Loading...

Articles

«Պատերազմի ընթացքում հասկացա հայրենիքի համը, էդ ուրիշ համ ա, քաղցրի ու դառի արանքում»

11:58, Thursday, 13 April, 2017
«Պատերազմի ընթացքում հասկացա հայրենիքի համը, էդ ուրիշ համ ա, քաղցրի ու դառի արանքում»

Քանի քայլերս քչանում էին, կրկնակի անգամ արագանում էր սրտիս աշխատանքը, ոտքերս երերում էին, իսկ քայլերս դանդաղում: Միտեսակ չգիտեի, թե ինչ եմ խոսելու, ինչ հարցեր եմ տալու (չնայած այն բանին, որ հարցերս պատրաստած էի գնացել) և նույնիսկ ինչպես եմ բարևելու: Հեռվից նկատում եմ Արմենին. Ծխախոտը ձեռքին կանգնած է պատշգամբում, հայացքն ուղղած դեպի երկինք: Մի տեսակ հավաքվեցի. Այնքան հպարտ էր հայացքը, որ ուզեցի կրկնակի հպարտությամբ, որը կար իմ մեջ՝ հայացքով և պի՛նդ քայլերով ցույց տայի իրեն:

Արմենը քառօրյայում կռված զինվորներից մեկն է, ով ծառայությունն անցնում էր Թալիշում, բայց ժամանակից շուտ զորացրվեց... Ստացած վիրավորումն ու ծառայությունը շարունակելը անհամատեղելի էին դարձել։
     Մոտեցա, բարևեցի, հրավիրեց ներս՝ նստեցինք: Դեռ չէի հասցրել հարցերս տալ, Արմենն ասաց՝ «Ես շատ չեմ սիրում էս թեմայով խոսել, շատ բան չեմ պատմելու» - ու ժպտաց: Մայրը խոհանոցից ներս մտավ ու միացավ մեր խոսակցությանը.
     «Արմենս էն ժամանակ շատ էր սիրում խոսել, մի բանը հազար անգամ կպատմեր, չէր հոգնի, բայց հենց հերթը հասնում է պատերազմին՝ հազիվ է մի բառ ասում»: -Զգացի, որ տիկին Նարինեն՝ Արմենի մայրը ուզեց մեղմի իրավիճակը ու սուրճ արաջարկեց: Արմենը դառն է սիրում սուրճը, բայց առանց ծխախոտի չկարողացավ խմել։ Միացրեց ծխախոտն ու հարցիս ի պատասխան, թե ինչ կպատմի բանակային կյանքից, պատասխանեց՝ «Դե նոր շրջապատ ես մտնում, ամեն բան փոխվում ա, էն ինչ-որ արել ես, կամ որտեղ գնացել ես բանակում չկա, բայց փոխարենը կան լավ ախպերներ, որոնց հետ հաց ես կիսում ու հասկանում ես, թե որն ա իրական ընկերությունը» ։ Միքանի րոպե խոսելուց հետո հասկացա, որ Արմենն էլ չի սպասում հարցերիս, ինքն ուղղակի ուզեց խոսի ու պատմի, երևի զգաց, որ վախենում եմ մի հարց ավել տամ ու իրեն ցավեցնեմ։ «Ուզում ես հարցնես թե ի՞նչ փոխեց պատերազմը իմ կյանքում» -Ուզում էի ասել այո, բայց ասեցի՝ եթե ուզում ես՝ ասա.
     «Պատերազմի ընթացքում հասկացա հայրենիքի համը, էդ ուրիշ համ ա, քաղցրի ու դառի արանքում։ Ահավոր քաղցրանում ա, երբ մի քայլով էլ ես առաջ գնում ու թուրքին ցույց տալիս, թե ով ա իսկական հայը ու դառնանում ա, երբ էն իսկական ընկերներից մեկը ում հետ հացես կիսել զոհվում ա. Ընկերս կողքիս ա զոհվել, իրար հետ ենք ընկել գետնին, իր համար գնդակը ճակատագրական էր, իմ համար էլ... (լռում է) ... առանց իրա մնացի» ։
     Լռություն տիրեց Արմենենց տան հյուրասենյակում, ես էլ էի լուռ, մոռացել էի ինչի համար եմ գնացել ու ինչ պետք է ասեի։
     «Ես շատ փոքր եմ եղել, երբ գնացել եմ Ղարաբաղ, չէի էլ հիշում ինչ տեսք ունի ու երբ արդեն ծառայության անցա, էդ ժամանակ հասկացա թշնամուն, թե ինչի ա աչքը մեր հողերի վրա։ Մեր երկիրն ուրիշ ա, Ղարաբաղից հայի հոտ ա գալիս, ախր շատ հայկական ա, թուրքը ով ա, որ մեր սարերից իջած ջրից խմի ու իրան մեր տղերքի թափաց արյունով օծված հողի տերը զգա» -Բարձր ու բարկացած ձայնով էր խոսում Արմենը, նույնիսկ մի պահ վախեցա։
     Տիկին Նարինեն դուրս գալուց ասա ՝ «Գիտեք տղուս մեջ ամենաշատը ի՞նչ ա փոխվել.... Հայացքը։ Երեխուս հայացքն ա փոխվել, ես երեխա եմ ուղարկել բանակ, բանակը ինձ տղամարդ ա վերադարձրել։ Աստված մեծ ա, Արմենս ու մեր վիրավոր տղերքը կապաքինվեն, բայց իրանց հայացքը դժվար թե «բուժվի» ։ Պատերազմ տեսածի հայացքն ուրիշ ա» ։
    
     Աննա Դավթյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3277 | 0 | 0
Facebook