Loading...

Articles

Հեռուստաքիլերի պորտապարը

01:24, Saturday, 18 August, 2012
Հեռուստաքիլերի պորտապարը
    
    

Հիշո՞ւմ եք` ինչ ասաց Օստապ Բենդերը Կիսա Վորոբյանինովին.«Ավելի շատ ցինիզմ, պարագլուխ, մարդկանց դա դուր է գալիս»: Ցինիզմը «ՈՒրվագիծ» հաղորդաշարում պահեստային ական է, որը թևատակին զրույցի է նստում ոչ անհայտ Ղազարյան Պետրոսը, «ՈՒրվագծի» բավականին ինքնաբավ մեկնաբանը: Այ, հենց էստեղ է ուրվագծվում նախագծի քաղաքական ենթատեքստը: Այն է` արատավորել յուրաքանչյուր միտք, գաղափար, նախաձեռնություն, գործընթաց և այլն, որոնք Պ. Ղ.-ի քիմքին հարիր չեն: Ի՞նչ կարող ես անել, բարքերի և կրքերի սահմանազուրկ տիրույթներում ուրվագծելի են հնարավորն ու անհնարինը: Եվ, ահավասիկ, միանգամայն հնարավոր է հաղորդումը գործարկել որպես հրաձգարան, հրաձգարանում էլ անզուսպ հրճվանքով կրակել օրնիբուն: Երբեմն էլ անցնել գնդակոծության:
     Ընդ որում, դարձյալ «մարտեր առանց կանոնների» վարժանքների լայնք-երկայնքով: Եվ Պ. Ղ.-ն առաջին իսկ հարցախեղդումից ծանուցում է հեռուստադիտող հանրությանը. «ՈՒշադիր եղեք, սիրելիներս, այսօրվա մեր հյուրը իմ ու ձեր զոհն է, և նրան ահա տապակելու ենք անյուղ թավայում»: Հասկանալի է, «զոհի» կարգավիճակում հիմնականում հայտնվում են ազգային-ավանդական արժեհամակարգի կրողները: Վերջիններիս փորձելով հարցախեղդել, Պ. Ղ.-ն անթաքույց հրճվանքով որակումներ է ցփնում, այլասերում հանրահայտ գաղափարներն ու արժեքները: Իսկ ինչու չէ, չէ՞ որ հենց ինքն է նվագախմբի դիրիժորն ու այս խառնափնթոր «վետերոկի» վարիչը: Մի խոսքով, վերջերս «ՈՒրվագծի» հյուրն էր նկարիչ և բանաստեղծ Արևշատ Ավագյանը, ով դեռ քսան տարի առաջ էր ահազանգում այն վտանգները, որ կախվել են 3-րդ հանրապետության գլխին դամոկլյան սրի նման և բառացիորեն խեղանդամում են իրական պետականության կայացմանը միտված յուրաքանչյուր քայլ: Մասնավորապես, արգո Արևշատը նշում է երկրի մշակութային ողնուղեղը կազմող ստեղծագործական միությունների հանդեպ դրսևորվող պետական դավադիր անհոգությունը։ Պետրոսը ծամածռում է դեմքը և դուրս տալիս. «Ի՞նչ ստեղծագործական միություն, ախր ո՞վ ա դրանց բանի տեղ դնում»: «Դրանց», այսինքն` երկրի ստեղծագործ մտավորականությանը: Սա Պ. Ղ.-ի հավատո հանգանակն է` մրոտել, ցեխակոլոլ անել ամենայն բանականն ու բարոյականը: Հատկապես այս խառնակ սուբյեկտը զվարճանքի կիզակետում է հայտնվում շփոթության մատնելով (սա` ըստ իր մտասևեռման), երբ զրուցակիցը բարեկրթության սահմաններում, այնուամենայնիվ, փորձում է պահպանել ձևաչափը: Վերոնշյալ հանդիպման ժամանակ Պ. Ղ.-ն մերթ բաղաձայն շեփորում էր, թե ինքն աթեիստ է, մերթ (ու սա հերթական անգամ) անզուսպ հրճվանքով «հաստատում», թե Հայաստանում գիրք չեն կարդում, չկա գրականություն և այլն: Գուցե Պ. Ղ.-ի հանձնառու հավատարմությունը ապազգայնությանն ու ապաբարոյականությանը պատճառ հանդիսացավ, որ նա հաստատվի «Կենտրոն» հեռուստաընկերության կենտրոնական հեռուստաքիլերի դերում: Ահա ուրբաթօրյա, համեմատաբար նոր հեռուստանախագիծը: «Բարիկադների» երկու կողմերում բանավիճող կողմերն են, «զոհասեղան» բարձրացվող խնդիրները` բավականին օրախնդիր: Եվ ահա, երբ կողմերը բանավեճային տարերքի մեջ ինչ-որ առումով կորցնում են ինքնատիրապետումը, Պ. Ղ-ի դիմախաղն անթաքույց մատնում է նրա գերնպատակը` հանրության աչքի առջև վարկաբեկել խնդիրն ու խնդրի շուրջ տարաձայնություններ ունեցողներին:

Այստեղ մի փոքր դադար տամ և հիշեցնեմ. 2005-ին, երբ Պ. Ղ.-ն իր համար էլ խիստ անսպասելի գրավեց «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը, շաբաթներ անց հանրապետական մամուլում ի հայտ եկան հաղորդումներ, ըստ որոնց` հեռուստաընկերության աշխատակիցներից մի քանիսը պատրաստվում էին դիմելու դատախազական մարմիններին` նորաթուխ տնօրենին քրեական պատասխանատվության ենթարկելու հայցով. նա հասցրել էր ինչ-ինչ ֆինանսական ջրեր պղտորել: Ինչևէ, Պ. Ղ.-ն կարճ ժամանակ անց լքեց տնօրենի առանձնասենյակը և ինչ-ինչ «քյալլագյոզություններով» ինքնադրսևորվեց «Ֆորբս» ամսագրի հայկական տարբերակի խմբագրի պաշտոնում: Եվ ամսագիրը լուծարվեց: Սա` ի միջի այլոց։
     Բայց ահա թե ինչն է զարմանալի. ԲՀԿ «պատվո պահակախումբը», ԱԺ հարգարժան պատգամավորներն այս ամենին իրո՞ք անտեղյակ են, թե՞ սա ծրագրված քաղաքական գործընթաց է: Սա թողնելով նրանց լուծմանը, հավելենք, որ առնվազն տարօրինակ է այն գործիչների վարքը, ովքեր հյուրընկալվում են «Կենտրոն» հեռուստաընկերության այս տմարդի խոյահարիչին, կանխավ գիտենալով, որ անվերապահորեն առկա է հեռուստաքիլերի դարանում ի հայտ գալու ցավոտ հեռանկարը:


    
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3816 | 0 | 0
Facebook