Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

ԿՅԱՆՔ Է, ԿՊԱՏԱՀԻ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
09:15, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
ԿՅԱՆՔ Է, ԿՊԱՏԱՀԻ /պատմվածք/

- էս ով է եկե՜լ...

Նորայրը, որ մեքենան ներս առնելուց հետո պատրաստվում էր փակել դարպասը, ընդառաջ գնաց դրացուն.

- Ողջույն:

- Խեր լինի` էս ժամին...

- Ասի տեսնեմ` ինչ կա-չկա, ամառանոցս, հո, չի՞ փախել:

- Արխային` ամեն բան տեղում է: Շորերդ փոխիր, բան եմ ցույց տալու: Մնալո՞ւ ես:

- Դեռ չեմ որոշել, - կամենում էր ասել` ինձնից կախված չէ, չհասցրեց:

- Պրծի...

- Լույսերը չվառե՞մ:

- Սպասում եմ, չուշանաս: Ես գնամ գոլորշուն նայեմ:

- Ո՞վ էր, - երբ ետ եկավ, հարցրեց աղջիկը, որ դեռ չէր իջել մեքենայից:

- Ամառանոցի հարևանս է` Վաչո պապը: Պիտի այնպես անենք, չիմանա, - ընթացքում Նորայրն իջեցրեց մթերքը, բացեց տան դուռը: - Հյուրասենյակն է, ձախում խոհանոցն ու զուգարանն են: Ջուրը հորից ենք հանում: Հիմա կմիացնեմ շարժիչը, թող բաքը լցվի: Մաքուր է, սակայն չխմես. աման-չամանի, լվացքի, մեկ էլ ոռոգման համար է պիտանի:

- Որտե՞ղ ես քնում:

- Ուր ենք քնելո՞ւ, - հարցը բազմանշանակ փոխադարձեց Նորայրը, - ննջարանը երկրորդ հարկում է: Թե՞ համաձայն չես:

Աղջիկը խոնարհեց հայացքը:

- Տեսնեմ հարևանս ինչ է ասում ու գամ, հա՞, - նա թեթևակի գգվեց աղջկան: - Չեմ ուշանա, Ան:

- Կուզե՞ս մարեմ լույսը:

- Ի՞նչ կարիք կա:

- Կողմնակի աչքեր են, հանկարծ ու նկատեցին:

- Հեգնո՞ւմ ես:

- Ամենևին:

- Հո խավարի մեջ չե՞ս նստի: Տարվա այս եղանակին պապից բացի մարդ դժվար գտնվի: Ինքը չլիներ, լրիվ կթալանեին: Մինչև սեղանը գցես, կգամ:

- Գուցե նրա համար և՞ս ափսե-բաժակ դնեմ, եթե մտերիմ եք:

- Տարիքային տարբերությունը մեծ է, խորշոմներից ամաչում եմ:

- Քեզ համար եմ մտահոգ:

- Թե գլխի չընկավ, չեմ կանչի, թե ընկավ, ճար չունեմ, պիտի հրավիրեմ:

Ինչպես սովորաբար, վառ էին դրացու բակի, տան լույսերը. նա էլեկտրիկի հետ լեզու էր գտել և հոսանքը խնայելու խնդիր չուներ:

- Վաչո պա՜պ, - կանչեց:

- Արի՛, - ձայնը տան թիկունքից եկավ:

Հարևանը սրվակը լույսին դեմ արել, նայում էր.

- Անտեր ակնոցն ո՞ւր կորավ:

- Ի՞նչ բանի ես:

- Հլա տես քանի՞ աստիճան է. աչքդ սուր է:

Անոթում հեղուկ էր, մեջը` ջերմաչափի պես բան:

- Ինչի՞ն նայեմ:

- Խազը որի՞ վրա է:

- Ջրի բերանի՞նը` ութի:

- Այ տղա, ութսուն գրադուսանոց ջո՞ւր կլինի: Ցքի է:

- Չհասկացա:

- Ցքին չգիտե՞ս: Ուսումնականիս տես` արաղ է:

- Օղի ես թորո՞ւմ:

- Այո՛, - Վաչագան պապը սիրում էր շեշտել բառը, երբ գրականի էր անցնում:

- Ես էլ մտածում եմ` էս եղանակին ի՞նչ է շինում դրսում:

- Մի բաժակ խմիր, տեսնեմ կասե՞ս` ցուրտ է:

- Ավտոյով եմ, - թույլ առարկեց:

- Տունը մտքիցդ հանիր. առավոտը կգնաս: Հո չնեղացա՞ր:

- Ինչի՞ց:

- Որ ասի` ուսումնական: Ճիշտը խոստովանեմ` «ցքի» բառը ես էլ եմ նոր սովորել: Ձեռս «Աստվածաշունչ» է ընկել` այնտեղ հանդիպեցի:

- Լուրջ-լուրջ դրել, կարդում ես...

- Պարապությունս պիտի՞ մի բանով լցնեմ:

- «Աստվածաշունչ» ու արաղ` ես էլ հավատացի:

- Բերե՞մ:

- Դու սարքը ցույց տուր` ո՞ւր է:

- Խնդրե՛մ, - բառը դարձյալ կարևորելով` նա ետ տարավ միջնորմի դեր կատարող վարագույրը:

- Նու դա՜, - ակամա ռուսերենի անցավ Նորայրը: - Էս, հո, մի ամբողջ գործարան է: Որտեղի՞ց:

- Ինքս եմ սարքել, - հարևանն ըմպանակը պահեց խողովակից եկող հեղուկի տակ:

- Քիչ կլցնես:

- Հո հիվանդ չե՞ս, վախեցար:

- Ինչի՞ց ես քաշում:

- Խառը` տանձ է, խնձոր, քիչ հոն ունեի...

- Շուտ ասեիր. ծառերի տակ միրգը թափած էր, տանձը` մանավանդ:

- Գալիս ես, որ...

- Բա դո՞ւ. չես խմո՞ւմ:

- Սպասիր բաժակ գտնեմ:

Նորայրը հոտ քաշեց.

- Ոչինչ, հաճելի բույր ունի:

- Հոնի շնորհքն է:

Պապի գավաթը ևս լցվեց:

- Տաք է, կխմվի՞:

- Էն էլ` ոնց: Էհ, բարի տեսանք, - նա չխկացնելուց հետո սպասեց հյուրի խումին:

Նորայրը, սովորույթի համաձայն, միանգամից կուլ տվեց պարունակությունը:

- Հը՞...

- ...

- Չխեղդվես, մեր տղա:

- Թունդ էր, - մի կերպ կարողացավ արտաբերել:

- Տնականն ուժեղ չեղավ, չի խմվի. երկրորդ բերանն եմ քաշում: Տես` ինչ զուլալ է: Շշերի մեջ հավաքածը լցրել եմ պղինձը, մեջը փայտածուխ գցել ու... Նոր սկսել է եռալ: Մի ժամ հետո բացեմ, կտեսնես: Հոսանքը թույլի վրա փոխեցի, որ չտա կափարիչը պոկի:

- Մի ողջ գիտություն է:

- Եթե հետս ընկերություն անես, կսովորեցնեմ: Գնամ թթու հանեմ: Պանիր կա, հաց, սոխ, քթից ծուխ հանող բիբար:

- Մի բեր, խնդրում եմ:

- Ի՞նչ է խոսում: Հազիվ եկել ես: Գիշերը չեմ քնելու: Ահագին փլուշ է մնացել. մանրից կխմենք, նարդի կխաղանք, - նա ոտքով դիպավ տակառին: - Հրե՛ս:

- Միջինն ի՞նչ է:

- Համա թե հարևան ունեմ, հա՜: Էն նյութն է, որից օղի են քաշում` հավաքածս միրգը: Թողել եմ քաղցուն լրիվ թթվի, էնքան, մինչև ջուրը երես դուրս գա: Հետո լցրել եմ կաթսան, բերանը խմորել, որպեսզի շոգու կորուստ չլինի: Խողովակը տեսնո՞ւմ ես. սրա մեջ ջուր է: Մի կողմից մտնում է, մյուսով դուրս գալիս: Բարակով` չժանգոտվողով գոլորշին է անցնում, ճամփին դառնում արաղ, որ ես, դու, քեզ նման լավ մարդիկ խմենք:

- Քանի՞ լիտր դուրս կգա:

- Եթե տակառի եղածն էլ քաշեմ, քսան` հեչի պես: Ինձ ու քեզ հերիք կանի:

- Խմելու անուն չտաս. ես չկամ:

- Քեզ է թվում: Նստիր, հացը բերում եմ:

- Մի լրջացրու, պապ, չեմ ուզում:

- Կնեղանամ: Որ գնացիր, ի՞նչ ես անելու:

Նորայրը բացատրություն չէր գտնում:

- Չկա զբաղմո՞ւնք, - ասաց:

- Սրանից լավ գո՞րծ: Թե՞ հեռուստացույցի ստերը պիտի լսես, պատգամավորների պոռոտախոսելը: Կներես, մոռացա, որ Ազգային ժողովում ես աշխատում: Նորո, ճիշտ, դրանցից գոնե մեկնումեկը ժողովրդի մասին մտածո՞ւմ է:

- Ազնիվներ կան:

- Չհավատացի: Համ էլ` ազնիվը քիչ է. թող գործ անեն:

- Դե, օրենք է, ընդունում են: Դա էլ իրենց աշխատանքն է:

- Որ գրեցին, ո՞վ է բանի տեղ դնողը, մեկը` իրենք:

- Արդեն քաղաքականության անցար: Գիտես` կուշտ եմ:

- Ճիշտ ես ասում: Դու բաժակները տակը պահիր, հացը բերում եմ, - կեսճամփից ետ դարձավ: - Ուրիշն էլ ունեմ: Նախորդ անգամվա քաշածս մաքուր սև սալորի է, կուզե՞ս:

- Արդեն մեկ է, - հանձնվեց Նորայրը:

- Ապրե՛ս, - հաղթությունից անթաքույց գոհ` ընդգծեց Վաչո պապը, սակայն նկատելով հյուրի գնալը՝ աճապարեց ետքից: - Ու՞ր:

- Դռները փակեմ, - դժկամ նետեց Նորայրը:

Աղջիկը մթերքը սեղանին դասավորել, սպասում էր:

- Ուշացա՞:

- Կարևորը` եկար:

- Պրծնել հնարավոր չէ: Օղի է թորում: Մենակությունից, երևում է, գժվել է, - նա բացեց կոնյակի շշի բերանը:

- Կկարողանա՞մ:

- Եթե ես նոր քաշածը գոլ-գոլ խմեցի... Չես պատկերացնի, որքան թունդ էր:

- Երևում է:

- Ինչի՞ց:

- Աչքերդ արդեն փայլում են:

- Իմը խմիչքից է, քոնը` բնական: Կենացդ, Ան, միշտ այդպես` ժպտուն, հմայիչ...

Խմեցին, Նորայրը` մի ումպով, Անին` դանդաղ, ըմպանակի եզրը հազիվ շրթունքին հպած:

- Պապի ցքուց հետո` ասես ջուր լինի: Լսած կայի՞ր` ցքի, հետաքրքիր բառ է, ոնց որ ճապոներեն խոսես. նրանք բրնձօղուն սաքե են ասում: Ցքե-սաքե, գրեթե նույնն է:

- Ինչո՞ւ չես նստում:

- Կոկա լցնե՞մ, - հարցն անպատասխան մնաց:

Անին գլխով արեց:

- Եթե ցուրտ է, տաքացուցիչը միացնեմ:

- Սա, - աղջիկը մատնացույց արեց բուխարին: - Առաջին անգամ եմ տեսնում:

- Հաց ուտենք` նոր: Ո՞րը տամ, - առանց սպասելու պատասխանի, տղան մեջքամսի ընտիր կտորներից մեկը տեղափոխեց Անիի պնակը:

- Հերիք է:

- Պատառաքաղը մի կողմ դիր` ձեռքով... Այսպես ավելի բնական է, - Նորայրը խորտիկն ատամների տակ առավ:

- Երիտասարդ, ի՞նչ եղար, - լսվեց դրսից:

Երկուսով իրար նայեցին:

- Կանչի` գա:

Բերանի պարունակությունը խանգարում էր: Մի կերպ կուլ տալով` Նորայրը մղվեց դուրս:

- Գալիս եմ, - չէր կամենում դրկիցն առաջանա:

- Հիմա ինչո՞ւ է կանչում, - երբ ետ եկավ, հարցրեց Անին:

- Չի ուզում մենակ թողնել: Իր հաշվով` լավություն է անում: Սեղանին եղածից բացի, խորոված մնացե՞լ է:

- Կեսից շատը տոպրակում է: Լավաշով փաթաթել եմ, չսառչի:

- Կոկա, ջուր էլ վերցնեմ:

- Գնո՞ւմ ես:

- Քեզ համար կեր-խմիր, մինչև գլուխս ազատեմ:

Անին ուսերը թոթվեց: Շշերը տեղավորող Նորայրը սրտնեղանքը չտեսավ:

- Դարպասի դուռը ապահովության համար կփակեմ:

- Նորո, - վերստին լսվեց:

- Գնացի: Չտխրես, - նա օդային համբույրով հավաստելով սերը` շտապեց ձայնի ուղղությամբ:

Հարևանը, մեքենային կռթնած, սպասում էր:

- Ջրի ձայն եմ առնում:

- Շարժիչը միացրած եմ թողել. բաքը լցվեց: Պահիր, - նա ձեռքի մոմլաթե տոպրակը մեկնեց պապին:

Անջատիչը խորդանոցի սյուներից մեկի վրա էր` անձրևից պատսպարված տեղում, բարձր, որպեսզի պատահական ձեռք չհասնի:

- Փոխվեիր, - դիտողություն արեց Վաչագան պապը, - փոշի եղար, - ու թափ տվեց տղայի բաճկոնին կպած սարդոստայնը, թևքով մաքրեց կավճի հետքերը:

- Բանի վրա ես: Լամպն այրվել էր, մինչև գտա... Դուրս արի, դուռը փակեմ, - նա ջանում էր, որքան հնարավոր է, հարևանին շուտ հեռացնել բակից. Անիի ելնել-շարժվելու դեպքում պապը կզգար, կնկատեր ստվերի խաղը:

- Լույսերն ինչո՞ւ չես մարում: Փող շատ ունե՞ս, - հետո ինքն էլ պատասխանեց: - Ասա փողն էլ, հո, խելք չէ՞, որ չունենամ, - ու ինքնագոհ քրքջաց:

- Դու քո մասին խոսիր:

- Մոռացե՞լ ես իմ երկրորդ` ձախ գիծը: Հաշվիչի տակ լիներ, օղի՞ կկարողանայի քաշել: Հոսանքը, որ ես եմ վառում, քաղաքի մի շենքի հերիք կանի:

- Հետո պատգամավորներից կդժգոհես: Թե՞ քոնն օրենք խախտել չէ:

- Ձուկը, տղաս, ձուկը գլխից է հոտում: Լույսի մարդուն ամեն ամիս տվածս տասը հազարից, կարծում ես, ղեկավարությանը չի՞ հասնում: Ինքն առաջարկեց, չհամաձայնեի՞:

- Եթե արդարության պաշտպան ես, դեմ գնայիր:

- Ձմեռը դուրս գա, կասեմ կտրի, որ էլ ամոթանք չտաս: Պետքս չէ:

Նա դատարկ շշերը հավաքել էր սեղանից, ուտելիք դրել:

- Ձեռքինս ի՞նչ է, տվիր:

- Խորոված է, կոկա, հանքային ջուր:

- Բայց դու ի՞նչ կերպար ես. խորոված ունեիր, ու ձայն չէիր հանում: Մենակ էիր ուտելո՞ւ:

- Թողնո՞ւմ ես, մարդ շունչ քաշի. վրա ես տալիս: Չմտած` բաժակը դեմ արիր:

- Մեր տղա, քեֆ ենք անելու:

- Կես ժամից ավել չեմ մնա:

- Նորից պոզերը տնկեց: Սալորինն եմ դրել` մառանից նոր հանած: Ձեռք տուր, ինչ պաղ է: Սա էլ մաճառը: Գալ տարի ծիրանից ի՜նչ արաղ եմ քաշելու...

- Մաճառ կխմեմ:

- Մի-մի թաս առյուծի կաթից զարկենք, հետո կամքը քոնն է, թե բան ասեմ, ել ու գնա:

Խմեցին, ախորժակով կերան:

- Անմահական թթու է, - խրթխրթոցով ուտելով վարունգը` մնում-մնում ասում էր Նորայրը:

- Հոյակապ խորոված է, - փոխադարձում էր Վաչո պապը, որ դանդաղ, վայելելով էր ճաշակում` միսը նախապես դանակով մանրատելով: - Որտեղի՞ց առար:

- Ջրվեժի ճամփից:

- Վաղուց չէի կերել: Չիմանաս ձեռս քարի տակ է: Եթե քնելուց առաջ սպաս կամ մածուն չուտեմ, օրս օր չէ: Իմը կաթնեղենն է:

- Գնացող-եկող կա՞:

- Համարյա` չէ: Տղաս, գիտես, Շվեդիայում է, աղջիկս էր մեկ-մեկ գալիս, էն էլ ամուսինը Մոսկվա կանչեց, գնաց: Ոնց էլ գտնում են անտերների ճամփեքը, զարմանում եմ: Որ չե՞մ լսում` այսինչի զավակը Կանադայում է, մեկելինը` Ավստրալիայում, մնում եմ ապշած: Ասա` մնացեք, տեր եղեք ձեր հողին:

- Մեկը` քոնը. Սկանդինավյան թերակղզի: Մի աշխարհ հեռու է: Ինչո՞ւ արգելք չեղար: Խոսում ես, էլի:

- Ասողին լսող է պետք: Ինձ մնար, կթողնեի՞: Գուրգուրանքով մեծացնես... Ես` հեչ, գլուխս կպահեմ, թեև, ի՞նչ թաքցնեմ, գումար սկսել է ուղարկել: Երկիրն է մեղք. օդը շնչեն, ջուրը խմեն, հացն ուտեն, ուսում ստանան ու չվեն: Եղա՞վ: Ես դրանց մարդ ասողին... Առաջինը` իմը, թյու... Նոյի ագռավ չեն, բա ի՞նչ են: Լցրու:

Մեկական գավաթ ևս ըմպեցին, պապը` վճիտ օղի, Նորայրը` անապակ մաճառ:

- Խմիչք եմ ասել...

- Զգույշ, որ բռնեց... Մրսո՞ւմ ես, բան գցե՞մ ուսերիդ, - պապը ձգվելով` պատից ցած բերեց մորթե միջուկով անթև բոճկոնակը: - Պահի:

Հոգատար քայլը հուզեց արդեն գինով Նորայրին:

- Արի քեզ ամուսնացնենք:

- Հո չասի՞ր:

- Վա՞տ կլինի` մեկին բերես. հա ու չէիդ կհասնի:

- Թեման փոխիր, Նորո: Խնամողն էր պակասում` ինձ ի՞նչ է եղել:

- Գտնելը վրաս:

- Տղա, վազն արի: Խմիչքն իսկապե՞ս ազդեց: Վերջ` չխմես:

- Հյուրին, ո՞վ է լսել, արգելեն: Օղի չեմ ուզում` մաճառ: Ի՜նչ էլ կարմիր է:

- Նույնտեսակ խաղողից է` Արենի: Հիվանդի դեղ է, եթե օրը մի բաժակով գոհանաս: Գարնանն էտելիս կտրոն կվերցնեմ: Հենց կանաչեց, կտեղափոխենք քո այգին:

- Բախտս բերեց` քեզ պես հարևանի հանդիպեցի: Կենացդ, Վաչագան պապ:

- Դու ջահել ես, առաջինը քոնը խմենք:

- Չի լինի, սկզբում պարտադիր` մեծինը:

Պապը փոխեց կաթիլվող օղու տակ դրած ապակյա ամանը:

- Էս մեկն էլ լցվի, բոլ-բոլ է: Մնացածի վրա փլուշ կավելացնեմ, թող նորից եռա: Ինչի՞ց էինք խոսում:

- Կնոջից:

- Խաղողից:

- Ոչ, քեզ լծակից գտնելուց:

- Համա բառ գտար: Տո՛, հիմա քեզ դառնամ` ինչո՞ւ չես զույգվում: Եղար քանի՞ տարեկան:

- Երեսուներկու:

- Շատ ես ուշացրել. ձգելու տեղ չունես:

- Շուտով կամուսնանամ:

- Քամի մի արա. երեք տարի է մեր փողոցում տուն ես առել, անընդհատ նույնն եմ լսում:

- Գնա՞նք հարսնացուիս հետ ծանոթացնեմ:

- Ասի՞ մի խառնի. օղին ու մաճառն իրար հետ չունեն:

- Պապ, հարբածի տեղ մի դիր:

- Բան ե՞րբ ասի:

- Հիմա չես գալի՞ս մեր տուն:

- Քաղաքի՞:

- Այստեղ է: Դուռը փակել եմ վրան, եկել: Հրես զանգեմ:

Բջջայինը չմիացավ. մարտկոցը նստել էր:

-Քոնը կտա՞ս:

-Ինչի՞ս է պետք: Չէ, շատ խմեցինք:

- Դու` գուցե: Քեզ չեմ լցնելու, - Նորայրը ձեռքը մեկնեց մաճառին: Անզգույշ շարժումից թևքը կպավ օղուն: Շիշն ընկավ, փշրվեց: - Կներես, պապ:

- Փորձանքն անցավ: Ինչ լինում է, թող անշունչ առարկային լինի:

- Խմեմ ու գնանք:

- Ինձ լսիր. արի սեղանը հավաքեմ, նարդի գցենք:

- Ոչ մի խաղալ: Ասում եմ` աղջիկն սպասում է:

- Անո՞ւնն ինչ է, - հեգնանք կար Վաչո պապի հարցում:

- Անի:

- Ծնողները որտեղացի՞ են:

- Չեմ հարցրել, ինքը Երևանից է:

- Աշխատանք ունի՞:

- Նորավարտ է, դեռ գործ չի գտել:

- Ես էլ հավատացի: Պաշտոնյա մարդ ես, մեկին զանգիր, թող տեղավորեն:

- Չի կարելի:

- Բոլորին կարելի է, քեզ` չէ՞, - ապա խոսքը փոխեց: - Մինչև չիմանաս հոր, մոր ով, որտեղացի լինելը, մատանի չդնես:

- Ծնողների հե՞տ եմ ամուսնանում: Կարևորն աղջիկն է:

- Պտուղը, չե՞ս լսել, ծառից հեռու չի ընկնում:

- Սկսվեց...

- Հազար հարց կա: Ման եկած չլինի` առաջին...

- Չէ մի...

- Ի՞նչ իմանաս, մանավանդ` հիմա: Առողջ մեկին առ, քեզ որձ երեխա բերի` պինդ, որ մեծանա, առնահուտ զինվոր դառնա, սահման պահի: Վերջին բաժակը... Սպիտակից լցրու:

- Ինձ չի թողնում, իսկ ինքը, տես...

- Բանակայինի կենացը պիտի ամեն սեղանի խմվի: Նրանց շնորհիվ չէ՞, որ հանգիստ քեֆ ենք անում: Ով գիտի` Օմարի բարձունքում հիմա ինչ եղանակ է: Ձյունը, հաստատ, նստած կլինի, էն էլ ինչքան` մարդահասակ: Երեք հազար մետրից բարձր է, հանաք չկարծես, - նա Քարվաճառի կռվին էր մասնակցել, բարձրերում դիրք բռնել: - Ցրտից դեմքերիս կաշին պլոկվում էր: Հա՛, Օմարն էլ, իմացած լինես, մեր Ամուրն է, թուրքն է դիտմամբ փոխել:

- Ոտքի վրա խմենք, - Նորայրը ելավ աթոռից: - Նրանց հետ և քոնը, բոլոր հին ու նոր ռազմիկներինը. հրամանատար, զինվոր` բոլորն արժանի են:

- Ես ո՞վ էի նրանց կողքին: Տղերք եմ ասել` խիզախ... Հազար երանի ծնողքին... Չէ` իմի պես. Շվեդիա, օտար կնիկ... Թյու:

- Դու քո բաժինը կռվել ես, քո խիղճը հանգիստ է: Ես, ա՛յ, ամաչում եմ:

- Մարդ կա, էդ էլ չի ասում:

- Պատմել եմ` հայրս քաղցկեղով հիվանդ էր, խնամող չկար:

- Էհ, ո՞ւմ կյանքը թերթես, ցավ, վիշտ ու արցունք չլինի:

- Մեկ է` ինձ չեմ ներում. պիտի գնացած լինեի, - նա ձեռքը զարկեց ծնկին: - Ամո՛թ:

- Քեզ պահի, հանկարծ լաց չլինես. տղամարդուն վայել չէ:

- Թուլասիրտ չեմ, - Նորայրը դժվարությամբ ժպտաց: - Գլխավորը թողինք: Բա սա երկարացնելո՞ւ կենաց էր:

- Մեղավորը ես եմ. շատ ձգեցի: Արևշատություն` ովքեր կան և հազար ողորմի հեռացածներին:

Ըմպելուց հետո մի-մի պատառ թթու առան բերանները:

- Այլևս` վերջ:

- Համաձայն եմ:

- Սարքն անջատեմ` հերիք է: Որոշել էի տակառի եղածը գինու տկուցքի հետ քաշել, քանի ձյուն չի նստել, բայց միտքս փոխեցի: Սեղանը հավաքեմ, նարդի խաղանք:

- Մեր տուն ենք գնում: Հարսնացուս մնաց:

- Նարդին ձեր կողմը տանե՞նք:

- Հաշվիր` հինգով զրո կրել ես:

- Կարող է երեք մա՞րս եմ անում` 6-0:

- Թող քո ասածը լինի: Շարժվեցինք: Պապ, չմոռանաս խոստացածդ:

- Մտահան եմ արել:

- Խաղողի մատերը:

- Արենու՞` աչքիս վրա:

- Արևկող տեղ կտնկենք` մի քանիսը: Թող ելնեն, փռվեն... Ջունգլի, ջունգլի եմ դարձնելու բակը: Հանելու եմ ավտոտնակի տանիքը, սյուներին փաթաթած հասցնելու եմ ննջարան: Պատկերացրու, պապ, լուսամուտը բացում ես, ողկույզները կախված են... Ան, հյուր ունես, դիմավորիր:

Նորայրն առջևից, Վաչագան պապը` ետքից մտան պատշգամբ:

- Մենք եկանք:

Հյուրասենյակը դատարկ էր, սեղանը` հավաք: Ծխահոտ կար. Անին փորձել էր վառել բուխարին:

- Դու նստիր, տեսնեմ աղջիկն ուր է, - բացեց խոհանոցի դուռը, մտավ զուգարան, ելավ: - Այստեղ խորոված կա, բերե՞մ: Կոնյակ ունեմ...

- Տրաքվելու չենք:

Շարունակեց փնտրտուքը: Հիշում էր` ննջարանի դուռը չի բացել, կողպած է: Խորդանոցում ի՞նչ ունի անելու: Մնում էր այգու խորքերը նայել:

- Անի, որտե՞ղ ես, - ձայնեց:

- Ներս արի, Նորիկ, կմրսես:

- Ա՜ն...

- Նարդին շարել եմ, եկ:

Թե մեքենան լինի մտած...

Աղջիկը չկար ու չկար:

- Ըստ քեզ, ո՞ւր կլինի:

- Ո՞վ, Նորո:

- Անին: Մի ժամ է ո՞ւմ եմ ման գալիս:

- Քիչ առաջ, մեր տղա, Աննա էիր ասում, հը՞, թե՞ Անահիտ է անունը կամ` Անուշ, Աննման, - փորձեց կատակի տալ պապը:

- Ասի` Անի:

- Անին երբվանի՜ց իրենց տանը տեղաշորում մուշ-մուշ քնած է: Նարդին թողնենք վաղվան: Բարձրանանք, պառկիր: Ես էլ գնամ` առավոտից ոտքի վրա եմ:

- Առանց Անիի ոչ մի քնել: Պիտի գտնեմ...

- Երազում կտեսնես, ոչինչ:

- Մինչև հիմա չի հավատում, որ մենակ չեմ եկել, - նա բացեց սառնարանը: - Ուտելիքը տեսա՞ր: Ինքն է տեղավորել, բաժակ-ափսեն անգամ լվացել է:

- Ուրեմն` տնարար աղջիկ է: Մնում է տեսքով լինի, հասակը պարտադիր` բարձր: Այդ դեպքում համաձայնությունս կտամ, կասեմ` նշանվիր: Ելանք, ուշ է:

- Եթե գնացել է... Ախր, դուռը փակ էր, ո՞նց:

- Օդով, թև է առել, սիրուն թռել է: Բանալին ինձ տուր, ես փակեմ: Ապրե՛ս: Հիմա մտիր թևս: Ու՞ր... Քնելու: Վատ ես զգո՞ւմ: Ոչինչ, ետ տու, մի ամաչի: Ծառի տակ, ծառի... Այ, այդպես: Էլի՛, էլի՛... Մի վախենա, չես մեռնի: Հիմա հանգստացա՞ր, էլ չի՞ խառնում: Թաշկինակդ հանի, թե՞ չունես: Զորանաս: Վերևի դռան բանալին ո՞րն է: Լավ, լավ, դու բաց: Լույսը... գտա: Հիմա հանում ես կոշիկներդ... Քո մահճակալը, ասում ես, լուսամուտի տակի՞նն է: Շալվարը, ոչինչ, թող մնա, դրանով էլ պառկիր: Վերմակով չծածկե՞մ: Եղավ... Հետո, եթե մրսես, կքաշես վրադ: Դե, ես գնամ:

- Անին վիրավորվեց, նեղացավ ինձնից:

- Քեֆով մարդուց չեն նեղանում: Դու քնի...

- Նա լավ, կարգին աղջիկ է:

- Խոսք չունեմ:

Վաչագան պապը հանգցրեց լույսը, ննջարանի դուռը ետևից գոցեց, իջավ, որ գնա: Աչքին ընկավ պարսպին հենած սանդուղքը:

- Աստիճանն ինչո՞ւ է դուրսը թողել, վաղը-մյուս օրը ձյուն կդնի, գողություն-բան կա:

Վերցրեց, տարավ խորդանոց: Բակում ոտքը կախ գցեց: Ականջում մայրուղուց հասնող խուլ աղմուկն էր, լսողությունն ուրիշ ձայն չառավ:

- Չվատանա՞ հանկարծ: Դույլը տանեմ վերև, մարդ ես...- դարպասը կողպելիս մտահոգ որոշեց:

Ետ եկավ, գտավ ոտք լվանալու տաշտը, վերստին բարձրացավ ննջարան: Նորայրը, գլուխը պատի կողմը, քնել էր: Շրջեց հակառակ ուղղությամբ: Ործկալու պատճառով դեմքը դժգունած էր: Վերմակն զգույշ վրա բերեց, ելավ:

- Ասի, չէ՞, մաճառն ու օղին մեկմեկու թշնամի են: Չպիտի թողած լինեի. խմիչքը տվել է գլուխը, միտքը պղտորել... Լույսը բացվի, հարցնեմ` տեսնես կհիշի՞ ում անունն էր տալիս: Հնարավոր է, իրոք, մեկին գտել է: Թող ընտանիքավորվի, ճաշարանների հույսին ինչքա՞ն մնա: Հարսանիքին թե կանչեց, խորովածն ինձնից:

Փողոցն ի վեր մեկը գալիս էր: Ձեռքին բջջային հեռախոս կար: Շողքն ավելի շատ պատերին էր պահում, քան ոտքերի առաջ: Բան էր փնտրում: Չլինի՞ ճիշտ էր Նորոն` Անին է:

Վաչագան պապը քխկաց` պատրաստվելով ձայն տալ: Օտարականը, հանկարծակիի եկած, վարանքոտ կանգնեց:

- Առաջ արի, հայ մարդ եմ, - պապը փոխադրվեց բակից փողոց հասնող լույսի տակ: Թող իմանա` հոր տարիքին եմ, - խորհեց, - չերկյուղի:

- Նորիկի՞ն ես ման գալիս, - տեսավ` դիմացինը հապաղում է, հարցրեց. դեռ լիովին վստահ չէր, թե դիմացինը կին է:

- Դուք Վաչագան պա՞պն եք:

- Ես եմ, աղջիկս: Մենք էլ քեզ ենք ման գալիս, - նա փութաց առաջ:

- Նորայրն ո՞ւր է:

- Վերևում պառկած է: Թեթև վատ է զգում:

- Հո բան չի՞ պատահել, - աղջկա ձայնում անհանգստություն կար:

- Չէ: Ի՞նչ պիտի եղած լինի: Բա դու ո՞ւր էիր:

- Ուզում էի Երևան գնալ:

- Նեղսրտել ես: Մեղավորը ես եմ: Նորիկն ասում էր` գնանք, տանը մարդ կա, հյուր ունեմ, չէի հավատում: Պահեցի ու պահեցի: Դուռը փակ էր, ո՞նց դուրս եկար:

- Տեսա` չի գալիս, աստիճանը գտա` խորդանոցում էր, ելա պատին...

- Բա իջնե՞լը:

- Մի կերպ` փոխեցի տեղը:

- Լավ էլ ուժդ պատել է: Ես հետո տեսա: Ասում եմ` Նորոն սանդուղքն ինչո՞ւ է թողել դրսում: Հիմա որ մտածում եմ` ո՞նց կարող էր նա դրած լինել ու չտեսնեի. ամեն օր մտնում-ելնում եմ: Չէ, շատ խմեցինք, - նա ձեռնափով շփեց ճակատը: - Մեր կողմ գայիր:

- Ձեր դուռը ներսից փակ էր:

- Երևի ձեն էլ ես տվել: Տան թիկունքն էինք: Եթե լավ գոռայիր, կլսվեր: Ներող եղիր: Անի է, չէ՞, անունդ: Ոչինչ, կյանք է, կպատահի: Նորիկը, իմացիր, քեզ շատ է սիրում: Գժվել էր: Զորանաս, որ չես գնացել: Երևում է, հալալ կաթնակեր ես:

- Մեկը կանգնեց, բայց վախեցա. մենակ էր:

- Հիմա հազար տեսակ մարդ կա, ի՞նչ պետք էր: Հրես բացեմ դարպասը: Առ բանալին, ներսից կողպիր ու գնա վերև: Ճամփան գիտե՞ս: Մանսարդի ելումուտը պատշգամբով է, աջի վրա աստիճաններն են: Հիմա սրտովս եղավ: Թե չէ` անհանգիստ էի. հանկարծ սիրտը նորից թափեր... Բարի գիշեր, - արդեն փողոցից. - Հետդ, մեր հարս, ջուր վերցրու. գիշերը Նորոն կծարավի:


    

«OPEL-ի աղջիկը» շարքից, 2003, օգոստոս:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11940 | 0 | 0
Facebook