Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության պայմանագրային զինծառայող, Շիրակի մարզում կախված վիճակում հայտնաբերված Արթուր Աֆյանի ինքնասպանության պատճառներն դեռ անհայտ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը:
Նա նշեց, որ հանելուկ է պարտքերի համար ինքնասպանություն գործելու վարկածը, քանի որ մինչ այժմ որեւէ մեկը չի դիմել նրա ընտանիքի անդամներին՝ պահանջելով պարտքերը: Զինծառայողի կինը այժմ հայրական տանն է ապրում՝իր 7-ամսական դստեր հետ, օրերս լուծվել է նրանց նպաստի հարցը, ռազմաբազայից ստացել է ամուսնու աշխատավարձը:
Ինչ վերաբերում է գործի քննությանը, գյուղապետն ասաց, որ այն պետք է որ կարճված լինի, քանի որ դեպքից հետո իր որդուն մի քանի ագամ կանչել են հարցաքննության՝ որպես Արթուր Աֆյանի ընկեր, բայց արդեն մեկուկես ամիս է, որեւէ նորություն չկա: Գյուղապետը նշեց նաեւ, որ դատաբժիշյը գրել է, որ մահը վրա է հասել կախվելու հետեւանքով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 26-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը կորել է 2015թ. փետրվարի 21-ին։ Նույն օրը Արթուր Աֆյանի կինը՝ Ալվարդ Մկրտչյանը դիմել էր ոստիկանություն։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ընտանիքը պարտքեր է ունեցել։ Սակայն Ալվարդ Մկրտչյանը պնդում է, որ ամուսնու անհետանալուց օրեր առաջ իրենք գրավ են դրել թանկարժեք իրերը պարտքերը մարելու համար։
Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն: