Loading...

Articles

ԽԼՐՏՈՒՆ ՀՈՂ /պատմվածքաշար/

07:45, Wednesday, 14 April, 2021
ԽԼՐՏՈՒՆ ՀՈՂ /պատմվածքաշար/

ԺԱՄԱՆԱԿԸ ՉԹԱՄԲԱԾ ՁԻ Է

Տղան շնչասպառ էր լինում: Մարմնի յուրաքանչյուր մաս հիմա առանձին միավոր էր և չէր զգում, չէր ըմբռնում, չէր օգնում մյուսին: Սարսափը, հուզումը, տևական վազքն անելին արել էին. խախտվել էր ներդաշնակությունը, և ոտքերն իրենց փրկելու մասին էին մտածում, թոքերը՝ իրենց, նույնը՝ ստամոքսը, ձեռքերը, գլուխը, սիրտը: Համաձայնություն չկար անգամ երկու ձեռքի, մարմնի երկու կեսի միջև: Ոչ մեկը չէր կամենում ետ մնալ, ոչ մեկը չէր ուզում ավելի մոտ լինել հետապնդողին: Աջ ոտքը չգցած՝ ձախն էր խելակորույս առաջ նետվում, մի ձեռքը չպարզած՝ մյուսն էր գալիս: Սիրտը կտկտում էր, և արյան հորձանքից քիչ էր մնում թմբկաթաղանթները պատռվեն, թոքերը մրմռում էին՝ միջոց չգտնելով ստորին հատվածներում կուտակված օդը դուրս տալ, թուքը բերանում ցամաքել էր, և պատեպատ զարկվող լեզուն զովանալու համար իրեն հովին էր տվել, ստամոքսը լարումից ցանկանում էր ետ տալ պարունակությունը՝ սպասելով հարմար պահի, բոբիկ ոտքերը չէին զգում գետինը, միտքը տասն ու ավելի անգամ լքելով մարմինը, ելել էր դիմացի սարը և, թեթևացած, վտանգից ձերբազատ, հետևում էր դեպքերի ընթացքին, ու այդպես՝ յուրաքանչյուր մկանը, և այդպես՝ յուրաքանչյուր նյարդը: Փրկությունն ամեն մեկին առանձին և միատեղ համակած սարսափի մեջ էր, որ առաջ էր մղում ուժասպառ մարմինը:

Նրա և հետպնդողի միջև տարածությունը գնալով կրճատվում էր: Տղան վաղուց գցել էր արևածաղկի գլուխը՝ հույսով, թե տերը գոհանալով՝ կդադարեցնի հետապնդումը: Բոստանատիրոջ սիրտն առնելու համար նա բաթաթը ոչ թե շպրտեց, այլ ընթացքի հետ կռանալով՝ կոթունի կողմից դրեց դրեց ճամփեզրի կանաչին: Տղայի համոզմամբ քայլն անձնատուր լինելու պես բան էր և գնահատության արժանի: Հաշվենկատ վարմունքը, սակայն, սպասված արդյունքը չտվեց: Հետապնդողը հասավ արևածաղկին, ոտքի շարժումով ապահով տեղ գլորելով` շարունակեց վազքը: Տղան հասկացավ, որ մարդը խիստ է զայրացած և, բռնվելու դեպքում, չպատժվելու հավանականություն չկա: Եթե չփախչեր, եթե տարիքն առած բոստանատիրոջը չստիպեր այդքան տարածություն կտրել, գուցե մեկ-երկու ապտակով պրծներ: Բայց հիմա բանը բանից անցել էր, ու տղան վազում էր:

Անզգայությունն աստիճանաբար ծնկներից վեր էր ելնում, թվում էր, ոչ թե ինքն է վազողը, այլ դաշտամիջյան ճանապարհն է ժապավեն դարձած մտնում ներբանի տակ: Ինքը կտորի ճոթը ոտքի տակ առած շուլալում էր, շուլալում, իսկ խանձած բլուրների արանքով ձգվող ճամփա-փաթթոցին վերջ չկար: Երբեմն ոտքը քարին էր առնում, երբեմն մեքենաների անցուդարձից ծեծկված փուշ էր կոխ տալիս, սակայն տղան անհաղորդ՝ հևիհև շարունակում էր վազքը:

Աստծո առավոտը որոգայթ էր լարել, իսկ նա մինչև բոստանատիրոջ ցանկապատին հասնելը դա չգիտեր: Սովորական ժամի արթնացել էր, սովորականի պես լավաշի մեջ պանիր դրել ու բրդուճն ատամների տակ քաշքռտելով, հացի հետ կռիվ տալով՝ պտտվել էր թաղում, հետո, խաղընկեր չգտնելով, գնացել կալերի կողմը:

Աշնան սկիզբ էր, օրը՝ կիրակի: Տղան դասերը դեռ շաբաթ օրն էր սովորել, «ջուր» արել ու իր քեֆին ման էր գալիս և գողություն անելու ոչ մի մտադրություն չուներ. նպատակետը կալատեղն էր, ուր պիտի զմայլվեր ցորենի շեղջերով, կալվոր կանանց հետևելով պիտի ջանար քիթ, բերան փակած դեմքերից ճանաչել նրանց, հետո, եթե համարձակությունը բավեր, ազատ թիերից մեկը վերցնելով մյուսների օրինակով պիտի էրներ բերքը: Նա դիտմամբ ցորենն ավելի բարձր պիտի նետեր՝ տեսնելու արևի շողքերի խաղը ջրվեժող հատիկների արանքում: Նրան այդ բոլորն անպատմելի դուր էր գալու, որովհետև ցորենի հետ խաղալու համար էր կալ գնում:

Կալատափ տանող ճանապարհին էր օրը թակարդ լարել, և եթե նա շարունակեր ոտնատակ ընկած հողի մեջ ժանգոտ մեխ փնտրելով շարունակել ճամփան, գուցեև ծուղակը չընկներ, ու փորձանքը կողքով կանցներ: Բայց, կարծես դիտմամբ, աչքը ցանկապատին առավ, և նրա աչքի դեմ ծանրորեն օրորվեցին տռուզ, գրկաչափ գլուխներով արևածաղիկները: Ասես զորահրամանտարի առաջ շլինքները ծռած զինվորներ էին պատից այն կողմ կանգնած, և տղայի մեջ նրանցից մեկի վիզը պոկելու անհաղթելի ցանկություն ծնվեց: Շուրջը բոլորի բոստանները մինչև վերջին ցողունը պլոկած, մաքուր էին, ու միայն պարսպից այն կողմ բերքով ծանրաբեռ ծառեր, պարանոցները ծուռ արևածաղիկներ կային: Կոկիկ ներկած տունը, կոկիկ այգին, կոկիկ բանջարանոցը նրանց հեռավոր բարեկամ Տաճատինն էին, և չխոսկան ու դաժան մարդու համբավ ուներ նա:

Ծառերը ճկռում էին ծանրությունից, պտղի մի մասն աշնանը մնում էր, կեր դառնում ճնճղուկներին, սակայն այլոց այգիները սրբած մանկտիք այդպես էլ նրա ցանկորմին մոտ չէին գնում, պարտեզը քար չէին գցում: Գյուղի վերջին տունն էր: Հողի կեսից ավելին ծառերն էին զբաղեցրել: Այգու մի մասից մյուսը մետաղալար էր ձգված, ու սև գամփռը մինչև խոր աշուն բերնից լորձ թափելով՝ չափչփում էր տիրոջ հողը: Մնացյալ՝ դեպի կալերն ընկած հատվածում բոստանն էր: Կարտոֆիլի մարգերին չհասած՝ երկաթալարը ավարտվում էր, սակայն շան մասին հիշողությունն իսկ բավական էր, որպեսզի ծաղկոցին ոչ ոք չմերձենա: Քանի՜ անգամ տղաներով բոքոնի մեջ ասեղ էին դրել, դեղահաբ՝ փողոցից շպրտելով շանը: Չէր կերել, շան պես գլխի էր ընկել:

Տղան միայն մեկ անգամ էր եղել նրանց այգում: Հոր հետ էին: Ծառերի տակ որդնած խնձորներ կային: Մի քանիսը ժողվելուց, շապկի փեշով մաքրելուց հետո մեկը բերանը տարավ: «Քըխ է, չուտե՛ս», -ասաց տանտերը: Տղան դադարեցրեց, բայց միրգն այդպես էլ չնետեց: «Քըխ է, թափի՛ր, շան մազ կլինի վրան», -իրենը պնդեց այգեպանը: Հայրը ձեռքից վերցնելով պտուղը՝ շպրտեց շան կողմը: Կենդանին վրա հասավ, հափռեց, հետո զգալով, որ քիմքին օգտակար բան չէ, ետ գցեց՝ մելամաղձոտ հայացքը հառելով նրանց: Հոր շպրտելու եղանակից, ուժգնությունից գլխի ընկավ, որ տանտերը ոչ թե երեխայի համար էր մտահոգ, այլ, պարզապես, չկամ էր:

Բանջարանոցում ոչ ոք չկար: Շունը նույնպես չէր նկատվում: Արևածաղիկները գայթակղիչ տեսք ունեին, տղան մի թեթև խև էր, կող ուներ, և նրա անունը Թորոս էր:

Թորոսը լոքելով պատը՝ կախվեց ամենամեծ արևածաղկի գլխիկից: Գիտեր՝ կոթունը սկավառակի մոտ լայնանում է, ուստի հարկավոր է ոչ թե ոլորել, այլ միանգամից մատները խրելով վզիկի մեջ՝ ձգել: Կես րոպեի գործ էր: Մարգերի մեծ մասը քանդած չէր: Ավելի դենը դդումները, փորերը դեմ արած երկնքին, արև էին կլլում: Նրանք այնքան ազդու տեսք ունեին, որ տղան, եթե նկարիչ դառնար, անպայման այդ դդումները կնկարեր: Եվ հրաշալի նկար կստացվեր: Եվ դդումները նկարում նույնքան պերճաշուք կլինեին:

Թորոսը մի ձեռքով բռնելով արևածաղկի մազմզոտ կոթունից՝ մոտեցրեց իրեն, մյուսով կտրուկ ձգեց բոքոնաչափ թասակը: Արևածաղիկն առպահ դիմացավ ճնշմանը, սակայն հաջորդ պահին մատները խրվեցին բամբականման, քիչ լպրծուն վզիկի մեջ, և գլխիկը հայտնվեց նրա գրկում: Տղան շոյեց սկավառակի երեսը: Սմքած ծաղկաբույլերը խուտուտ տալով ափը՝ հատիկ-հատիկ թափվեցին՝ երևան հանելով տռուզ սերմերի ուսընդուս զորաբանակը: Այդ պահին էլ այգու խորքից ականջին հասավ հողտիրոջ բղավոցը.

-Քո ստեղծողի...

Միաժամանակ հաչոց լսվեց, և մետաղալարին քսվող շղթայի սվսվոցը՝ ծառերի արանքում: Թորոսը սարսափահար պոկվեց տեղից, թվաց, շունը հրես պոկելով շղթան՝ պատառ-պատառ կանի: Նա ավելի շուտ կհասներ պատին, սակայն հակառակի պես ոտքն առավ կարտոֆիլի չորացած ցողունների խրձին, և չուստը ոտքից դուրս պրծավ: Թորոսը թփը կոտրած դարձավ, սակայն իրեն կտրատող կենդանու ահարկու տեսքն ու բարձրացրած ժխորը, արդեն այգուց ելնող Տաճատն այնքան սարսափզդու էին, որ փոխելով մտադրությունը՝ հանեց մյուսն ու սուրաց դաշտերի կողմը: Ամենամեծ սխալը տղան, թերևս, այդ պահին թույլ տվեց: Եթե գյուղի կողմը թեքվեր, ենթադրաբար, ծուռումուռ փողոցների, տների խառնիփնթորում մի տեղ կմոլորեցներ բոստանատիրոջը: Սակայն հիմա դեմն արձակ դաշտեր էին, և թաքնվելու հնար չկար:

Կալերը շրջանցելիս մի պահ մտքով անցավ դիմել այդ կողմը, այդուհանդերձ ճանաչվելու ահը թույլ չտվեց բեկվել ճամփից: Սկզբում հեշտ էր, վազում էր թեթև, մրրիկի պես սուրում էր: Չէր կարծում, թե հետապնդումը երկար կշարունակվի: Նրանց հսկայական տարածություն էր բաժանում, և տղան հմոզված էր, որ հիսուն-հարյուր քայլ վազելուց, տասը-քսան բերան հայհոյելուց հետո Տաճատը կանգ կառնի: Մինչդեռ մենատնտեսն իր տիրույթը ոտնահարողին պարտադիր բռնելու անհողդողդ մտադրությամբ էր վազքուղի ելել:

-Կանգնիր, ժամանակ առ ժամանակ գոռում էր նա, որ տղայի հորն ի մոտո էր ճանաչում:

Թորոսը հևիհև շարունակում էր փախուստը:

-Մեկ է, ձեռքիցս չես պրծնի, -հավելում էր նա, ով Տաճատ պատկառելի անունն ուներ:

Թորոսը կանգ չէր առնում, թեև մատղաշ մարմնում այլևս պահեստած զորություն չուներ:

-Արտադրողիդ...-բարկացայտ հայհոյում էր հետպնդողը, որ Թորոսենց տոհմից էր՝ ազգանվանակիր:

Տղան հիշոցների դեմն առնելու մի պարզունակ եղանակ ուներ. հա կծում էր լեզուն՝ մրմնջալով՝ հիշողաց, հիշողաց, հիշողաց, բայց վիրավորանքը տալիս անցնում էր հոգու բոլոր պատնեշ-պատսպարանները, ու նա հեկեկում էր՝ դաշտամիջյան փոշոտ ճանապարհով քարշ տալով ուժասպառ մարմինը: Շուրջը ցորենի հասուն արտեր էին, բլուրներ, արտույտներն ու լորերը տաղ էին ասում, դաշտամկները, ձմռան պաշար դիզելուց դադրած, ձգլվզում և, անդաստանը չափելուց հետո, շարունակում հատիկ ժողվել: Նույնը՝ մրջյունները, ճպուռները, բզեզներն ու թիթեռները, մեղուներն ու մողեսները, անգամ օձերը: Բոլորը, բոլորը վայելում էին աշնան պարզ օրը, իսկ տղան հոգնել էր, անհաղորդ էր այդ ամենին, և, եթե վազքը մի փոքր էլ շարունակվեր, կանգ կառներ ու հեկեկոցով՝ քրտնաթոր, վախից փշաքաղ մարմինը կհանձներ մենատնտես բարեկամի զայրագնած բռունցքներին:


    

Թիկունքից մեքենայի աղմուկ լսվեց: Տղան թեքեց գլուխը: Ինքնաթափը փոշու ամպ թողնելով՝ հասավ Տաճատին, փոշամպախեղդ արեց և ցատկռտելով առաջ անցավ: Թորոսը ճամփից ելավ ու, չիմանալով անելիքը, մտավ ցորենի արտը: Հասուն ցողունները զարկվեցին ծնկներին, խշրտացին ոտքերի տակ:

-Քեզ հետ եմ՝ ինձ մոտ, ինձ մո՜տ, -լսվեց կողքից:

Թորոսը շրջվեց: Վարորդը մեքենայի ընթացքը դանդաղեցրել, արտի կիպ եզրով էր քշում: Տղան ձեռքերն առաջ պարզած՝ մինչև պարանոցը հասնող հասկերի միջով լողաց դեպի մեքենան: Եվս մեկ քայլ, և նա հայտնվեց խցիկի աստիճանահարթակին:

-Պինդ բռնիր, -ասաց վարորդը՝ հուպ տալով գազի ոտնակը:

Մեքենան մեքենայավարի վրնջալով պոկվեց տեղից: Ետհարվածից տղան ընկրկեց, այդու հասցրեց կախվել հայելու կոթունից: Վարորդը, ձեռքը պատուհանից հանելով, գոտկեց տղայի մեջքը: Թորոսն այլևս վախենալու պատճառ չուներ, ու երբ մեքենան սահուն ընթացք վերցրեց, հետ նայեց. փոշին բռնել էր ճանապարհը, և Տաճատը չէր երևում:

Դաշտամիջյան հողե ուղին ձգվում էր դեղին ծովի միջով, կորչում հեռուներում: Դաշտերից շոգի էր ելնում: Միայն տեղ-տեղ ոսկեգույնը ընդմիջվում էր կանաչով. միջնակներ էին, ուր ոչխարի կտրիչներից մահապուրծ խոտը դեռ չէր չորացել: Բնական արգելոց, որ դարձել էր պատսպարան ամեն կարգի թևավոր ու անթև արարածների, բույսերի:

Տղան տրվել էր քամուն: Գոլ հովը ետ էր տարել ճակատի տամկած մազափունջը, վերնաշապկից սողոսկելով ներս՝ սպառնում էր պոկել կոճակները: Շունչը տեղն էր եկել, և նա վայելում էր հարթավայրի գույները, մարմինը պարուրած քամու զովությունը, շարժիչի գվվոցն ու մեքենայի ծուլ-ծուլ լինելը, երբ դողի տակ քար էր ընկնում:

-Կմրսես, -անհանգստացավ վարորդն ու մեկից արգելակեց: -Դեմով արի:

Մինչ Թորոսն առաջամասով կշրջանցեր, նա բացեց դուռը:

-Նստիր:

Խցիկում համեմատաբար շոգ էր: Թորոսն արձակեց վերնաշապկի կոճակները:

-Կոշիկիդ մե՞կն ուր է:

Տղան խեղճացած կուչ եկավ. ամաչում էր բոբիկ լինելու, մաշված չստի համար, որին անծանոթը կոշիկ անվանեց: Նա, իբրև պատասխան, անորոշ թոթվեց ուսերը:

-Կորցրել ես: Ուզու՞մ ես ետ դառնանք:

-Չէ՛, -կտրուկ արձագանքեց., մտքում՝ իսկ եթե Տաճատը շարունակում է հետապնդու՞մը:

Վարորդը նկատեց տղայի անհանգստությունը:

-Վերադարձին կնայենք: Իսկ հիմա շտապենք. կոմբայնավարներն սպասում են: Մի վախենա, քեզ տուն կհասցնեմ:

Նա աղմուկով գործի գցեց շարժիչը, և տղան մտովի շնորհակալ եղավ, որ այլևս ուշադրության կենտրոնում չէ: Առժամանակ լուռ մնացին: Թորոսի կաշկանդվածությունն անցնում էր: Ձեռքը հենել դռնակին, աչքի պոչով տնտղում էր խցիկը:

-Ինչու՞ էր հետևիցդ ընկել:

-Բաթաթի համար, -զանցանքն անծանոթին վստահեց Թորոսը:

-Կալատեղ չհասած, ձախակողմի տունն իրե՞նցն է:

Թորոսը զարմացավ:

-Ի՞նչ իմացար, դու նրան ճանաչու՞մ ես, - հաստատ համոզում ուներ, թե դիմացինի հետ, եթե մեկն է, պիտի դու-ով խոսել:

-Մի շաբաթ է այս ճամփով գնում-գալիս եմ: Եկել ենք ձեզ օգնելու:

-Ու՞մ, -չհասկացավ տղան:

-Ձեր գյուղին: Երևի մի շաբաթ դեռ քաշի:

Նա թեքվեց ճանապարհից, և մեքենան հիմա հնձած արտի միջով էր ընթանում: Չորս կողմը անթիվ ծղոտի կույտեր էին:

-Հաճա՞խ ես գողություն անում:

-Ես գող չեմ, -Թորոսը նեղսրտեց:

Դողերի տակ տափանվող ծղոտի աղմուկի մեջ պատասխանը չլսվեց:

Հը՞, -հերթական կիտուկը շրջանցելուց հետո քաջալերական ժպիտով տղային դարձավ վարորդը:

Չարձագանքեց: Եթե խոսեր, ձայնը կերկերոցով կելներ, և նախադասությունը չավարտած՝ կսկսեր հեկեկալ: Կոկորդն արդեն սեղմվում էր: Մեքենավարը տղայի խուսափուկ հայացքից զգաց, որ սխալ է թույլ տվել:

-Մի կարծիր, թե քեզ չեմ հասկանում: Միայն թե ոչ բոլոր ցանկությունները պետք է տեղնուտեղն ի կատար ածել: Ավելի հաճախ տասնապատիկ թանկ ես վճարում դրա դիմաց:

Վերջին բառերը տխրորեն հնչեցին, և Թորոսն իր հերթին հասկացավ, որ խորհուրդներն այլ հասցե ունեն, և հասցեատերը վարորդն է: Վստահ էր, եթե Տաճատի փոխարեն անծանոթը լիներ այգու տերը, թույլ կտար բոլոր արևածաղիկները պոկել: Ընդհանրապես, վարորդի խոսելու եղանակի, պահվածքի մեջ գրավիչ բան կար: Գեղջկական ամոթխածությունը խանգարում էր, այլապես կհարցներ ով և որտեղացի լինելը:

Հովտի ծայրում երևացին կոմբայնները: Երկուսն էին: Վարորդը մեքենան քշելով նրանցից մեկի տակ՝ վարպետորեն գամեց տեղում: Կոմբայնի ստվերում ձմերուկ ուտողներից մեկը մագլցեց վերև՝ բունկերը դատարկելու: Նստածներն առաջարկեցին իջնել:

-Ժամանակը չթամբած ձի է, -գլուխը խցիկից հանելով՝ ձայնեց նա:

Նոր ծանոթը տարօրինակ, զարմանալի մարդ է և գրքեր, ըստ երևույթին, շատ է սիրում: Համենայնդեպս, իրենց գյուղացիներից ոչ մեկին նման չէ, -որոշեց Թորոսը:

-Երեխային ուղարկիր, -ասացին ներքևից՝ տալով անունը՝ Վրեժ:

Ծանոթ անուն էր: Իրենց գյուղում ևս երեք-չորսը կային: Ժողովուրդն ինչու՞ էր զավակներին այդ անունով կնքում և ումից լուծելիք վրեժ ուներ, տղան առայժմ չգիտեր: Նրան անունը դուր էր գալիս, որովհետև հիշեցնում էր կինոնկարներից մեկում տեսած ջրվեժը. գետը դաշտավայրով հոսում էր և՝ միանգամից վայրէջք - ջուրը շառաչյունով, փրփրակալած գահավիժում էր ցած: Վրե՜ժ:

-Կգնա՞ս ձմերկի:

Տղան պատրաստակամ բացեց դուռը:

-Լավ, մնա: Ոտքերդ ծղոտը կհարի: Համ էլ՝ փառահեղ տեսարանը չթողնենք, -նա շրջվել, խցիկի պատուհանից նայում էր թափքին: -Հրե՛ն:

Զետեղարանի մետաղե փողրակը ցնցվեց, և բերանից, ինչպես ջուրը, հորդաց ցորենը: Ավտոյի հատակին շեղջ գոյացավ, որն սկսեց արագորեն բարձրանալ՝ սպառնալով կողերից թափվել: Թափք ցատկած կոմբայնավարի պատանի օգնականը ցորենը տենդագին այսուայնկողմ քշեց: Նա հիմա ծնկներով թաղվել էր հատիկի մեջ, և դեմքը, քունքերն ու մազերը ծիրանի գույն էին ստացել: Տղան մտածեղ, որ եթե ինքը վերևում լիներ, կմեկնվեր շիթի տակ, լոգանք կընդուներ: Մեքենան պռնկեպռունկ լցվել էր, իսկ հոսքը չէր դադարում: Անհանգստացած՝ Թորոսը նայեց Վրեժին:

-Հիմա կվերջանա:

Հոսքը, իրոք, ինչպես մեկից սկսվել էր, կտրվեց: Ցամքը բարակ շիթ էր, որ օգնականի իջնելուց հետո էլ շարունակվեց:

-Դե ասա, ո՞նց էր-տղային դարձավ Վրեժը:

-Փառահեղ, -ժպտաց Թորոսը, -բառը բերանում անբնական հնչեց, սակայն կարևորը դա չէր:

-Ես՝ հիմա, -տղային աչքով անելով՝ վարորդն ուղղվեց կոմբայնի ստվերում նստածների կողմը:

Թորոսն ամբողջ ընթացքում մտքից չէր հանել ձմերուկը: Շոգ էր, նա ծարավ էր և, ինչպես բոլոր երեխաները, քաղցր շատ էր սիրում: Իսկ կտրատած ձմերուկներն այնքան անփութորոն էին կիտած հացի շորին, որ առատության, կոմբայնավարների գծուծ չլինելու մասին էին վկայում: Տղան չէր հիշում դեպք, որ կուշտ ձմերուկ կերած լինի: Նրանց ընտանիքը բազմանդամ էր, ու որքան էլ մեծ լիներ ձմերուկը, ամեն երեխայի մի շերտից ավելի չէր հասնում: Լվանում էին, պղնձե սկուտեղով դնում սեղանին: Հայրը գրպանից հանելով դանակը՝ ձեռնափով մաքրում էր, ապա, հարմար դիրք ընդունելով, շեղբը լայնակի խրում ձմերկի կողը: Փուխր սիրտ ունենալու դեպքում այն լեղաճաք էր լինում, և ջուր-արյունը լճանում էր սկուտեղում: Երեխաներն ակնապիշ հետևում էին, քիչ էր մնում քթները դանակին տան: Հայրն այնքան դանդաղ, հանդիսավոր էր կտրում ձմերուկը, որ փոքրիկների համար հավասարակշռված, հասուն մարդ հասկացությունը բացասական իմաստ էր ձեռք բերում, քունքերին դեռևս ճերմակ մազ չունեցող ծնողի պաղարյունությունը՝ ապացույց ծերության:

Արարողությունը մի քանի առավել լարված, առանցքային նշանակության պահեր ուներ: Առաջին՝ երբ Համզեն կտրում էր ձմերկի գլուխը: Սեղանի շուրջ հրմշտոցն ավելանում էր, և երբ շեղբն ավարտում էր շրջագիծը, ճարպիկ ու համարձակ ձեռքերը ձգվում էին պնականման գլխիկի կողմը: Կանաչ թասակը ճանկած մատները նույն պահին ուղղություն էին վերցնում դեպի բերանը, և վայրյան անց մանրիկ ատամներն ակոսներ էին բացում կարմրին տվող շերտի վրա: Մյուսները, ստամոքսի թրթիռը զսպելու համար ցուցադրական անտարբերությամբ ողջ ուշադրությունը սևեռում էին ձմերկին: Մնացյալը բախտի խնդիր էր: Սրտները թունդ էր լինում, երբ հայրը տալով ընտանիքի հերթական անդամի անունը՝ գործի էր դնում դանակը: Կյանքի, մահու խնդիր էր՝ շեղբն ինչպե՞ս կընթանա: Մազ այս կողմ, միլիմետր այն, հերիք էր, որպեսզի բախտատերն իրեն լքված, հոր կողմից չսիրված համարի և կամ՝ հակառակ: Դանակը խրթոցով շերտատում էր ձմերուկը և՝ այս մեկը Մերուժին, սա՝ Ծովոյին, ապա՝ Թորոսին, Արային, Խորենին, Պարույրին, Գալեին, Տարոնին: Միջուկը Սաթենիկ տատինն էր: Ու խփշտում էին: Ուտում էին մի քանի տակ, սկզբում՝ կարմիր, խրխիր մասը, ապա վերստին էին դառնում կերածին: Երրորդ անգամ կլեպը բարակում էր, տեղ-տեղ ծակվում: Խորենն ու Ծովոն ուտելու իրենց կերպն ունեին. ամենալավ բերանը թողնում էին վերջում - բնավորության հարց էր: Հայրը ճաշակում էր դանակով: Թորոսը հետո պիտի հասկանար, որ նա դիտմամբ էր առանց ախորժակի ուտում՝ երեսանց կտրելով ձմերուկը, որպեսզի զավակներին կրծելու բան մնա: Սաթենիկ տատը մատներով պատառը բերանն էր տանում և ավելի շատ խաղ էր անում, քան ուտում: Քիչ անց նա գոգնոցով սրբելով շրթունքները՝ մի կողմ էր հրում պնակը:

-Մարե, կե՛ր, -պնդում էր հայրը:

-Կշտացա, տուր երեխեքին:

-Չեղա՛վ, ի՞նչ կերար, որ՝ պըրծա, -նեղսրտում էր Համզեն:

-Ա՛յ որդի, կուլ չի գնում, -իր հերթին դժգոհում էր տատը. նրա առաջ էին, չէ՞, թոռները միմյանց ձեռքից կեղև, սերմ խլխլում:

-Պահիր:

Վրեժը վերադարձել էր՝ ձեռքին ձմերկի մի ամբողջ կես:

-Մեկը կա, տեղն արել է: «Մոսկվիչով» շաբաթը մեկ քսանհինգ-երեսուն ձմերուկ է բերում, փոխարենը ցորեն են տալիս: Ես դա գողություն չեմ համարում: Մինչև արևմտոց բանում են, թող օրը երկու-երեքն էլ կտրեն, -հետո դարձավ տղային: -Ի՞նչ ես շշկլել, դիմացդ դանակ կա:

Թորոսը խորշից հանեց դանակը:

-Ինձ մի նայիր: Ասում ես՝ անունդ ի՞նչ է:

-Թորոս:

-Թորոս, առանց ամաչելու: Ես այսօր արդեն կերել եմ: Այսինքն՝ լավ, մի բերան տուր:

Տղան միջուկից մի պատառ շեղբի ծայրով մեկնեց նրան:

-Մնացածը՝ քեզ, միայն զգույշ, չթափես, -նա միացրեց շարժիչը, և մեքենան ծանրորեն պոկվեց տեղից:

-Երևանում եղե՞լ ես:

-Չէ:

-Իրիկունը տուն եմ գնալու: Մեկ շաբաթ կլինի, մերոնց չեմ տեսել: Եթե թույլ տային, քեզ հետս կտանեի: Ծնողներ ունե՞ս:

Թորոսը գլխով արեց:

-Կոշիկի համար բան չե՞ն ասի:

-Եսի՞մ:

-Ոտքերդ ո՞ր համարն են:

Թորոսը նորից թոթվեց ուսերը: Ձմերուկը կես էր եղել, և եթե չամաչեր, նախշուն թասակը բերանին պահած՝ կըմպեր կուտակ ջուրը:

-Ուզու՞մ ես քեզ մի հեքիաթ պատմեմ:

-Ցերեկը հեքիաթ չեն պատմում:

-Ինչու՞:

Տղան դադարեցրեց ուտելը. դեմքին զարմանք կար:

-Որովհետև ալյուրը կխլսի, -հիասթափված, որ Վրեժն այդ հասարակ բանը չգիտի, բացատրեց:

-Պա՛հ, -զարմացավ Վրեժը: -Միտքը որտեղի՞ց:

Թորոսին թվաց, հեգնում են:

-Մարես է ասել:

Խոսքի տոնը վերապահություն չէր ընդունում: Տատը հեղինակություն էր, նրա ասածը՝ անբեկանելի ճշմարտություն: Եվ ոչ մեկը թող չփորձի կասկածի ենթարկել մեծական խոսքը, թեկուզև դա Վրեժը լինի, -բարբառում էր անխոս հայացքը: Վրեժը, սակայն, նման մտադրանք չուներ:

-Փառահեղ է, -ասաց նա: Այնուհետ կրկին կրկնեց, -փառահեղ է, խոսք չկա: Եթե մարդիկ ցերեկը հեքիաթ պատմեն, ո՞վ պիտի աշխատի: Բայց այս ցորենին, ինչպես ասի՞ր, խլսել, հա՛, խլսել չկա:

Թորոսը շրջվեց: Շարժումից շեղջը լիովին հարթվել էր, բռնել ողջ թափքը:

-Պատմիր, -չկամենալով նոր բարեկամին վշտացնել՝ համաձայնեց տղան:

- «Մի հսկա ուներ մեծ, հրաշալի պարտեզ: Գարնանը բոլոր ծառերը ծածկվում էին վարդագույն ու սպիտակ ծաղիկներով, և երեխաները դպրոցից վերադառնալով՝ ուրախ-ուրախ խաղում էին նրանց ստվերում: Փոքրիկները հսկայից չէին վախենում, որովհետև նա տանը չէր»:

Թորոսը ձմերուկը թողած՝ պլշած Վրեժին էր նայում: Նոր բարեկամը թավշյա ձայն ուներ, և հաճելի էր նրան ունկնդրելը:

- «Բայց ահա մի օր լուր տարածվեց, թե հսկան վերադարձել է: Երբ երեխաները պարտեզ եկան, նա սաստիկ բարկացավ և գոռաց. «Ինչպե՞ս եք համարձակվում ուրիշի պարտեզը մտնել: Այն իմն է, ինձնից բացի ոչ ոք իրավունք չունի օգտվել նրանից»:

Թորոսը շպրտել էր ձմերուկը, համակ ուշադրություն դարձել: Հսկան իրենց ազգական Տաճատն էր, պարտեզը՝ նրա այգին: Տեսնես, իրո՞ք նման հեքիաթ կա, թե՞ տեղնուտեղը հորինում է:

- «Այդ օրվանից երեխաները զրկվեցին գեղեցիկ խաղերից: Նրանք տխուր նայում էին պարտեզի բարձր պարիսպներին ու փակ դռանը և, ախ քաշելով, ասում՝ որքա՜ն լավ էր այնտեղ»:

Բաթաթն իզուր շպրտեց, կտար Վրեժին: Մի՞թե այլ վայրերում էլ են նույնպիսի բաներ պատահում: Այդքան գեղեցիկ անգամ հայերենի ուսուցիչը չի պատմում:

- «Գարունը եկավ: Ամբողջ բնությունը զարդարվեց կանաչով և երփներանգ ծաղիկներով, բայց հսկայի պարտեզը լուռ էր ու մռայլ: Գարունը չմտավ նրա պարտեզը և բարձր պարիսպների ետևից անցավ գնաց»:

Իրենց գյուղում գարունն այդ կերպ չի գալիս: Տաճատենց այգին, ընդհակառակ, ավելի ծաղկուն հարսնաշոր է հագնում, քան իրենցը:

- «Անցավ մի ողջ տարի: Հսկայի պարտեզում շարունակ ձմեռ էր: Նա զարմանում էր՝ չհասկանալով պատճառը: Մի գարնանային առավոտ հսկային թվաց, թե պատուհանի տակ նվագում են: Նա գլուխը հանեց լուսամուտից և ի՞նչ տեսավ - կանաչ գարունը ներս էր մտել պարտեզը, ծառերը ծաղկել էին, երփներանգ ծաղիկները տարածել իրենց անուշ բույրը»:

Տեսնես այգին ինչու՞ կանաչեց: Զարմանալի հեքիաթ է, ամենևին նման չէ իր գիտցածներին: Թեկուզև եսասեր, բայց հսկան նմանապես մեղք է. այնքա՜ն միայնակ է նա:

- «Պատի նեղ ճեղքից երեխաները ներս էին մտել, ամեն մեկը մի ծառ էր ընտրել և թաքնվել նորաբողբոջ տերևների ու ծաղիկների մեջ: Պարտեզն այնքան էր ուրախացել հյուրերի գալստյան առթիվ, որ սիրտը բացվել էր կանաչով ու ծաղիկներով»:

Նրանք դուրս էին եկել դաշտամիջյան ճանապարհ: Թորոսը լսում էր, միաժամանակ հեռաստանը դիտելու պահանջ զգում: Շուրջը ցորենի արտեր էին, խանձված բլուրներ, արտույտներն ու լորերը տաղ էին ասում, դաշտամկները, ձմռան պաշար դիզելուց դադրած, ձգլվզում և, անդաստանը չափելուց հետո շարունակում հատիկ ժողվել: Նույնը՝ մրջյունները, ճպուռները, բզեզները, թիթեռները, մեղուներն ու մողեսները, անգամ օձերը: Բոլորը, բոլորը վայելում էին աշնան պարզ օրը: Թորոսը՝ նույնպես:

- «Հանկարծ հսկան նկատեց, որ մանուկներից մեկը լաց է լինում: Նա չէր կարողացել բարձանալ ծառը, և այն չէր կանաչել: Հսկան հուզվեց, սիրտը մեղմացավ: Նա մոտեցավ լացող մանկանը և բարձրացնելով՝ նստեցրեց ճյուղին: Ծառն իսկույն կանաչեց և ծաղկեց»:

Թորոսը կամենում էր փարվել Վրեժին: Սիրտը խայտում էր: Մեքենային ընդառաջ եկողը հայրենի շենն էր՝ գեղուղեշ բարդիներ, թիթեղածածկ տներ, կենտրոնում՝ եկեղեցու քարե գմբեթը, Նախավկա մատուռը՝ համանուն սարի ուսին: Հեռվում ելվերող կուտակ-կուտակ բլուրներ էին, ապա՝ կապտին տվող գագաթներ և մշուշ:

- «Այդ օրվանից երեխաներն ամեն օր գալիս էին պարտեզ: Բարի հսկան խաղում էր նրանց հետ, զբաղեցնում և զվարճացնում փոքրիկներին»:

Հեքիաթն ավարտված է: Թորոսի դեմքից հիացմունք է կաթում: Նա պատրաստ է ամեն, ամեն գաղտնիք բացել: Բարությամբ է լցված հարթավայրը, և տղային ոչ մի վտանգ չի սպառնում:

-Նա մեր ազգականն է:

Թե ինչու ասաց, չգիտեր: Վրեժը չաձագանքեց: Հասնում էին կալերին:

-Ես քեզ մեքենա վարել կսովորեցնեմ: Քշած կա՞ս:

-Չէ:

-Մոտ նստիր՝ առանց ամաչելու, այդպե՛ս:

Մեքենան դարձյալ Վրեժն էր վարում: Թորոսը պարզապես մի ձեռքով բռնել էր ղեկից, սակայն թեթև հպումն իսկ բավական էր, որպեսզի ողջ էությամբ զգա ինքնաթափի կենդանի, շարժուն ուժը, ցորենի ահռելի ծանրությունը:

-Թեթև: Որքան ղեկն ազատ պահես, այնքան մեքենան հնազանդ կլինի: Դու մի վշտանա, ձեր բարեկամից ավելի վատերը կան: Երևանում մենք հարևան ունենք, բաթաթները, խաղողի ճթերը թանզիֆով կապում է, ինչ է թե ծտերը չուտեն:

Թորոսի աչքին պատկերացավ լաչակներ կապած արևածաղիկների շարքը: Ուզեց զսպել ծիծաղը, սակայն մտովի տեսածն այն աստիճան զավեշտական էր, որ փռթկաց:

-Ի՞նչ եղավ, -ժպտաց Վրեժը:

-Մերոնց պատմեմ, փորխոց կընկնեն:

Ցորենը դատարկելուց հետո վարորդը մեքենայի գլուխն ուղղեց գյուղի կողմը:

-Ես քեզ խոստացա տուն տանել: Հետո Երևան եմ գնալու: Ափսոս, ոտքիդ համարը չգիտեմ: Ոչինչ, կփորձեմ աչքաչափով առնել: Վաղը կգա՞ս:

Թորոսը գլխով արեց: Նա ուզում էր որևէ սրտագրավ բան ասել, ու քանի որ խառնիփնթոր մտքերը կարգի բերելու ժամանակ և հարկավոր բառապաշար չուներ, ամաչելով, բայց բարձրաձայնեց.

-Փառահեղ հեքիաթ էր:

Այդուհետ նա իրեն իրավունք էր վերապահում օգտվել Վրեժի սիրած բառից:

-Գիտե՞ս ով է գրել:

-Դու՛, -ասաց անվարան, համոզված:

-Ես ու՜ր, հեքիաթ հորինելն ուր: Հիշիր այս անունը՝ Օսկար Ուայլդ: Բրիտանացի գրող է:

Հեռացող մեքենայի աղմուկը դեռ ականջում էր, երբ բակից Թորոսին հասավ Տաճատի ձայնը: Կարող էր ետ գնալ, ոչ ոք չէր նկատի, չէր ասի՝ վախեցավ, փախավ, բայց մնաց: Ավելին, դարձավ անտարբեր, նման այն մահապարտին, ում համար այլևս միևնույն է: Նման փառահեղ ճամփորդությունից, փառահեղ մարդու հետ ծանոթանալուց հետո՝ Տաճատը: Քարով տաս, գլուխը ցխես: Ձայնդ գլուխդ ես գցել, որ ի՞նչ: Տեղյակ չեմ և՝ վերջ:

Այդ տրամադրությամբ էլ մտավ բակ և, առանց ծառի ստվերում կանգնած հոր ու ազգականի կողմը նայելու, ուղղվեց դեպի քարե գուռը: Շեմքի մոտով անցնելիս մուճակը կողքանց նետեց բացօթյա պատշգամբը: Թվաց, չնկատեցին: Իրոք, ծարավ էր, և խոնավ, մամռակալ պատերով գուռը տղային ներքին լարումը թաքցնելու, գնացքն ու թատերախաղն արդարացնելու, քայլքին բնականություն հաղորդելու հնարավորություն, իրավունք էր տալիս: Ետ տարավ ծածկոցը, թիթեղյա ամանը թափեթափ ջուր լցնելուց հետո մեծ-մեծ կումերով, աղմուկով ըմպեց: Սակայն տղան սկսնակ դերասան էր և առանց ռեժիսորի միջամտության այլևս ի վիճակի չէր խելամիտ շարունակություն գտնել: Հայրն ու Տաճատը լռում էին, ինչը տագնապեցնող էր:

Հետմիջօրեի ժամ էր: Եռաշար դրված փեթակների վրա մնում էր արևի հանած անկողինը: Տուն էին դառնում մեղուները: Նրանք ծանրորեն իջնում և, արկանոցի առջև շարված բոռերի վրայով առաջանալով, նեղլիկ բացվածքից սահում էին ներս: Տնից վտարված բոռերից ամենահամարձակները երբեմն-երբեմն փորձում էին գործավորների ետքից խցկվել, սակայն պահապան մեղուներից անխղճորեն հալածված՝ ետ դառնալով հուսահատ ետուառաջ էին անում արկանոցի առջև: Առավել բախտավորները, որոնց հաջողվել էր անցքին մերձ տեղավորվել, ամեն կերպ մինչև առավոտ պայքարելու էին գրաված տարածքի համար: Ձախողակները քաշքշում էին, քրտնում, ջանում խցկվել արանքները, որպեսզի փեթակից ելնող գոլ շունչը աշնան ցուրտ գիշերն իրենց ևս առնի, սակայն ճիգերն ապարդյուն էին. այգաբացին ցողաթաթախ խոտերին սատկած ու մահու չափ ուժասպառ տասնյակ-հարյուրավոր բոռեր ընկած կլինեին: Այդպես՝ մի շաբաթ, երկու, մինչև ոչ մի, բացարձակ ոչ մի ավելորդ բերան չմնար փեթակում:

Ուրիշ ժամանակ տղան ջուր խմելուց հետո անմիջապես մտնելով մեղվանոց՝ կծնկեր փեթակի առաջ և ժամերով կդիտեր այդ դաժան խաղը: Այլ պարագայում հայրը կպատվիրեր սպանել խմբված բոռերին, որպեսզի աշխատավոր մեղուները ժամանակ, ուժ չվատնեին նրանց դուրս քշելու վրա և հասցնեին մինչև ձմեռանոց մտնելը մեղրի հարկավոր պաշար ամբարել: Թորոսը կխոստանար, սակայն ծնողի հանձնարարականը չէր իրագործի: Պարզապես փայտով զգուշորեն կխառնշտեր բոռերի կծիկը, որպեսզի տեսնի, թե նրանք ինչպես են խելակորույս, միմյանց հրմշտելով, ոտնատակ տալով նետվում արկանոցը:


    

Տղան գավաթը երկրոդ անգամ ընկղմեց ջուրը և, իբր, չի հագեցել, շարունակեց ըմպել, այս անգամ հանդարտ՝ ձգտելով երկարացնել պահը: Նա առավոտյան էր հաց կերել, սոված էր, ու հիմա ավելցուկը կուլ չէր գնում:

-Տղա, ոտնամաններդ ու՞ր են:

Հոր ձայնն էր: Որքան էլ նախապատրաստվել էր հարցին, անակնկալի եկավ: Մեղավոր հայացքն առավ Համզեին: Քիչ առաջվա համարձակությունից, անկախ շարժուձևից հետք չէր մնացել: Շփոթմունքն առավել սաստկացավ, երբ Տաճատի ձեռքին նկատեց բաթաթը:

-Քեզ հետ եմ: Ոտնամաններդ որտե՞ղ են, ինչու՞ ես բոբիկ:

-Տանն են, -հազիվ լսելի արձագանքեց:

-Բա սա ու՞մն է, -հայրը ոտքի ծայրով մի կողմ հրեց խոտերի մեջ ընկած մուճակը:

Կծծիի մեկը, քցիպ: Ուրեմն՝ գտել է, չի էլ ալարել, վերցրել հետը բերել է:

-Արի հո՛ս:

Ժամանակ շահելու միտումով տղան գավաթում մնացածը դանդաղ շիթով լցրեց փոքրիկ գուռը, որ մեղուների, հավերի համար էր: Ջրի երեսին մի քանի սատկած մեղու էր լողում: Մեկը պռնկից կախվել, ջուր էր ծծում: Ալիքը նրան ներքև գլորեց, սակայն միջատը կարողանալով մինչև լրիվ թրջվելը բռնվել հատուկ նպատակով ջուրը գցված փայտի կտորտանքից՝ սողաց քարե պատն ի վեր:

-Ի՞նչ ես մլոլ տալիս, քեզ հետ եմ:

Թորոսը մեղուների գվվոցի, վերջալույսի շողերի միջով առաջացավ:

-Որտե՞ղ էիր:

-Դոր կա, որ դոր էլ:

-Կսատկացնեմ:

Խոսքին հաջորդեց շառաչուն ապտակը: Արցունքը ցայտեց որդու աչքերից:

-Ձեռքդ կկտրեմ, -շարունակեց հայրը, հետո, տղայի այտին տեսնելով սեփական մատների դաջվածքը, թևաթափ կանգ առավ:

Թորոսը համոզված էր, որ առաջին հարվածին կհետևի երկրորդը, ու երբ այն ուշացավ, արցունքոտ աչքերն ուղղեց ծնողին: Թվաց, հայրն ուզում է երկարել ձեռքը, շոյել: Հավանաբար Համզեն այդ կերպ էլ վարվեր, եթե կողքին չլիներ Տաճատը: Վերջինս հենվել ծառաբնին և, ասես, կատարվածի իր հետ կապ չունի, լռում էր: Ապա գոհունակ ժպիտ հայտնվեց դեմքին, տմբտմբացրեց գլուխն ու՝

-Ա՛յ որդի, գողություն անել չի կարելի: Գայիր, ասեիր, բա ո՞ր օրվա բարեկամ ենք, մեկի տեղ երկուսը տայի, -ասաց պաղարյուն, առանց ներքին ապրումի, ու դժվար էր ըմբռնել՝ խրատ կարդալը ծախս չէր պահանջում, դրա համա՞ր էր ասում, խիղճը հանգստացնելու՞, թե՞ ազգականի աչքին արդարանալու:

-Ամո՛թ քեզ, -շպրտեց հայրն ու այնքան նախատալից նայեց որդուն, որ Թորոսի սիրտը ճմլվեց:

Իհարկե, ամոթ: Գետինը մտնեմ, ավելի լավ է: Քոսոտ բաթաթի պատճառով քեզ խայտառակ արեցի: Գծուծն ո՞վ է, որ եկել մեր դռանը խրատ է կարդում՝ մեջտեղ բերելով բարեկամությունը: Մարդ էլ լինի: Գյուղովի խոսում են, թե կռվի տարիներին այլևս ճակատ չգնալու համար վիրավոր ձեռքն այնքան է կապած պահել, որ մատները կռկած են մնացել: Գոսմատ շանորդի, դու արևածաղիկ տվո՞ղ ես: Մտաբերեց տատի խոսքերը, որ մի անգամ ասել էր Տաճատի հասցեին՝ ձմռանը ձյուն խնդրես, չի տա:

Այլևս չկարողանալով զսպել զայրույթի եռքը՝ շնչակտուր, լացախառն ձայնով շուտասելուկի պես վրա տվեց.

-Դու բաթաթ տվող չես: Քեզնից ձյուն ուզեն, կասես՝ չկա, - հետո փախավ:

Տուն եկավ, երբ բոլորը քնել էին: Թաթերի ծայրին առաջացավ, պատուհանից ականջ դրեց:

Արան, ինչպես սովորաբար, ֆսֆսացնում էր: Ուրիշ աղմուկ ականջին չառավ: Մինչ կորոշեր անելիքը, դուռը բացվեց: Համընդհանուր լռության մեջ ծխնու ճռինչն այն աստիճան անսպասելի էր, որ սահմռկած ծեփվեց լուսամուտին: Գալեն էր: Քնակոլոլ հասնելով ճանճնոցի անկյունը՝ կանգ առավ: Տատը որքան էլ խնդրում էր, դժգոհում գոզահոտից, թոռները, միևնույն է, գիշերներն արտաքնոց չէին հասնում: Հատկապես Խորենը սոսկում էր խավարից. մի կերպ ոտքը տնից հանելով՝ ջուրը թափում էր շեմաքարին, փեթակների արանքը, ետ վազում: Ամռանն էլի լավ էր. ծծվում էր հողի մեջ, կորչում: Ճիշտ է, արևը զարկում էր, շեմաքարը ջերմանում, ու մեծերը գոռգոռոցը դնում էին, բայց, դե, վրան ո՞վ կառներ: Ձմռանն ուրիշ էր: Առավոտյան ձյան վրա այստեղ-այնտեղ դեղին շիթատեղեր էին նկատվում, խորքը տանող ճեղքեր, որ տաք մեզն էր բացած լինում: Տատը թիով դեսուդեն էր տալիս ձյունը, անիծում.

-Արևաչմեռներ, գլխիս բուղա եք կտրել: Երկու ոտքն ի՞նչ է, չեք գնում: Տնաչքանդներ:

Թեթևանալուց հետո Գալեն ետ եկավ: Թորոսը ձայնեց: Նա քնատ՝ դարձավ եղբորը, հետո, հավանաբար չընկալելով, թե ինչն ինչոց է, պատշգամբով առաջացավ, որպեսզի տուն մտնի:

-Գալե, կաց:

Եղբայրն սթափված՝ եկավ ձայնի կողմը և, ճանաչելով Թորոսին, լայն ժպտաց.

-Մտի, վախլուկ, հայրոն քնած է:

Թորոսն առաջինը եղբորը թողեց, հետո ինքը մտավ ու, նիգը ետքից գցելով, սուսուփուս դիմեց դեպի թախտը, որտեղ իր ու մեծերից Մերուժանի անկողինն էր: Անկյունից շշուկ լսվեց, ապա՝ Պարույրի քրթմնջոցը:

-Վերմակ տուր, -արդեն բարձրաձայն դժգոհեց Գալուստը: Թորոսը գիտեր՝ Պարույր եղբայրը դարձյալ կոլոլվել է, ու հիմա Գալուստը քաշկռտում է, որպեսզի իր բաժին վերմակը պոկի: Մյուս սենյակում մահճակալը ճռճռաց:

-Տղա, դուռ չգոցիս, Թորոն չէկե:

-Էնի շուտուց տուն ի, -ստեց Գալեն:

Թորոսն ի վերջո քակելով տաբատի կոճակը՝ մորեմերկ սահեց վերմակի տակ: Մերուժը քնի մեջ շրջվելով՝ պինդ-պինդ գրկեց եղբորը, թույլ մնչաց: Նրանից եկող ջերմությունը դուրեկան էր: Տղան աշխատեց շունչը հարմարեցնել եղբոր շնչառությանը: Ավելի լավ է՝ արագ-արագ: Չէ, օդը չի հերիքում: Այս Մերուժն էլ մի գլուխ շունչը պահում է: Ի՜նչ էլ լայն կուրծք ունի՝ մազմզոտ: Ասում են, նման տղամարդիկ բարի են: Տեսնես Վրեժը նույնպե՞ս մազեղ է: Վաղը նա կգա: Խոստացավ կոշիկ բերել: Հետաքրքիր է՝ ի՞նչ գույնի: Հանկարծ հայրը չջղայնանա՞: Որ հարցնի՝ որտեղի՞ց: Կասի՝ Վրեժն է առել: Իսկ եթե շարունակի հարցուփո՞րձը, ասի՝ ո՞ր Վրեժը: Ինչպե՞ս բացատրի: Կհավատան, թե՞ կասեն՝ փչում է, հեքիաթ մոգոնում: Ինչու միայն հեքիաթներու՞մ են բարի հսկաներ լինում:

Մերուժանի համաչափ շնչառությունը թմբիր էր բերում, Արայի ֆսֆսոցը թմբիր էր բերում, նույնը՝ շների հեռավոր հաչոցը, լուսամուտի գոգին ընկած լուսնյակի շողքը, բարդիների մեղմ խշշյունը, մեղվանոցի թույլ, հազիվ ընկալելի հոտը, պատից այն կողմ որոճող կովը, աչքերը խուփ՝ թառին ճոճվող հավերը, ոտքերի տակ մրափող թավամազ կատուն, օրվա տպավորությունները, հայրը, Տաճատը, Վրեժը, հեքիաթի հսկան, մանուկները, կոմբայնավարները, ամենքը, ամեն ինչ, ամեն ինչ, ամեն ինչ…

Եվ Թորոսը քնեց:


    

ԽԼՐՏՈՒՆ ՀՈՂ

Ակոսում տաք էր, և տղային քամի չէր առնում: Ջանում էր անշարժ մնալ, որպեսզի գուղձերը, որ եզրերից թափվել էին վրան, փորատակ սահելիս ցավ չպատճառեն: Հագին մաշված, գունաթափ շորեր էին, ու վախ չուներ, թե կկեղտոտվեն: Հեռվից՝ արտեզրի բլրակներից նայողի վրա նա պետք է որ թաքստոցում մրափող կենդանու տպավորություն թողներ: Շրջապատում, սակայն, տղայից բացի ոչ ոք չկար: Այդուհանդերձ նա ժամանակ առ ժամանակ թեթևակի բարձացնում էր գլուխը, տագնապով շուրջը դիտում: Կասկածելի ոչինչ չհայտնաբերելով՝ հանդարտվում էր, ու անհագստությանը փոխարինելու էր գալիս վհատությունը: Լքված, թախծոտ հայացքը մի քանի վայրկյան շարունակում էր ի կախ մնալ գորշ քարակարկառներից, կռատուկի չորացած ցողուններից, ապա տղան գլուխը հակում էր դաստակներին, անջրպետվում աշխարհից: Քամու գվվոցը վերստին խլանում էր, խռիվ մազերն ու թիկունքը ջերմանում էին մայր մտնող արևի ճառագայթներից, ռունգները լցվում լցվում գետնաբույր, թեթևակի փոշեխառն օդով, որ խոր շնչելիս հողից էր ելնում։

Կես ժամի չափ կլիներ այդպես պառկած էր, երբ քամու հետ ականջին աղմուկ հասավ: Տղան սեղմվեց հողին, ասես կամենալիս լիներ մարմնով թաղվել նրա մեջ: Առժամանակ անց զգուշորեն վեր հանեց գլուխը. ոչխարները, ետքից փոշի հանելով, գյուղ էին իջնում: Համաչափ շարժումից բլրակը ալիքվում էր: Հովիվը չէր երևում, ըստ երևույթին, լանջի մյուս երեսն էր անցել՝ հոտին ուղղություն տալու, թեև դրա կարիքը չկար, որովհետև կենդանիներին պատած տենդից պարզորոշ նկատելի էր, որ նրանք հոգնել էին մերկ քարուտները չափելուց և առանց միջամտության կգտնեին տան ճամփան: Աղմուկ բարձացնողը շներն էին. Տեսել էին տղային, հոտն առել: Նրանց զգալի տարածություն էր բաժանում, և կենդանիները երկվության մեջ գազազած հաչում էին՝ չիմանալով ինչպես վարվել. հետաքրքրասիրությունը բավարարելու համար վազել ցելերի կո՞ղմը, թե վտանգի չենթարկվելով՝ մնալ: Ի վերջո, հովվին, հոտին մերձ լինելու ցանկությունը հաղթեց, և երբ ոչխարն ամբողջովին անցավ բլրի մյուս երեսը, նրանք դժկամորեն, բայց ձեռք քաշեցին տղայից: Վերջին պահին մեկը, որ ետ էր ընկել, խռնդատի մոտ ոտքը բարձրացնելով՝ դադար առավ, ի նշան բանի, որ նման պետքերի դեպքում մարդու ներկայությունը նշանակություն չունի, շրջվելով՝ դարձյալ մի երկու բերան հաչեց, հողը ճանկերով քանդելով ևս մի ապացույց թողեց՝ տիրույթի իրենը լինելու, ապա աճապարեց հասնել ընկերոջը:

Տղան իրեն ավելի մենակ զգաց: Կկամենար շներից, ոչխարներից մեկը լինել. նրանք գնալու տեղ ունեն, ոչ մի հանցանք չեն գործել ու խղճները մաքուր է, իսկ ինքը…

Նա ոտքի ելավ: Աստղափուշը, քամու բերանն ընկած, կաղին տալով գլորվում էր հերկերով: Լսելի էր իշկաթնուկի սվսվոցը՝ արտեզրին, միջնակներում, փետրախոտինը՝ քարափներում: Արտի լայնքով ձգվում էին հեռագրասյուները, որոնք ձորակը կտրել-անցնելով՝ ելվերում էին սարալանջով, կորչում հեռուներում: Մտաբերեց բանաստեղծությունը, որ եղբոր ծոցատետրում էր կարդացել.

Քամին փոշի էր մաղում:

Տխուր երգում էին հեռագրասյուները:

Մի շուն կլանչեց հեռվում:

-Աշուն էր:

Ապա նա տաղտուկը ցրելու համար գրկելով սյուներից մեկը՝ այտը հպեց նրան: Հաճելի էին թե փայտում ներծծված մազութի հոտը, թե ներսում ամբարված արևի ջերմությունը և թե մարդկային լեզվով անթարգմանելի մեղեդին, մրմունջը, որ սյունն ի վար իջնելով՝ ծծվում էր ականջը, պարուրում մարմինը: Հեռագրասյուները հուշիկ երգում էին: Այն թեև անծանոթ, անհասկանալի, անմեկնելի, բայց մարդկային հոգիներից պոկված թրթիռ էր՝ յոթ սարից այն կողմ գտնվող մեծ, անծանոթ աշխարհի, երկրների, քաղաքների մասին պատմող:

Բռնցքաչափ գլաքար վերցնելով՝ թեթևակի զարկեց սյանը, որը դղրդաց, ցնցվեց և երկար չէր հանդարտվում: Տղան վախեցավ, կարծեց, թե անհարկի միջամտությամբ խառնեց լարերով ընթացող խոսակցությունները, ու հիմա մարդիկ կգան, կոլորեն ականջը: Վախվորած՝ շուրջը նայեց: Ամայություն էր ամենուր՝ ճնշող, անկենդան: Միակ ջերմ, կենդանի, խոսուն էակը սյունն էր: Քարը, որ գցել էր, կրկին ձեռքն առավ: Խփում էր, ականջ պահում: Բլթակը կարմրել, ցավում էր, բայց շարունակում էր սեղմվել ու սեղմվել սյանը: Թվում էր, հիմա, հիմա, ևս մի հարված, և բառերը կտարբերակվեն, կհստակվեն, կդառնան ըմբռնելի: Սակայն պահը չէր գալիս:

Ու հանկարծ նա մտաբերեց գործուղումով երեք տարի հեռավոր Դուշամբե աշխատելու մեկնած եղբորը, որը, հոր ասելով, պիտի գար: Ի՞նչ կլինի, եթե խոսի հետը, պատմի կատարվածի մասին, խորհուրդ հարցնի: Ինչքան չլինի, տարիքով մեծ է, աշխարհ տեսած:

Մտածելն ու քարով հարվածելը միաժամանակ եղան: Սպասեց արձագանքին, որը չուշացավ:

-Ալո, ալո: Պարույր եղբորս եմ ուզում:

Պատասխանը հնչեց հայերենով, հստակ, ինչպես՝ եթե կողքիդ խոսեին:

-Հիմա, -և շեկլիկ ծամերով սիրունատես քարտուղարուհին՝ կինոնկարում տեսածի նման, կիսաբաց դռնից ժպտալով ձայնեց. -Հայաստանից է, ձեզ են ուզում:

Տղան սպասեց, մինչև եղբայրը վերցնի լսափողը, ապա հուզված՝ թեթևակի զարկեց սյանը՝ դը՜նգ:

-Բարև, -շփոթվեց նա:

-Բարև՞, -հարցական պատասխանեց Պարույր եղբայրը: -Ո՞վ է խոսում: Սպասիր, սպասիր… Գալե, ճանաչեցի… Գալուստ, դու՞ ես:

-Ես եմ, -հրճվանքից տղան լացակումեց:

-Որտեղի՞ց ես զանգում, ախպերիկս:

Պատասխանն ուշացավ: Գալուստը հապճեպորեն այտերն ի վար հոսող արցունքներն էր սրբում և մոռացել էր քարի մասին: Պարույր եղբայրը կողքին էր, ներսում, ինչ-որ տեղ:

-Ի՞նչ է պատահել, Գալե: Ինչու՞ ես լալիս: Հը՞: Մերոնք լա՞վ են: Դե խոսիր, անուշս:

Տղան արցունքից թրջված գլաքարով թույլ, որպեսզի եղբոր ձայնը չկորչի, դիպավ հեռագրասյանը:

-Դե, խաղաղվիր, Գալես, Գալուստս, ախպերս: Հասկացա՝ կարոտել ես: Ես կգամ, համբերեք մի քիչ էլ՝ մեկ-երկու ամիս: Նոր տարուն անպայման տանը կլինեմ: Քեզ համար տոնածառ եմ բերելու՝ իսկական: Ուզու՞մ ես:

Գալեն գլխով արեց, ժպտաց՝ ավելի պինդ սեղմվելով հաղորդիչին:

Եղբոր ձայնում հանգստացնող, հարազատ շեշտ կար: Նա այժմ գրեթե չէր լալիս:

-Քեզ եմ ուզում, դու էլ ինձ հերիք ես, շատ ես, -համարձակություն հավաքելով՝ ասաց:

-Շուտով միասին կլինենք: Գյուղում հիմա գյուղատնտեսի տեղ կա, ճի՞շտ է: Կգամ, ու այդ աշխատանքն ինձ կտան, իսկ գարնանը՝ օրերը հենց տաքանան, նոր սենյակի պատերը կբարձրացնենք: Էլի մնում է, գիտեմ՝ վրան գործ չեք արել:

-Հայրիկը քո ճամփան է պահում: Հենց սենյակը պրծնենք, -ասում է, -Պարույրին կամուսնացնեմ: Աղջիկ էլ ունեն ընտրած:

-Չեղավ: Բա որ ես էլ բռնեմ ու մեկին հետս առած գա՞մ:

-Շեղա՞չքի, -տարակուսեց տղան:

-Թեկուզև, ի՞նչ կա որ: Տաջիկները մեզ շատ նման են: Ապրածս գյուղում կան, հայից չես տարբերի:

-Դու քաղաքում չես ապրու՞մ, -էլ ավելի զարմացավ Գալեն:

-Չէ, Գարմում եմ: Պամիրի լեռները գիտե՞ս: Աշխարհագրությունից պիտի որ անցած լինեք: Ուսուցչից թաքուն դու չէի՞ր գրատախտակին գրվածի Մ-ն Ն դարձնելով Պամիրը պանիր կարդացել: Ո՞րդ պատմեցիք: Մի քանի գյուղի են կցել: Ձիով եմ ման գալիս: Ոտքից գլուխ սպիտակ է՝ տեղ-տեղ սև պուտեր շաղած:

Գալուստի գլխում պատկերներն արագությամբ փոխվեցին: Խարտիշագեղ քարտուղարուհին, աշխատասենյակը մոռացվեցին: Հիմա մտաժապավենին գյուղական ճանապարհ էր, երկկողմանի բամբակի դաշտեր, շերտավոր հագուստներով կանայք՝ ճերմակ ծովում: Բանթողից հետո դաշտամիջյան ճանապարհով ձիուն նստած գալիս է եղբայրը: Սկզբում միայն գլխարկից բարձրացող ծուխն է երևում, ապա՝ գլուխը, դեմքը, հետո նոր մնացածը: Ու այդ ամնենը՝ կրկնապատկերմամբ, ձյունաճերմակ լեռնակատարների հիմնապաստառին:

-Դու գիտես, ինձ ի՞նչ, -գլուխը մտցնելով օտարազգի հարս ունենալու մասին իր իսկ հորինած միտքը և մեծ եղբորից փոքր ինչ հիասթափված՝ ասաց Գալուստը:

-Դե լավ, կատակում էի: Ամեն խոսքի մի հավատա, -սփոփեց եղբայրը: -Դու մերոնցից, քեզնից պատմիր: Այսօր ի՞նչ ես արել: Հիմա ինձ ամեն մանրուք հետաքրքիր է: Որ իմանաս, որքա՜ն եմ կարոտել մեր քարերին, ձեզ…

Գալուստը շուրջը նայեց: Քարքարուտներում ի՞նչ կա, որ ինչին կարոտես: Եղբայրն էլ բան գտավ ասելու:

-Գնացել էի շրջկենտրոն:

-Մենա՞կ:

-Չէ, Լեռնիկն էլ էր հետս:

-Ո՞ր Լեռնիկը:

-Հայկազենց: Տունը Նախավկա սարի տակն է, հիշեցի՞ր:

-Տեղը չբերեցի: Հետո՞, ի՞նչ ունեիք շրջկենտրոնում:

-Եսիմ…

-Տետր, բա՞ն կար առնելու:

-Չէ: Լեռնիկն ուզեց: Մերը ծեծել էր, տնից դուրս արել: Ինքն էլ եկավ, թե՝ գնանք: Համոզեց…

-Գալե, մի քիչ մանրամասն: Ինչու՞ էր ծեծել: Տրամադրությունդ, մի տեսակ, տեղը չէ: Հայերենն ի՜նչ անուշ լեզու է, չեմ իմացել: Դե խոսիր, խոսիր…

-Պատմելու բան չկա:

-Որ չկա, ինչու՞ ես քթիդ տակ ծիծաղում: Չեղածի համար չէր ծեծի:

-Ամաչում եմ: Լավ, որ ասում ես… Լեռնիկն ամեն օր տակը թրջում է, մերն էլ՝ ծեծում: «Տեղաշորը փտեց, -գոռում է, - բուրդ չմնաց»: Երեկ գիշերն էլ… Մտքին եղել է ոտքերով չորացնել, որպեսզի տնեցիք չիմանան, բայց շատ քսելուց, տանել-բերելուց տակի փռածը պատռել է:

-Դա, ոչինչ: Բոլորս էլ նման բաների համար ժամանակին ծեծ կերել ենք: Մեր տեղաշորերը, կարծում ես, մոռացե՞լ եմ, համարյա ամեն առավոտ արևին էին գցում: Հետո՞: Ոտքով գնացի՞ք, թե ավտոները հիմա շատացել են:

-Գյուղից մթերման ցորենը կայարան տանողներ կային: Հետները գնացինք:

-Շուկան մնու՞մ է: Դաշտի գյուղերից դեղձը, խաղողը բերում էին՝ դեղին սաթ, խավը վրան: Սարեցի տղա՝ անփող, աչքներս մրգի կարոտ, շլմորած կանգում էինք, անցուդարձին խանգարում: Այդ պահին միայն մի՝ մեղվաճանճ դառնալու ցանկություն ունեինք: Խառնվենք, -ասում էինք, -քթոցին վրա տված մեղուներին, կնճիթներս խրենք ամենալավ ողկույզի մեջ ու ծծե՜նք…

-Հայրոն երեկ մի դույլ խաղող էր առել: Ես հետն էի: Մի թափից կերանք:

-Մեր ժամանակ առևտուրը փողով չէր: Խանութը համարյա միրգ չէր ստանում: Հույսը դաշտեցիներն էին: Դու չես հիշի. ցորենն ավելի բարձր գին ուներ: Երկու քաշ խաղողի դիմաց նոր մի չափ խաղող էին տալիս, հետո դարձավ մեկին՝ մեկ: Իսկ հիմա, երևի, ոչ կարգին ցորեն է մնացել, ոչ Ոսկեհատ խաղող:

Զբոսայգի գնացի՞ք: Առաջին կարուսելը տասներորդ դասարանում եմ նստել: Ականջի մեկը պոկված եղնիկ էր, մտքիցս դուրս չի գալիս: Ջարդած տեղում գիպսը երևում էր: Կյանքիս առաջին լուրջ հիասթափությունը նույնպես այդ օրն ապրեցի ու գիտե՞ս ինչու - մտքովս չէր անցել, թե դրանք՝ խորոտիկ եղջերուները, ուղտերն ու եղնիկները, փղերը կավճից են: Տուն դառնալիս մի քանի երեսառածներ էլ, ինչ է թե շրջկենտրունում են ապրում, իրենցը մերից մեծ գյուղ է, ամեն օր շուկա, զբոսայգի գնալ-գալ ունեն, ընկան ետևներիցս, մտքներին մեզ ծեծել կար: Մինչև կամուրջ եկան, հետո, երբ ավտոբուսի սպասող մերոնց տեսնելով սրտոտեցինք, ձեռ քաշեցին:

-Ինչ որ պատմում ես, ինձ հետ էլ եղել՝ մի քսան անգամ: Մենակ թե կարուսելը հիմա չի աշխատում, գարնանից կանգնած է: Ծառերի տակի արձաններն էլ տվել փշրել են:

-Բա հետո՞, ամբողջ օրն ի՞նչ արիք: Երևի փող էլ չի եղել մոտդ: Անոթի գնացել, անոթի եկել ես: Գալուց հետս անպայման սեխ եմ բերելու՝ որքան կարողացա: Միջինասիականը գիտե՞ս մերից ինչքան մեծ է՝ քաղցր-քաղցր: Գետնից չես կարող կտրել ու՝ էժան, ջրի գին: Կիլոյով չեն ծախում, է, հատով՝ ժամանակը, տարին գիտի: Գալե՞: Տուն ինչո՞վ հասաք: Այ տղա, մենակ ես եմ խոսում, պատմիր…

Հեռագրասյունը գրկած Գալուստի վրա ասես սառը ջուր լցրին: Դարձյալ լքված, մենակ զգաց, լսելի դարձավ քամու սույլը, տեսանելի՝ քարափների գորշությունը: Երկյուղած՝ ականջը կրկին հպեց փրկարար սյանը, ուր մեծ եղբայրն էր՝ Պարույրը, հեքիաթը հրաշապատում:

-Պարույր, Պարույր… Ես քեզ հիմա գաղտնիք պիտի հայտնեմ: Լսու՞մ ես: Դու, միմիայն դու կարող ես ճանապարհ ցույց տալ: Արցունքներիս ուշադրություն մի դարձրու: Եթե ասես՝ խելառխոտ կեր, կուտեմ, քարափից գցվիր՝ կգցվեմ, թույն առաջարկես, կխմեմ: Քո խոսքն ինձ համար օրենք է, իմ մեծ ախպեր, իմ Պարույր ախպեր: Ամբողջ օրը հաց չեմ կերել, տուն չեմ գնացել ու չեմ գնա, որովհետև… ճամփին փորձանք պատահեց: Հավատա, ես մեղավոր չեմ, ինքս էլ չգիտեմ, չհասկացա, ինչպես եղավ: Էլ պահել հնարավոր չէր, մատներս իրենք իրենց բացվեցին: Չէի ուզում… Թող, թող լաց լինեմ, այսպես ավելի հեշտ է: Ամբողջ օրը ներսումս եմ պահել, ինձ կերավ, սիրտս տրաքվում, պայթում է…

Կեսօրին ես ու Լեռնիկը, դես-դեն պտտվելուց դադրած, տուն գալու համար կամուրջ եկանք: Ավտոբուս չնստեցինք. Ոչ մեկիս մոտ փող չկար: Ես ասի՝ ոտքով գնանք: Ճամփին՝ վանքի մոտ, որի կեսից շատը փլած է, բեռնատար հանդիպեց: Վրան բան կար բարձած, հազիվ էր դարը ելնում: Որոշեցինք թաքուն նստել: Մեզնից անցավ, թե չէ, վազեցինք: Սկզբում ես ելա, ետևիցս՝ Լեռնիկը: Չգիտեմ, հիշեցի՞ր. ինքը փոքր-մոքր տղա է -ուժը չէր պատում ձգվի: Ոտքը տակի երկաթին չէր հասնում, կախվել մնացել էր: Երկու ձեռքս գցեցի, որ օգնեմ: Անաստվածը գոնե մի քիչ ուժ տար: Ավտոն էլ հակառակի պես ձորը ելնելուց հետո սկսեց թափ առած գնալ: Փոսը չլիներ, բաց չէի թողնի: Թռցրեց ինձ էլ, վերևում եղած-չեղածն էլ, և Լեռնիկն ընկավ: Տեսա, գունդուկծիկ եղել, չի շարժվում, իջա՝ ընթացքից ետևանց թռա: Միայն ծնկներս առան ասֆալտին: Մի քիչ քերծվել են, բայց դա՝ հեչ: Մոտեցա, ձեն տվի: Չպատասխանեց: Շարժեցի - լխկած ծիրանը քեզ օրինակ: Քթի արյունը, որ տեսա, ծնկներս թուլացան, ասի՝ կա, չկա, մեռել է:

Պարու՞յր: Մի քիչ դադար առնեմ, հա՞: Շվարեցիր, չէ՞: Բա որ իմ տեղը լինեիր… Դե, մի բան ասա, խորհուրդ տուր:

Գալեի թախանձագին հայացքը սյունն ի վեր ելնելով՝ հասավ լարերին ու ուղիղ գծով կտրեց անցավ սարը: Այնտեղ՝ Պամիրի լեռներում, չգիտես ինչու, լռում էին: Քամու շվվոցը չլսելու համար այտի դիրքը փոխելուց հետո ծածկեց ականջը, անշարժացավ: Եվս մի քանի վայրկյան, և միալար աղմուկի մեջ վերստին զատվեց եղբոր ձայնը:

-Գալե, տխուր լուր հայտնեցիր: Ընկերդ իսկապե՞ս մահացել է:

-Չեմ կարող ասել, ես…

-Դու ի՞նչ:

-Չմնացի, փախա:

-Չեղավ: Վատ բան ես արել: Քեզնից չէի սպասում: Դժվար կացության մեջ գտնվողին լքել չի կարելի: Դա մեր տոհմին հատուկ չէ:

-Պարույր, էլ մի ասա: Արդեն հազար անգամ մտքումս ինձ բոլորի աչքի առաջ կախաղան եմ հանել, քացու տակ առել, ճաշարանի դիմաց վեր եմ ընկել, ու անցնող-դարձողը թքել է վրաս - ի՞նչ օգուտ: Վերգոն եմ ես… Երբ վախս անցավ, ու մի երկու ժամից ետ եկա, մարդ-մուրդ չկար: էլ չիմացա՝ տարել էին, թե՞…

-Սկզբից կասեիր: Կարևորն այն է, որ վերադարձել ես: Ուրեմն՝ խիղճդ տանջել է: Իսկ վախը մարդկային հատկություն է, բոլորին հատուկ թուլություն: Քո տարիքն ի՞նչ է, որ գլուխդ չկորցնեիր: Կարևորը, նորից եմ ասում, վախին հաղթելն է: Իսկ գուցե առանձնապես բան չէ՞ր պատահել, ի՞նքն է իր ոտքով գնացել: Ինչպե՞ս ընկավ, գլխիվա՞յր:

-Չեմ հիշում, գիտեմ, որ ձեռնափերով, դեմքով զարկվեց ասֆալտին: Դրա քիթն էլ տեղից խախուտ է, հանաքով չկպած՝ արնում է:

-Բա գյուղում ի՞նչ են խոսում: Սպասիր, դու ու՞մ տնից ես զանգում:

-Ոչ մի տեղից, դաշտում եմ:

-Դու տուն պիտի գնաս, Գալե, լսու՞մ ես: Հենց հիմա: Մանկամտություն է արածդ: Ոչ մի լուրջ բան, համոզված եմ, չի եղել: Պատահեր, մերոնք կխառնվեին իրար, քեզ կփնտրեին: Դրա մասին հեչ չե՞ս մտածել:

-Հա՞, Պարույր:

-Բան եմ ասում: Զոռ ես տվել երևակայությանդ, ձեռքին գերի ընկել: Գիշերով ի՞նչ ես շինում դաշտում, հիմա որտե՞ղ ես:

-Մարդսպան ձորում: Բայց թե՝ մութ չէ, այ Պարույր, արևը հլա որ մայր չի մտել:

-Հա, ճիշտ որ… Խառնեցի: Այստեղի ու մեր ժամերը տարբեր են: Մարդասպան ձոր ինչու՞ ես գնացել: Չլինի՞ ուզում էիր քարափից գցվելով մի մահը երկու շինել: Քամիները գլխիցդ հանրր, լսու՞մ ես: Դու գյուղ իջիր: Եթե անգամ իսկապես… Չնայած, չեմ հավատում: Դու պարտավոր ես տեղում լինել: Հասկացա՞ր: Քո հայրը Համզեն է՝ Համազասպը:

-Պարույր, որ ասում ես, մերոնք կփնտրեին: Նրանք որտեղի՞ց իմանան, որ ես ու Լեռնիկն իրար հետ ենք եղել:

-Քեզ էլ թվում է՝ ձեզ ոչ ոք միասին չի տեսել, հա՞: Եթե այդպես է, էլ ումի՞ց ես վախենում: Դու ոչ շրջկենտրոնում ես եղել, ոչ Լեռնիկ տեսել:

-Դա լինելու բան չէ, ես չեմ կարողանա:

-Տեսնու՞մ ես: Գալես, քեզ փորձելու համար էի ասում: Դու հրաշալի, անմեղ տղա ես ու անհոգի, խղճիդ դեմ բան չես անի: Դե, բարի գիշեր, իմ կողմից համբուրիր Ծովոյին, Մերուժանին, Տարոնին, Թորոսին, Խորենին, Արային, Մասիսենց չմոռանաս, իսկ հայրոյին ասա, որ հրես, գալիս եմ: Թող մի անգամ էլ խոսի տնօրենի հետ: Եղա՞վ:

-Որ ասում ես… Դու էլ շուտ պրծիր գործերդ ու արի: Քեզ հետ հեշտ է: Հեշտ է…

Գալուստ թողնելով սյունը՝ շրջվեց գյուղի կողմը: Արևմուտքը կարմրել էր: Նման գույներ մեկ էլ անցյալ տարի Մինաս նկարչի կտավներին էր տեսել՝ քաղաքում, երբ էքսկուրսիայի էին տարել: Այն կարմրի, նարնջագույնի, դեղինի ու բնության երանգապնակի էլի ուրիշ, անանուն ներկերի շաղախ էր, խառնուրդ, որով վրձնել էին հորիզոնն ամբողջ, Հայկական պարի հյուսիսկողմյան թևի ու Առճո լեռնագագաթներրը, երկնքի տարբեր շերտերում անշարժացած փետրավոր ամպերը, այդ ամենը տեսնելու մտադրանքով վաղաժամ ճամփա ելած լիալուսինն ու քարաբլուրները մերձակա: Երանգներն աչքի համար այնքան աննկատ էին փոխվում, որ շերտերը, սահմանները զատորոշել անհնար էր: Գունախաղը երկա՜ր մնում էր՝ անգամ արևի մայր մտնելուց հետո:

Իրենց ու հորեղբայրների տները՝ մեկական հացատուն, գոմ, սրահ, կից էին: Հողե տափակ տանիքները, որոնք միայն երդիկի մոտ կորություն ունեին, այնքան, որպեսզի անձրևաջրերը ներս չլցվեն, հոգածու ձեռքերի պակասից տեղ-տեղ սկսել էին նստել, մանավանդ Սեդրակենցը, ում երկու տղան գյուղից հեռացել էին՝ հայրական օջախը թողնելով ի պահ Լևոն հորեղբոր Մասիս որդուն: Նա հնի կողքին երկհարկանի նոր տուն էր շինել, մնացածը դարձրել խորդանոց, մառան, մարագ: Գալեենց ննջասենյակն ու միջանցքը՝ շարած գյուղի սրբատաշ քարով, փայտեհատակ առաջին տներից էր՝ հնին կպած, նրանից մեկուկես մետր բարձր: Տղայոց սիրած խաղերից մեկը ջրհորդանի թիթեղներից բռնած տանիք բարձրանալն ու մյուս երեսին թողնված կիսապատուհանով ձեղունի տակ մտնելն էր, որտեղ պատշգամբի վրա բացվող բավական մեծ մի դիտանցք ևս կար, ուրկից և չորացած խոտը, դատարկ փեթակներն ու զանազան հնոտիներ էին վերև հանում: Մի դուռ ներսից, մյուսը՝ պատշգամբից, տանում էին կիսակառույց սենյակը, որ ավելի մեծ էր: Երրորդ տարին կուտակած էին մնում քարն ու ավազը, պատերի երկայնքով՝ փայտամածները՝ վրան կործած ծուռումուռ դույլեր, տաշտեր: Տնեցոց հավաքատեղին գարունքից աշուն բացօթյա պատշգամբն էր. այնտեղ էին ընթրում, զրուցում՝ մանավանդ հյուր եղած ժամանակ:

Գալուստը վճռեց, նախքան տնեցիների աչքին երևալը, ձեղնահարկից ունկնդրել ներքևում ընթացող խոսակցությունը, պարզել տրամադրությունները, այդու մտմտալ անելիքը: Քարերից բռնելով ելավ հորեղբոր հացատան կտուրն ու, փլվածքները հուշիկ շրջանցելով՝ մոտեցավ տանը: Նույնքան զգուշորեն, որպեսզի թիթեղն անախորժ ձայներ չհանի, ձգվեց, բարձրացավ կղմինդրներին, ապա կատվի քայլերով, գրեթե սողեսող ուղղություն վերցրեց դեպի օդանցքը: Ցերեկով դա մեկ-երկու րոպեի գործ էր, բայց հիմա գիշեր էր, բարձունքից բացվող դատարկությունը՝ ահաբեկող, բռնվելու ահը՝ իր հերթին: Քիչ անց ձեղունի ներքո էր: Ներքևում լույս էր վառվում, աղմկում էին, ծիծաղում: Թեթևացած սրտով առաջացավ. գիտեր, որ արհեստական լույսի տակ ներքևից վերևում գտնվողը չի երևում, միայն թե անզգուշությամբ չմատնի տեղը՝ գլուխը շատ կախելով կամ թե հող թափելով:

Առավել հաճախ հորեղբոր տղայի ձայնն էր լսվում, երբեմն-երբեմն՝ հոր: Մեկ-երկու նախադասություն ունկնդրելուց հետո գլխի էր, թե ինչի մասին է խոսքը: Մասիսն այն պատմում էր միայն տրամադրության բարձր պահի, գինով ժամանակ: Դա նրա առասպելն էր, և ամեն անգամ, երբ խոսք էր բացվում Ռուսաստանի, խոպանի մասին, մեկնումեկը խնդրում էր պատմել, ու նա սկսում էր, և մյուսները բերանբաց լսում էին, փոքրերը՝ մանավանդ:

-Թաթարները՝ տղամարդ-կին, կացիններն առած ընկան ետևիցս:

-Հրացան էլ, -լրացնում էր մեկնումեկը:

-Խանչալներով, եղաններով: Ես քսան կասեմ, դուք հիսուն հասկացեք, գյուղովի: Պարույրիս ասեմ…

Պարու՞յր: Գալուստն անակնկալ հրճվանքից մազ մնաց ներքև ընկնի: Ուրեմն՝ եղբայրը եկել է: Եկե՜լ է: Ահա թե ինչու են ուրախ, բաժակ-պատառաքաղների ինչ ձայն է: Լեռնիկին էլ, պարզ է, բան չի եղել, թե մահանար, ի՞նչ սրտով պիտի քեֆ անեին: Ի՜նչ լավ եղավ, տաշ-տուշ…

Նա գլուխը հակեց: Սեղանի կեսն էր տեսանելի, հոր ալեխառն մազերը… Կողքանց էր նայում: Արծվենի հայացքն ու՞մ էր ուղղված՝ Պարույր որդու՞ն: Կողքին Ծովոն էր, դեմ-դիմաց՝ հորեղբոր տղա Մասիսը՝ հաստ, սրածայր բեղերով, թշերը գինուց, առողջությունից՝ կարմիր, մաշկի տակ ձգվող թել-թել մազանոթներով:

-Չորս կողմը աշունքվանից քանդած կարտոլի դաշտ էր, ցեխ: Գետն էլ նոր էր բացվել: Սարոյիս ասի՝ գցվի ջուրը:

-Ցրտի՞ն:

-Ցուրտ… Պաղ, սառույց, ափերի մոտ՝ պուզ բռնած:

-Ո՞ր գետն է եղել, -հարցնողը Մերուժն էր, թեև լավ էլ գիտեր, որի մասին է խոսքը:

-Ուրալը: Մերուժ տղա, դու լինեիր…-մեծամտեց Մասիսը:

Նրանք հասակակիցներ էին՝ գրեթե նույն տանը մեծացած, շատ ժամանակ նույն ամանից կերած, և բնական էր հակամարտությունը:

-Ես էլ հավատացի: Թոքաբորբ անգամ չի ընկել: Համ էլ, Մասիս, դու լողալ որտե՞ղ ես սովորել:

-Երբ գիրքը ձեռիցդ չէիր գցում: Հիմա ի՞նչ, ուզում ես ինձ սուտ հանե՞լ:

-Բան ե՞րբ ասի:

-Հլա փորձիր: Էն ժամանակ, որ ես գրազով Ուրալը կտրեցի ու առանց ոտքս մյուս ափը դնելու ետ եկա, դու ու՞ր էիր:

-Մեկից ասա՝ Եվրոպայից լողալով անցել ես Ասիա:

-Տո, որ ամեն բան գիտես, կարդացվոր ես գլխիս կտրել, Ուրալը կյանքումդ տեսած կա՞ս:

-Չէ, -խեղճացավ Մերուժը:

-Դե որ՝ չէ, սուս արա: Հորոխպեր, -Մերուժին ջարդուփշուր անելուց հետո պատմությունը շարունակեց Մասիսը, -Ուրալի լայնքը կլինի, որ սուտ չասեմ՝ ձեր տնից մինչև Նախավկա առուն: Աշխարհի ամենամեծ գետերից է:

-Ամազոնի՞ց էլ:

-Ամազոն-մամազոն չգիտեմ, բայց մեծ է:

-Երևի ուզում ես ասել՝ արագահոս, -հաշտության ձեռք մեկնեց Մերուժը:

-Ապրես: Կարդացածդ հազիվ մի տեղ պետք եկավ: Մերուժ, թե քո ուսումն իմն էր եղել, թագավոր կդառայի: Բառը մտիցս թռավ, ո՞րն էր, -հարցն ամենափոքրին ուղղելով՝ վերստին եփ եկավ Մասիսը:

Տարոնը վախեցած՝ ավելի ամուր տեղավորվեց եղբոր ծնկին:

-Արագահոս, -հուշեց Խորենը:

-Հա, շատ արագահոս, լեռներից իջնելիս մանավանդ՝ զմփզմփան ջուր է: Տերտերի ձորինի, երևի, հինգ հարյուր չափ:

-Երնեկ մեր գյուղով անցներ, -ծոր տվեց Թորոսը:

-Խելոք բան խոսի. եղած-չեղածը կսրբեր: Հլա դու Ուրալ ասա… Վիշապի հետ խաղ ե՞ս անում:

-Հնար լիներ, գոնե մի օրով Սևան շուռ տային: Մեկից հազար հարց կլուծվեր: Կղզին էլ կղզի կմնար:

-Բա հյուրանոցները, երկաթգիծը, անտառը: Գիտե՞ս ինչքան գումար է ներդրվել, -նկատեց Մերուժը: -Ջրի տակ կանցնի ամբողջը:

-Գրողին: Մեզ Աշոտ երկաթի ժամանակների Սևանն է պետք:

-Բանասերը խոսեց, -հեգնական տոնի անցավ Մերուժը: -Արևմտյան Հայաստանն էլ չե՞ս ուզում:

-Շատ: Շատ եմ ուզում: Ահավոր շատ, -Խորենի դեմքը խոսքին համահունչ էր:

-Դու թաթարների պատմությունն արա, դրանց հետ գլուխ մի դիր: Թողեք շարունակի, -սաստեց Համզեն:

Գալուստը նրա աչքերում թաքնված ժպիտ, միաժամանակ հպարտություն տեսավ: Հայրը սիրում էր Մասիսին, թերևս, իրենցից ավելի, որովհետև գյուղում մնալով՝ շեն էր պահում եղբոր տունը:

-Որտե՞ղ հասա… Հա, թաթարները գետին դեմ առնելով՝ կանգնեցին: Ոչ մեկը սիրտ չարեց ջուրը մտնել: Տեսան՝ չեն կարող, սկսեցին կրակել…

-Չապաևի կինոյի պես, -հիացքը չկարողացավ զսպել Տարոնը:

-Սարո, լող տուր, -հենց կրակոցը դադարում էր, ասում էի: Որտեղ պետք էր՝ Սարո, սկի, -գոռում էի: Բա՜…

-Ասում ես՝ ինչու էին ետևիցդ ընկե՞լ, -հարցրեց Պարույրը:

-Մոռացել եմ, -բեղերի տակ խնմնդաց, սղալեց:

-Խոզի միս էր կերցրել թաթարներին:

Քրքիջ լսվեց:

-Թողեք պատմի, -մեղմ նկատեց Պարույրը:

-Կյանքումս առաջին անգամ ասի՝ ծնունդ անեմ: Գործն էլ նոր էինք բռնել: Քաղաքից քսան կիլոյի չափ խոզի թարմ միս առա: Ես ի՞նչ իմանամ, որ դրանց կրոնով չի կարելի: Հիմա՝ չէ, հիմա լավ էլ ուտում են, իսկ իմ պատմածը… Պարույրիս որ ասեմ, ուզածիդ պես քեֆ արինք՝ խորովածով, տնական օղիով, դու կիմանաս՝ սամագոն են ասում: Նախագահն էր, բրիգադիրներից կային, երևի, տասնհինգ մարդ: Էդքանից հետո մերոնցից մեկը խոսքի մեջ միամտվելով՝ խոզի անուն է տալիս, գովում: Դու մի ասա՝ դրանց համար ավելի մեծ վիրավորանք չկա, նույնն է, թե հային մեր քֆրեն:


    

-Սրտամեռ-սրտախորովները… Թե ի՞նչ գործ ունեիր ուրացողների հետ, -խորքից լսվեց Մասիսի մոր ձայնը:

-Բա, հորոխպեր, մենք էլ՝ ես ու Սարոն, բանից անտեղյակ ջրի ենք գնում, տեսնեմ վրա տվին: Խմած ժողովուրդ…

-Արևաթաղները խանչալով էրեխուս ջրի վրա կզուկ վախտ զարկել են: Ու՞մ էի մի կտոր հաց տվել, բա որ սրտին, թոքին առներ:

Նուշո տատի խոսքում տագնապ կար: Նա, հավանաբար, մտովի Մասիսին տեսնում էր ջրհորի կողքին արնաթաթախ ընկած, շուրջը ծառացած նժույգներին՝ նեղաչք, միջնադարի հագուստ-կապուստով թաթար-մոնղոլներ:

-Ցույց տուր, ցույց տուր, -տեղից ելան Ծովոն, Թորոսը, Խորենը:

Գալուստն էլ ավելի կախվեց ցած: Մասիսը վարպետ շարժումով վերնաշապիկը ետ տարավ՝ բացելով թիկունքը: Թոքերի մասում՝ անմիջապես անութի մոտ իսկապես բավական մեծ սպի կար: Մարմնեղ, տարիքը՝ քառասուն, դերասանական ակնհայտ շնորհքով, երևակայությամբ օժտված… Նա փոքրերի աչքին պետք է որ հերոս երևար, քաջազուն այր: Իսկապես էլ սրտոտ տղամարդ էր:

-Վախ, վախ… Բա որ թոքին առներ:

Այս անգամ ձայնը մոտիկից լսվեց: Քիչ անց Գալուստը տեսավ նաև երեխաների արանքում սպին մեկ անգամ ևս շոշափելու համար կուչուձիգ անող Նուշո տատին:

-Այ մերս, ես տայգայում արջի միս եմ կերել: Օրենբուրգում ինձ մեծից փոքր գիտեն, Վլադիվոստոկից Մուրմանսկ ինչքան քաղաք, գյուղ կա, ոտի տակ եմ առել, դու ինչի՞ մասին ես խոսում: Լեռ եմ ես, լեռ քար եմ: Հլա ասա՝ Մասիս...

-Հորիցդ լավ չլինես: Անգամ գերեզմանին կարոտ մնացինք:

-Մա՜, -մռնչաց Մասիսը: -Խորեն տղա, հլա արաղ լցրու, -հրամայեց, -հետո դարձավ մորը՝ խոսքի տոնը մեղմած: -Այ մերս, դու էլ կարծում ես քեֆի համա՞ր եմ սիբիրներում ման գալիս: Փողն իմ աչքին՝ զրո, -ձայնը դարձյալ թնդաց, -ես Լևոն հորս եմ փնտրում, Լևոն հորս: Հորոխպեր, չնեղանաս: Քո մեծ ախպերը որ մեռած էլ լինի, պիտի գտնեմ: Հանեմ պիտի ոսկորները, բերեմ թաղեմ մեր Ղզրո ապուպապի կողքին: Թե երդումս չկատարեցի, իմ անունը Մասիս չէ, -նա ձեռքը զարկեց սեղանին, ճանկեց թափեթափ լցրած բաժակը:

Նրանց խմելու միջոցին դրսից ձայն եկավ:

-Գալեին են կանչում, -տեղից ելավ Ծովոն:

-Խորեն, տես ո՞վ է, -հանձնարարեց հայրը:

Սպասողական լռություն տիրեց. բոլորն այգու կողմը նայեցին: Գալուստը խառնվեց իրար. վատ լուր բերած չլինե՞ն: Մինչ աթոռները շարժելով տեղ կբացեին, ծառերի տակից դուրս լողաց Լեռնիկը:

-Առաջ արի, որդի, -կարգադրեց հայրը:

-Չէ, գնամ:

-Տեփանենց Հայկազի թոռն է, -ընկերոջն օգնության հասավ Խորենը:

-Աքսորից չեկած տղայի անունն է դրել վրան, -ասաց հայրը: -Ներս արի, հաց կեր: Տեղ բացեք:

-Սոված չեմ, -հազիվ լսելի արձագանքեց Լեռնիկը:

-Արաղ կխմե՞ս, -թթու կաղամբը կուլ տալով՝ խռպոտ հարցրեց Մասիսը:

Հոմերական ծիծաղ բարձրացավ:

-Չէ՞: Որ խմել չգիտես, ինչու՞ ես կռիվ անում, -նրա հոգու հետ խաղալու նպատակով խոսքը ձգեց Մասիսը:

-Ե՞րբ եմ կռիվ արել, -լուրջ զարմացավ Լեռնիկը:

-Բա երեսիդ քերծվածքնե՞րը:

-Ընկել եմ, - փոքր ինչ ուշացումով հնչեց պատասխանը:

-Էհ, տղամարդն էլ ընկնի՞, մանավանդ Հայկազի թոռը, -իբր, նեղսրտեց Մասիսը, հետո տղայի սիրտն առնելու համար արդեն ծիծաղկոտ շարունակեց: -Արի, արի կինոյի փող տամ:

-Ես գնամ:

-Սպասիր, հիմա Գալեն կգա: Ու՞ր են, չեն երևում: Արան էլ չկա, -հարցրեց Պարույրը: -Ծովինար, սեխերից մեկը չկտրե՞նք, քանի տղան հոս է:

-Ես չեմ ուտի, սոված չեմ, -կտրուկ հրաժարվեց Լեռնիկն ու կորավ ծառերի ստվերում: Խորենը գնաց ետքից:

Գալեն լսում էր ներքևում ընթացող խոսակցությունը՝ չհավատալով ականջներին: Ուղեղում չէր հիմնավորվում միտքը, թե Լեռնիկին բան չի պատահել: Կարծում էր, ընկերն ուր որ է կսկսի պատմել ցերեկվա միջադեպը, կնկարագրի իր ընկնելը, մահը: Կասի, որ օրենք չէ ուրախանալը, երբ այլք սգի մեջ են, երբ գյուղում հանգուցյալ կա, այն էլ՝ երեխա:

Լեռնիկի հեռանալուց հետո նոր ըմբռնեց, որ ողջ օրը զուր է տագնապել: Մի պահ որոշեց եկած ճանապարով ետ գնալով կտրել ընկերոջ դեմը, հետո հրաժարվեց մտքից. դժվար էր ասել, որ կողմը գնաց նա, համ էլ կարևորն արդեն Լեռնիկը չէր:

-Տնաշեններ, մեկնումեկդ օգնեք աղջկան, -դիտողություն արեց Նուշո տատը: -Փթանոցն էրեխեն իմա՞լ բերի:

Թորոսը ձեռքը գցելով՝ օգնեց, որպեսզի քույրը սեխը սեղանին դնի: Հիացմունքի բացականչություններ լսվեցին:

-Տվեք Մասիսը կտրի, -առաջարկեց հայրը:

-Մա, հլա սեղանն ազատի ափսեից-բանից:

Նուշո տատն ու Ծովոն սկսեցին հավաքել սեղանը:

-Հո չասինք խմիչքն էլ տարեք, -երբ հերթը շշերին հասավ, նոթերը կիտեց Մասիսը:

-Քա հերիք խմես, մոր ծծի կաթ չէ: Համզե, բան ասա, -դժգոհեց մայրը:

-Այսօր կարելի է, -եղբորորդուն պաշտպանեց Համազասպը:

-Տո, ասա, է, հորոխպեր: Կինարմատը ե՞րբ է հասկացել տղամարդուն, -շնչատ արձագանքեց Մասիսը՝ շարունակելով շերտերի բաժանել սեղանին տիրաբար պառկած երկարուկ, մոմագույն սեխը: -Հորեղբայր, առաջին ընտիր կտորը քեզ, սա՝ Պարույրիս...

-Ինձ չտաս, -հրաժարվեց Պարույրը:

-Ինչու՞, -զարմացավ Մասիսը:

-Մինչև կոկորդս կուշտ եմ: Խանակայի ջուրն անհամ բան էր, ես էլ միջոցը գտա. միայն սեխ էի ուտում:


    

-Պամիրից եկողը լավ ջուր է: Պարույր, Պամիրի հայերենը ո՞րն էր, մտահան եմ արել:

-Աշխարհի տանիք:

-Մեկ է, մեր ջրից լավը չի լինի, -դարձյալ հակառակվեց Մերուժը:

-Պահ, քո տունը շինվի, ձեր ջրից էլ ե՞րբ կա: Թե էդքան սիրում էիր, ինչու՞ փախար քաղաք:

-Մասիսը ճիշտ է: Իմ աշխատած տեղինն էլ համեղ ջուր էր՝ սառը: Իսկ վերջին ամիսը, որ ասում եմ, տարել էին Խանակա՝ բամբակ հավաքելու:

-Ինչքան հիշում եմ՝ Դուշամբեի մոտ է:

-Մասիս եղբայր, Միջին Ասիայում էլ ես եղե՞լ, -խանդավառվեց Տարոնը:

-Տեղ չկա, ոտքս կպած չլինի:

-Ուղտ նստե՞լ ես:

-Էդ մեկը՝ չէ, բայց տեսել եմ: Ախպորդ՝ Պարույրին հարցրու:

-Ես էլ նստած չկամ: Հիմա ուղտ չի մնացել, ինչպես Հայաստանում՝ գոմեշ:

-Սրա սերմը եթե մեզ մոտ ցանենք, դուրս կգա՞:

-Էս տեսակը, հորոխպեր, արև շատ է սիրում:

-Արարատյան դաշտից էլ շո՞գ:

-Մեկ Երևանը, մեկ՝ Արարատյան դաշտը, -քամահրական դեմք ընդունեց Պարույրը:

-Չէ, դու ճիշտն ասա՝ թաթարները միայն խոզի մսի համար էին հետևիցդ ընկե՞լ, թե կնկա հաշիվ կար, -հարցը շեղեց Մերուժը, հետո, հակառակորդին խուճապի մեջ գցելու մտադրությամբ՝ շարունակեց: -Ի՞նչ գյուղովի, ինչ բան. մեկ-երկուսն են եղել:

-Մերուժ տղա...-Մասիսը դադար առավ, սակայն, նեղվելով լռությունից, ոչ նախկին հաստատուն ձայնով, բայց ասաց, - հեքիաթ կա, հարյուր ճշմարտություն արժե, - ու ինքն իր վրա զայրացած՝ դանակի ծայրով սկսեց համաչափ հարվածել սեղանին:

Նրանք միմյանց նկատմամբ իսկապես չգիտակցված ատելություն էին տածում: Մասիսը՝ որովհետև Մերուժն ինստիտուտ էր ավարտել, նա՝ քանի որ հորեղբոր որդու լիաբուռն, թափառաշրջիկի կյանքով ապրած օրերն իրենը չէին:

-Արնքտեր, դեսը տուր, -տղայի ձեռքից դանակը վերցրեց մայրը:

-Երեխա չեք, -լրջացավ Համզեն: -Պարույր, բա սիրտդ ի՞նչ է ուզում: Ծովո, մածուն բեր, կարոտած կլինի:

Ծովինարը չշարժվեց:

-Աղջիկս, քեզ հետ եմ:

-Որ ասում ե՞մ, -Տարոնիկին խեթեց Ծովինարը: -Հայրո, էլի սերը վրայից թռցրել են: Փոշոտ մատները կոխում են մեջը...

-Բան չկա: Այդպես ավելի համով է, բեր, -ծիծաղեց Պարույրը:

-Չէ, մեր տանը լավ մածուն կա: Առավոտը կանուխ ե մերել, պաղած կլինի, -տեղից ելավ Նուշո տատը:

-Այ ջոջո, մի չարչարվի: Մթնով մեկ էլ տու՞ն հասնես:

-Թող բերի, -նկատեց Մասիսը:

-Ձագ, դու ու՞ր մնացիր: Գառս, գնա, գնա դու էլ կեր, -լսվեց Նուշո տատի ձայնը, -կպրծնի: Ծովո, էրեխեքին մի-մի բերան պահիր: էհ, լուսահոգի..., - մրմունջը մարեց հեռվում:

Գալուստն անհանգիստ ուղղվեց տեղում: Գլուխը երկար հակելուց ականջները ծանրացել, լսելի տնքում էին: Բերանից ջուրը կաթում էր: Նոր զգաց, որ ուշագնաց լինելու չափ սոված է: Պատշգամբի ծածկը միայն տախտակած էր՝ առանց հողի: Ավելցուկ ծիրանը, շլորն ու խնձորը չիր դառնալու համար այդտեղ էին փռում: Նա ձեռքը երկարեց, շոշափելով գտավ տեղը: Անզգույշ շարժումից չրերից մի քանիսը փայտերի արանքից ընկան ներքև:

-Վերևում մարդ կա, -ձայնեց Ծովոն, որ ավելի զգոն էր:

-Իջիր, իջիր, ի՞նչ կա ամաչելու, մեծ եղբայրդ է, -խոսքին փաղաքշանք հաղորդելով՝ հորդորեց հայրը. գիտեր որդիների բնավորությունը:

-Արա, Գալե, ո՞րդ եք:

-Արոն ինձ հետ է, -եղբոր թևից քաշելով՝ ծառերի ստվերից դուրս եկավ Խորենը: -Հայր, չի գալիս:

-Եկ, Արայիկ, որ իմանաս քեզ համար ինչ եմ բերե՜լ: Գալե, անուշս, դեհ, դու էլ ցած արի, -ընթացքում Պարույրը ելավ և, շրջանցելով աթոռները, մոտեցավ ձեղնահարկ տանող սանդուղքին:

Վերջապես Գալուստը տեսավ նրան: Լույսի տակ կանգնածն իրոք Պարույրն էր՝ իր ավագ եղբայր Պարույրը՝ ժպտուն, թիկնեղ, գեղեցիկ: Փայտյա աստիճաննեից չընկնելու համար տղան թափով մաքրեց արցունքից մշուշած աչքերն ու ցած գալով՝ կախվեց եղբոր պարանոցից:


    
    

ԽԱԿ ՊՏՈՒՂ

Խաղողի մի հենաձողի քաշը տասնութ կիլոգրամ է, Պարույրինը կլինի, երևի, քառասունհինգ, ամենաշատը՝ հիսուն: Հասակով ընկերն ավելի կարճ է, սակայն սնունդը տեղն է եղել՝ մկանուտ է, կարմրայտ, ձայնն ու պահվածքը՝ հանդարտ, ինքնավստահ: Նա օրվա պլանը՝ հարյուր ձող, միշտ տալիս-անցնում է, ինքը՝ չէ: Պիտի ջանա մինչև ընդմիջում գոնե յոթանասունը կլորել, այլապես հետո կդժվարանա, որովհետև, գիտի՝ կգա պահ, երբ արևը կնեղի, հոգնությունն զգացնել կտա, ծնկները կսկսեն երերալ, կամքը կթուլանա, ու ամեն անգամվա պես գլուխ կբարձրացնի տուն փախչելու ցանկությունը: Իսկ տուն ասածը քսան կիլոմետր այն կողմ է՝ մշուշոտ լեռան գոգավորություններից մեկում, ուղիղ գծով՝ այգիներով, ամեն քայլափոխի հանդիպող լարափակոցները, ջրանցքները կտրելու, կուտակ-կուտակ քարաբլուրները, մացառուտները չշրջանցելով գնալու դեպքում անգամ, չորս-հինգ ժամվա ճանապարհ:

Այնտեղ հիմա խաղաղ-խաղաղ է, կով ու ոչխար գնացել են, օճորքներից ծուխ է ելնում, սառնություն կա օդում, որը գյուղամեջ դուրս եկող ծերունիներին ստիպում է փողոցի արևերես կողմով քայլել, երեխաների՝ Սլլան քարում լողանալու ցանկությունն է զսպում, մեղուներին պահում փեթակում: Քիչ անց հայրը կելնի, թեթևակի ետ կտա արկանոցներն ու, բաճկոնն ուսերին, կգնա-կգա բակի անստվեր հատվածում, հորեղբոր կինը՝ Պրաքսին, թարմ, նոր եռացրած կաթ խմելու առաջարկ կանի՝ գիտենալով հանդերձ, որ մերժում կստանա, պատկից հարևանուհին՝ Ազգուշը, բարի լույս կտա և, իր իսկ արարքից ամաչելով, շփոթահար կսկսի անեծքների տարափը կարտոֆիլի մարգերը չմտած հավերի հասցեին: Օրը քիչ-քիչ կջերմանա, պատշգամբը, բանջարանոցն ու այգին կլցվեն մեղուների բզզյունով, եղբայրները հացի մեջ ցողը վրան կանաչ սոխ, կոտեմ՝ կվազեն Նախիր-գնա, Անուշ տատը ջրի շատը թափթփելով տուն կդառնա աղբյուրից, ու էլի բաներ, դարձյալ բաներ, որոնցով սիրուն, խորոտ է Աստծո առավոտը:

Հենասյուները տանելու երկու եղանակ կա: Առաջինը հասարակ է. երկու ձեռքով կտրելով գետնից՝ թեթևակի հպում է փորին, կողքանց գնում: Մյուսը չափուկ շարժումներ է պարտադրում: Դեռ հեռվից՝ նախքան կիտուկին հասնելն ընտրում է հարկավոր սյունը, հարթ ուղղությամբ հենում կրծքին՝ աստիճանաբար տեղաշարժելով վեր, այն հաշվով, որ պոչուկը փոքր-ինչ կախ ընկնի ու այդ կերպ ուսած՝ անկտիի պես տանում: Տեղ հասնելով՝ բետոնաձողի գլուխը կախում է փոսը, զգուշորեն դուրս գալիս տակից: Կրկնակի շարժում չկատարելու համար նախօրոք՝ մինչև ուսելը որոշում է հողում թաղվելիք ծայրը, այլապես կեռիկները երկինք չեն նայի, ու հետագայում մետաղալարը ծանության տակ կսահի ցած: Նրան այդ մասին ոչ ոք չի զգուշացրել, բայց լարից ընկած վազեր շատ է տեսել, գիտի՝ հենասյուներն ամրացնողները դրան կարևորություն չեն տալիս՝ տնկելով ինչպես պատահի: Ավիկն էլ, օրինակ, փոխադրում է ըստ հարմարության․ տեղ հասցնելով՝ շրմփացնում է հողին, ինչի պատճառով, պատահում է, սյունը ճաք է տալիս, թույլ տեղից կես լինում, որովհետև կաղապարողներն էլ իրենց հերթին ցեմենտն են պակաս արել: Ջարդվածը հետո այգուց հանողն ո՞վ է, երբ ստիպող, ստուգող չկա, խիղճ ասածն էլ ներսից չէ:

Այս էլ քանի՜ շաբաթ Պարույրի օրն այդպես է անցնում: Ուսում է, հասնում այգու ծայրը, ետ գալիս: Ուրիշ օրեր գործն սկսելուց մի ժամ անց տարբերությունը հասած է լինում տասը-տասներկուսի, բայց այս առավոտ… Ավիկը հերսոտել, բացատրություն չի գտնում, մինչդեռ ինքը պատճառը գիտի:

Քիչ այն կողմ մեծերը փոս են փորում, ձեռքերը ռիթմիկ ելնում-իջնում են, լսելի է բահի ճանկռոցը քարի առնելիս: Ուշադիր լինելու դեպքում ձայնից կարելի է տարբերել՝ սալը շարժվո՞ղ է, թե մարդը զուր տեղը չարչարվում է ու շեղբը ծռելուց, բթացնելուց հետո է մտաբերելու կողքին ընկած լինգի գոյությունը:

Խաղողի առանձին տեսակներ քաղցրացել, ուտվում են: Դարձյալ մի շաբաթ, և Փոքր Մասսի կատարին ձյուն չի մնա, ու կսկսվի վաղահաս քիշմիշի քաղը: Բերքատու այգիներում ջրվորներից բացի ոչ ոք չկա: Կանանց հանել են, որպեսզի պարապ չմնան, բերել երկտարեկան այգին, որը մի առու հեռու է: Նրանք առաջին շարքը քաղհանելով եկել, դեմ են առել ջրին, հիմա շուրջանակի նստած շունչ են առնում: Պարույրն ուսի պլոկված մաշկի ցավը մոռացած՝ սյուն-սյան ետքից տանում է: Ծանրություն չի զգում, ուսինը ոչ թե բետոնե հենակ է՝ կոպիտ, սուր-սուր անկյուններով, այլ թեթև մի բան: Աղջիկների կողմը չի նայում, մինչիսկ տեղյակ չէ՝ նկատե՞լ են իրեն: Չհանի՞ վերնաշապիկը, չորս տակ ծալած դնի ուսին. համ հարած տեղը չի ցավի, համ ել, ամենագլխավորը, կտեսնեն արևառ մարմինը: Քաղենցի Սողոյի մաշկը, հրեն, փայլթփում է շեղությամբ խփող շողերի տակ. մկանների ի՜նչ խաղ է: Այ թե ինքը ևս կարենար լցվել:

Ուտելու մասին միտքը նրա տրամադրությունը գցեց: Լրագրում փաթաթածն ընդամենը մի մեծ կտոր հաց է: Խմորոտ մասը դեն տանելուց հետո մեջն աղած կարագի համեմատաբար մաքուր կտոր է դրել ու միջուկով վերստին գոցել: Տանն այլ հարմար բան չկար՝ ոչ պանիր, ոչ ձու: Քույրը մածուն առաջարկեց, սակայն բերողն ո՞վ էր, հավե՞ս կար աման վերցնելու: Մենակ թե համատեղ հացի չնստեն, բոլորի ներկայությամբ խայտառակ կլինի: Առանց այդ էլ Ավիկի մոտ միշտ ամոթով է մնում: Միասին են ընդմիջում անում: Նա լիքը տոպրակն է մեջտեղ հանում, ինքը… Գոնե լավաշ լիներ: Միակ ելքը ընդմիջման ժամին լողալու պատրվակով ջրանցք գնալն է:

Կանայք ոտքի ելել, մի-մի շարք բռնած հետ են գնում: Պարույրը դադար է տալիս, նայում թիկունքներին: Ցողիկը ծայրից երկրորդն է: Համեմատաբար մաքուր շարք է բաժին ընկել: Հողը կավային է, իշխողը դառնափուշն ու օշինդրն են, որտեղ ջուր շատ է դիպել՝ խոզանուկը, արվանտակն ու պատատուկը, անանուն այլ բույսեր: Անհույս, անիմաստ կռիվ է: Բրիչը երեսանց կտրում է արմատը, իսկ դրանք երկու-երեք օր անց վերստին գլուխ են բարձրացնում, աճում առավել թափով, կատաղի: Ցողոն կավի կարծր գուղձի հետ երկար ճակատ է տալիս, ի վերջո երկու կես անում, պոչուկով փշուրների վերածելուց հետո առաջանում: Հագինը կապտավուն պտավոր խալաթ է, գլխին՝ նույն ամառային լայնեզր գլխարկը, առանց որի առաջին իսկ օրը չէր տարբերվի, առանձնանա մյուսներից:

Պարույրը նրա հետ բառ, նախադասություն չի փոխանակել, նույնիսկ հայացքն աչքերի մեջ թաղած չկա, բարև չի տալիս: Եվ ջանք չի թափում ծանոթանալու: Անորոշության մեջ սպասում է հարմար առիթի, ինչը չի գալիս: Իսկ արձակուրդներին քիչ է մնացել՝ երկու շաբաթից պակաս:

Գրավվե՞լ: Գիտի միայն, որ կամավոր տաժանակրության եկավ մասամբ աղջկա պատճառով: Ամառ էր, արձակուրդ: Եղբայրների, ընկերների հետ իր համար օր էր սպանում. աշխատանքի ուղարկող, պարտադրող չկար: Ամեն բան ինքնաբերաբար ստացվեց: Կովը վաղ էր նախիր տարել: Վերադարձին տեսավ Ավոյենց դարպասի մոտ կանգնած բեռնատարը: Թափքում նստածներից ոչ բոլորին էր ճանաչում: Ձորի թաղից էին: Լսել էր, որ ներքևի ավանից ամեն առավոտ մեքենա է գալիս մարդկանց տանելու. այգեգործական տնտեսությունն աշխատող ձեռքի պակաս ուներ: Եթե Ավիկի հայրը գերանդին մոռացած չլիեր, ավտոն նրանց թաղը չէր մտնի, ու նա բեռնատարի ետնակողին նստած համադասարանցու տղայական պահվածքից գայթակղված՝ ամենավերջին պահին չէր ելնի թափքը: Ասֆալտապատ ճանապարհ դուրս գալուց հետո մեքենան արագություն հավաքեց, ու այլևս զուր էր իջնելու մասին մտածելը: Իր հերթին Ավոն համոզել էր, խելքն առել ուրիշ, անծանոթ վայր տեսնելու, ջրանցքն ի վար լողալու հեռանկարով: Նստածներն էլ չհարցրին՝ ու՞ր է գալիս: Ճամփին մեքենան միայն մի տեղ կանգնեց՝ Քաղենիում: Թափքի ազատ տախտակները նոր մարդիկ բռնեցին, նրանց հետ և Ցողիկը, այլ աղջիկներ: Գլխարկի, թե՞ ճերմակ մաշկի պատճառով նրանից գրքերում կարդացած, կինոներում տեսած անձկալի աշխարհի շունչ էր գալիս: Պարույրն ակամա ձգվեց: Աղջիկների համար, պիտի կարծել, տղայի ներկայությունը ևս անակնկալ էր, որովհետև սկսեցին քչփչալ, գողտուկ հայացքներ գցել: Ծանոթացնող չեղավ, գեղջկական ամոթխածությունը խանգարեց, ու ժամանակի ընթացքում առավել բարդացավ խոսք տալ-առնելը:

Օրը կիսվում էր, իսկ ջրի ավտոն չկար: Տղամարդկանցից ոմանք սկսեցին դժգոհել, քրթմնջալ: Բրիգադավարը, որ անցյալ տարվա կիսավեր պահակետն էր կարգի բերում, առաջարկեց երեխաներից մեկնումեկին ճամփել հարևան բրիգադի հոլիկը:

-Դու գնա, Պարույրին առաջարկեց Ավոն, -ինձնից շատ ես տարել. հիսունս չի լրացել, -ընկերոջ ձայնում պարտադրող, ստիպողական շեշտ կար, բայց ոչ այն աստիճան վիրավորական, որպեսզի կռիվ սարքեր, ընդդիմանար:

Դաշտամիջյան փոշոտ ճամփի փոխարեն Պարույրը գերադասեց գնալ այգիների միջով: Նոր էր առուն անցել, երբ կանանց օղակավարուհին ձայնեց Ցողոյին, որը շարքը պրծնելուց հետո վերջին վազի մոտ շրջվել, սպասում էր մյուսներին:

-Միջներիս թեթևն ես, հետը գնա:

Հասնելով նրանց՝ Պարույրը ոտքը կախ գցեց: Ցողիկը ճյուղատ ուռենու տակ կիտած հագուստն էր խառնշտում:

-Ծառի վրա է, ծառի:

Հուշելը չօգնեց: Նա պտտվում էր ուռենու շուրջը, մտնում տակը, ելնում, մինչդեռ ջրամանը՝ բավական մեծ, գլխի վերևում էր, ճյուղն ի կախ:

-Քա վույ, -զարմացավ մի կին:

Շատերն էին հիմա ուղղել թիկունքները: Ծիծաղում էին, կար որ ջղայնացել էր, նեղսրտել: Մերուժը պոկվեց տեղից, բայց նույն պահին Ցողիկը տեսավ ալյումինե տարողությունը՝ քրքջալով ցած բերեց:

-Այգու միջով գնանք, -հասնելով՝ առաջարկեց տղան, հետո, որպեսզի աղջիկը չխրտնի, իբրև բացատրություն հավելեց: -Ավելի կարճ է, -ու Ցողիկին թողեց առաջ:

Գնում էին տարբեր շարքերով, բաժանողը վազերի հոծ պատն էր, սյունից սյուն ձգվող մետաղալարը: Ավելի մոտ չէր էլ ցանկանա գտնվել. գետնատարած ճյուղերը տեղ-տեղ փակում էին ճամփան, ու քով-քովի քայլելու հնար չկար, իսկ հետևից գնալը, որքան էլ անփորձ, գիտեր՝ հաճելի չէ և ոչ իսկ բարեկիրթ: Լռում էին ու, որքան հեռանում մարդկանցից, խոսելն այնքան բարդ էր դառնում:

-Լեզուներս չորացավ, չուշանաք, -կերկեր կանչեցին:

Ով էր, չիմացվեց, սակայն դա բավական էր, որպեսզի կարողանան մեկմկեկու նայել: Երկուսն էլ ժպտացին, հետո վախվորած՝ փախցրին հայացքները:

Վազերի միջակա շերտը նեղիրան տրակտորով վարել էին, ու դյուրին չէր անսայթաք քայլելը, ինչը մասամբ արդարացնում էր ետուառաջ ընկնելը, րոպեն մեկ մետաղալարից, հենասյուներից տեղի-անտեղի բռնվելը, կակուղ ընձյուղներն անիմաստ քաշքշելը:

Այգու այդ հատվածը ավարտվեց, ու գրեթե անմիջապես սկսվեց մյուսը: Սա պակաս փարթամ էր, և քաղհանը ձեռքով էր արված: Մնում էին խոտի, փշի խրձերը, որոնք ինչ-որ մեկը խնամքով խմբել էր՝ տուն տանելու ակնհայտ մտադարանքով: «Ամռան փուշ, ձմռան անուշ», -հիշեց Պարույրն ու մտաժապավենին տեսավ հարևանուհուն՝ Անուշ տատին, խաչքարերից գլդոր-մլդոր տուն դառնալիս՝ թևի տակ մի փունջ խոտ, որ կալ տանող ճամփին էր նկատել:

Որթատունկերի շարքերին նայելով կարելի էր գուշակել, թե քաղհանողներից ով՝ ինչ բնավորություն ունի: Մարդ կար՝ վրավազուկ էր արել, կար որ, չգոհանալով քաղհանով, մանրակրկիտ փխրեցրել էր հողը, երրորդը բավարարավել վազերի բուկը թուլացնելով:

-Քոնը ո՞ր շարքն է:

Ցողիկը հարցը չըմռնեց, ու տղան իր ասածից դժգոհ՝ այս անգամ փոքր-ինչ անբնական կրկնեց.

-Ասում եմ՝ ո՞ր շարքն ես դու քաղհանել:

Հարցն առավել հիմար թվաց, մանավանդ աղջկա պատասխանը չոր էր, չտրամադրող:

-Ի՞նչ իմանամ:

-Տարածս բոլոր սյուները ճանաչում եմ, -պարծեցավ:

Բայց դա Պարույրը չէր ու ոչ նրա սրտին-մտքինը, այլ շաղված ուղեղով մյուս պատանին, որն իրար էր անցել, կորցրել գլուխը՝ օրիորդի մերձությունից, կրծքավանդակի ներսում եղողի խփոցից:

-Սա, օրինակ, իմ բերածն է, սա էլ, այս մեկն էլ…

Շարքն ավարտվեց, վերջին ձողը մեջտեղից ճաք ուներ, ու միայն բետոնի երկայնքով անցնող ամրանների շնորհիվ էր կանգուն:

-Բա դա՞, -Ցողիկի աչքերում հազիվ նկատելի ցոլքեր կային:

Հումոր ունենալու դեպքում Պարույրը կծիծաղեր, սակայն դժվար կյանքն իրենն արել էր:

-Լարը շատ են ձգել, -ասաց, -համ էլ միջի ցեմենտն է քիչ, թույլ:

Մտան վերջին՝ երրորդ այգին, որից այն կողմ բանավանից եկող ճանապարհն էր, զուգահեռ՝ Մայր առուն, այնուհետ սկսվում էին մյուս բրիգադի հողերը:

-Խաղող ուտե՞նք, -Պարույրը հետ տարավ վազը: -Չէ, սա հասած չէ, -նա անցավ հաջորդ թփին:

-Բիգադիրը կտեսնի, գործ չունես:

Տղան շրջվեց: Բանվորներ չկային, տեսադաշտում պահակակետի ցից գերաններից և դիմացը ծավալվող կանաչ զանգվածից զատ ոչինչ չկար: Պարույրը դույլը մեկնեց Ցողիկին, սկսեց բացել վազերը:

-Տես, ինչ ճթեր են:

Այգին թմբավոր եղանակով էր, և, մինչև չբարձրացնեիր ճյուղը, տակը չնայեիր, ողկույզ չէր երևա: Փարթամորեն աճած որթատունկի տակ, բնի մերձակա հատվածում տերևներ գրեթե չկային, խաղող էր ու խաղող՝ կծիկ-կծիկ: Թեև տակից խչմար էին տվել, սակայն առանձին ճթեր էլի պառկած էին հողին, որոշ մասի վրա ջրի ներծծվելուց հետո մնում էր կավաշերտը:

-Ափսոս, չի հասել, -Պարույրը մի հատիկ բերանը տարավ և նույն պահին գցեց: -Նոր-նոր փափկում է:

Հաջորդ վազը սև խաղող էր՝ գույնը կիսով չափ փոխած, ջրալի թանաք հիշեցնող:

-Ուտել կլինի, - պոկելով ամենահասուն ողկույզը՝ մեկնեց Ցողիկին:

-Հո շատ թթու չէ՞:

-Եթե մկները կերել են, մեզ ևս կարելի է:

Ցողիկը, որ ճութը շրթունքներին էր մոտեցրել, ետ տարավ.

-Ճի՞շտ ես ասում:

Պոչի մի քանի հատիկ իսկապես կրծած էր, կար՝ լրիվ, կար՝ կեսը:

-Հանաքի չես դիմանում: Ոզնիների արածն է, -տեղնուտեղը հորինեց: -Ինձ նման արա, տես, -նա կիսակեր ողկույզի վնասված հատիկը նետեց, մնացածը բերանը տարավ:

Ճերմակավուն քարերի թիկունքում երևաց հոլիկը, ու նրանք արագ քայլքի անցան: Որքան էլ ջանում էին զգույշ փոխել ոտքերը, փոշու ցայտերը լցվում էին ոտնամաններից ներս, վեր ելնելով՝ դժվարացնում շնչելը: Գուռը հյուսիս նայող պատի տակ էր: Սեղանի տեղ ծառայող սալքարը բոլորած մարդիկ շրջվել, նրանց էին նայում:

-Ցիստեռնը չի երեևացել, -երբ մոտեցան, ասաց մեկն ու հրավիրեց հացի:

Սալին, լրագրերի վրա անկանոն կիտած լավաշ կար, բոքոն, մի քանի տեղ՝ պանիր, կլպած ձու ու շատ-շատ լոլիկ:

-Չէ, անոթի չենք, - հրաժարվեց Պարույրը, թեև զովանալու համար կուզենար պոմիդորներից մեկն ատամով ծակելով **** հյութը:

Ցողիկն իրեն հեռու էր պահում, նույնիսկ հյուղի կարճոտ ստվերի տակ չմտավ:

-Գոնե խմելու…-նա ընթացքում մոտենալով ՝ քարե խուփի բացվածքից նայեց:

Գուռն իսկապես դատարկ էր, անգամ պատերը խոնավ չէին: Աչքով ընկավ անկյունում կուչ եկած փոքրիկ սարդը. տնավորվում էր:

-Մի-մի պոմիդոր վերցրեք, ծարավներդ կկոտրի, -առաջարկեցին նստածները:

Պարույրը նայեց Ցողիկին: Վերջինս տարուբերելով գլուխը՝ շրջվեց: Տղան ևս, չկարողանալով կողմնորոշվել, հետևեց աղջկան՝ մոռանալով մինչևիսկ շնորհակալություն հայտնել:

-Արմենակի բրիգադից են, -հասավ ականջին, -Քաղենիից:

Նույն փոշեպատ ճանապարհն էր, ճամփեզրին՝ նույն փոշեթաթախ ուղտափշերը, հրաշքով դիմացող փշատենիները: Ճառագայթները վերևից էին շամփրում, սաստիկ տոթ էր, շիկացած քարերից, կավահողից ելնող շոգին ծորում էր օդում՝ նախքան տարալուծվելը: Արև՞ն էր մեղավոր, հեղձու՞կը՝ մտածել չէր լինում: Թմրություն կար, որ այգիների կանաչ պարագծից դուրս ամենուր էր:

-Շա՞տ ես ծարավ, -հոգածու հարցրեց Պարույրը:

Ցողիկը նազանքով թեքեց պարանոցը, ու տղան մտքում թարգմանեց՝ ի՞նչ արած, պիտի դիմանալ:

-Դու՞, -անհանգստություն կար և աղջկա պահվածքում: -Գլխարկ էլ չես դնում:

-Ի՞նչն է շատ՝ խաղողը: Հրես, հասնում ենք:

-Ես էլ չեմ ուտելու, ատամներս առնվել են:

-Էս էլ իմ փափախը, -տղան դույլը կործեց գլխին, սակայն այդ կերպ թե խեղդող էր և թե քայլելն էր դժվար:

Անվավոր տրակտոր էր գալիս, ու նրանք դուրս եկան ճանապարհից: Խոտերին նստած փոշին մինչև ծնկներն օծեց նրանց: Պարույրը թափ տալուց հետո քշտեց տաբատի փողքերը:

-Հինգ րոպե կսպասե՞ս, ուզում եմ լողանալ, - և աղջկան մտածելու ժամանակ չտալով՝ արձակեց վերնաշապկի կոճակները:

-Մեզ սպասում են, -թույլ առարկեց օրիորդը:

-Սպասեն-չսպասեն, մեկ է, ջուր չկա:

Պատասխանը համոզիչ էր, և աղջիկը հետևեց նրան:

Ցողիկի կողքին լինելու գիտակցությունից, լողալու մոտալուտ հաճույքը վայելելու մտքից եռանդ էր իջել վրան. ցատկում էր քարեքար, փոսերը շրջանցելու փոխարեն թռչում վրայով: Աղջիկը, հակառակ, խեղճացել էր. կաշկանդողը խառնակ զգացումներն էին, անվանարկվելու վախը, բնածին ամոթխածությունն ու զգուշավորությթունը, որ գլուխ էին բարձրացրել:

Փշերը, խանդակները, մայր առվի կառուցումից մնացած քարակույտերը հաղթահարելը, երևի, մեկ-երկու րոպե տևեց: Պարույրն ընթացքում հանեց վերնաշապիկը, արձակեց գոտին, կոշկաքուղերը:

-Դու այստեղ մնա, իսկ ես վերևից լողալով կգամ: Հենց ինձ տեսար, գոտիս կկախես ջուրը, -տղան ծայրը թեքությամբ իջնող պատով սահեցրեց ցած, -այ, այսպես:

-Կկարողանա՞մ:

-Էնքան, որ բռնվեմ:

Պարույրը ջրանցքի եզրով գնաց վեր: Առաջին պահ տհաճ էր անհարթ, ծակծկող բետոնի վրայով բոբիկ քայլելը, սակայն շուտով ընտելացավ:

Առժամանակ գնալուց հետո շրջվեց: Աղջիկը կռացել, ոտքի տեղն էր ամրացնում: Գոտին կախել էր ջուրը:

-Մի վռազի, վաղ է: Դույլը կործիր, նստիր վրան:

Արևն ուսերն այրում էր, ճողփյուն չկար: Թե լողացող փայտի կտորտանքները չլինեին, կթվար ջուրը կանգնած է: Ժամանակ առ ժամանակ մոխրագույն մորեխներ էին աննպատակ ցատկով կտրում ճանապարհը՝ անհետանալով աղբակոտեմի գանգուրներում, քարերի մեջ: Ջրանցքի պռնկին առատորեն աճած կաղշնակի ցից-ցից փնջերը բաց սրունքներով շրջանցել հնարավոր չէր, և պատանին դադար առավ: Ցողիկը չէր երևում:

Ջուրը պղտոր էր, տիղմաշատ: Զգուշանում էր մազերը թրջելուց. հետո սանրը չէր մտնի: Ոտքերը հատակին հազիվ էին հասնում, սակայն, միևնույն է, ջանում էր որքան հնարավոր է երեսանց լողալ. Գգտեր, տակը քար, ծառի կոճղեր կարող էին լինել, ու խփվելով քերծվածքներ կստանար:

-Գալի՜ս եմ, -աղջկան տեսնելով՝ հեռվից գոչեց, հետո զգուշություն-բան թողած՝ անցավ թևալողի, ապա սուզվեց ու երկար չէր ելնում: Ցողիկը շփոթահար՝ ծնկած հետևում էր հեռացող տղային:

-Ինձնից առաջ ընկիր, նույն ձևով կկախես, -կարգադրեց:

Աղջիկը թեթևաքայլ վազեց, սակայն մինչ կգցեր գոտին, տղան հավասարվեց, ու միայն մատների ծայրերն առան ճարմանդին:

-Մի շտապիր, առաջ գնա, -Պարույրը փորձեց ընթացքում կանգնել, թեև գրեթե վստահ էր՝ չի կարողանա:

Այդպես էլ կար. ջուրն ալիք տվեց կրծքի մոտ, ոտքերը կտրվեցին հատակից ու հոսանքից տարվելով՝ նա վերստին շուռ եկավ: Աղջիկը պատրաստ՝ իրեն էր սպասում: Լողալով՝ հետզհետե մոտեցավ ջրանցքի պատին, մարմինը թեթևակի հանելով ջրից՝ ճարպիկ ցատկով կախվեց գոտուց: Կատարվեց, սակայն, անսպասելին, չնախատեսվածը. գոտու ծայրը դուրս

կախվեց գոտուց: Կատարվեց, սակայն, անսպասելին, չնախատեսվածը. գոտու ծայրը դուրս պրծավ Ցողիկի ձեռքից, և Պարույրն ընկմվեց ջուրը: Ծունկը թեթևակի դիպավ շեղությամբ իջնող պատին, այդուհանդերձ գոտին չթողեց: Շունչ քաշելուց հետո ետ տարավ աչքերին իջած մազափունջը, ժպտաց աղջկան:

-Հակառակ ծայրից պիտի բռնեիր՝ պինդ:

Ցողիկը մեղավոր կախեց գլուխը:

-Հետ մի մնա, հրես գցում եմ:

Շպրտելու պահին էլ զգաց, որ սխալ թույլ տվեց. հանգույց անելուց հետո նետելու փոխարեն գոտին ընդամենն իրար վրա բերեց ու դեռ օդում այն բացվեց և, ընկնելով թեք բետոնին, սլլաց ջուրը: Ծայրն առպահ մնաց ջրից դուրս, սակայն մինչ կհասներ, ճարմանդի ծանրության տակ սուզվեց: Պարույրը նայեց Ցողիկին, ժպտաց, բայց դա այն ժպիտը չէր:

Այս մի ամսում քսան, երևի ավելի անգամ մտել էր Մայր առուն, ինքն էր գոտիով քաշել Ավիկին, սակայն նման բան չէր պատահել: Եթե պռնկեպռունկ ջուր լիներ, ձեռքերը հասնեին գոնե եզրին, գոտու կարիք ընդհանրապես չէր զգացվի:

-Տես ծառի ճյուղ, փայտի կտոր… Մի բան գտիր, -Պարույրն աչքը գցեց շուրջը, բայց ներքևից առանձնապես բան չէր երևում:

Աղջիկը շարունակում էր քայլել ջրանցքի պռնկով՝ չկամենալով մենակ թողնել տղային:

-Դուրս արի ճանապարհը: Եթե գտնես, վազ տուր կամրջի մյուս երեսը: Շորերը, ամանները, ոչինչ, թող մնան: Հետո հետ կգնանք:

Խշրտոցը, ոտնաձայները մարեցին, և նա մենակ մնաց: Հոգնություն չէր զգում, բայց թե լողալն էլ արդեն հաճելի չէր: Թեթև վախ, անհանգստություն էր իջել վրան, որն աղջկա գնալուց հետո սաստկացավ: Հիմա գլխում պտտվողը հիմար մտքեր էին. հանկարծ ու բան պատահի, աղջիկը կորցնի իրեն, մոռանա, լքի: Որքա՞ն կդիմանա, կկարողանա՞ միայնակ դուրս պրծնել յուրատեսակ բանտից, որի պատերը թեև ոչ բարձր, գնալով դառնում են ճնշող, ավելի ու ավելի ճնշող, սահմռկեցուցիչ:

Առաջինն աչքերը հոգնեցին: Հայացքի առջև անընդհատ նույն պատկերն էր՝ ջրի անծայր ժապավեն, ցեմենտակուռ պատեր… Վերջապես, ահա և կամուրջը: Մի փոքր ցածր լիներ՝ գոնե մի մետր՝ կախվելով դուրս կգար: Բայց, ոչինչ, Ցողիկն այնտեղ է, հրեն, կռացել նայում է:

-Եկա՜…

Ձայն արձագանքվեց, ու լույսի պակասից, աղմուկին հաջորդած լռությունից փշաքաղ՝ նա ակամա մտաբերեց գյուղի լողատեղին՝ Դևնոցը. երեք կողմից ուղղաձիգ ժայռեր, գարնանային հեղեղներից բնական սանդում մնացած, նույնիսկ օգոստոսին չգոլորշացող, կտրելու աստիճան պաղ ջուր և արձագանք՝ մանկան ճիչերի, թևաբախյուն՝ տատրակների:

Աղջկա ձեռքինը կաղշնակի չորացած կոթուն էր, որը հազիվ թե դիմանար: Այդպես էլ եղավ՝ ամբողջ ծանրությամբ չէր էլ կախվել, երբ այն փշրվեց:

-Բան չեմ գտնում, -մեղավոր խոստովանեց Ցողիկը:

Պարույրը փորձեց ինքնուրույն գլխի ճարը տեսնել: Բետոնի եզրաքարերը նույն ողորկությունը չունեին: Նա մատների ծայրով կառչեց խորդուբորդերից: Թե ջուրը կանգնած լիներ, սողեսող, մի կերպ կառաջանար, մինչև ձեռքը հասներ պռնկին, աղջիկը կարողանար օգնել, սակայն հոսանքը նույն պահին ջրում մնացած մարմինը քշելով՝ ներքևի կողմից դեմ արեց մամռակալած, լպրծուն պատին: Ոտքերով ուժ տալ հնարավոր չէր:

-Ձեռքդ, ձեռքդ կարո՞ղ ես հասցնել, -աղջիկը պառկել հողերին, թևը երկարել էր:

Տղան գիտեր՝ անհնար է. բավական է մատները մի վայրկյան թողնի, ջուրը կքշի:

-Զգույշ, դու էլ չընկնես, -նա վերստին լողաց հոսանքն ի վար:

Այդպես ավելի հանգիստ էր, գոնե մկանունքի լարում չկար:

-Պիտի շալվարս հետդ վերցրած լինեիր, տոտը կարելի էր կախել:

-Վազե՞մ, -աղջկա դեմքին տագնապ կար, որն այլևս չէր սքողում:

-Չէ, շատ է հեռու: Տես, մարդ-մուրդ չկա՞:

Աղջկա տագնապը փոխարկվեց սարսափի: Նոր-նոր հասկանում էր, որ առանց դրսի օգնության տղան ելնել ի վիճակի չէ, և ուժերն անսպառ չեն, ու նա շուտով տեղի կտա:

-Իմը կհանեմ, -վճռական ասաց:

-Չէ, -տղան առաջ էր ընկել, ու խոսքը գոռոցի պես հնչեց, մի տեսակ՝ աղեխարշ:

-Հանվելու եմ, մեկ է, -աղջիկն արձակեց խալաթի առաջին կոճակը:

Ստինքները մի վայրկյանի չափ դուրս պրծան հագուստի տակից, հետո վերստին թաքնվեցին: Անիրական լինելու չափ ճերմակ էին, և լույսն ասես ներսից լիներ, միջից:

Նա վազում էր, ընթացքի հետ քանդում կոճակները: Պարույրն ուզում էր լաց լինել, կամենում էր տրվել հոսանքին, հայացքը երկնքին՝ գնալ /թևերին հանգիստ տալու համար անցել էր մեջքալողի/, թող լուռ լիներ շուրջը, ինքը մենակ՝ իր մտքերի, սիրո, երազի հետ…

-Հե՜յ հե՜յ…

Անակնկալի գալով՝ նա գլուխկոնծի տվեց ջրում, շրջվեց փորի: Հիսուն-հարյուր մետր ներքևում մեկը բահի պոչը կախել, իրեն էր սպասում: Ցողիկը, կոպերի տակ արցունք ծրարած, նույն տենդով հիմա կոճկում էր խալաթը:

-Հիմա, քիչ էլ, հիմա…

Աղջկա շշունջը հասնում էր տղային, ուժ տալիս: Նույնն էր, թե թևերի տակ նեցուկ դնեին: Մոտիկ գտնվեին, կերկարեր ձեռքը, կշոյեր վարսերը, կգուրգուրեր, կառներ թևի տակ:

-Ցողո՜…-մնացածը մտքում ասաց:

Մինչ մարդը ութ-տասը մետր էր մնում: Պարույրը փոխադրվեց ջրանցքի ձախակողմը, ու երբ տարածությունը կարճվեց, կախ ընկավ բահի կոթից և, գրեթե չհպվելով մամռած պատին, մանրաքայլ ելավ: Ամեն ինչ հեշտ ստացվեց. հոսքի ուժը մի կողմից, բահվորինը՝ մյուս, նրան վեր թռցրին: Փորձեց առույգ ներկայանալ, բայց երբ մարդը ձեռքը թողեց, երերաց, չընկնելու համար նստեց, ավելի ճիշտ, փլվեց ջրանցքի եզրին: Շունչը տեղը չէր գալիս: Ջուրն այտերն ի վար ծորում, բերանի անկյուններից լցվում էր ներս:

-Փորձանքի էիր գալու: Ես էի ու գլուխս չբարձացնեի, չտեսնեի վազող աղջկան: Քույր ու ախպե՞ր եք, -հարցը Ցողիկին էր ուղղված:

-Հա, -կանխեց Պարույրը:

Աղջիկը ևս գլխով հաստատեց, ապա անսպասելիորեն հեծկլտաց՝ ազատություն տալով արտասուքներին: Պարույրը խռովքի մեջ ելավ, մղվեց նրա կողմը:

-Ծիրանի այգուց դենը շլյուզներն են: Սարն իջնող տրուբեքից երկուսի բերանին ցանց է քաշած, բայց ջուրը, մեկ է, տակը կկոխեր: Էդ տեղին Պտտան ենք ասում: Որտեղի՞ց ես մտել:

-Պողոսենց հոլիկից:

-Կիլոմետրից շատ քշվել ես: Էս տեղերը վտանգավոր են: Չզգացի՞ր հոսքն ինչքան ուժեղ է:

Պարույրը նոր նկատեց ջրի պարան-պարան ալիքվելը, ականջին հասավ խոխոջը, որը վերևներում չկար: Մարդն ուսեց բահը:

-Հարամին էի փակում: Առավոտից կապել եմ շարքին, չի լցվում: Թե չէ էս կողմերը, եսիմ, գայի՞, -փոքր ինչ անց: -Անտակ անտերը, որ թողնես, վիշապի պես օրերով կքաշի:

Նա բահն իբրև հենակ գործածելով՝ թռավ ջրբաժան առուն, անցավ որձախոտի բուսուտները: Քառասուն հազիվ լիներ, բայց տարիքից ավելի մեծ էր երևում: Ոտքերին ռետինե երկար ճտքերով կոշիկներ էին, մազերն առել էր ծայրերն ագուցած թաշկինակի մեջ:

- Շնորհակալություն, - ուշացումով բղավեց Պարույրը:

Մարդը շրջվեց, մի տեսակ զարմանքով նայեց զույգի կողմը, ասես կամենալիս լիներ հասկանալ քաղաքավարական այդ պարզագույն խոսքի կապը անապատի դեմ իր ու մյուսների ամենօրյա կռվի, արևի տակ շատ բանելուց անփայլ մգմաշկ, տխրաչ տղայի հետ:

- Աղջկան լավ կպահե՜ս:

Ցողիկը կռացավ, իշկաթնուկի սերմեր պոկելով, սկսեց մեկիկ-մեկիկ շպրտել ջուրը:

- Գնա՞նք, - տղան պարզեց ձեռքը, սակայն մինչ աղջիկը շուռ կգար, ետ քաշեց:

Քայլում էին իրար ետևից: Ջրանցքի նեղլիկ բետոնաշերտի վրայով այլ կերպ հնարավոր չէր: Երկուսն էլ խոսելու, միաժամանակ կատարվածը մինակուկ տալու-առնելու կարիք ունեին: Զրուցում էին ամեն ինչից, սակայն ոչ ամենակարևորից: Պահն անցել էր, ու նրանք դարձյալ կապանքված էին հազար ու մի պայմանականություններով, որոնցից ձերբազատված ապրել քչերը կարող են, եթե դեմ չառնեն դիպվածին, ինչը վճռորոշ կարող է լինել, ունակ՝ շրջելու հոգին, ի ցույց հանելու լավն ու վատը, ինչ կա:

Կամրջի մոտ Պարույրը դարձավ Ցողոյին.

- Դու հանգստացիր, իսկ ես վազելով կգամ: Ջրին շատ չնայես, աչքերդ կշաղվեն:

- Դու էլ՝ աչքդ վրադ պահիր:

Դիտողությու՞ն էր, թե մտերիմի համար անհանգստություն: Տղայի հոգում մեղքի զգացողություն կար, ու նա չարձագանքեց:

Վերադառնալիս դեռ հեռվից տեսավ պոչից փոշի կապած մեքենան, որը հասնելով ջրանցքին, արգելակեց: Ջրի ավտոն էր: Սիրտը ողողվեց ուրախությամբ, ինչը, սակայն, շուտով տեղի տվեց խանդին: Վարորդը գլուխը դռնակից հանել, ինչ-որ բան էր ասում: Կամուրջը բարձր էր, ու Պարույրը տեսնում էր Ցողիկի՝ ճաղաշարը բռնած ձեռքերը, հետևի կողմից թեթևակի փոթ ընկած խալաթը, կոշիկի կրունկը, որով ինքնաբերաբար խփում էր ուղղահայաց ձողին: Նա մի քանի անգամ շրջվեց, նայեց տղային, իսկ երբ վերջինս մոտեցավ, ընդառաջ գնաց, և Պարույրն զգացվեց, մտքում շնորհակալ եղավ նրբանկատության համար:

- Ի՞նչ է ուզում:

Ցողիկն ուսերը թոթվեց: Տղան չար նայեց վարորդին: Սա պատասխանի չարժանացրեց, փոխարենը ձեռքը տարավ, խորշից հանեց ծխատուփն ու մեկը լոթիաբար բերանը դնելով, չրթացրեց վառիչը:

- Շարժվիր, ի՞նչ ես կանգնել:

Խոսքի տոնն այնպիսին էր, որ ուրիշ մեկը կռիվ կսարքեր, մանավանդ դիմացինը խակ բան էր՝ հազիվ տասնչորս-տասնհինգ տարեկան, օտար գյուղից, մենակ:

- Ջուր տանելու չե՞ք եկել: Սառն է, ձեր գեղի աղբյուրից հենց նոր՝ մի ժամ առաջ եմ լցրել:

- Ճամփադ գնա, մեզ ջուր պետք չէ, - հետո չբավարարվեց: -Դու էլ քաղաքից չես:

- Քեզ պետք չէ, աղջկան է պետք, նոր խնդրում էր:

Նա իջավ, բացեց ծորակը: Ջուրն ուժգին շիթով գցեց: Թափված տեղից առպահ փոշի ելավ:

- Լցրեք:

Պարույրը քայլ չփոխեց: Ցողիկը մոտ եկավ, ու տղան ակամա դույլը քաշեց, սակայն երբ տաք մատները դիպան ձեռքին, վայրկյանի չափով հուշիկ սեղմած մնացին, իսկ կոպերը, իբրև խնդրանքի, միաժամանակ երախտագիտության նշան, նրբորեն վար եկան, զիջեց: Ապա աղջիկը դույլը, նեղբերան ամանը դրեց ջրի տակ, թափեթափ լցրեց:

- Դե, շտապեք: Ձերոնք ծարավից կոտորվեցին, - ու վարորդը՝ քթի տակ ծաղրալից ժպիտ, պնդեց ծորակը:

Պարույրը կանգնել, չէր շարժվում:

- Գնա, գնա վերցրու ձեռքից: Խաթր արի, չիմանաս…

- Ու՞մ… - տղան ուզեց սուր պատասխան գտնել, չկարողացավ:

Դրությունը փրկեց Ցողիկը: Նա, ջրերը ճամփի մեջտեղը դնելով, ետ եկավ:

- Գնանք, - նույն հեզիկ ձայնն էր, ջերմ հայացքը, ձեռքի սիրավետ հպումը:

Մեքենան կորավ ոլորանի ետևում, և նրանք կրկին մնացին երկուսով:

- Խմենք, - աղջիկն ամանը դեմ արեց Պարույրին:

- Չէ, ես դրա ջրին բերան չեմ տա:

- Դե լավ, սա իմն է, ես եմ աղբյուրից լցրել քեզ համար, -Ցողիկը նազանքով հանեց գլխարկը, մոտեցնելով Պարույրի դեմքին, զով արեց: -Քրտնել ես, բռնիր:

Ապա աղջիկը ըմպեց: Պարույրն ուշադրություն դարձրեց՝ նույն տեղից, որտեղ վայրկյան առաջ իր շուրթերն էին:

- Տուր, էլի եմ ուզում, - և հայացքն աղջկանից չկտրելով՝ խմեց: Հետո՝ նորից, նորից…

- Չեղավ, որ թողնեմ, լրիվ կկրճես:

- Ես քեզ էի…-ուզում էր ասել՝ համբուրում, բայց չհանդնգնեց, -շրթունքներիդ համը վրան էր:

Ցողիկը շիկնեց, սակայն կարողացավ տիրապետել.

- Շատ ուշացանք:

- Թող, ես կվերցնեմ:

- Սա թեթև է, ինձ տուր:

- Չէ, մենակս կտանեմ, -հետո կատակի տվեց: -Ջրվորը չասա՞ց՝ աղջկան լավ կպահես:

Լռեցին, ու երկուսին էլ նույն երազը եկավ՝ ձեռք ձեռքի, պսակի հագուստ-կապուստով, հարսանեկան մեքենայից իջնելիս…

- Գոնե դույլի կողքից բռնեմ:

Մտան այգի, բայց ոչ դուրս եկած տեղից ու անմիջապես էլ մինչև կոճերը թաղվեցին: Ջուրը, երևում է, վաղուց էին կապել, որովհետև պղտոր չէր, թե՞ մոռացել էին կտրել, անտառապաշտպան շերտով անցնող առվից էր ճոթ տվել, ծծվել: Համենայնդեպս, կանաչը տեղ-տեղ դեղնել էր, աճել էր սկսել եղեգը, մոծակներ կային ու զույգի աղմուկից խրտնած գորտեր, որոնք չլմփոցով ջուրը գցվել, հիմա միայն գլուխները դրսում՝ պլշտորած նայում էին:

- Ետ գնանք, -աղջիկը, չգիտես ինչու, անցավ շշունջի:

- Էս կողմից միակ ճամփան վերևով է, որտեղից մեքենաներն են մտնում:

- Սպասիր, -Ցողիկն ականջ դրեց: -Ձայներ լսու՞մ ես:

- Մերոնք են: Հրեն պահակնոցը:

- Պարույրը վերցրեց դույլը, ամանը թողեց Ցողիկին, հետո այն մտքից, որ շուտով հասնելու են, տրտմեց, բայց և դարձավ վճռական: Ոտքի տեղը պնդելով՝ շուռ եկավ, բռնեց աղջկա ձեռքը:

- Զոռն այս մի քանի մետրն է: Շարքերի մեջ չոր կլինի:

Նույն պահին էլ զգաց՝ ձայնը խզվում է: Հաջորդ վայրկյանին ուղեղը պղտորվեց, սրտից ելած մի պղտոր ալիք հորձանք տալով՝ ողողեց մարմինը: Գետին չկար, մշուշ էր ու մշուշ, իրական չէին ծառերը, արևը, մժղուկների պարսը, շերեփուկների պոչալողը՝ ոտքի տակ, գորտի միալարր կռռոցը՝ խոտի բարդոցից այն կողմ: Ով ում էր տանում, հայտնի չէր: Երբ մտան այգի՝ նույնպես: Գնում էին գայթելով՝ աչք աչքի, շունչ շնչի, էլեկտրանականացված: Դույլն իջավ գետնին, կանթը զնգաց, մեքենաբար նույնն արեց աղջիկը, ապա ծնկի եկան, և վազերը թաքցրին զույգին օտար աչքից, հովանի եղան նրանց սիրուն: Չէին խոսում, չէին շարժվում, կարգին չգիտեին էլ շարունակությունը, պարզապես գրկվել, սեղմվել էին մեկմեկու՝ պինդ, նվաղելու աստիճան: Մի ճանկ ստվերն էլ հերիք էր, շատ էր, միայն թե պահը երկարեր, երկարեր, ավարտ չունենար: Ծվարեին այդպես անխոս, անշարժ, մեքենաները դաշտ բերած բանվորներին տանեին, լռեր վերջին տրակտորը, շոգը մեղմվեր, թանձրանար մութը, տաք ակոսը դառնար փռոց, երկինքը՝ նախշկեն վերմակ, ու մնային մենակ՝ հողի, տերևի, պտղի, բնության բոլոր-բոլոր շշուկների հետ:

Երկու շարք այն կողմ գլխաշոր երևաց, խշրտոց լսվեց, ու մեկը պպզեց վազի տակ: Ցողիկն ընդոստ ելավ: Պարույրը հետևեց նրան: Խուճապ կար երկուսի դեմքերին էր, սակայն ոչ պակաս վախեցած էր կինը: Նա փեշերն ուղղելով՝ մեղավոր ժպտաց.

- Ասի՝ խաղող ուտեմ:

Անչար սուտ էր, տվյալ պարագայում՝ փրկարար: Մեղքի զգացումը տիրել էր և Ցողիկին, ու նա նույնպես բացատրություն տալու պահանջ զգաց.

- Ահագին սպասեցինք: Ջուր չկար:

Կինը պատահածը մտքից հանելով՝ քրքջաց.

- Տուններդ շինվի, ցիստեռնը երբ է եկե՜լ:

Պարույրի համար նոր պարզվեց վարորդի երկիմաստ ժպիտը:

- Էդ, հո, տաքացած կլինի: Թափեք-թափեք, գուռը բերնեբերան պաղ ջուր է:

Նա գնաց: Տղայի ու աղջկա սիրագորով հայացքները դարձյալ առան իրար:

- Հա՞:

Ցողիկը գլխով արեց:

Պարույրը վազերից մեկի բնի շուրջը փոսելուց հետո դույլն զգույշ շրջեց այնտեղ: Լսելի էր, թե հողն ինչպես է կլլում կենարար հեղուկը:

- Ես քեզ, հենց դասերն սկսվեն, նամակ կգրեմ՝ ամեն օր:

- Ու ի՞նչ հասցեով՝ Երևանի տա՞ն:

Պարույրը շփոթվեց:

- Ձեր դպրոցի: Քաղենիից չե՞ս:

- Քեռիս է այդ գյուղից: Եկող շաբաթ մերոնք գալու են ինձ տանեն:

- Դու նամակիս կպատասխանե՞ս, -տխրամած հարցրեց տղան:

- Անպայման:

- Ես քեզ չեմ մոռանա: Երբեք չեմ մոռանա: Ինչ էլ պատահի, չեմ մոռանա: Երբ մեծանամ ու դպրոցն ավարտեմ, կգամ հետևիցդ: Կտեսնես: Այ, կտեսնես:

Ջուր չկար, խշշյունը հողի տակ էր, արմատներում, ապա պիտի բունն ի վեր ելներ, խառնվեր տերևներին, դառնար կանաչ սոսափ, կաթիլվեր ողկույզներում ու օրերի հետ քաղցրանար, լցվեր կյանքով, արևով:

Ինչպես սերը, ինչպես սերը…


    

ԽՈՐՈՏԻԿ ԿԱՔՎՈՒԿ

«Խավարիր խաբուսիկ անրջանք,

Հեռավոր օրերի հիացում»:

Վ. Տերյան


    

Հյուրերը գնացել էին, և ուտելիքով ծանրաբեռ սեղանի շուրջ միայն Խորենն էր մնացել: Կինը ննջասենյակում անկողինն էր բացում, երեխաներից մեծը վաղուց պառկել էր, փոքրը՝ քնատ, պտտվում էր սենյակում:

-Հայկակ, խնձոր…

-Չէ, -դժգոհ արձագանքեց տղան:

-Շոկոլադ վերցրու, բայց մեկից ավելի չուտես, դեմքդ դուրս կտա, -ասաց, ձեռքը երկարեց և, հրուշակատուփը բարձրացնելով, մեկնեց որդուն:

Տղայի անտարբեր, պաղ հայացքը սահեց դարչնագույն խորանարդիկների վրայով: Վերցրեց մեկը, սակայն կեսճամփին երկմտելով՝ դրեց տեղն ու տուփը ետ հրեց.

-Չեմ ուզում, հայրիկ:

-Դե գնա քնիր, ուշ է:

Առաջարկը բանի տեղ չդնելով՝ Հայկակը բարձրացավ աթոռին.

-Տորթ…

Հայրն իր ափսեինը, որին այդպես էլ ձեռք չէր տվել, երկարեց որդուն, իսկ իր համար օղի լցրեց:

-Քթիկդ…

Հայկակը պատրաստակամ՝ դեմքը հորն ուղղեց: Խորենը բաժակը թեթևակի հպելով նրա քթին՝ մի ումպով դատարկեց: Տղան պատառաքաղով ավերում էր տորթի բազմագույն շերտերը՝ բերանն այդպես էլ բան չառնելով:

-Մենա՞կ ես ուտելու, մի բերան հայրիկին տուր:

Որդին պատառաքաղով մի մեծ կտոր մոտեցրեց հոր շուրթերին:

-Հա՛մ, -զավակի տրամադրությունը բարձրացնելու համար նա որկրամոլի նման հափռեց փափուկ զանգվածն ու, դեմքին շինծու արտահայտություն, կուլ տվեց: Կրեմի թողած տհաճ զգացողությունից ծամածռվելով՝ հայրը ձգվեց աղի վարունգի կողմը:

Դռան առաջ խմբվածները գրեթե լրիվ փակել էին տեսադաշտը, և Խորենին մնում էր «տաշ-տուշի», զուռնայի ծղրտոցի, դհոլի զարկերի ուժգնությունից որոշել պարողների տրամադրությունն ու շաբաշի չափը: Պատշգամբ բացվող պատուհանից հարսանքատան մեծ մասը, ճիշտ է, երևում էր, բայց ապակիների պատճառով չկար այն կենդանի կապը, ինչ զգում էր դռան մոտ կանգնելիս: Բացի դա, վախենում էր դեմ-դիմաց՝ հարս ու փեսայից երեք-չորս մարդ հեռու նստած հայրը նկատի: Նա տղաներին խստիվ պատվիրել էր ուշ ժամի հանրային վայրերում չերևալ և նկատելիս պատժում էր: «Կինո՝ միայն աշակերտական սեանսի դեպքում, գրադարան՝ ժամը յոթ-ութից ոչ ուշ, հարսանիք, եթե խիստ մերձավոր է: Մնացած ժամանակ՝ տանը, դասերի հետ»: Դաստիարակության նրա եղանակն ինչ-որ տեղ տարբերվում էր բոլորից, սակայն ընդհանուրից չզատվելու և ընկերների քամահրանքին չարժանանալու համար տղաներն իրենց պատժվելու վտանգին ենթարկելով՝ ապրում էին նույն կյանքով, ինչ բոլորը:

Այդ օրն էլ, օգտվելով հոր՝ հարսանիքում լինելու հանգամանքից, եղբայրներն ուշ ժամի կինո էին գնացել, իսկ Խորենին գայթակղել էր խնջույքի սեղանից օգտվելու հեռանկարը: Իհարկե, գլխավոր նպատակը դա չէր: Ձգողն առաջին հերթին հարսանյաց արարողությունն էր. մասնակիցներին համակած տոնական տրամադրությունը, ժպտուն դեմքերն ու պայծառ գույները չէին կարող չգրավել գեղջկական միօրինակ կենցաղով ապրող տղային: Անտեղյակ՝ նա անցած արևմտոցին զրկվել էր մսացուին զոհելու պահը դիտելու անըմբռնելի հաճույքից ու մյուս օրն արթնացել էր՝ հարսնահանդեսի ոչ մի փուլ բաց չթողնելու վճռականությամբ: Ահա թե ինչու, երբ ականջին հասավ զուռնա-դհոլի ձայնը, առաջինը թողնելով խաղը՝ ընդառաջ վազեց նոր գյուղ մտած թափորին, որը ճամփից շեղվելով՝ նախ մտավ քավորի բակը, ապա՝ ոտաց ոգտվեց բարեկամներից ևս երկուսի՝ անմիջապես փողոցում բացած սեղաններից և ուղղություն վերցրեց հարսանքատիրոջ տուն: Ողջ ընթացքում Խորենը ջանաց չնկատվել: Մի աչքը հոր կողմը, մյուսով տեսավ փողկապից ու առաջին անգամ հագած կոստյումից նեղվող փեսացուի շփոթահար դեմքը, հարսի՝ կոշիկները չցեխոտելու համառ ջանքերը, մասնակիցներից ոմանց որկրամոլությունն ու այդ կերպ հարսանքատիրոջը տված նվերի չափին համապատասխան վնաս տալու ձգտումը: Երեխաներից առավել երեսառածները մոտենալով սեղանին՝ թաքուն կոնֆետ, խնձոր, գաթա էին փախցնում: Անհամարձակներն ապավինում էին մեծահասակների խղճին. այնքան էին պլշած նայում, մինչև մեկնումեկը գթար, չդիմանար մանկան աղերսող հայացքին ու քաղցրավենիք, միրգ առաջարկեր: Իսկ երկչոտները, Խորենի պես ծնող-բարեկամներից ահ ունեցողները ետնաշարքերում թաքնված՝ ակնդետ հետևում էին սեղանի շուրջ ընթացող անցուդարձին:

Այդպես էր մինչև շարժվելը, ապա կարճատև մի պահ սեղանը զրկվում էր հսկող աչքից. տանտերն ու տանտիրուհին մինչև բակից ելնելը ուղեկցում էին հարսանքավորներին, զուռնան զլում էր նվագը, և տղաներն աղմուկի, խլրտուքի մեջ վրա էին տալիս ուտելիքին, մեկմեկու ձեռքից խլխլում սկզբում՝ միրգն ու կոնֆետը, այնուհետ գսլիս էր թխվածքի հերթը: Լցնում էին գրպանները, պատառի փոքր լինելու դեպքում գցում բերանը, դնում անութի տակ, իսկ եթե տանտիրուհին ուշանար, վրա չհասներ, նույնիսկ հասցնում էին լիմոնադի շշերը դատարկել: Իհարկե, կային նաև առատաձեռն, ուրախության սեղանն ի սրտե բացածներ: Այդպիսիք իրենք էին առաջարկում մաքրազարդել եղած-չեղածը: Նման դեպքում քաղցրավենիքից ու մրգերից հետո փոքրիկներն ավելի մանրակրկիտ հաշիվները վերջացնում էին նաև խաշլամայի արդեն սառած կտորների, երշիկի ու հավի հետ՝ չխորշելով անգամ պանրից, թթու դրած կաղամբից, որոնք ամենօրյա ճաշակելիքն էին: Այնուհետև վազքով հասնում էին թափորին, որպեսզի նույնը շարունակեն հարսանքատանը:

Անցել էր երեք ժամ, սակայն Խորենը բերանը հասարակ կոնֆետից բացի բան չէր առել: Դա էլ տղաներից Ժիրոյի ձեռքից էր փախցրել, ով հաճույքի րոպեները հետաձգելու համբերություն ունենալով՝ սեղանից թռցրածը գրպանից ժամանակ առ ժամանակ էր հանում: Տղաների այն տեսակից էր, որոնք խպնվել-բան չունեն. կանանց խառնված մտել, հասել էր տան վերին պուճախը, ժողվել հարսի գլխին շաղած կոնֆետ-չամիչը: Հիմա էլ սեղանների տակով կուզեկուզ առաջանալով, ծնողի կողքին առոք-փառոք նստած՝ նրա քաջալերական ժպիտի, անբարբառ խրախույսի ներքո իր քեֆին ուտում էր: Հայրը ձեռքը երկարելով՝ աջից-ձախից, իբր, միջայլոց, լավ-լավ պատառներ էր հրամցնում գնդլո Ժիրոյին: Մոտերքում նստածները՝ նեղսիրտ ժպտում էին, իրենց հերթին հյուրասիրում՝ փորձելով այդ կերպ արտահայտել սրտում կուտակվածը: Սակայն նրանց պե՞տքն էր: Թաթո հայրն ու Ժիրո որդին վերջում տռզած գրպաններով դեռ դուրս էին գալու հարսանքատնից՝ երանելի գոհությունը դեմքերին՝ կարծելով, թե իրենց որկրամոլությունն ու անհաճո վարմունքը ոչ ոք չի նկատում:

Իսկ իր հայրը… Խորենը նրա փոխարեն ամաչելու պատճառ չուներ: Շատ անգամ հետևած լինելով՝ հինգ մատի պես գիտեր ճաշացանկը. մեկ-երկու պատառ միս, երկու-երեք շերտ խնձոր, մնացած ժամանակ՝ թթու վարունգ, որպեսզի խեղդի օղու այրուքը: Ահա ամբողջը: Որդու համար դա նույնիսկ ինչ-որ տեղ անհասկանալի էր. թողած նախշուն գաթան, մնացած անուշեղենը, հայրն ի՞նչ էր գտել աղ դրած վարունգի, տաքդեղի ու կաղամբի, օղու մեջ: Երանի շուտ գա այն օրը, երբ ինքը նույնպես մեծի իրավունքով կնստի տոնական սեղանի շուրջ՝ վայելելու պես-պես թղթերով կոնֆետները, տեսակ-տեսակ գաթաները, սիրտն ուզածի չափ խաշլամա կքաշի ափսեն, գոլորշի արձակող տոլմա…

Հայկակը ձեռքը գլխատակին ննջում էր: Ծալ-ծալ իջնող շեկլիկ խոպոպները ծրարել էին դեմքը:

-Վեր կաց:

Տղան դժգոհ՝ թափահարեց գլուխը և, հիմնավոր տեղավորվելու մտադրությամբ, թևքով մի կողմ հրեց մոտերքում եղածը: Շարժումից բյուրեղապակյա գավաթները, շշերը զրնգացին: Այլ դեպքում Խորենը դիտորդի դերում չէր մնա, սակայն հիմա ալարկոտ տրամադրություն էր իջել վրան, ինչը մասամբ օղու հետևանք էր, ու նա տեղից վեր կենալու, զավակին ննջասենյակ տանելու համար երկու-երեք քայլ անելու ուժ չէր գտնում: Ճաշկերույթին նախորդած վազվզուքի պատճառով դեռ երեկվանից տրտմել էր և մի քանի բաժակաճառերում մնացած եռանդն սպառելով՝ ծննդյան օրվա առթիվ խնջույքի վերջնահատվածն անցկացրեց անտրամադիր, միայն խմելով, սակայն թեթևանալու, բացվելու փոխարեն մնջվեց, մնաց:

Բաժակաճառ ասողը հայրն էր: Թեև հարսանիքը մոտենում էր ավարտին, մասնակիցների կաշկանդվածությունն անցել էր ու պարապ խոսքին ականջ պահող չկար, նրա ոտքի կանգնելու հետ աղմուկը դադարեց: Այդպես էր. նա կարողանում էր խոսել, և նրան լսում էին: Թե ինչն էր պատճառը, Խորենը չգիտեր: Պատի ստվերում նստոտած կանայք պետք է պարտադիր կանգնեին, ակումբի դռանը թրևող հասակակից տղայքը ծլկեին, ջահելները հավաքեին իրենց, տարեցներն առժամանակ դադարեցնեին խոսքուզրույցը, երբ հայտնվեր Համզեն: Նա չէր կոպտում, դիտողություն չէր անում, առանձնակի պաշտոն չուներ, ուժով, արտաքնապես աչքի չէր զարնում, բայց գյուղն ակնածում էր՝ նրա մեջ տեսնելով հոգևոր առաջնորդի:

Մոր մահից հետո հայրը գյուղամեջ հազվադեպ էր գնում: Տանն ինչն էր շատ՝ գիրքը: Ծխում էր, ընթերցում, ավելի հաճախ՝ բանաստեղծություն, բան, որից տղաներն այդ տարիքում հեռու էին: Տարօրինակություններ ուներ: Կարող էր, զորօրինակ, ժամերով ետուառաջ քայլել սենյակում կամ, ընդհակառակ, վերացած երկար-երկար արձանանալ քարտեզի առաջ: Նման պահերի զավակներն աշխատում էին չխանգարել: Կամացուկ վառելով մեծ սենյակի լույսը՝ անցնում էին դասերին: Ծովոն սովորում էր ձայնը գլուխը գցած՝ խանգարելով մյուսներին: Զարմանալի գեղեցիկ ձեռագիր ուներ, ու Մերուժն օրագիրը նրան էր լրացնել տալիս: Արան, ինչպես ամեն ինչում, գրելիս վրավազուկ էր անում: Կարող էր տառեր բաց թողնել, միտքը չավարտած՝ նոր նախադասություն սկսել: Կարդալիս էլ շտապում էր: Գրքի գրավիչ լինելու դեպքում օրը երեք-չորս հարյուր էջ կընթերցեր՝ նկարագրական մասերը ցատկելով: Նրա համար կարևորը սյուժեն էր: Եթե հետո հարցնեիր՝ ով է հեղինակը, չէր իմանա, հիշի: Տարոնը դասի հետ գլուխ չուներ: Հաշվողական առարկաներից հազիվ երեք էր ստանում, իսկ հայերենից «հինգ» էր: Նա նմանապես շատ էր կարդում. քաշվում էր մի անկյուն, խորասուզվում: Պատահում էր, հորից թաքուն Արայի հետ գիշերվա կեսին գնում էր հացատուն՝ թոնրաշրթին պառկած, լամպի լույսի տակ շարունակում ընթերցանությունը: Գալեի համար տարբերություն չկար, ինչ առարկա է. սովորում էր հիմնավոր, բոլորը «հինգի»: Գրքերը շարում էր սեղանին, հերթով հախներից գալիս: Պարույրն ու Մերուժը մյուսներից ավելի շարժուն էին: Դասերն էլ հեշտ էին սովորում, կարող էին մեկ անգամ կարդալով, ուսուցչի պատմածով գոհանալ: Մերուժն անկախ բնավորություն ուներ, հորից գրեթե չէր վախենում և, հարմար պահ որսալով, սովորաբար մութն ընկներ, թե չէ՝ ծլկում էր: Պարույրը մնում էր տանը, բայց վայ մնալուն: Չէր կարողանում տեղը նստել, սրան-նրան էր խանգարում, ներսուդուրս անում, ժամերով վառարանը բզբզում, այնքան, մինչև հայրը մյուս սենյակից դիտողություն անի: Թորոսը ևս դադար չուներ ու ամեն անգամ մի փորձանք բերում էր տետրի, գրքի գլխին. թանաքը կաթեցնում էր վրան, գոռգոռոցը դնում: Հայրն հարցնում էր պատճառը: Անպայման մեկի վրա պիտի բարդեր մեղքը՝ Արան թևիս կպավ, Գալեն աթոռը շարժեց...

Խոսքի պատառիկներ էին հասնում Խորենին, ու նա մոտեցավ խմբվածներին: Մարդկային հոծ պատը, սակայն, ամուր էր պատնեշել մուտքը: Նա նորից ետ եկավ դեպի պատուհանը ու ձգվելով՝ հասավ օդանցքին, ուրկից քուլա-քուլա ծխախառն շոգի էր ելնում: Նրան հետևելով՝ ևս երկուսը թառեցին պատուհանագոգին: Լուսամուտը երեքի համար նեղ էր, ու տղաների միջև պայքար սկսվեց տեղի համար: Խորենը՝ կուրծքը ցից, հպարտ բաժակաճառ ասող հորով, զիջելու մտադրություն չուներ: Առաջինն էր ելել պատուհանագոգին, մոտ էր օդանցքին և դուրս հորդող քրտինքի, ծխախոտի, մսեղիքի, գինու և օղու անախորժ հոտերը ****ու, բաժակաճառն ամենայն մանրամասներով ունկնդրելու իրավունքը նրանն էր, բայց... հրմշտոցի, ճնշման տակ փեղկը ետ գնաց, ու նա քիչ մնաց ներս ընկնի: Աղմուկի վրա մոտերքում նստածները շրջվեցին, նրանց հետ՝ հայրը: Հանկարծակիի գալով՝ նա առպահ հապաղեց, սակայն կարողանալով տիրապետել, շարունակեց խոսքը՝ նույնքան սահուն, ասես ոչինչ չէր եղել: Խորենն ուշքի գալով՝ ցատկեց ներքև և, զարկվելով ճամփան փակող տղաներին, դուրս սուրաց:

Խոնավ ձեռքերը գոգնոցի փեշով չորացնելով՝ հյուրասենյակ մտավ կինը:

-Քեզ չէ, գոնե երեխային խղճա: Աթոռից ընկնում է:

-Արուս, խնդրում եմ, ինձ այսօր չնեղացնես: Տարվա երեք հարյուր վաթսունհինգ օրը քեզ, մեկը՝ ինձ:

-Խմում ես, հա խմում:

-Կյանքում առաջին անգամ ծննդյանս օրը նշում եմ, չըմպե՞մ:

-Էհ, քո գործն է: Արի, արի, Հայկակ, -կինը կռանալով՝ զգուշորեն գիրկն առավ քնած որդուն:

Մարմինը համակած սարսափը հաղթահարելով՝ Խորենը մոտ գնաց: Ծառին հենվածը կին էր: Տարօրինակը, թերևս, այն էր, որ նա չէր շարժվում և ապա, ասես, մերկ լիներ: Այդպես էլ կար: Ուղեղում չէր տեղավորվում տեսածը, ու նա համրացել էր: Կարծես երեկվա կինոյի շարունակությունը լինի: Այնտեղ ևս կախաղանի սյան տակ բոկոտն աղջիկ էր, բայց նա հագին լաթի ծվեններ ուներ: Վերջին պահին պարտիզաններն ազատեցին…

-Տղա, մոտ արի:

Արևիկն էր՝ բոլորից առերևույթ արհամարհված, թաքուն անձկալի Արևիկը: Խորենը թեթևացած շունչ քաշեց, վերադարձավ իրականություն: Արևիկից ամեն բան սպասելի է: Ինչ ասես նրա մասին խոսում են, իբր, կատաղած արգանդ ունի: Թե դա ինչ է, չգիտի, բայց, իբր, միշտ ուզում է տղամարդկանց հետ լինել: Կանայք նրան չեն սիրում, աչքով աչք չունեն: Արևիկենց տունը գյուղի ծայրին է, ինչպե՞ս է հասել իրենց թաղն ու ինչու՞: Մենակ է ապրում: Ասում են, հայրը կռվից տուն չի դարձել, մայրն էլ վերցրել, հարևան գյուղից մեկի հետ փախել է: Տատն է նրան պահել: Հետո, իբր, գիշերները մինչև լույս նրա տուն մարդ է մտնում-ելնում:

-Ի՞նչ ես շինում այստեղ, -անքաղաքավարության աստիճան կոպիտ՝ վրա տվեց Խորենը:

-Օգնիր կապերս քանդենք: Համազասպի տղա՞ն ես:

Խորենը գլխով արեց: Ուրեմն՝ ոչ թե ինքն է իր քեֆին լիրբ-լիրբ մերկացած կռթնել ծառաբնին, այլ կապել են: Տեսնես ու՞մ ձեռքի գործն է: Շորե՞րն ինչու են հանել:

Առաջին անգամ էր մերկ կին տեսնում: Ստինքները թույլ-թույլ կախվել էին, ճերմակ մաշկը, չնայած խավարին, զատվում էր ծիրանենու բնից, մազերից: Պորտի մոտ՝ մեջքին փալասանման բան էր փաթաթած, ծոփքերը որի հասնում էին զիստերին: Խորենի մատները շոշափեցին փաթաթանը, հպվեցին ցրտից փշաքաղ մարմնին:

-Այդտեղ չէ: Թևքերը ծառին են կապել:

Փորձեց քանդել հանգույցը: Շտապողականությունը խանգարում էր, ագուցած մասը պնդվել, ատամ չէր բռնում:

-Քարով ծեծիր, կկտրվի:

Բանը, սակայն, դրան չհասավ: Խորենն ատամի տեղ անելով՝ աստիճանական կծկումներով թուլացրեց հանգույցը: Այժմ էլ, պարզվեց, դաստակներն են կապված՝ հետևից, բավական կոպիտ պղնձալարով, այնքան պինդ, որ մետաղալարը մտել էր մսի մեջ: Խճճված ծայրերը գտնելը ևս զգալի ժամանակ խլեց: Տղայի ձախավեր շարժումները, ըստ երևույթին, Արևիկին ցավ էին պատճառում. նա տնքում էր:

Հիմա՛, հիմա՛, -հևում էր Խորենը, -քիչ մնաց, ահա, -և պղնձալարը թափով մի կողմ շպրտեց, որը սվսվալով՝ կեսճամփին կախ ընկավ ճյուղերից, մնաց:

-Խալաթս տուր, -թույլ ձայնեց Արևիկը:

Պատանին նրան մեկնեց պարանի տեղ ծառայած հագուստը: Արևիկի մատները կորցրել էին շարժունակությունը, և հանդերձը ցած սահեց: Խորենը շփոթահար հագցրեց խալաթը, մինչև վերջ կոճկեց:

-Ցուրտ եմ առել:

Նա, իրոք, մրսում էր, ատամները կափկափում էին, զարկվում իրար:

-Սպասիր, շոր բերեմ:

-Չէ, տուն գնամ:

Նա անվճռական դես-դեն նայեց. փողոց հանող ճամփան էր փնտրում:

-Դու գիտես, -տղան մի կողմ տանելով ճանապարհը փակող սալորենու գետնատարած ճյուղքերը՝ առաջ ընկավ:

Թույլ քամուց մեղմիվ, հազիվ լսելի խշշում, շրշում էր աշնանային այգին: Մարագի մոտով անցնելիս իր համար էլ անսպասելի որոշում կայացնելով՝ բացեց խոտնոցի դուռը: Արևիկը կանգ առավ՝ դեմքին երկյուղ, թերահավատություն:

-Արի՛, -վճռական ասաց Խորենն ու բռնելով ձեռքից՝ զգուշորեն առաջացավ:

Գիտեր՝ երեք-չորս քայլ հետո ոտքը կառնի խոտի խրձերին: Դեմքը հարվածից պաշտպանելու համար բնազդով պարզած ձեռքը շոշափում էր խավարը: Աջի վրա դարմանի կիտուկն էր, այդ կողմը չարժեր գնալ. քիստերը կշարվեին հագուստին, հետո մաքրել չէր լինի:

-Աչքս բան չի ջոկում, -շշնջաց Արևիկը:

Խորենի ձեռքը դիպավ խոտի դեզին:

-Հասանք, -ու աշխույժով տեղ բացելով՝ Արևիկին գրեթե ուժով հրեց խրձերին: -Նստիր, հիմա կտաքանաս, -ապա հիշեց, որ դարմանի կողքին երեկվանից մնում է քաթանից փռոցը, որով ինքն ու Թորոսը տերև էին կրում մարագ: Խարխափելով գտավ: Արևիկը ձայն չէր հանում, և խավարի պատճառով Խորենը դժվարանում էր որոշել նրա տեղը:

-Արևի՞կ:

-Այստեղ եմ, -կողքից լսվեց շշնջյունը:

-Պահի՛ր, -տղան նրա ուղղությամբ պարզեց փալասը:

-Որտեղի՞ց, -Արևիկի ձայնում գորով կար:

-Մաքուր է, գցիր ծնկներիդ:

-Դու էլ նստիր:

Խորենը կամացուկ տեղավորվեց կողքին:

Արևիկը լաթի մի մասը գցեց տղայի ծնկներին, հարթեց: Ծաղիկների, չորացած խոտի բուրմունք կար օդում ու թույլ մգլահոտ, որ դարմանից էր: Բաց դռնից լույսի մի մեծ շիթ շեղությամբ ներս ընկել, հասել էր տերևների կիտուկին: Գույները չէին ջոկվում:

…Ոչխարները հանկարծ մատղաշ տնկիները կրծած չլինե՞ն: Դրանք էլ… հոտից բաժանվում են, թե չէ՝ ուղիղ այգու կողմը: Վրա են տալիս, ուղղակի գետնի երեսից խմում թափվածը: Ինքն ու Թորոսն են սովորեցրել: Մյուսները՝ չէ, նրանց համար տերև թափ տալը հաճույք չէ, ծառ բարձրանալը՝ անասելի բավականություն: Աշնան թափուր այգին իրենն ու Թորոսինն է. մինչև հոտի գալը մարագ տանելիք տերևները հավաքում են, կիտում մի տեղ, տրտինգ տալիս վրան, ապա ելնում ծառը՝ նորը թափ տալու: Տերևների նախշուն գորգ՝ ծառերի տակ, նախշուն կաթոց՝ օդում: Արևը կարմիր՝ ներկում է հորիզոնը, ճնճղուկների կացարան՝ բարդիների կատարները, գմբեթը մատուռի՝ Նախավկա…

-Ի՞նչ եղավ:

Արևիկն ավելի բարձր հեծկլտաց:

-Մրսու՞մ ես: Ծածկե՞մ դուռը, -ուշքի եկած՝ փորձեց ոտքի ելնել Խորենը:

-Չէ, վախենում եմ:

-Ինչի՞ց:

Նա ինչ-որ բան ասաց, սակայն հեկեկոցը չթողեց լսել: Մի բան արած լինելու համար Խորենն ուղղեց ծնկներին փռած շորը: Խղճում էր նրան, գրկելու պահանջ զգում: Դեռևս ուղեղը հասու չէր կատարվածին, ամեն ինչ չէ, որ ընկալում էր: Մտաբերում էր այստեղ-այնտեղ, այսուայն բերանից լսածը, փորձում կապ գտնել տեսածի ու ասեկոսեների միջև, բայց կարեկցանքն ալիք էր տալիս, և իրական ցավից, վիրավորանքից, ցրտից ցնցվող Արևիկը գնալով դառնում էր սիրելի, հարազատ այն աստիճան, որ չէր համարձակվում պատահարի մասին հարց տալ՝ վախենալով անարգել: Տարիքային տարբերությունը, հուզմունքը ևս դեր էին խաղում:

Արևիկը, գլուխը ձեռքերի մեջ, շարունակում էր անզուսպ հեկեկալ:

-Բայց ի՞նչ են արել: Մի լա, պետք չէ:

Նա մատներով դիպավ մազերին, սակայն համարձակությունը չհերիքեց ու ինքն իր արարքից ամաչելով՝ ձեռքը ետ քաշեց: Արևիկը չարձագանքեց. հավանաբար, ոչինչ չզգաց: Հաղթահարելով վախի, ամոթի զգացումը՝ տղան վերստին երկարեց ձեռքը, կպավ այս անգամ ուսին: Արևիկը դադարեցրեց լացը: Հիմա միայն խոր հոգոց էր հանում, հետո դա ևս մարեց: Խորենն արդեն ոչինչ չէր զգում, ասես օդի մեջ՝ ինքնաբերաբար մղվում էր նրա կողմը:

-Մոտ նստիր, ավելի, ավելի, -ասաց Արևիկը: -Գրկիր ինձ: Անուշս, հոգիս, փրկեցիր խայտառակությունից: Թագավորս: Երդվել էի էլ որձի հետ չլինել, բայց քեզ համար պատրաստ եմ հազար անգամ անկողին մտնել: Սուրբ Նախավիկը քեզ պահապան, փրկիչ հրեշտակս…

Նա գիրկն էր առել Խորենին, փայփայում էր, մայրաբար համբուրում: Փաղաքուշ խոսքերը մի կողմից, գգվանքը՝ մյուս, Խորենին խենթացնում էին:

-Զորավորս, անարատ ձագուկս, էն անտեր շների հետ գործ չունենաս: Գրողի բաժին դառնան դրանք, քո ախպեր Մերուժն էլ հետները: Կատարները տաքացրել էին, եկել մոտս: Ասի՝ մեղք են, էսօր-էգուց քաղաք են գնալու, թող կուսությունից դուրս գան, որ հետո աղջիկ տեսնելիս հորթի պես չմնչան ու շալվարները թրջեն, փսլիքները վազի: Տեսա՞ր ինչ բերին գլխիս: Արար աշխարհով խայտառակ էի լինելու, թե ո՞ր մեղքիս համար:

Խորենը շնչասպառ, գլուխն Արևիկի հաղթ կրծքին, դողէրոցքի մեջ լսելի հայհոյում էր եղբորը, անիծում նրա ծնունդը: Մինչ այդ անծանոթ մի զգացում տիրել էր նրան, չգիտեր ինչ է անում, ինչ է կամենում: Դեմքը, շուրթերը քսում էր խալաթի տակից ցցված պտուկներին, ազատ ձեռքով խաղում պորտի ծալքերի հետ, ռունգներով ծծում ստինքների բացվածքից, թևատակերից, Արևիկից ելնող շոգին:

-Հանգստացիր, սիրունս: Քեզ համար շուտ է այս կյանքը: Հետո, երբ ուժիդ ձեռքին գերի կլինես ու արմաղան աղջիկ չես գտնի, եկ ինձ մոտ: Ինչքան էլ մաշված լինեմ, քեզ համար սեր կգտնվի, դալար կռներիդ մատաղ: Ի՞նչ անեմ, իմ բախտն էլ Աստված էս տեսակ որոշեց: Դու ո՞րն ես, իմ գլխավոր:

-Խորիկը, -խռպոտ, կրքից նվաղուն՝ արձագանքեց տղան:

-Խորոտ անունիդ մեռնեմ, իմ մասին վատ չմտածես: Տատոյիս հիշու՞մ ես: Չես հիշի, որտեղի՞ց: Ես հիմի պատմեմ, դու իմ դատ ու դատաստանը որոշիր:

Նրա մեռնելուց հետո գիշերները մենակ վախենում էի: Մատղաշ, տասնհինգ տարեկան աղջիկ, տունը՝ գյուղի ծայրին: Լույսը վառած էի քուն մտնում: Էդ գիշեր բուք-բորան էր: Մեկը դուռը զարկեց: Բացի, տեսնեմ անծանոթ մարդ՝ ջահել, երևի իմ հիմիկվա տարիքին: Թե՝ ավտոս խափանվել է, մնացել եմ ճամփին, տեղ կտա՞ս գիշերը լուսացնեմ: Դու լինեիր, ի՞նչ կանեիր: Մթնով, հո, չէի՞ թողնի դրսում: Ես՝ միամիտ, բարության ձեռին գերի, ինքը քաղաքի տղա՝ լեզու-բերանը տեղը: Խաբեց: Առավոտը դասի չգնացի: Թե՝ հրես, ավտոն բերեմ, եղած-չեղածը բարձենք վրան ու քեզ մեր տուն տանեմ: Էն գնալն էր, որ գնաց: Էդ դեպքից հետո էս օրին եմ: Կանայք աղբրի գլխին ֆշշֆում էին վրաս, ետևիցս չանչ անում: Տղամարդիկ էլ, հո, միայն անուններն է, ասես ճամփի բացվելուն էին սպասում - վրա տվին: Ես՝ անտեր աղջիկ, իրենք՝ որձ կատու: Պատահել է, դանակ են քաշել վրաս, դեպք է եղել, երկու փութ գարու համար եմ պահեստի քնջում պառկել: Լավություն էլ եմ արել՝ ինչպես էս անգամ: Էհ, գլխիս գալիքը որտեղի՞ց իմանայի, կռահեի: Պատահել է, եկել է, թե՝ կնկանիցս բաժանվել եմ, քեզ պիտի առնեմ: Չեմ հավատացել, նայվածքից, հենց էդ չսիրածս «առնել» բառից հասկացել եմ, որ կռված են, ու ավելի շուտ կինն է դուրս անողը: Բայց թե՝ խիղճս չի տարել դուռը երեսին գոցել: Մի գիշեր, երկու, շաբաթ, ավել մնացել է, հացս կերել, էլի ետ գնացել կնկա ծոցը:

Խորենին հիմա ամոթի զգացումն էր խեղդում: Ինքն էլ որձակներից մեկն է ու խլնքոտ տեղով

առիթը ձեռքից չի ուզում բաց թողնել: Ուրիշները երկու փութ սերմացուի, հինգ խուրձ խոտի դիմաց են վճար ստացել, ինքը՝ անպատիվ դրությունից հանելու: Կկարողանա՞ ցերեկն Աստծո արդար լույսի տակ նայել Արևիկի աչքերին: Ասենք թե խուսափեց, իսկ իրենի՞ց, ամբողջ կյանքում չի՞ ամաչելու՝ մտաբերելով պահը:

-Բնավորությունիցս է, ի՞նչ անեմ: Խև եմ, խենթ: Խելառ որ չլինեի, քեզ նման մատղաշ շիվին իմ ցավերը կպատմեի՞: Ասածս քեզ հետ կապ չունի, սրտիդ մոտ մի ընդունիր, իմ խորոտ, ումուտ…

Խոսքը բերանում՝ Արևիկը մնջեց: Գլուխը բարձրացնելով՝ Խորենը տեսավ մեկի ստվերը, որ գրեթե ամբողջությամբ բռնել էր մուտքը:

-Ո՞վ կա ներսում:

Հոր ձայնն էր: Սահմռկած՝ սեղմվեց Արևիկին: Ավելի ահավոր վիճակ չէր ապրել: Հայրը ձեռքը տարավ գրպանը. լուցկի էր հանում:

- Քրիստոս, ազատիր փորձանքից, -մրմնջում էին Արևիկի շուրթերը, -Հիսուս Քրիստոս…

-Ձայն հանիր, ի՞նչ ես պապանձվել:

Խորենի ականջին էր հասնում տուփի կողին զարկվող հատիկի ձայնը:

-Թյու՛, -հայրը շրջվեց լույսի կողմը՝ նորը հանելու: Նա վառած հատիկը վերստին տուփը դնելու սովորություն ուներ, ու հիմա, երևի, այրվածն էր մատների տակ ընկել:

Տղան զգուշորեն լաթը մի կողմ տարավ: Հիմա, միայն հիմա, հետո ուշ, չափազանց ուշ կլինի: դեռ չի ճանաչել, դեռ չգիտի… Նա ոստնեց դեպի լույսը: Անակնկալի գալով՝ հայրն ընկրկեց: Փախուստի ճամփան ազատ էր:

-Ա՛յ Խորեն, հետը գոնե մի բան կեր:

-Իմ ուտելու ժամանակն անցել է՝ վաղուց, վաղուց: Երբ ախորժակ ունեինք, ուտելիք չկար, իսկ հիմա… Մեջքի վրա պառկում էինք ու, աչքներս երկնքին, երազում՝ հրաշք լիներ, ամպաքուլաները գաթա դառնային, ձյունը՝ շաքար, աղբյուրից ջրի փոխարեն կաթ հոսեր: Հրաշք լիներ, հրաշք… Քեզ ինչպե՞ս բացատրեմ… Առաջին պաղպաղակը տասներորդ դասարանում եմ կերել: «Ձեր հոգին նուրբ, օսլայած, Ձեր սիրտը՝ գուրգուրած շնիկ…»: Այդպես քամահրանքով մի նայիր, հեղինակը ես չեմ:

-Առավոտյան գլուխդ էլի կբռնես՝ գանգս տրաքվում է, ճար գտիր:

-Ես հին ոսկոր եմ, ինձ բան չի լինի, մի անհանգստանա: Եկուր, եկուր մի գավաթ ըմպենք: Տիկինս, ի՞նչ կբարեհաճես՝ կոնյա՞կ, շամպա՞յն:

-Իմ հավեսն ու դու:

- «******ներն ինձ քույր կդառնան…»:

Նրանք առաջին անգամ էին ծնողին հարբած տեսնում: Ծիծաղաշարժ տեսարան էր. հայրը՝ միշտ զուսպ, ծանրաբարո, լրջմիտ, վառել էր լույսն ու սենյակի կենտրոնում կանգնած՝ ճոճվելով երգում էր.

-Նխշուն միզարով աղջիկ,

Քու գին հըզարով, աղջիկ:

-Ելեք, ելեք «Բոլորպար» բռնենք: Թորոս, Ծովո, Պարույր, Գալե, շուտ…

Տղաներն անկողիններում նստոտած՝ հետևում էին հորը, խնդմնդում, բոթում իրար: Մահճակալից առաջինը Գալեն իջավ: Հայրն ընդառաջ գնալով որդուն և բռնելով ձեռքից՝ շարունակեց երգելով պարել: Հետո մյուսները եկան: Սկզբում թեթևակի ամաչում էին: Երբ հայացքներն առնում էր նրան, հավաքում էին իրենց, լրջանում: Ապա՝ միմյանցից օրինակ վերցնելով, ամոթի իրենց բաժինը մյուսի վրա գցելով, հոր խրախույսի տակ բացվեցին: Պարում էին՝ ով ինչ կերպ կարող էր: Հոր դեմքին երազուն արտահայտություն էր իջել:

-Այսօր ինչու՞ չեկաք կինոյի փող տանելու: Հը՞, ասեք տեսնեմ, -նա գրպանից դուրս քաշեց դրամապանակը: -Ամեն մեկիդ երեք ռուբլի բավակա՞ն է: Եկեք տեսնեմ, Պարույր, Տարոն, Գալուստ, Արա, Թորոս… Ծովինար, իմ նազուկ, խնդուներես դուստր, հեքիաթի յոթ եղբոր միակ քույր, քեզ՝ տասնոց: Ո՞վ մնաց: Մերուժանն էլի՞ տուն չի եկել: Ոչ մի ներում: Դավաճաններին՝ մահ: Շիկացած շամփուր տվեք ինձ: «Քեզ պսակում եմ, Մերուժան, որովհետև դու ձգտում էիր հայոց վրա թագավորել, և ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրերի իշխանության կարգով»: Նրա հայացքը կանգ առավ Խորենի վրա:

-Չես ուզու՞մ հորդ հետ պարել: Ցած արի, տղա: «Էսօր լավ է, քանց ամեն օր», -այնուհետ մոռացավ որդուն, էպոսի տողերը.

Կայներ իս ախպրի ակուն,

Քու շողք դեմ արեգակուն,

Հըզար էրնեք քու տիրուն,

Մատղեր իմ ես քու սիրուն:

Եղբայրները թռչկոտում էին սեղանի շուրջը, ջանում երգի չափը բռնել, հարմար պահ որսալով՝ թղթադրամը մի ձեռքից մյուսը փոխադրում, քրոջից վերցնելով տասանոցը՝ լույսի տակ պահում, իսկ Խորենն անհաղորդ էր այդ ամնեին: Անորոշությունից եփվում էր, իրարամերժ զգացմունքները, խոհերը թույլ չէին տալիս ապրել եզակի բերկրալից պահը: Մինչդեռ այն կարող էր չկրկնվել: Վաղը հայրը կարթնանա և կլինի բոլոր օրերի լրջմիտ մարդը: Ինքը լվացվելու համար ջուր կածի նրա ձեռքերին՝ ջանալով վրիպում թույլ չտալ, սակայն հուզմունքից կսխալվի՝ մեկ շատ լցնելով, մեկ՝ քիչ: Իսկ մինչ այդ եղբայրներից մեկնումեկը վերարկուն խոզանակած, պատրաստ պահելիս կլինի, Ծովոն՝ հաց դրած: Մյուսները, մինչև հոր գնալը, թաթերի վրա կքայլեն կամ թե գոմ կգնան՝ օգնելու Մերուժին, հետո բոլորը միասին կաճապարեն դպրոց: Տունը կդատարկվի, լսելի կդառնան ժամացույցի թիկ-թակը, վառարանի տակ մրափող կատվի մռռոցը, բարձրախոսի ձայնը: Գոմում ոչխարները դարմանը դեսուդեն կտան, հավերը ոտնատակ ընկած ուտելի սերմ կժողվեն, աղավնիները կթևեն, կովը մի փունջ խոտ բերանում՝ անտարբեր կծամի: Կեսօրին տունը նորեն կլցվի աղմուկով: Ծովոն վռազ-վռազ բան կեփի, իսկ իրենք անհամբեր՝ զոռ կտան հաց ու պանրին, մատները յուղի պուլիկը կտանեն, մեղրի կարասն ու շաքարի տոպրակը: Այդ արանքում մեկ-երկուսն իրար կծեծեն, քույրը մեջ ընկած՝ կաշխատի բաժանել, թե չկարողանա՝ օգնության կկնաչի մորը. արցունքոտ աչքերը կհառի պատն ի կախ մեծադիր նկարին՝ լալագին ներկայացնելով եղելությունը: Նրա դեմքին այնքան խոսուն կընդգծվի տառապանքը, որ իրենք դադար կտան՝ համոզված, թե մայրն ամեն ինչ ունկնդրում է, ամեն բան տեսնում: Բոլորը հեզ գառնուկի պես կշարվեն սեղանի շուրջ՝ քրոջ սիրտն առնելու համար ախորժակով գդլդելով այդ արանքում խանձահոտ առած ճաշը: Ուտելուց հետո Պարույրը մեծը լինելով՝ չի կամենա գործ անել ու Գալեին աղբյուրը ջրի կուղարկի, Արային՝ գոմն ավլելու, Մերուժին մարագ՝ խոտ, դարման բերելու: Այդպես՝ մինչև կինոյի ժամը: Հետո ինքն ու Թորոն առջևից, մյուսները՝ ոտնկախ, կդիմեն հոր գործատեղը՝ գրասենյակ: Քանի հեռու են, առաջկտրուկ կգնան, շենքը երևա, թե չէ՝ մեծերը հետ կընկնեն: Գրասենյակի դռանը երկուսն էլ կանգ կառնեն, կբոթբոթեն իրար՝ ներս հրելու նպատակով: Պատի անկյունից եղբայրները խրախույս կկարդան, կքաջալերեն, բռունցք թափ կտան, սակայն ոչինչ չի օգնի: Համարձակությունը գնալով կնվազի, ներս գնալը կդառնա առավել դժվար ու միայն մեծերից ծեծ չուտելու ահի տակ չեն լքի մարտադաշտը: Կկանգնեն, շինության պատերին մեջքները կմաշեն այնքան, մինչև մեկը նկատի, ձայն տա.

-Համզե, տղերքդ տես ի՞նչ բանի են:

Ում նյարդերն այդ պահին ավելի ամուր են, ոտքը կախ կգցի, իսկ մյուսը՝ բախտին հլու, կառաջանա: Հայրը նստած կլինի գրասեղանի առաջ՝ դեմը թղթեր, տարաչափ մատիտներ: Նա շատ չի զբաղեցնի. գիտի տղայոց փորացավը: Եթե միօրինակ աշխատանքից ձանձրացած կանայք հոր աչքը մտնելու համար չսկսեն սուտ-փուտ հարցեր տալ, իրենց վրա գովք կապել, կհանի կինոյի փողը՝ հինգ ռուբլի: «Դասերդ չմոռանաք», -ետքից կձայնի նա, իսկ իրենք թև առած կթռչեն: Նման պահերի Պարույրը նույնպես կմոռանա մեծ լինելն, ու հավասար վազ կտան մինչև ակումբ: Թե փող մնաց, եղբայրն հետո ծխախոտ կառնի՝ «Ավրորա»:

-Խորենին ի՞նչ է եղել: Հիվանդ հո չե՞ս:

Հայրը նստեց անկողնուն:

-Փող չհասավ, -ծիծաղեց Արան:

-Պետք չէ, -չար՝ եղբորը խեթեց Խորենը:

-Ինչու՞: Մի նեղսրտիր, քեզ տասնոց եմ տալու: Շոկոլադ կառնես, միայն տես, հա, մյուս անգամ չտեսնեմ: Լսեցի՞ր:

Հայրը լրջացավ, հայացքը թաղեց որդու աչքերի մեջ, սակայն սթափությանը վերստին փոխարինելու եկավ երազկոտ դիմերեսը:

-Բոլորդ, բոլորդ պարեք, -նա ոտքի ելավ: -Ո՞վ կարող է եղանակը բերել: Ծովինար, քեզ տեսնեմ:

Գըքելեր, հայ գըքելեր,

Ընձի շատ կվայելեր

Սասնա խորոտիկ կաքվուկ:

Խոսք էր, ասաց, թե՞… Տեսնես Արևիկն ի՞նչ եղավ: Տունը հենց խաղաղվի, արտաքնոց գնալու պատրվակի տակ կմտնի մարագ: Հնարավոր է, դեռ իրեն է սպասում: Ուտելու բան ևս կվերցնի՝ հաց ու պանիր: Անոթի կլինի: Ինքն էլ առավոտից բան չի տարել բերանը: Խոտի մեջ սիրուն տեղ կբացի, կսեմվեն մեկմեկու ու կուտեն՝ նույն բրդուճից: Հերթով՝ մի բերան ինքը, մեկ՝ Արևիկը, ապա միասին՝ և ինքը, և Արևիկը: Իր շրթունքը կառնի Արևիկի շրթունքին, լեզուն՝ լեզվին, շունչը՝ շնչին… Ինքը գլխապտույտ կզգա ու, որպեսզի չգլորվի, ձեռքրը կգցի Արևիկի պարանոցով ու, որպեսզի չգլորվի, շուրթերով կծեփվի Արևիկին: Եվ քաղցր կլինի հացը, և քաղցր կլինի Արևիկը, նաև՝ խավարը, որ վերմակ կլինի, ծառերի սոսափը, որ քուն չի բերի, լուսաբացը, որ պիտի գա, օրերը, որ պիտի հաջորդեն՝ արևոտ, Արևիկոտ…

- «Եվ սրանք են այն քաջ նահատակների անունները, ովքեր այդ նույն տեղում վախճանվեցին, -շուրջպար բռնած հայրը հասավ Խորենին և, հայացքը նրան, ձայնում՝ հանդիսավորություն, հավելեց, -Խորխոռունյաց ցեղից կորովի Խորենը՝ տասնինը մարդով», -հետո դադար տվեց՝ վերստին երգն առնելով շուրթերին:

Ընքերն էր կամար ու կեռ

Քթիկն էր սուլթան սիսեռ:

Հայրը հաստատապես ինչ-որ բան գիտի: Եթե հարսանիքի միջադեպն է մտքինը, ոչինչ, թե մարագից ելնելիս է ճանաչել, հարկ կլինի բացատրությւն տալ: Բա որ ներս մտած լինի ու Արևիկին տեսա՞ծ: Ու նա պատմել է ամեն բա՞ն:

Երրորդ շրջանը գործելիս հայրը կռացավ և մատը նրա քթին խփելով՝ ասաց.

-Մոռացի՛ր:

Այդքան: Ու ծիծաղեց: Ու շարունակեց երգել: Եղբայրները քրքջացին, իսկ Խորենը հասկացավ. Հայրը ոչ միայն գիտեր ամեն ինչ, այլև վայելել էր Արևիկին, ինչպես Մերուժան եղբայրը, ինչպես…

-Սխալվում ես: Ես ի վիճակի եմ երկու այսքան էլ խմել ու ոտքի վրա մնալ, չտապալվել, ինչպես միշտ: Խնդրեցի, չէ՞, այսօր դիտողություն մի արա: Դու այդպես էլ ինձ չհասկացար, չը-հաս-կա-ցար…Եվ ոչ միայն դու:

-Քո ասածն է, -Արուսը փորձեց մտնել Խորենի թևի տակ:

-Սպասիր, հո ես Հայկա՞կը չեմ: Էս ի՞նչ ժողովուրդ են:

-Սուս, Խորեն, երեխաները կարթնանան:

-Թող զարթնեն: Պահ, զարմացրեց: Ի՞նչ անենք, ինձ քի՞չ են հանել: Հայկակ, իմ դալկադեմ որդի, Արևիկ, իմ խորոտիկ կաքվուկ, ելեք… Ինձ այս երգը բաժին մնաց.

Սիրուն կաքավ, նախշուն կաքավ

Ձեռիցս պրծավ, ձորն ընկավ…


    

ՀՅՈՒՐ՝ ՀՈՐ ՏԱՆԸ

Արմենակը շալակի կողովը հենեց պատին, ապա զգուշորեն սահեցրեց ցած: Չորացած խոտից դաշտային ծաղիկների բուրմունք էր գալիս: Բերածն զգուշորեն տեղավորեց մսուրում, կռացավ մեկ-մեկ ժողվեց թափված շյուղերն ու շոյեց կովի ճակատը: Կենդանին մի պահ նայեց մարդուն, վերստին գլուխը թաղեց խոտի մեջ: Կովի ռունգներում ծաղիկների բույր կար, աչքերում՝ ամռան պայծառ օրերի կարոտ:

Նա մեկ անգամ ևս նայեց շուրջը, շնչեց գոմի տաք գոլորշին, ձգվեց, մատներով հասավ էլեկտրական լամպին, փորձեց պտտել:

-Թյու, անտեր մնացած, -բարձրաձայն դժգոհեց, մատները տարավ բերանին:

Լամպը տաք էր: Գրպանից հանեց ճմռթված, բայց օրերի ընթացքում այդպես էլ քթի երես չտեսած թաշկինակն ու պտտելով՝ մարեց լույսը: Խավարը գրկեց մարդուն: Մի պահ շփոթվեց, հետո խարխափելով գտավ դուռը, ելավ: Ճերմակ ձյան փայլը զարկեց դեմքին, ու նա կկոծեց աչքերը:

Շարունակում էր ձյուն տեղալ: Խոշոր փաթիլները ծանրորեն նստում էին գետնին: Խոտի դեզը փոքրացել, կուչ էր եկել: Ձյունը դեռ չէր ծածկել բարդոցի գործածած մասը, և այնտեղ ճնճղուկներ էին հավաքվել: Բացվող դռան ճռինչը վախեցրեց նրանց, բայց ոչ դեզը լքելու չափ: Նրանք գիտեին տանտիրոջը և կարիք չունեին փախուստի: Շունը ձգեց շղթան, ու մարդը նրա աչքերում նախատինք տեսավ, տաք լափի կարոտ:

Արմենակը մոտեցավ տանը, բարձրացավ սենյակ տանող աստիճաններով, հետո միտքը փոխելով՝ վերցրեց ցախավելն ու մաքրեց սանդուղքների կուտակ ձյունը: Շեմքին երևաց կինը՝ Նազելին:

-Ներս արի, հերիք մնաս դուրսը:

-Լափը բեր, կոտորվեց հայվանը:

Շունը երկար էր ապրել նրանց հետ և գիտեր, որ քիչ անց գարու ալյուրից խաշիլ կստանա՝ մեջը կրծած ոսկորներ: Խաշիլն անպայման գոլ կլինի, ու կշտանալուց հետո ինքը չի զգա ցուրտը:

Կերակրելուց հետո Արմենակը մտավ տուն, ձյունոտ ոտքերով առաջացավ դեպի ջրի ծորակը:

-Ա՛յ մարդ, կոշիկներդ հանեիր, -երկչոտ նկատեց կինը, թեև տարիների փորձից գիտեր, որ ասածն ապարդյուն է, և հալևորը դիտողություն չի սիրում:

-Քո մարդ ասողի…-անորոշ հայհոյեց ամուսինը:

Ու՞մ էր ուղղված խոսքը. ջրատար պառավին, թե՞ որդուն՝ Հրայրին, որ մի ամսով հյուր էր եկել: Հյուր… Ասա հոր տուն հյուր են գալի՞ս, այն էլ՝ միակ տղան: Հոր տանն ապրում են, շեն պահում, ծուխ ծխում: Ասա քեզ ո՞վ էր խնդրել Տալլին գնաս: Տալլինը ո՞ր մեղքս է: Թող ուրիշները գնային - ովքեր շատ են: Չկա՞ն: Հեն է, մեր գյուղացին /անունն ինչու՞ տամ, մեկ է, չես ճանաչի. գյուղում ապրե՞լ ես, որ իմանաս/, յոթ երեխա ունի: Թող նրանցից մեկը գնար: Է, լավ, ասենք՝ գնացիր, բա ինչու՞ ամուսնացար: Հեչ չմտածեցի՞ր՝ էն խեղճ հերս, իր միակ որդին եմ, ո՞նց պիտի ապրի: Մենակ հիշողություններով կյա՞նք կլինի: Թե՞ որ ամբողջ օրը սարերում էի, տավարի հետ, չէի կարող քեզ համար պատվով ընտանիքից հալալ կաթնակեր գտնել: Չէ՞ մերդ էլ մեռել էր /լույս դառնա/: Գոնե ծծածդ կաթը միտդ բերեիր:

Տասը տարի երեսդ չէի տեսել: Քրոջդ առա, հասա Տալլին: Կարծում ես հե՞շտ էր: Համոզեցի, բերի գյուղ: Որ խոստովանենք, եկողը չէիր: Էլի կինդ՝ հալալ կաթնակեր էր, հասկացավ, որ կսկիծն ինձ ուտում է: Ինչու՞ չմնացիր, դե ասա, էլի: Արջառ մորթեցի: Գյուղովի հավաքվեցին աչքալուսանքի, կիսեցին ուրախությունս: Հիշու՞մ ես: Մորթին, հրեն, ձեղունի տակ մնում է: Գյուղապետն էլ ընդառաջեց, տարիների նախրապահ էի, քեզ աշխատանք խոստացավ: Կինդ էլ դպրոցում կտեղավորվեր: Չմնացիր: Բա վայե՞լ էր. կնոջդ վերցրել, գնացել էիր գյուղի ճաշարանը: Խմել էիք: Տեսնվա՞ծ բան էր: Թե՞ տանը միս, օղի չկար: Էդ դեպքից հետո մի ամիս երեսս չէր բռնում գյուղամեջ դուրս գամ: Հիմա նորից ես եկել՝ էս ձյուն-ձմռնեցով: Արձակուրդ: Արձակուրդս ո՞րն է: Դե մնա, էլի: Զարմացար, որ երկրորդ անգամ եմ ամուսնացել: Ինչու՞ չէ: Մորդ փոխարեն վիրավորվեցիր: Ասա՝ քեզ ո՞վ է տվել լուսահոգու անունից խոսելու իրավունքը: Յոթանասունհինգ տարեկան եմ, հե՞շտ է ասել: Սարում էի՝ մենակ, ծերության օրոք՝ մենակ: Դիմանա՞լ կլինի: Ասում ես՝ Սիրուշի երեխեքը, հրեն, Վանաձորում են, ամեն շաբաթ գալիս են տեսնելու: Իսկ ու՞ր են քո տղաները: Դու քոնից խոսիր: Ես նրանց ճանաչու՞մ եմ: Կամ՝ հետներն ինչպե՞ս խոսեմ, ինչի՞ց խոսեմ: Անուններն անգամ մտքիցս թռել են, հիշե՞լ կլինի: Ես՝ չէ, դու ասա. որտե՞ղ փնտրեմ ինձ, ու՞մ աչքերի մեջ տեսնեմ իմ շարունակությունը:

Ասում ես՝ չոր մարդ եմ, հա՞: Աշխատանքից, սարերում մենակ մնալուց կոպտացել եմ: Երկրորդ անգամ ամուսնանալ, այն էլ այս տարիքու՞մ, старик: Դու էիր ասողը, ճի՞շտ է: Ստարիկ եմ, բա ի՞նչ եմ: Շուն եմ: Իսկ հիմա, որ լալիս եմ, տեսնու՞մ ես: Հենց այնպես եմ լվացվում, որպեսզի պառավն արցունքներս չտեսնի: Բա անարցունք ինչքա՜ն եմ լացել…

Արմենակի ականջը որսաց կողքի սենյակից եկող ծիծաղի ալիքը: Հարսն էր՝ Ռուտան: Լավ կին է: Ինքը նրա դեմ բոլորովին քեն չունի: Փուչն իրենն է: Այս հարսն էլ չլիներ, ավարան վայ թե չորգլուխ մնար:

Քիչ անց խորքի սենյակից դուրս եկան երիտասարդ ամուսինները: Տղան տեսավ հոր դեմքի մռայլությունն ու ոչինչ չասաց: Արմենակը, թիկն տված բարձին, հետևում էր չփչփոցով լվացվող հարսին: Ռուտայի կանաչավուն աչքերում գոհություն կար:

Նստեցին հացի: Հարսը ջանադրաբար ծամում էր լավաշն ու որերորդ անգամ գովում խնոցու կարագը, տնական ձուն, զարմանում մածնի, լավաշի վրա:

-Очень вкусно, -ասում էր, դառնում Հրայրին: - Как все это интересно:

Արմենակը լսում էր հարսին, չէր հասկանում, բայց ուզում էր, որ նա հա խոսի, այնքան, մինչև ինքը մոռանա ամեն ինչ: Չհիշի, որ որդին գնալու է, արձակուրդը վերջացել է, որ այս ցրտին վերստին տուն է սողոսկելու մենակությունը:

Տանտերն անսպասելի մտաբերեց կենվորին և ձայն տվեց: Սեղանատուն մտավ հայոց լեզվի և գրականության երիտասարդ ուսուցիչը՝ ծեր զույգի համար վաղուց տանու մարդ: Տղան դուր էր գալիս ծերունուն: Իր որդին լիներ... Ինչու՞ ինքը կարող է այս հեռավոր թալինցուն պատմել ջահել օրերի, սիրտը քրքրող վշտի մասին, հարազատ զավակին՝ չէ:

Նայում էր տղայի ու հարսի հետ զրուցող ուսուցչին և համեմատում որդու հետ: Հրայրն ինքն է, որ կա: Ձեռքերն էլ իրենն են, և զգացվում է՝ ուժ նույնպես ունի: Չէ, դժվար թե զորությունը տեղը լինի. հողից, արմատից կտրված մարդ է: Ա՛յ, ինքը ջահել տարիքին ուրիշ էր: Ու նա մտաբերեց, թե ինչպես մի անգամ ծանր ջվալը գրկած դուրս բերեց ջրաղացից՝ շահելով նոր թխած բաղարջները: Հարևան գյուղից մեկը կար՝ լոպազ, հասակը՝ բարդի: Տարավ-բերեց, թե՝ ուժը դեռ քիչ է, պետք է ճարպկություն ունենալ: Կոխից հետո շունչը դեռ տեղը չէր եկել, բայց դիվոտած ելավ, ու կպան իրար: Ինքը հասակով առանց այդ էլ աչքի չէր ընկնում, իսկ այդ լողլողի կողքին՝ հեչ, ոնց որ մասրենու թուփ: Բայց, դե, գետնեց: Շուն-շանորդի: Աղունն այդպես էլ թողեց ու աղոթրան չեղած՝ գնաց: Է՛հ, երանի հետ գային էն օրերը:

Որդու երգը հորը վերադարձրեց իրականություն: Ուսուցիչը բերել էր Իսահակյանի ժողովածուն, և Հրայրը «Որսկան ախպերն» էր երգում: Հոր աչքերը կսկծացին: Աշխատեց թաքցնել արտասուքները: Է՛խ, քեզ տղա ասողի: էնքան չի երգել, որ բառերը մոռացել է: Գրքով է երգում: Ձենը բարակ է, անուշ: Ինքն էլ էր սիրում երգել: Սրինգը դեռ մնում է: Մեկ-մեկ է ձեռքն առնում՝ ուսուցչի խնդրանքից հետո: Այսինքն՝ ի՞նչ ուսուցիչ, ի՞նչ կենվոր. Իր զավակն է, իր անուշ տղան: Տես, որքան բարի աչքեր ունի, հոգին նույնպես նուրբ է: Գալիս է, վերցնում իր կոշտուկապատ ձեռքն ու երկար-երկար շոշափում դաբաղած կաշվի ծալքերը: Թե ինչ է մտածում, ինչ է տալիս-առնում, անկարող է ասել, բայց ինքը երանության պես բան է զգում:

Որդին ավարտեց երգելը, հետո խնդրեց, որ ուսուցիչը գիրքն իրեն նվիրի: Դե մնա, էլի՛: Թե որ հայ երգ ես սիրում, հայերեն տառ, զավակներիդ էլ բեր: Գյուղում դպրո՞ց չկա: Հողի, գրքի, երգի ուժն առ, ուժվորիր, որպեսզի ես էլ հանգիստ մեռնեմ:

Որդու և հարսի մեկնելու ժամանակն էր: Հրայրը զանգեց Վանաձոր: Այնտեղից պատասխանեցին, որ քույրը, փեսան, թոռները դուրս են եկել և մի կես ժամից կհասնեն: Սկսեցին գնալու պատրաստություն տեսնել:

Արմենակը ելավ ապակեպատ պատշգամբ, դեմքը հպեց պատուհանի փեղկին: Բերանի գոլն առավ եղյամապատ ապակուն, և այն անմիջապես քրտնեց: Փորձեց մատով դեմք նկարել: Աչքերը սառը ստացվեցին, օտար, անկենդան: Թևքով կտրուկ սրբեց նկարածն ու մաքրված ապակու միջով նայեց: Դարձյալ ձյուն էր գալիս: Հեռվում գետն էր՝ Աղստևը, հետո գալիս էր անտառը: Թեժ լեռը չէր երևում: Հայացքը սահեց այգու վրայով: Համատարած ձյուն էր, հոգեհան լռություն: Ներքևում շունը բնից հանեց գլուխը, թույլ վնգստաց:

Էհ, փուչ է կյանքը, փու՛չ: Եվ ողջի մեղավորը տղան է: Արմենակն ուզում էր իջնել ներքև, փաթաթվել շանը, պատմել նրան իր ցավերը, ասել, որ ձյունաշատ ձմեռը լավ տարի, լավ բերք է խոստանում, որ ինքը յոթանասունհինգ տարեկան է և կամենում է ծեր լինել, ուզում է տանը թոռներ ունենալ, տանը՝ ջահել տղամարդ, որպեսզի այլևս հող չփորի, կողով չշալակի, հունձ չանի, ապրի՝ ինչպես բոլոր ծերերը: Այսինքն՝ ի՞նչ ծեր: Ծե՞րն ով հորինեց - էդ գյուղապետը: Նրանից էլ է նեղսրտած: Մի օր բռնեց, թե՝ Արմո, վաստակած նախրապահ ես, արի հանգստի ճամփենք: Տնաշեն, թե իմ մասին մտածում էիր, Հրայրիս չթողնեիր գնար: Թե չէ, փառք Աստծուն, ուժս տեղն է, հիմա էլ եմ ողջ տունը հասցնում:

Շունն ուրախ կլանչելով՝ սկսեց վազել մետաղալարի երկայնքով: Քրտնած ապակիները հնարավորություն չէին տալիս հեռուն տեսնել: Իր վերջին շունն է: Գիտի նրան, երբ լակոտ էր, հետո՝ գելխեղդ, իսկ այժմ նա ևս ծեր է, ինչպես ինքը:

Արմենակը ելավ բակ: Փողոցում կանգնած մեքենայից դուրս եկան սկզբում թոռները, ապա՝ փեսան, աղջիկը: Կենդանին ուրախությունից կտրատում էր շղթան: Առջևից վազողը փոքր թոռն էր՝ Գառնիկը, ում պապը Գառ էր ասում:

-Բարև, պապի, -ու փարվեց ծնկներին:

-Գառ, ձագ, մատաղդ լինեմ:

Թոռնիկը լքելով պապին՝ վազեց դեպի շունը, գրպանից հանեց գաթայի կտորն ու հրմացրեց կենդանուն: Շունը մեկնվեց գետնին, հաճույքից ճմլկոտեց՝ գլուխը երեխայի ոտքերին քսելով: Տղան շոյեց շան սաթի պես սև մազերը, խոնավ դունչը, ականջատակը: Կենդանին երանությունից գոցելով կոպերը՝ հանձնվեց նրբին ձեռքերի ջերմ շոյանքին:

Արմենակը դիտում էր թոռան արարքը, և հետզհետե հոգին թեթևանում էր: Ճիշտ է, աչքերը դարձյալ էին խոնավանում, բայց արդեն՝ ոչ դառնությունից: Նա այլևս մոռացել էր բոլորին, նրանց, ովքեր հյուր էին հայրական տանը և պիտի գնային, ու մնացել էր թոռը: Թվում էր, ձմեռ չէ, ու ծեր ականջը անտառի ձայնն էր լսում և առվի կարկաչը: Պապն էր թոռան մեջ մանուկ կտրել, ու շան ականջատակը քորող մանուկն այդ Արմենակն էր, որ մանկության սարերն ընկած՝ սրինգ էր ածում, ու նրա մեղեդուն ձայնակից էին թռչունները: Հետո պատկերները փոխվում էին, և նա այս անգամ պայծառ լույսերով ողողուն իր տունն էր տեսնում ու իրեն՝ թոռանը հեքիաթ պատմելիս: Գունագեղ հեքիաթն այդ իր մասին էր, իր ջահել օրերի, կանաչկեկ անտառների… Այն շքեղ վերջ ուներ և ավարտվում էր երկնքից թափվող խնձորներով:

Եվ թոռն էր պապին բաժին հանողը:


    

ՂԵԿՆ ՈՒՂԻՂ ՊԱՀԻՐ, ԳՈՌ

Վերնագիրը կյանքս կերավ: Գլխումս պատմվածքի կմախքը կա, զգում եմ՝ կգրվի, հուզումից ծնկներումս դող է հայտնվել, ոտքերս հագիստ չեն մնում, և հողաթափի ռետինե ներբանն արդեն սևացրել է մանրատախտակը, բայց, միևնույն է, առանց վերնագրի չեմ կարող, առանց խորագրի ինչ-որ բան պակաս է, մտքերը նույն հունով քշել չի լինում, սանձը չձգած՝ փոկը թուլանում է, ու մի հույզ-ձի գլուխը շրջում է, նայում ուղիղ աչքերիս: Ու՜ր, -ասում է, - առանց վերին գրի: Ոչինչ, թող երկուսը երեք ժամ դառնա, մի սկսիր, մինչև չգտնես ասելիքդ խտացնող բառը, բառ-գաղափարը, նախադասություն-նպատակը: Երբ կգտնես, գամիր տողերիդ վերևում, կամարիր, թող դառնա ելման կետ, թե չէ… Աննպատակ կրակոց ո՞վ է տեսել, շարժիչը ո՞ր վարորդն է առանց բանալու գործի գցում:

Սակայն, սպասիր, ինչ-որ բան կարծես այն չէ: Եվրոպական, ավելի ստույգ, ամերիկյան շունչ կա վերնագրում: Ազդեցությու՞ն: Ումի՞ց, ո՞ր գործն է հիշեցնում՝ Սարոյա՞ն, Ֆոլկնե՞ր… Սակայն իմը Սթայնբեքն է: Իսկ Սելինջե՞րը: Նա, որքան մտաբերում եմ, նման բան չունի: Կարծես թե հիշեցի՝ «Ծպեղները բարձր, ատաղձագործներ»: Բայց դա ի՜նչ նմանություն է: Չէ, գտա, հաստատապես գտա. ծովից է: Գրասեղանիցս ծովեզր, հաշվել եմ, յոթանասուն քայլ է, ոչ ավելի: Իսկ ջրի այն ափին բուն Եվրոպան է, ուրեմն՝ կտրվել, կտրվում եմ մայր հողից: Դա լավ չէ, ամենևին: Այդպես է՝ մայր հողն ինձ համար կոնկրետ հասկացություն է. որձաքար է, դաշտամիջյան ճանապարհ, մասրենի, կավահող, բարդի, այն ամենը, ինչ աչքս ծննդյան օրից տեսել է, ինչի սովոր եմ: Գուցե միամիտ է հնչում, կրկնված խոսքեր են, սակայն չեմ ջնջում: Դա իմ համոզումն է և հետո՝ սեփական դեմքը, նկարագիրը չկորցնելու համար լավ կլինի ժամանակ առ ժամանակ մտաբերենք անկյուն քշված, սարդոստայնոտ խոհերը, գոնե մեկ-մեկ նայենք: Խելոք, ինքնատիպ, ժամանակակից երևալ-խաղալու մարմաջի պայմաններում դա փրկության խարիսխ է:

Չշեղվելու համար դադար եմ առնում: Ներսումս հիմա մեծ վախ կա, որ պատմվածքը չի ստացվի, թեև նոր առաջին էջն եմ շրջել: Վերնագիրը՝ մեկ. կասկածների տեղիք է տալիս, երկրորդ՝ այդ սկիզբը. իմը չէ, մերը չէ: Դարձյա՞լ ծովն է մեղավոր, թե… Տանն սկսած պատմվածքն այդ դեպքում ինչու՞ կարողացա ավարտել: Նույնիսկ գնացքում գրվեց, չնայած անսովոր վիճակ էր, ու թափահարումները, անիվների միալար շխկթխկոցը, ուղևորների թերահավատ, քամահրական, սակավների ակնածալից հայացքները խանգարում, ճնշում էին: Խոստովանանք լինի՝ վախի, ձախողանքի զգացում միշտ էլ եղել է, անգամ ամենասեղմ սյուժե-ռեպորտաժը, հաղորդագրությունն սկսելիս: Այնպես որ՝ մեղք չուսեմ. ծովը սիրուն է, հիրավի գեղեցիկ, մեծ, հզոր:

Օրը երկու անգամ՝ առավոտյան և քնից առաջ այցի եմ գնում:

-Բարև, ծով, -ասում եմ:

Իսկ նա՝ հեչ, անտարբեր, ծովավարի գալիս, զարկում է ափին, հետ գնում:

-Ինձ ամենևի՞ն չես ճանաչում, -շարունակում եմ: -Մերոնք հնում քեզ Պոնտական էին ասում:

Նորից նույնը՝ երկու ճերմակ զբոսանավ մեջքին, ճոճվում-տարուբերվում է: Վերևում ճայերի երամն է, ափն ի վար հարավ են գնում: Նրանց համար սահման-բան գոյություն չունի: Եթե ուզեն, Բաթումից այն կողմ կանցնեն, Խաղտյաց լեռնապարով, Կարնո սարահարթով, Բյուրակնով, Խնուսի գոգավորությամբ կմտնեն Արածանիի հովիտ, ապա հաղթահարելով Սիփան, Թոնդուրեք ու Նեմրութ գագաթները, կհասնեն Վանա լիճ, կբնադրեն Բերկրի, Խոշաբ գետերի, Սև ջրի ճահճուտներում, Արճիշակի ու Նազիկի ափերին: Էհ, լինելու բան չէ, ի՞նչ են կորցրել, որ գնան, կարո՞տը պիտի քաշի:

-Բարև, -բղավում եմ, հետո սթափված՝ ջանում հետը լեզու գտնել: -Այ Սև ծով, -ձայնս լրիվ մեղմել եմ, -դու Եվրոպա տեսած ջուր, քանի՜ քաղաքակրթության ականատես, միլիոն, թե միլիարդ տարեկան, մի բարևն ի՞նչ է, զլանում ես: Միշտ չէ, որ մոտիկ ենք եղել, գիտեմ, բայց թե հիմա էլ անապատ ու տերություններ մեզ չեն բաժանում: Ուրիշների պե՞ս պիտի վարվեի՝ ավազուտներից, ձիու բաշը գրկած, հոտն ու վրանը ետքիցս գայի՝ անտեր-տիրաբար, որպեսզի խոնարհաբար գրկեիր ոտքերս, հետո փույթ չէ, թե կասեին այստեղով …… են անցել: Ի՞նչ ես փրփրել, գիշերը ողջ չթողեցիր քնեմ: Հյուր եմ, ի վերջո, չէ՞: Հյուրի նման էլ ինձ պահում եմ՝ բարեկրթության օրինակ:

Չորրորդ օրն է ընդամենը, բայց հոգնել եմ խաղից: Սիրուն, սիրուն է ամեն բան, կոկիկ-կոկիկ՝ սոճուտը, ճեմուղիներն ու մանրակրկիտ ներկած նստարանները, զրուցատաղավարները, խաղահրապարակներն ու պատշգամբն ի վեր մագլցած բաղեղները, սրահ-միջանցքների ուղեգորգերն ու ծաղկամանները՝ տեսակ-տեսակ մշտադալար բույսերով, պատրաստակամ, ժպտերես ծառայողներն ու ձմեռնամուտով հանգստացող մարդիկ: «Բարև Ձեզ, բարի ախորժակ», -դա՝ նախքան աթոռը սեղանից ետ տանելը: Ապա նստում եմ ձիգ, արմունկներս հավաք և՝ «Ինչպե՞ս քնեցիք գիշերը: Լա՞վ»: «Շնորհակալություն, ես նույնպես»: Հետո գալիս է մատուցողը՝ «Բարի առավոտ: Այսօր նախաճաշին ունենք…», -ու կթվարկի: Նա կգնա, իսկ անախորժ լռությունը, սեղանակիցներիս միջև սողոսկող սառնությունը վանելու, մերձ չթողնելու համար չգիտես ինչու իմ չխոսկան տեղով կասեմ՝ «Եղանակն այսօր, կարծես, ոչինչ, տանելի է» կամ նման մի բան: Վրա հասած մատուցողն ուտելիքով ծանրաբեռ սայլակով կփրկի դրությունը: Նախաճաշն իրավունք է տալիս հարցեր չտալ, ու լռությունը տանելի է, ոչ անբնական, եթե, մանավանդ, ընդմիջվում է «Տվեք, խնդրում եմ, մանանեխը», «Ինձ ևս թեյ լցրեք, եթե կարելի է» և նմանակարգ խիստ քաղաքավարի, դիմացինի անձը գնահատող, կշիռն իր իսկ աչքին բարձրացնող խոսքերով: Պատառաքաղը՝ ձախ, իսկ դանակն աջ ձեռքում պահելը պարտադիր պայման է: Որ ձախլիկ եմ ու դանակի շեղբը միսը չի կտրում՝ ոչինչ: Դա հաշվի մեջ չէ, և ստիպված կրկնապատկում եմ ջանքերս, ուժ գործադրում: Շնորհակալություն ճակատագրից, որ մինչ օրս միսը, ափսեն չեն պլստացել, թռել կողքի սեղանին: Վերջում՝ մատուցողուհուն հաճոյախոսություն իսկապես համեղ նախուտեստի, ճաշի, թխվածքի համար, փոխադարձ ժպիտներ, դռնից անցնելու նախապատվությունը կանանց զիջելու արարողություն, և առժամանակ ազատ եմ:

Լավ է, հաճելի է, չքնաղ, փառահեղ, բայց այս հանգստյան տունը նմանիս համար չէ: Մեկ ուրիշը, համոզված եմ, հրաշալի ժամանակ կանցկացնի ու գոհ կմնա: Խուզած թփաշարերից, մերձարևադարձային ամենատարօրինակ, տարատեսք բույսերից, անթերի առողջ եղևնիներից ինձ առավել գրավողը ծովափին ընկած հսկա կոճղարմատներն են: Ինչ-որ ժամանակ ալիքը շուռ է տվել: Բունը հատել տարել են, արմատները թողել՝ պառաված, սև, ոլորուն:

Իրոք, խճճվում եմ: Վերջ: Ծովի, ծովափի, հանգստացողների մասին պատմվածք ես չեմ գրի: Դա թող մնա ծովի լեզուն, երգը լսել-ըմբռնողին, երկիր մոլորակի փափկասուն գոտում անկորուստ, անցավ ապրողին: Իմը տեսածս է՝ դարակումս մնացած լավաշի փերթը, որը չեմ ուտում, թողել եմ, իբրև մասունք:

Նման դժվար վիճակի մեջ չեմ եղել: Իսկապե՞ս, -հարցնում է մեկը ներսիցս: Ո՞ր գործն ես հեշտ գրել, խճճվելու վտանգ որի՞ ժամանակ չկար: Շնորհակալ եղիր, որ քեզ մենակ լինելու հնարավորություն է տրվել, ստեղծագործելու մեծագույն հաճույք-տառապանքը, և լավաշ-նշխարքից ուժ առած՝ թերթիր տարիներն ու փրկիր գրվածքը, թող ոգի առնեն մանկության հիշատակները, անձինք, թղթին տուր քեզ:

Իսկ վերնագիրն ընտիր է, չփոխես:

***

-Առաջ նայիր, Գոռ, միայն առաջ և ղեկն աշխատիր ուղիղ պահել:

-Դու ետևիցս բռնիր, չթողնես հանկարծ:

-Մի վռազիր: Հերթով սեղմում ես ոտնակները, սկզբում մեկը՝ այդպես, հետո՝ մյուսը: Արդեն ստացվում է:

-Թողել ես ձեռքերդ, գիտեմ:

-Մենակ ավելի հեշտ է: Որ ասում էի… Հանգիստ, ի՞նչ եղավ քեզ, այ տղա, -հասցնում եմ բռնել հողապատնեշից ներքև գլորվող հեծանվի պոչուկից: Ուժս չի պատում, և երեքով՝ Գոռը, հեծանիվն ու ես գլուխկոնծի ենք տալիս մինչև ջրեզր: Նա սկսում է լաց լինել:

-Տե՞ղ է ցավում, -արագ-արագ թափ եմ տալիս, մաքրում փոշոտ մարմինը: -Արյուն-բան, հո, չի՞ գալիս:

-…շարունակում է ձեռնափով տրորել աչքերն, ու արցունքից թրջված փոշին լղոզվում է այտերին, փոխում գույնը:

-Տղաները գալիս են, թող չտեսնեն:

Նրա՝ հետքերը կորցնելու հապճեպ ջանքերը սրտաշարժ են, ու քիչ է մնում ես ևս լամ:

-Ուզու՞մ ես, Գոռ, էլի քշենք: Դու հիմա, ոնց որ գալու ժամանակ, ետևս կնստես:

Ձայն չի հանում, հայացքը մոտեցող տղաների կողմն է՝ գյուղի ուղղությամբ: Բարձրացնում եմ հեծանիվը: Ղեկը տեղաշարժվել է, շղթան ընկել:

-Պահիր տեղը գցենք, սա մի մարդու գործ չէ:

Նոր յուղած շղթան հողի մեջ կորած է:

-Ջուրը կոխիր, բեր, -տրամադրությունը բարձրացնելու համար եմ օգնությանը դիմում:

Նա ուշանում է: Դիտմամբ չեմ նայում. առանց տեսնելու գիտեմ՝ լվացվում է:

-Կարծում ես ուրիշները հե՞շտ են սովորել, -ասում եմ: -Ես չորս լրիվ շաբաթ, հավատա, չարչարվեցի:

-Մեկ է, չեմ կարողանա:

-Արդեն գիտես:

Արևն ընկել է Փշասարի արևմուտք նայող լանջին. կարելի է լողանալ: Քիչ անց կհասնեն տղաները, և ամեն բան դյուրին կլինի: Առավել դժվար, պատասխանատու հանձնարարություն ստացած չկամ: Հայրս է կարգադրել՝ պիտի զբաղեցնեմ Գոռին: Թող չտեսնի հոր դիակը, -ապսպրել է: Որպեսզի գործս հեշտացնի, նույնիսկ Մասիսի հեծանիվը բերեց: Նոր է, ու հորեղբորս տղան մեզ դժկամորեն է թույլ տալիս քշել՝ միայն իր ներկայությամբ, մինչև փողոցի անկյունն ու հետ, սակայն հորս խոսքը…

-Զգույշ կլինես, ուրիշի ապրանք է, -հետո թե՝-դին տասներկուսի կողմերը կբերեն: Թաղումը կլինի երեքին, ժամը չորսին կգաք, -և փող տվեց: -Կուզեք՝ իրիկունը կինո կգնաք, չեք ուզի, կոնֆետ առեք:

Սկզբում ամեն ինչ ինքնիրեն ստացվեց, բնական: Գոռը, իհարկե, նախապատվությունը տվեց կոնֆետին, բան, որ նաև իմ սրտով էր: «Կինո ոնց էլ լինի, կմտնենք, թեկուզև կեսից», -ասաց: «Համ էլ ամառ օրով՝ հավես չկա», -եզրափակեցի:

Փոքրիկ միջադեպ շոկոլադները բաժանելիս եղավ: Կիսողը ես էի. մեկը գրպանս էի դնում, մյուսը տալիս իրեն: Վերջինը՝ տասներեքերորդը, ևս Գոռի բուռը դրի, ու նա զարմացավ, հարցրեց՝ ինչու՞: Ժամանակ չկորցնելու համար գլուխս եկած առաջին պատասխանն արևերես հանելով ասացի՝ ուզում եմ հետդ ընկերություն անել, մոտիկանալ: Քանի որ մեր միջև երեք տարվա տարբերություն կար, և նա գիտեր՝ Շավարշը, Եղիշեն ու ես անդավաճան ընկերներ ենք, իսկ չորրորդի կարիք չկա, խճճվելով հավելեցի. «Շավոյի մերը չի թողնում հետներս ման գա, ասում է՝ էրեխուն խելքից հանում եք, դասերից գցում»: Ողջը, իհարկե, սուտ էր, ու դրանից ես հերսոտեցի՝ ինձ, հորս, իր, Շավոյի մոր վրա՝ իսկապես չարգելելու համար և էլի նման բաներ զառանցեցի, սակայն Գոռը կանխեց՝ գիտեմ, հերս մեռել է, մեղք ես գալիս:

Հեծանվի նստաձողին դրած նրան դպրոցի կողմը՝ ֆուտբոլի դաշտ տարա: Արձակուրդի շրջան էր, ամառ, և այնտեղ մի քանի հորթից բացի այլ շունչ չկար /ճնճղուկներն հաշվի մեջ չեն/: Հեծանիվ քշել ամենևին չգիտեր: Տրամադրությունն ընկած էր, թե ինչ, անգամ բարձիկի վրա պահել չէր կարողանում, ու առաջին երեք-չորս փորձից երկուսս էլ ձեռք քաշեցինք: Միակ հետաքրքիր բանը մնում էր պտտաձողը: Հեռվից թափ առած գալով՝ մի կերպ ցատկում հասնում էի, իսկ նա ուղղաձիգ հենաձողը գրկած էր ելնում: Պինդ էր, ճկուն, որովհետև եթե ես չորս-հինգ ձգումից հետո թուլանում էի, պարկի պես կախվում, նա շարունակում էր, վերջում մինչևիսկ «աղվես քերթում»:

Շուտով մենք հոգնեցինք, խաղն ինքը ձանձրալի դարձավ: Գոռին իմ ընկերակցությունն ակնհայտորեն չէր գրավում, եթե կոնֆետը չլիներ, կգնար: Ի վերջո, նա գտավ չվիրավորելու պարզ ձևը:

-Տուն չգնա՞նք, -հարցրեց:

Առաջարկեցի Հողլիճ գնալ՝ մեր ամառային լողատեղը, գրազ եկա, որ քարն իրենից շատ կթռցնեմ ջրերեսով, ասացի, որ կողքի արտում եգիպտացորենն ուտել լինում է, հաստատապես հեծանիվ քշել խոստացա սովորեցնել, հրապուրեցի բռնելիք սուզաբադի ձագը նվիրելով, վերջապես՝ իրեն զիջեցի կաշվե նստիքը:

-Բա դու՞:

-Ետևի նստատեղից ավելի հեշտ է քշվում, -տեսա՝ գրավվում է, երկմտելու ժամանակ չտալով՝ հորինեցի:

Եզնիկենց արտից արմատահան գարու ցողուններով նստիքը հարդարելը մեկ-երկու րոպեի գործ էր: Այդ եղանակով քշել, անշուշտ, չհաջողվեց. ոտքերս չհասան, բայց քանի որ Գոռը խաղի մեջ էր մտել, մոտ էի նպատակիս: Նա նստեց հետնամասում, ես՝ բարձիկին, ու առանց դադարի, անփորձանք երկու կիլոմետր՝ մինչև ջրամբար, արտամիջյան ճանապարհով քշեցինք:

Հողլիճը հիմա էլ կա, երեք-չորս հեկտար տարածք է զբաղեցնում: Երկու կողմից ընտիր սևահողը բուլդոզերներով քշել են, թումբ արել, և անձրևի, ձյան հալոցքի ջրերը հավաքվելով՝ ամռանը, երբ երկինքը խոնավության փոխարեն կրակ է թափում, ցամաքում չորս կողմը, դառնում են փրկություն՝ շատության պատճառով գյուղի սար ու դաշտին պատուհաս դարձած ոչխարի բազմաքանակ հոտերի, նախրի համար: Լճակի հաշվին կոլտնտեսությունն այն ժամանակ մի քանի հեկտարանոց արտ էր պահում, թեև կողրեր գրեթե չէր հաջողվում հավաքել, որովհետև կաթ ընկնելուց մինչև հատիկի պնդելը հասցնում էինք ամբողջովին մաքրել: Ստիպված՝շատ անգամ անհաս հնձում էին, սիլոս անում՝ ի ցավ մեզ, հովիվների:

Հողլիճը երեխաներիս առաջին հերթին գրավում էր իբրև լողատեղ: Պոչիկ ձորում ջուրն օգոստոսին կտրվում էր, Կլորակում, Ֆռռանում, Դևնոցում՝ կանաչում, մնում էին Տերտերի ձորի Չռիկը, Սլլան քարը, բայց այնտեղ ոտալող իմացողներիս, խորությունից չերկյուղողներիս հետաքրքիր չէր, և մենք ապավինում էինք լճակին: Ջրի հայելին ներքև՝ մերձակա բլրակներում բնադրելու էր կանչում նաև գողտրիկ լճեր աճապարող բադերի երամին: Մի քանի խև զույգ համառորեն գալիս էր, ձագ հանելով ընկնում կրակը: Աղավնուց, հավից, ագռավ-կաչաղակից զատ բան չտեսած, մյուս թևավորներին կինոներից, Վախթանգ Անանյանի գրքերից ճանաչող գյուղի մանկտիք՝ խեղճերին դադար չէինք տալիս: Փառք բնությանը, ճարպիկ թռչուններ էին, և ջրում բռնել գրեթե չէր հաջողվում, եթե լճակը շատ չիջներ, ու թաքնվելը դառնար դժվար: Երբեմն էլ հովիվներն էին դիպուկ փայտ նետում, այդուհանդերձ տասը ձագից չորս-հինգը աշունը վերադարձող երամին խառնվում էին: Չգիտեմ՝ ասում են, արդեն քանի՜ տարի ոչ մի կռնչան, սուզաբադ ներքև չի իջնում: Խենթեր միշտ էլ կան, կլինեն, պատճառը դա չէ. պարզապես քսաներորդ դարը նաև ամենաժամանակակից հրազենով է գյուղ մտել:

Տղաների գալով դաշտը, թումբը, Հողլիճը կենդանացան: Վազքով՝ ետքից փոշու թեթև ամպ, նրանք հասան մեզ, շրջապատեցին, որը նույն արագությամբ ջուրը գցվեց, որը ձեռքը գցեց հեծանվին, ստուգել սկսեց դողերի ամրությունը: Մի քանիսը միայն, նկատելով Գոռին, լրջացան՝ պատշաճ չհամարելով խանդավառվելը: Նրանց ոչ ձեռքբերովի նրբանկատության կողքին մեկմեկու վրա հող շպրտող, ջուր ցանող երեխաների, թերևս, անմեղ արարքն այդ պահին առավել ակնառու, բիրտ էր:

Լողալ իմացողներս Գոռին հետներս առած գնացինք ջրթող անցքի կողմը, որտեղ ավելի խորն էր, մաքուր, ոտքերս տիղմին չէր հասնում, իսկ փոքրերը, ով ոտնալող չգիտեր, մնաց վերին ափին՝ գոհանալով ցեխաջրով: Սակավանձրև տարիներին ջուրն այնքան էր հետ քաշվում, որ այդ մասում մերկացած հատակին տեղ-տեղ միայն փոքրիկ անջատ-անջատ լճակներ էին մնում՝ լի օձերով, գորտերով, իսկ տիղմը չորանում, ճաք էր տալիս: Անգամ նման ժամանակ ջրթողի մոտ, ուր պատնեշը մի քսան մետրի չափ քարած էր, ջուրը թեև դեղնավուն, բայց մաքուր էր, ստորին շերտերում՝ սառը, այնքան, որ հովիվները երբեմն խնդրում էին տափաշշով խորքից խմելու համար հանել: Ոչ բոլորն էին կարողանում, այնուամենայնիվ, սրտոտներ կային: Ամենամեծ հաճույքը նույն ջրակից լողալով հարավկողմյան Մեծ թումբ հասնելն էր: Միայն թևալողով մեր տարիքի երեխաների համար դժվար էր, ու հոգնելիս անցնում էինք մեջքալողի:

Գոռը, լավ է, լողալ գիտեր, և մտահոգվելու կարիք առայժմ չունեի:

Ափից քսան-երեսուն մետր այն կողմ ջրերեսին ինչ-որ բան էր սևին տալիս:

-Օձ չէ՞, -հարցրի:

Օձից բոլորս էինք վախենում, թեև խայթելու դեպք չէր եղել: Նրանց մասին ընդհանրապես խառնակ կարծիք կար: Մեկն ասում էր, թե ջրայինները կծող չեն, մյուսը՝ կծում են, սակայն վտանգ չկա, քանի որ թույնը խառնվում է ջրին, երրորդի պնդմամբ՝ պետք է զգուշանալ մարմնի փաթաթվելուց միայն ու նման բաներ: Իմ գիտցածով, երկու տեսակն էլ հանդիպում է. տեսել եմ, երբ շոգը շատ է նեղել, ու Հեփեստոսի դարբնոցի կայծերից շիկացել են սալերը, ինչպես է սև իժը ցամաքից սողալով ջուրը մտնում:

Տղաներն սկսեցին վիճել:

-Բադ կլինի, մենակ գլուխն է երևում:

-Օձ է, -պնդեցի:

-Ոչ քո ասածն է, ոչ Հայկարամի, խռնդատի կոթ է:

-Երևի, -առանց մարտի հանձնվեցինք մյուսներս:

Դա դուր չեկավ Գոռին. ակնհայտ էր, դարձյալ հորը մտաբերեց: Արդեն բոլորին, ամեն ինչին հիվանդագին, բեկված դիտակով էր նայում:

-Չե՞ք հավատում, հիմա կբերեմ, -ու մտավ ջուրը:

-Թաղումը երեքին է, -երբ զգալի հեռու էր, ասացի:

-Ինչի՞ց կլինի մեռած, -հարցրեց Հայկարամը:

-Կոմբայնի տակ է մնացել: Թե ոնց, լավ չգիտեմ:

-Բա Երևան ինչու՞ տարան:

Գոռենք պատկից հարևան էին, և տղաները, բնականաբար, մանրամասներն ինձնից էին լսել ակնկալում: Հայրս այդ թեմայով տանը խոսել խուսափում էր, բայց նրա՝ մեծ եղբորս հետ զրույցից պատկերացում ունեի: Մանրամասներն այսօր էլ չգիտեմ, Գոռից միշտ անհարմար եմ զգացել հարցնել, իսկ այն ժամանակ…

Ամեն հուլիսի, քանի որ Արարատյան դաշտում ցորենն ավելի վաղ է հասունանում, գյուղի տրակտորիստներին, կոմբայնավարներին գործուղում էին օգնելու /պատմածս տարիներին ինգնագնաց հնձիչներ չկային/: Գոռի հայրը արևմտոցի կողմ կոմբայնի տակ մտած նորոգելիս է եղել: Տրակտորիստն անտեղյակ՝ գործի է գցել մեքենան, ահագին տեղ քարշ տվել: Հովհաննեսի խեղված մարմինը ցորեն փոխադրող ավտոյով հասցրել են շրջկենտրոնի հիվանդանոց, այնտեղից՝ Երևան, բայց կյանքը փրկել չի հաջողվել: Դին մի քանի օր մնաց անատոմիկում, որովհետև, ասում էին, դատի գործ է բացվել: Որքան հիշում եմ, մարդիկ մեջ ընկան, խնդրեցին, ու Վարշո տատը չբողոքեց:

-Լավ է, ակի տակ չի մնացել, լրիվ կջնջխեր, -երբ ավարտեցի, նկատեց Գարեն՝ սրամտությամբ աչքի չընկնող մի տղա:

-Մեկ չէ՞, -Հայկարամը բամփեց գլխին:

Պատասխան հարվածը Գոռի պատճառով չկայացավ:

-Որ ասում էի՞, -նա հասել էր սև կետին և, ճանկելով, աղջկական շարժումով մի կողմ շպրտեց խռնդատի փայտացած կոթունը:

Մենք աղմուկով ջուրը նետվեցինք: Ուղղվեցի Գոռի կողմը. խղճի թեթև խայթ էի զգում հոր մասին առանց իր ներկայության խոսելու պատճառով, ասես դավաճանած լինեի: Աշխատում էի երեսանց լողալ, որովհետև պորտից ներքև ջուրը տհաճության աստիճան սառն էր:

-Մեծ թումբ գնանք, թե՞ հոգնեցիր:

-Ելնեմ արևին, ջուրը դուրեկան չէր:

Նա լողաց ջրակի ուղղությամբ, ես՝ Մեծ թումբ: Գոռը, սակայն, հասնելով ափ, սովորականի պես չմեկնվեց հողերին, «նեգր» չդարձավ: Այդպես էլ թաց-թաց հագնվեց, թույլ-թույլ, մի տեսակ ամաչելով՝ գլխիկոր ճամփա ընկավ:

-Գոռ, մի գնա, -արգելող շեշտով բղավեցի:

Շրջվեց ձայնի ուղղությամբ, նայեց ինձ:

-Ու՞ր, -այս անգամ դիմեցի նաև ձեռքի օգնությանը:

-Տուն, -ու մատնացույց արեց գյուղը:

Թևալողով ետ դառնալով՝ արագորեն վրաս քաշեցի տաբատը: Մակաղելու եկած հոտը լայնքով բռնել էր հողապատնեշի երկու երեսը: Հեշտ չէր հոծ մսեղիքը ճեղքելը, և ես Մեծ թմբի վրա հազիվ հասա նրան: Եղիշին մնում էր ևս երեսուն-քառասուն մետր: Նա մեջքալողով էր գալիս՝ թիկունքով դեպի մեզ:

-Ինչու՞ ես վռազում, -Գոռի դեմը կտրելով՝ հարցրի: -Կարգին չլողացանք:

-Առավոտից հաց չեմ կերել:

-Ուզու՞մ ես, -ցույց տվի ընդմիջման նստած հովիվներին, -նրանցից հաց խնդրեմ: Մածուն էլ կունենան:

-Չէ, -նա, վախենալով բռնանամ, ընկրկեց:

Հովիվներից մեկը, ով, երևի, լսել էր մեր խոսակցությունը և դեմքով գիտեր Գոռին, մոտեցավ:

-Հովոյի տղա՞ն է:

Գլխով հաստատեցի:

-Թող գնա, -ու հայացքը գյուղի կողմն արեց:

Սարերի գոգում, դաշտի պռնկին խաղաղ ննջում էր մեր կանաչուն շենը: Շոգի կար օդում կանգնած, և տները, բարդիները հազիվ նշմարելի օրորվում էին: Սիրուն, ի՜նչ սիրուն էր: Հորիզոն չտեսած տղեկիս համար ծովը, օվկիանոսն այն ժամանակ այդ կերպ էին ներկայանում: Խաբկանքը… Ամեն տարիքում գորշությունից փրկողը, մեր արատավոր մարմնի մոլի ցանկությունները վանդակողը, հոգին թռիչքի, սիրո, զոհողության մղողը նա է: Հարթության վրա փռված գարու, ցորենի արտերը դառնում էին ծով, ալիքվում, մտնում ծովածոց, ուր մեր նավահանգիստ-գյուղն էր, առագաստանավ-տներն էին, բարդիները՝ կայմ:

Թմբիրից հանողը հովիվն էր.

-Դիակը երկու ժամ կլինի բերել են:

-Սպասիր ես էլ եմ գալիս, -վազքով հեռացող Գոռի ետքից կանչեցի, հետո դարձա ջրից նոր ելած Եղիշին: -Հեծանվին տեր կլինես, ասա՝ շատ չնստեն:

Հետդարձը, կոշիկներն ու վերնաշապիկն հագնելն զգալի ժամանակ խլեց: Գոռը Հողլիճ մտնող հեղեղատը կտրել, արտեզրով էր ընթանում: Ինձ նկատելով՝ անցավ վազքի: Մեզ բաժանող տարածությունը կարճելու համար հանեցի կոշիկներս, սուրացի: Ճամփին մի հոտ ևս դեմս կտրեց. նոր-նոր մակաղելու էին իջնում: Ակնհայտորեն հեռվից էին գալիս, շատ էին ծարավ, ջրի տեսքը խենթացրել էր. առաջկտրուկ վազում էին, իրար տակով տալիս: Շներն առաջինն էին հասել, և երեք-չորս քայլ լճում խորացած՝ ագահորեն լակում էին: Անգամ թմբի վերևից չփչփոցը հասնում էր: Միայն ավանակն էր անտարբեր՝ գետինն ուսումնասիրելով, ի միջի այլոց ճնճղապաշար, ծեծկած փուշ բերանն առնելով քայլ փոխում:

Քիչ անց հոտը մնաց թիկունքում, ես ևս անցա ցամաք հեղեղատը: Այլևս հեշտ էր: Հասնելով՝ քայլերս հարմարեցրի: Տեսավ՝ բռնություն չեմ գործադրում, համոզում, հաշտվեց. արդեն չէր խուսափում, թշնամալից նայում: Գիտեի, որ պետք է խոսեմ, սփոփելու համար ինչ-որ կարևոր բան պիտի ասվի, բայց թե ինչ՝ գլխի չէի:

-Գոռ, հիշու՞մ ես, երբ ձեր պատը քանդեցին, ժանգակեր հրացան, մաուզեր, մի տոպրակ յուղած փամփուշտ թափվեց: Պապիդ զենքերն էին՝ ֆիդայի պապիդ, Ղազար պապիդ: Նա քաջ մարդ է եղել, Գոռ, մեծսիրտ թե այնտեղ՝ Մուշում ու թե այստեղ: Նա պինդ, սրտոտ մարդ է եղել:

Վազել այդչափ երկար, հետն էլ խոսել, դժվար է անգամ մեծերի համար, սակայն չպիտի լռեմ, իրավունք չկա:

-Հայրս երեկ ասում էր՝ Հովհաննեսին դժվար, դժբախտ կյանք բաժին ընկավ, բայց չկեռվեց: Ղազար պապիդ տանելուց հետո Վարշո տատի հետ մենակ է տունը պահել: Կռիվն էլ մի կողմից: Կռութ հավաքելու համար, պատկերացրու, դատել են: Փոքրերի լացը մի բանով պիտի կտրեի՞ն: Մեծ եղբորս հետ գիշերը գնացել են Մարդասպան ձորի կողմերը, հասկ պոկել, լցրել տոպրակը: Հենց տեղում էլ ծեծել են, էրնել, ինչ է՝ երկու բուռ ցորեն դուրս գա, դրանով տնեցիք ապրեն: Եթե հոգսը չխեղդեր, նրանից գիտնական դուրս կգար: Մեկ էլ անչար էր, -ասաց, ինչը ես էլ գիտեմ: Ինչքան կինո գար, հենց տեսներ դռանը կանգնած եմ, հետը ներս էր տանում: Հիմա որ այդպես եղավ…

Արագ վազքից արյունը խուժել է ականջներս, թմբկաթաղանթներս տնքում են: Ֆիզկուլտուրայի ուսուցչի խորհուրդը՝ վազելիս քթով շնչելու մասին, չի արդարացնում:

-Կարծում ես, կմոռանա՞մ անցյալ տարվա ձմեռը: Չե՞ս հիշում՝ ծնոտով զարկեցի քարին: Աղբյուրի ջուրը փողոցում սառույց էր կապել, դույլից թափվածն էլ տեղում էր մնում: Ոտքս դնելն ու պլստալը մեկ եղավ: Սառույցին բարակ շերտով ձյուն էր նստել, չտեսա: Հենց ձեր ճարի մոտ էր: Անկտին մի կողմ թռավ, դույլերը՝ մի: Հերդ անասունին կեր էր տալիս, զռոցս լսեց, եկավ: Մեկ ուրիշն ամենաշատը մեր տուն հասցնելով՝ պարտքը համարեր ավարտած, ինքը՝ չէ, շինելով փաթաթեց, շալակած հիվանդանոց տարավ: Շուրթս ներսի կողմից լավ պատռվել էր, երեք կար դրին: Դասարանի աղջիկներից մի քանիսը սպին նկատել, Ճոռո են ասում:

Հասնելով ծիրանուտին՝ դադար առանք: Երկուսս էլ քրտնել էինք: Տերև չէր շարժվում, քամու նշույլ չկար: Հանգստանալու համար գետնին մեկնվեցի, Գոռը՝ ծառաբնին:

Օգոստոսյան ետմիջօրեի ժամ էր: Մարդ չկար խոտնոցում: Չգիտեմ դուք՝ ինչպես, բայց ես հիմա էլ երկնքի կապույտ խորությանը տևաբար նայելիս, դադարում եմ զգալ մարմնիս գոյությունը: Ավելի շուտ՝ զգում եմ, սակայն հողից, շուրջս եղածից անբաժան: Դառնում եմ Երկիր մոլորակի մասնիկն ու նրա հետ տրոփում տիեզերքի անսահմանության մեջ: Իսկ երբ չես զգում մարմնիդ ծանրությունը, օդ ելնելն ու Նախավկա սարի թիկունքը քաշվող ձյունաճերմակ ամպաքուլաներին հեծնելը դառնում է շոշափելի լինելու չափ իրական, իրագործելի:

«Հրաշք, հրաշք լիներ՝ դառնայի ամենազոր, անտառներով պատեի մեր լերկ բլուրները, վերադարձնեի նրանց նախաստեղծ գեղեցկությունը, կանաչ-կանաչ լիներ շուրջս: Հետո, հետո… Հնար լիներ՝ ետ բերեի կորսվածը, վերադարձնեի գետից այն կողմ եղածն ու նախնիներիս փառաց օրերը և նախորդների սխալն ուղղած՝ ապրեի հպարտ, ապրեինք հպարտ, ինչպես վայել է արիներին, ու այլևս թողած նախանձը՝ անքեն նայեինք ուրիշների ունեցվածքին, անքեն նայեինք իրենց մեծ Տունն ունեցողին»:

Գոռը ոտքի ելել, ոտնամաններն է կապում: Կիսարբած վիճակում եմ՝ կեսմարդ կեսաստված, կեսար՝ մարմնեղեն ցանկություններով:

«Ձեռքիս լիներ կախարդական գավազանը, հենց հիմա, այստեղ աղբյուր բխեցնեի, հագեցնեինք ծարավներս, ապա՝ տերևները բոլոր դարձնեի ծիրան՝ հասուն, համեղ»:

Մտաբերելով Գոռին՝ շարունակում եմ.

«Կյանք շնորհեի նրա հայր Հովհաննեսին, որպեսզի որբ չմնան Գոռը, Հրուշ քույրն ու մյուսները, վշտից չհեծեծա Վարշո տատը»:

-Գոռ, դժբախտությունը մարդունն է, բոլորինս է: Այն քեզ, հավատա, կօգնի, որպեսզի սրիկա չմեծանաս, սրիկա չդառնաս: Հայրս ասում է՝ մենակ չենք թողնի, կօգնենք, ինչքան կարող ենք: Ես որ, ախպեր, որոշել եմ ամեն գարնան բահել ձեր հողը: Երբ շոգենք, Վարշո տատը պաղ ջուր կտա, կեսօրին՝ ապուր նործիլ ուրցով: Ոնց որ նախկինում, ջուրն էլ երկուսով կկապենք: Ես Նախավկա առուն կհսկեմ Տերտերի ձորից մինչև Բերդոյենց գլխվերը, դու՝ մնացածը: Սկզբից ձերը կջրենք. մերից քիչ է, համ էլ… Կտուրի հարցը չգիտեմ՝ հորս գործն է: Տախտակները, կղմինդրը տեսել եմ, հերվանից եք առել: Քեռուդ հետ, երևի, կկապեն: Պարույր ախպերս հեծանիվ է խոստացել, թե բերեց, հաշվիր քոնն է: Կսովորեցնեմ՝ անպայման:

Դատարկ է և մեր փողոցը: Գրիգորենց Աղվեսն ալարկոտ մեզ է հետևում: Տարօրինակ շուն է. ոչ տեսքով է մերոնց նման, ոչ բնավորությամբ: Հավաբներից հավկիթ է թռցնում, շեմի առաջից՝ ավել, ոտնաման, անգամ լվացքի պարանից՝ սպիտակեղեն: Էնքան էլ խորամանկ է. ոնց կապեն, արձակվելու հնարը կգտնի:

Որքան մոտենում ենք, մարդկանց քչությունն այնքան տագնապեցնող է դառնում, լռելը՝ դավաճանություն:

-Գոռ, քեզ պինդ պահիր, խնդրում եմ: Գիտեմ՝ շա՜տ դժվար է, բայց Վարշո տատին խղճա, փոքրերին: Տղաներից մեծը դու ես, նրանց հույսը դու ես, Գոռ: Ես… միշտ ձեզ հետ կլինեմ, Գոռ, եղբայր կլինեմ: Հրուշ քրոջդ ես սիրում եմ և պիտի հետն ամուսնանամ: Կտեսնես…

Չգիտեմ՝ նա լսու՞մ էր, ընդհանրապես լսե՞լ էր: Սկսեցի տարակուսել, նույն կասկածը հիմա էլ ունեմ՝ քսաներկու տարի անց: Եթե՝ այո, ապա ինչու՞ չարձագանքեց, չնեղացավ, ինչպե՞ս տարավ անպատվությունը: Թե՞ գտել էի հարկավոր խոսքերը, գտել էի սփոփելու, վիշտն ամոքելու, ցավը մեղմելու կերպը:

Նրանց ճարն անցնելիս՝ ես սկզբում այգում դրված երկշար սեղանները նկատեցի: Հոգեհացի արարողություն չէի տեսել, ու ինձ տարօրինակ թվաց, որ կանանց հետ նաև տղամարդիկ էին ուտեստը դասավորում: Արդեն բակում աչքովս ընկավ միայնակ սեղանը՝ վրան չորստակ ծալած գորգ. մոռացել էին ներս տանել: Պայծառ, կենդանի, խոսուն գույները մի տեսակ կապ չունեին մահվան հետ, ճչալու աստիճան չէին մերվում շրջապատին: Բայց մենք գիտեինք, թե այն ինչու է դրսում, նրա վրա ինչ է դրված եղել և ուր են մարդիկ:

Մեզ, ավելի ստույգ, Գոռին տեսնելով, այգում եղողները շփոթված միմյանց նայեցին, հետո, իբր, ոչինչ չի եղել, շարունակեցին գործը, այս անգամ, սակայն, գլուխկախ, անխոս: Այդ պահին հացատնից ելավ հորեղբորս կինը՝ ձեռքին կոնքով կանաչի: Գոռի անտերունչ տեսքը, ըստ երևույթին, նրա վրա վայրկենապես ազդեց: Այդպես էլ կար. իսկույն դրեց, գրեթե գցեց տաշտն ու հեծկլտոցով մրմնջաց.

-Անտեր ձագուկս…

Գոռն ինչ-որ շնչատ ձայն հանեց, ապա անմեկնելի գոռոցով վազեց դեպի սեղանը: Ես հասա, սակայն նրան օգնելու, գրկելու փոխարեն սկսեցի հիմարաբար փաղաքշել գորգը, խաղալ նրա հետ, խառնել գունեղ խավաշերտը:

***

Դրսում քամի է: Ի տարբերության աջակողմյան անտառակի մյուս ծառերի, նոճիները գրեթե չեն կեռվում: Եվս հինգ հարյուր տարվա կյանք ունենալու հեռանկարը բավական է, որպեսզի նրանց բունն ամուր լինի, արմատները՝ զորեղ, թեև հողի փոխարեն գրկածը սորուն ավազ է: Ներշնչանքն ու ինքնավստահությունն են նրանց զենքը: Պատն ի վեր չորրորդ հարկ հասած բաղեղի տերևներն այս քսան օրում դեղնել, մեկիկ-մեկիկ թափվում են: Այդուհանդերձ, դալկության-թալկության մեջ նա գրավիչ տեսք ունի: Ճնճղուկներն անվախ՝ հացի փշրանք են ժողվում: Իմ ներկայությունը նրանց այլևս չի խրտնեցնում: Գիտեն՝ ամենաշատը, երբ բառը չի գտնվում, երբ միտքը մտնում է փակուղի, թղթին հակած գլուխս բարձրանա պիտի, աչքերս հանդիպեն նրանց և երկա՜ր, անօգ նայեն: Տեսնես, Աստծո մյուս արարածների աչքին մենք՝ մարդիկս է՞լ ենք միմյանց այդքան նման: Նրանց որ՝ ջոկել չի լինում, թերևս՝ միայն չափսով:

Իսկ ծովը… Ես ու նա արդեն բարեկամներ ենք: Տրոյան գտնողի դավանանքը, ապրելու եղանակն էր՝ ոչ մի օր առանց ծովի. լավագույն օրինակն ինձ համար: Շլիմանն այդպես՝ համառությամբ հաղթեց հիվանդությանը: Այդ կերպ եմ վարվում և ես, թեև… նա մեռավ ականջի բորբոքումից. Միջերկրականում լողալիս ջուր էր լցվել: Այսօր, սակայն, անստույգ դիպված-ճակատագրի մասին չէ, որ պիտի գրվի:

Սառնություն կա օդում, երկնքում՝ թուխպեր, որոնք ժամ հետո անձրևի կփոխարկվեն: Վազում եմ գլաքարերի, խոնավ ավազի վրայով ու, հասնելով նրան, շշնջում՝ եկա՜: Նա սիրուն, ծովավարի ծփում է՝ շու՜տ: Արագ-արագ հանվում եմ, և ընդառաջ ենք գնում իրար՝ ես ու ծովը: Գրկվում ենք, համբուրվում, ապա ես շոյում եմ նրա ջրե վարսերը, թաղվում խորքը, իսկ նա դշխոյի պես, շատ մարդ, աշխարհ տեսաշ տիկնոջ պես, որ հիմա միայնակ է ու այր մարմնի կարոտ, օծում է ինձ փրփուրով, հետո սակայն, իր ուժն ու կիրքն իմի կողքին դնելով, մայրաբար ասում է՝ ել, հերիք է, չմրսես հանկարծ: Ետ եմ դառնում, լողում ափ: Մարմինս հրայրքոտ՝ այրվում է, զգալի չէ ցուրտը, զգալի չէ քամին: Թեթև գլխապտույտ եմ զգում, գինով եմ, արբած՝ ինչպես վայելքից հետո:


    

ՉԼԻՆԻ՞ ՃԳՆԱՎՈՐ ԵՍ


    

Այգին ձորում էր՝ բանուկ մայրուղուց մի ոտք հեռու: Եղածը մրգատու ծառեր էին՝ տասնի չափ ծիրանենի, դեղձենի, պառաված ընկուզենին, որ, է՜, երբվանից կանգուն էր, երևի թե այն օրերից, երբ բնակելի թաղամասը գյուղն օղակի մեջ չէր առել, ու քաղաքի հետ կապողն ընդամենը սայլուղի էր, ջրանցքի վրա կախված ճյուղատ փշատենի և խաղողի հինգ-վեց որթ՝ փրչոտ թևքերով ծառաբներն ի վեր, մեկնված դարավանդին: Բարդիներ ևս կային: Ճիշտ է, ստվերում էին այգին, ու մտքով երբեմն անցնում էր կտրել, բայց թե՝ քչից-շատից մեղմում էին աղմուկը, դեմն առնում ծխի-փոշու, թեև, մեկ է, գարունքից սկսած մրուրը նստում էր սաղարթին, խոտերին, մրգին, եթե անձրևն ուշանար: Ջրանցք ասածն էլ ավելի շուտ կոյուղի էր, միջով հոսողը՝ թունաջուր, և խոխոջը նրա խաբուսիկ բան էր: Քանի՜ անգամ մեքենան կանգնեցրած մարդկանց բացատրել էր, ասել՝ ափսոս է, մետաղը կքայքայի, թույնով մի լվա, տես՝ գորտն ինչ է, չի մոտենում, մժղուկը վրա չի տալիս: Եթե այդ կարգով շարունակելու լինենք, պտուղն էլ էն քաղցրությունը, առաջվա անարատ մաքրությունը չուներ, ու ծառաստանը պիտի լքվեր: Սակայն դա լինելու բան չէր. Հարազը սիրում էր իր այգին, նրա ամեն ծառը, թուփը, դարավանդի յուրաքանչյուր քարը՝ դեսից-դենից բերած, բաժակ բացելու համար հողից չարչարանքով, վրան քլունգ, բահի պոչ կոտրելով, լինգ ծռելով հանած: Ո՞նց կլիներ:

Կարևորը բերքը չէր, թեև դա նույնպես կար, կարևորը, էականը կնոջ շշպռոցից փախչելն էր, բնությանը, հողին, բույսին մերձ լինելը: Եթե իմանար ձորն այդքան բանուկ է դառնալու, ավտոներից ծառ ու խաղիկ ծխախեղդ են լինելու, նախապես ուրիշ տեղ կընտրեր, թաղայինի բերանը բան գցելուց հետո այլ հողակտոր իրենով կաներ ու գուցե թե ավելի քիչ քրտնելով, մեջք ծռելով մեծ արդյունքի հասներ, բայց եղածը եղել էր, էլ չէր ուղղի: Դա էր նրա բաժին ճակատագիրը, ու դրա համար կռվելու էր մինչ վերջ, մինչև իր արևի մարելը, կամ՝ այգու: Հայրենիքն այդպես չէ՞. մեկին խորոտ անտառն ու մարգագետինն են բաժին, մյուսին՝ անապատը, երրորդին՝ սառույցն ու բուքը, սակայն բոլորն էլ նույն սիրով կապված են իրենց ունեցածին, դողում են վրան, դրանով են հարուստ ու պատրաստ են մեռնել, եթե պետք լինի: Երևի ի վերուստ է մարդուն փոխանցվել այդ զգացումը՝ հայրենիքի, ծննդավայրի, սեփական տան ու դաշտի, կալի, պարտեզի, այլապես ամեն մեկը կուզենար սիրուն, հանգիստ տեղ ապրել, ուր ոչ ծառ ջրել կա, ոչ քարի հետ կռիվ տալ, ոչ խորշակ կա, ոչ այտերը կլեպահան անող ցուրտ… Երկրի վրա պետք է, չէ՞, ամեն տեղ մարդ ապրի: Դա սիրո շնորհիվ է, ու Հարազը սերն էդ ձորին էր գցել՝ իր վազ ու պոպոքենուն:

Հինգերորդ տարին էր. տեսավ՝ բերքի շատը երեխաները տանում են, հյուղի պես բան սարքեց: Գիշերները երբեմն այնտեղ էր մնում, մանավանդ ծիրանը հասնելիս, հետո՝ աշունքին: Չմնար, լակոտները ճյուղ չէին թողնի: Ինչու՞ միայն երեխաները, մեծերն էլ՝ թե մոտերքում իր պես այգի ունեցողները, թե կենդանաբանականի բանվորներն ու թե անծանոթներ, որ մեքենայով անցնելիս տեսնում էին՝ մարդ չկա, ջրանցքն իրար կապող ռելսի վրայով մտնում, լցնում էին դույլը, գրպանները: Էլ չէին ասում՝ կարելի է, տեր ունի, չունի…

Հյուղ ասածն սկզբում թիթեղից, հինումին տախտակից էր, այնքան, որ անձրևից պաշտպանվի: Հետո, երբ ծառերը ձգվեցին, գործ գրեթ չմնաց, հիմնավոր պատեր կառուցեց, բայց ցածրիկ, որպեսզի դրսից աչքի չզարնի, թաղապետարանից մեկնումեկը, ոստիկան չտնկվի գլխին: Լանջը քանդեց, որքան հնարավոր է: Քարը թողեց, հողը, կավը հավասար փռեց այգում: Դարձյալ քարեր բերեց՝ չտաշած և մի մեքենա բազալտի խիպար /այդ օրերին խճուղու վտանգավոր հատվածներում հենապատեր էին կառուցում/: Մի տասնոց խոստացավ, ավտոն քշել տվեց իր հողի բերանը: Ցածը՝ մայթին թափեցին, իսկ Հարազը մեկիկ-մեկիկ կրեց վերև: Տանը ցեմենտ ուներ, դույլով, տոպրակի մեջ լցրած բերում էր այգի, շաբաթը կես շարք կամ թե մի լրիվ շարում, թողնում այլ հարմար օրվա: Խիպարը դուրսն էր անում, որպեսզի և գեղեցիկ լինի, և չերևա, թեև ծառերը լավ պահում էին, թաքցնում չկամ աչքից, համազգեստավոր շնագայլերից ու շնաձկներից, որոնք, ի տարբերություն իսկականների, ամեն քայլափոխի են, բոլոր ջրերում են վխտում՝ քաղցրահամ լինի, թե աղի:

Ներսը երկու տախտակ էր՝ պատի տակ, վրան բամբակե ներքնակ, բրդյա ծածկոց՝ լավերից, որ վերմակի տաքություն ուներ, սեղանիկ՝ խորշերով, ուր գավաթ, պնակ էր դնում, աղամանը, թեյնիկ, ոտքերի տակ՝ նավթավառը: Մենակ բարձն էր տնից բերել՝ մեծ, բրդից. թե առողջարար էր ու թե թիկն տալը հարմար: Ուրիշ բան չկար: Եթե կամենար էլ, տեղ չէր անի: Հա, անկյունում, երբ լանջը քանդեց, բավական տեղ գնաց, դեմ ընկավ ժայռին: Մեկ ուզեց փակել, հետո մտածեց՝ թող մնա, մրգից, բանից կդնի: Ու տեղավորում էր՝ խնձոր, խաղող՝ հարյուր կիլոյի չափ, դնում էր, մանրից օգտագործում: Դրանի՞ց էր՝ անուշ հոտ կար հյուղակում, որ ցանկալի, ձգող էր դարձնում խուցը, անգամ ձմռանն իր կողմը կանչում Հարազին: Գնում էր, հին նավթավառը մեջտեղ հանում, պատերի, շորերի ջերմանալուց հետո ընկողմանում թախտին ու տալիս-առնում օրվա կատարվածը կամ թե՝ չէր էլ մտածում, երանության մեջ մնում էր, մինչև թեյը եռա: Ձյունը խաղաղիկ թափվում էր, նստում մեղավոր աշխարհին, ավտոների հռնդյունն ուժգնանում էր, գոլորշին բռնում ջրանցքը: Խուցը տաքացած էր լինում, թիկունքի պատը՝ ջերմությունը կորցրած, տաք թեյից թմբիր էր գալիս վրան ու ննջում էր՝ անջրպետված աշխարհից, մարդուց:

Հետաքրքի՞ր… Հետաքրքիրն այն բառը չէ: Բերկրանք էր ամեն բան. ծառերի պտկելը, երկու քոլ կարտոլը քանդելը, խաղողն էտելը, խնձորն զգուշորեն լվանալը, որպեսզի խավը մրուրի հետ չգնա, ու միրգը ձմեռը հանի, գարնանը տարածքը փոցխելը և ցախ, տերև այրելը: Մի խոսքով՝ աշխարհ էր, գուցե թե անձուկ, բայց ցանկալի՝ նրա նման բնավորությունների համար, ովքեր իրենց այդպես էլ չգտնելով մեռնում են՝ չիմանալով ինչու եկան, ինչու գնացին…

Մի ձմեռնամուտի խոնջենքի մեջ պառկել էր, երբ դուռը հրեցին: Կարգ էր. պիտի ծեծեին, ինքն ասեր՝ մտեք, ապա բացեին, գային առաջ: Չէ՝ ոստիկան էր, բնույթին հավատարիմ, հրեց դուռը: Մինչ կելներ, կանգնեց գխավերևը.

-Երանի քեզ…

-Հարցական նայեց.

-Ի՞նչ կա:

-Պալատը կառուցել ես ու՝ հեչ:

Հայացքով տնտղեց ունեցած-չունեցածը: Մեկ անգամ ևս նայեց, տեսավ՝ խոսքն իր հետ կապ չունի, ասաց.

-Չհասկացա:

-Իհարկե:

Մտածեց՝ երևի էն մյուսը փոխվել է, սա եկել, իր բաժինն է ուզում:

-Աբոն տեղյակ է:

-Աբո՞ն ով է:

-Քեզնից առաջ…

-Գիտե՞ս, որ վրադ բողոք կա:

-Կենդանաբանականի՞ց: Քսան տարի նույնն են ասում:

-Տարածքն իրենցն է: Թուղթ-բան ունե՞ս:

-Էն ժամանակ, որ աղբանոց էր, տեղը չէին հիշում: Տեսան՝ մաքրեցի, ծառ դրի, քաղցրացավ:

-Բողոքն ուրիշ տեղից է:

-Էլի լինի: Նստիր, նստիր, տնաշեն, -Հարազը ձեռքը տարավ ջրամանին: -Ուրի՞շ ում հավին եմ քշա ասել:

-Հերիքնազ Մխիթարյան: Լսե՞լ ես:

-Հերիքի հե՞տ ես. կինս է:

-Դիմում գրողը նա է:

-Նա՞: Ու ի՞նչ…

-Գրում է, որ ամիսներով տանը չես գիշերում, որ ճգնավորի կյանքով ես ապրում: Խնդրում է հարազատ ընտանիքի գիրկը վերադարձնելու համար միջոցներ ձեռք առնել:

Հարազը ջուր լցրեց գավաթը:

-Արա՞ղ է, -ոստիկանի դեմքին արհամարհանք գծագրվեց: Կարծես ասելիս լիներ՝ էդ էր մնացել պակաս, քեզ հետ բաժակ խփեի:

-Խմող չեմ:

-Դե ասա՝ ճգնավոր ես, էլի:

-Պարզապես գլուխ չունեմ խմիչքի հետ: Չեմ պահում:

-Նեղացա՞ր: Կնոջդ բառերն են: Նա էլ իրավունք ունի նեղանալու: Վերջին անգամ ե՞րբ ես եղել տանը:

-Չեմ հիշում, -Հարազը թշնամանքով նայեց տեսուչին: -Քեֆն իմը չէ՞:

-Սա կնո՞ջդ ձեռագիրն է, -ոստիկանը թուղթը դրեց սեղանիկին:

Հարազը հարևանցի նայեց. Հերիքնազինն էր:

-Կարգադրություն ունեմ քեզ տանելու:

-Բա սա՞, -Հարազի հայացքն ընդգրկեց ներսի եղած-չեղածը:

-Կկնիքեմ: Նամակում, ի միջի այլոց, գազանանոցի ղեկավարության հասցեին էլ թունդ խոսքեր կան: Նրանք էսօր-էգուց տեղաշարժելու են ցանկապատը, այգին առնելու են իրենց տարածքի մեջ: Համ էլ… մի կենդանի կգտնեն, երևի, կապրի քո փոխարեն. հարմար բույն է:

-Իսկ եթե չենթարկվե՞մ, -Հարազի ձայնում հոգնություն կար:

-Այդ դեպքում հրամայված է հոգեբուժականից մարդ հրավիրել:

-Իսկական գժին թողած…

-Ընդհանրապես ես ասում, թե՞… Ու՞մ նկատի ունես:

-Ով գրել է:

-Ո՞վ չորս ամիս ամուսնու երես չտեսնի, չբողոքի, -ոստիկանը ձեռքով դիպավ մոմին: -Սա ՞ ինչի համար է:

-Իրիկունները պետք է գալիս: Ո՞նց կլինի խավարում:

-Ինչքան էլ վառե՜լ ես, -կարգի պահապանի զարմանքն ավելացավ: -Այ մարդ, չլինի՞ իսկապես հավատացյալ ես: Գիշերներն ի՞նչ ես անում: Ինչու՞ ես այստեղ մնում:

-Գողություն է, բան է…

-Հիմա էլ, հո, բերք չկա՞:

-Կարոտում եմ, քաշում է:

-Փոխանակ կնոջդ կարոտես:

-Կնոջիցս շատ չխոսեցի՞ր:

-Նեղացա՞ր, - օրենքի ներկայացուցչի ձայնում մտերմիկ երանգ հայտնվեց:

-Մարդուց են նեղանում, թե չէ ոստիկանից…

-Դե, դե, լեզվի տակ չես մնում, -նա ուր որ է բորբոքվելու էր: -Չերկարացնեմ՝ ինձ ժամանակ են տվել մինչև երկուշաբթի: Պետք է զեկուցագիր գրեմ կատարածի մասին:

-Կասես՝ հրաժարվեց:

-Ախր, մեղք ես:

-Էդ ո՞նց որոշեցիր: Որ չեմ սափրվում, դրա համա՞ր:

-Բան էր, ասացի, հետո ինձնից չնեղանաս, -ոստիկանը, որպեսզի գլուխը բարավորին չառնի, կռանալով դուրս եկավ:

Ու սկսվեց: Հաջորդ օրը տարբեր ժամերի այցի եկան բարեկամները՝ հորեղբոր տղան, քեռին, մորաքույրը՝ որդիների հետ, ապա թաղապետարանից՝ ոստիկանության նույն աշխատակցի ուղեկցությամբ, կենդանաբանական այգու տնօրենը, որը խոստացավ, զանց առնելով կարգը, վճարել ծառերի, տնակի դիմաց:

Հարազը համառում էր. չէին ազդում ոչ հորդորները, ոչ սպառնալիքները: Մերժումը հիմնավորել չէր կարողանում, իր համար ևս պարզ չէր: Գլխավոր պատճառը, թերևս, կինն էր, նրա վերջին քայլը: Զավակ չպարգևեց հերիք չէ, հիմա էլ սպառնում է հոգեբուժականով, ոստիկանություն է դիմել: Թող տանեն, խև է ինքը: Հա, ճգնավոր է, աշխարհաթող, զզվել է, ձանձրացել բոլորից: Շնչահեղձ է լինում կեղծիքի, ստորաքարշ ժպիտների, պագշոտ հայացքների, նենգության, ստի աշխարհում: Վախենում է: Օձ ու կարիճից, վայրենացած շներից, հարևանությամբ, ցանկապատից այն կողմ կեցող գայլ ու գազանից ավելի քիչ է երկյուղում, քան մարդկանցից:


    

Մի օր էլ «Շտապ օգնության» մեքենան կանգնեց մայրուղու եզրին, ճերմակ խալաթ հագած մարդիկ և մի ոստիկան անվարժ քայլերով անցան ռելսի վրայով, մտան այգի:

…Տաք, ամառային գիշեր էր: Մայրուղու երթևեկը պակասել էր, ու լսելի դարձել ծղրիդների ձայնը, երբ ճռնչոցով ավտո կանգնեց: Հարազը, որ դրսում էր՝ ծիրանի ծառի տակ, ականջ պահեց:

-Գնա, ասում եմ, -զսպված պահանջում էր աղջիկը:

-Դե լավ…

-Չհամարձակվես, էլ վերջ:

- Տես, հետո ուշ կլինի, կփոշմանես, -տղան ինքնավստահ ձայն ուներ:

- Տականք, տականքի մեկը…

Ապա՝ դռան շրխկոց եկավ, հայհոյալից արտահայտություն որսաց ականջը, որից հետո շարժիչը հռնդաց, և մեքենան ղրտոցով պոկվեց տեղից: Կարծեց՝ երկուսն էլ գնացին: Մտավ սենյակ, անկողինը բացելու համար վառեց մոմը, որպեսզի մոծակ չգա, նախապես թանզիֆի կտորը հարմարեցրեց պատուհանի շրջանակի մեխերին, ձգեց: Խավարի մեջ պառկել, քնից առաջ դեպքի շուրջ մտորում էր, ենթադրություններ անում, երբ հեծկլտոց լսեց: Թվաց, խաբկանք է: Ականջն ուղղեց պատուհանի կողմը. այդպես էլ կար: Արագ-արագ հագնվեց, նորից վառեց մոմը, իջավ: Աղջիկը մայթն անցել, հասել էր ջրանցքին: Հարազին տեսնելով՝ բարձրացավ քարից, ուզեց հեռանալ:

-Սպասիր ավտո բռնեմ, -Հարազը մայթից բանուկ մաս իջավ:

Առաջարկվող օգնությունը տրամաբանական թվաց աղջկան: Կանգնեց: Ուշ ժամ էր, և մեքենա չկար: Եղածներն էլ չէին վստահում: Ճիշտը, իհարկե, այն կլիներ, աղջիկը դուրս գար ստվերից, կանգներ Հարազի կողքին: Բայց նա չէր ըմբռնում, թե՞ անհարմար էր զգում, Հարազն էլ ամաչում էր ասի:

Եղավ պահ, մայրուղին ծայրից ծայր դատարկվեց՝ ոչ մի մեքենա, մոտեցող լուսարձակ:

-Կուզե՞ս բարձրանանք տուն, ջուր խմիր, կհանգստանս, մինչև մեքենա գտնեմ:

-Ծխախոտ կլինի՞:

-Վերևում մնաց, -Հարազը մատնացույց արեց խուցը:

Այդդքան տարի անցել էր, առաջին անգամ էր ներքևից՝ մայրուղուց մթնով նայում ներսից լուսավորված հյուղակին: Թույլ լույս էր արտածվում պատուհանից, ուրիշ բան չկար, ծառերը պահում էին, թեև լուսնկա էր:

Զգուշորեն անցկացրեց ռելսի վրայով, այդպես ձեռքից բռնած էլ տարավ վերև:

-Մտիր:

Աղջիկը վարանքոտ կանգնեց:

-Մի վախենա, հաշվիր եղբայրդ եմ: Անունդ ի՞նչ է:

-Արմինե:

-Իմը Հարազ է:

-Արա՞զ, -աղջիկը նստեց թախտին:

-Հարազ: Հարազատ բառից է, -հետո փոխեց թեման: -Հրեն ծխախոտը: Ջուր տա՞մ:

-Շնորհակալ եմ, -օրիորդը ծխախոտ վերցրեց:

Հարազը մեկնեց լուցկին: Կարող էր ինքը վառել, այդքան բարեկրթություն ուներ, բայց չվառեց. թող չվախենա, պղտոր բան չմտածի:

-Ես իջնեմ մեքենայի ետևից:

-Մենա՞կ ես ապրում, -Արմինեն ոտքի ելավ:

-Հա, բայց դու անհոգ մնա: Այստեղ ապահով է:

-Շուտ կգաս:

Կլիներ հինգ րոպեի չափ կանգնել էր, երբ մեքենա արգելակեց: Մինչ կմոտենար, մարդը դուրս եկավ:

-Վաղու՞ց ես այստեղ:

-Ի՞նչ կա:

-Աղջիկ չե՞ս տեսել:

Նույն տղան էր: Կլիներ քսանհինգին մոտ՝ անփույթ հագնված:

-Մեկը կար, մեքենա էր կանգնեցնում:

-Չիմացար, ո՞ր կողմը քշել տվեց:

-Ուշադրություն չդարձրի, կարծեմ վերև…

-Եթե Նորքի զանգված ես գալիս, տանեմ:

-Չէ, ինձ քաղաք է պետք, -ստեց Հարազը:

Տղան գնաց: Մի քիչ էլ կանգնեց, բարձրացավ: Արմինեն գլուխը բարձին քնել էր: Սիրունիկ աղջիկ էր՝ թեթև շեկին տվող: Անհարմար դիրքից հանդերձը քշտվել էր, և երևում էին պիրկ ազդրերը: Մազերը հարթ էին, կարճ խուզած: Հարազն զգուշորեն, որպեսզի հյուրը չարթնանա, վրա բերեց ծածկոցը, հանգցրեց մոմը: Անկյունի մեխին երկտակ բաճկոնակն էր: Վերցրեց, դուրս եկավ:

Առավոտյան աղջիկն ուշ արթնացավ: Ակզբում անտրամադիր էր. օրվա դե՞պքն էր մտաբերել, թե՞ տանը չգիշերելու համար ծնողներին պատասխան տալուց էր երկյուղում: Հարազը չհարցրեց: Մի փեշ ծիրան էր քաղել, լվաց, թասով դրեց դրսի իշոտնուկին: Աղջիկը հաց ուտել, թեյել չուզեց: Ծիրան կերավ, շրջեց այգում: Ջերմ օրը, թռչունների դայլայլը, ճռվողյունն իրենցն արին. դեմքը բացվեց, սկսեց հարցեր տալ, ապա, երբ իմացավ որտեղ է, առաջարկեց կենդանաբանական այգի գնալ: Հարազն իր հինումին հագուստը ցույց տվեց:

-Ոչինչ, -Արմինեն քաշեց թևքից:

Այգում երկու ժամի չափ մնացին: Աշխատանքային օր էր, և մարդ համեմատաբար քիչ կար: Շրջեցին, պաղպաղակ կերան: Բաժանվեցին հին ծանոթի պես:

-Էլի կագա՞ս, -հարցրեց Հարազը:

-Անպայման, -աղջիկը թրթռուն ժպտում էր:

-Եկ, մոտիկներիդ էլ բեր:

-Բայց ոչ նրան, -չարաճճի ակնարկեց, հետո լրջացավ: -Առաջին անգամ էի գինի խմում: Ընկերուհուս ծննդյան օրն էր: Վերջում կպավ, թե տուն տանեմ… Մեր ինստիտուտից է՝ բժշկականից, երկու կուրս բարձրում է:

-Քո մասին պատմիր, թե չէ նա…

-Իմ մասին՝ ուրիշ անգամ: Դեհ, գնացի, Հարազ: Լավ անուն է, չեմ մոռանա:

Նա գնաց: Հարազը հետո՝ աննպատակ ներսուդուրս անելիս հասկացավ, որ ինչ-որ բան կյանքում փոխվել է: Առավել ջերմ, անձկալի էին դարձել այգին, կացարանը: Անկողնուց կենարար բույր էր գալիս: Որպեսզի հաճույքը երկարի, ձգում էր ծիրանի կեսի ուտելը, որ Արմինեն էր թողել: Աղջիկը նոր իմաստ էր հաղորդել կյանքին, գալիքն օրերի միապաղաղ հերթագայություն չէր թվում այլևս, սոսկ ծառ ու պտղի, բողբոջի ու ընձյուղի տեսքից ապրած, խոտին շփվելուց ծնվող գոհություն: Հրապուրվա՞ծ: Գուցե: Հիսուն տարեկան էր, մտքով, մարմնով՝ առողջ, իսկական սեր, հրայրքոտ կնոջ մարմնի վայելք չտեսած, պարզ հայացքի, սովորական, մարդեղեն ժպիտի, գգվանքի, քնքշանքի կարոտ։

Ջանում էր հիշողությունից վանել օրիորդին, չմտածել նրա մասին, սակայն զանազան տարբերակներով հորինովի սյուժեները շարունակաբար այցի էին գալիս, պարապ ուղեղը հավելումներ, փոփոխություններ էր կատարում: Առանցքը, հարկավ, Արմինեն էր. ինքը հիվանդանում էր, ջերմության մեջ տապակվում, իսկ Արմինեն պատահաբար, կամ թե ներքին ձայնին ունկնդիր այգի գալով մնում էր, ստանձնում Հարազի խնամքը, որը հետո փոխարկվում էր սիրո զեղումների, ցույցի, գգվանքի…

Աղջիկը, սակայն, այդպես էլ չեկավ: Ամիսները, տարիները գլորվեցին, խունացավ հիշողությունը, պատկերն աղոտվեց…


    

Առջևից գլուխկախ իջնում էր Հարազը: Նրան հետևում էին երկու խալաթավոր տղամարդիկ, բժշկուհին, որ հիմա երկար ծամեր ուներ, ցրիվ հայացք: Ոստիկանության աշխատակիցը դուռն էր կողպելուց հետո կնքում: Քամի կար, ծառերը խշշում էին, ջրանցքի ջուրը, չգիտես ինչու, ժահրագույն էր:


    

ՊԱՏԱՆՔԱԾ ՁՅՈՒՆ


    

Բեռնատարում տեղ չկար, և հայրս որոշեց իջնել: Թափքից ուղղակի թռավ, օգնեց Սեդրակ եղբոր կնոջը՝ Պրաքսուն, որ մեզ հետ Երևան պիտի գար, ապա գրկեց ինձ, տարավ նստեցրեց ալրաղացի արևկող պատին հենած աղացքարին:

-Մնացինք, Համզե:

Հայրս ծխախոտ վառեց.

-Չփախավ:

-Մեկին խնդրեինք, տեղ կտար, -Պրաքսին ուղղեց ոտքիս փաթաթանը:

-Կարծես հարսանիքից ենք ուշանում, -դժկամ արձագանքեց հայրս:

Որքան էլ ինձնից թաքուն, ակնարկներով էին խոսել, գիտեի՝ գնում ենք Երևան ոտքս անդամահատելու: Չորս-հինգ ամիս չարչարելուց, տանել-բերելուց հետո այդպես էին ասել շրջկենտրոնում: Ուղեգիրը, հիվանդության պատմությունը տվել էին Համազասպ հորս ձեռքը, ճամփել: Ու քանի որ մայրս չկար, տունուտեղին էլ մեծ քույրս՝ Ծովոն պիտի տեր լիներ, առաջին օրերին խնամելու հոգսն ստանձնեց հորեղբորս կինը: Իսկ վերքը մորս՝ Արուսի մեռնելուց հետո էր բացվել: Տարիուկեսկան երեխա՝ հանձնած են եղել Սաթենիկ տատիս խնամքին: Օրոցքից թե ինչպես՝ ընկել եմ: Աջ ոտքս ճանոսկրի մոտ ուռել-կապտել է: Կարծել են՝ կանցնի, մանավանդ տեղը գցելուց հետո կարողացել եմ շարժել, դնել գետնին: Կապտուկն իսկապես էլ անցել է, բայց կենտրոնից վերքի պես բան է երևացել, թարախակալել… Ու այդպես՝ երեք տարի: Սկզբում տնավարի բուժում են արել՝ խանձուր, յախու, եզան լեզու, հետո տարել տեղամասային բժշկի մոտ, ապա՝ շրջանային հիվանդանոց: Երևանը վերջինն էր լինելու, եթե Մոսկվային չհասներ հերթը: Այսինքն՝ այն ժամանակ հեռուները տանել չկար. ու՞մ ուժը կպատեր: Եվ հիմա վախ ունեին, թե փտախտ է, որովհետև այտուցն սկսել էր մեծանալ: Բժիշկը երկյուղելու մի պատճառ ևս ուներ՝ ցավ գրեթե չէի զգում, պարզապես ձգվածություն էի զգում, իրիկունները մեկ-մեկ ջերմում, շատ քրտնում: Հիվանդությանս պատմությունը դա էր, այն էլ հիմա եմ կարողանում հիշողությունիցս դուրս քաշել, թե չէ այն ժամանակ չորսուկես-հինգ տարեկան՝ հիվանդ, ի՞նչ էի ըմբռնում:

-Նախիրը եկավ:

-Տուն գնանք, ի՞նչ ասեմ, -հայրս շպրտեց ծխախոտը, ինձ գիրկն առավ:

Պրաքսին ճամպրուկն էր բռնել: Հայրս արագ էր քայլում, ասես վախենալիս լիներ, թե ուր որ է մեքենա կհայտնվի և ստիպված կլինենք նստել: Նա ակնհայտորեն չէր ուզում բանը վիրաբույժներին հասնի, ճամփա ելնելն էլ հարևան-բարեկամների պնդումով էր:

-Պրաք, մտածում եմ՝ մի անգամ էլ Դեղոյի մոտ տանենք:

-Քեզնից շուտ եմ ասել, է՜, քանի անգամ:

Դեղոյենց տունը Նախավկա առվից ցած էր՝ անշուք, ափաչափ բակով, անպարտեզ. գաղթականի առաջին տարիների շինածն ի՞նչ պիտի լիներ: Հետո որդին հիսնականի սկզբներին ընտանիքը տարավ ցածի շեները, ու խրճիթն այդպես էլ մնաց: Միայն Դեղոն էր ամեն գարունքի՝ տաքերն ընկնելու հետ գալիս, մնում մինչև աշուն, մինչև թոռները զոռով տանեին: Դեղոն հեքիմ էր՝ գյուղի անպաշտոն բժիշկը: Տարօրինակ պահվածք ուներ. բոբիկ էր ման գալիս: Միայն ձմեռները, ասում էին, երբ ջրափոսերից սառույցն էլ չէր կտրվում, մեջտեղ էր հանում ոտնամանները, որ իր շինածն էին՝ թաղիքից, այն էլ ոչ սովորական՝ Մուշից հետը բերած:

-Խեր լինի, -Դեղոն կարպետը, որ արևին էր գցել, հարթեց: -Իջեցրու՛:

-Շուտ ես եկել, -հայրս շունչ քաշեց: -Խաչոն, տնեցիք, լա՞վ են:

-Իրենց ի՞նչ, այգեբացը պրծել են: Պրաքսի, կաթի համար շնորհակալ եմ: Հարսիկ, էդքան շա՞տ: Ստիպված կեսը մերեցի, ասի՝ չթթվի:

-Առավոտ կանուխ Քաղցոս ձձում պիտի զարկի, ես էլ, հո, Երևան չգնացի: Կարագ կճամփեմ:

-Կարագ՝ չէ, նեղություն մի կրի: Թան, թե կարող ես: Ապուր կեփեմ նոր քաղած ուրցով: Այսինքն՝ ես կգամ: Երևանում ի՞նչ եք կորցրել, -հետո նոր ուշադրությունը բևեռեց ոտքիս: Համզե, պուճուրդ չէ՞: Դրա՞ ոտքը չէր դուրս ընկել:

-Հա, -հայրս թեքեց հայացքը, երևի, հուզվում էր:

-Քոռանամ… Ուրեմն՝ չի լավացել: Բա ինչու՞ չէիք ասում: Եղավ քանի՜ տարի: Պրաքսի, Արուսյակը ե՞րբ մեռավ, -հետո պատասխանի չսպասեց: -Տնաշեններ…

Նա ետ տարավ փաթաթանը: Ես սեղմեցի ատամներս, գոցեցի աչքերս, բայց կոպերիս տակից էլ տեսնում էի թանզիֆի՝ ռևանոլից դեղնած շերտերը, կենտրոնի մուգ բիծը, որ ժահր ու արյուն էր:

-Բժիշկների ձեռք եք գցել: Վայ, վայ… Դրանց դիպլոմ տվողի… Ցավու՞մ է, -նա մատները թեթևակի հպեց ուռուցքին:

Ես բացեցի աչքերս.

-Չէ:

Վերքի շուրջը մաշկն արև չտեսնելուց, մշտապես փաթաթելուց, դեղերից թոշնել, անբնական բարակել էր:

-Համզե, -Դեղոն ուղղեց մեջքը, -ճիշտն ասա՝ մոտս ինչու՞ չէիք բերում:

-Ձմեռ էր, դու սովխոզում էիր:

-Վրան երկու ամառ է անցել, հլա երեք: Կարծում ես չգիտե՞մ. բժիշկներն էին արգելել:

-Դա էլ կա: Ասում էին՝ եթե մեզ ես դիմել, այլևս ոչ մի հեքիմ:

-Ու դու… Հիմա ի՞նչ ես ասում, չլինի՞ Երևան եք տանում: Կտրելու՞:

Հայրս ուսերը թոթվեց, դարձյալ շրջվեց գյուղի կողմը:

-Երեխային դանակի տակ չգցեք: Սրա դեղն ինքն ու հողն են: Թող բոբիկ ման գա:

-Չի կարողանում ոտքը գետին դնել:

-Ոչինչ, կվարժվի: Լուցկիդ տեսնեմ, -այրվող փայտիկը մոտեցրեց փաթաթանին, կպցրեց: -Խոսքս հիշիր՝ սեպտեմբերին երեխան առողջ կլինի, այնպես վազի, որ հետևից քար գցես, չհասնի: Մեկ էլ սնունդը տեղը լինի, -նա բռնոթի հանեց:

-Աստված ձայնդ լսի, -Պրաքսին էր: -Սուրբ Նախավկա, դու պահապան Արուսի մանկտոց:

Այդպես էլ եղավ. վերքը փակվեց, և օգոստոսին ես արդեն ծառ էի ելնում, տղաների հետ գնում Սլլան քարը լողանալու: Իսկ Դեղոն դարձավ սպասված հյուր: Գալիս էր, նստում մինչև ուշ գիշեր, հետո, երբ հայրս մեծերին կարգադրում էր ճամփել տուն, չէր համաձայնում.

-Անհոգ եղեք, կգնամ:

-Շուն է, Դեղո, ինչ իմանաս՝ էլի ինչ…

-Համզե, վախեցող լինեի, մենակ չէի քնի բլքոզում:

Եվ իսկապես՝ երեխաներս ակնածելով հանդերձ, վախենում էինք նրանից՝ կարծելով սովորական մարդ չէ: Գուցե այդպես էլ կար: Ինքը, իհարկե, նույն կարծիքին չէր:

-Ես՝ հեչ, դուք մորս, մեծ մարեին տեսնեիք: Մշո դաշտում, Սասունում օձը մեկին կծեր, մեր տուն էին հասցնում:

Ու… պատմում էր՝ արանքում քթախոտ քաշում: Թե չունենար, կդիմեր հորս.

-Համզե, մե փշուր թութուն տու, բռնոթին պրծե:

Տատը խայթից բուժելու իր գաղտնիքն է ունեցել, որը փոխանցել էր մորը, ով հետո պիտի ձեռուոտից ընկնելուց հետո Դեղոյին հայտներ, սակայն չհասցրեց. կոտորած եղավ, փախեփախ, ու նրան գերդաստանի հազարամյա գաղտնիքից փշրանքներ բաժին հասան: Սակայն դա էլ քիչ չէր:

Այդ ամառ նրա խորհրդով Արա եղբայրս, Գալեն ազատվեցին գորտնուկներից, հորեղբորս Մասիս որդին՝ մեկ շաբաթից ավելի ձգվող փորհարինքից:

Ուշ աշնանը մեծ թոռը՝ Շավոն, նրան տարավ: Ձմեռը լուր առանք, որ մահացել է: Ասացին՝ լողանալիս ջուր է լցվել ականջը, բորբոքվել: Ցավը հանգստացնելու, թե՞ թարախը հեռացնելու համար սոխի կանաչ ծիլ է մտցրել խորքերը, որից սրվել է հիվանդությունը, տվել ուղեղին:

Հայրս, մեր բարեկամներից էլի մի քանիսը նույնպես գնացին դիակը գյուղ բերելու: Ես սառույցին խաղում էի, երբ բեռնատարը կանգնեց փողոցում: Դեպի նրանց տուն ճանապարհը նեղ էր, ավտոն չէր անցնի, և Դեղոյին տարան ձեռքերի վրա: Անտաշ քարերով ծուռումուռ պարսպին հաստ շերտով ձյուն էր նստած, ու նայելիս աչքերս շաղվում էին, այնպես էր թվում, թե Դեղոն ևս պատանքած ձյուն է՝ ճերմակ, ճերմակ: Նրան նույն օրը թաղեցին: Այն ժամանակ ծաղիկ չկար, ու երեխաներս ճամփին մեխակներ, վարդեր չշաղեցինք: Լացողը նմանապես քիչ էր:

-Երանի բոլորն այդքան ապրեն, -ասում էին:

Դեղոյի մահից հետո նրանց դուռը բացող չեղավ: Գարնան անձրևներից ծածկը նստեց, եղինջը, պատատուկն արմատ գցեցին: Խոսում էին, թե շեկ, ճխավոր մի օձ է հայտնվել փլատակներում, որ կծել չունի, իբր, Մշո դաշտից է եկել, եկել է Մեծ գաղտնիքը հայտնելու Դեղոյին, սակայն չի հասցրել ու հիմա սպասում է Խաչատուրի այն ժառանգի գալուն, որը կենդանություն, շունչ կհաղորդի ավերակին:


    

Երեսուն տարուց ավելի չկա Դեղոն: Նրան հիմա, երևի, գյուղում էլ են մոռացել: Մոռացել են և լեգենդը, օձին, որը հաջորդ ամառ հուսահատ լքեց տունը, որովհետև Շավարշ թոռը փլատակը հինգ հարյուր, թե քանի ռուբլով վաճառեց հարևանին և հաշիվները փակեց գյուղի հետ:


    
    

ՊԱՐՊԱԾ ՑԱՍՈՒՄ /պատմվածք/

Կախոն հաչաց ու մեկից պոկվեց տեղից: Փորքաշը հետևեց նրան: Արամայիսը հայացքը կտրեց ջրից.

-Ի՞նչ եղավ, -նույն պահին տեսավ վերևից իջնող բեռնատարը՝ թափքում բազմություն:

Թե աշխատանքի են գնում, ինչու՞ այս ժամին և այս ճամփով, -մտորեց:

-Կախո, Փորքաշ, չեղավ, ետ եկեք…

Շները կտրուկ արգելակումից խփվեցին իրար, քիչ էր մնում դողի տակ մնան: Արամայիսը բահն ուսեց, ընդառաջ գնաց եկողներին, երբ տեսավ սրանց ընթացքը ժանգակեր ավտոբուսի կողմն է, որն իրենց քողտիկ էր ծառայում: Մեքենան կանգնեց, խցիկից, թափքից, կողապատերով իջան: Կլինեին երեսուն-քառասուն հոգի: Կենդանիները նրանց շատությունից, ընդհանուր աղմուկից խուճապահար՝ մղվեցին տիրոջ կողմը: Կախոն քսվեց ազդրին: Ձեռքը տարավ, քորեց ականջատակը:

-Քեզ հողի տեր ես զգում, հիմա էլ շներին բաց ես թողնում վրաներս, հա՞:

Արամայիսը հանկարծակիի եկավ. նման սկիզբ չէր ակնկալում:

-Սրա՞նց, -հայացքով ցույց տվեց շներին, որոնցից մեկը չորս ամսական քոթոթ էր, մյուսը՝ տարուց քիչ ավելի, բայց փոքրիկ-մոքրիկ, տանու տեսակից: -Ի՞նչ է պատահել:

-Հրես կիմանաս, -տղան, որ հասակակից էր, մղվեց առաջ:

-Մացո, համբերի, -ճանապարհը կտրեց մեկը՝ ավելի տարեց: -Ջուրն ի՞նչու ես կտրել:

-Ի՞նչ ջուր:

-Գյուղի ջուրը, իբր չգիտես:

-Ես ընդամենը մի ծորակ եմ բացել:

-Թեկուզ մեկը: Չգիտե՞ս, որ շաբաթ-կիրակի ջուրը գյուղինն է:

-Գիտեի, բայց ծառերը, տեսնում եք ինչ երաշտ է, խեղճացել են, ասի՝ ջրեմ:

-Դե հիմա գնա փակի ու մյուս անգամ նման քաք չուտես:

-Չեմ փակի: Ձեզ է պետք, դուք էլ փակեք, -վրդով նետեց: -Հորս հասակին եք…

-Նեղացա՞ր, լակոտ: Պոչդ այնպես խուզենք, Բոքանոցի տեղը մոռանաս:

-Մի վիրավորեք, -մատներն ակամա սեղմեցին բահի կոթը:

-Սրան տես: Ափսոս, մյուսները չկան, -հետո՝ հերսոտ, -հերդ ու՞ր է:

Կախոյի վնգստոցը չթողեց պատասխանել:

-Ինչու՞ ես խփում: Քեզ ի՞նչ է արել:

-Լավ եմ անում, -տղան արարքից գոհ՝ կռթնեց ծառին:

Մյուսները, որը՝ նստել թախտին, որը շուրջն էր դիտում: Երկուսը բարձրացել, ծիրանանոցին կապած ջրի փականն էին պտտում: Մտովի տեսավ լցվելուց հետո ծառաբաժակը պատռած զուր հոսող ջուրը: Ճիշտ էլ անում են, -մտածեց, այնուհետ խոհը քշեց հեռու. հասակակցին պատասխանել էր պետք:

-Հետո՞: Քոթոթ է, մի հատ էլ խփիր:

Տղան վրա գնաց, որ վերստին հարվածի: Կախոն փախավ ավտոբուսի տակ: Փորքաշը հեռվում գռմռում էր: Տղան քար վերցրեց:

-Եթե խփել ես, բահը գլխիդ կտամ:

Տղան շրջվելով՝ անսպասելի քարն ուղղեց Արամայիսի կողմը: Վերջինս անակնկալից կռացավ, բայց սա վերև շպրտեց՝ դեպի նշենիները, ապա՝ ինքնագոհ խնդմնդաց:

-Ի՞նչ եք ուզում, -հարցը տարեցին էր ուղղված, նաև՝ մյուսներին:

-Վաղվանից, հորդ, մյուսներին էլ կասես, չերևաք, -տարեցը ծխախոտ վառեց:

-Փասա-փուսեքդ կհավաքեք, լսեցի՞ր, -թախտին նստածներից մեկը տեղից հարվածեց ազատ իշոտնուկին, որը շրջվեց:

-Քաղաքից եկել, մեր հաշվին փող են շինում, -սա հաստլիկ էր՝ ցցուն փորով:

-Էդ ինչու՞ ձեզ կարելի է քաղաք լցվել, տունուտեղի, գործի տեր դառնալ, մեզ՝ չէ, -ապա մեկուսի, -բան գտան նախանձելու: -Ձեր աչքի առաջ չե՞նք երկու տարի կռիվ տալիս: Քար ենք հավաքել, փոս փորել, գյուղից շալակով տնկի բերել: Առավոտից իրիկուն արևի տակ…Ստացածնե՞րս ինչ է, -դառնությամբ նետեց:

-Պահ, ձեզ համար դաչայի տեղ եք արել, ու՞մ վրա ես մուննաթ գալիս: Չգայիք, չէինք խնդրել, -իշոտնուկը շրջողն էր:

-Թե դժվար է, էլի գնացեք ձեր քաղաքը, ի՞նչ եք կորցրել գյուղում, -սա, կարծես, համեմատաբար խաղաղաբարո անձնավորություն էր:

-Լսեցի՞ր, -տարեկից տղան էր դարձյալ՝ չարությունից պայթող դեմքով:

-Դուք չեք որոշողը, օրենք կա:

Պատասխանը գրգռեց մարդկանց: Մյուսները ևս սկսեցին եփ գալ: Մեկը հիմա էլ սեղանը շուռ տվեց: Նստածներն ելան և համերաշխ հպումով տեղահանեցին թախտը:

-Ի՞նչ օրենք: Հողը, որ ձեզ էին տալիս, գյուղացոց կամքը հարցրի՞ն, ասի՞ն՝ ուզու՞մ եք, որ քաղաքից գան, զավթեն:

-Մենք հողը վարձակալել ենք, թող չտային:

-Վարձակալել… Ամենալավ հողերը: Ի՜նչ ախորժակ ունեն: Գիտե՞ս, որ սրանք մեր պապական արտերն են: Երեսունհինգին կոլխոզը զավթեց, հիմա՝ դուք:

-Մենք այդ պատմության հետ ի՞նչ գործ ունենք: Հետո… եթե լավ հող լիներ, անտառտնտեսությունը վայրի նշի տնկարքներ չէր դնի:

-Հլա անուն եք դնում, հա՞: Կոլխոզի օրոք գիտե՞ս հեկտարից ինչքան ցորեն էր լինում:

-Երևի՝ շատ, բայց հիմա այն հողը չէ: Էրոզիան գործը տեսել է, մելիորատորներն իրենց հերթին… Ստիպված նորից նոր քարից մաքրում, հող ենք շինում: Այսինքն՝ ինչու՞ եմ ասում, ինձնից լավ գիտեք: Տրակտորիստները վկա են. քար հանելիս նրանք օգնեցին:

-Էլ չեք չարչարվի, -ապա մի պահ տարեցը մոռացավ ինչու են եկել: -Հողին բան մի ասա: Գյուղի ամենալավ դաշտը, էն գլխից հայտնի է, սա է՝ էս չորս հեկտարը, եթե մելիորատորները, ճիշտ ես ասում, իրար չտային, սևահողը կավին չխառնեին:

-Ընդունում եմ, -իր հերթին փափկեց Արամայիսը, -բայց մեզնից առաջ նույն այս հողի տեղը դուք գիտեիք: Օրենքն էլ դուրս էր եկել, վերցնեիք: Մենք օտար մարդիկ, որտեղի՞ց իմանայինք՝ որն էր լավ, որը՝ վատ: Ձերոնք առաջարկեցին:

-Նրանց մայրիկը…-տարեցը հայհոյեց: -Դրանք քանդեցին գյուղը: Ոչինչ, օրը կգա, հետները կխոսենք:

-էլի հողեր կան: Գյուղապետը խնդրում է, մշակող, ջրող չկա: Ով կամենում է, թող վերցնի, ի՞նչ կարիք կա…

-Քո գործը չէ, դու փոքր ես խրատ տալու համար, -հետո հանկարծակի՝ -լսել եմ՝ ուսանող ես, չէ՞:

-Հա, -Արամայիսը հարցական նայեց:

-Ինչու՞ դասի չես:

-Փոխեցի հեռակա, որպեսզի հասցնեմ:

-Հրոխպեր Արշո, էլ ի՞նչ ես երկարացնում: Էդ լակոտն ո՞վ է, հետը մի ժամ խոսքակռիվ ես տալիս, -մարդը դիմեց դեպի մեքենան. վարորդն էր:

-Ասած-արածներիդ համար պատասխան կտաք, չկարծեք անտեր, խեղճուկրակ մարդիկ ենք, -Արամայիսը պատրաստ էր քառասունի հետ էլ կռվել: Անսպասելի զայրույթի պատճառն ավտոբուս բարձրացածներն էին: Մեկը ձեռքն էր առել քրոջ խալաթը և ցույց էր տալիս մյուսներին, ապա՝ ինչ-որ բան ասաց, որին բիրտ ծիծաղ հետևեց:

-Հա՞, -մարդը, որ ելել էր խցիկի սանդղակին, իջավ:

Արամայիսն ընկրկեց, սակայն դեմքին անակնկալ իջած հարվածից կորցրեց ոտքի տակ չեղած հենարանն ու կտրուկ փռվեց կանաչին: Առանց տեսնելու գիտեր՝ տարեկից տղան է: Ձեռքից բահը թռավ: Ձգվեց, որպեսզի վերցնի, չհասցրեց. մեկի ներբանը տրորեց մատները: Ցավից ճչաց: Հետո ուժգին զարկ ստացավ կողին: Այնուհետ… լսելիքը քերեցին Կախոյի, Փորքաշի զիլ, ողբերգություն գուժող հաչոցն ու կաղկանձը, ավտոբուսին առնող քարերի զխկոցը, փշրվող ապակիների խշրտուքն ու դարձյալ ձայներ: Պառկած տեղից տեսնում էր մարդկանց, որ հիմա այգում չգիտես ինչ բանի էին: Նինջ էր իջել վրան, տարօրինակ թմբիր: Երևի քներակիս դիպան, -աղոտ մտածում էր: -Միայն թե չմեռնեմ: Դժվարությամբ ծնկեց: Մշուշի մեջ էլ տեսավ մարդկանց, որոնք հայացքներն իրենից փախցնելով՝ լցվեցին բեռնատարը…

Փորքաշը խելակորույս հաչոցով վազում էր ավտոյի ետքից, Կախոն չկար: Ոտքի ելավ, երերալով հասավ առվին: Ցամքը դեռ չէր կտրվել: Բռով ջուր առավ, քսեց դեմքին, թրջեց ծոծրակը: Սրտխառնուք զգալով՝ հենվեց ավտոբուսին, նույն պահին էլ վնգստոց հասավ ականջին. ձայնը մեքենայի տակից էր:

-Կախո, -թույլ կանչեց, -Կախո…

Պատասխանն աղիողորմ կլանչ էր: Բայց մարդիկ ի՞նչ էին անում այգում: Մի կերպ շրջանցեց ավտոբուսը, առաջացավ: Չլինի… Այդպես էլ կար: Այդ հատվածում մատղաշ դեղձենիներ էին: Ջարդոտած, արմատախիլ էին արված գրեթե բոլոր տունկերը: Շրջվեց: Բեռնատարը դարը ելել, հեռանում էր՝ թափքում պարպած ցասում: Դարձյալ կես րոպե, ու նա կորավ աչքից:

-Կախո, Փորքաշ, այս ի՜նչ արին:


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
382 | 0 | 0
Facebook
COMMENT.am