փողը, փողը պատրաստ պահիր: Ինչքա՞ն ես առնելու: Մե՞կ տոպրակ, երկու՞: Նախ հաշվիր, թե քանի մարդ ես հրավիրելու: Չեղավ, դարձյալ շեղվում ես: Գլխավորը, գլխավորը չմոռանաս: Բոլոր այդ հարցերը պարապ պահերի համար են: Պահածոյացրու մտքերդ, հետո, երբ ժամանակ կունենաս, գլխումդ եղածը շարիր տեր-ողորմեայի թելին ու քաշիր, որքան քեֆդ կտանի՝ բարի՞ն, փորձա՞նքը, թե՞ Աստված: Իսկ հիմա՝ դու քեզ օգնական: Չհուսալքվես, էլի եմ կրկնում՝ խաշն անկարևոր բան չէ: Ոչինչ, դու չե՞ս սիրում, ուրիշները, հո, միայն հոտից, տեսքից խենթանում են: Հանուն այլոց ախորժակի այս անգամ ևս քեզ նեղություն պատճառիր: Տրամադրությունդ չգցես: Ասինք՝ զգացմունքները մի կողմ: Առաջնությունը վեհերոտ սրտիդ պատճառով ամեն տեղ զիջել ես, իսկ այժմ՝ ոչ մի պայմանով, ոչ մի պարագայում: Հիշիր՝ կողմնակի շեղումները վտանգավոր են ինչպես գրականության մեջ, այնպես էլ հերթում: Մսաղացով աղա բոլոր մտքերը, թող ոսկոր չմնա, թե չէ մեկ էլ տեսար կոկորդդ խրվեց: Պայմանավորվեցի՞նք՝ ոչ մի կոշտ, չյուղած խոհ:

Ուրեմն՝ վերցնում ես, որքան կտան: Նման հնարավորություն այլևս բացառվում է: Հիշիր Ռոմեն Ռոլանին՝ պատահականությունը միշտ գտնում է նրանց, ովքեր կարողանում են դրանից օգտվել: Բացարձակ ճշմարտություն է, ոչ մի վերապահում:

Ի՞նչ, որքա՞ն, երեսունքանի՞: Դա, հո, գտած բան է: Ասում են, շուկայում ոտք ու գլուխը փորով քառասուն-հիսուն ռուբլի է, այն էլ՝ չմաքրած: Իսկ սա ընդամենը երեսունվեց կոպեկ:

Չեղավ, հարգելիս, իսկականից համը հանում ես: Ասացինք՝ ընդհուր գծից ոչ մի շեղում: Մտածումներիդ ազատություն մի տուր: Ցուցումներ տվողը, վերադասը ես եմ: Հասկացա՞ր, այլապես ոչ մի սոցպարտավորություն չենք կատարի: Համ էլ, թույլ տուր ստեղծագործել: Պատմվածք է: Կարգ կա, դրական ու բացասական հերոս հասկացություն: Վայրիվերո մտքերը շարադրանքն ու՞ր կտանեն… Դումբաձեի հերոսը ևս խղճում էր սպանդանոց քշված կենդանիներին, այնպես որ՝ զգույշ ազդեցություններից, հետո թիրախ կշինեն: Հիմա ել ոտքերիդ ծայրերին, ձգվի՛ր, ձգվի՛ր: Այ այդպես, դե փողը տուր:

-Ինձ, ի՛նձ տվեք:

Բարձր, ավելի բարձր: Կարող ես բղավել, մի ամաչիր: Մեկ անգամ ևս, քեզ տեսնեմ:

-Իմ հերթն է, ինձ տվեք:

Վաճառողն իր գործին էր. ստանում էր փողը, տոպրակով խաշը զարկում կշեռքին, իբր, կշռեցի, դեմ անում գնորդին:

-Հաջորդը…

Ձեռքերի անտառը ձգվում էր և, ով առավել ճարպիկ էր, թղթադրամը խցկում էր նրա բուռը: Վաճառասեղանից այն կողմ կիտած խաշի կապուկները հալվում էին: Մնացել էր տասնհինգ-քսան տոպրակ: Եթե այսպես գնաց, չի հասնի: Երվանդի գլխում միտք փայլատակեց: Սա է, այլ ելք չկա: Նա տասանոցը նետեց վաճառասեղանին.

-Ի՛մ հերթն է:

Թղթադրամը նոր էր, գույնը տեղը, տեսքը՝ գրավիչ, տաքուկ: Նման չէր հինգնոցին, քսանհինգնոցին՝ գունատ, սփրթնած: Վաճառողը վերցնելով փողը՝ պատահական մի կապուկ նետեց կշեռքին: Սլաքը, կոպիտ վերաբերմունքից վրդով, հերսոտ վերուվարեց, զրոյից հասավ հազարին, պատրաստվում էր ի նշան բողոքի կորագիծը կրկնել, բայց վաճառողի համար աչքաչափն էլ հերիք էր: Նա խաշացուն մեկնեց գնորդին.

-Հինգ ռուբլի:

-Մեկն էլ կշռեք, խնդրում եմ:

Խմբվածներն ալիքվեցին:

-Չտա՛ք, այլևս մեկից ավելի չտաք:

-Որոշողը դուք եք, -իշխանավայել հանդարտությամբ արձագանքելով՝ խանութպանը դարձավ Մեսրոպին.

-Ի՞նչ տվիր:

-Տասանոց:

Նա ճլորած մի հինգնոց պարզեց գնորդին:

-Հաջորդը, - բարբառեց, իսկ մնացածը՝ մտքում: Կամքը ձերն է, օգուտը՝ իմը: Կուզե՞ք, տոպրակը բացեմ ու մի-մի հատով ծախեմ: Ինչքան շատ կշռեմ, այնքան շատ կմնա: Մենակ թե գնորդ լինի, ապրանք լինի, խաշ լինի: Խա՛շ: Կեսը պահեստում է, սառնարանում ապահով սպասում է ընտրյալներին: Ովքեր ե՞ն - ես ու իմ շրջապատը: Ուրիշ էլ ո՞վ: Իրիկվա կողմ կգան ու՝ ինչքա՞ն տամ: Կհանեն փողը: Կուզե՞ս տասանոց վերցրու, կուզես՝ քսանհինգնոց: Չէ ձեզ պես՝ կշռել, աչքերը չռել սլաքին: Կարծես խաբելու եղանակ չկա: Երկու հազար, հավատացեք, երկու հազար միջոց կա: Ուզեմ՝ կշեռքը տակից կխարտեմ՝ հինգ գրամ, տասը: Հերիք չէ՞: Ծով է, ծով: Կեր, որ պրծնի: Իսկ դու ինչքան ուզում ես աչքդ կշեռքին պահիր, դողդողա կոպեկիդ վրա: Կոպեկ… Կոպեկով առևտրի ժամանակները վաղուց են անցել: Հիմա դարն ուրիշ է, ուրի՛շ: Յոթ հարյուր կիլո խաշ եմ ստացել: Ապրանքագրով է այդպես: Հարյուր հիսունը առձեռն տվին. ճամփին էին ծախել, թե միսկոմբինատում, կարևոր չէ: Ի՞նչ պետքս է, քիթս խոթեմ ուրիշի գործերի մեջ: Կիլոյին տասը կոպեկ էլ վարորդ-առաքիչը վերցրեց: Չտայի, կողքի խանութը կքշեր: Հինգ հարյուր հիսունն էլ ինձ բավական է, օրվա հացի փող կբերի: Ով կտա՞: Դուք, դու՛ք կտաք: Չուզելով կտաք, ձեր կամքով: Ես էլ եմ տուն պահում, չէ՞, իմ զավակներն էլ են ուտել կամենում, հաց ուզում: Էդքան հացն ինչ եմ անու՞մ: Տառակեր, դու էլ հավատացիր, թե բոլորը հացի՞ եմ տալիս: Խոսք է, ասում եմ: Ես տեղն եկած ժամանակ վիզս կծռեմ, խեղճ կձևանամ, հացի ու երեխայի անուն կտամ, իսկ դու սև խավիար հասկացիր, ադամանդով մատանի, ճապոնական սառնարարն, հեռուստացույց, ֆրանսիական օծանելիք, ամառանոց ու արտասահմանի ուղեգիր, կուստոմս… Դրանք էլ հաց են: Կարգին մարդիկ հաց ասելով դա են հասկանում: Չէ, ձեզ պես:

Դուք ու՜ր, խաշն ուր: Մի մարդ, որ հերթ կանգնելով ապրանք առնի, նրա խաշը կուտվի՞: Գին որոշողներն էլ, երևում է, արժեք ասածից գաղափար չունեն: Հաստատ բան եմ ասում: Կամ խաշ չեն կերել, կամ… Երեսունվեց կոպեկ: Ուղեղիս չի պառկում: Խաշը թողած՝ սուրճի հետևից են ընկել: Սուրճ: Եղածն ի՞նչ է, մի բուռ հատիկ: Դա էլ տանը վառում են, սևացնում, հետո մատնոցների մեջ հրամցնում՝ խնդրեմ, անուշ արեք: Սրճարաններում լավ էլ ձևը գտել են. Կեսին կես բոված գարի, խոզի կաղին են խառնում ու էլի՝ խնդրեմ: Միայն թե փողը, փողը չմոռանաս: Տասնչորս կոպեկի փոխարեն՝ քսանհինգ, երեսուն, եթե կարգին մարդ ես՝ հիսուն, որքան կամենաս, քեֆդ ուզի: Բա ո՞նց, հետը գարի կա, կեսին՝ կես: Համն էլ է ուրիշ, երեսի սերն էլ: Ազգային երանգ է տրված, տեղայնացված է: Որտեղից գիտե՞մ: Տղաս է պատմել. սրճարանում է աշխատում: Բա չէ՝ ձեզ նման, գիրք կարդացողներ: Կարծում եք հե՞շտ էր դասավորելը:

Խաշ էի դրել. ամեն ինչ՝ տեղը տեղին: Իսկական խաշ դնողներն ուրի՜շ են: Ուտողները՝ նմանապես: Մարդիկ կան, հատուկ խաշի կոստյում ունեն: Հագել էին ու եկել: Գրպանու՞մ - չէ մի: Միայն ձեզպեսներն են գրպանն օղի դնում: Նրանք միանգամից արկղով են բերում: Գցել էին ավտոն ու եկել: Դուք միայն ուտելը տեսնեիք: Թևքերը քշտեցին: Հացը վաղօրոք էին բրդել: հետո խաշը եկավ: Աղեցին, սխտորեցին, միսը՝ մի կողմ, ջուրը՝ մի: Ուտում էին միայն ձեռքով: Մարդ կար սրբիչ էր գցել գլխին, որ չսառի: Բա՜… Գիտեմ, հիմա վարվելակերպից ու այլ դատարկ բաներից կխոսեք: Գդալով միայն ձեզպեսներն են խաշ վայելում:

Ուրեմն՝ բրդում ես ու ուտում: Ուտում ես ու խմում: Խմում ես ու էլի խմում: Վերջում գոտիդ թուլացնում ես, և մեջտեղ է գալիս նարդին: Ձերը գիտեմ՝ շախմատն է: Շախմա՜տ: Առաջին քայլը չարած՝ մատ կանեմ: Ինչպես միշտ: Ինչպես հիմա: Մերը նարդին է: Խաղում ենք, ջան ասում, ջան լսում: Բա չէ՜: Հիմա բոլոր կարևոր հարցերը նարդու տախտակի ու խաշի սեղանի շուրջ են որոշվում: Հետո… խորովածն է գալիս: Բա ո՜նց: Վերջում պարտադիր՝ խորոված: Խոզի թարմ մսով: Մի՜ս… Խաշ դնողներիս տեսեք: Ասենք՝ խաշացուն ճարեցիք, բա խորովա՞ծ: Ո՞նց կտաք: Մե՞նք: Մեզ համար ամեն ինչ կա, ամեն բան ստանում ենք: Հեչ որ չէ, ձեր տված փողով շուկայից կառնեմ՝ տաք-տաք, նոր մորթածը: Բա ի՞նչ էիր կարծում:

Ասել են ստուգողներ են գալու, թե չէ սա էլ չէիք տեսնի: Ոչինչ, նրանց հետ լեզու կգտնենք ու էլի վատամարդը դուք դուրս կգաք, կյաուզնիկներ… Մեկնումեկդ զանգած կլինեք, ձեզ չգիտե՞մ. շենքի լուսամուտից տեսել եք դատարկվող ապրանքն ու ձեռքը գցել հեռախոսին: Ես ամաչե՞մ: Չէ մի: Հիմա ոչ թե խաբողն է ամաչում, այլ խաբվողը: Մեր դրած կարգն է:

Էս մեկը ոնց որ թե նրանցից չէ: Տեսա՞ր փողն ինչ վստահ, աղայավարի շպրտեց: Նոր էլ տասնոց է: Երևում է, վրան շատ չի դողդողացել, բռի մեջ պահել /աման, հանկարծ չկորցնե՞մ/: Առանձին եմ դրել, որ տուն տանեմ: Չէ մի՝ ճմռթած փող: Ճմռթվածներ: Տասանոցներն առանձին եմ պահում, հարյուրանոցները՝ առանձին: Իսկ դուք ինչքան ուզում եք, սվսվացեք: Չէ, ինչ ուզում ես ասա, սա էլ /աչքերից է երևում/ լենուբոլ ապրող չէ: Մազ էր մնում սխալվեի: Կա չկա՝ չոր ռոճիկի է: Փող շպրտելն էլ հուսահատ փորձ էր: Չէ մի՝ լիությունից: Ամոթից կշեռքին անգամ չէր նայում: Վերջում էլ թե՝ շնորհակալություն: Շնորհակալ կլինես, իհարկե, կարող էի էդ էլ չտալ: Ճռճռան տասնոցով ինձ չես մոլորեցնի: Կարծես գլխի չեմ՝ աշխատավարձդ նոր ես ստացել: Ամսվա վերջին, որ խաշն ազատ դրած լինի, առնելու փող չես ունենա: Հլա դրանց տես, դրանց համարձակությա՜նը… Ինձպեսների հետ են ուզում ոտք մեկնել: Վերմակիդ չափը ճանաչիր, այ ընկեր, վերմակիդ չափը: Ես իմն ասացի:

-Հաջորդը…

Գնորդները հուսահատ մղվեցին դեպի վաճառասեղանը՝ խլխլելու վերջին տոպրակները: Երվանդը խցանումից դուրս գալու փորձ արեց: Խնդրանքները զարնվում էին գոց ականջներին, թափվում ոտքի տակ: Աջից ճնշումն ավելի զորեղ էր: Մարդկային մսեղիքը ճոճվեց, հետո, փուչիկի պես մի կողմի վրա փքվելով, շպրտեց նրան՝ հետն էլ ալիքին դեմ հանդիման եկող մի քանի անհաջողակների: Ափ ընկածները բացուխուփ արին բերանները՝ ատելությամբ նայելով ներողություն հայցող Երվանդին:

Արդեն դրսում խաշը դրեց մայթին, թափ տվեց իրեն: Ոչ, Մսրա Մելիքի պես երկու կես չեղավ. սիրտը, փայծաղը, կոճակները, փողկապը տեղն էին: Տեսնես քանի՞ կիլոգրամ է: Հինգ ռուբլի տվեց: Տասը կիլոն՝ երեք ռուբլի վաթսուն կոպեկ, մնաց… Կանի մոտ տասնհինգ կիլո: Չորս ոտքը տասնհինգ կիլոգրա՞մ: Անհար է, երևի քառասուն կոպեկով է հաշվել: Ընդունենք մեկուկես-երկու կիլոն սառույցը, թող լինի՝ երեք: Մաքրելուց հետո կմնա…

Երվանդը հիմա ժամանակ շատ ուներ: Ուղեղը ծրագրավորված՝ գալարների տակ առել, ծամում էր մեկ անհայտով խնդիրը: Գլխուղեղը ևս, ինչպես էլոկտրոնային հաշվիչ մեքենան, ճիշտ հրահանգավորում է պահանջում: Սակայն փերեզակը խառնել էր նրա հաշվարկները, և թվաբանական պարզագույն գործողություններն ամեն անգամ պատին էին առնում: Հանրահաշվական ևս մեկ անլուծելի խնդիր գրանցում ստանալու օրինական հայտ էր ներկայացնում:

Չարչրկած հարցը լնդերի տակ անօգուտ ծամծմելուց հետո մի անկյուն հրելով՝ այլ ծաղկաբույրը վրան խնդիր առավ բերանը՝ ու՞մ կանչել - բարեկամների՞ն, հարևանների՞ն, գործընկերների՞ն, թե բոլորին՝ ընտրողաբար:

Երկու տարի է նոր շենք են տեղափոխվել՝ քսանչորս ամիս, իսկ շատերի հետ ծանոթությունը բարի լույսից այն կողմ չի անցել: Մի քանիսը, հայացքներից նկատում է, արդեն որոշակի կարծիք են իր մասին կազմել՝ ինքնամփոփ է, լուռ, անմարդամոտ: Իսկ լռակյացին ո՞վ է սիրում: Ժողովրդական խոսքը ևս դա է ասում՝ վախեցիր հանդարտ ջրից: Բայց սիրտը, հո, սուփրա չէ՞, որ բացես ու՝ համեցեք, դանակ-պատառաքղն առած վրա տվեք: Լավ կլինի նման երկու-երեք հարևան հրավիրի: Թող գան, տեսնեն, ճանաչեն, հետո փոխած կարծիքը գրպանները դրած՝ վերելակով վերուվարեն /եթե աշխատի/, ցփնեն շենքով մեկ: Ասեն, որ ժողովրդական խոսքը Երվանդի, նրա նմանների հետ կապ չունի, որ ներամփոփությունը, հակառակ, բարեկրթության նշան է, որ նույն ժողովուրդը մեկ այլ ասույթ նույնպես ունի՝ դատարկ կարասն է ձայն տալիս: Այդպե՛ս: Որ շատ խոսողը խորհելու ժամանակ չունի: Խորք չունի: Այդպե՛ս:

Կանչելը, ճիշտն ասած, կկանչի, միայն թե վախենում է, հրավերքն ուրիշ կերպ ըմբռնեն, մտածեն՝ քծնում է, շողոքորթում: Ավելի լավ է, հետները գործ չունենա: Թե՞ սխալն ինքն է: Իսկ երբ նույն մարդկանց մոտիկից ես ճանաչու՞մ: Մի՞թե բոլորն էլ մեղք չեն ու կյանքից դաժանագույն հալածված, պատժված: Կանխակալ կարծիքն էլ ճիշտ չէ: Ցավի, կորստի ժամանակ տեսնու՞մ ես ի՜նչ պատրաստակամ են, զիջող: Բոլորը: Ուրիշ են, ուրի՜շ: Եվ՝ միասնական: Ու՜ր էր, միշտ այդպես լինեին. որքան զորեղ կլինեինք, ինչե՜ր չէինք կորցնի: Թե՞ դա նույնպես պատմության թելադրանքով է՝ միայն մահ ենք տեսել, կորուստ, ուստի հասկանում ենք մեկմեկու, մտնում միմյանց դրության մեջ…

Երվա՜նդ, ու՞ր… Մտքիդ երիվարը կանգնեցրու բանականության երասանով, -կասեր Նարեկացին: Խելքի արի, խաշից, հարևաններից անցար լուրջ-լուրջ հարցերի: Մարդու երկակի էությու՞նն է քեզ զարմացնում: Ծեծված, հազար քարմաղով անցած թեմա է, տրորած արահետ, ոտնատակի հող: Մտքի քե՞զ նման հսկաներ են ճլորթի կապել այդ լարին: Ժամանակակաից հերոսին վայել խոհերից, խոկանքից թող կնճռոտվի ճակատդ: Տուրք ես տալիս կենցաղային մանրամասներին, մանրաթեմայնություն կա, -կասեն, կխարանեն, հետո եկ ու այդ տեսքով քաղաքամեջ ել: Միջին, միջին դիրք գրավիր և, հավատա, հաջողությունն ապահովված է:

-Խանութի՞ց ես առել:

Անթրաշ, հիսունին մոտ տղամարդ էր: Թեթևակի թրջած մազերը սանրելուց հետո այդպես էլ կպել էին գլխին: Կոշիկներին տեղ-տեղ մնում էր գաջը: Շինարար է, -մտածեց Երվանդը: Բանթողից հետո շտապ-շտապ երկու-երեք չոփ է զարկել դեմքին, թաց ձեռքերով մի կերպ մաքրել տաբատի փողքերը: Ոտնամանների քուղերն էլ, տես, տարագույն են:

-Հա, -գլխով արեց:

-Ո՞ր խանութից, -մարդը պատրաստվեց մեկնարկի:

Երվանդն ասաց խանութի տեղը, ապա՝ մեղավոր հավելեց.

-Չկա, պրծավ:

Մարդու հայացքում թերահավատություն գծագրվեց: Չհավատաց: Տակից առնողի տեղ դրեց: Պատճառը խաշն է: Նկատու՞մ ես, կանգառում սպասողներն ինչ զարմանքով են նայում տոպրակին: Ընդամենը չորս ոտք է, բայց ի՜նչ զորություն ունի: Դե, մի փոքր ժպտա, քեզ սովորական պահիր, որպեսզի չանջրպետվես մյուսներից: Սխալվում եք, այդչափ կասկածամտորեն մի վերաբերվեք: Չէ՞ որ այդպիսիք ավտոբուս չեն նստում: Ամենաքիչը՝ տաքսի: Խրվում-թաղվում են նստատեղում ու քշել տալիս, ուր քեֆներն ուզի: Մենք նմանապես, ճիշտ է, տարին մեկ-երկու օգտվում ենք, սակայն քթներիցս է դուրս գալիս: Ողջ ճամփին տանջվում-տառապում ենք՝ որքա՞ն կգրի, ի՞նչ տամ: Մեկ դու ես գողունի հայացք գցում հաշվիչին, մեկ՝ վարորդը: Շատ ես տալիս, վատ ես զգում, քիչ՝ արժանանում ես բացահայտ հիշոցներին, արհամարհանքին, ատելությանը: Սա էլ տաքսին: Իսկ նրա՞նց ինչ կա. փողը՝ ծով, տրամադրությունը՝ տեղը: Իհարկե, առատաձեռն էլ կլինեն, ասպետ ու ջենտլմեն էլ:

Երվանդի ոգևորությունն անցել էր: Հակառակի պես շինարարը նույն ավտոբուսը բարձրացավ: Վերջում ազատ տեղ կար, նստեց ու երկու-երեք կանգառ չգնացած՝ քնեց: Պարանոցի պեպենոտ մաշկի տակ մկաններն անհարմար դիրքից պրկվել էին: Ձախ ձեռքին գրիչով խաչ էր նկարած. չմոռանալու համար էր: Տեսնես ում ինչ պիտի տանի, ինչ հաղորդի: Խղճահարության պես բան էր զգում: Պատրաստ էր խաշը դնել նրա գոգը, իջնել: Միայն թե գիտեր՝ մարդը չէր ընդունի, կնեղանար, գուցեև շշպռեր՝ ողորմելի, ապրանքդ առ ու ցնդիր:

Մինչև կիրակի վեց օր կար: Վեց օրն էլ կինն ու Երվանդը խաշի հետ կռիվ տվին: Հալեցրին սառույցը, լվացին, արտասահմանյան ածելիներով քերթեցին-սափրեցին մնացուկ մազերը, տասն անգամ սառը ջուրը դրին-հանին: Հետո Երվանդը մետաղ կտրելու մանրատամ սղոցով, որպեսզի ոսկորը չփշրվի, հավասար մասերի բաժանեց: Դարձյալ լվաց, այնուհետ հաշվեց կտորները՝ տասներկու:

Մի կարևոր վրիպում հյուրերի ընտրության հարցում թույլ տվեց: Որոշել էր իր բարեկամներին կանչել և հարկի հարևաններին: Կնոջ կողմից ոչ ոք չկար: Մտքով չանցավ, կուզես՝ կախիր: Կինը թթվեց, տարավ-բերց ու թե՝ ես էլ գործ չունեմ, ինչ ուզում ես, արա: Երվանդն հարկադրված՝ սրնքամասի խոշոր կտորները կիսեց: Տասնհինգ մարդու կարող էր հրավիրել: Վախենալով չբականացնի՝ շուկայից կիլոգրամը երկու ռուբլով փոր գնեց՝ գարշանք: Զզվելով դա էլ մաքրեց: Անիծում էր այն օրը, որ խանութի կողքով անցավ: Նյարդերը լարվել էին: Կնոջ պահվածքը մի կողմից, խայտառակվելու ահը՝ մյուս: Մարդկանց տեղյակ էր պահել, այլապես ամանով կնետեր աղբամուղը: Գիշերներն էլ մղձավանջները հանգիստ չէին տալիս՝ խա՛շ, խա՛շ, խա՛շ…

Ընթացքում աներձագին ևս զանգեց, ձեռքի հետ վեց շիշ օղի գնեց, հանքային ջուր, լիմոնադ: Մնում էին լավաշը, բողկը, կանաչին ու ծիծակը, որ թողել էր վերջին օրվան:

Նախնական ծրագրով միայն տղամարդիկ էին լինելու՝ ամենամոտիկները: Գիտեր՝ մյուսները կնեղսրտեն, բայց ի՞նչ կարող էր անել: Հետո քեռին ու աներձագը լուր տվին, թե՝ կանանց հետ ենք գալու: Հապա ինչպե՜ս. կանայք նույնպես սկսել են խաշից հասկանալ, համ էլ այնքան էին դողդողում ամուսինների վրա, որ չէին կարող մինչևիսկ մեկ ժամ ազատ թողնել: Այնուհետ եղբայրը զանգեց: Նրա կինը ևս հոգացել էր, որ ամուսինը մենակ չլինի, միայն թե լծակցի ձեռուոտը շղթայելու առավել ժամանակակից, խորամանկ տարբերակ էր ընտրել՝ կգնաս, բայց… երեխաներով: Միմիայն այդ պայմանով, -նետել էր:

Երվանդը ոչ մեկին չմերժեց, չասաց, որ եղած-չեղածը չորս ոտք է, տանսհինգ կտոր: Ստիպված շամպայն առավ, թնդեցրած գինի /տիկնանց համար/, հավեր, կոնֆետ, վերջին պահին ռեսորանային գնով՝ ձիթապտուղ, ապխտած միս, երշիկ: Կինն էլ, տեղեկանալով, որ հարսը ևս գալու է, քարը փեշից թափելով, անցավ խմորեղենի գործին: Լավաշին, կանաչուն, բողկին գումարվեցին տանձն ու խնձորը, մանդարինը:

Աշխատավարձը ծախսել էր: Հոգեպահուստ յոթանասուն ռուբլի ուներ, դա ել հանեց:

Շաբաթ երեկոյան, երբ ցուցակում նշված բոլոր մթերքները պատրաստ էին, խաշը դրեց գազօջախին: Եռից, առաջին ջուրը թափելուց հետո կրակը թուլացրեց, որպեսզի դանդաղ եփվի: Ձեռքի հետ սխտորը կլպեց, հետո, որպեսզի ժամանակ սպանի, գիրք առավ ձեռքը: Կինն ու երեխաները քնել էին, աղմուկը դադարել: Միայն խաշն էր լսելի քլթքլթում. առնվազն չորս-հինգ ժամ դեռ պիտի եփվեր: Կարդալ չէր լինում: Մեկ վաճառողին էր մտաբերում, մեկ գլուխը քարշ ննջող շինարարին: Մարդ հասցեն իմանար, հրավիրեր. այդ դեպքում չէր մերժի: Կնոջ հետ էր կռվում, ապա անցնում կանանց գերին դարձած եղբորը, քեռուն, աներձագին: Խաշ հորինողին էր անիծում, ով փորձանքի մեջ գցեց, կանաչի ծախողներին ու բոլոր նրանց, ովքեր հանձնվել էին նյութին, աղքատացել հոգով: Մտքով ետ գալով՝ սանդուղքներով ելնում էր վերին հարկը, ուր տաքսու վարորդ հարևանն ու նորոգման գրասենյակի գլխավոր ինժեներն էին: Նրանց հաշվով, ով ամառները բակ չի իջնում, մինչև տասներկուսը նարդի չի գցում, լավ մարդ չէ: Բա եղա՞վ: Նման հարևանության վերջն էլ է հայտնի: Տան պատերի ներսում բամբասում են բոլորից, հազար ու մի չեղած ստորություններ վերագրում իրար, սակայն հանդիպելիս՝ բարև, ախպե՜րս… Փորձիր մեկնումեկի հավին քշա ասել, դիմակները շպրտելով՝ կբզկտեն: Նկուղում մեկ սանտիմետր ավել տարածքի համար պատրաստ են պոզահարել դիմացինին /եթե տեսնեն, խեղճ է/, բայց քծնել, շողոքորթել գիտեն նրան, ով եկամտաբեր պաշտոնի է, ումից օգուտ են ակնկալում: Ինքը դեմ է նման հարևանությանը, մարդկային հարաբերություններին: Ամեն բան՝ կշեռքի նժարին: Հավասարաչափ, ազնվորեն, առանց հետին մտքի: Մնացյալը թող ինձ, իմ սրտին: Կամեցա, լավություն կանեմ, չցանկացա՝ չեմ անի: Մի պարտադրեք, մի՛: Եվ տեսեք, թե սիրտն ինչպես կձգտի բարության, զոհողության, ազնիվ արարքի, այլապես գրգռում եք, թշնամացնում, ու սիրտը թելադրում է՝ պետք չէ, քեզ օգտագործում են, ազնվությունը մղվել է հետնախորշ, պաշտպանվիր, կեղևվիր…

Խառնիփնթոր, առօրյա հոգսերով ծանրաբեռ ուղեղը գիշերային լռության մեջ մանրակրկիտ որոճում էր մտքի հերթական պատառը, կուլ տալիս: Նյարդային լարված վիճակը, խաշին առնչվող ապրումները մնացել էին հեռվում: Խաշը պակաս կլինի, ոչինչ, փոխարենը, խնդրեմ, տեղ-տեղ հավի միս, սեղանի ավազանում՝ սառը խորտիկներ, խմիչքը՝ չափավորից թունդ, միջավայրային ճնշումը՝ տանելի:

Խաշը քլթքլթում էր, յուրահատուկ հոտը բռնել էր տունը: Երվանդը ժամանակ առ ժամանակ բարձրացնում էր կափարիչը, զգույշ, որպեսզի ջուրը ձեռքին չցայթի, խառնում: Մսի կտորները կծկվել, պնդացել էին: Երկյուղած, որ մինչև լույս չի եփվի, մի փոքր ուժգնացրեց կրակը: Քունը տանում էր, իսկ անելիք չկար: Անցավ ննջասենյակ, մեկնվեց կնոջ կողքին: Որոշեց մի ժամի չափ քնել, հետո կարթնանա ու տեր կկանգնի: Թող իր համար եռ գա:

Արթնացավ լուսաբացին, դարձյալ կքներ, եթե ականջին չհասներ կողակցի ձայնը.

-Ի՞նչ հոտ է:

Աղմուկով վեր թռավ, վազեց խոհանոց: Տունը ծխով էր լցվել: Թափով վերցրեց կափարիչը:

Խաշն էր վառվում:


    

ԹՈՐԳՈՄՆ ՈՒ ԲԱՐԵՆ ԽՌՈՎԵԼ ԵՆ

Թորգոմի կնոջ անունը Նարե է: Ավելի ստույգ՝ անձնագրով Նարինե է, բայց Նարե է ասում, ու բարեկամները, գործընկերներն այդպես գիտեն: Թե չլիներ անունը, Թորգոմը գուցե նրան չսիրահարվեր և, ամենայն հավանականությամբ, հեռանար՝ կարգին չծանոթացած: Այդպես էր եղել շատերի հետ, այդ կերպ կավարտվեր նաև հերթական «ձկնորսությունը»: Բայց իրավացի է Ցվեյգը, ամեն մարդ իր աստեղային ժամն ունի:

Հանրային գրադարանում սովորական պես պարապում էր, երբ պատահաբար աչքն առավ Նարե անվանը /հիմա չի էլ մտաբերում, ինչ գիրք էր/: Նարե, -մտքում մեկ-երկու անգամ արտաբերեց: Սկզբում անունը, ինչպես երկչոտ մատների տակից դուրս եկած մեղեդին, թրթռաց, մարեց օդում: Ավելի վստահ զարկեց ստեղնին: Նարե: Անունը երգ դարձած ղողանջեց, գնաց:

Հետո…

Աղջիկը ծառաբնին հենված՝ նախքան փակելը չորացնելու մտադրությամբ պտտում էր անձրևանոցը: Խոնավ ուսերը շտկած քաղաքը ծուխ ու մրից ազատ թոքերով թթվածին էր ծծում, երկրագունդը հերթական պտույտն էր կատարում առանցքի շուրջը, և պատմական պահը մոտենում էր:

-Ձեր անունը Նարե՞ է:

-Նարինե, -հանկարծակիի եկած՝ չհասցրեց պաշտպանական դիրք ընդունել օրիորդը:

Թորգոմը շարունակեց հարձակումը.

-Նարե, այսուհետև ձեզ Նարե կկոչեմ: Հրաշալի անուն է:

Աղջիկը ժպտաց: Տղան նույն թափով գրոհն առաջ տարավ՝ թույլ չտալով սառնությունն անջրպետի: Ինչպես եղավ, ինչու՞: Ճակատագրական պահին նրանցից ոչ ոք նման հարց չտվեց: Ծանոթությունը պետք է կայանար, սահմանաված էր ի վերուստ: Հենց այդ օրը պիտի Թորգոմը գնար գրադարան, հանդիպեր այդ անվանը, այդ ժամին պիտի փողոց դուրս գար, կանգառում նկատեր Նարինեին և այդ կերպ դիմեր, այլապես օրիորդը կհասցներ զրահավորվել, արհամարհանքով, քմծիծաղով կպատասխաներ տղայի ծանոթանալու անճարակ փորձերին և ավտոբուս կնստեր՝ հիշողության անձավներում հանդիպումից ոչինչ պահած: Թորգոմը ևս, եթե Նարինեն չժպտար, նրա մեջ չէր տեսնի իր երևութական աշխարհի կնոջն ու սիրահարավի: Պահը պատմական էր, անձրևը, կանգառը պատմական, թեկուզև պատմությունը նրանց համար էջ չէր պահել:

Ճակատագրական հանդիպումից տասը տարի էր անցել, երկիրը տասն անգամ պտույտ էր արել արևի, տասն անգամ երեք հարյուր վաթսունհինգ օր /նահանջ տարին՝ երեք հարյուր վաթսունվեց/ առանցքի շուրջը, և Թորգոմն ու Նարեն տունուտեղ էին դրել, չարչրկել իրենց սերն ու զավակներ ունեցել, ու հիմա նրանք խռով են: Բայց ե՞րբ են հաշտ եղել: Հենց առաջին օրերից՝ խռով, խռով, խռով: Պատահել է նույնիսկ՝ անկողնում գուրգուրանքը կիսատ թողել ու գժտված՝ թիկունք են արել: Պատճա՞ռը - դատարկ բան:

Դրան հակառակ, փոթորիկները եղել են սաստիկ, ու ամեն անգամ թվացել է ընտանեկան հարկը պահող սյուներն այս անգամ չդիմանանալով՝ գետին կտապալվեն, և հեղեղը կսրբի, կտանի ամեն ինչ: Սակայն կոհակ-կոհակ պղտոր ջուրն անցել գնացել է, պարզվել մթագնած երկինքը, վեճից հուզումներից հետո անհաճո խոհերը նորից հատակն են անցել, և Թորգոմն ու Նարեն նոր ուժով ձգտել են իրար, վայելքից, ընդարմությունից հետո ելել նորոգելու իրենց տունը, պնդելու թուլացած քարերը, նոր գամ ավելացնելու տեղաշարժ տախտակներին: Որքան ավելի են վշտացրել մեկմեկու, այնքան սաստիկ է եղել կարոտը, սարսափազդու՝ միմյանց կորցնելու վտանգը:

Դրսից ամեն բան ողորկ էր, փայլուն: Հարևանները, հարազատները նրանց ընտանիքն էին մատնացուցում: Որոշակի նախանձողներ նմանապես կային, բայց թե երկուսն էլ գիտեին, որ այդպես չէ, որ խաղաղությունը թվացյալ է, և անպատեհ ասված խոսքը, ծանրութեթև չարած շարժումը բավական են, որպեսզի վերստին մթնդի երկինքը, և թուխպերը կախ ընկնեն օճորքից:

Երեկ ևս առանց տեղումների եղանակ էր սպասվում: Ներընտանեկան մթնոլորտային ճնշումը բավարար էր, հարաբերական դադարը՝ տանելի: Թորգոմը թերթ էր կարդում, հետն էլ ականջի պոչով լսում դաշնամուր նվագող դստերը: Ծանոթ մեղեդի էր: Աղջնակը, կարծես թե, ոչինչ, վատ չէր նվագում:

-Ապրի իմ ձագը, -գորովալից հայացքը նրան ուղղեց հայրը:

Տաթևն աչքերը կկոցելով ժպտաց՝ շարունակելով նվագել, սակայն ավելորդ ոգևորությունը խանգարեց: Եղած-չեղածը մի նոտա էր, Թորգոմի համար՝ մի քիչ բարձր, մի քիչ ցածր, նույնը: Բայց արի տես, որ խոհանոցում արդուկ անող Նարեն ավելի սուր լսողություն ուներ և, հանուն երաժշտության, մանկան, չկիսեց ամուսնու ու դստեր ոգևորությունը:

-Տաթևիկ, ճիշտ նվագիր:

Պահանջը խիստ և առարկություն չընդունող տոնով հնչեղ: Թորգոմին դուր չեկավ ձայնի հրամայական շեշտը: Գիտեր՝ խոսքի նման ելևէջը կարող է թևաթափ անել փոքրիկին: Այդպես էլ կար: Աղջնակի մատներն այս անգամ հարկավոր ուժգնությամբ չդիպան ստեղնին:

-Քեզ հետ եմ, ճիշտ չես նվագում:

-Ձագ, ուշադիր, -կնոջ խոսքի տպավորությունը մեղմելու համար քնքշագին հուշեց հայրը: Տաթևը շարունակեց նվագը, սակայն Նարեի նյարդային համակարգում հավանաբար ինչ-որ պտուտակ արդեն թուլացել էր: Թողնելով արդուկը՝ եկավ սենյակ, ուր հայրն ու աղջիկն էին: Տաթևն ուղղելով իրանը՝ ակամա դադարեցրեց պարապմունքը: Ներընտանեկան մթնոլորտը կտրուկ փոխվում էր: Պարզ նկատելի էր, որ տեղումներ են սպասվում, հնարավոր էր՝ կարկտի տեսքով և ամպրոպի ուղեկցությամբ:

-Քեզ հետ չե՞մ, Տաթևիկ:

Աղջիկն անօգնական հայացքն ուղղեց հորը:

-Ինձ նայիր, ինձ: Ինչու՞ ճիշտ չես նվագում:

Փոթորկաբեր ամպերը ծրարել էին երկինքը, հուսաբեր լույսի ոչ մի շող:

-Նվագում եմ, էլի, -վիրավորված՝ մրմնջաց դուստրը:

-Ի՞նչ, բարձր ասա:

-…

Թորգոմի նյարդային համակարգում ևս ինչ-որ լիսեռ շարժումը հարկավոր ուղղությամբ չէր փոխանցում: Անկաննությունից նյարդափոկերը կծկումներ էին տալիս: Հազիվ էր զսպում, որպեսզի նկատողություն չանի:

-Ինձ նայիր, -ջղերը քառատող սղոցը կրկին գործի դրեց Նարեն:

Դեմքը լարվել էր: Զայրույթն ավելի շուտ հասցեագրված էր բազմոցին ընկողմանած Թորգոմին: Ամուսնու դիրքը, թերթով պատսպարվելու եղանակը, լռությունն իրենց հերթին տաշտշում էին Նարեի նյարդերն ու, որպեսզի ջղերի կծիկ դարձած մարմինը հազար կտոր չլինի, լիցքաթափվելու փնտրտուքի մեջ էր:

-Ուղղվիր, եթե մի անգամ էլ ես սխալ նվագել, վերջ, -մատն օդում թափահարելով՝ բառերի սառցահատիկները հատ-հատ դստեր կողմը շպրտեց մայրը:

Մթնոլորտային ճնշումը տվել անցել էր ամեն խազ, և դիմացինի յուրաքանչյուր խոսք, շարժում պայթունավտանգ էին: Պատշգամբում խաղացող Նանեն, որ դեռ դպրոց չէր գնում, վախեցած եկել, կծկվել էր բազմոցի անկյունում: Նարեի դեմքին վատ քողարկած ատելություն կար՝ հասցեագրած բոլորին: Պարզ տեսնում էր, որ այդ պայքարում միայնակ է և, չկամենալով հանդերձ, շարունակում էր սրել դրությունը: Սակայն մեր օրերում ո՞վ կարող է կանխատեսել իր արարքների բոլոր հետևանքները և կամ ո՞վ է ունակ կաղապարել ներսից արտավիժող ցանկությունները:

Նա յուրովի ճիշտ էր. Նարեն ուզում էր, որ դուստրը երաժիշտ դառնա: Նարեն կամենում էր, որ Տաթևն իր բաժին կյանքն ավելի հեշտ ապրի, չտառապի և նրան չափուձևած կյանքի, կարգապահության էր վարժեցնում: Թող տքնի, փոխարենը գալիք բերքն առավել առատ կլինի, թող չապրի այնպես, ինչպես ինքն ապրել, ինչպես ապրել է Թորգոմը: Անհրաժեշտ է այսօր բանտել նրա ազատությունը, սպանել բնազդները, զրկել զվարճություններից, ի շահ հետագա օրերի: Ընդամենը մի դաշնամուր է, հազարներն են սովորել, զավակը մյուսներից ոչնչով պակաս չէ:

Տաթևը նվագում էր: Հուզմունքից ձեռքեը դողդողում էին, աչքերը լցված արտասուքի պատճառով՝ նոտաները մշուշի մեջ լողում: Կողքին նստած մայրը, թվում էր, սպասում է դստեր շփոթվելուն: Չսխալվելը բացառված էր, և նա վրիպեց:

-Տաթևիկ, երկրորդ օկտավայի սի-ն ո՞ր տողի վրա է:

-Օժանդակ գծի վերևում:

-Բարձր, լրիվ ասա:

Երկրորդ օկտավայի սի-ն գտնվում է օժանդակ գծի վերևում:

-Նոր դու ո՞րը խփեցիր:

Խե՜ղճ Տաթև, բերանիցդ կաթնահոտ է գալիս, դեռ անկողնում երբեմն-երբեմն ծով ես կապում, զօրուգիշեր հազար ու մի անիմաստություն են խցկում գլուխդ՝ սի բեմոլ, դիեզ, սուբկոնտր օկտավա, ստակատո… Գլուխդ առ ու փախիր:

-Չես կարո՞ղ հանգիստ ասել, -չդիմացավ Թորգոմը:

Նարեն չարձագանքեց: Տաթևն ու Նանեն վախեցած հորը նայեցին: Թորգոմը շրթունքն առավ ատամների տակ: Դաշնամուրի դիմաց նստածն այլևս Նարեն չէր, այլ Նարինեն՝ չար, մանրոգի, իսկական վհուկ, որ ուտում էր իր ու զավակների կյանքը, խեղում, թունավորում նրանց մանկությունը: Չլինե՛ր, չլինե՛ր, չլինե՜ր: Թե ինչ էր գտել ջղերի այս կապուկի մեջ: Թյու՛: Բայց դեռ գիշերը Նարեն երգ էր, զգայուն, տրոփող սրտիկ: Ի՞նչ եղավ, ի՞նչ պատահեց:

Նանեն սողեսող կտրել բազմոցի լայնքը, մոտեցել էր հորը: Ձեռքերի սաստիկ դողը զսպելու համար Թորգոմը երբեմն-երբեմն ինքնաբերաբար շոյում էր փոքրիկի ուսը: Աղջիկը նման պահերի տափակում-լղոզվում էր ծնողին:

Դրամատիկ գործողություններն առջևում էին: Սղոցը ողջ ուժով գործում էր՝ քառակողմ ավերածություն կատարելով:

-Տաթևիկ, միլիոն անգամ ասել եմ՝ բեմոլի դեպքում կես նոտա ցածր ես վերցնում:

Դստեր երկչոտ հայացքը կրկին պաշտպաններին ուղղվեց:

-Ուշադիր: Այս նշանը տեսնու՞մ ես:

Տաթև գլխով հաստատեց:

-Ցածրը հասկանու՞մ ես, ինչ է:

Աղջիկը բացասաբար տատանեց գլուխը:

-Ֆա՜, -համապատասխան տևողությամբ ձայնարկեց Նարեն: -Հիմա հասկացա՞ր:

-Հա՛:

-Հա չէ, ասա՝ այո:

-Այո, լացակումեց երեխան: Արցունքները թափվեցին ստեղնաշարին, քիթն սկսեց վերուվարել:

-Լաց չլինե՛ս:

Տաթևն ավելի ուժգին հեծկլտաց:

-Քեզ հետ չե՞մ, ասացի՝ լաց չլինես:

Թորգոմը թերթը մի կողմ դրեց. այլևս անկարող էր լռել:

-Տաթևիկ, դաշնամուրը փակիր:

Աղջիկը ձեռքը մեկնեց կափարիչին, բայց կեսճամփից երկյուղած կանգ առավ: Նարեն հայացքով շամփրեց ամուսնուն: Թորգոմը դիմադարձեց: Շանթերը զարկվելով մեկմեկու՝ փշուր-փշուր եղան մանրահատակին: Մարտավկաները դուստրերն էին՝ երկուսն էլ սակայն հոր կողմից: Ավելի զորեղ հակահարված ստանալով՝ Նարեն պարտությունը գիտակցող զինվորի տրամադրությամբ, այլևս հոգեվարքի մեջ մեկ անգամ ևս դարձավ աղջկան.

-Նվագի՛ր:

-Չի՛ նվագի: Տաթևիկ, փակիր դաշնամուրը:

Նարեն ընդոստ ցատկով անցավ ննջասենյակ:

-Անհոգի, դու էլ պիտի ասես՝ մայր եմ:

Պատասխան կրակոց չլսվեց: Աղջիկը կուլ տվեց արցունքները: Դառնություն կար դեմքին, որ նաև հոր պատճառով էր: Դեպքերի նման շրջադարձը փոքրիկի սրտով չէր: Նանեն ևս հորից հեռու էր քաշվել: Գիտեին, որ մեկ կամ մի քանի օրով այլևս վերջ սրտամոտ խոսքին, աղմուկ-աղաղակին, ուրախությանը: Հայրը հիմա զայրագնած՝ խոհանոցից պատշգամբ է անցնելու, սպիտակ արջի պես դեսուդեն է քայլելու, հետո սրտնեղած կգնա տնից կամ կթաղվի բազկաթոռում և, շրջապատից վերացած, հայացքը կհառի մի կետի:

Նոտատերը ծալելուց հետո մեծը փորձեց նույն զգուշությամբ փակել դաշնամուրը, բայց լարվածությունը խանգարեց, և կափարիչը շրմփալով բանտեց ստեղնաշարը: Փոքրը վախից ներքին շրթունքն առավ ատամների տակ /հորից եկող բնազդական շարժում էր/: Տաթևը շփոթված՝ սկսեց քաշքշել շրջազգեստի փեշը:

-Գնա լվացվիր:

Աղջիկն անբնական քայլերով դիմեց լողասենյակ, ետքից՝ քույրը: Հետո Թորգոմի ականջին կիսաշշուկ խոսքեր հասան, լոգատաշտն ընկնող օճառի վազմզուքը՝ ողորկ հատակին ու Նանեի շշունջը՝ կամաց, քուրիկ:

Ննջասենյակում լռում էին, կենդանության ոչ մի նշան: Չլինեին զավակները, աղմուկով, շրխկոցով կբացեր դուռը, մի վայրկյանում կքանդեր լռության պարիսպն ու բարիկադավորված կնոջը մրցասպարեզ կանչելով՝ բացատրություն կպահանջեր արարքի համար: Համոզված էր, բաց դաշտում Նարեն անզոր է: Սակայն երեխաների ներկայությունը թևաթափ էր անում, և նա ստիպված էր մարտը շարունակել մտքում, միայնակ: Բորբոք վրա էր տվել կնոջը, դեմ արել պատին: Մեղադրում էր տան անդորրը խախտելու, իրեն ափերից հանելու, փոքրիկներին խոշտանգելու համար, դաստիարակության կերպն էր հողմացրիվ անում՝ մեջբերումներ կատարելով նշանավոր մանկավարժներից, սեփական օրինակը դնելով լծակցի առաջ:

Ինքը չկորավ, չէ՞, մարդ դարձավ, մարդ մնաց: Լողի խմբակից հանում, նկարչության ես տալիս, նկարչականից՝ երաժշտական: Հետո՞: Գլխին բամփելով տաղանդ ու հանճա՞ր կծնվի: Ինչու՞ չես ուզում ըմբռնել, որ մարդկանց տանջելը սահման ունի, որ կյանքում ոչ մի կրակոց զուր չի անցնում, և անպայման մի տեղ մի բան սպանվում է, և կարևորն արյունն է, միայն թե հոսքը չփոխես, միայն թե չառնես բետոնե, մետաղյա խողովակների մեջ:

Երեխաները վաղուց ելել էին լոգարանից: Վախվորած արտահայտությունը դեմքերից անցել էր, Տաթևին, սակայն խղճի խայթը թույլ չէր տալիս լիովին տրվել խաղին: Նա մի պահ մտավ ննջարան, հետո ետ գալով քրոջ ականջին, իբր, շշուկով, բայց բավական բարձր, որպեսզի հայրը ևս լսի, ասաց.

-Մաման քնած է:

Հորը թվաց՝ դուստրը հաշտության առաջարկ է անում: Մի նեղվիր, -ասում է, -ոչինչ, ամեն ինչ անցել է, իմ փոխարեն մի տանջվիր, դժոխք մի դարձրու օրդ: Միևնույն է, չես կարող ողջ կյանքում ինձ թիկունք կանգնել, կողքիս լինել: Մայրիկը նույնպես մեղք չունի: Նա իմ մասին է մտածում, մեզ համար է ապրում: Գնա, գնա փայփայիր նրան, սիրտն առ: Առանց այդ էլ կյանք ասվածը շատ դժվար բան է, գոնե դուք գթացեք իրար, թևութիկունք կանգնեք: Այդ հայացքը Նարեին ևս ասելիք ուներ. խնդրում եմ, մի զայրացիր, այսուհետ ուշադիր կլինեմ, կաշխատեմ քեզ գոհացնել: Ճիշտ է դու ինձ նեղացրիր, բայց ես հիշաչար չեմ: Հոռի մտքերով, հուշերով ապրել չի լինի: Դե ժպտա, ժպտա և հավատա, ամեն բան լավ կլինի: Ինչքան շատ զայրանաս, այնքան ավելի կսխալվեմ, որովհետև նման պահերի վախենում, սոսկում եմ քեզնից, ուղեղս արգեակվում է, և բաժակը ձեռքիցս ընկնում, երբ խոհանոցում եմ, հինգին գումարած հինգը ոչ թե տասն է, այլ պատահական թիվ, երբ տնային հանձնարարություն եմ կատարում, դո-ի փոխարեն ռե եմ նվագում, երբ դաշնամուրի առաջ եմ: Մեղքը դուք եք, ամեն րոպե, ամեն ժամ քամվում եք, սպառվում:

Նարեն յոթնասունյոթեորոդ զգայարանով /ո՞վ ասաց, թե մարդն ընդամենը հինգ զգայարան ունի/ լսում էր դստերը, ու քանի որ համ, հոտ առնելու, տեսնել-լսելու, շոշափելու ունակություններին գումարվել էին ևս ուրիշները, երևույթները, աշխարհը սովորական չափանիշներով չէր ընկալում: Հիմա նա ատում էր իրեն, իր խառնվածքը: Հայացքի առջև Տաթևն էր՝ արտասուքոտ աչքերով, մարդկային դաժանությանը դեմառդեմ, ամուսինը՝ ձեռքերի նյարդային դողով, սանձած բնազդներով, Նանեն՝ կոպերի տակ երկուղ ծրարած: Արցունքները խեղդում էին, գիտեր, որ ոչ ինքն է փոխվելու, ոչ Թորգոմը, որ դաստիարակության բոլոր եղանակներն ինչ-որ կետում անզոր են, և արդյունքը հակադարձ համեմատական է գործադրված ջանքերին: Տասը, հարյուր, հազար անգամ որոշել է փոխել բնավորությունը, խիստ ու քինոտ չլինել զավակների, ամուսնու հանդեպ, բայց անարդյունք: Չարությունը դև է, մտնում է մարմինը և պատեպատ զարկում: Եկ ու զսպաշապիկ հագցրու: Չարությունը բումերանգ է, որ ավելի հաճախ ետ գալով ավերածություն է կատարում տիրոջ տիրույթներում, ինչպես հիմա. պառկել է մենակ, լքված, ջախջախված, օտարված իր իսկ հարազատներից:

Հոգեկան այն վիճակը, բացասական հույզերի այն դաշտը, որում Նարեն էր, երկար շարունակվել, մնալ չէր կարող: Փրկության խարիսխ էր պետք, այլապես մինչև հատակը դատարկվելուց, սեփական ես-ը ոչնչացնելուց, ինքնամերկացումից հետո, եթե ժամանակին կանգ չառնես, բողբոջ կտա ինքնասպանության միտքը: Իսկ փրկությունն անձնական սխալներն այլոց արարքներով պատճառաբանելն է:

Արտասուքներն իրենց դերը կատարել էին, մարմինն ազատվել էր աղի ավելորդ կուտակումից, և նա այժմ սովորական մարդ էր, մահկանացու և յոթանասունյոթի փոխարեն, ինչպես բոլորը, ուներ հինգ զգայարան: Անիրավացին միայն Թորգոմն էր, որ թույլ բնավորության պատճառով տապալում էր մանկտոց դաստիարակության գործը՝ խաղալով նրանց բախտի հետ: Զավակներն էլ հորից չվախենա՞ն: Տեսնվա՞ծ բան է, ծնողը մի մատ երեխայից ներողություն խնդրի: Քանի՜ անգամ է պատահել. զայրացել է նրանց վրա, անգամ ապտակել, բայց վայրկյան անց գիրկն առնելով՝ խենթորեն համբուրել: Իհարկե, թե շալակը կելնեն, թե տունը տակնուվրա կանեն: Կարծում է, իր սիրտը չի մղկտում: Ուրիշների պես պետք է լինի. ամբողջ օրն ամուսնիններին ճորտի պես բանեցնում են, ելել են շալակներն ու՝ չո՜շ… Իրենք մի բան չեն, բայց հետները խոսել չի լինում: Թող ամուսինը փորձի չենթարկվել: Ամուսին… Ամուսինը նրանց համար մարդ է, որ կարծիք չունի, բեռնակիր է՝ առանց հանգստի իրավունքի: Այ, թե այդպիսին եղար, երեխաների անվան հարցն էլ դու կորոշես, հայկական դպրոց տալ-չտալն էլ: Տեղն է իրեն, անգամ անունն է փոխել՝ Նարե: Լավ ես արել, բայց երեխաների հարցում, նորից է կրկնում՝ զիջում չի անի:

Նարեն Թորգոմի հետ կռվելու, նրան հաղթելու մի զենք ուներ - խռովելը: Փորձված եղանակ էր. կեփվի, եռ կգա, հետո կամաց-կամաց հանդարտվելով՝ կգա թողություն ստանալու: Ինքն սկզբում չեմուչում կանի, եթե պետք է, բուռ-բուռ արտասուք կթափի, վերջում կծվարի նրա գրկում: Հակադրվել չի կարելի, մեկ էլ տեսար խաչ քաշեց ամեն բանի վրա, գնաց: Կանի՝ ծուռ է, պետք է միշտ զգույշ լինել, նահանջի տեղ թողնել:

Երեկոյան Թորգոմն աղջիկներին պառկեցրեց, անհավես հաց ուտելուց հետո հանգցնելով լույսը՝ մտավ անկողին: Ընթացքում Նարեն հասցրեց հանվել ու ավելի խոր թաղվել վերմակի տակ: Մի պահ մտքով անցավ անկողինը տանել աղջիկների ննջարանը, բայց սատանային լսելն անցյալ տարի թանկ էր նստել վրան, ու նա վճռական մտքից հանեց մոլորեցնող միտքը: Հայացքի առջև սենյակի կենտրոնում կիսամերկ կանգնած այն օրվա Թորգոմն էր՝ աչքերի վճռական, կատաղի փայլով, որ կեսգիշերին արթնանալով ու կնոջը կողքին չտեսնելով՝ դիվոտած վազել էր հյուրասենյակ: Նարեն նոր-նոր քնում էր, երբ ամուսինը վառեց լույսը: Թափով շպրտեց վերմակն ու սպանիչ տոնով կարգադրեց՝ անկողինը տեղը տար: Փորձեց դիմադրել, բայց սրատվեց՝ շու՛տ: Այնքան վախեցած էր, որ երբ նորից պառկեցին, առաջինը հաշտության ձեռք պարզեց, չնայած քայլին դրդողն ամուսինն էր եղել, որը տեղաշոր մտնելուց հետո անխոս շրջվելով կողքի՝ քնեց: Նարեն սպասեց, սպասեց, հետո չարացած, նրան պատժելու մտքից խենթացած՝ անկողինը շալակելով գնաց հյուրասենյակ:

Թորգոմը ձեռքը գլխատակին պառկել, մտմտում էր հետագա պահվածքը: Կնոջը թիկունք անել չէր կամենում, թեև դրան էր արժանի: Թող չերևակայի: Մյուս կողմից, տարիների փորձն ասում էր, որ նման զորախաղերն անիմաստ են, առողջության համար՝ վտանգաշատ: Լավ չէ՞ր, երբ վարձով էին ապրում: Ինքն էր, Նարեն ու մի մահճակալ: Ինչ ուժգնության ամպրոպ էլ ճայթած լիներ, վերջում նույն վերմակի տակ էին մտնում, ապա, իբր, պատահաբար, մեկի ուսը մյուսին էր առնում, ազդրը ազդրին, և ցույցն ավարտվում էր գրկախառնությամբ: Թորգոմն ատում էր այն օրը, երբ ննջասենյակի կահույք գնեցին: Ինչ խոսք, անկողնում առանձին առոք-փառոք քնելն անպատմելի հաճույք էր, բայց թե հաշտվելը լրացուցիչ ջանքեր էր պահանջում: Իհարկե, ձեռքը կարող էր մեկնել կնոջը, և դեպքերն այլ ընթացք կստանային: Կամքը նրանն էր, սակայն արի ու տես, որ հազար ու մի զգացում կաշկանդում էին՝ անհնար դարձնելով քսան-երեսուն սանտիմետրն անցնելը: Անցյալում մի քանի անգամ բեմական բնատուր շնորհքն էր օգնել. սուտ հիվանդի տեղ դնելով սկսել էր հազալ, տնքալ, ու Նարեն խաղի մեջ էր մտել: Հետո երկուսն էլ քահ-քահ ծիծաղել էին՝ ափսոսալով ժամանակին թատերական ինստիտուտ դիմած չլինելու համար:

-Մա՛մ…

Տաթևն էր՝ գիշերանոցով, բոբիկ: Խավարում դիմագծերը չէին ջոկվում: Զինադադարի ռազմավարության մշակությամբ տարված՝ ծնողները չէին լսել դռան բացվելն ու ոտնաձայները: Նման սովորություն դուստերն ունեին. մեկ էլ տեսար դուռը հուշիկ բացվում էր, ու կատվային քայլերով երեխաներից մեկնումեկը գալիս էր ծնողների ննջարան՝ մամ, ջուր եմ ուզում, սոված եմ, փորիկս ցավում է, քունս չի տանում… Յուրաքանչյուր այդպիսի այցից հետո Թորգոմը որոշում էր փականք դնել դռան վրա, վախենալով, որ մի օր էլ անպատեհ ժամի կայցեն, բայց հետո ականջի հետև էր գցում:

-Տաթևիկ, ի՞նչ է եղել, ինչու՞ չես քնում:

-Վախենում եմ:

-Ինչի՞ց, -տեղից ելավ մայրը:

Ձայնում անհանգստություն կար: Գրկեց, համբուրելով տարավ: Թորգոմը նախանձի պես բան զգաց: Ուղեղի անձավներում կրկին պղպջակներ տվող զայրույթից քիչ էլ մնար, աղջկան բաժին կհաներ՝ հոր տվայտանքը չգնահատելու, ապերախտության համար: Մայր ու աղջիկ մյուս սենյակում քրքջում էին, հետո Տաթևի ձայնը լսեց.

-Արի պաչիկ անեմ:

Հայրն աչքերը փակ տեսնում էր, թե ինչ է կատարվում սենյակում: Նարեն կռացել է անկողնուն: Աղջիկը մոր պարանոցից պինդ-պինդ կախված՝ չլմփոցով համբուրում է՝ էլի, նորից, վերստին, դարձյալ, կրկին: Գոհության փայլ կա երկուսի աչքերում: Սիրո տեսարանը Թորգոմին զինաթափ արեց, և երբ Նարեն ետ եկավ, չհամբերեց.

-Ի՞նչ էր եղել:

-Ջեռուցման խողովակների ձայնն է, երևի ջուրն են դատարկում, -հաշտ պատասխանեց կինը:

-Այ քեզ Վերգո:

-Քո սերմն է՝ Նազարաշեն քաղաքից:

-Մենք այդպես ենք, -առաջարկած դերից չխուսափեց Թորգոմը:

-Չես հավատում, գնա կարդա: Հրեն, գրքերում գրված է, -շրջանային թատրոնի դերասանի տոնայնությամբ «Քաջ Նազար» -ից մոտավոր ցիտեց կինը:

-Նարե աղջիկ, հիմա ես քեզ կխեղդեմ:


    

ԳՆԱՑՔ

Պահվածքը շատ էր լկտի, էլ հանդուրժել հնարավոր չէր: Թե լռեր, նվաստացած պիտի զգար, ամոթից այլևս չէր կարողանա իր իսկ ներսը նայել: Կնիկ պիտի համարեր իրեն ամեն հիշելիս, վախկոտ, փոքրոգի ու նվաստ: Չափն անցկացրածին սաստելը, փաստորեն, իր համար էր՝ իր խիղճը փրկելու, արևի տակ կենալու իր իրավունքը հաստատելու:

-Հերիք չեղա՞վ, -ձայնը հատու հնչեց:

Խումբն անակնկալի եկավ:

-Իբր, ի՞նչ, ուզում ես ասել՝ թքա՞ծ ունես այս հարյուր-երկու հարյուր մարդու վրա:

Վագոնի ծայրում եղողներին խոսակցությունը, հավանաբար, չէր հասնում, տեղյակ չէին ինչն ինչոց է: Մերձ նստածները լարված հետևում էին դեպքերի ընթացքին, նրանց հետ և կինն ու զավակները:

-Սիրտդ ցավե՞ց, -բիրտ կատակներ անողն ընթացքում զայրացավ: -Քեզ ի՞նչ, դու պիտի որոշե՞ս իմ ինչ անելը, -հետո արդեն իր խմբին: -Ավարտելով էլ չպրծանք դասատուներից, -և անքթիթ նայեց Մեսրոպին:

Գեղջկական ծագումը թաքցնելու միտումով կոպիտ շպարված երկու աղջիկ շփոթահար փախցրին հայացքները. սրտի խորքում հավանաբար գիտակցում էին, որ քիչ առաջվա իբր անկաշկանդ ծիծաղով միայն իրենց են խաբել, թե՝ տեսեք, անեկդոտ, զվարճություն մեզ համար են:

Տղաներից պզուկոտը, որպես ընկերոջ հոխորտալից տոնի լրացում, հռհռաց, սակայն անհաջող: Անմիջապես զգացվեց՝ սա կյանքում երրորդական, չորրորդական դեր է կատարելու: Երրորդի պահվածքն անորոշ էր. կռվի դեպքում ամենայն հավանականությամբ հաշտարարի դերում հանդես գար, ձեռքը դժվար բարձրանար հարվածելու հակառակորդներով օղակված միայնակ մարդուն: Եվս երկուսը, որ վագոնի դուռը ոտքով կիսաբաց պահած՝ միջանցքում ծխում էին, ներս եկան: Մեկը ձեռքով ուղևորների մեջ արանք էր բացում՝ մոտենալու: Պետք էր պատրաստ լինել. նմանները շատվոր լինելու դեպքում անվարան գործի են դնում բռունցքները: Քանի՞սը եղան, ուրեմն՝ հինգ տղամարդ, երկու աղջիկ և մի կին մանկան հետ, որին, դուստրերից փոքրին ծնկներին առնելով՝ տեղ էր արել, որպեսզի նստի:

Մեսրոպն Անիին իջեցրեց գրկից, ելավ.

-Չե՞ս հասկանում, կին, երեխաներ կան, չի կարելի, -հետո, որպես պարզաբանում, հավելեց: -Ամեն մարդ քո հավեսը չունի:

-Չունես, մի լսիր, կարծես թաղում է՝ չի կարելի:

Գիտեր՝ նմանների հետ համակեցությունից, կիրթ վարք ու պահվածքից խոսելն անիմաստ է /այն էլ այլոց ներկայությմամբ/, այդուհանդերձ ասաց.

-Իսկ ի՞նչ իմացար, նստածներից մեկնումեկը գուցե հիմա սգի մեջ է: Քեզ հաշիվ տալի՞ս ես:

-Արա, լավ, քարոզ մի կարդա:

Հրմշտելով առաջացողն ուր որ է հասնելու էր: Կռվից, ծեծվելուց չէր վախենում, բայց չպետք է թույլ տար բանը դրան հասնի:

-Գալիս ես, որ ինչ, խփե՞ս, -գլխով կողքին նստած տիկնոջը ցույց տվեց: -Ես ձեր բարեկամուհուն՝ կին էր, գրկին՝ ծծկեր, տեղ տվի, դուք էլ ինձ, իմ երեխաներին հարգեք, -ասելն ու զղջալը մեկ եղավ. ի՞նչ կմտածեն:

Հոգեբանական գրոհը հասավ նպատակին: Տղան կանգնեց: Շաղված հայացքից Մեսրոպը գլխի ընկավ՝ գինով է: Տրամաբանականը չշարունակելն էր, հարբածների հետ գլուխ չդնելը, սակայն զազրախոսը մտադիր չէր լռել, ու երբ սա ընկերուհիներից մեկի ցածրաձայն դիտողությանն ի պատասխան նետեց՝ դուր չի գալիս, թող ուրիշ վագոն չքվի, պոռթկաց.

-Ինձ հետ ե՞ս:

-Հա՛:

Մեսրոպը մղվեց առաջ: Կինը ցատկեց տեղից.

-Չգնաս:

Առաջինը հարվածելու էր մոտիկ կանգնածին, եթե…

Բանը, սակայն, կռվի չհասավ: Շրխկոցով բացվեց դուռը և ներս մտան երկու սահմանապահ՝ ավտոմատներն ուսած: Անմիջապես ճեղք բացվեց, և նրանք տիրական քայլքով առաջացան: Մեսրոպն զգաց, մեկը փարվել ազդրին, սեղմում է: Շրջվեց: Աղջիկն էր՝ աչքերում արտասուք: Տաք սարսուռ անցավ մարմնով, կռացավ, գգվեց:

-Մի վախեցիր:

-Հայրի՛կ…

Գիրկն առավ, թեև մեծ էր՝ ութ տարեկան, տարեկիցների համեմատ՝ բարձրահասակ:

Զինվորներից մեկը հասավ Մեսրոպենց նստարանին, անցավ: Մյուսը քայլ չարած՝ կանգնեց.

-Ваши документы.

Ինձ հե՞տ եք, -Մեսրոպն իջեցրեց երեխային:

-Да.

Գտավ գործատեղի վկայականը, տվեց: Աչքի տակով շուրջը նայեց: Մյուսն առաջանալով՝ կենտրոնի շարքերից ակնոցակիր մեկի փաստաթղթերն էր ստուգում: Կռվազան տղաները հասցրել էին դուրս գալ վագոնից: Տեղից ելավ նաև երեխայով կինը:

-Садитесь, вы не мешаете.

Կինն անպատասխան՝ գնաց:

-Пожалуйста, -զինվորը վերադարձրեց վկայականը, ձեռքը թեթևակի տարավ քունքին:

Մեսրոպի հայացքն առավ կնոջը: Տեսքը սփրթնած էր, ձղաձիգ: Լարված էր և ինքը, սակայն կատակի տվեց.

-Տեսա՞ր:

Կինը չարձագանքեց:

-էլի ինձ ստուգեցին:

Դիմացինի թույլ ժպիտը վկայություն էր, որ խոսքը տեղ է հասել:

-Եկա՜ն, -դստեր վախվորած շշունջը հասավ ականջին:

Շրջվեց՝ կարծելով, եկողները ծեծկռտուք փնտրող տղաներն էին, բայց չէ, հերթական ավտոմատավոր զույգ էր:

Այդպես էր. սահմանամերձ գոտով անցնելիս՝ նրանք միշտ անսպասելի հայտնվում էին՝ ուղեկցելով գնացքը: Կարգ էր, ապահովում էին: Տարօրինակն այն էր, որ գրեթե ամեն անգամ ստուգում էին Մեսրոպի ով լինելը: Թե ինչ կար կասկածելի, սկզբում գլխի չէր, հետո ըմբռնեց. տեղաբնակի, համենայնդեպս արտաքնապես՝ նման չէր:

Հիշեց. ամառ էր, շոգ: Ճանապարհը, թվում էր վերջ չունի: Գնում էին, ու նույն սարերն էին, նույն իշկաթնուկը: Դիմացը կինն էր՝ տասներկու, հազար տարվա կինը:

-Ակնոցդ ու՞ր է, տիկինս, -հենց այնպես հարցրեց:

-Ես միշտ ակնոցով եմ, բայց դու չես նկատում:

Փորձեց տրամաբանություն գտնել պատասխանում, սակայն շոգը մտորելու հնարավորություն չէր տալիս: Երկարելով ձեռքը՝ կնոջ պայուսակից հանեց ակնոցը, դրեց աչքերին: Շնորհիվ գունավոր ապակու, տեսարանը փոխվեց, դեղնականաչավուն բլրակներ հայտնվեցին, խոտավետ մարգագետիններ, դրա հետ մեկտեղ՝ հույսը, որ անապատ չէ կորուսյալ Երկրից փշալարով բաժան ափաչափ հողակտորը՝ դատապարտված կործանման: Մտքի ետքից գնալու ժամանակ չեղավ, որովհետև, ինչպես այս անգամ, բացվեց դուռը և երկու ավտմատավոր ուղիղ նրա կողմը եկան, ասես կարդացած լինեին խոհերը և վճռած՝ անպայման կանխել վտանգավոր զարգացումը:

Փաստաթուղթ չէր վերցրել, ու նրանք, ոչ մի առարկություն չընդունելով, Մեսրոպին մոտակա Անի կայարանում իջեցրին: Կինն ուզեց հետները գալ, թույլ տվող չեղավ.

-Нельзя, -կտրեցին:

Մեսրոպը հայացքը սահեցրեց ուղևորասրահով: Ցուրտ վագոնը, ուր բոլորը վերարկուներով էին, մարդկանց շնչից փոքր ինչ ջերմանալ էր սկսել, բայց ոչ այնքան, որպեսզի հաղթեր դրսի սառնությանը, և անխտիր բոլոր պատուհանները եղյամակալել էին: Հին, չջեռուցվող վագոն էր, նստատեղերը՝ փայտից, որոնք շատ գործածելուց մաշվել էին՝ դառնալով ողորկ: Առաստաղի լամպերի մեծ մասը չէր վառվում, և աղոտ լույսն առավել էր ընդգծում մարդկանց դեմքերին դրոշմած թախիծը, աչքերի անանցողիկ տխրությունը: Ասես մեղապարտներ լինեին, և գնացքը նրանց Ծննդյան տոներից հետո ոչ թե մայրաքաղաք էր տանում, այլ Սիբիր՝ անհայտ հեռուներ՝ կրելու խաչը: Մեղավո՞ր: Մեղավոր չկար: Դատապարտյալ էին բոլորը՝ թե նրանք, ովքեր կայարանում ընդհանուրին համակած տենդի ժամանակ կարողացել էին տեղ նվաճել ու թե հրմշտուքին չմասնակցածները, որ գոհացել էին անցուղիներում ոտնատեղ գրավելով:

Մատներն ինքնաբերաբար շոշափեցին վերարկուի պոկված կոճակի թելերը, մտքին եկան մուտքերի առաջ խռնված ուղևորները, նրանց մեջ՝ կանայք, երեխաներ ու դուստրը, որին հորձանքը պոկեելով ձեռքից՝ տարավ ներս: Չլիներ նա, տեղ չէին ունենա, և պրծում չէր լինի կնոջից. նախատելու, երեսով էր տալու իր անճարակությունը, մեքենա, աղայավայել տաքսի վարձելու հնարավորություն ընձեռող դրամագլուխ չունենալը:

Մեսրոպը փորձեց դուրս նայել: Ոչինչ չէր երևում: Եղունգներով մաքրելով եղյամը՝ ճեղք արեց: Տեսադաշտ չկար, ծառաբներ էին ուրվագծվում, ցանկապատեր, հատուկենտ մարդիկ: Այդ պահին էլ գնացքը կանգնեց: Իջնողների մեջ նկատեց կռվամետ խմբին: Աղջիկներից մեկն առպահ հետ նայեց, թվաց, տեսավ Մեսրոպին: Ինչ-որ բան ասաց կողքինին: Կարծում էր, սա ևս կշրջվի, գուցե թե ձեռքով իջնելու նշան անի, բայց՝ չէ:

Եվ որտեղի՞ց այսքան թշնամանք, դաժանություն: Դառնությունից սիրտը քիչ էր մնում ճաք տա: Ու՜ր էր նույնպիսի չարություն ոսոխի հանդեպ դրսևորեին, կուտակ մաղձը նրանց գլխին թափեին, այս օրին չէինք հասնի, ու գնացքը սահմանի բերանով չէր ընթանա՝ հայոց սրբազան Քաղաքի, սուրբ Լեռան կողերին քսվելով…


    

ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ

-Բախտ բաժանո՜ղ…

Մատներն անզգայացել, չէին առնում ջրի սառնությունը, մտքի հետևից ընկած՝ ձեռքը երկարում, մեքենաբար վերցնում էր հերթական պնակը, սպունգով օճառելուց հետո պահում ծորակի տակ, դնում մի կողմ:

Դարձյալ մի քսան րոպե և կպրծնի: Մնում էին դանակ-պատառաքաղները, որ հա ձեռքի տակ ընկնում, աղմկում էին, գավաթները՝ չեղածի հաշիվ:

-Անտեր մնաս…

Անտեր մնացածը հարբուխն էր: Թե որտեղից աշուն օրով եկավ, կպավ քառասնօրական փոքրիկին, պոկ չի գալիս:

Արաքսը թողեց աման-չամանը, մոտենալով կիսապատուհանին՝ ականջը պահեց: Թնկթնկոց էր գալիս, որ դեռ լաց չէր: Դեմքը հպեց ապակուն: Երեխան քնի մեջ դեսուդեն էր շարժում գլուխը: Տպավորությունն այնպիսին էր, թե քոր ունի:

-Քոռանամ ես, -հետո չբավարարվեց: -Մերդ քեզ մատաղ…

Դանակ-պատառաքաղները, գդալները վերստին զարկվեցին իրար, սպունգը փրփրակալեց, պնակները, գդալները չրխկացին, ջրի պաղությունը փոխանցվեց ձեռքերին, արյանը, առավոտից դատարկ ստամոքսին: Նույնպիսի մի սառնություն բետոնակուռ հատակից ոտքերով, ազդրերով ելավ, հասավ կոնքերին. դեռևս չապաքինված արգանդը կցկվեց, մզզաց, ու Արաքսը, չիմանալով ցավը որտեղից է, երկտակվեց:

-Օ՜ֆ…

Պատշգամբի արևոտ մասում աթոռակ կար, նստեց, գլուխն առավ ափերի մեջ: Փայտից արտածվող ջերմությունը դուրեկան էր: Էլի կնստեր, բայց ծորակը բաց էր թողել, ու խիղճը տանջում էր, հետո աղմուկը՝ չը՜ռ… Իրեն ստիպելով ելավ, անջատեց: Այդ պահին էլ հիշեց քաղաքային ծրագրով նախորդ օրը դիտած հաղորդումը ջուրը չվատնելու, կարիքավորների սիրով օգտագործելու անհրաժեշտության մասին: Էկրանին պես-պես խոհանոցներ էին, լոգասենյակներ ու կանայք՝ դժգոհ, որ թղթակցին վրա տվել, խեղդում էին:

-Հղփացածներ…

Պալատներում ապրում են, բայց թե, տե՛ս, իրենց հաշվով քիչ է: Էն մեկը՝ թավշյա խալաթով… Կյանք չէ, քաշածներս օր չէ, -ասում էր:

-Պա՛հ, պա՛հ… Բա որ մեր տեղը լինեի՞ր, էդ ժամանակ Աստված գիտի ոնց էիր պտպտալու…

Ո՞վ գիտի, որ գյուղից է: Եկան, տունուտեղի տեր դարձան, կլորփոր ամուսիններին դրին կողքները, իսկ իր նմանները՝ քաղաքում մեծացած, մնացել են բներում, առնետներին ընկեր:

-Քամբախը չքանդեցին...

Տերն ո՞վ է: Էնքան ապրի՜, ոսկորներդ փափկեն, աղակալեն ու անձրև օրերին մռմռան, կսկծից կորվես, ինչպես պատկից հարևանը, որի բոռոցը, երբ ցավը բռնում է, ասես, իրենց ննջասենյակից գա:

-Անտեր պատի ճղոնն էլ քանի գնում մեծանում է, մի օր փուլ չգա՞, մնանք տակը…

Կյանքները գնաց սպասելով: Մի բերան նույնն են ասում՝ եկող տարի: Աղջկա՝ Արփիկի հասակին էր, որ եկան, գրանցումները ճշտեցին ու թե՝ էս է, տուն կտանք, հոգիներդ կազատեք: Գնացին և էն գալն էր, որ պիտի գան: Ասում են՝ տեղը ճանապարհ պիտի գցեն: Շրջանցիկ է անունը: Բայց ե՞րբ, մինչև էս մե՞կն էլ ռախիտ ստանա, հիվանդանոցներն ընկնեն, հույսը ծովափը, աղաջուրն ու ավազը մնան:

Խելոքը Վանոյենք էին. փող խաղացրին /Աստված գիտի, որքան/ ու ստացան: Սև գրողին հեռու չէ: Հո՞ խոնավությունից պրծան, առնետ, խավարասեր ոտքի տակ, սեղանին չեն, զուգարանից մարդավայել օգտվել կա: Ամուսի՞նը...

-Խե՜ղճ Սուրեն...

Սուրենն ի՞նչ անի, նրան էդքան փող որտեղի՞ց: Ունենային, էն է, կոոպերատիվ կգրվեին, կպրծներ, կգնար: Իրենցը բողոքելն է, գրելը շրջանային ու քաղաքային մարմիններին, գերագույնին... Բայց թե գրելուն ո՞վ է նայում: Հրեն, վթարայինի թուղթը մաշվել, քրքրվել է: Ասում էին՝ փաստաթուղթ լինի, կտանք: Հինգ տարի առաջ /էդքան գրելուց հետո/ հանձնաժողով ուղարկեցին: Եկան, տեսան, թուղթը, ճիշտ է, զոռով /երևի մտքներին փող աշխատել կար/ տվեցին, բայց ի՞նչ: Հերթի են դրել: Հարյուր հիսուներորդն են:

-Չբռնեմ ու վառե՞մ...

Մեկից հայտնված միտքը մեղվաճանճի պես տզզաց, տզզաց և երկու-երեք պտույտ կատարելով գլխավերևում, հիմնավոր նստեց: Նստեց, մնաց:

-Գրողի ծոցին...

Հրեն, Ցախի թաղը այդպես չարե՞ց. հիմա բոլորն Ավանում են՝ տունուտեղ, օրումեջ տաք ջուր... Գործածներն էլ գազ չէ - էլեկտրականություն՝ ոչ ծուխ, ոչ օճորքի մրոտել, պայթելու վտանգ: Անմիջապես ապահովում են: Առաջնահերթ է կոչվում, թե՞ արտահերթ... Նման մի իրավունք տրվում է, հաշվում են բնական աղետ: Մենակ թե չբռնվես, չիմացվի: է՛հ, ասելն է հեշտ: Ու՞մ ձեռքը կգնա: Lավից, վատից տուն է դրել, անցյալ տարի գորգ առան, ապառիկով հեռուստացույց՝ յոթ հարյուր ռուբլիանոց: Իսկ եթե արժեքավոր բաներից որոշ բան ուրիշի տուն տանե՞ն, ասենք՝ Սուրենի եղբոր...

-Գորգն է, հեռուստացույցը: Ուրի՞շ...

Տեղաշորերը բրդից են՝ վերմակ, ներքնակ, ամեն մեկը՝ 300-700 ռուբլի: Չէ, այդպես չի կարելի, հիմար հո չե՞ն: Չե՞ն ասի՝ ու՞ր է անկողինը, դուք ինչի՞ վրա եք մինչև այժմ քնել: Հետո՝ հերիք է մեկնումեկը թույլբերան խոսք հասցնի: Միամտորեն չէ, հենց լավ էլ գնա ու պատմի: Ո՞վ: Ի՜նչ իմանաս, էնքան թշնամի, չուզող կա՜: Ինչ կանե՞ն - տուն չեն տա՝ մեկ, բանտ կնստեցնեն՝ երկու, արար աշխարհի առաջ խայտառակ կլինեն՝ երեք, ունեցած-չունեցածից կզրկվեն՝ չորս Էլի՞ շարունակի. Սուրենն առողջություն չունի, անտերանոցում չի դիմանա՝ հինգ... Սպասիր, սպասիր, էդ ինչու՞ դու չէ, որ Սուրենը: Նախ՝ նրան այդ մասին ոչ մի խոսք - հաստատ չի համաձայնի, կզայրանա, դեռ հայտնի չէ, ինչ օյիններ դնի:

-Չբաժանվի՞ հանկարծ սրտաչմեռը...

Լացի ձայն առնելով՝ Արաքսը գլխից քշեց հիմար խոհերը, տուն մտավ: Թորգոմիկի ճակատին քրտինք կար, դեմքը լարումից կարմրել, սևին էր տալիս: Արագ-արագ քանդեց, թեթև գոզահոտին խառնված շոգին շնչելով փոխեց տակաշորերը, վերստին բարուրեց: Երեխան շարունակում էր ճչալ: Արձակեց կոճակները, ստինքը շտապով բերանը տարավ:

-Թագավորս…

Ի պատասխան, մանուկը լեզվով պտուկը դուրս հրելով՝ կոպերի տակից նայեց մորը: Դժգոհություն, խռովք կար դեմքին, որը պահ անց փոխարկվեց թնկթնկոցի:

-Ի՞նչ եղավ, չէ՛, չէ՛…

Արաքսը ներբանով թեթևակի դիպավ էլեկտրափոխարկիչի սեղմակին, սակայն ձեռքը, որ միաժամանակ երկարել էր՝ միացնելու հեռուստացույցը, օդում արձանացավ: Ականջ պահեց: Ուղեղի ծալքերից մեկում դզզոց կար. մեղրաճանճն էր

-Սրտախորովը որտեղի՞ց եկավ…

Երեխան կշտացել, մեղուկ ժպիտը երեսին՝ ննջում էր: Դրեց մահճակալին, մոտեցավ, քաշեց դարակներից ներքևինը. լույս չեղած օրերի համար մոմ էր պահում:

-Ինչ լինում է, թող լինի…

Գործիքների արկղում գտավ պտուտակիչը: Հեռուստացույցի որովայնը բացելը ահագին ժամանակ խլեց. ակոսաձև գամերը երաշխիքային արհեստանոցի վերջին վարպետը հիմնավոր պնդել էր: Փոշի կար լամպերի վրա, խճողված տարագույն լարերին: Մարդ իմանար՝ որը ինչին միացնի: Բացահայտելու հնար բացարձակապես չկա: Գունավոր հեռուստացույցների հետ հաճախ է պատահում: Հանկարծակի սկսում է ծխալ, հետո բոց է հայտնվում, ճայթյուն լսվում… Քանիսի՜ց է լսել: Ինչ է պետք անել նման պարագայու՞մ: Ջուր շաղ տալ կտրականապես արգելվում է: Երևի պիտի նախ՝ անջատել հոսանքը, հետո շորից-բանից տակնուվրա փաթաթել, մեկնումեկի հետ դուրս հանել:

-Բա որ պայթի՞ հանկարծ…

Էհ, իր ի՞նչ մտածելու բանն է: Թող ցրիվ գա, հազար փրթիկ լինի, բոցը ելնի վարագույրներն ի վեր, բռնի առաստաղը, ցած իջնի, սողա հատակի որդնկեր տախտակների վրայով, նկուղից ելնող ժանգակեր խողովակում պաղպաջուն ջուրը եռ գա, թշթշոցով դուրս տա ծորակից, ճարճատել սկսեն նվեր ստացած բյուրեղապակյա սկահակները, որ այդպես էլ բանի պետք չեկան, հրո ճարակ դառնան պահարանի աչքերում գուրգուրաքով դարսած սփռոցները, հնդկական անկողնակալը…

-Գոնե լենուբոլ գործածած լիներ…

Ու՞մ ցույց տար, կամ որ փռեր՝ ի՞նչ, մեկ է, էս տանը բան չի երևում: Եկող էլ չկա: Ի՞նչու գան: Ճնշվում եմ, խղճի խայթ զգում, -մի օր խոստովանեց տեգրը: Կշտամբելու չէ: Գիշեր-ցերեկ կանգնած մգլահո՞տը պիտի գրավի, որ դուռ-լուսամուտ բաց պահելու դեպքում անգամ չի անցնում, սնկակեր պատե՞րը, ննջարանից կախ ընկած առաստա՞ղը, որը, թվում է, հրես, հրես փուլ կգա, կթափվի, կիսախավա՞րը, որ ստիպում է մինչևիսկ օրը ցերեկով, արև ժամանակ լույսը վառ պահել: էհ, ո՞ր մեկն ասի:

-Պրծնենք, թաք պրծնենք…

Մոմը դանակով կես արեց, մտցրեց բարալիկ լարերի խրձի տակ: Մեծ էր, ավելի կարճեց՝ թողնելով փոքրիկ կտոր: Մնում էր լուցկին տալ կերոնին, շտապով տեղը դնել հետնապատը և… միացնել: Մեղրաճանճը խելագար դզզում էր, պարտադրում արագ վճիռ կայացնել: Ուրեմն այսպես՝ հենց ծուխ հայտնվի, վերցնում է երեխային, թռչում դուրս: Օգնությու՜ն, -բղավում է: Մինչ հարևանները գլխի կընկնեն ինչն ինչոց է, կրակն իր գործը կանի: Սպասիր, բա որ շուտ վրա հասնելով հասցրին հանգցնե՞լ: Չէ, խելազուրկ տարբերակ է: Փողոցում տղամարդ, ճիշտ է, գրեթե չկա /աշխատանքային ժամ է/, բայց կանանց չգիտի՞…

-Մեղա քեզ, տեր Աստված…

Գոնե մատանիները վերցնի: Զարդատուփում են: Իսկ ներքնակի տակ ութսուն ռուբլի կա. Սուրենի ռոճիկն է, երեկ բերեց: Հա, անձնագրերը, ծննդյան վկայականները նմանապես կարևոր են: Շա՜տ կարևոր: Ընթացքում հագնվեց, որպեսզի երեխան չմրսի, փաթաթեց վերմակով, գտավ կողպեքը, բանալին: Պատուհանը բաց էր, գոցեց, ամրացրեց հետնապատի պտուտակներից մեկը, մյուսները պատաստ պահեց ձեռքի տակ: Հեռուստացույցը վերջին պահին վճռեց միացնել: Շունչը կտրվում էր: Հուզմունքից է, -գլխի ընկավ: Սեղանին գավաթով ջուր կար, կում արեց, ձեռքը տարավ լուցկուն…


    

-Էս ու՞ր, -պարսպին թիկն տված հարևանի տնվորն ուղղվեց:

-Պոլիկլինիկա, -Արաքսը ջանաց ժպտալ:

-Չանցա՞վ, -Հրաչը ետ տարավ վերմակի անկյունը, որ կիսով չափ ծածկում էր փոքրիկի դեմքը: -Թորգոմի՜կ…

Չէ, -Արաքսն ստիպված էր կանգնել: -Թոքաբորբի կասկած ունեմ:

-Տաք պահիր, -կենվորը շուրջը նայեց: -Տաքսի կանգնեցնե՞մ:

-Ոտքով կգնամ, շնորհակալություն, -Արաքսը խուսափում էր տան կողմը նայել:

-Հրեն, տրոլեյբուսը գալիս է: Երկու կանգառ ինչու՞ չարչարվես, -տնվորը գիտեր դրամի հարգը և տաքսու համար չպնդեց:

-Հեռուստացույցն ինչպե՞ս է, հո էլի չի՞ փչացել:

-Չէ, - Արաքսն անբնական ժպտալով՝ արագաքայլ դիմեց կանգառի կողմը:

Հարցից սահմռկած էլ բարձրացավ տրոլեյբուս: Ազատ տեղեր շատ կային: Նստեց, փութով թուլացրեց վզնոցը. Օդը չէր հերիքում: Չլինի՞ մատնեց իրեն, կամ թե՝ տեսած լինի, ականջ պահած, ծխահոտ առած: Որքան էլ համոզում էր, որ հարցը հետին մտքով չտրվեց, իրենց հեռուստացույցի «թուլակազմ» լինելը ողջ թաղը գիտի, պայծառատեսներ հիմա չկան, չեն մնացել, կասկածամտանքը վանել չէր լինում:

-Հերն էլ անիծած…

Հարկ կլինի բացատրություն գտնել, պաշտպանվել, արդարանալ, եթե բանը դրան հասնի: Բայց դժվար. Հրաչն այդ մարդը չէ: Եթե հաստատ իմանա էլ, կլռի: Հոգսը նրան ևս հարազատ ստվերի պես շարունակ հետևել է: Հետո՝ մարդկանց այն տեսակից է, որոնք դրանից ոչ թե չարանում են, այլ, հակառակ, դիմացինին նեցուկ են լինում, որովհետև գիտեն՝ սխալ քայլը հարկադրաբար է արվել, կարիքի թելադրանքով, տառապանքի, լլկանքի արդյունք է, կյանքի մամլակի տակ տևաբար մնալու:

-Ձեր տոմսը…-ոտքը գետին չդրած՝ մեկը կանգառից առաջանալով՝ կտրեց դեմը:

Արաքսն անակնկալի եկավ:

-Տուգանված եք, -կինը քանդեց ստացականների տրցակը:

Տրոլեյբուսը հակառակի պես չէր շարժվում: Ոմանք գլխի ընկել, ապակիների այն կողմից ակնդետ հետևում էին: Բարուրած Թորգոմիկը խանգարում էր:

-Դու հանիր, այստեղ է, -ամաչում էր շուրջը նայել:

Կինը փափկեց.

-Լավ, գնա՛, գնա՛…

-Չէ, Ինչու՞, -Արաքսը վիրավորվեց:

-Երեխային խաթր եմ անում:

Արաքսն ընթացքում կարողացավ մի կերպ հանել փողը:

-Վերցրեք, -ձայնում թեթև չարություն կար:

-Մի նեղսրտիր, գործ է, անում ենք: Կարծում ես, մեզ մայր չի՞ բերել: Անունն ի՞նչ է:

-Թորգոմ:

-Ախպորս անունն է: Հորով-մորով մեծանա: Ինչքա՞ն է:

Քառասունքը կիրակի լրացավ:

-Լողացրի՞ր:

-Բա ո՜նց, -Արաքսն առաջին անգամ ժպտաց: Տասանոցը բռում այնպես էր սեղմել, որ չնկատվի, չերևա: -Երևի այդ ժամանակ մրսեց. շատ պահեցի ջրում:

-Քոռանամ ես, բան չկա: Մեր ունե՞ս: Չէ՞: Ասա՝ սովորեցնող չի եղել: Առաջի՞նն է:

-Աղջիկ էլ ունեմ: Ես գնամ…

-Դուրս չպիտի հանեիր, -կինը կողքանց ուղեկցում էր Արաքսին: -Կնքե՞լ ես:

-Թող լավանա…

-Էջմիածին տար:

-Անպայաման:

Հսկիչը ոտքը կախ գցեց:

Պոլիկլինիկայում քիչ այցելու կար: Կկամենար, իհարկե, շատ լինեին, հոծ շարքով կանգնած, ինչպես շաբաթ օրերին: Հերթ կպահեր, կատարածը տալ-առնելու ժամանակ կունենար: Ասես, ջերմի մեջ ինքը լիներ, ոչ թե երեխան: Պատասխանում էր բժկուհու հարցերին, օգնում բուժքրոջը կամ՝ չափից ավելի փութաջանորեն, կամ թե անբարեկրթության աստիճան ուշացումով, անտրամադիր: Իշխողն անլիարժեքության բարդույթն էր: Բոլորը խաղաղիկ՝ իրենց գործին էին, մինչդեռ ինքը… Որ ասես խղճի խայթ էր զգում՝ չէ, սարսափ՝ նմանապես, այդուհանդերձ զգացողությունն այնպիսին էր, թե օտարված է շրջապատից, վարագույրը հիմա, հիմա կբացվի ու ինքը մերկ՝ կկանգնի մարդկանց առաջ, լուտանքների տարափի ներքո, անկարող այլևս խոսք ասելու, արդարանալու: Երբեմն թվում էր, սուտ է ողջը, լուցկին ինքը չչրթացրեց, վերջին պահին, որպեսզի կրակն արագ բռնկվի, կարի մեքենայի յուղը շաղ չտվեց հատակին, անմիջապես հեռուստացույցի տակ:

Տեսնես բոցն ու՞ր հասավ: Առաջինն ո՞վ հոտը կառնի, թե՞ փողոցից կնկատեն: Շատ չտարածվի՞ հանկարծ, հասնի Վաղիկենց սենյակներին: Աստված ոչ անի: Որքան էլ փլփլած, մարդիկ են ապրում, զրկանքով տունուտեղ են դրել, կարող է մեկնումեկը քնած լինել, երեխա է…

Վախվորած, մեղսագործի տրամադրությամբ հրաշեշտ տվեց բժշկուհուն, բուժքրոջը, դուրս եկավ: Մեկից հարցրեց ժամը: Ընդամենը հիսունհինգ րոպե էր անցել: Հետ գնալ չէր ուզում, մնալ անկարող էր: Ոտքով կհասնեմ, -վճռեց, -երկու կանգառ է:

Քայլում էր, խլշտորած դես-դեն նայում: Անկյունադարձից տունը պետք է երևար, սկզբում՝ Սահակի բետոնե պատշգամբը, որ մայթի հաշվին է կառուցած, անցնելու համար պետք է փողոցի բանուկ մաս իջնես, այնուհետ Հրաչենց երկարուկ սենյակը՝ ուսով հենված Վաղիկենց փորը դուրս պատին, հետո իրենցը, եթե ծուռտիկ սանդուղքներով քիչ վեր ելնես, կտրես Արուսենց շեմը:

Ծուխ ինչու՞ չի բարձրանում: Կրակն առաստաղը վաղուց պիտի բռնած լիներ: Չլինի՞… Բայց չէ, հրեն մարդիկ են խմբվել, մեքենաներն ազդանշան են տալիս, էն կարմիրը, հո, հրշեջներինն է:

Կրծքի տակ խփոց կար, միայնակ սրտի անօգ զարկեր, որոնց արձագանքը քունքերում էր, ականջախոռոչներում: Էլի մի տասը քայլ… Ձայները տարբերակել չէր լինում: Կտուրին ո՞վ է: Հրա՞չը: Ոնց որ թե նկատեց իրեն: Ինչ-որ բան ասաց: Ցածում հավաքվածները շրջվել, իրեն են հետևում: Ընդառաջ եկողը վտիտ ուսերով Արուսն է: Բայց ինչու՞ է լալիս:

-Տեր երկնավոր, բան պատահած չլինի՞…

Սարսռած՝ հայացքը գցեց Թորգոմիկին: Երեխան, մոր տագնապին անհաղորդ, վերմակի ծոպն առել բերանը, թմբիրի մեջ ծամում էր:

-Բան չկա, փորձանք էր, չբեկվես:

Ո՞վ էր, չըմբռնեց: Մարդիկ կողմ գնացին, և Արաքսը տեսավ սևացած պատուհանի շրջանակները: Ներսում շողք կար արևի: Սկզբում չհասկացավ, հետո, երբ հանկարծաբար արցունքը ցայտեց ու, գլուխն Արուսի ուսին, սկսեց դառնագին հեկեկալ, պատկերը եկավ աչքին՝ թաց հողակույտը սեղանին, հատակի վրա, տիկնիկի գլուխը՝ կիսայրած: Լույսը տանիքից էր, հողը՝ նույնպես, թույլ ծխացող անձողները...

Փոքրիկը մեկի գրկին աղեկտուր լալիս էր: Հանկարծահաս վայրի մի զգացում տիրեց Արաքսին: Թվաց՝ մանկանը խլում են: Հասավ, գիրկն առավ, պինդ-պինդ սեղմեց կրծքին: Սրտի մրմու՞ռն էր ուզում մեղմել, ի՞նքն ավելի կարիք ուներ նեցուկի, երեխա՞ն:

Որքան էլ տարօրինակ է, Թորգոմը լռեց: Դա ուժ տվեց Արաքսին.

-Սուրենին լուր տվեք, -ասաց, մտավ սենյակ: Քայլ չարած՝ վախեցած ետ եկավ, տղային տվեց Արուսին. սևացած, դեռևս ծխացող ծպեղները վստահություն չէին ներշնչում:

Հեռուստացույց չկար, տձև զանգված էր՝ հեռավոր իսկ նմանություն չունեցող: Գորգի մեծ մասն այրվել էր, մյուս կեսը շարունակում էր կախված մնալ պատին: Սեղանը կանգուն էր, բայց վայ մնալուն: Ջերմությունից սպասքի մի մասը՝ հիմնականում բյուրեղապակին, ցրիվ էր եկել: Բոցը բռնել էր և Սուրենի տանու բաճկոնի թևը, որ այդպես էլ գցած էր աթոռի թիկնակին: Է՞լ: Կրակը մյուս սենյակ գրեթե չէր անցել: Ընդամենը դռների ներկն էր տեղ-տեղ փոխել գույնը, զարդահայելու պահարանիկի կողը, որ անմիջապես անկյունադարձի ձախակողմում էր: Սուր խանձահոտ կար, օդը խեղդուկ էր:

Դրսից Սուրենի ձայնը հասավ: Արաքսի կոկորդը վերստին սեղմվեց: Չհեկեկալ, արտասուքներին ազատություն չտալ չէր կարող. այնքա՜ն շվար էր շեմքին կանգնած ամուսինը, դեմքը՝ դժգույն, պարանոցն առաջ գցած, ուսերն անզոր: Ուրիշներն էլ էին լալիս: Սուրենը մոտեցավ, մեքենաբար շոյեց կնոջ թիկունքը, փորձեց խաղաղեցնել: Նա ևս կորցրել էր գլուխը, սակայն ոչ այն աստիճան, որ օտարների ներկայությամբ փղձկա:

-Լավ կլինի, հոգ մի արա, -շարունակ կրկնում էր:

Նա հետը շրջգործկոմից մարդ էր բերել: Գործընկերներն էին խորհուրդ տվել, գնացել հետը, թէ չէ ինքը՝ դժվար. եթե այդքան շրջահայաց լիներ...

-Կարգին բան չկա, -եղածին հարևանցի աչք գցելով՝ ասաց մարդը, որ հազիվ երեսուն լիներ, սակայն այնպես էր պահում իրեն, կասեիր կյանքը տակից գլուխ ճանաչում է:

-Ո՞նց թե, -ամուսնու ընկերներից էր:

-Ինքներդ եք տեսնում, -նա տարածեց թևերը: -Ի՞նչ կարող եմ անել:

-Էս ո՞վ է, -Վաղոյի կինն առաջ եկավ: -Ի՞նչ է ասում:

-Դուք գործ չունեք, խնդրում եմ, -Սուրենն էր:

-Շատ էլ լավ ունեմ: Շուտ ակտը կազմիր: Բա ի՞նչ էիր ուզում, երեխաներն էլ մեջը վառվեի՞ն:

-Ես ակտը կկազմեմ, բայց դրա հիման վրա բնակարան չեն տա:

-Կտան, այնպես տան, բերանները բաց մնա: Իսկ ինչու՞ չպիտի տան, -Հրաչն այնքան մոտ էր կանգնել խոսողին, որ վերջինս ընկրկեց:

-Ամենաշատը միջոց կտրամադրեն:

-Այսի՞նքն:

-Նորոգելը նկատի ունեմ:

-Չհասկացանք: Փո՞ղը կտա պետությունը, թե՞ շինանյութը:

-Տանտերն ինչպես կամենա:

-Քո հաշվով ինչքա՞ն կբռնի:

-Երեք-չորս հարյուր:

-Ի՞նչ, -Հրաչը մեկից բորբոքվեց: -Գնա քեզ համար հարիֆ գտիր: Երեք հարյու՜ր: Դրանով քանի՞ պատուհան կառնես:

-Դե, գործկոմը վաճառքի գներով է հաշվում, իսկ պետականը, գիտեք, էժան է:

-Եթե ճարես:

-Ես մոտավոր ասի: Թող հազար տան, չուզողը ես լինեմ: Գոնե ապահովագրվա՞ծ է:

-Սուրեն, Արաքս...

Սուրենը տարուբերեց գլուխը:

-Գույքի դիմաց ահագին փող կտային: Հեռուստացույց է եղել, ինչքան հասկացա, բայց տեսնենք հրշեջներն ի՞նչ կասեն: Նրանք ակտ կկազմե՞ն: Գուցե միտումնավո՞ր է արված՝ տուն ստանալու նպատակո՞վ:

-Այ տղա, գլխիցդ, հո, ձեռք չե՞ս քաշել: Ի՞նչ ես ավել-պակաս դուրս տալիս, -Արուսի ամուսինը վրա քշեց:

-Երջո քեռի, -սաստեց Սուրենը:

-Լակոտին տես, -չէր հանդարտվում Երջոն:

-Թող ինքն ասի, -հրշեջին մատնացույց արեց շրջգործկոմի աշխատակիցը:

-Տուն մտնող գիծն անվնաս է, իհարկե, անվտանգության կանոնները չեն պահպանվել:

-Հլա տես ոնց են խոսքները մեկ արել, -Երջոն, որ պատրաստվում էր նստել առաջարկված աթոռին, ուղղվեց:

-Այ մարդ, կռիվ ե՞ս փնտրում: Մասնագետը դու ես, թե՞ ես:

-Աշխարհ, ինչու՞ չես ավերվում, -Երջոն քմծիծաղեց: -Ես որ էլեկտրականությունից հասկանում էի, դու ու՞ր էիր:

-Ավելի լավ, դե ասա՝ էս տանիքի, տոլերի տակով հոսանք կանցկացնե՞ն:

-Անունդ ի՞նչ է:

-Մեխակ:

-Մեխա՛կ տղա, -հետո քիչ համարեց, -Մխոյի մեկը, էդ որ տարին երկու անգամ գալիս եք, տասական ռուբլի առած գնում, նույն լարը չէ՞ր, չէի՞ք տեսնում:

-Ընկեր, քո իմացածներից չեմ, մի վիրավորիր:

Փողրակը հավաքող հրշեջներից ոչ ոք ձայն չհանեց, չպաշտպանեց գրասենյակային առնետին:

-Չեմ անպատվում: Հիմա ինձ ասա՝ կրակն ինչի՞ց է բռնկվել, -Երջոն նստեց:

-Դժվար է անմիջապես վերջնական վճիռ կայացնել: Ըստ երևույթին, գծերը հին են եղել: Կարճ միացում՝ սա է իմ եզրահանգումը: Ես պլիտա, արդուկ չտեսա:

-Հը՛մ, աչք կա՞, որ տեսնես:

-Դու, լսի՛ր, հո էս մարդկանց թշնամին չե՞ս: Ի՞նչ, ուզում ես ճշմարտությու՞նը գրեմ: Էդ դեպքում իրենք մեղավոր դուրս կգան, ոչ մի կոպեկ չի հասնի, -մարդը շրջվեց կանանց կողմը: -Մի կում ջուր կարելի՞ է:

Նրան ջուր տվին: Խմելու միջոցին քչփչոցն ուժգնացավ:

-Փող է ուզում, -իր հաշվով անլսելի՝ նկատեց Վաղոյի կինը:

-Չէ, քուրս, ասի՝ ձեր իմացածներից չեմ: Ուզում եմ մի բանով օգնած լինել: Էն գրկանոց երեխայի լացն ականջումս է:

Խոսքն ազդեց: Արուսը, էլի մեկ-երկուսը ձեռքերը թաշկինակներին տարան:

-Մի բան արա, ախպեր ջան:

-Ես արձանագրությունը կկազմեմ, մնացածը դուք գիտեք:

-Դու գրիր, մենք էլ մարդ ենք…

Հրշեջը ձայն չհանեց:

-Գործկոմի ընկերն էլ մոր տղա է, կհասկանա:

-Գոնե թողնեիք կարգին վառվեր, -շրջգործկոմից եկածը մի քար գտել, կոշիկի ծայրով հա գլորում էր:

-Արուսն էր, էլի: Եթե ձայնը գլուխը չգցեր…-Հրաչը մոտեցավ ծորակին, սկսեց լվացվել:

-Ի՞նչ, թողնեի բոցը մյուս սենյա՞կը բռներ: Արաքս, դու ասա: Խեղճերը տուն են դրել, չոփ-չոփ հավաքել են, հեշտ է՞:

Արաքսն ուժասպառ՝ չէր ըմբռնում շուրջն ինչ է կատարվում: Քնել էր կամենում, անջրպետվել աշխարհից: Տունը տեղում լիներ, երեխան՝ օրորոցում, Արփենը դպրոցից եկել, դասերն է անում, Սուրենն ապուրը կերել, ընկողմանած թախտին լրագրերն է թերթում, ինքը պրծել լվացքը, անցել է արդուկին, օջախը խաղաղ է, ծխահոտ չկա՛, ծխահոտ չկա՛, չկա՛…

Ընթացքում գործկոմից ժամանածը և հրշեջ ընկերության պետն արձանագրություն կազմելուց հետո մեկական օրինակ տվին Սուրենին ու, չգիտես ինչից դժգոհ, հեռացան: Կարծիք եղավ, թե փողն առձեռն էին ուզում, նույն պահին:

Ակտերը, ինչպես հետագայում պարզվեց, այն ուժը չունեին, ինչ սպասվում էր: Գործը երկարեց, մտավ քաղխորհուրդ, նոր հանձնաժողովներ եկան… Մինչ այդ ամառն անցավ, աշնան տաք օրերը՝ նմանապես, սկսվեցին անձրևները: Սուրենն ու Արաքսը, որ մյուսների խորհրդով ավելի էին քանդել առաստաղը, փլցրել պատերը, որպեսզի թյուրիմացության մեջ գցեն զանազան կազմակերպություններից ժամանակ առ ժամանակ եկող պաշտոնյաներին, ստիպված հարևանների, բարեկամների աջակցությամբ ժամանակավոր ծածկ կանգնեցրին, հինումին պատուհաններ գտան, ապակի… Դեմը դեկտեմբերն էր, հետո հունվար պիտի գար:

Երեխաները հազում էին, Արաքսի արգանդը մրմռում էր, ստիպում ցավից մղկտալ, Սուրենը, մազերը խռիվ, էժանագին ծխախոտը շուրթին՝ ման էր գալիս, փորձում ելք գտնել:


    

ԱԴԱՄԱՆԴՈՎ ՄԱՏԱՆԻՆ

Մատանին դարձյալ չէր վաճառվել: Արփենի խուսափուկ հայացքը, վրա եկած ուսերը, անութի տակ պինդ սեղմված պայուսակը դա էին ասում: Ծանոթ, վերջին մեկ տարում բազմիցս կրկնված պահ էր, պարբերական հաճախականությունից բթացած զգացողություն: Հույսը վերստին յոթ սարի հետևն էր անցնում, ու մնում էր անիծյալ մատանին, որ Հրանտի ու Արփենի գլխին փորձանք էր դարձել, հազար երկու հարյուր ռուբլիանոց պատուհաս՝ հավելած ամեն րոպե ուղեղը շաղափող միտքը՝ չի վաճառվում, չի վաճառվելու, երբեք, ոչ մի ժամանակ, ոչ մի պարագայում, չհուսաս, չակնկալես, ոչ, դարձյալ ոչ, կրկին ոչ, էլի ոչ, միշտ և միշտ՝ ոչ: Խելագարվել կարելի է: Պարտքն անընդհատ թիկունքից հրում է, ֆշշում՝ շուտ արա, շտապիր:

Տենդի մեջ ընկած՝ մատանին մեկ այս ծանոթին էին ցույց տալիս, մեկ մյուսին խնդրում առնող գտնել: Մատանին շրջում էր, ձեռքից ձեռք անցնում: Ծանոթ-անծանոթ զմայլված նայում էին ադամանդե երկու պտղունց քարերին, նրանց միջև ընկողմանած կանաչ զմրուխտին, դեղնափայլ ոսկուն ու չէին գնում: Մանկան նրբին թաշկինակում փաթաթած մատանին վերադառնում էր տուն, առժամանակ հանգրվանում բնակարանի թաքուն խորշերում, որպեսզի դարձյալ մատից մատ անցնի, գնապիտակի վրա նոր տառ, թիվ անընթեռնելի դառնա, ու պակասի վաճառվելու հավանականությունը:

Անիծյալ, երիցս անիծյալ լիներ այն օրը, երբ ոսկերչական խանութ մտան: Հիմարություն: Արփենն էր մեղավոր. Քաշեց թևից, թե՝ տեսնենք ինչ հերթ է: Ադամանդե մատանիներ էին ստացել՝ հինգ հարյուրից մինչև յոթ-ութ հազար ռուբլի արժողությամբ: Հերթն իրար էր ուտում: Հրանտը բռնեց Արփենի դաստակից, որպեսզի չկորցնի, հետո, երբ տեսավ՝ շատ են դեսուդեն հրում, առաջարկեց դուրս գալ: Ինչների՞ն էր պետք: Հինգ տարվա ամուսնացած էին, հինգ անգամ ոսկու խանութի մոտով չէին անցել: Սակայն սատանան իր գործն անում էր: Կինը ոտքը կախ գցեց, թե՝

-Արի մենք էլ առնենք:

-Ցնդեցի՞ր:

-Ճիշտ եմ ասում: Եթե հինգ-վեց հարյուր ռուբլիանոց երկու մատնիք գնենք, ձեռքի վրա արժեքից 200-250 ավել կթռցնեն: Մեկից պարտքից կպրծնենք:

Անցած ամռանը ծովափ մեկնելիս Հրանտի եղբորից էին հինգ հարյուր վերցրել, բայց էսօր-էգուց էին գցում՝ չկարողանալով տալ: Ամեն անգամ չնախատեսված մի ծախս լինում էր՝ այսօր երեխայի ծնունդն է, վաղը բարեկամներն են գալու, մյուս օրը կնոջ ազգականներն են հարսանիքի հրավիրել, կնունք է, մահ, ձմեռ է գալիս, փոքրերին տաք հագուստ է պետք… Մի խոսքով՝ պարտքին հերթ չէր հասնում:

-Բա փո՞ղ:

-Քո գործը չէ: Դու միայն հերթ պահիր, ես կես ժամից կճարեմ:

-Որտեղի՞ց:

Լուսոյենց հիմնարկը մոտ է, տաքսիով կգնամ-կգամ:

Լուսինեն Արփենի քույրն էր: Հրանտը տագնապեց: Ի՞նչ գործ ունի մենակ տաքսի նստի՝ հետն այդքան փող. հանկարծ ու հոտն առնեն:

-Չէ, դու մնա:

-Սպասիր զանգեմ:

Մետաղադրամ չկար: Խնդրեց սրան-նրան՝ ապարդյուն: Ճարպիկ, աշխատող ուղեղ ուներ, տասը կոպեկանոցը գցեց ավտոմատը, խոսեց քրոջ հետ, ելավ խցիկից ու՝

-Դու մինչև տեղ հասնես, Լուսոն հազար կճարի:

Խրվեց: Սեփական նախաձեռնությամբ, սկզբում՝ երկու ոտքով, ապա՝ մինչև գոտկատեղը: Ավելի հետո խեղդուկը պիտի կոկորդին հասներ, հուպ տար խռչափողը, աչքերը պիտի դուրս թռչեին՝ հավիտյանս այդ արարքը մտապահելու ու նման հիմարություն այլևս չանելու համար:

Լուսինեն մի բան էլ շատ՝ հազար հինգ հարյուր էր գտել:

-Հազարը գրքույկից եմ հանել, մնացածը հաշվապահության աղջիկները տվին:

Փաստի առաջ կանգնած՝ Հրանտը վարանեց. ձեռքը չէր գնում:

-Դու գործ չունես, առնող գտնելն ինձնից, -իր հերթին վերջին կասկածները ցրեց քենին:

Փողն իսկապես պետք եկավ: Մինչ հերթը կհասներ, էժանագին մատանիները պրծան: Ստիպված էին մեկն առնել՝ հազար երկու հարյուր ռուբլիանոց:

Ամեն ինչ այդպես թարսվեց: Մնացած երեք հարյուրը վերադարձրեցին, տասն օր անց ստացած աշխատավարձերը գումարելով՝ հաշվապահության երկու հարյուրը փակեցին: Տաքսուն տված հինգ ռուբլին խոշոր գումարների կողքին չնկատվեց, հաշվի մեջ չմտավ, և մնացին ադամանդով մատանին, որը Հրանտն էր Արփենի առաջարկով ընտրել ու պիտի վաճառեր Լուսինեն, հին պարտքը՝ հինգ հարյուր ռուբլի և նորը՝ կլոր հազար:

Սկզբում գործում էին թաքուն, չէին կամենում շատ մարդ իմանա: Մատանին առաջին պտույտը քենու հիմնարկում կատարեց, այնուհետ շրջանակները մեծացան՝ ներառելով հարևաններին, հեռու-մոտիկ ընկերուհիներին: Գրեթե օրը մեկ զանգում էին: Առաջին շաբաթներին պատասխանները հուսադրող էին: Մեկը նույնիսկ համաձայնեց գնել, միայն թե հարյուր ռուբլի էր ավել տալիս: Մերժեցին: Բռնվելուց երկյուղելով՝ մատանու համար պայմանական անուն էին ընտրել՝ փոշեկուլ: Չէ՞ այդպես էր նմանակարգ բոլոր գրքերում, կինոնկարներում: Թվում էր, ամեն անկյունից հետևում են, ականջ դնում հեռախոսային խոսակցություններին: Հավատում էին հորինածին, ու ամեն մեկն իր բաժին դերը գերազանց էր կատարում:

Արփենը գործատեղից բոլորի ներկայությամբ զանգում էր քրոջը.

-Լուսո, էն փոշեծծիչն ի՞նչ եղավ:

-Տարել են արհեստանոց:

-Իսկ ե՞րբ կնորոգեն, չե՞ն ասել:

-Վաղը գնալու եմ իմանամ:

-Դե լավ, եթե պատրաստ լինի, տեղյակ պահիր: Տանը փոշին ելել, մարդ է ուտում:

Խեղդողը, մեջքից հրողը պարտքն էր: Ճիշտ է, թե եղբայրը, թե Լուսինեն չէին շտապեցնում, սակայն, միևնույն է, անլիարժեքության զգացումը սպանիչ ավերածություններ էր կատարում նրանց հոգում ու մարմնում: Շտապում էին, իսկ գնորդ չկար ու չկար: Մեկ ամիս անց Լուսինեի եռանդը մարեց, և մատանին վերադարձավ տուն: Այնուհետ գործի գլուխ Արփենը կանգնեց: Երկար գցել-բռնելուց հետո որոշեց տանել հիմնարկ՝ միայն թե ուրիշի ապրանք անվան տակ: Այդ կերպ հեշտ էր. խայտառակվելու վտանգ չկար: Հերթական սրամիտ վճիռը, սակայն, չօգնեց գործին: Նզովյալ մատանի էր: Բոլորը, ասես, խոսքերը մեկ էին արել. կար մարդ՝ մի քարանոց էր ուզում, մյուսը՝ բոլորակն, երրորդը՝ աղյուսի կտրվածքով, չորրորդի մատով չէր լինում, հինգերորդն առայժ փող չուներ…

Զղջում էին: Բռնած գործը քթներով էր գալիս, սակայն ի՞նչ կարող էին անել: Ստիպված՝ գինը հազար չորս հարյուր հիսունից իջեցրին, սկզբում՝ հիսուն, հետո՝ հարյուր, հարյուր հիսուն: Մեկ անգամ ևս զանգեցին քենուն՝ խնդրելով գտնել այն կնոջը, որը գնից հարյուր ռուբլի ավել էր տալիս: Պարզվեց, ուշ է. կինը մատանու փողով մուշտակ էր գնել:

Հրանտը չէր խառնվում գործին: Ճշմարիտ է, հետաքրքրվում էր, խորհուրդներ տալիս, Արփենին հավասար տագնապում, ծրագրեր մշակում, բայց վաճառքի փորձ՝ ամենևին: Տրամադրության հազվադեպ լավ պահերի բացելով օրենսգիրքը՝ դեմ էր անում Արփենին.

-Թանկարժեք քարերի վերավաճառքի համար գիտե՞ս որքան է հասնում:

-Ինչքան շուտ նստեմ, այնքան շուտ դուրս կգամ, -սրամտում էր կինը:

-Ազատվելուց հետո տան ճամփան մոռացիր: Թե հորանքդ տուն առան, լավ, ես որ տասը տարի նստածի հետ ապրող չեմ:

-Ուրեմն՝ այդպես, հա՞: Հրանտ տղա, չմոռանաս:

Առաջին օրերին կատակով սկսված խոսակցությունները կատակով էլ ավարտվում էին, իսկ վերջում՝

-Ասա քո ի՞նչ խելքի բանն էր առևտուրը:

-Սև գրողի ծոցը ծախվի: Կպոկեմ պիտակն ու կդնեմ մատիս:

Հրանտը սարսափում էր: Խև կին է իրեն բաժին ընկել, հանկարծ ու կնիքը պոկեց. այլևս վերջ, առնող չի լինի:

-Եվ խիղճդ չի՞ տանջի: Մենք պարտքի տակ թաղված՝ դու վերցնես հազար երկու հարյուր ռուբլիանոց մատանին դնես մա՞տդ:

Ի՞նչ անենք: Ուրիշներն ինձնից լա՞վ են:

-Այլոց հետ ի՞նչ գործ ունես: Ասենք թե դրեցիր, ի՞նչդ կավելանա: Եղած-չեղածը ապակու երկու կտոր:

_Աշխարհը, ասել կուզես, քո չափ խելք չունի:

-Աշխարհն իր կարծիքն ունի ես՝ իմը: Չեմ հարգում զուգված կանանց: Կիլոներով ոսկին լցնում են վրաներն ու փողոց ելնում: Իբր, ի՞նչ: Մարմնի թերություններն են ուզում ծածկել, բայց չգիտեն, որ հոգու աղքատուտթյունն են ցուցանում:

-Հրանտ տղա, հոգու հարստությունից գոնե հիմա մի խոսիր: Դու չե՞ս ստիպողը, որ ծախեմ:

Ամուսինը խեղճանում էր: Բա այնքան միջոց չունենա՞ր, որ առանց երկմտանքի պոկեր պիտակն ու ասեր՝ վերցրու, Արփեն, քեզ եմ նվիրում: Կինը գողտրիկ մատանի կունենար, ինքը կազատվեր մղձավանջից, ուղեղին նստած ժանգից, հոգին պարուրած թարախից, երակներում լերդացած սև արյունից ու շունչ կքաշեր՝ ազատ, արձակ-համարձակ, լիաթոք, լիասիրտ:

Ուրիշ մեկը, հավանաբար, այդ միջոցում հարյուր մատանի ծախած լիներ: Հրանտը տեսնում էր, չէ՞, ամբողջ օրն իրենց հիմնարկում կանայք ինչ են տալիս-առնում: Փակում են սենյակների դռները, լցվում իրար գլխի՝ էլ երեխայի տակաշոր, էլ ծծակ, ջինսից տաբատ ու կաշվե բաճկոն: Ինչ լեզուդ պտտի, սիրտդ կամենա: Միայն թե փող ունեցիր: Երևում է, դրա համար ևս հատուկ շնորհք է պետք, օժտված պիտի լինել: Անճարակից ո՞վ մատանի կառնի: Ուրիշ բան, եթե իրենց գանձապահուհու նման լիներ: Ամսվա երեք-չորս օրը աշխատավարձ է բաժանում, իհարկե, մանրադրամը տալ մոռանալով, մնացած ժամանակ առևտուր անում: Հիմարացրել է բոլորին, ատամները հաշվել: Ամենաքոսոտ ապրանքն իսկ կրկնակի գնով կարողանում է ծախել: Երկու հազար աշխատող ունեն: Բոլորը դժգոհում են, տրտնջում, բայց մեկի բերանը չի բացվում ասի՝ մեր արդար վաստակն է, վերադարձրու: Լռում են, հետո պատերի տակ խոսում:

Հրանտն էլ միամտի մեկն էր: Երկար տալ-առնելուց հետո գանձապահուհու մոտ մատանու մասին խոսք բացեց՝ բացճակատ: Կարծում էր՝ բոլորն են գնահատում ազնվությունը և պատրաստ են օգնության ձեռք մեկնել խեղդվողին: Պատմեց եղելությունը, հետո խնդրեց պետական գնով առնել:

-Հիմա խանութում մատնիքը թափած է, Հրանտ, ո՞վ կառնի:

Վրան, ասես, սառը ջուր լցրեցին: Մինչդեռ որքա՜ն հույս էր կապել: Եթե այդպես է, ինչու անկեղծացավ: Ոտքը քաշի, թե չէ, բոլորին՝ ով հասավ, կպատմի: Երկրորդ զարկն առավել սոսկալի էր.

-Եթե մինչև հունվար չծախես, կմնա վրադ: Հաստատ աղբյուրներից տեղեկացել եմ՝ ադամանդն էժանանում է:

Երեք օր անց նոր շամփրող հարված: Կանչեց խուցն ու՝

-Մեկին գտել եմ: Խանութի գնից երկու հարյուր պակաս առնում է:

Հաստատ գիտեր, որ երրորդ անձ չկա. պարզապես բազմափորձ ռազմավարություն է:

-Այդ դեպքում ավելի լավ չէ՞ կոմիսիոն դնեմ:

-Միամիտ, -ետքից ձայնեց նա:

Հաջորդ օրը դիմեցին խանութ: Հերթ էր: Ավելի շատ հանձնում էին, քան ծախում: Կանգնեցին վախեցած՝ դեմքով դեպի պատը. հանկարծ ու որևէ ծանոթ տեսնի: Ի՞նչ կմտածեն իրենց մասին. Հը՛մ, փող ունեն, ոսկու առևտուր են անում, -կասեն:

Լենուբոլ կյանքով ապրողները մտնում էին վստահ, բարևում աշխատողներին, կանչում մեկուսի անկյուն, մեկ-երկու րոպե քչփչալուց հետո ավելի ինքնավստահ դուրս գալիս: Առավել մտերիմներին ետնասենյակ էին հրավիրում թևանցուկ՝ մի տեսակ քամահրանքով շրջանցելով հերթը: Ամուսիններին անորոշ տագնապ պատեց, հաջողությունը խիստ կասկածելի էր: Վաճառասեղանի ապակու տակ տարատեսակ մատանիներ էին, թեև ոչ մեկն իրենցի գողտրիկությունը չուներ: Ընթացքում, զուր ժամանակ չկորցնելու մտադրությամբ Հրանտը դիմեց վաճառողուհիներից մեկին.

-Գնապիտակը վրան մատանին քանիսո՞վ եք վերցնում:

-Նայած:

Պատրաստակամ՝ ձեռքը գրպանը տարավ:

-Ձեր հերթը կհասնի, կասեն, -էլ ավելի դժկամ, որ նման քոսոտի հետ է խոսում, պատասխանեց կինը՝ դրանով խոսակցությունը համարելով ավարտած:

Մինչ հերթը կհասներ, մի միջադեպ ևս եղավ: Իրենցից մի մարդ առաջ կանգնած տարեց կինը բացելով փաթեթը, կողքին եղողին խնդրեց մոտավոր որոշել, թե ինչ գին կառաջարկեն: Ըստ ամենայնի, նա ևս առաջին անգամ էր ոսկերչական իրերի կոմիսիոն խանութի հետ գործ ունենում: Արծաթե հնաոճ գոտի էր՝ անպայման մեծարժեք:

-Յոթ հարյուր հիսուն գրամ մաքուր արծաթ է, -ասում էր կինը՝ ճպելով ջրակալած աչքը:

Նոր-նոր հարստացած, դրամը խելամտորեն ծախսելու կերպը չիմանալուց ուտելիքին զոռ տված մի կին և նրա նույնքան հաստլիկ ամուսինը՝ կարճակզակ, գործարար տեսքով վրա եկան, սկսեցին տնտղել գոտին:

-Հինգ հարյուր կտամ, մի հանձնիր, -գրոհի անցավ տղամարդը:

Կինը ճմռթված թաշկինակը հուզմունքից տարավ ջրակալած աչքին.

-, Բայց ես սրա արժեքը դեռ չգիտեմ:

-Հանձնելու դեպքում յոթ տոկոս կոմիսին վարձ կպահեն, այնպես որ տակը բան չի մնա:

-Յոթ հարյուր հիսուն գրամ է, անցյալ դարի գործ. այդքա՞ն կանի որ…

Նրա օգնություն հայցող հայացքն առավ Հրանտին: Կինն ազնիվ դիմագծեր ուներ: Ճերմակ մի մազափունջ դուրս էր պրծել հնաոճ գլխարկի տակից, մատներին, չնայած խանութում տոթ էր, շարունակում էին մնալ ժանեկազարդ մաշված ձեռնոցները:

-Դուրս գանք փողոց, -էլ ավելի գործնական առաջարկեց կարճակզակը:

Ծեր կինը չկամենալով հանդերձ ենթարկվելով շեշտ խոսքին՝ սկսեց աղմուկով փաթաթել գոտին:

-Հեյ, պառավ, -լսվեց վաճառողի զայրացկոտ ձայնը, -այստեղ առևտուր չանես, թե չէ հենց հիմա բռնել կտամ:

Կինը սոսկումով գոտին սեղմեց չեղած կրծքին, ետ եկավ տեղը:

Ոսկյա սովորական իրերն ընդունողն այլ էր, հնաոճինը՝ ուրիշ: Նախ՝ միայն Հրանտին ներս թողեցին: Ճաշակով հագնված մեկը խոշորացույցով կարդաց գնապիտակին եղածն ու առաջնորդեց մյուս՝ տնօրենի սենյակը: Վերջինս կաշվե ուռուցիկ թիկնակներով բազկաթոռին ընկողմանած՝ հաղորդում էր դիտում: Հրանտը բարևեց: Նա քաղաքավարի, բայց շատ սառը առաջարկեց նստել:

-Ինձ ուղարկեցին ձեզ մոտ:

Տնօրենը պատասխանի չարժանացնելով՝ ձեռքն առավ մատանին, խոշորացույցով կարդաց մաշված գնապիտակը, երկար-երկար զննեց կնիքն ու էլեկտրական հաշվիչին զանազան թվեր գցելով՝ ասաց.

-Ինը հարյուր ութսունյոթ ռուբլի:

-Ո՞նց թե, -անակնկալի եկավ Հրանտը, -անգամ գի՞նը չեք տալիս:

-Սա շուկա չէ: Ինը հարյուր ութսունյոթ ռուբլի և ոչ մի կոպեկ, -չոր, առարկություն չընդունող տոնով շարունակեց մարդը:

-Կոմիսիոն տոկոսը հանա՞ծ, -դիմացինին զրույցի մեջ քաշելու հույսով ձայնին մտերմիկ երանգ հաղորդեց Հրանռը:

-Ոչ: Կոմիսիոն վարձը պահում ենք վաճառքից հետո: Ինը հարյուր ութսունյոթը ապրանքային արժեքն է:

Հրանտը ճանկեց մատանին, առանց ցտեսություն ասելու դուրս եկավ: Առաջին ընդունողը, որ երևի տարիների փորձից գիտեր, թե ներսում ինչ կատարվեց և համեմամտաբար գթասիրտ էր ու պարզ բնավորության տեր, հետևից ձայնեց:

-Մենք ոսկին ընդունում ենք գրամով, որպես մետաղալոմ:

Դրանից հետո մատանու մասին տեղեկացան մյուսները: Այժմ գործում էին բացահայտ. թաքցնելու պատճառ չկար: Վաճառել էին ուզում՝ պետական գնով: Վախի, ամոթի զգացումը բթացել էր, մղվել հետին պլան:

Խճճվել ու հուսակտուր ջանքեր էին գործադրում՝ ստեղծված վիճակից դուրս գալու: Հաստատվել էր նաև գանձապահուհու ասածը. խանութներում բազմատեսակ մատանիներ կային՝ ամենատարբեր գնանոց:

Ինչ-որ մեկը, հետագայում այդպես էլ չիմացվեց՝ ով, խորհուրդ տվեց հանձնել խանութին: Վրան գին լինելու դեպքում, -ասել էր, -արժեքից հարյուր ռուբլի պակաս կվերցնեն: Ու որոշել էին՝ եթե այս անգամ ևս չվաճառվի, փորձեն նաև այդ միջոցը:

-Գնանք, -ասաց Արփենը, երբ Հրանտն ընդառաջ շտապեց:

-Ի՞նչ են ասում, -անկիրք, հենց այնպես հարցրեց ամուսինը. նրան ըստ էության, պատասխանը հայտնի էր:

-Հղփացածներ: Թանկանոց է ուզում՝ էլի կանաչ, բայց խոշոր զմրուխտով և առնվազն վեց-յոթ հազարանոց:

-Առնում են տակները լցնեն: Դրա տունը եթե քրքրեն, համոզված եմ, տասը-քսան կիլո ոսկի կլինի, միլիոն դուրս կգա:

-Ասում է՝ կնոջս ծննդյան օրվա համար է:

-Թե որ այդքան փող ուներ, թող սա էլ առներ, իրենից ի՞նչ կգնար, -խեղճացավ Հրանտը:

-Կնոջն էլ որ չնայե՞ս՝ կապիկը քեզ օրինակ: Նոր որ գնաց, չոփ էր, հիմա կերել փքվել է:

-Այդպիսիք շատ չեն ապրի. կյանքն անպայման կպատժի:

-Բան գտար ասելու: Մենք խոսում ենք, նրանք՝ վայելում:

-Գնա տուն: Երեխաները դպրոցից եկած կլինեն, իսկ ես խանութ կմտնեմ:

-Արժե՞ որ:

-Փորձը փորձանք չէ:

-Ես նույնպես կգամ:

-Չէ, դու գործ չունես: Ինչքան քիչ մարդ լինի, այնքան ազատ կխոսեն:

Արփենը հանեց թաշկինակում փաթաթած մատանին:

-Պատյանով ավելի գեղեցիկ կլիներ: Իզուր չպահեցինք, մեկ ու հիսուն էինք տվել:

-Չե՞ս հիշում, գրպանում ուռչում էր, ուշադրություն գրավում, -հետո խոսքը փոխեց, -բայց ո՞նց կլինի. Ուրիշները նույն գործից հազարներ են վաստակում, մենք պիտի վնասով դուրս գանք:

-Ախուվախի ժամանակ չէ, իբր, առան, սկսում ես: Ավտոբուսը գալիս է, շտապիր:

Արփենը միակ բարձրացողն էր: Նրա ետքից դռները շրխկոցով գոցվեցին, և մեքենան ծուխ արձակելով հեռացավ: Արփենս, կինս, միակս, հավատարիմս, ես քեզնից ներողություն եմ խնդրում ավտոբուսով ճամփելու, քեզ բաժին ընկած դժվար կյանքի համար: Վերջում ազատ տեղ կա, նստիր: Ոչինչ, որ համեմատաբար շատ վերուվար կանի, կթռցնի, փոխարենը տաք է. շարժիչը հետնամասում է, դրա համար: Պատուհանից դուրս մի նայիր: Թող առանց այդ էլ ընկած տրամադրությունդ չընկնի: Մռայլ եղանակ է: Իմ փոխարեն կհամբուրես երեխաներին: Արդեն կարոտել եմ: Գեղեցիկ են նրանք, մեր հույսն են, մեր ուրախությունը, ծանր օրերի մեր սփոփանքը: Չեմ ուզում նրանց աչքին արցունք տեսնել: Իմը հերիք է: Դժգո՞հ ես ինձնից: Չ՞է: Ես այդպես էլ գիտեի: Դե գնա, զգույշ սառույցներից, հանկարծ չգայթես: Մի, մի նեղսրտիր. բոլոր ճանապարհները չէ, որ հեշտ ու անսայթաք, անվտանգ են: Ու նաև՝ ոչ ոքի չմեղադրես. կյանքն է այդպես: Չես պատկերացնի, թե որքան ուրախ եմ, որ անփորձանք հասար: Ի՞նչ անեմ՝ իմ էությունն է. չնչին բաներն ազդում են վրաս, հուզվում եմ: Դու էլ պակասը չես: Ինչ հիմար ֆիլմ, գիրք լինի, բավական է մի զգայացունց պատկեր, լալիս ենք: Ես քեզնից եմ արցունքներս թաքցնում, դու՝ ինձնից: Ճի՞շտ է: Փոքրիկները նույնպես մեզ են քաշել: Ավելի լավ. մարդ չեն տրորի, հոգի չեն սպանի: Թե կարողացան մեկին նեցուկ լինել, կլինեն, եթե ոչ՝ գոնե վնաս չեն տա: Դե սեղմիր, սեղմիր զանգի կոճակը: Տեսա՞ր ինչ լավ եղավ, դու դարձյալ նրանց հետ ես, Արփենս, կինս, միակս, հավատարիմս: Ձագուկներին ասա, որ շուտ կգամ: Շուտով կգամ:

Խանութում քիչ մարդ կար: Ակնեղենի բաժնում երկուսը, վաճառասեղանին կռթնած, ուշադիր ուսումնասիրում էին զարդերը, քիթ-քթի խորհրդակցում: Վաճառողին դիմելու համար Հրանտի համարձակությունը չհերիքեց: Ետ դարձավ, թեքվեց ժամացույցների բաժնի կողմը, ուր ոչ ոք չկար: Տեսականին հարուստ էր: Առանձնապես մեկը՝ պատի, շատ դուր եկավ, մտադրվեց փող ունենալուն պես առնել: Ողորկ, անփայլ փայտը տան իրերին, մանավանդ գորգին կմերվեր:

Զույգը վերջապես ոսկյա բարակ շղթա գնած հեռացավ: Վաճառողուհին մնաց մենակ: Հրանտը վճռեց մոտենալ. ավելի հարմար պահ դժվար թե լիներ: Որքան էլ քայլերն զգուշությամբ էր փոխում, միևնույն է, մարմարե հատակին առնող կրունկներն ահավոր ձայն էին հանում: Այդպիսի վճռական պահերի կոշկանալերը միշտ խանգարել են: Կրունկները մաշվելուց փրկելու, մեկ ամիս ավելի հագնելու համար էր պայտել տալիս, բայց թե՝ օգուտն ու վնասը որոշելը դժվար էր:

Գրեթե թաթերի վրա մոտեցավ վաճառասեղանին.

-Բարև ձեզ:

-Բարև, -անցողակի նրան նայելով՝ պատասխանեց կինը:

-Մի խնդրանք, սակայն չգիտեմ՝ ճի՞շտ հասցեով եմ եկել:

-Ասեք, լսում եմ:

-Կնոջս համար մերոնք մատանի են գնել, սակայն շտապ փողի կարիք ենք զգում: Գուցե հե՞տ վերցնեք:

Ատելով ատում էր սուտ խոսելը, բայց հարմար արդարացում չգտավ: Եթե ճշմարտությունն ասեր, ոչնչացված կզգար իրեն, հիվանդագին ինքնասիրությունն ափերից կհաներ ու, ով գիտե, ինչ հիմարություն գործեր մաղձից ազատվելու համար: Նպատակն արդարացնում է միջոցը, -դառնությամբ, իր հանդեպ բացահայտ թշնամանքով լցված՝ մտածեց Հրանտը:

-Մեր խանութի՞ց են գնել:

-Այո, կնիքը դեռ վրան է: Ամենևին չի օգտագործված:

-Ի՞նչ գնանոց է, տվեք տեսնեմ:

-Հազար երկու հարյուր ռուբլիանոց: Ադամանդից է, -ասաց ու ոգևորված՝ ձեռքը գրպանը տարավ:

Կինը շուռումուռ տվեց մատանին, տնտղեց, հետո դարձավ այցելուին.

-Մենք հետ վերցնելու իրավունք չունենք: Դրա համար կոմիսիոն խանութ կա:

-Այնտեղ ցածր են գնահատում:

-Ոչնչով չեմ կարող օգնել:

-Ես ձեզ շատ եմ խնդրում, մտեք դրությանս մեջ, -համառեց Հրանտը:

Վաճառողուհին ներքին շրթունքն առավ ատամների տակ, մի կես րոպեի չափ քննախույզ, շիփ-շիտակ նայեց Հրանտի աչքերին, ապա՝

-Սպասեք:

Խորքի սենյակ տանող դռնից երևում էր անկյունում դրած անկիզելի պահարանը, վրան՝ բյուրեղապակյա ջրաման, նույնպիսի բաժակներ, գրասեղանի առաջ նստած մարդու կիսադեմը և սեղանին հակված վաճառողուհու մարմինը: Նրանց զրույցը երկար չտևեց: Տղամարդու գլուխը կորավ տեսադաշտից, մնաց թիկունքը: Հավանաբար մատանին էր զննում: Իրոք, քիչ անց նա ուղղվեց, և բարձր բռնած մատների արանքում շողաց մատանին: Հրանտենցն էր:

Լավն է, ի՞նչ ես երկար զննում: Փող չունեմ, ճաշակ, հո, կա՞: Դե պրծի, վաճառքում, տեսնում եմ, նման մատանի չունեք: Հրես, դեմս շարած են: Տեսնես վաճառողը բաժնից բացակայելու իրավունք ունի՞: Բա որ գողանան, թե՞ ազդանշանային համակարգը միացած է: Արագացրու, նյարդերս տեղի են տալիս: Ի՞նչ կա չվստահելու: Գործարանային կնիքը վրան է, գինը՝ տեղը տեղին: Ճիշտ է, թվերը մաշվել են, բայց ի՞նչ անենք: Անկիզելի պահարանն ինչու՞ է բացում: Հա, երևի փողն է ցանկանում հանել: էլի էդ անտեր խոշորացույցը: Նայիր, ինչքան կկամենաս: Լույսի տակ պահիր, կտեսնես ինչպես է շողարձակում: Զմրուխտն էլ մաքուր է, վճիտ: Մարդ իմանա՝ ինչ են խոսում: Կարծես, ավարտեցին:

-Դուք պետք է սպասեք, - հետ գալով՝ ասաց վաճառողուհին:

-Ի՞նչ կա, -անհանգստացավ Հրանտը:

-Առնող ենք գտել: Տնօրենը զանգում է, երևի, տասը րոպեից գան:

Հրաշալի է, հիանալի: Հետաքրքիր է՝ քանիսո՞վ: Եթե բան չի ասում, հնարավոր է պետական արժեքով է:

-Շնորհակալ եմ, ես ձեր լավությունը չեմ մոռանա:

-Թող գան, տեսնենք ինչ են ասում, նոր:

-Ես բոլոր պայմաններին համաձայն եմ:

Իհարկե, համաձայն է: Եթե նույն արժեքով գնեն, ինքը հիսուն, գուցե նաև հարյուր ռուբլի կամավոր թողնի: Ում ինչքան հասնում է, թող վերցնեն:

-Ես կսպասեմ, -պատրաստակամ ասաց և, ժամանակ մեռցնելու համար, ուղղվեց հուշանվերների բաժնի կողմը:

-Խանութից չբացակայեք, կարող են ամեն րոպե գալ:

-Շատ լավ, -վերստին արձագանքեց՝ շնորհակալախառն ժպիտ հասցեագրելով կնոջը:

Վաճատողուհին ևս թույլ ժպտաց, ապա դեմքին խղճահարության պես բան հայտնվեց, որն իր հերթին արագորեն չքացավ, և մնաց անկիրք, անտարբեր լրջությունը:

Հրանտն սկսեց անշտապ դիտել ցուցափեղկերի նմուշները՝ ժամանակ առ ժամանակ աչք գցելով մուտքի դռանը: Սրահում ելումուտը սակավ էր: Խորքի սենյակի տղամարդը ելել, ետուառաջ էր քայլում բաժնում: Հետո նա ինչ-որ բան հարցրեց: Հրանտը գլխի ընկավ՝ իր մասին է խոսքը: Վերջինիս հայացքը ոստոստալով սահեց սրահով՝ ուղղություն վերցնելով դեպի հուշանվերների բաժինը: Նրանց աչքերը մի պահ իրար առան, և Հրանտը վատ թաքցրած դաժան փայլ տեսավ: Երկուսն էլ նույն պահին շրջեցին դեմքերը, Հրանտը՝ շփոթմունքից, նեղվելուց, տնօրենը՝ դիմացինի ուշադրությունը չգրավելու, չնկատվելու համար: Ապա նա ներս գնաց, և բաժնում մնացին վաճառողուհին, վաճառասեղանից այն կողմ՝ գեղջկական հագուկապով մի ընտանիք. երևում էր, նորահարսի համար նվեր էին ընտրում:

Հրանտը վերջին պահին տեսավ խանութ մտած երկու բարձրահասակ տղամարդկանց, որոնք համաքայլ կտրեցին սրահը և, վաճառողուհուն չնկատելով, ուշադրության չարժանացնելով՝ մտան ետնասենյակ: Կինը միանգամից լարվեց, զգաստացավ: Նրանք են, -մտածեց Հրանտը: Ի՜նչ էլ հագնվել են: Հարկավ, եթե այսպիսի շրջապատ ունեն, ադամանդից մատանի են գնում, փող ևս կունենան: Չէ, իր նման. ամիսը մեկ է կրունկներին նալ խփում, ինչ է թե չմաշվեն: Որ չամաչի, ողջ ներբանը կթիթեղապատի:

Վաճառողուհին ձայնեց: Հրանտը մոտեցավ:

-Ներս անցեք, -ասաց կինը՝ բացելով սեղանի շարունակությունը կազմող դռնակը:

Բացվածքից մտնելով բաժին՝ անվճռական կանգնեց. առաջին անգամ էր վաճառասեղանից այն կողմ, անսովոր վիճակ էր:

-Մտեք, ձեզ են սպասում, -գլխով դուռը ցույց տվեց կինը:

Ներսում երեքն էին: Նորեկներից մեկը պատի օրացույցին էր նայում, մյուսը նստել, թեթևակի օրորում էր ծունկը: Տնօրենը բանալիների օղը մատն էր անցկացրել, և ծանր տրցակը մեկ աջ էր գնում, մեկ ձախ՝ իբրև ապացույց տիրոջ գոհ կյանքի: Լռությունը տրամադրող չէր, ուստի Հրանտը հուզվեց: Ներքին լարումը, կաշկանդվածությունը քողարկելու հույսով փորձեց ձայնին ազատություն հաղորդել, սակայն ճիշտ հակառակը ստացվեց. այն կերկերոցով դուրս եկավ, ու նա, գործը վերջնականապես չձախողելու համար, խռպոտ հազաց:

Ողջույնին միայն ծունկը գրկածը պատասխանեց: Չբարևողները բնավորությամբ ուժեղ, բայց անհոգի մարդիկ են, -որոշեց Հրանտը

-Դու՞ք եք մատանին վաճառում, -հարցրեց կանգնածը և կտրվելով օրացույցից՝ դարձավ այցելուին:

Գլխով արեց:

-Ցույց տվեք, եթե կարելի է:

Հրանտը շփոթված նայեց տնօրենին: Մի՞թե դեռ չեն տեսել: Վերջինս բացեց անկիզելի պահարանն ու, ձեռքը խորքերը տանելով, հանեց մատանին: Նստածը, որ ավելի տարիքով էր, վերցրեց այն, թեթևակի տնտղեց, փորձեց անցկացնել ճկույթը: Մատանին կեսճամփին լռվեց:

-Որքա՞ն եք ուզում:

-Պետական արժեքով՝ հազար երկու հարյուր: Եթե առնելու լինեք, կարող եմ հարյուր ռուբլի իջնել, -նույն պահին զիջեց Հրանտը:

-Դու՞ք եք գնել:

Ի՜նչ էլ տիրաբար են հարցեր տալիս, ամեն մանրամասն են կամենում իմանալ: Չլինի՞ դուրները չեկավ. թխպել են:

-Ես, անձամբ եմ գնել, -հետո մյուս հարցը կանխելու մտադրանքով հավելեց: -Այս խանութից, մեկ տարի առաջ, -ասաց ու տեղնուտեղը հիշեց՝ վաճառողուհուն այլ բան պատմեց: Սակայն այլևս ուշ էր:

-Իսկ քարերը ե՞րբ ես փոխել, -թունոտ նետեց տնօրենը, որ մինչ այդ լուռ էր:

-Ի՞նչ քար, -անակնկալի եկավ Հրանտը:

-Ադամանդները, -թողած տպավորությունից գոհ՝ խանութպանը թիկնակով մեջքը քորեց:

-Չեմ հասկանում:

-Պարզ կասեմ. բրիլյանտը հանել ես, տեղը սապֆիր դրել:

-Սապֆիրն ի՞նչ է, -անկեղծ զարմացավ Հրանտը:

Դեռևս ուղեղին չէր հասնում դիմացինի ասածը, բայց որ այդ ամբողջից վատ հոտ էր գալիս, անկասկած էր:

-Մատանին որևէ մեկին ցույց տվե՞լ եք:

Ի՞նչ պատասխանի: Իհարկե, ում պատահել, ցույց են տվել:

Դրանց կարծես միայն քարի հարցն է հուզում: Չլինի՞ խանութից այդպես առան: Եթե սողունի ասածը ճիշտ է, ապա այժմ անհանար է պարզել: Գուցե վերջինի՝ միլիոնատիրո՞ջ սրիկայությունն է: Հետաքրիքիր է, ինչպե՞ս են փոխել, որ չի նկատում: Որքան հիշում է, սապֆիրը շափյուղան է:

-Տվել եմ, - պատասխանեց Հրանտը:

-Անուններն ասեք՝ ու՞մ:

Խոսք են ուզում քաշել: Կոնկրետ անուններ չարժե տալ: էլ մարդ չգտան, իրեն են զոհ ընտրել:

-Չեմ հիշում:

-Հարկ կլինի մտաբերել:

Վախեցնում է: Չէ, չպիտի երկյուղել: Ճիշտ է, ծունկը չի ենթարկվում և, անկախ կամքից, ցնցվում է, բայց երևում է, եթե խեղճանա, ինչ ասես կբարդեն վրան:

-Տվեք մատանին: Ես չեմ կարող երկար սպասել:

-Մենք դեռ հարցեր ունենք պարզելու:

-Չհասկացա, դուք ո՞վ եք, -նյարդայնացավ Հրանտը:

Կանգնածը, ըստ երևույթին Հրանտին տարեկից, ծոցագրպանից գրքույկ հանեց: Կարմիր վկայականի տեսքն իսկ բավական էր, որպեսզի գլուխը կորցնի:

-Ինձնից ի՞նչ եք ուզում: Մատանին չեմ ծախում, մտքափոխվեցի:

-Արդեն էական չէ:

-Ես ձեր ասած մարդը չեմ:

-Սա ձեր մատանին է, ճի՞շտ է:

Հրանտը գլխով հաստատեց:

-Իսկ ի՞նչ գործ ունի խանութում, -տարեկիցն ասածից գոհ՝ խրախուսանք ստանալու ակնկալությամբ նայեց նստածին: Հարցը պատասխան էր ենթադրում, իսկ պատասխան չկար:

-Քեզ հիմարի տեղ մի դիր:

-Հիմարը դուք եք: Չհամարձակվեք ինձ վիրավորել, -ակամա առաջ մղվեց Հրանտը:

Տնօրենը լպիրշ ժպտաց:

-Հիմարն ու խելոքը հիմա կջոկես:

-Որտե՞ղ եք աշխատում, -խոսքակռվին միջամտեց նստածը:

-Ձեր ի՞նչ գործն է: Առնում եք, առեք, չէ… Տվեք մատանին, -չարացավ Հրանտը:

Տեսնես ովքե՞ր են: Չլինի՞… Այս գարշանքից ամեն բան սպասելի է: Նա ոչնչացնող հայացքն ուղղեց խանութպանին: Վերջինիս դեմքից նողկալի ժպիտը չէր հեռանում:

-Օրգանի աշխատողներ են, ծանոթացիր, -ասաց, հետո չգոհանալով՝ ավելացրեց: -Դե հիմա որոշիր հիմարն ու խելոքը:

-Շուտ ես ոգևորվում, -տնօրենին փորձեց չափերի մեջ դնել նստածը: Բայց նա դրության տեր էր զգում:

-Պատկերացնու՞մ եք, անխելք հալով ուզում էր մեզ հարիֆցնել: Ադամանդները հանել է, տեղը սապֆիր դրել: -Արա, -նա դարձավ Հրանտին, - իմ ձեռքով օրը հարյուր մատնիք է անցնում, ես չգիտե՞մ ադամանդը որն է:

-Վերջացրու, -այս անգամ ձայնին խստություն հաղորդելով՝ սաստեց նույն անձը, ապա ծունկը թողնելով՝ դարձավ Հրանտին: -Դուք իսկապե՞ս ոչնչից տեղյակ չեք:

-Ոչ:

Օրգան: Օրգանի աշխատողներն ի՞նչ գործ ունեն իր հետ: Ճիվաղ, ուրեմն՝ ինքն է զանգել: Թակարդը գցեց սողունը: Չբռնե՞ն հանկարծ: Խայտառակ կլինեն ինքն էլ, Արփենն էլ: Ոտքերը ծալվում էին, տակից փախչում: Կենդանական սարսափ էր համակել:

-Դուք այս մարդուն ճանաչու՞մ եք, -գլխով տնօրենին ցույց տվեց նույն անձնավորությունը:

-Ես ու դա՞, -դեմքը ծամածռեց լկտին:

Սրա նմաններին հողն ինչպե՞ս է պահում: Մեկնումեկը մինչև հիմա ինչու՞ գլուխը չի ջնջխել:

-Եղկելի մարդ, -ասաց, դարձավ եկվորներին: -Նորից եմ կրկնում՝ ես վերավաճառող չեմ:

-Մի անպատվեք, -սաստեց նստածը, -ձեր գործն ավելի եք բարդացնում:

Տնօրենն ուշացումով գլխի ընկավ, որ վիրավորեցին: Նա տեղում անհանգիստ շարժվեց: Ակնհայտորեն «եղկելի» բառին առաջին անգամ էր հանդիպում:

-Վաղու՞ց եք սպեկուլյացիայով զբաղվում, -նախանձելի համառությամբ հարցազրույցը շարունակեց ցանկալի հունով տանել տարեկիցը:

Դուք էլ բան եք գտել: Սրան բռնեք: Համոզված եմ, եթե հետաքննեք, տակից հազար կեղտ դուրս կգա: Ադամանդներն էլ նա է գողացել: Գող:

-Քարերը դուք եք փոխել, -ասաց, շիփ-շիտակ նայեց տնօրենին: -Հիմա էլ մարդ եք հրավիրել, որպեսզի ինձ բռնեն:

-Արա, ես քեզ, եթե պետք լինի, ոսկով կծածկեմ: Ուրեմն՝ քո քոսոտ մատնիքի՞ն պիտի աչք դնեի:

-Թշվառական, -ասելիք չգտավ Հրանտը:

-Ինձ վիրավորում է, խնդրում եմ արձանագրել:

Չլինի՞ պատահական մարդիկ են: Ներկայացում են խաղում, որպեսզի մատանին իրենց թողնեմ: Գրողի ծոցը հազար երկու հարյուր ռուբլին: Միայն թե այս քստմնելի վիճակից դուրս գա:

-Չեղավ: Եթե շարունակեք ձեզ վատ պահել, ստիպված կլինենք տանել:

-Ու՞ր: Ես ոչինչ վատ չեմ արել: Պարտքերի մեջ թաղված էի, ասի փորձեմ՝ գուցե առնող գտնվի: Չլսեցի՞ք, մի բան էլ պակաս էի տալիս, -ընկրկեց Հրանտը:

Աստված իմ, բա որ իսկապե՞ս գործ բացեն: Քանի՞ տարի կտան: Էհ, խայտառակվելուց հետո տարիքն ի՞նչ կարևոր է: Ինքնասպան լինելուց բացի այլ ելք չի մնա: Տականք, թե ադամանդներին աչք էիր դրել, ասեիր, էլի: Կինս, երեխաներս էլ ի՞նչ երեսով պիտի բակ իջնեն, ծանոթ-բարեկամներին նայեն: Ասենք թե ինձ խորտակեցիր, հետո՞: Ինչպե՞ս ես ապրելու, թե՞ անընդհատ ոսկու, փողի հետ գործ ունենալուց հոգիդ ժանգակալել է:

-Լաց է լինում, բայց մատնիք տալ-առնել գիտի, -վերստին մեջ ընկավ տնօրենը:

Հրանտը չարձագանքեց: Ավելի լավ է խեղդի վիրավորանքը: Գործը լուրջ բնույթ է ստանում: Գուցե խնդրի՞, մատանին դրա՞նց տա: Տարեցը, երևում է, պաշտոնով ավելի մեծ է, բարություն կա դեմքին: Հույսը նա է, թե չէ եթե բանը դատարանին հասավ, փրկություն չկա: Կասեն՝ բռնվել է վերավաճառելիս, ապրանքը ձեռքին: Դե եկ ու հակառակն ապացուցիր: Նմա՞ն դեպքեր են գլխիվայր ներկայացվել: Եվ հետո՝ ո՞վ կհավատա. փաստերն իր դեմ են, ու ճշմարտությունն էլ դա է: Սրիկան ամեն բան գցել-բռնել է: Դրա նմանները, եթե պետք լինի, փողով քննիչների, դատավորի բերան էլ կքաղցրացնեն: Իսկ իրեն… ո՞վ կտա, ո՞վ թիկունք կկանգնի և կամ՝ ինչու՞ կանգնի: Բայց իսկապես, որտեղի՞ց են՝ ԲԽՍՍ-ից, թե՞ ոսկու, թանկարժեք քարերի գործը անվտանգության ծառայության մենաշնորհն է: Հիմա, եթե փրկություն կա, միայն հիմա…

-Խնդրում եմ, ներեք, վաճառելու կարգը չգիտեի: Հավատացեք:

-Մարդ են սպանում, հետո գալիս, թե՝ ներեք, -նկատեց կանգնածը, որ ավելի չար էր:

-Մատնիքը թող ձեզ մնա, ուրիշ ի՞նչ ասեմ:

Հրանտն ամոթից գլուխը հակել էր ու չտեսավ հայացքների խաղը:

-Չէ, գնացինք: Երևում է մեզ ժուլիկների տեղ է դրել:

Վրիպեց, այն էլ՝ ամենաճակատագրական պահին: Հրանտ, ապուշ, աշխարհի հողերը գլխիդ, ինչպե՞ս գլխի չընկար, որ նա երկընտրանքի մեջ է: Պետք է ճշմարտությունը պատմեիր, զավակներիդ անունը տայիր: Կհավատար, կգթար: Իսկ դու վերցրիր ու ամենափորձառու սպեկուլյանտիի պես՝ մատանին ձեզ մնա: Կաշառք էիր առաջարկում, հա՞: Ուրեմն՝ իրոք, վերավաճառում էիր, և առաջին դեպքը չէ:

-Ես ոչ մի տեղ չեմ գա: Տանն ինձ սպասում են, -դողէրոցքի մեջ մրմնջաց:

Նստածը ոտքի կանգնեց: Դեմքին անտարբերության քող էր իջել, խղճմտանքի ոչ մի հետք:

Արփեն, Արփեն, Արփե՜ն: Ինձ տանում են, տանու՜մ: Այս ինչ ահավոր բան կատարվեց: Ձագուկներս, խեղճերս, որբերս: Չկարողացա խոստումս կատարել: Դուք դռան զանգին եք սպասում, հա՞: Հայրիկն այսօր այլևս չի գա: Պինդ փաթաթվեք վերմակով, հանկարծ չբացվեք. գիշերները հիմա առանց հայրիկի ցուրտ կլինի: Ցուրտ կլինի…

-Մեքենան սպասում է, շտապեք, -կարգադրեցին օրենքի ներկայացուցիչներն ու վստահ, որ հանցագործն իրենց կհետևի, դուրս եկան: Նրանք այժմ ավելի բարձրահասակ էին երևում:

-Այս ի՞նչ արիր, -շվարած՝ տնօրենին դարձավ Հրանտը:

Ջախջախված մարմնում ապտակելու ոչ ուժ կար, ոչ ցանկություն:

-Ուզու՞մ ես բանտ չընկնել:

Հրանտը չարձագանքեց. փոխարենը հայացքն էր խոսում:

-Մատանին նրանց նվիրիր:

-Առաջարկեցի, չտեսա՞ր ինչպես զայրացավ:

-Քո գործը չէ: Համոզելն ինձ վրա:

Մի՞թե խիղճը խոսեց: Այդպես էլ կա: Միս ու արյունից է, չէ՞, տեսնում է իր տառապանքը: Ինքը շնորհակալ է պատիվը փրկելու, խայտառակությունից ազատելու համար: Շնորհակալ է իր անունից, երեխաների անունից, Արփենի անունից է շնորհակալ: Պատրաստ է ևս հազար ռուբլու պարտքի տակ մտնել, միայն թե դուրս պրծնի: Խղճուկ, այս աշխարհի հզորների հետ էիր կամենում ոտք մեկնել, հա՞: Քոնը գլուխդ քարշ ապրելն է: Թե չէ՝ ադամանդ, առևտուր, կապուկներով փող… Շատ որ համառես, ոտքի տակ կճզմեն, իմացիր: Քո լղճոր նյարդերով ու՞ր ես մարտադաշտ մտել:

- Արի ետևիցս:

Խանութպանը ելավ տեղից, բացեց ժապավենաձև վարագույրով քողարկած մետաղյա դուռը: Ներսում պահեստային տնտեսությունն էր: Շրջանցելով ճանապարհը փակող զանազան տուփերն ու տարաչափ արկղերը՝ հասան մեկ այլ երկաթյա դռան:

-Դուրս կգաս բակ և, առանց աջ-ձախ նայելու, կգնաս, -ասաց, բացեց ետնամուտքի դուռն ու, չսպասելով Հրանտի հեռանալուն, շրխկոցով գոցեց։


    
    
    

ՄԻԱՅՆԱԿ ԶԻՆՎՈՐ

Վրույրը տնքալով բացեց դուռը: Կինը՝ Մանեն, տանը չէր: Ավելի լավ. բացատրություն տալու հավես չունի: Շորերն այս ու այն կողմ շպրտելով՝ հանվեց: Մարմինը սարսռում էր: Դողն սկսվեց առավոտյան: Նոր էր գործի գնացել: Երկու ժամի չափ նստեց, հետո տեսավ, չէ՝ դրությունը լրջանում է, վեր կացավ ու հայդե՝ տուն:

Ահա և անկողինը: Հո, տեղաշոր չէ՝ սառույց: Կծկվեց, գլուխը թաղեց վերմակի տակ՝ շնչել-արտաշնչել, շնչել-արտաշնչել, շնչել-արտաշնչել: Գնալով օդը խեղդող էր դառնում, շունչը քիչ էր մնում կտրվի: Հարկավոր է մի քիչ էլ դիմանալ: Հիմա կտաքանա: Կարծես քրտնում է: Լավ նշան չէ, թե քրտնեց, հիվանդ է, էն էլ՝ տեղը տեղին: Մյուս կողմից՝ ավելի լավ. քրտնելը կփրկի: Այ, եթե ջերմաչափ լիներ: Տո, կա, իր տանն ամեն բան կա, ջերմաչափն ի՞նչ է, որ չլինի: Մենակ թե ո՞վ գիտի, կինը որ պուճախն է խցկել:

Տեսնես ե՞րբ տուն կգա: Աշխատանքը վեցին է պրծնում, բայց էդքան չի մնա. այլապես մանկապարտեզից երեխաներին ո՞վ վերցնի: Ուզի-չուզի՝ մի ժամ շուտ պիտի դուրս գա: Նկատողություն կանե՞ն: Էհ, կարծես վախեցող կա: Էնքան են արե՜լ: Հո տրաքվելու՞ չէ: Մանկապարտեզը նույնպես վեցին է փակվում: Մի քանի անգամ էլ ինքն է վերցրել: Հինգն անց կեսին արդեն մարդ չի լինում: Մնացածին հավաքում են մի անկյունում, պահակին ասում՝ աչքդ վրաները պահիր, ու գնում են: Մեղադրելու չէ. նրանք էլ տուն-տեղ, ամուսին ունեն, ճաշ եփել է պետք, մարդավարի սեղան նստել: Չէ, իր կնոջ պես: Մի օր չեղավ տաք ճաշ ուտեն: Վեցին գալիս է, մինչև դես-դեն, դառնում է ութ-ինը: Իսկ բժիշկներն ասում են, իբր, երեկոյան ժամերին կերածը վնաս է: Ի՞նչ անի, չուտի՞, սովա՞ծ մնա:

Բժիշկների հերն էլ անիծած, չեն թողնում մարդ միտքն ավարտի: Ու՞ր հասավ: Հա՛, կինը հինգն անց կեսին երեխաներին կվերցնի, մոտ վեցին կլինի տանը: Որ եկավ, ի՞նչ: Մեկ է, իրար հետ չեն խոսում: Խռով են: Այսինքն՝ խռովը մենակ ինքն է՝ երեկվանից: Պատճա՞ռը: Շատ հասարակ բան: Հարյուր անգամ ասել, բացատրել է: Չի ըմբռնում ու՝ վերջ: Երեկ էլ՝ գործի բերումով ուշ տուն եկավ: Սոված-սոված էր: Մտավ, հանվեց, հագավ հողաթափերը, օրինավոր մարդու նման գնաց լվացվեց: Ասա՝ ինչու՞: Պարզ չէ՞, որ գա մարդավայել նստի, մի աման ճաշ ուտի: Իսկ Մանեն էդքանը չհասկացավ: Տարավ-բերեց ու ի՞նչ ասի, որ լավ լինի: Բա թե՝ սովա՞ծ ես, ճաշը տաքացնե՞մ: Հո տրամադրությունը չընկա՜վ: Լավ էլ անոթի էր, բայց ասաց՝ չէ, կերել եմ: Կինն ավելի փչացրեց փչացրածը. իր պատասխանից հետո անմիջապես վրա բերեց՝ քո քեֆին ուտում-խմում, ման ես գալիս: Ու՜ր էր, թե կերած-խմած լիներ:

Ի՞նչ կատակ: Սովածի հետ կատակ են անու՞մ, կամ՝ այդպիսի կատակ կլինի՞: Հարյուր անգամ ասել-բացատրել է, որ ինքն զգայուն մարդ է, անգամ աննշան բաներից վիրավորվում է: Չի հասկանում, թե չհասկանալու ի՞նչ կա: Կնեղանա՞ր, եթե մտներ տուն, տեսներ սեղանը բացած, ճաշը՝ պատրաստ, կինը՝ պատրաստակամ: Ժպիտը, քաղցր խոսքն իրեն մնային: Թող ճաշը լցներ, դներ սեղանին: Անգամ կուշտ կերած տղամարդը նման վերաբերմունքի դեպքում չի հրաժարվի ստամոքսը վնասել: Եվ հետո՝ կուտեր, չէր ուտի՝ իր գործն է: Գդալ չէ՞ր տանի բերանը, թող ետ ածեր ամանը: Եղածը մի ափսե չէ՞ր, կես րոպեում կլվանար: Թե չէ... Հարգելիս, դու լցրու, դիր սեղանին, երբ չկերավ, նոր ասա՝ կերած-խմածդ հարամ: Քանի՜ անգամ է բացատրել: Մի բան էլ պարտական է մնում: Վրույր, երեխա հո չե՞ս: Հենց լավ էլ երեխա եմ, բա ի՞նչ եմ: Հենց ինքը՝ երեխա չէ՞: Մյուսները, բոլորը երեխա չե՞ն: Մարդը, որ մեծացավ, վե՞րջ մանկությանը: Հակառակ, բոլոր տարիքում էլ մարդիկ գուրգուրանքի, օգնության, ջերմ խոսքի կարիք են զգում, ավելի՝ քան մանուկը: Այ, դա է, որ կինը չի ըմբռնում: Թե չէ՝ տաքացնե՞մ: Ոնց որ քարով գլխին տան: Կարծես հենց այնպես, ձևի համար է հարցնում: Էլ ի՞նչ կարծես: Այդպես էլ կա, այլապես ինչու՞ կեսբերան հրաժարականից հետո մոռացավ իր ուտել կամենալ-չկամենալու մասին:

Առավոտն էլ, հո, ավելի վատ՝ ես ուշանում եմ, ձվերը կրակին են, տեր կլինես: Տաթև, Նանե, ես գնացի... Ինքը գնում է, փորձանքն ու հոգսը՝ մնում: Ձվերն այնտեղ են ճաք տալիս, ամանը՝ սևանում, Տաթևն ու Նանեն՝ մանկապարտեզից ուշանում, ինքը՝ գործից:

Հիմա էլ, որ հիվանդ պառկած է, կնոջ մեղքով է, միմիայն՝ նրա: Ո՞նց: Շատ պարզ: Մանեի էդ խոսքի վրա ինքը խռովեց ու, այլևս ոչինչ չասելով, մեկնվեց բազմոցին: Փորձեց հաղորդում նայել - չկարողացավ: Ձայնը մի տեսակ խռպոտ է, կենտրոնանալ չի լինում, կադրերն էլ, հո, մի գլուխ փախչում են, մանավանդ ֆուտբոլի ժամանակ: Արդեն հինգերորդ տարին է: Կնոջ պատճառով վարպետ չի կանչում: Գնելու օրվանից նույնն է ասում՝ ինչ առնում ես, փչանում է: Դե արի ու մի նեղսրտիր: Կարծես ինքն է մեղավոր: Ի՞նչ, դարձյա՞լ կատակ է անում: Կատա՜կ... Նա ամուսնու անճարակությունն է աչք խոթում:

Լավ, ընդունենք հումոր է: Առաջին օրն ասաց, վերջացավ, էլ ու՞ր է առիթ-անառիթ կրկնում: Իր տրամադրությունն ու էդ անլրջությունը: Կարծես մեկ-երկու ռուբլու հաշիվ է: Ողջ կյանքդ հավաքես, ինչ է թե մի քանի անպետքություն գցես տունը, էն էլ չաշխատի: Կատա՜կ: Գուցե գործարանում նույնպե՞ս կատակում են: Իսկ որ մրսեց, ու՞մ մեղքով էր, իր, թե՞ կնոջ: Տեսա՞վ ամուսինը պառկած է, շորից-մորից, մի բան գցեր թիկունքին: Կամ ասեր՝ վեր կաց, գնա անկողնում պառկիր, կմրսես: Սիրով ասեր, սրտով ասեր, անհանգստանար: Թե չէ մի գլուխ՝ արդուկ, արդուկ: Օրը մի բան կգտնի: Ամուսինն իրեն է այնտեղ ուտում, դատարկ ստամոքսը՝ իրեն, միջանցիկ քամին իր հերթին, իսկ կինը՝ հեչ, բռնել է արդուկի պոչը: Շատ լավ էլ գիտեր, որ վտանգավոր է առանց հանվելու մի վերնաշապկով քնելը, բայց քնեց: Դիտմամբ: Դիտմամբ էլ հիվանդացավ: Թող հլա գա՞: Թող ջերմաչափը գտնե՞ն: Եթե տաքություն ունեցավ, վերջ: Ինչ կանի՞: Կբաժանվի: Էդ՝ մեկ: Հետո՞: Հետո կմեռնի: Հա՛, հա՛: Նորից դիտմամբ: Հենց այդպես: Այսինքն՝ դեռ ծանրութեթև կանի: Մեռնելը գուցե հետաձգի /չարժե նման հաճույք պարգևել կնոջը/, բայց ապահարզանը կա ու կա:

Դռան զանգը տվեցին: Հանկարծակիի եկած՝ Վրույրը կտրուկ շպրտեց վերմակը: Խեղդվել մնացել էր: Վերնաշապիկը ջուր-ջուր էր, մազերը տամկել, կպել էին գլխին: Զանգը վերստին հնչեցրին՝ ընդհատ-ընդհատ, ապա՝ երկար: Մանեն է միշտ այդ կերպ զանգում: Լռություն: Մանեն բանալին խցկեց անցքը: Նորից զանգի ձայն: Սա արդեն երեխաներից մեկնումեկն է: Խաղ են անում: Դուռը բացվեց: Վրույրը մասամբ ամոթից, նաև հուզմունքից գլուխը խոթեց վերմակի տակ: Այժմ միայն քիթն ու աչքերն էին երևում: Մանեն /թե թվաց Վրույրին/ նկատեց անկողնում պառկած ամուսնուն:

Աչքերը փակ տեսնում էր, ինչ է կատարվում միջանցքում: Հարյուրավոր անգամներ կրկնվել է: Հիմա Մանեն կհանի երեխաների կոշիկները, կտանի լողասենյակ, որպեսզի հետո, երբ բոլորը քնած լինեն, լվանա: Անձրև օրերին՝ ցեխ, մնացած ժամանակ՝ փոշի: Ասում են՝ նոր թաղամաս է, հետո լավ կլինի: Իրեն ի՞նչ կա, ինքը կսպասի: Մանեն է մեղք: Ամեն օր չորս զույգ կոշի՞կ լվանալ կլինի: Այսինքն՝ նրան տեղն է: Թող մի լավանա՜մ: Կբաժանվեմ՝ անկասկած:

Առաջինը փոքրերը նկատեցին հորը:

-Մա, հայրիկը պառկած է: Քունդ տանու՞մ է, հայրիկ…

Աղմկում են, մեկմեկու բերանից խոսք խլում: Վրույրն ուզեց խտտել երեխաներին, կատակ անել, բայց մտածելով, որ կինը կնկատի, թույլբերան ասաց.

-Մանեին ասեք ջերմաչափը տա:

Ի՜նչ լավ ստացվեց, իսկը՝ հիվանդի ձայնով: Դերասան է ինքը, պատրաստի դերասան: Վրույր, չեղավ, չափն անցար։ Բայց ինչու՞, երբ իրականում ևս հիվանդ է: Ամենաիսկական հիվանդ: Մնում է փաստն արձանագրել: Ըհըն, կնոջ ոտնաձայնն է: Վերջապես բարեհաճեց:

-Վրու՞յր, ի՞նչ է եղել, -ու պարզեց ջերմաչափը:

Ամուսինը վերմակի տակից երկարեց ձեռքը:

-Վա՞տ ես զգում:

Հիմա ի՞նչ անի. կամ պիտի պատասխանի, կամ ցուցադրաբար շրջի գլուխը: Երկու տարբերակն էլ սրտով չէ: Որ չի խոսում և չի խոսելու, մեկընդմիշտ որոշված է, բայց իրագործող է պետք: Մինչդեռ կյանքն ու՜ր, ցանկությունն ու նպատակն ուր: Եվ հետո՝ զավեշտալի վիճակ է: Թե հիվանդ ես, Վրույր տղա, քեզ հիվանդի պես պահիր, խռովե՞լս որն է: Իսկ եթե կինդ էլ բռնի ու իսկականից քիթ-մռութ անի, ու դու էլ իրոք հիվանդ դուրս գա՞ս:

Դրությունը փրկեցին զավակները.

-Հա, մամ, հիվանդ է: Տե՛ս, տաքություն ունի: Հայրիկիս ծածկենք, չմրսի: Տաթ, թող, ես եմ ծածկելու, իմ հայրիկն է:

Շտապում են, խանգարում իրար, փորձում ելնել անկողնուն: Աղմուկ բարձրացնելու համար որքա՜ն քիչ բան է պետք փոքրերին:

-Անցեք մյուս սենյակ, շու՛տ: Հլա մի շորերդ փոխեք:

Երեխաները դիմադրում են: Մայրը ձեռքերից բռնած դուրս է տանում: Վրույրը հուզվել է, խղճում է իրեն, զավակներին: Ի՜նչ անգութ մայր ունեն Տաթևն ու Նանեն, որքա՜ն անհոգի կին ունի ինքը: Չէ, փոխում է որոշումը՝ կմեռնի: Միակ ճշմարիտ ելքն է:

Նա իրեն պատկերացրեց մահացած: Բարեկամները հավաքվել են դագաղի շուրջը: Մանեն ևս նրանց մեջ է: Շատերն են լալիս, առանձնապես՝ մեծ քույրը: Ահա նրա դեմքը, աչքերը՝ վշտահար, կարմրած: Պատկերները հաջորդում էին մեկմեկու, ինչպես կինոնկարում: Ետ էր տալիս երևակայական ժապավենն ու զգայացունց պահերը վերապրում: Փորձեց որոշել, թե ովքեր կգան: Չէ, ահագին մարդ կհավաքվի: Պատահական անցորդները չեն ասի՝ անտեր մեռել է: Ու հանկարծ երեխաներին տեսավ: Նստած են հուղարկավորողները: Ներս են մտնում Տաթևն ու Նանեն, մոտենում դագաղին: Իրական լինելու չափ ինչ-որ մեկի փղձկոցը լսեց: Նրան ձայնակցեցին մյուսները: Լալիս էին բոլորը՝ հարազատները, ընկերները, հարևանները: Լալիս էին որբ մնացած զավակների համար, իրենց կորստի, մենակության, չգիտակցված մեղքերի համար, լալիս էին առանց պատճառի:

Վրույրի աչքերից արցունքներ թափվեցին: Չէ, հիմարի մեկն է ինքը: Մեծ մարդ է, երկու զավակի հայր, պառկել ինչ է տալիս-առնում: Կինը՝ Մանեն է մեղավոր, ուրիշ ոչ ոք: Հիմա ևս, տես, ամուսինը հեկեկում է, իսկ նա գիտի՞ որ:

Միջանցքից հողաթափերի քստքստոց եկավ: Նա հապճեպորեն վերմակի ծայրով սրբեց արտասուքները. Թող չտեսնեն: Կինն էր: Քիչ առաջ Վրույրն ամեն բան կտար, որ նա ննջարան չմտնի, չտեսնի լալիս: Բայց երբ Մանե անցավ խոհանոց, վիրավորվեց: Այդպես էլ կա. ամենևին պետքը չէ: Տասը րոպե կլինի ջերմաչափը թևի տակ դրած է, չի մոտենում, հարցնում՝ տաքություն ունի՞, չունի՞: Շուն, գել, ամուսինն է:

Հանեց ջերմաչափը: Եվ ուզում էր ջերմություն ունենա և չէր ուզում: Օհո, երեսունինն աստիճան: Սա, հո, լուրջ բան է: Դեռ երկու գիծ էլ այն կողմ է՝ երեսունին ու երկու: Կա, չկա՝ անգինա է, թարախային: Նախկինում էլ է եղել: Գիտեր, է՜, գիտեր: Չէ՞ երեկվանից է կոկորդը քերվում:

Նա տնքալու բնական պահանջ զգաց: Հարկավոր է շուտափույթ եղբորը՝ Լևոնին կանչել: Իրենց շտապ օգնությունն է: Նաև՝ քրոջը: Լավ է, բժիշկն ու բուժքույրը տնից են: Թող գան, տեր կանգնեն իրենց անտեր հարազատին: Գոնե տանը հեռախոս լիներ: Չէ, ուզի, չուզի՝ կնոջ հետ խոսելու է: Ուրիշ ո՞վ կգնա ավտոմատից զանգ տալու: Հո չի՞ հագնվի, գնա զանգի, թե՝ ախպերս, հալ-հեքիաթ՝ հիվանդացել, ջերմում եմ, հասիր: Չի՞ ասի՝ ի՞նչ հիվանդ ես, որ քո ոտքով ելել ես դուրս:

-Տաթևիկ…

Խոհանոցում աղմուկը դադարեց: Հավանաբար ընթրում են: Տեսնես ի՞նչ են ուտում՝ երշի՞կ, թթվասե՞ր: Ուտելու ցանկություն չուներ:

Դուռը բացվեց. աղջիկն էր:

-Տաթևիկ, մորդ ասա, թող զանգի Լևոն հոպարին:

Դուստրը դռներին խփվելով վազեց: Մոտենում էր վճռական պահը: Կամ դես, կամ՝ դեն: Մանեն մտավ սենյակ և, մոտենալով մահճակալին, աթոռի վրայից անխոս վերցրեց ջերմաչափը: Սնդիկի սյունն աղոտացող օրվա մեջ լավ չէր երևում: Նա ջերմաչափը դեսուսեն թեքեց, ապա, չհավատալով աչքերին, վառեց լույսը: Վրույրը գողունի հետևում էր կնոջ շարժումներին, հետն էլ տնքում ծանր հիվանդի պես: Մանեն չէր երևում, թե վշտացած է: Երեսունինն ու երկուսը նրա համար, իհարկե, ջերմություն չէ: Նա կցանկանար, որ միանգամից քառասուներկու աստիճան լիներ: Հա, հա՛. նա իր մահն է կամենում:

Մանեն մի քանի անգամ թափահարեց ջերմաչափը, համոզվելու համար, որ իջել է, ուշադիր նայեց սնդիկի սյանը, վերստին պարզեց ամուսնուն: Վրույրը հարցական նայեց կնոջը: Մանեն ձեռքը հպեց ճակատին: Մի հատիկ շփումը բավական էր, որպեսզի մոռանար հիվանդությունը: Ներսից բարձրացող տաք հոսանքը պատրաստ էր արցունքի տեսքով լույս աշխարհ գալ, սակայն կինն անզգույշ խոսքով խառնեց խաղաթղթերը:

-Տեսքդ հիվանդի չէ: Ջերմաչափը, երևի, լավ թափ չես տվել:

Վրույրը դարձյալ իրեն որբ, անօգնական զգաց: Միշտ, միշտ այդպես է եղել կինը: Նրան պակասել է պահը, ակնթարթն զգալու կարողությունը: Տասը տարի միասին են, բայց չի հիշում դեպք, որ ամբողջությամբ հասկանա իրեն: Ինքը տղամարդ հալով պատրաստ է եղել լիովին տրվել նրան, ընտանիքին, փորձել է մոռանալ արժանապատվությունը, զիջումներ է արել, սակայն ի՞նչ օգուտ: Ամեն անգամ կինը խոսքով, արարքով հաստատել է, որ այր ու կին բնավ մի մարմին չեն:

Դժվար կողակից իրեն բաժի ընկավ, ինչ ուզում ես՝ ասա: Դրսից թվում է, ամեն բան լավ է՝ և տունն է մաքուր, և տաբատն է արդուկած, և հյուրեր ընդունել ու ճանապարհել գիտի, և հավատարիմ է: Բայց դա քիչ է, քի՛չ: Վրույրն ավելին է ուզում: Նա անմնացորդ սեր է ցանկանում: Նրան անթերի, իդեալական կին է պետք: Վրույրն ուզում է, որ լծակիցը բոլոր նյարդերով, զգայարաններով ընկալի իրեն, չունենա այլ զգացմունքներ, հետաքրքրություններ: Վրույրն այդպես է հասկանում սերը, ու ինքն էլ պատրաստ է նման կերպ սիրել: Նա համոզված է, որ դա եսասիրություն չէ, այլ՝ ամենամեծ մարդասիրությունը: Այդպես վարվողը պատրաստ է սիրել բոլորին ու բարի լինել բոլորի նկատմամբ: Բայց, ինչպես երևում է, անհնար բան է ցանկացածը, անիրագործելի: Տասնամյա ամուսնական կյանքը դա է վկայում: Որքա՜ն են վիճել, կռվել, դատարկ բանի պատճառով նեղացել իրարից, թունավորել մեկմեկու կյանք: Եվ սիրել են միմյանց: Վրույրը հավատացած է, որ Մանեն էլ իրեն է սիրում, թերևս, ավելի ուժգին: Բնավորությունների անհամապատասխանություն, անհամատեղելիություն, -կորակեին հոգեբանները: Ո՜վ գիտի:

Հիմա էլ... Փոխանակ գուրգուրի ամուսնուն, ժպտա, հուսադրող խոսք ասի, տարավ-բերեց ու՝ տեսքդ հիվանդի չէ: Ի՞նչ, մահվան դալկություն պիտի լինե՞ր, որ հավատար: Դուրս է գալիս, ինքը խաբեբա է, օրը ցերեկով վեր է ընկել՝ զուր տեղը, հաճույքի համար: Ուրեմն՝ ջերմաչափը նույնպե՞ս խաբում է: Միայն ինքն ճիշտ: Լավ է, խոսք չունի: Դե եկ ու նման կնոջը սիրիր, եկ ու մի նեղացիր: Բաժանվելու է, էլ բավական է: Սեր: Ի՞նչ սեր: Սիրող կինն այդպե՞ս կվարվի: Մի անհանգստացիր, դես-դեն ընկիր, հարցրու՝ Վրույր, սիրտդ ուտել ուզու՞մ է: Բա ուրիշների կանայք այդպե՞ս են: Մի հոնի մուրաբա, մեղր հանիր, կաթ եռացրու: Թե չէ՝ երևում է, ջերմաչափը լավ թափ չես տվել: Այլոց կանայք առիթ են փնտրում, որպեսզի իրենց ամուսիններին գգվեն, պահեն, փայփայեն, իսկ սա... Որ դիտողություն անի, դարձյալ մեղավոր դուրս կգա: Միշտ պատրաստի պատասխան ունի՝ Վրույր, ախր, դու քաղցր չես սիրում: Որ չեմ սիրում, ի՞նչ, ուրեմն՝ չպիտի՞ դնես: Թող չուտեմ, թող մնա, փչանա: Կարևորը ոչ թե կաթն ու մեղրն են, այլ վերաբերմունքը: Դա էլ իրեն կլավացնի, հազար անգամ լավ, քան դեղը:

Դռան զանգը հնչեց: Երեխաները վազեցին բացելու: Կինն էր.

-Լյովան քիչ հետո կգա: Զանգեցի:

Կգա, իհարկե, կգա: Իր եղբայրն է, նույն արյունն ունեն: Չէ, քեզ պես՝ տեսքդ հիվանդի չէ: Հիմա կճշտենք, հիվա՞նդ եմ, թե չէ: Հիմա մեկ անգամ ևս կհամոզվես, որ դու ընդհանրապես սխալ ես:

Վրույրը ձեռքը թևի տակ տարավ: Ջերմաչափը կողք էր սահել: Գտավ: Ահա: Ի՞նչ: Երեսունվեց ու վեց: Չի կարող պատահել: Հենց նոր, տասը րոպե առաջ երեսունին ու երկու էր: Իջա՞վ, այդքան շու՞տ: Ախ, հա՜, թևի տակ չէր: Ինքն էլ զարմացավ, քիչ մնաց տեղի տա:

Չափիչը վերստին անութի տակ դրեց, պինդ-պինդ սեղմած սկսեց սպասել: Մի պահ թվաց, դարձյալ փախել է: Շոշափեց: Չէ, տեղում էր: Համբերությունն սպառվեց: Որոշեց հենց այնպես նայել: Ոչինչ հետո նորից կդնի, միայն տեսնի՝ գիծը առաջ շարժվե՞լ է: Սնդիկի սյունը նույնն էր ցույց տալիս՝ երեսունվեց ու վեց և չէր երևում, թե բարձրանալու մտադրություն ունի:

Նա ջերմաչափն արդեն անվստահ դարձյալ թևքի տակ դրեց: Եղբայրը, հավանաբար, կես ժամից կհասնի: Վերջին անգամ տեսել է ֆուտբոլի օրը: Միասին են դաշտ գնում: Այդ հաճույքից իրենց չեն զրկի, թեկուզև կանայք տրաքվեն: Երբեք: Բայց զարմանալի էակներ են կանայք, ճիշտ են ասում՝ բոլորը մի սանրի կտավ: Ասա ֆուտբոլն ի՞նչ է, դրա համար նախանձում են: Մեղադրելու չէ, կինն ու՜ր, ֆուտբոլն ուր: Ինչու՞ միայն կանայք: Քի՞չ տղամարդիկ կան, որ ամենևին դաշտ չեն գնում, անգամ հեռուստացույցով չեն հետևում: Իբր, արածները լավ բան է, արհամարհում են խաղով հետաքրքրվողներին: Ի՞նչ մեղադրես: Դա ևս քաղքենիության մի տեսակ է: Զարմանալ կարելի է. չեն ըմբռնում, որ ֆուտբոլը միայն խաղ չէ, այլ շատ ավելի կարևոր երևույթ: Ֆուտբոլը... Արվեստը, արվեստն անգամ չի կարող անել այն, ինչ սպորտը: Տասը տաղանդավոր նկարիչ ու երգահան ի վիճակի չեն այնպիսի ճանաչում բերել ազգին, որքան ֆուտբոլի մեկ առաջնակարգ թիմը: Հա, հա՛, ժամանակները փոխվել են: Մի եկեք, տեսեք, թե դաշտում ինչպես են գնդակի համար զինվորի պես մարտնչում մարզիկները, որպեսզի դուք ևս ձեզ մարտիկ զգաք:

Ոգևորությունը Վրույրին ավելի հեռուները տարավ: Սկսեց քննադատել նաև մարզադաշտ գնացողներից նրանց, ովքեր սիրած թիմի պարտության պահին առաջինն են հուսալքվում, սսկվում, կուչ գալիս՝ հաշտվելով ճակատագրի հետ: Վրույրը համոզված էր, որ դա դավաճանություն է, թիկունք անել, որ նման հոգեբանություն ունեցող մարզասերը հարկավոր պահին լավ զինվոր չի լինի նաև մարտադաշտում: Իսկ այդպիսիք շատ են: Ու նորից մեղավորը կանայք են: Մեռցնում են տղամարդու մեջ ամեն այրական հատկանիշ, բնավորություն: Եվ տղամարդիկ դառնում են մեծամիտ, պարծենկոտ: Միմյանց առաջ աքլորանում են, հազար ու մի սուտ-փուտ պատմություններ մոգոնում՝ ապացուցելու իրենց այր լինելը: Եթե դրանց հավատաս, աշխարհի բոլոր կանայք դավաճանում են իրենց ամուսիններին, իսկ բոլոր նորապսակներն ամուսնական առագաստ են մտնում կուսությունն այլ անկողիններում կորցրած: Իրենք էլ, հո, անառակի ծնունդ են: Հորինում են, ինսունինն ու ինը տոկոսով ստում՝ մոռանալով, որ այդ նույն կանայք իրենց մայրերն են, քույրերը, դուստրերն ու լծակիցները: Այդ առումով, ինչ ճիշտ է՝ ճիշտ, կանայք հարյուրապատիկ գերադասելի են տղամարդկանցից. թե ավելի հավատարիմ են ու թե սակավ են բամբասում:

Վրույրն զգալով, որ շատ է անկեղծանում, և ոգևորությունը կարող է հեռուն տանել, որոշեց դադար տալ: Հարկավոր է ուշքը ջերմաչափի վրա պահել: Մեկ էլ տեսար, դարձյալ ներքև սահեց: Եվ հետո՝ ո՞վ է հասկանում կանանց: Մտաբերեց հանրահայտ խոսքը՝ առանց կնոջ կյանք չկա, կնոջ հետ էլ կյանք չկա: Դրանում Վրույրը վաղուց է համոզվել: Քանի՜ անգամ է վճռել բաժանվել: Թվացել է՝ վերջ: Եղել են պահեր՝ ատել է կնոջը, նրա մահը կամեցել: Պատահել է, թողել և տնից հեռացել է՝ այլևս չվերադառնալու որոշում կայացրած: Թափառել է քաղաքում, մտել կինո, սրճարան, այցել բարեկամներին, սակայն ժամ առ ժամ կարոտը սաստկացել է: Դուրս է եկել փողոց, մենակ, հալածված գայլի պես կանգնել՝ չիմանալով անելիքը: Ու ամեն անգամ կարոտը վերստին տուն է քշել: Հաշտվել են, խաղաղվել, որպեսզի մի օր, մի շաբաթ, ամիս անց նույնը կրկնեն: Որքան Մանեն հեռու է գտնվել, այնքան ցանկալի է եղել, հրապուրիչ: Ձգել է, կանչել: Հեռու հեռվում՝ Վրույրին ներկայացել է լուսավոր, տեսիլքի պես՝ աննյութեղեն, բացարձակ անթերի: Սակայն բավական է հանդիպեին, մեկ-երկու խոսք փոխանակեին, որպեսզի կրկին դառնա առօրեական, երկրային: Այդ զգացողությունը Վրույրն առանձնապես ունեցել է այն տարիներին, երբ Մանեն ուսանողուհի էր, իսկ ինքը համասարանն ավարտելուց հետո մեկնեց շրջան:

Շատերը չգնացին՝ առանց հիմնավոր պատճառի: Պարզապես գրավում էր քաղաքը՝ առանձնապես գյուղից եկածներին. երկյուղում էին դեմ-դիմաց կանգնել իրենց կենսագրությանը: Ոմանց համար հինգ տարին բավական էր եղել անցյալը մոռանալու, ուղեղի ամենավերջին գալարում թաքցնելու համար: Քաղաքի տղա երևալու, մայրաքաղաքում ծնված-մեծացածների աչքին ընկած-ելած ներկայանալու նպատակով նրանցից ոմանք հրաժարվել էին անգամ անունից, ծննդավայրից, բարբառից, հիշողություններից և մնացել առանց արմատների՝ դափ-դատարկ: Չուզենալով հանդերձ, քրքջացել էին անիմաստ պատմություններ լսելիս, չսիրած աղջիկների հետ պարել, ժամադրվել ու համբուրվել, որպեսզի ժամանակակից ներկայանան:

-Ի՞նչ ես գտել գյուղում, -տարակուսում էին: -Ձանձրույթից կմեռնես:

Իսկ Վրույրը չլսեց ու չորս տարի լավից-վատից աշխատեց: Դիմացավ, չմեռավ: Սիրով դարձյալ նույնքան կմնար /այնտեղ գոնե իր կարիքն զգացողներ կային/, սակայն Մանեի հուսակտուր նամակները, լռելյայն հայացքը, արցունքներն իրենցն արին:

-Վրույր, չես լսու՞մ: Ջերմաչափը տուր:

Նոր տեսավ գլխավերևում կանգնած կնոջը: Մաների աչքերում ժպիտ կար: Չլինի՞ համոզված է, որ հիվանդ չեմ: Արդեն ինքն էլ էր կասկածում: Կարծես, իրոք, չէր թափահարել: Հապա առավոտվա դո՞ղը, քիչ առաջվա քրտի՞նքը: Մի՞թե ողջը ներշնչանքի արդյունք է: Գուցե ճի՞շտ է կինը, գուցե այնքան էլ վատ չէ նա, պարզապես ի՞նքն է բկլիկ, մանրախնդիր:

Սնդիկի սյունը երեսունվեց ու յոթից չէր անցել: Վրույրը շփոթված նայեց կնոջը: Մանեն փռթկաց: Վրույրի շուրթերը ևս ետ-ետ գնացին:

-Տուր, տուր տեսնեմ: Ասի, չէ՞, հիվանդ չես: Տաթևիկ, Նանե, եկեք, հայրիկը լավացել է:

Խաղով տարված՝ զավակները չլսեցին մոր կանչը: Մանեն ձեռքը երկարեց, որպեսզի վերցնի ջերմաչափը: Վրույրն այն մի կողմ դնելով՝ բռնեց կնոջ դաստակից: Մանեի աչքերում ծանոթ ցոլքեր հայտնվեցին: Նա կտրուկ դեպի իրեն ձգեց կնոջը:

-Վրույր, պետք չէ, հիմա երեխաները կգան:

Նա համբուրում էր կնոջ տաք, խոնավ շրթունքները: Համբուրում էր կրքով, սիրով, ինչպես տարիներ առաջ, երբ դեռ ուսանող էին: Համբուրում էր ու հիշում. անձրևը հեղեղի պես թափվում էր: Զբոսայգում ոչ ոք չկար: Պատսպարվել էին հովանոցի տակ: Անզգույշ շարժումից անձրևանոցը մի կողմ թռավ, սակայն շարունակեցին համբուրվել: Ոչինչ չի փոխվել. նույն շուրթերն են, նույն ցանկությունը, նույն դողը: Վրույրն այդ պահը բազմիցս էր ապրել: Շատ անգամ էր այդպես կորցրել կնոջն ու վերստին գտել իր գրկում:

Զանգը հնչեց: Բժիշկ եղբայրն էր՝ Լևոնը: Եկել էր բուժելու հիվանդ Վրույրին:


    
    

ՎԹԱՐ

Ներսեսն շտապում էր րոպե առաջ տուն հասնել: Ոչ մի լուրջ գործ: Աշխատանքը վերջացել ու տուն էր գնում: Թե ինչն էր այդպես ձգողը, ինքն էլ կարգին չգիտեր, մանավանդ նախկին կյանքից փշրանքներ էին մնացել: Նրա փոխարեն ուրիշներն իրենց խմիչքի կտային, կանանց ետքից կվազեին ու կամաց-կամաց ցավին խաբելով՝ կազատվեին, կպրծներ կգնար: Ներսեսը՝ չէ, կսկիծը սիրտն էր գցել ու կամովին տրվել նրան:

Մեկ տարի շարունակ նույնն է անում. գործից գնում է՝ ոտքի վրա մի բան ուտելով մեկնվում մահճակալին: Հետո սկսվում են վեճն ու կռիվը, հաշտության բացատրությունները, գգվանքն ու արցունքները: Հազար ու մի տարբերակով նույնը կրկնվում է ամեն օր՝ միայնակ, առանձնության մեջ: Էդ մեկը, չէ՝ չեղավ: Ներսեսը երբեք միայնակ չի լինում: Երեխաներն ամեն պահ նրա հետ են, նրա կողքին, նրանից անբաժան: Սիրում է, գուրգուրում, անուշ-անուշ զրուցում հետները, տանում զբոսանքի, բարեկամների տուն: Կնոջը՝ ամենևին: Կնոջն օտարել է՝ ընդմիշտ և չի ների, եթե մինչևիսկ ծնրադիր մոտը գա: Նրան այդպես էլ պետք է, անարգանքի սյունն է նրա տեղը: Կինը՝ նա հանգցրեց տան կրակը, նրա պատճառով անգամ ամռան կիզիչ շոգին քարաշեն պատերի ներսում ու Ներսեսի հոգում ցուրտ է: Այդքանից հետո ների՞: Հանուն զավակաց՝ գուցե, բայց մոռանալ՝ երբեք:

Կնոջն ի՞նչ. երեխաները հետը, ծնողները, քույրը՝ կողքին, ոչ լվացք, ոչ ճաշ եփել, ոչ ամուսնու «հա» ու «չէ»: Իր քեֆին՝ ուզի, կանի, չէ՝ կմիացնի հեռուստացույցն ու քրոջ հետ թիկն կտա բազմոցին: Տանջվողը, կարոտից հալումաշ եղողը Ներսեսն է, ինչ եղավ, նրան եղավ:

Ողջ տարին ջանում էր փշրված ափսեի կտորտանքները կպցնել, կանխել լինելիքը - անօգուտ: Կինն այդ որոշումը վաղուց էր կայացրել, դեռևս ամուսնանալուց առաջ: Այո՛, այո՛, նախքան հարսնանալը նա գիտեր, որ կբաժանվի: Ինչի՞ն էր պետք Ներսեսը: Զավա՞կ էր ուզում, որպեսզի ծերության օրոք մենակ չմնա, վրան լացող, ձեռքերի վրա գերեզման տանող լինի, խնդրեմ, ունեցավ, ըստ որում մեկի տեղ երկուսը՝ տղա, աղջիկ: Հանրության բերանն էլ ծեփվեց. չեն ասի՝ ապօրինի են /իրականում դա ևս անբարոյության մի տեսակ է, բայց ու՞մ մտքով կանցնի երևույթն այդչափ խորքից տեսնել/: Օրինական հորից, օրինական ամուսնությունի՞ց են ծնվել, վերջ՝ կարևորը դա է: Մի բան էլ կխղճան, ամեն քայլափոխի կընդառաջեն, կասեն՝ հորից որբ են, մեղք են: Էլյան հիմա՞ր էր, որ այլոց նման բռներ ու պատահական մեկից սերունդ ունենար, հետո ընկներ կրակը: Հիմա ալիմենտ է ստանում, դեռ մի տասնհինգ տարի էլ խնայգրքույկի վրա հաշիվը կավելանա: Աշխատավարձի հետ շատ ավելի է կազմում, քան Ներսեսինը: Էշ Ներսես: Տակը հարյուր ռուբլի է մնում, դե թող փորձի նորից տունուտեղ դնել, տեսնեմ առնող կլինի՞: Այդ մի կողմն էլ է ապահովված, ճի՞շտ է: Մնում է տան հարցը: Ներսեսն առայժմ բնակարանից դուրս չի գալիս, համառում է, սակայն՝ ոչինչ: Էլյան նրան այն օրը կգցի, որ որ քթից ծուխ ելնի, շները ձեռքից հաց չառնեն: Չի ազատի՞: Նրան Էլյա են ասում, նա այնպիսի մոր ծնունդ չէ, որ կրակոցը ճակատին չառնի: Դեռ ամուսնության առաջին գիշերը՝ Ներսեսի գրկում տապակվելիս էր հաշվարկել:

Ներսեսն ո՞վ էր, որ Էլյան նրա հետ ապրեր - հետամնաց, ավանդապահ: Իր արևին Մոսկվայում էր սովորել, թեկնածուական պաշտպանել, իբր, լավ էլ մասնագետ է: Սու՛տ: Էլյայի համոզմունքն է՝ լավ մասնագետը նա է, ով փող է վերցնում, ում տալիս են, չոր ռոճիկի վրա նստած չէ: Դրա նպատակնե՜րը: Ուզում էր ընտանիքի ղեկը ձեռքում պահել: Երեխաներին անուն դրեց՝ Անդրանիկ, Անի: Չէ մի՝ պոզեր: Անդրանիկը՝ միայն ու միայն Անդրեյ, Անին՝ Անկա: Նույնը սովորեցրեց բարեկամներին: Ամեն բան՝ կամաց-կամաց, ամեն ինչ՝ ժամանակին: Հասցրեց փող էլ կուտակել, բա ո՞նց, նեղ օրեր էին գալու: Ինչպե՞ս: Շատ հասարակ, միայն թե Ներսեսն ուղտի ականջում քնած էր: Սկզբում աշխատավարձը բանկը գցեց՝ դաշնամուրի անվան տակ: Իսկ երբ հազարը կլորեց, մեջտեղ եկավ երաժշտական դպրոցի կաշառքի հարցը: Գառ Ներսես: Ընդվզեց, թե՝ պիղծ արարքի չեմ գնա, իմ զավակին նման ճանապարհով երաժշտական կրթություն պետք չէ: Միամիտ, Էլյան էլ թողեց, որ բանը դրան հասնի: Այնպես հիմքից էր բռնել գործը, որ ահա մեկ տարի խելքդ գլուխդ չի գալիս: Էլ կգա՞ որ: Աշունդ ամառից շուտ եկավ: Դպրոց, Այբ, Բեն, Գիմ, «Առավոտ լուսո» ու «Սասնա ծռեր», հայրեններ ու «Քելեր, ցոլեր» ... Արմատներիդ հե՞տ էիր կապել կամենում, հիշողության ճշմարիտ հայելի՞ էիր որոշել տալ ձեռքները: Խակ ես, խա՛կ, բա այդպես մտածողը Էլյայի՞ն կառներ: Դե գնա, շփոթը վայելիր: Հիմա ո՞վ է կանգնած զավակներիդ թիկունքին - դու՞, անուններն ի՞նչ են - Անդրանի՞կ, Անի՞:

Ներսեսի կապույտ «Զապը» մեքենաների հոսքի մեջ ընկած՝ մղվում էր առաջ, դեպի նպատակակետը՝ տուն, և սովոր ձիու պես գիտեր ճանապարհի բոլոր մանրամասները: Քիչ անց մայթին մերձ դիտահոր կա՝ առանց կափարիչի - զգույշ, միայն կենտրոնով: Ոլորանի մոտ աննկատ, ծառերի սաղարթով քողարկված երթևեկի նշանն է՝ իսկական դարան - ուշադիր, սովորաբար ավտոտեսչության աշխատակիցներ են լինում: Շուկայից հետո վայրէջք է սկսվում - չմոռանաս արագությունը փոխել, թե չէ ալիք-ալիք սառած ասֆալտն այնպես կթափահարի, ասես՝ սղոցի վրա: Ու այդպես՝ յուրաքանչյուր պահ:

Դա նրա ամենօրյա ճանապարհն էր: Տասնյակ անգամ կրկնվածն այնքան պինդ էր դաջվել ուղեղում, որ շարժումներն ավտոմատացել էին, և մեքենա վարելն այլևս առանձնակի ուշադրություն, կենտրոնացում չէր պահանջում: Հարկավոր պահին ձեռքերն անսխալ իրենց գործն էին անում, ոտքերը՝ իրենցը, ու նա տրվում էր խոհերին:

Վեց տարվա հառիկ-հատիկ հավաքածից Ներսեսին միայն մեքենան էր մնացել: Կարող էր տան եղածը վերագնահատել տալ, դատական գույքացուցակում ավելացնել ռուբլիների արժողությամբ իրերը, օժիտի անվան տակ չգրանցվածները, սակայն չուզեց մանրանալ, հավասարվել կնոջը: Իսկ Էլյան... Հողագունդը նրա նմանը չի ծնել: Էլյայի նման մեկ էլ Էլյան է: Ներսեսից թաքուն մարդ էր բերել տուն, ցուցակագրել էին կայքն այն հաշվով, որ երեք հազարը չանցնի, կշեռքի թաթերը հավասար լինեն. մի նժարին մեքենան՝ Ներսեսին, մյուսում տան իրերը՝ իրեն: Դա դեռ ոչինչ: Ցուցակում ավելացրել էր նաև խնայբանկում ամուսնու անվամբ երեք հարյուր ռուբլին, հատուկ նշել հաշվի համարը՝ մոռանալով, սակայն, իր գրքույկի երկու հազարը: Անազնիվ Էլյա... Քո ո՞ր լավ արարքը մտաբերի Ներսեսը:

Շաբաթ-կիրակիի անվան տակ երեխաներին տարավ հոր տուն, հետո թե՝ հիվանդացել, հազում են, լավ կլինի մեկ-երկու շաբաթ մանկապարտեզ չտանեն: Ամեն մանրուք հաշվի էր առել: Հարսանիքի պիտի գնային. Ներսեսի եղբոր աղջիկն էր ամուսնացողը: Էլյան, ի զարանս նրա, այդ օրերին արտակարգ սիրալիր էր, զիջող, անկողնում՝ համարձակ, տրամադրող: Փոքրիկները չկային, և մեկ սենյականոցը սիրո որջ էր դարձել: Ներսեսն այդ օրերին գրեթե երջանիկ էր, համոզված, թե կնոջ մշտական սառնությունը պատճառներ ունի. երեխաների ներկայությունը, առտնին գործերը, որ նրանց բացակայության հետ պակասել էին, մղվել ետին պլան: Ի՞նչ իմանաս: Սիրո վայելքներին, սակայն, ինչպես անսպասելի տաքերի պատճառով ձմռանը բողբոջած ծառերին, երկար կյանք չէր վիճակված: Հարսանիքից մեկ օր առաջ Էլյան փոխվեց, մթնեց: Կռվի առիթ էր փնտրում: Ներսեսն առաջարկեց երեխաներին տուն բերել. մտադիր էր հարսանիքի տանել: Էլյան պայթեց.

-Մի տես քեզ տեղ կլինի, նոր...

Ներսեսը բացատրեց, որ կարևորը նստելը, ուտել-խմելը չէ, որ իրենց ընտանիքում առաջին անգամ է թոռ-երեխա ամուսնանում, և վաղամեռիկ ծնողների բացակայությունը բազմանդամ տոհմի ճիչ-աղմուկով պիտի լցնել՝ այդ կերպ վրեժ լուծելով ճակատագրից: Ոչինչ չոգնեց: Էլյան մտավ կեղևի մեջ, սսկվեց: Օրն այդպես էլ անցավ, և Ներսեսը քնելուց առաջ հաշտվելու փորձ արեց: Էլյան կոպտորեն մերժելով՝ ելավ անկողնուց, բազմոցին առանձին տեղ գցեց: Ներսեսը դառնացած՝ երկար շուռումուռ գալուց հետո քնեց՝ առավոտյան հաշտվելու հույսը փայփայելով:

Հասանքավորները տասներկուսին էին հավաքվելու, սակայն եղբայրը խնդրել էր օգնելու համար շուտ գալ: Սափրվելուց, տաբատը մանրակրկիտ խոզանակելուց, կոշիկները փայլեցնելուց հետո ուշադրություն հրավիրելու մտադրանքով աղմուկով բացեց պահարանը, թաշկինակ ընտրեց: Էլյան անկողնուց հրաժեշտ տալու նշան ցույց չէր տալիս: Ներսեսն արդուկեց վերնաշապիկը, հայելու առաջ կապեց փողկապն ու դարձավ կնոջը.

-Մտադիր չե՞ս ելնել:

Էլյան ձայն չհանեց:

-Չե՞ս գալու:

-Ոչ, -գլուխը պատի կողմը շրջեց նա:

-Ինչու՞, -սևացավ Ներսեսը:

-Գլուխս ցավում է:

-Կգա՛ս, -մռնչաց ու, կնոջ ուսերից բռնելով, դեմքը թեքեց իր կողմը:

-Թող ինձ, -ձանձրույթով արձագանքեց կինը:

-Մնա, օձ, -Ներսեսն իրեն գցեց դուրս և չտեսավ, թե ետքից կինն ինչպես ֆշշաց ու, քանդելով կծիկը, իջավ անկողնուց:

Այդ գիշեր և դրանից հետո Էլյան տուն չեկավ: Մեկ շաբաթ անց ծանուցագրից տեղեկացավ, որ կինը ապահարզանի դիմում է տվել: Դատարանում նրան ծանոթացրին գործի մանրամասներին, կնոջ հայցը դեմը դրին: Ի՜նչ հանցանք ասես չէր վերագրվում Ներսեսին: Պարզվում էր՝ ամեն օր դաժանաբար ծեծել է կնոջը, երեխաներին, նրանց օրվա հացի կարոտ պահել: Հետո, երբ դատի ժամանակ ատենակալներից մեկը հարցրեց, թե այդ դեպքում ինչու՞ ոչ մի անգամ ոստիկանություն, դատաբժշկի չի դիմել, Էլյան վայրկյան իսկ չհապաղելով, բացատրեց, որ իր նախկին ամուսինը /կնոջ խոսքերն են/ մասնագիտությամբ բժիշկ է և գիտի առանց հետքեր թողնելու ծեծի նրբությունները: Ստեց առանց ամաչելու, գետինը մտնելու: Կարողացավ:

Ներսեսին առավել զարմացնողը կնոջ հաշվենկատությունն էր, գիծ, որը մինչ այդ սքողել էր: Բաժանվելու համար պատճառ, արդարացում էր պետք. հանրույթ, հարևան-բարեկամներ գոյություն ունեին: Ամուսնուն հարբեցողության, սիրուհի պահելու մեջ չէր կարող մեղադրել. ոչ ոք չէր հավատա: Եվ ահա գտել էր ելքը: Ի՞նչ կա որ, հնարավոր է: Խե՜ղճ աղջիկ, օր չի քաշել սադիստի ձեռքին, իրենք էլ կարծել են հանգիստ, խաղաղաբարո մարդ է: Ճիշտ են ասում՝ փախիր հանդարտ գետից: Ահա, այդպես էր մտածել, հաշվարկել Էլյան: Կանվանարկի ամուսնուն բոլորի, նաև բարեկամների, զավակների աչքում: Մեծանալու են, չէ՞, մի օր պիտի հաշիվ տա: Դե թող Ներսեսը հակառակն ապացուցի: Ո՞վ կհավատա, թե երեխաների սիրուց գժվում է, ընկերական շրջապատից հանուն նրանց է իրեն զրկել: Վատ մարդ է եղել, -կասեն, -դրա համար մտերիմ չի ունեցել: Այլոց փոխարեն նման եզրահանգումներ կատարողը Էլյան էր՝ նա, ով ժամանակին Ներսեսին մեղադրում էր երեխաներին շատ սիրելու մեջ՝ համոզված, թե դա թերություն է: Ի՞նչ աներ Ներսեսը, թաքցնե՞ր սերը, չհամբուրե՞ր, երբ փամփլիկ հետույքները աչքով էին ընկնում, ծոցը չառնե՞ր, երբ հրեշտակի նման անմեղ՝ թևքերը բացած գիրկն էին վազում, հետները թավալ չտա՞ր հատակին, քթները չսրբե՞ր: Ի՞նչ սև կապեր Ներսեսը: Միայն գոռա՞ր, սաստե՞ր, ծեծե՞ր: Էլյան այդպիսի՞ տղամարդ, հայր, ամուսին էր ուզում:

Աչքերն այդ օրերին լիովին բացվեցին: Նոր-նոր ըմբռնում էր, թե կնոջ սիրտն ինչու տան վրա տաք չէր: Ամեն ինչ՝ զոռով, դժկամությամբ: Կինը նա էր, ուստի և առաջինը պիտի անհանգստանար տուն-տեղ դնելու, փալաս-փուլուս առնելու մասին, բայց ձեռքը չէր գնում, օր դատող, օր ուտողներից էր: Սկզբում մտածում էր, թե հանրակացարանային կյանքի սովոր աղջիկ է, կբացվի, երեխա ունենալուց հետո սիրտը կջերմանա: Ամենևին: Ներսեսն ապշում էր. իրենք էլ տուն էին, չէ՞, իրենց դուռը ևս բացող էր լինում, և հարկադրված՝ գդալ-պատառաքղից սկսած, մինչև սառնարանն ու բազմոցը մեկիկ-մեկիկ առավ: Գոնե ոգևորվեր, մի չոփ հետը բերեր:

Առաջին ամիսներին աշխատավարձն ամբողջությամբ նրան էր տալիս. բան դուրս չեկավ: Եթե նույնիսկ խանութում ազատ խնձոր վաճառեին, միևնույն է, չէր առնի, միայն շուկայից՝ թեկուզ տասն անգամ թանկ: Փո՞ղ կդիմանար: Ստացածները մեկ-երկու շաբաթում քոռուփուչ էր անում: Կոճակն ի՞նչ է, չէր կարող կարել: Բա եփած կերակուրնե՜րը. յուղն առանձին էր կանգնում, ջուրն ու կարտոֆիլը՝ առանձին:

Ներսեսը չէր հաշտվում եղածի հետ. խոհանոցում կինը ճաշ էր եփում, միջամտում էր, երեխային բարուրել էր պետք, ինքն էր ցուցում տալիս ու այդպես՝ ամեն ինչում: Ուրիշ մեկը կընդուներ իր անգիտությունն ու նրա ձեռքի տակ շնորհալի տանտիրուհի կդառնար: Իսկ Էլյան՝ բավական էր մի դիտողություն, խորհուրդ, նեղսրտում էր, շաբաթներով քիթը կախում: Երբ մի անգամ զգուշորեն փողի մասին հարցում արեց, սոսկալի վիրավորվեց, սկսեց ցուցադրաբար հաշիվ ներկայացնել: Նրա համոզմամբ՝ Ներսեսը տղամարդ չէր, քիթն իրեն չվերաբերող գործերի մեջ էր խոթում: «Քո ի՞նչ բանն է, ինչ կեփեմ, ինչ կանեմ, ամանները երբ լվացի, երեխայի տակաշորը երբ փոխեցի», -ասում էր: Ներսեսը մի շրջան փորձեց անտարբեր մնալ. ինչ կերպ կամենում է, թող վարվի, բայց… գործից գալիս էր՝ ճաշ չկա, հաց չի առել, երեխան էր աղիողորմ հեկեկում, հյուրեր եղած ժամանակ ինքն էր գետինը մտնում: Ու վերստին և հերթ էր կանգնում կարտոֆիլի ու մնացյալի համար, և բարուրը քանդում ու փոքրիկի կարմրած հետույքը լվանում, և ճաշ եփում ու կնոջից թաքուն պահարանի, հեռուստացույցի փոշին մաքրում: Մեկ, երկու երեք… Էլյայի աչքին դարձավ գծուծ, չկամ, գեղջուկ, իսկ ինքը… Կարդացածը Юность-ից ու դետեկտիվ գրքերից, հետաքրքրասիրությունը խաչբառից այն կողմ չէր անցնում: Անգամ մտավոր ընդունակությունն էր սահմանափակ, սակայն փորձիր բան ասել… Պարզապես այնքան խելոք էր, որ կարողանում էր լռել և անտեղյակ անձանց աչքին խորհրդավոր երևալ:

Այդ լռությունն ու սուսիկ-փուսիկությունն էլ Ներսեսի կյանքը խորտակեցին: Ամուսնացավ՝ գրեթե առանց ճանաչելու: Վրիպեց, և դրանում մաս ունեին ընկերները: «Դրանից լավը չես գտնի, -ասում էին, - ման եկած չէ, աչքը տանը, երեխաներին կլինի»: Ի՜նչ իմանային, որ մնջության տակ դև է թաքնված: Բարեկամներն էլ իրենց հերթին. «Տարիքդ անցնում է, շուտ արա, տուն-տեղ դիր»: Վստահում էին՝ կարծելով աշխարհ տեսած, մոսկվաներում ապրած Ներսեսն անսխալական է: Ինքը ևս՝ այդ տարիներին շատ ինքնավստահ էր, չափազանց համարձակ: Մինչդեռ փորձառու լինելով հանդերձ, կանանց չէր ճանաչում: Ավելի ճիշտ, գիտեր, բայց նրան գրեթե անծանոթ էին նույն հարկի տակ կենալու, անընդհատ իրար հետ լինելու դժվարությունները: Կանայք միայն նրա համար են, որպեսզի հաճոյախոսես հետները, սիրես, սիրվես, իսկ մնացածը հեշտ է, ինքնին կլինի, -մտածում էր: Մանավանդ ինքը խաչ է քաշում անցյալի վրա, ամբողջությամբ տրվում ընտանիքին, սեփական բույնը հարդարելուն և նման կողակից է ընտրում՝ պարկեշտ, հասարակ ընտանիքից: էլ չհարցրեց՝ այդ ինչպե՞ս է, որ երեսուներկու տարեկան օրիորդը դեռ ոչ մի հրապուրանք չի ունեցել՝ այն էլ մեր օրերում: Մի՞թե շրջապատում սիրելու արժանի տղամարդ չի գտնվել: Գուցե անկարո՞ղ է եղել գեղեցկությունն զգալ և կամ՝ բնավորությամբ այն աստիճան չոր է, որ բոլորը խուսափե՞լ են:

Իրականում նա այդ հարցերն իրեն տվել էր, միայն թե բոլոր ինչուների նույնքան հավանական պատասխաններն օտարվեցին ու մնաց մեկը՝ ամոթխած է, վեհերոտ: Եվ Ներսեսը, որ կարող էր տասն անգամ ավելի գեղեցիկ կին փնտրել, հեռանկատ ամուսնությամբ հարթել հետագա ուղին, դոկտորական պաշտպանել ու պրոֆեսորի պաշտոն ապահովել, ընտրեց Էլյային: Էլ չգիտեր, որ լուրջ խաղի մեջ է մտնում, ու զուգընկերը մեծ դերասան է, որ մարդիկ ունակ են տարիներով, եթե պետք է՝ նաև ողջ կյանքում ներկայանալ այլ կերպ, քան կան, թաքցնել, քողարկել էությունը և ապրել կեղևված, միշտ խեցու մեջ:

Մինչևիսկ փոքրիկների հարցում չափած-ձևած էր: Ներսեսն այդպես էլ չտեսավ, որ զավակներին սրտանց համբուրի: Ամեն բան՝ կարգուկանոնով, ըստ գրքերի, չոր ու ցամաք: Սառը ջուր չխմես, սենյակում չվազես, այս՝ այսպես արա, այն՝ միայն այնպես: Դուք երեխաներ չեք, ձեր անուններն Անդրանիկ, Անի չէ: Դուք Էլյան եք՝ սուսիկ-փուսիկ, չարկամ, քարսիրտ, անհոգի, անխղճմտանք, անզգացմունք, անագորույն, ան… Եթե քնելու ժամին աշխարհի լավագույն ֆիլմը ցույց տան, ձեզ չի կարելի, марш դեպի անկողին: Չփորձեք ծպտուն հանել: Արցունքները՝ միայն ներս, խորքերը, առաջին հերթին՝ կարգը, կարգը: Սովորեք սարդի պես ապրել՝ սառը, լպրծուն: Լռության մեջ ցանց հյուսեք՝ սպասելով զոհին: Նա կգա, անպայման կգա, և ազատում չի լինի․ կնճիթներդ խրեք մարմինն ու ծծեք հյութերը՝ ըստ ցանկության:

Այդ ամենով հանդերձ, Էլյային կորցնելու միտքը խելագարեցնում էր Ներսեսին: Ըստ էության, կյանքն ուղղում էր նրա սխալը, սակայն հաշվի չէր առել մի բան՝ մայրության հասնող սերը հանդեպ զավակները: Որքան էլ տարօրինակ, բայց այդպես էր. նա որդուն ու դստերն զգում էր բոլոր նյարդերով, բջիջներով: Իր կեսն էին, իր շարունակությունը, Ներսեսն էին՝ մանկացած: Մի հանգամանք ևս կար. որբ էր մեծացել, վաղ տարիքում զրկվել ծնողներից և գիտեր՝ ինչ ասել է անծնող մարդ: Կար նաև երրորդ պատճառը, որն անգամ իրեն չէր խոստովանում. մոսկվաներում, կանանց շրջանում միշտ հաջողակ, մերժում չստացած Ներսեսին դեմ էին արել պատին: Գտնվել էր մեկը, որը նրան ոչ միայն չէր սիրում, չէր համակրում, այլև ատում էր, և այն էլ ո՞վ՝ սեփական կինը - իրոք, ջախջախիչ հարված:

Սկզբնական շրջանում չէր հավատում, թե բանը բաժանության կհասնի: Կարծում էր, հերթական քայլ է՝ ճզմելու, ճնշելու, փալաս դարձնելու, տան ղեկը ձեռքն առնելու վերջնանպատակ հետապնդող: Ու փոխանակ բախտից շնորհակալ լինի զսպող, անդամալուծող թոկից ազատելու համար, բռնեց հարյուր տոկոսանոց սխալ, հետագա կյանքն առավել խճճող ուղի: Քրոջը, եղբայրներին, հեռու-մոտիկ բարեկամներին, ընկերներին ճամփեց Էլյայի ու նրա ծնողների մոտ: Բանագնացները մեկը մյուսին էին հաջորդում, սակայն կինը երկու ոտքը մի կոշիկի մեջ հաստատուն էր դրել: Ծնողներն իրենց հերթին կարճմիտ՝ անվերապահորեն հավատալով դստեր պատմածներին՝ նրա կողմն էին բռնել: «Դժոխքի վերակացու է Ներսեսը, և տանջարանից իրենց հրեշտակին հանելու մի ելք կա՝ բաժանությունը», -որոշել էին: Իսկ թե հետագայում ի՞նչ է սպասվում երեխաներին, դստերը, տասներորդական հարց էր, ուշադրության անարժան: Ճանաչողները, իհարկե, չէին հավատում Էլյայի մոգոնածին: Զարմացնողը Ներսեսի վարքն էր՝ իջնում էր, հա իջնում, մեկը մյուսի ետևից զիջումներ անում՝ փրկելու ի՞նչը: Զավակների՞ն: Կյանքի փորձն ասում էր, որ դա չէ ճանապարհը, խնդրել-պաղատելով, բացատրելով բան դուրս չի գա: Ամենաշատը՝ Էլյան կվերադառնա՝ երկու-երեք ամիս անց վերստին հեռանալու համար, այս անգամ՝ վերջնական: Նման պարագայում թուլությունն անթույլատրելի է: Խոտորնակին խոտորնակ, և դիմացինը կզգա, որ արժեք է կորցնում:

Ժամանակ շահելու նպատակով Ներսեսն այն ժամանակ այցի գնաց անգամ դատավորին: Վերջինիս պրակտիկայում, երևի, նման բան չէր եղել, զարմացավ: Ներսեսը բացատրեց գործի էությունը՝ ազնվորեն, առանց մանրուք թաքցնելու, հետո խնդրեց երեք ամիս ժամանակ տալ: Նույնը պնդեց նաև դատի ընթացքում: Ընդառաջեցին: Ակնհայտ էր, հիմար չէ, սիրահարված՝ նույնպես, կարողանում է երևույթը տակից-վրայից տեսնել, գիտի կնոջ բնավորության բոլոր հոռի գծերը, բայց թե՝ կամովին ուզում է շարունակել նախկին կյանքը:

Էլյան տանը մնացած քրոջ հետ էր եկել՝ չսպառած կրքից ու չարությունից մաղձոտ աղջիկ: Մեկ տարի շարունակ Ներսեսենց հետ ապրեց՝ մշտական ներկայությամբ լիուլի խանգարելով զույգին, թույլ չտալով մտերմանալ: Խոհանոցում էր քնում: Երբ երեխան ծնվեց, տեսավ՝ դժվար է, օգնության կարիք ունեն, լացուկոծը խանգարում է, լքեց ու գնաց տուն վարձելու: Հետո կարողացավ սուտ-փուտ ժպտալ տնօրենին, դարձյալ ինչ-որ մեկին ու կանացի խոստումներով երկու-երեք տարի անց մեկ սենյակ կորզել, և Էլյան ոտքի հենարան ունեցավ:

Անդավաճան «Զապը» անսպասելիորեն կորցրեց արագությունը: Ներսեսը, չհասկանալով ինչն ինչոց է, ետքից եկող մեքենաների հորձանքին չխանգարելու համար ղեկն աջ թեքեց: Եվս մի քանի մետր, և «Զապը» կանգ առավ: Նա շարժիչը վերստին գործի գցելու մի քանի փորձ արեց. բենզինը վերջացել էր: Նման դեպք էլի էր եղել: Երեխաների, կնոջ հետ գնում էին Էլյայենց տուն: Դեկտեմբերի վերջն էր՝ ցուրտ: «Զապարոժեցն» այդ տարի էին գնել, և Ներսեսը նոր-նոր էր վարժվում մեքենա վարելուն: Հիմա լիներ, չէր հանդգնի այդքան ճանապարհ կտրել: Աշտարակից սկսած՝ գնալը դժվարացավ: Ասֆալտը սառցակալել էր, դիմացից փչող քամին ծեփում էր հողմապակին, ցնցում մեքենան: Մաքրող ձողիկները տենդագին դեսուդեն էին զարկվում, բայց դա բավական չէր, և Ներսեսը շուտ-շուտ լաթը ձեռքն առնելով՝ ներսից-դրսից մաքրում էր դիմապակին: Դիմացից մեքենա չէր գալիս, ինչը, սակայն, նրան ոչինչ չէր հուշում: Գուցեև անորոշ վտանգ զգում էր, բայց Էլյայի լռությունը, այն միտքը, որ կասի՝ վախեցավ, թույլ չէր տալիս կեսճամփից դառնալ:

Սպիտակի լեռնացքից իջնելիս շարժիչը, ինչպես այս անգամ, լռեց: Ազատ ընթացքի դրված «Զապորոժեցը» սկսեց սեփական ծանրության տակ արագություն հավաքել: Ներսեսը կտրուկ արգելակեց: Մեքենան սառցի վրա պտտվելով՝ գլուխը կիսով չափ դեպի ետ, կանգնեց ձորապռնկին: Երկյուղած իջավ: Կես մետրի չափ տարածություն էր բաժանում սոսկալի բարձունքից: Չլինեին եզրի ձնակույտերը, անկասկած կգահավիժեին: Վախենում էր շարժիչը վերստին գործարկել. հանկարծ ու փրկարար սառցակույտերը տեղի տան՝ չդիմանալով ճնշմանը: Կես ժամի չափ մեքենայի սպասեց, ապա, հուսահատվելով, փորձեց միայնակ հրել: Ուժը չպատեց: Էլյան այդպես էլ տաք սրահից չելավ: Տղամարդու գործ է, միայնակ գլուխ բեր, -ասում էր հայացքը: Անգամ մտքով չանցավ վերարկուն առաջարկել դրսում սպասող Ներսեսին: Չլինեին երեխաները, կհրեր մեքենան ու Էլյայով հանդերձ ձորը կնետեր. այդչափ անտարբեր, գրգռող էր հետնամասում ընկողմանած կինը: Վերջապես Սպիտակի կողմից ավտոբուս հայտնվեց: Մեքենան փնչոցով հասավ Ներսեսին, շարունակեց ընթացքը, սակայն տագնապն ու կոկորդում հայտնված հայհոյանքն իզուր էին: Փորձառու վարորդը վերելքը հաղթահարելուց հետո կանգնեց: Ավտոբուսից թափված տղամարդիկ արագորեն ուղղեցին մեքենան: Նրանց՝ «ի՞նչ է պատահել» հարցին ուսերի թափահարումով պատասխանեց: Վարորդը հաղթ մարմինը «Զապը» խցկելուց հետո պտտեց բանալին, սակայն երբ աչքն առավ ցուցիչին, շարժիչը երկրորդ անգամ գործի գցելու մտքից հրաժարվելով՝ դարձավ Նեսեսին՝ հայացքում նախատինք.

-Այսպիսի եղանակի միայն կյանքից ձեռք քաշածը «Զապորոժեց» -ով ճամփա կելնի:

-Ի՞նչ եք առաջարկում, -չոր նկատեց Էլյան:

-Լավ կլինի ետ դառնաք, -խոսքը դարձյալ Ներսեսին ուղղեց վարորդը:

-Խնդրում եմ ձեր կարծիքը մեր վզին չփաթափեք: Դուք չպիտի որոշեք մեր գնալ-չգնալը:

Վարորդը շրջվեց, նայեց Էլյային, Անդրանիկին ու Անիին, հետո՝

-Երեխաներն են մեղք, -մնացածը, հավանաբար Ներսեսին խնայելով, մտքում ասաց:

Ապա նա ավտոբուսից մի դույլ բենզին քաշելով՝ իր ձեռքով լցրեց Զապի բաքը: Անհամբեր մեկն ազդանշան տվեց: Վարորդն ուղղվելով՝ առանց ցտեսություն ասելու գնաց: Արդեն մեքենայում հողմի հետ Ներսեսին հասավ նրա ձայնը.

-Սառույցի վրա ոչ մի դեպքում չարգելակես, գցիր երկրորդ ու հանգիստ գնա:

Այդ օրը մեկ անգամ ևս համոզվեց, որ կինն իրեն չի սիրում:

Բաժանությունից հետո Ներսեսը նույն ճանապարհն անցնում էր միայնակ: Էլյան, պատճառ բռնելով բնակարանը, աղջկան տարավ հոր տուն: Ներսեսը երկու-երեք ամիսը մեկ գնում էր նրան տեսնելու: Սկզբում Անին ջերմորեն էր ընդունում. կարոտագին ընկնում էր հոր վզով, և երկուսն էլ հուզմունքից, ուրախությունից, վշտից հեկեկում էին՝ առանց կողմնակի աչքից արտասուքը թաքցնելու: Հետո գործը բարդացավ: Ծնողները, քույրը, ինքը՝ Էլյան սկսեցին երեխային վախեցնել, հազար ու վատ միտք լցնել գլուխը, տնօրենի, ուսմասվարի հետ վիճեցին, ժողկրթբաժին մտան՝ առանց իրենց գիտության հոր ու դստեր տեսակցությունն արգելելու պահանջով: Գնալով Անին փոխվեց: Վերջին այցի ժամանակ այդպես էլ մոտ չեկավ, նվերը՝ ոսկեծամ տիկնիկ, չվերցրեց: Ներսեսի սիրտը ճմլվեց: Աղջիկը շարունակաբար աչքը դարպասին էր գցում: Սարսափ կար հայացքում. վախենում էր տատը, մեկնումեկը գա ու նկատի հոր հետ զրուցելիս: Հայերեն խոսելը, հո, լրիվ մոռացել էր: Ներսեսը չկամեցավ տանջել երեխային և, պատուհաններից հետևող ուսուցիչների, աստիճանահարթակում խմբված աշակերտների հայացքի ներքո, փղձուկը հազիվ զսպելով, նստեց մեքենան և վերադարձավ Երևան:

Մնաց Անդրանիկը: Շաբաթը մեկ գնում էր մանկապարտեզ: Այնպիսի ժամ էր ընտրում, որ Էլյային չհանդիպի, ու տղայից մասամբ նաև դստեր կարոտն էր առնում: Որդու հետ կապված մի միջադեպ ևս հիմնովին ցնցել էր նրան: Նույնն էր, թե բաց վերքին աղ ցանեին: Դուրս էին եկել բակ և մեկուսի անկյուն գտած՝ զրուցում էին: Հետո Անդրանիկն առաջարկեց հեռախոս-հեռախոս խաղալ: Ձեռքը դրեց ականջին ու՝

-Ալլո, հայրիկ:

-Լսում եմ, -ակամա խաղի մեջ մտավ Ներսեսը:

-Ո՞նց ես:

-Լավ եմ, Անդրանիկս: Երբ քեզ հետ եմ, ամեն ինչ առաջվա պես է, -իրենից ու փոքրիկից ամաչելով՝ անկեղծացավ:

-Սովա՞ծ ես, հայրիկ:

-Չէ, հոգիս: Ինչու՞ ես այդպես կարծում:

-Բա քեզ ո՞վ է ճաշ եփում:

-Ինքս: Չգիտե՞ս, որ հայրիկը համով-համով բաներ գիտի պատրաստել: Չե՞ս կարոտել հորդ ճաշերին:

-Քո շորերն ո՞վ է լվանում, -հարցն անարձագանք մնաց:

Ներսեսի կոկորդը սեղմվեց. ուրեմն՝ երեխային այս մտքերն էլի են հուզել: Շատ անգամ է միայնակ հարց տվել իրեն՝ չստանալով պատասխանը:

-Հայրիկ, ինչու՞ չես պատասխանում, նեղացա՞ր, -անհանգստացավ տղան:

-Ամենևին: Խոսենք, խոսենք: Ես ինչպե՞ս կարող եմ քեզնից նեղանալ, ի՞նչ իրավունք ունեմ:

-Հայրիկ, ես քեզ ամեն օր հիշում եմ:

-Դե, ես գիտեմ, որ դու լավ ձագուկ ես:

-Մաման ու тетя Նելլին չեն թողնում քեզ մոտ գամ:

-Ոչինչ, հետո կգաս, երբ արդեն մեծ կլինես ու կկարողանաս ճիշտը սխալից ջոկել: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի: Իսկ Նելլի մորքուրը չի՞ ամուսնանում:

-Մաման ասում է՝ բա որ էլի խուլիգանի հանդիպի:

-Խուլիգանն ո՞վ է, -իբր, չի ըմբռնում, թե ակնարկն ում է ուղղված, զարմացավ հայրը:

-Դու, - քրքջաց Անդրանիկը, -չգիտեի՞ր:

-Մի հավատա դրանց, -դառնացած՝ ուրիշ պատասխան չգտավ:

-Տու, տու, տու..-անսպասելիորեն ձեռքն ականջից հեռացնելով՝ փոքրիկը տագնպած շուրջը նայեց. նրա հետ ակներևաբար բան կատարվեց:

-Մաման տուն եկավ: Հեռախոսն անջատեցի, որ չիմանա քեզ հետ եմ խոսում:

Հայրը շվարեց, ասես կացնով իջնեին գլխին: Ի՜նչ աստիճան է վախեցրել զավակներին: Խե՜ղճ տղա, պարծենկոտ արտահայտությունը դեմքից չէր անցնում. կարողացավ խուսափել պատժից, հիմարացրեց մորը:

Ներսեսը բեռնախցիկից դույլը հանել, փորձում էր մեքենա կանգնեցնել: Մարդատարները հաշվի մեջ չէին: Եթե ուզեր էլ, չէին կանգնի: Հենց աչքը բազմագույն հորձանքի մեջ բեռնատար էր տեսնում, բարձրացնում էր ձեռքը՝ ջանալով իր վրա հրավիրել խցիկում նստածի ուշադրությունը: Արդեն քչից-շատից տիրապետում էր վարորդների անխոս «լեզվին» և գիտեր՝ բենզինի համար պետք է ցուցամատն ու բութը մի չափի բերել: Լավություն անելու, ճամփին խափան մեքենա տեսնելիս պարտադիր կանգնելու երանելի ժամանակներն անցել էին ու հիմա, թե արգելակեին, ուրեմն՝ բենզին կար վաճառելու: Հինգ-տասը րոպեի չափ սպասում էր, սակայն համապատասխան ավտո չէր գալիս:

Մռայլ օր էր, ոչ այն է անձրև էր գալիս, ոչ այն է՝ չէ: Շարժում, քամի չկար, և խոնավ օդն ու ծուխը շաղախուն՝ բռնել էին մայրուղին: Փռշտալով, ետքից մուր կապած հսկա «Կամազ» էր մոտենում: Կողքից ընթացողները նրա համեմատ փխրուն տեսք ունեին: Բեռնատարը հռնդյունով կանգնեց: Ներսեսն առանց ժամանակ կորցնելու ցատկեց կանգնակին: Վարորդը մեքենայի հակապատկերն էր՝ նիհար-միհար, հիսուն կիլո հազիվ լիներ:

-Մի քանի լիտր բենզին է պետք:

Խցիկում գտնվողը լայն ժպտաց.

-Բենզակայանը աչքիդ առաջ է:

Ներսեսը մտաբերեց. իրոք, հարյուր մետր ներքև ճանապարհը ճյուղ էր տալիս, մտնում լցակայան: Հիմա նա վատ էր զգում, որ հսկա «Կամազը» կանգնեցրեց:

-Կներեք, մտքիցս թռել էր:

-Ուզու՞մ ես տամ, բայց շարժիչդ շարքից կհանի:

-Չէ, շնորհակալություն:

-Նստիր, գոնե տեղ հասցնեմ:

Խցիկը լայն էր, հարմարավետ:

-Դռները փակե՞լ ես, -հիշեցրեց վարորդը:

-Էդ մեկը, հա, չեմ մոռացել, -Ներսեսը ժպտաց:

Որքա՜ն քիչ բան է պետք մարդուն խաղաղ, գոհ ապրելու համար: Ուրիշ մեկը լիներ, կկոպտեր, «բենզակայանը քթիդ տակ է», -կասեր, մինչդեռ սա անգամ գողությունից է ուզում ապահովագրել:

Լցակայանի մոտ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով՝ իջավ: Երկու ռուբլի տվեց աշխատողին՝ ինչքան ուզում է, թող լցնի: Շտապում էր: Ստամոքսը դեռ գործի տեղն էր սկսել զգացնել տալ, իսկ այժմ պարզապես կտրատվում էր: Առավոտյան ընդամենը երկու թերխաշ ձու էր կերել: Թերևս, նորից հավ խաշի՝ սնվելու հետ հաշիվները մաքրելու ամենադյուրին եղանակը: Վաղու՜ց տաք ճաշի երես չէր տեսել, գիտեր, որ այդ կերպ չի կարելի, սակայն ձեռքը ոչնչի չէր գնում: Տանն էլ՝ ցուրտ, անհրապույր:

Սենյակի մի անկյունն իրենն էր, մնացածը՝ Էլյայինը: Ապահարզանից հետո նա իր բաժինը չտարավ: Փոխարենը դատական կատարածուի հրավիրեց և նրա ներկայությամբ քրոջ ու ընկերուհու հետ գույքը կուտակեց մի անկյունում: Կարող էր ավելի փոքր տարածք զբաղեցնել, սակայն դիտմամբ այնպես ամեն բան խառնեց, որ Ներսեսն իրեն միշտ վատ զգա, նեղսրտի: Նախ՝ սպասքապահարանը թիկունքով կանգնեցրեց սենյակի կենտրոնում, կողքին՝ դաշնամուրը: Բազմոցին դարսեց ողջ անկողինը, վրան սեղանը՝ ոտքերը դեպի վեր: Գրքերի ու զգեստապահարանները տեղ գրավեցին անկյունին հարող մասում՝ դարձյալ թիկունքով: Նյարդերի վրա ազդող տեսարան էր: Ապա պոկեց վարագույրները, կախիչները, էժանագին լուսամփոփը, որ նախկին տանտերերն էին թողել: Տարածքը բարիկադավորելուց հետո սենյակ քարշ տվեց նաև խոհանոցի, միջանցքի գույքը, մինչևիսկ աղբամանն ու դույլը, օճառի կտորն ու ձեթի շիշը: Բացարձակապես ոչ մի չոփ չթողեց:

Ներսեսն սկզբում ձայն չէր հանում, սակայն վերջում, երբ տեսավ կինը չափն անցնում է, կատարածուին խնդրեց միջամտել:

-Խոհանոցի գույքը թողեք տեղում մնա, -Էլյային դիմեց վերջինս:

-Ոչ, իմ իրերն են, ինչ ուզեմ, այն էլ կանեմ, -կոպտեց նա:

-Այո, ձերն են, բայց սենյակ տանելու ի՞նչ կարիք կա:

-Հը՜մ, դուք չգիտեք, թե սա ինչ տիպն է. կմիացնի սառնարանը, կօգտվի սեղանից, աթոռներից:

Ներսեսը նրա փոխարեն ամաչում էր: Իրեն ոչինչ պետք չէր, սակայն կնոջ վարմունքն ափերից հանում էր, զայրացնում: Չէր կամենում օտար մարդկանց ներկայությամբ վեճի բռնվել, բայց լռելն առավել դժվար էր:

-Ծալովի մահճակալը մի վերցրու: Ես պետք է վրան քնեմ, -ասաց:

Իրականությունը ևս դա էր, հո հատակին, թերթերի վրա չէ՞ր քնելու: Էլյան չարձագանքեց:

-Նելլի, ասա թող չվերցնի, -նա դարձավ քրոջը:

-Այստեղ ողորմություն չեն բաժանում, -ֆշշաց Նելլին:

Ներսեսը բռնկվեց:

-Եթե բանը դրան հասավ, մահճակալն իմն է: Գույքացուցակում ինչ նշված չէ, վերցնելու իրավունք չունեք: Այդպես չէ՞, -կատարածուին օգնության կանչեց Ներսեսը:

-Այո, -հաստատեց վերջինս:

-Տեսնու՞մ ես, -խոսքն ընկերուհուն ուղղեց Էլյան, -որ ասում եմ мелочный մարդ է, չես հավատում, աչքովդ տեսա՞ր: Տասը ռուբլիանոց լեժանկայի համար է կռիվ տալիս:

-Հարցը փողը չէ: Եթե այդքան ազնիվ էիր, ինչու՞ բոլորը գրել չտվիր, թե՞, կարծում ես, գլխի չեմ:

-Ամեն բան գրված է:

-Քո երկու հազարը նույնպե՞ս: Բա որ ես էլ քեզ պես վարվեի՞: Կարո՞ղ էի դատի ժամանակ ամեն ինչ ասել: Դու, հո, գիտե՞ս, -վերջում քրոջն ուղղեց խոսքը:

Նելլին քմծիծաղ տվեց, և Ներսեսը գլխի ընկավ, որ Էլյան նման զարգացում նկատի առնելով՝ բաժանվելուց շատ առաջ խնայբանկից փողը հանել է: Նա մեկ անգամ ևս իրեն անճարակ, միայնակ զգաց: Ուզում էր որևէ խիստ բան ասել, վիրավորել, սակայն ավելորդ հուզմունքը խանգարում էր: Իսկ էլյան դրության տեր զգալով՝ բացվել էր.

-Սա որ կարգին տղամարդ լիներ, -կնոջն ու երկու երեխային փողոց չէր գցի, -բացատրում էր:

-Քեզ ո՞վ է դուրս գցել: Եկ ապրիր, որքան սիրտդ ուզում է:

-Սենյակն ազատիր, գամ:

-Ես գնալու ուրիշ տեղ չունեմ: Մինչև նոր բնակարան ստանալն այստեղ եմ մնալու: Եվ հետո՝ ես քեզ պատժել եմ: Դու զավակներիս զրկեցիր հոր հետ ապրելու ուրախությունից:

-Նրանց անունն այլևս չտաս: Ես երեխաների հետ փողոցում կքնեմ, դու մնա, հանկարծ չմրսես, -ասաց, վերից վար արհամարհանքով չափեց:

Ներսեսի ծնոտը զայրույթից, վիրավորանքից սկսեց ցնցվել: Կամքի լարումով զսպեց դողը. թող չիմանան:

-Դատարանը գտել է, որ մեկ սենյակը բաժանման ենթակա չէ, և երկուսս էլ հավասար իրավունքով պետք է օգտվենք: Մնացածը քո գործն է: Չես կամենում, մի ապրիր:

-Քեզ հե՞տ. շան հետ կմնամ, քեզ հետ՝ երբեք:

-Լավ կանես, բայց սենյակը պահեստ մի դարձրու, իրավունք չունես:

-Գոնե ասպետ եղիր, -մեջ ընկավ Նելլին:

Ներսեսն անզորությունից քիչ էր մնում պայթի: Ուրեմն՝ ինքն այդքան ների, զիջի, իսկ սրանք դեռ դժգոհ են: Սեղանի կեղտոտ ջնջոցն ու տասը կոպեկանոց օճառամանը վերցրին, եկել ասպետությունից են խոսում:

-Արժանապտվություն ունեցողն առաջին հերթին եղբայրներիս նվիրած ոսկյա շղթան ու մատանին կվերադարձներ: Նրանք իրենց հարսին էին նվիրել, իսկ դու նրանց համար հիմա ոչինչ ես: Ի՞նչ խղճով ես կրելու:

-Подумаешь. Կարծես ադամանդից է, հիմա էլ երեսով է տալիս:

-Ավելիին արժանի չէիր, -ասաց, խոսքն ուղղեց Էլյայի ընկերուհուն: -Եթե դատարան դիմեի, նվերների արժեքի կեսն իմ օգտին կորոշեին: Հիմա ինքներդ եզրակացրեք՝ մեզնից ով է գծուծը, -այլևս գոհ էր իրենից: Գոնե ինչ-որ բան ասաց: Թող ընկերուհին ճանաչի, իսկ ինքն ու քույրը ճաքեն:

Բենզինն անզգույշ շարժումից ճողփաց, թափվեց տաբատի փողքին: Ուշքի գալով՝ Ներսեսը դույլը դրեց մայթին: Վերջերս գնած դարչնագույն շալվարը կարգին ավերվել էր: Հարկ կլինի դիմել քրոջ օգնությանը, գուցե կարողանա բծերը հեռացնել: Այդպես է՝ տհաճ հուշերից ոչ օգուտ կա, ոչ ազատում: Կարողանար միանգամից մոռանալ, նոր կյանք սկսել, սակայն սատանի ձին հեծած Էլյան կթողնե՞ր: Նա նույնպես վրիպել էր ու հիմա չգիտեր՝ ինչ շարունակություն ընտրի: Քայլը կատարել էր՝ հույսը դնելով Ներսեսի բարության վրա: Համոզված էր, թե դատից հետո կազատի բնակարանը, գլուխն առնելով կկորչի, թե դաստիարակությունը, բարոյական չափանիշները թույլ չեն տա հակառակ կերպ վարվել, կվախենա հասարակական կարծիքից, բայց նա խնդրին ուրիշ լուծում առաջարկեց: Էլյան փրփրեց, վարկաբեկելու մտադրանքով այցեց Ներսեսի տնօրենին, ասաց, որ նախկին ամուսինն իրեն ու երկու երեխային փողոց է գցել՝ պահանջելով պարսավանքի ենթարկել: Չբավարարվելով դրանով՝ հավելեց, որ նա կաշառակեր է, հիվանդներ է ընդունում տանը, իբրև բժիշկ անգետ է և մութ անցյալ ունի: Սակայն այնքան կարճմիտ էր, որ գլխի չընկավ, թե ինչ տպավորություն թողեց: Ըստ էության, խայտառակելու փոխարեն իրեն նսեմացրեց: Նրա մեկնելուց հետո տնօրենը կանչելով՝ տեղյակ պահեց Էլյայի այցի մասին՝ վերջում ցավեց, որ նման կին է բաժին ընկել: Հիշյալ այցից միակ օգուտն այն եղավ, որ աշխատավայրում խոստացան առաջին իսկ հնարավորության դեպքում Ներսեսին բնակարան տալ: Մինչդեռ Էլյան չգոհանալով՝ կրկին դատարան դիմեց: Հայցը մերժեցին, միաժամանակ զգուշացնելով, որ եթե վեց ամիս չապրի այն տանը, որտեղ գրանցված է, կզրկվի բնակարանից օգտվելու իրավունքից: Դրանից հետո նա շաբաթը մեկ-երկու անգամ տասը-քսան րոպեով պարտադիր մտնում էր տուն: Եթե Ներսեսն այնտեղ էր լինում, ցուցադրաբար անցնում էր իր անկյունը, շուռումուռ տալիս աման-չամանը, մտնում խոհանոց, լողասենյակ, աղմուկով բացում-փակում դռները, գնում:

Ներսեսի վրա ազդող ուրիշ մեթոդներ ևս ուներ: Կարող էր, օրինակ, բացել ցնցուղը և այդպես էլ առանց անջատելու գնալ, միջանցքից կոշիկները վերցնել, տանել դնել Ներսեսի անկողնուն, աղբի դույլը նետել պատահաբար սեղանին մնացած կարագամանը: Քանի՜ անգամ հանել տարել էր ապահովիչները, որպեսզի նա խավարի մեջ մնա, նյարդերը տեղի տան ու վեճի մեջ մտնի, գուցեև չդիմանա, ապտակի: Այ, նոր գործ կբացվի: Վազ կտա դատական բժշկի մոտ, կդիմի օրենքի օգնությանը և, որտե՞ղ ես, Սիբիր, ընդունիր Ներսես անունով հանցագործին:

Ներսեսը, սակայն, հասկանում էր ու, թեկուզ դժվարությամբ, զսպում իրեն: Ջղերի վրա բոլորից շատ ազդողն Էլյայի վերարկուն էր: Հավանաբար գեստապոյականները, չեկիստները պատժի հարցում այդչափ հնարամիտ չէին: Դիտմամբ, ի տես ամեն մտնողի, առաջին հերթին՝ Ներսեսի, սենյակի պատին մեխ էր խփել, վերարկուն կախել դրանից: Կոճկած հագուստը՝ արձակ թևքերով, Էլյան էր, նրա ստվերը, կրկնօրինակը, որ ամեն պահ հետևում էր՝ օձային սառնությամբ շշնջալով՝ ես այստեղ եմ, ինձնից ազատում չունես: Չունե՛ս:

Վերարկուի հետապնդումից փրկվելու, վրդով հոգին խաղաղեցնելու մի միջոց, սպեղանի կար՝ Անդրանիկի փոքր տարիքի շապիկն ու Անիի ձմեռային մաշված գլխարկը. հանում էր բարձի տակից, ժամերով նայում, շոշափում, համբուրում, դեմ անում այտին: Ճիշտ է, կարոտը չէր հագենում, բայց գոնե մոռանում էր վերարկու-խրտվիլակի՝ Էլյայի ներկայությունն ու տարվում հուշերով: Իրերը ճամպրուկից էր հանել, թաքուն: Պառկած կարդում էր, երբ կինը տուն մտնելով բացեց զգեստապահարանը, ճամպրուկները և սովորականի պես սկսեց խառնշտել. հետը տանելու շորեր էր ընտրում: Գողունի նրան հետևող Ներսեսի աչքով ընկավ Անիի գլխարկը, որն Էլյան ձեռքը վերցնելով ի միջի այլոց նայեց, ապա, հավանաբար մաշվածությունը նկատի ունենալով, նորից դրեց տեղը: Կնոջ հեռանալուց հետո Ներսեսը գլխարկին տիրելու անզուսպ պահանջ զգաց: Մաշված ճամպրուկը բանալի չուներ: Գլխարկից բացի վերցրեց նաև Անդրանիկի շապիկը: Զգեստապահարանում էլի հագուստ կար, սակայն Էլյան դռները կողպում էր, և Ներսեսը բավարարվեց համեստ ձեռքբերումով: Եղածը մեծ բան չէր, բայց ավարը նրա համար ավելի մեծ արժեք ուներ, քան ամենախոշոր գողոնը՝ իսկական գողի համար:

Բենզին լցնելուց հետո Ներսեսը գործարկեց շարժիչը. ամեն բան կարգին էր: Սկսել էր անձրև գալ: Աշնանային կարճ օրը տեղի էր տվել մթին: Ջրափոսերից անդրադարձող լույսերն առնում էին աչքերին, դժվարացնում վարելը: Ականջին էր հասնում դրսից եկող միալար աղմուկը, որը երբեմն-երբեմն ընդմիջվում էր հռնդյունով, ազդանշանային ձայներով: Մայրուղուց թեքվելով՝ մտավ մեկ այլ փողոց: Եթե հարցնեին, թե կարճ ճանապարհը թողած՝ ինչու է երկարն ընտրում, կարդարանար, իբր, այդպես ավելի անվտանգ է, մարդիկ, մեքենաներ սակավ են հանդիպում: Սակայն դա ճշմարիտ պատասխան չէր լինի: Իրականում հույս ուներ տեսնել տղային, կնոջը: Էլյայի քրոջ տունն այդ փողոցի վրա էր, պատահաբար հանդիպելու հավանականությունը՝ մեծ: Հեռվից հեռու կամենում էր հաղորդակից լինել կնոջ կյանքին՝ ինչո՞վ է ապրում, ինչպե՞ս է քայլում, ու՞մ հետ է զրուցում: Խանդում էր՝ սոսկալի, ծնկները թուլանում էին, երբ մտածում էր, որ նա կարող է վերստին ամուսնանալ, և ուրիշ մեկը կգրկի նրան, կհամբուրի այն շրթունքները, որոնք իրենն էին, կշոյի այն վարսերը, որոնց մեջ իր ռունգներն էին թաղվել, ձեռք կտա ստինքներին, որոնցից Անին, Անդրանիկն էին կաթ ****: Շատ անգամ էր ծառերի ստվերում թաքնված՝ աչքերը գամել նրանց պատուհանի լույսերին, մեքենայով աննկատ հետամտել մանկապարտեզից տուն դարձող մորը, զգուշորեն հարցուփորձ արել, զրույցի ներքաշել որդուն, ընդհանուր ծանոթներին: Կասկածելի ոչինչ չհայտնաբերելու դեպքում հանդարտված տուն էր դարձել՝ հիվանդագին արարքներին բացատրություն, արդարացում փնտրելով:

Մանկապարեզին հասնելով՝ Ներսեսը դանդաղեցրեց ընթացքը: Ուշ ժամ էր, և երկրորդ հարկում, ուր ննջասենյակներն էին, լույս չէր վառվում: Բակում ուշացած մի ծնող փոքրիկի առաջ ծնկած՝ ջանում էր երեխայի մազերը գլխարկի տակ առնել: Աստիճանահարթակին երևաց սպիտակ խալաթ հագած խոհարարուհին՝ ձեռքին աման: Տաղավարի չոր անկյունում կծկված շունը վազքով հասավ նրան, քսմսվեց ոտքերին: Խոհարարուհին ուշադրության չարժանացնելով կենդանուն՝ անշտապ քայլերով իջավ նկուղ՝ ետքից գոցելով դուռը: Շունը հիասթափված վերադառնալով իր անկյունը՝ անտարբեր, թախծալի հայացքը հառեց դռանը: «Շուն, կարոտի իմ եղբայր, դառնաթախիծ իմ ընկեր», -շշնջաց Ներսեսը: Հետո նորից՝ «Շուն, կարոտի իմ եղբայր, դառնաթախիծ իմ ընկեր»: Դողէրոցքի մեջ՝ դարձյալ ու դարձյալ կրկնեց Չարենցի տողերը: Ֆիզիկական հաճույք էր ստանում: Բառերը ցավից պայթող քունքերը շոյող մայրական ձեռք էին, բաց վերքին դրած սպեղանի, ջղերի թրթիռը մեղմող, մարմինը թմրեցնող հաշիշ: «Հողագնդի վրա ապրող ամեն արարած իր վիշտն ունի և...»: Նա չհասցրեց ավարտել միտքը. աջակողմյան մայթով Էլյան ու Անդրանիկն էին քայլում: Կնոջ ձեռքին հաց կար, զամբյուղում՝ մածնի, թթվասերի մի քանի շիշ: Վերարկուն նոր էր՝ մորթե օձիքով: Մյուս ձեռքին բացած անձրևանոցն էր:

-Անդրանի՜կս, -մրմնջաց Ներսեսը:

Քներ, արթնանար՝ երազ լիներ այս ամենը, կարդացած, չմոռացվող գիրք, իսկ իր բաժին կյանքը շարունակվեր նախկինի պես: Ինչպես անցյալում՝ կանգնեցներ մեքենան, իջներ մայթ և, թևերը պարզած, ժպտերես ձայն տար դիմացից եկող կնոջն ու որդուն: Անդրանիկը թողներ մոր ձեռքը, բազկատարած վազեր ընդառաջ, ապա համբուրվեին՝ տաք-տաք, հետո Էլյայի ձեռքից վերցներ գնումներն ու դիմեին իրենց փոքրիկ, հավատարիմ, անդավաճան Զապի կողմը: Իսկ տանն անհամբեր սպասելիս լիներ Անին՝ դպրոցական զգեստով, սեղանին այսուայնկողմ՝ գրքեր, տետրեր, գրիչ... Սրտերի ջերմությունից, հարազատների մերձությունից տաք լիներ տունը, քաղցր՝ համատեղ կիսած պատառ հացը: Իսկ հիմա՝ զավակն ու կինը հազարապատիկ հարազատ, սակայն անմատչելի...

Ներսեսն ընթացքի հետ իջեցնելով ապակին և ողջ մարմնով թեքվելով՝ ձայնեց.

-Անդրանի՜կ:

Մայր ու տղա շրջվեցին: Որդին բնազդական շարժումով ձգվեց հոր կողմը, Էլյան սթափված՝ ինչ-որ բան ասաց՝ միաժամանակ արագացնելով քայլերը: Անդրանիկը ոտքը կախ գցեց: Էլյան հետ դարձավ և անձրևանոց բռնած ձեռքով կոպտորեն քաշեց տղայի դաստակից: Եթե երրորդ ձեռք ունենար, կոլորեր ականջը: Ժպիտը սառեց փոքրիկի դեմքին, և նա հնազանդ հետևեց ծնողին: Ներսեսը տեսավ նաև զայրույթից, ատելությունից մթագնած կնոջ դեմքը: Չարության պատճառը մեքենայում անձրևից պատսպարված ամուսինն էր, հորը մոռանալ չկարողացող զավակը, վերարկուին ընկած մի քանի կաթիլը, ծանրամած օրը, ծրագրերը խառնած կյանքը, մարդիկ, ձեռքի՝ պատիվ չբերող մածնաշշերը:

Փողոցի անկյունադարձին հասնելով՝ նրանք թեքվեցին: Ուշքի գալով՝ Ներսեսը միացրեց շարժիչը և արագություն հավաքեց՝ հասնելու նրանց: Առջևում կանգառն էր: Չորս ակի վրա ճկռած, ճապաղած մի ավտոբուս փորձում էր շարժվել տեղից: Բաց դռներից երևում էին ներս խցկվել ջանացող ուղևորների թիկունքները: Փողոցի ծայրից հեռահար լույսերը գցած բարձր արագությամբ մեքենա էր գալիս, հավանաբար՝ «Ժիգուլի»: Ավտոբուսը փակել էր ճանապարհի կեսը, և վթարից խուսափելու համար Ներսեսը վճռեց արագության տակ շրջանցել նրան: Մոտեցող մարդատարի հզոր լուսարձակները, ջրափոսերում բեկված լույսերն առպահ լրիվ կուրացրին, թվաց, բանուկ հատվածը հերիք չի անի անցնելու, և դեմից եկողն ահա, ահա կզարկի իրեն:

Լուսահեղեղը սրընթաց անցավ, ապա՝ դեմ-դիմաց ինչ-որ բան սևին տվեց. մարդ էր փողոցն անցնում: Շփոթահար՝ նա ղեկը կտրուկ աջ պտտեց: Նույն պահին տեսավ մոտեցող հսկա ծառաբունը, որը վայրկյան անց մեծանալով՝ ծածկեց տեսադաշտը:

Ուժգին հարվածից մեքենան ցնցվեց, հոգեվարքի մեջ թպրտաց՝ զարկվելով ասֆալտին: Ակնթարթորեն շարժիչն անջատվեց, և լույսերը հանգան: Փշրվող ապակու խշրտուքին, մետաղի զնգոցին, ճռինչին հաջորդեց լռությունը, որն արճճի պես լցվեց, ծանրացավ ականջներում: Ներսեսը սրտխառնուք և թուլություն զգաց: Ինչ-որ սոսկալի վատ բան էր կատարվել: Չլինի՞ մեռնում է: Նման զգացողություն մարդ միայն թունդ հարբած ժամանակ է ունենում: Պառկում ես անկողնուն, և շուրջդ ամեն, ամեն բան պտտվում է՝ դու մահճակալը, առաստաղը, պատերը, սենյակը...

Ընդարմությունը, թմբիրը հետզհետե տիրում էին նրան, և Մեծ քնից առաջ Ներսեսը տեսնում էր օդում անկշռելիության մեջ լողացող, հուշիկ հեռացող Ներսեսին: Իսկ ներքևում ժխոր էր, ճիչ-աղմուկ, ջախջախված մեքենայի շուրջ խմբվածները փորձում էին դուրս քաշել ղեկի և նստարանի միջև ճզմված նրա մարմինը:


    
    
    

ԳԵՂԱՄ ԱՐՔԱՅԻ ՄԱՇԿԱՎԱՐԶԱՆԸ

Գեղամը հինգերորդ հարկի չորս սենյականոց բնակարանում ամառ օրով վրան էր զարկել՝ իսկական անջրանց վրան: Անկյունները պնդել էր, կապել ջեռուցման մարտկոցից, բազմոցի ոտքին, հասցրել խոհանոց, հանել պատշգամբ: Տնով մեկ ձգված պարանները խանգարում էին անցուդարձին, փոխարենը պաստառը շուրջանակի պրկվել էր՝ ոչ մի գոգություն, խորշոմ, բացի գագաթից, որն առաստաղի ցածրության պատճառով ճապաղվել էր, կորվել:

Տղաներից երկուսը՝ ձեռքերին շամփուր, աջ ու ահյակ լարվել էին, մյուսները նեղլիկ դռնից ներսուդուրս էին անում, ըստ հարկի զեկույց տալիս, հանձնարարական ստանալով՝ աճապարում հարևան տերություններ՝ լոգարան, ննջասենյակ, խոհանոց, պատշգամբ: Վրանում գորգին ընկողմանած Գեղամը՝ գլխին զարդաթագ, լսում էր բանագնացներին, հրովարտակներ արձակում, որոնք հետո մունետիկները տարածում էին ի լուր ամենքի: Կողքին երկրի ընտրանին էր՝ զորականներ, իշխանք, հոգևոր պետեր, գեղջուկք:

Գեղամը վրանը շահել էր վիճակախաղով: Տոմսը ծննդյան օրը գործընկերներն էին նվիրել: Շահածն զբոսաշրջիկի էր, բայց մարզական իրերի բազայում առաջարկեցին հովվականը, որը, ճիշտ է, մյուսներից փոքր ինչ էժան էր, հարմարությունից զուրկ, սակայն պարզ կառուցվածք ուներ, և քաթանն էր ամուր:

Մինչև տուն բերելը՝ ավելի քան երեք ամիս, տնեցիների զրույցի նյութը վրանն էր: Կինն առաձնապես ոգևորված չէր, ավելին՝ դառնություն կար ներսում. եթե շահելու էին, գոնե հեռուստացույց լիներ, մի լավ գորգ, ավտո, թե չէ՝ վրան: Դա նրա կարծիքն էր, ցանկությունը: Իսկ Գեղամն ու երեխաները… Համատեղ, մինակուկ, երևութական վրանն ուսած կամ թե մեքենայով, երևի հազար անգամ, եթե ոչ ավելի հասել էին Արագածի փեշերն ու Հատիսի կատարը, Գոշավանքի հաճարկուտն ու Գեղարդա ձոր, անցել Հայկական պարից անդին, և որտեղ կանաչ էր հանդիպել, աղբյուր, որտեղ սիրուն էր եղել, անաղմուկ, բնակատեղի էին հիմնել՝ կենալով բնությանը մերձ, նրան դաշն, մի օր իրենց արիացի նախահոր, մեկ ուրիշ անգամ արաբ բեդվինի, ավստրալիական բնիկի, ամերիկյան կովբոյի և էլի հազար ու մի վրանաբնակի կյանքով:

Երեխաներին հավասարապես գրավում էին երևակայական բոլոր ճամփորդությունները, իսկ Գեղամին... Ըստ նրա, պատմությունը դասագիրք է՝ անփոխարինելի: Յոթանասուն, հարյուր, տասը հազար տարվա հեռվից սթափ ուղեղով թերթել այն, վերապրել առանցքային դեպքերը, նշանակում է խուսափել գալիք փորձություններից, հնարավոր ճակատագրական սխալներից: Եվ նա այդ օրերին պատմության ավազանում թաթախված հայորդի էր՝ Բաբելոնյան աշտարակաշինությանը մասնակցած Հաբեթյան Հայկ ու ասորաց վրա գնացող Պարույր Սկայորդի, Պիրամոսին օգնության գնացած Զարմայր ու թշնամուն հալածող Տորք՝ Անգեղ տնից, նահանջի ճանապարհին Բյուրին ուղեկցած Երվանդ արքա և սահմանասյուն տնկող Արտաշես, Խուժիստանում հեծծող Արշակ թագավոր, հայոց այբուբենը վերագտած երանելի Մեսրոպ և «բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնի» պատմահայր՝ Խորեան գյուղից, Սուրբ Սոֆիայի տաճարը վերականգնող Տրդատ և Անիի պարիսպների վրա մարտնչող Այծեմնիկ ու այդպես՝ մինչև մեր օրերը /բոլորին չես թվի: / Զվարթնոց էր կերտում, որպեսզի հետո Կոնստանտին կայսեր նախանձը շարժի, «Տաղ հարության» էր մրմնջում՝ ի հեճուկս մոնղոլ-թաթարի, սելջուկ-թուրքի, հացի, մանկան փոխարեն Առաքելոց վանքի դուռ, Մշո «Ճառընտիր» շալակած էր հրաժեշտ տալիս նախնյաց երկրին, ավազուտներում Այբ-Ֆե էր ուսուցում սովալլուկ մանկանը, որպեսզի հետո չմեռնի ոգին, և մնում էր անպարտ, և մնում էր անպարտ՝ ի հեճուկս մոնղոլ-թաթարի, սելջուկ-թուրքի, այլոց:

Իր ու հարևանների զավակներն այդ օրերին իմացան, որ Արագածից ու Մասիսներից զատ Թոնդուրեք լեռ կա՝ գործող հրաբխով, Սիփան ու Սիմ, Արածանիի հովիտ ու Կարնո սարահարթ, Բզնունյաց ու Կապուտան ծովեր, Եփրատ, Տիգրիս ու Մեղրագետ, Սոսյաց ու Ծննդոց անտառներ, Տարնո ու Ծոփաց աշխարհ՝ բոլորն անձկալի, բոլորն անձկալի:

Հաբեթը սերում է Գամերին, Գամերը՝ Թիրասին, Թիրասը՝ Թորգոմին, Թորգոմը՝ Հայկին, Հայկը՝ Արամանյակին, Արամանյակը՝ Արամայիսին, Արամայիսը՝ Ամասիային, Ամասիան՝ Գեղամին, Գեղամը՝ Հարմային, Հարման՝ Արամին, Արամը՝ Արա Գեղեցիկին, Արա Գեղեցիկը... Ո՞վ է ինքը, ուղիղ գծով արյան ժառանգո՞րդ, կապ կա՞ իր ու առաջին Գեղամի միջև: Նա՝ Գեղամ նախնին Հարմային թողեց Արմավիրը, իսկ ինքը գնաց հյուսիս-արևելք և, դեմ առնելով Սևանա լճին, բնակավայր հիմնեց՝ լեռը կնքելով Գեղասար, շեները՝ Գեղարքունի, իսկ ծովը՝ Գեղամա: Ապա սերեց Սիսակ որդուն և նրան նվիրելով Ծովակից արևելք ընկած հողերը՝ մինչև Երասխ /այսօրվա Սյունիք-Սիսականը/, ետ եկավ և մի ամուր ձորաբերանի դաստակերտ կառուցեց, որը հետո թոռան՝ Գառնիկի անունով կոչվեց Գառնի:

Իսկ ի՞նքը Հայկակ առաջնեկին, Հրանտին, Հրայրին, Հրաչեին, Հովակին, Հասմիկին ի՞նչ է թողնելու, փոխանցելու, տալու: Գրքերից հանած տեղանուննե՞ր միայն, որ իր մահից հետո ծալեն, մի կողմ դնեն, իբրև հնոտի, անպիտո իր, թե՞ ոգի նույնպես, տառապանք նույնպես, և հպարտություն, և արյան եռք, և նպատակ Մեծ:

Վրանը տուն բերելուց հետո խաղերի ծրագիրը հստակվեց, որոշակիացավ, ապա՝ ամառը վրա տվեց: Ծովափ, հանգստյան տուն, ճամբար ու զովասուն ուրիշ անկյուն աճապարողը գնաց, և տոթակեզ քաղաքում մնացին հոգս ու գործ ունեցողները, նրանց հետ նաև Գեղամը՝ վրանով, աղջիկ-տղաներով, հարևանի ճիժ-պիժով, որ արդեն երեխա չէին, այլ բարձրացող Կենաց ծառի օր օրի զորացող ընձյուղ:

Կինն սկզբում դժգոհեց, փորձեց արգելք հանդիսանալ, բայց երբ հասկացավ՝ օգուտը վնասից շատ է, հաշտվեց: Տեսնում էր՝ երեխաների հետ լեզու գտնել կարողանում է, զբաղեցնել՝ նույնպես: Մյուս կողմից՝ ժամանակի ընթացքում խաղը նրան ևս գրավեց. տրամադրության լավ պահերի, եթե առտնին գործերը չէին խանգարում, մտնում էր վրան՝ ստանձնելու պատվավոր դերեր:

-Դավադիրներ են պետք՝ երկուսը: Ո՞վ է կամենում:

Ոչ ոք ձայն չհանեց:

-Գիտեմ, դժվար է, բայց կարգն է այդպես, պատմություն կա. մենք ո՞վ ենք նրա առաջ:

Թեպետև տեսադաշտ չկար, վրանի պատերը հեռուն նայելու հնարավորություն չէին տալիս, Գեղամը դժվարանում էր մեկնումեկի հայացքը բռնել:

-Չե՞ք հավատում, նորի՞ց ապավինենք պատմահորը:

Սեղանիկին դարսած գրքերից Հայկակը մեկնեց Բյուզանդի «Պատմությունը»:

-Հայոց քերթության հայրը եղել և մնում է Խորենացին, բայց ոչինչ, Բյուզանդի մոտ ևս նրանց մասին կա, -ու սկսեց կարդալ: - «Այնուհետեւ Վահան Մամիկոնեան եւ Մերուժան Արծրունի, սոքա երկոքեան արք պիղծք անօրէնք էին, ապստամբեալք էին հուխտէ աստուածապաշտութեան, եւ զանաստուածն Մազդեզանց աղանդն յանձն առեալ պաշտէին, սկսան այնուհետեւ յերկրին Հայոց աւերել զեկեղեցիս՝ զտեղիս աղոթից քրիստոնէից... Ատրուշանս շինէին ի բազում տեղիս... եւ զորդիս եւ զազգայինս իւրեանց տային յուսումն Մազդեզանցն»:

Գեղամը վրանն այն հաշով էր կանգնեցրել, որ էլեկտրական լամպը կախվի երդիկից, սակայն տվյալ պահին դրա կարիքը չկար, որովհետև գրքի շատ տողեր անգիր գիտեր, իսկ բացված էջերին նայելը պարզապես խոսքին կշիռ տալու միջոց էր:

- Հայկակ, Հրանտ, Հրայր, չեղավ: Ամեն անգամ, երբ բանը դավաճանության է հասնում, սկսում եք: Սա ընդամենը խաղ է, հոգու վրա այն բիծ, հավատացեք, չի թողնի: Ավելին, կօգնի ձեզ՝ խորությամբ ըմբռնելու ձեր նախա-նախա, ինչ իմանամ որ պապի տմարդի արարքը: Այդպես, չէ՞, Հովակ:


    

-Իմը Հայկն ու Վարդանն են, Մուշեղն ու Սամվելը, Անդրանիկը:

-Դարձյալ ձերն եք զոռում: Բա իսկական դերասանները ո՞նց են: Մարդ կա կյանքում ոչ մի դրական դեր չի խաղացել: Ճիշտ չե՞մ ասում, Զարուհի, -խրախուսանք ստանալու ակնկալիքով կնոջը դիմեց Գեղամը:

-Մեկ է, ոչ Մերուժան կդառնամ, ոչ Վահան, -համառեց Հովակը:

-Ինձ Փառանձեմի դերը կտաս: Ես էլ Տաճատուհու-մաճատուհու հետ գլուխ չունեմ, -խռովկան, ցանկությունը չկատարելու դեպքում ամեն րոպե խաղից դուրս եկող փոքրիկի պես, որպես սպառնալիք, պայմանները թելադրեց կինը:

-Համը լրիվ հանեցիք: Բոլորդ թագուհի, թագավոր, առնվազն իշխան եք ուզում: Կյանքում ևս այդպես է: էլ չեն ասում՝ արժանի՞ եմ, շնորհք ունեմ, չունեմ, ուժս կպատի, չի պատի: Միայն առաջինը, միայն առաջինը, միայն առաջինը: Ո՜ւր էր, թե կռվի ժամանակ էլ նույն կերպ վարվեին:

-Կարդա՞մ, -բաց գիրքը ձեռքին՝ հորը դարձավ Հայկակը, հետո չսպասեց պատասխանին. «Ապա որդի մի Վահանայ, անուն Սամուէլ, եհար սատակեաց զՎահան զհայր իւր և զՈրմիզդուխտ զմայր իւր՝ զքոյր Շապհոյ Պարսից թագաւորին»:

-Ա՛յ հայր, էդ ո՞նց է Րաֆֆու մոտ իսկական մորն է սպանում՝ Տաճատուհուն, կարդացածում՝ Շապուհի քրոջը:

-Վիպասանը, Հասմիկ, պատմության գերին չէ, նա իրավունք ունի, -փափկեց Գեղամը: -Երևում է, հոգնել եք: Հայոց դասը բերեք ավարտենք: Եկեք ուրիշ խաղ խաղանք՝ նախամարդու: Ես տոհմի ավագն եմ, հիմա տղամարդկանց որսի կուղարկեմ՝ խանութ, աղջիկներին՝ հատապտուղ հավաքելու՝ խոհանոց: Համաձա՞յն եք: Մածունը չմոռանաք, թանջուր կանենք:

- Կարծում ես՝ շոգին մածու՞ն թողած կլինեն: Վաչկատուն ցեղերի պես վրանից, մածունից դենը բան չես տեսնում, -կնոջ ձայնում, սակայն, չարություն չկար. պարզապես խոսքի տոնն էր այդպիսին:

-Հայոց լեռնաշխարհը Եվրասիայում է՝ Եփրատ և Տիգրիս գետերի միջև, Արածանիի ու Երասխի հովիտներն ամբողջ, ներառյալ Կուրը: Մենք, եթե կուզես, բաժանարար շերտն ենք, գոտին՝ Եվրոպայի և Ասիայի, հետևաբար նման ենք մեզ, միմիայն մեզ: Գիտցիր՝ քաղաքակիրթ ազգերը վրանում ապրում են հարկադրաբար, երբ երկրին, խաղաղությանը վտանգ է սպառնում, երբ մարտադաշտում են: Եվ հետո՝ մերը սովորական վրան չէ, այլ արքունական, որին հնում մաշկավարզան էին ասում:

-Կեցցե՛ Գեղամ արքան, -հիացական ձայներ լսվեցին չորեքկողմյան: -Կեցցե՛ Գեղամ թագավորը: Փա՛ռք նրան, փա՛ռք, փա՛ռք:

-Գնամ վեհագույնին թան սարքեմ: Կարտոֆիլն էլ չառնեի, ի՞նչ պիտի ուտեիք, -գլուխն օրորելով՝ ելավ Զարուհին:

Զավակները պատրաստակամ՝ վրանի դուռը, որպեսզի մայրը դուրս գա, բացեցին:

-Մինչև կարտոֆիլի խաշվելը չիջնե՞նք բակի ծառերը ջրելու. շաբաթը կլորվեց:

Առաջարկը երեխաներին չոգևորեց: Դույլերով ջուր կրելն ամռան շոգին առանձնակի հաճելի զբաղմունք չէր, մանավանդ՝ ծառերը պտղատու չէին ու միայն իրենցը:

-Օ՛ֆ, գոնե անձրև գար:

-Հրանտ, մի դժգոհիր արևից: Ժամանակ կա, այն ավելի է պետք բնությանը, քան անձրևը: Օգոստոս ամիսն է՝ հայոց Նավասարդը: Պիտի քաղցրանա, չէ՞, խաղողը: Իսկ եթե շատ ես կամենում, դիմիր Անահիտ, Աստղիկ դիցուհիներին: Հնում այդպես էին վարվում մեր հեթանոս նախնիք: Նրանք մոտավորապես ասում էին.

-Ոսկեծղի Աստղիկ, ընտրյալ Վահագն Աստծո, ամենայն աղբյուր սիրո, գեղի, բարերար մարդկան, գթա և քո ասվածային բարձրությունից անձրև տեղա ի վերա աշխարհին, արպեսզի չկծղի ցորենն արտերի, չչորանա խոտը հանդի, չչամչի պտուղը ծառի, որպեսզի լիություն լինի ամենուր և գոհություն, որպեսզի անոթությունից մարդիկ չչարանան և ախտաժետ մտքերը չպարուրեն նրանց: Տեղա, տեղա, որպեսզի չցամաքեն աղբյուրները, չցամաքեն առուները, չցամաքեն գետերը, չցամաքեն ծովերը: Տեղա և ի վերա երկրին մեր, և ի վերա քաղաքին մեր, և ի վերա բակին մեր, որպեսզի օր առաջ երկարեն Գեղամ հորս տնկած շիվերը, հասնեն հինգերորդ հարկ և անուշ խշշան՝ լսելի բոլորին, իսկ ճյուղերին բույն հյուսեն թևավորները և բռնոցի խաղան տերևների մեջ, տերևների հետ, արևն ու լուսինը՝ նմանապես:

Վարդամատն, ոսկեբազուկ դիցուհի, որ սերն ես ամպրոպային Վահագնի, անսա...-ամպրոպի ձայն լսելով՝ Գեղամը դադար առավ, բայց երբ քիչ անց երկինքը նորեն որոտաց, ճառագող հայացքը պտտեցնելով զավակների գլխավերևով՝ շուտասելուկի պես վրա տվեց, -անսա մահկանացուներիս պաղատանքը և զջուր մեր հանապազորդ տուր մեզ այսօր, զի քոյ է արքայութիւն եւ զօրությիւն և փառք յավիտեանս, ամէն, -ապա փութաց դուրս՝ դեպի պատշգամբ՝ ետքից զավակները:

Արև չկար: Մի մեծ, մութ ամպ կախվել էր քաղաքի վրա: Այնուհետ քամի ելավ: Տնկիները կեռվեցին, պատուհան շրխկաց կողքի շենքում, մեկը վազքով կտրեց փողոցը, և առաջին կաթիլները՝ խոշորահատիկ, շեղակի զարկեցին ասֆալտին, հողին, մայթի եզրաքարերին: Օգոստոսյան վարար անձրև էր՝ ամպրոպի ուղեկցությամբ. հազվադեպ երևույթ տարվա այդ եղանակին: Թափվում էր ու թափվում, ասես դույլերով ջուր կործեին վերևից: Հողից, ասֆալտից, որձաքարից առաջին պահ ելնող գոլը, փոշին անձրևը տարավ, և դուրեկան մի սառնություն խաղաց պատշգամբում, իսկ ներքևում փրփուր կապեց ջրհորդաններից ժայթքած ջուրը:

-Իջնեմ ուղղեմ ծառերին: Նկուղի բանալին տվեք:

-Մենք էլ գանք, հայրիկ:

-Ու՞ր, ու՞ր, կապելու գժեր, -կանխեց մայրը: -Սեղանն արդեն դնում եմ:

-Երեխաները դժկամ՝ վերադարձան պատշգամբ: Քիչ անց բահը ձեռքին երևաց հայրը:

-Հայրի՜կ...

-Հայրո՜...

-Հա՜յր...

-Այ հա՜յր...

-Գեղա՜մ, -մտքով զավակներին միացավ մայրը, -խենթուխելառ թագավոր, հետ արի, կմրսես: Պատուհաններից, հրեն, մեծ ու պուճուր կախվել, քեզ են նայում: Մտքներում, երևի, ծիծաղում են, ձեռ առնում, -հետո անսպասելի բորբոքվեց: -Ցնդածն իրենք են: Դու նրանց երեսից, նրանց պատճառով, նրանց չարածի, նրանց հոր, պապերի, ապուպապերի չարածի համար ես գժվել: Բակ չէր, աղբանոց էր, որ եկանք: Մենակ, երեխաներին համոզելով, կոնֆետով, պաղպաղակով խաբելով՝ մաքրեցիր, ի՜նչ իմանամ որ հեռվից հող, ծառ բերեցիր, որ անցնող-դարձողը, դուռ զարկողը չասի՝ էս ինչ վայրենանոց է, էստեղ մարդ չի՞ ապրում:

Հիմի էլ՝ շոգը զոռել է, էդ խեղճ ծառ ու թուփը թալկած՝ քեզ ու երկնքին են ապավինել, բա ո՞նց չջրես, իմ խենթուխելառ, իմ ծուռ: Օր է եղել, նեղսրտել եմ, կռիվ սարքել, ուզել եմ, որ ուրիշների նման դու էլ ուրագի պես լինես՝ միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ, բայց... Ճիշտը դու ես, դու՛, իսկ եթե կուզես իմանալ, քեզ հենց է՛դ խենթության, խևության, ծռության համար եմ սիրում, քո անունն է մտքումս, որովհետև ոչ մեկին նման չես, իմ թագավոր: Էս լենուբոլ աշխարհում ես քեզ համար ինձ զրկեցի, քեզ համար էս ճիժուպիժն աշխարհ բերի ՝ քո ցանկությամբ, քո պահանջով, որովհետև ասում էիր՝ ուրիշ օրեր են գալու, որովհետև ասում էիր՝ հայրենիքին զինվոր է պետք, արքայից արքա Գեղամ:

-Հայրի՜կ...

-Հա՜յր...

-Հայրո՜...

Գեղամին միայն խոսքի պատառիկներ էին հասնում, սակայն գիտեր՝ իր համար են անհանգիստ, և դա հաճելի էր, նույնպես և անձրևի շփշփոցը, մեջքն ի վար վազող, մազերից ծորացող, ոտնամաններում, ներբանի տակ չլմփացող ջուրը, րոպե առ րոպե ուսերը շտկող, ժպտացող խոտերը, ցիրուցան երիցուկները, մատղաշ, հատուկ ընտրված ազնվացեղ սոսիներն ու կաղնիները, որոնք օրեր, ամիսներ, տարիներ հետո հասակ կնետեն, կուժովնան և կմնան, կապրեն, երբ մարի իր աստղը:
    
     ԽԱՐԻՍԽ ժողովածուից

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7885 | 0 | 0
Facebook