Loading...

Articles

Վիլյամ Շեքսպիրի ՙՌոմեո և Ջուլիետ՚ ողբերգության գաղափարական բովանդակությունը

19:09, Sunday, 16 August, 2015
Վիլյամ Շեքսպիրի ՙՌոմեո և Ջուլիետ՚ ողբերգության գաղափարական բովանդակությունը
     Աշխարհահռչակ ողբերգության սյուժեի հիմքում ընկած է պատմական իրական դեպք. Վերոնայի՝ ազնվական երկու տոհմերի՝ Մոնդեգյուների և Կապուլետիների երկպառակտչական թշնամանքն ու ընդհարումները հայտնի են պատմությունից: Նրանց մասին հիշատակություն կա նաև Դանթեի ՙԿատակերգություն՚-ում: Այդ թշնամանքի հետևանքով երկու սիրահարների կործանումը նույնպես իրական դեպք է:
     Շեքսպիրի անմիջական աղբյուրը եղել է Արթուր Բրուկի պոեմը, որի սյուժետային գիծը գրեթե նույնությամբ պահպանելով, դրամատուրգը կատարել է մի շարք փոփոխություններ:
     Շեքսպիրն իր այս ողբերգության մեջ ժամանակակից ու տարածությունից կտրված սեր չէ, որ պատկերել է, այսպես ասած՝ առհասարակ սեր կամ սերն իբրև այդպիսին: Սիրող զույգն էլ ժամանակակից ու տարածությունից կտրված, առհասարակ վերացական սիրող զույգ չէ, սիրող զույգ՝ իբրև այդպիսին:
     Ռոմեոն և Ջուլիետն ապրում են պատմական կոնկրետ միջավայրում, պատմական կոնկրետ պայմանների ծնունդ են, նրանց սերն էլ ունի շատ կոնկրետ, շոշափելի նկարագիր, իհարկե իր բոլոր ընդհանուր, համամարդկային կողմերի հետ միասին:
     Նախ՝ նրանք Վերածնության դարաշրջանի մարդիկ են, հումանիստական նոր իդեալների ներկայացուցիչներ, և նրանց ինչպես սերը, այնպես էլ պայքարը մերժում է հինը, իր դարն ապրածը, պատմության կողմից դատապարտվածը և հաստատում նորը, հումանիստականը, կապանքներից անհատի ազատագրության անհրաժեշտությունը, անհատի՝ ազատ սիրելու, ազատ ընտրության և ուրախ ու երջանիկ կյանքի իրավունքը:
     Այսպիսով հինը մեռել է, ՙժանգոտել՚ է, բայց չի անհետացել, նորն էլ դեռ չի կարողացել վերջնականապես հաղթանակ տանել և հաստատել իր բոլոր իրավունքները: Այս պայմաններում բոլորովին պատահական չէ, որ նույնիսկ օրենքով արգելված երկպառակտչական ընդհարումները նորից ու նորից բռնկվում են, իսկ հին ոխը՝ բորբոքվում:
     Մի առիթով Հայնեն գրել է ՙ Ինքը սերն է հանդիսանում այս դրամայի հերոսը: Սե՜ր. նա բոլոր զգացմունքների մեջ ամենաբարձրն ու ամենահաղթականն է: Բայց նրա այդ ամեն ինչին հաղթելու ուժը նրա անսահման մեծահոգությունն է, նրա անշահախնդրությունը, նրա՝ ամեն մի անձնազոհության պատրաստ լինելը...՚
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3349 | 0 | 0
Facebook